Սեղմել Esc փակելու համար:
2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ`...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԵՎՐԱՍԻԱԿԱՆ Տ ...

 

 

020.1381.101017

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

    Քաղ. Երևան                                 10 հոկտեմբերի 2017 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վ. Միրումյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005թ. փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2017 թվականի ապրիլի 11-ին ստորագրված` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 28.08.2017թ. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը և բանավոր պարզաբանումները, հետազոտելով պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարների կողմից 2017 թվականի ապրիլի 11-ին`Եվրասիական տնտեսական միությունում միասնական մաքսային կարգավորումն ապահովելու նպատակով:

2. Պայմանագիրը բաղկացած է վեց հոդվածից և երեք հավելվածից: Հավելված 1-ը ներառում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք)` բաղկացած 9 բաժնից, 465 հոդվածից և 2 հավելվածից: Հավելված 2-ը ներկայացնում է Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող այն միջազգային պայմանագրերի ցանկը, որոնց գործողությունը դադարեցվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրն ուժի մեջ մտնելու կապակցությամբ: Հավելված 3-ում ներառված է Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող այն միջազգային պայմանագրերի դրույթների ցանկը, որոնք ուժը կորցրած են ճանաչվում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրն ուժի մեջ մտնելու կապակցությամբ:

3. Պայմանագրի թիվ 1 հավելվածում զետեղված Օրենսգրքի համաձայն` Եվրասիական տնտեսական միությունում (այսուհետ` ԵԱՏՄ) իրականացվում է միասնական մաքսային կարգավորում, որը ներառում է ԵԱՏՄ մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման, ԵԱՏՄ մաքսային տարածքում կամ դրա սահմաններից դուրս դրանց գտնվելու և օգտագործման կարգի ու պայմանների, ԵԱՏՄ մաքսային տարածք ապրանքների ժամանման, ԵԱՏՄ մաքսային տարածքից դրանց մեկնման, ապրանքների ժամանակավոր պահպանման, դրանց մաքսային հայտարարագրման ու բացթողման հետ կապված մաքսային գործառնությունների, այլ մաքսային գործառնությունների իրականացման կարգի, մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման ու մաքսային հսկողության անցկացման կարգի սահմանումը, ինչպես նաև մաքսային մարմինների և ԵԱՏՄ մաքսային տարածքում կամ դրա սահմաններից դուրս ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքներ իրականացնող անձանց միջև իրավահարաբերությունների կանոնակարգումը:

ԵԱՏՄ-ում մաքսային կարգավորումը հիմնվում է ԵԱՏՄ մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման ժամանակ անձանց իրավահավասարության, մաքսային գործառնությունների իրականացման հստակության, պարզության ու հետևողականության, մաքսային կարգավորման ոլորտում միջազգային պայմանագրերի ու ակտերի մշակման և կիրառման հրապարակայնության և միջազգային իրավունքի նորմերի հետ դրանց ներդաշնակեցման սկզբունքների, ինչպես նաև մաքսային մարմինների գործունեության ընթացքում մաքսային հսկողության ժամանակակից մեթոդների կիրառման ու տեղեկատվական տեխնոլոգիաների առավելագույն օգտագործման վրա:

Մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերով ու ակտերով չկարգավորված մաքսային իրավահարաբերությունները, մինչև այդպիսի միջազգային պայմանագրերով ու ակտերով համապատասխան իրավահարաբերությունների կարգավորումը, կարգավորվում են ԵԱՏՄ անդամ պետությունների (այսուհետ` անդամ պետություններ)` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ:

4. Պայմանագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

1) որպես անդամ պետություն ընդունել Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրքը, որը ներկայացված է Պայմանագրի թիվ 1 հավելվածում,

2) Պայմանագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ դադարած համարել Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող` Պայմանագրի թիվ 2 հավելվածով սահմանված ցանկով նախատեսված միջազգային պայմանագրերի գործողությունը, ինչպես նաև ուժը կորցրած համարել Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող` Պայմանագրի թիվ 3 հավելվածով սահմանված ցանկով նախատեսված միջազգային պայմանագրերի դրույթները,

3) ընդունել, որ Պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով,

4) չկատարել որևէ վերապահում Պայմանագրի դրույթների հետ կապված,

5) Պայմանագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորել «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով,

6) ընդունել, որ Պայմանագիրը գերակայում է մաքսային իրավահարաբերությունները կարգավորող` Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերի նկատմամբ, բացառությամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի:

5. ՈՒսումնասիրելով քննության առարկա միջազգային պայմանագրի` որպես իրավական ակտի բնույթը, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ տվյալ ակտն ըստ էության դասվում է վերազգային իրավունքի աղբյուրների շարքին: Դասական իմաստով միջազգային իրավունքի և վերազգային իրավունքի տարբերությունը հիմնականում այն է, որ վերջինիս նորմերով կարգավորում են ոչ միայն պետությունների միջև /հորիզոնական/, այլ նաև պետության ներսում գործող /ուղղահայաց/ հարաբերություններ:

Սահմանադրական արդարադատության միջազգային պրակտիկան վկայում է, որ վերազգային իրավունքի աղբյուր հանդիսացող ուղղահայաց իրավահարաբերություններ կարգավորող օրենսդրական ակտերի նկատմամբ նախնական սահմանադրական վերահսկողության իրականացումն օբյեկտիվորեն չի կարող երաշխավորել հետագայում մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների անմիջական գործողության, դրանց սահմանափակման համաչափության և որոշակիության սկզբունքների խախտման, ինչպես նաև այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր ամրագրելու սահմանադրական պահանջների ապահովումը:

Բացի դրանից, հաշվի առնելով Օրենսգրքի ուղղահայաց իրավահարաբերությունները, ներառյալ նաև հանրային իրավունքի բնագավառում վարչական իրավահարաբերություններ կարգավորելու առանձնահատկությունը, դրա սահմանադրականությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, ինչը հնարավոր չէ իրականացնել նախնական սահմանադրական վերահսկողության շրջանակներում:

6. ՀՀ Սահմանադրության /ինչպես 2005թ., այնպես էլ 2015թ. խմբագրությամբ/ և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի վերլուծությունը վկայում է, որ ՀՀ սահմանադրական դատարանում նախնական սահմանադրական վերահսկողության առարկա կարող են դառնալ Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային պայմանագրերով ստանձնված միջպետական /հորիզոնական/ պարտավորություններ նախատեսող նորմերը:

«Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանվում է միջազգային պայմանագրի հասկացությունը, որը հանգում է նրան, որ «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և միջազգային հանրային իրավունքի նորմերով (այսուհետ` միջազգային իրավունք) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության և միջազգային իրավունքի սուբյեկտի, ինչպես նաև սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կազմավորումների միջև ստորագրված և սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած և Հայաստանի Հանրապետության համար պարտադիր դարձած գրավոր համաձայնություն է, որը տվյալ միջազգային պայմանագրով որոշված կարգավորման առարկայի առնչությամբ պայմանագրի կողմերի համար սահմանում է իրավունքներ և պարտականություններ, փոփոխում կամ դադարեցնում է դրանք:

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր է համարվում նաև ուժի մեջ մտած այն միջազգային պայմանագիրը, որին Հայաստանի Հանրապետությունը միացել է սույն օրենքով և միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր է համարվում նաև սույն օրենքով սահմանված կարգով կնքված միջազգային պայմանագրում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին պայմանագիրը»:

Բացի վերոնշյալից, ՀՀ Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի համաձայն` օրենքների դրույթների նկատմամբ, մինչև ՀՀ Ազգային ժողովի կողմից դրանց ընդունումը, ՀՀ սահմանադրական դատարանը նախնական սահմանադրական վերահսկողություն իրականացնելու իրավասություն չունի:

Սույն պայմանագրով նախատեսվող ուղղահայաց իրավահարաբերություններ կարգավորող նորմերն իրենց բնույթով հանդես են գալիս որպես օրենքին բնորոշ դրույթներ, որոնց ընդունումը` առանց նախնական սահմանադրական վերահսկողության պայմանի, ՀՀ Սահմանադրությունը վերապահել է օրենսդիր մարմնին:

7. ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադարձ կատարել նաև «2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով կայացված իր` 14.11.2014թ. ՍԴՈ-1175 որոշման մեջ արտահայտած դիրքորոշումներին, որոնք կիրառելի են նաև սույն գործի շրջանակներում:

Մասնավորապես, Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ. «ՀՀ Սահմանադրության նախաբանում հավաստելով իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, սահմանադրական կարգի հիմունքներով արտաքին քաղաքականության իրականացման հիմքում դնելով միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը, իրավական, ժողովրդավարական պետության կայացման գործում գերակայություն վերապահելով միջազգային իրավունքին` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը որևէ սահմանափակում չի նախատեսում միջազգային ու տարածաշրջանային համագործակցության ու այն ապահովող կառույցների իրավաչափ գործունակության ապահովման հարցերում:

Սակայն դրա համար առկա են նաև սահմանադրական հստակ պահանջներ, որոնք բխում են ՀՀ Սահմանադրության թե՛ արժեբանությունից և թե՛ մի շարք կոնկրետ դրույթներից: Դրանք են.

1) պետական, ժողովրդական ու ազգային ինքնիշխանության երաշխավորումը,

2) միջազգային հարաբերությունների իրավահավասարությունն ու փոխշահավետությունը,

3) մարդու իրավունքների միայն այնպիսի հնարավոր սահմանափակումների նախատեսումը, որոնք համարժեք են միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին,

4) Հայաստանի համար վերպետական մարմինների որոշումների գործողության հնարավորությունը միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության շրջանակներում:

ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ որևէ վերպետական մարմնի կողմից ընդունված ցանկացած որոշում, որը չի համապատասխանում այդ պահանջներին, կիրառելի չէ Հայաստանի Հանրապետությունում»:

8. Վերոգրյալի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանում սույն գործի շրջանակներում նախնական սահմանադրական վերահսկողության առարկա կարող են դառնալ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ հորիզոնական իրավահարաբերություններ կարգավորող և պետության համար պարտավորություններ սահմանող նորմերը: Իսկ վերազգային իրավունքի աղբյուր հանդիսացող, բովանդակային առումով «օրենք» կատեգորիային համապատասխանող և ուղղահայաց իրավահարաբերություններ կարգավորող իրավունքի նորմերը կարող են ՀՀ սահմանադրական դատարանում սահմանադրական վերահսկողության առարկա հանդիսանալ «հետագա սահմանադրական վերահսկողության» կարգով` հաշվի առնելով նաև դրանում ամրագրված որևէ դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

9. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ Պայմանագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված` միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված նպատակներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից, հաշվի առնելով սույն որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005թ. փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2017 թվականի ապրիլի 11-ին ստորագրված` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005թ. փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

10 հոկտեմբերի 2017 թվականի

ՍԴՈ-1381

 

(որոշումը փոփ. 08.06.18 ՍԴԱՈ-42 աշխատակարգային որոշում)

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
10.10.2017
N ՍԴՈ-1381
Որոշում