Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍ ...

 

 

110.1242.271211

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «27»        12            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11011570

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

17 նոյեմբերի 2011 թվականի N 1242-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՌԱՑՄԱՆ (ԱԶԱՏՄԱՆ) ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությանը և իրավաբանական վարչությանը, սահմանված կարգով սույն հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կ. Հարությունյանին:

4. Սույն հրամանը ուժի մեջ Է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

2011 թ. նոյեմբերի 17-ի

N 1242-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՌԱՑՄԱՆ (ԱԶԱՏՄԱՆ) ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների (այսուհետ` հաստատություն) ուսանողների հեռացման (ազատման) և ուսանողական իրավունքների վերականգնման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն են.

1) ակադեմիական պարտք` կիսամյակի քննաշրջանի արդյունքներով` ներառյալ երկու վերահանձնման փուլերը, տվյալ առարկայական դասընթացի (մոդուլի) համար սահմանված կրեդիտը չհավաքելը,

2) ակադեմիական անբավարար առաջադիմություն` քննաշրջանի արդյունքներով անհրաժեշտ կրեդիտները չհավաքելը,

3) առարկայական (ծրագրային) տարբերություն` ուսանողի ուսումնառած ուսումնական պլանում չընդգրկված առարկան կամ որևէ առարկայից կրեդիտների մեկ երրորդից ավելի տարբերություն,

4) ուսումնառության ընդհատում` սույն կարգով սահմանված հիմքերով հաստատությունից ուսանողի հեռացում կամ ազատում կամ ուսումնառության դադարեցում:

 

II. ՈՒՍԱՆՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՏՈՒՄԸ

 

3. Հաստատությունից ուսանողը հեռացվում է.

1) ակադեմիական անբավարար առաջադիմություն ցուցաբերելու պատճառով, բացառությամբ սույն կարգի 11-րդ կետով նախատեսված դեպքերի,

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ հաստատության կանոնադրությամբ կամ ներքին կարգապահական կանոններով կամ հաստատության և ուսանողի միջև կնքված ուսումնառության պայմանագրով սահմանված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում,

3) հաստատության կողմից սահմանված ժամկետում ուսման վարձավճարը չվճարելու դեպքում:

4. Հաստատությունից ուսանողը ազատվում է.

1) իր դիմումի համաձայն,

2) այլ հաստատություն տեղափոխվելու դեպքում:

5. Հաստատությունից ուսանողի ազատման մասին հրաման իր դիմումի համաձայն չի կարող տրվել, եթե նա ենթակա է հեռացման համաձայն սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դեպքերի:

6. ՈՒսանողի ուսումնառությունը դադարեցվում է.

1) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում,

2) հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու դեպքերում,

3) առողջական վիճակի պատճառով ակադեմիական արձակուրդ ձևակերպելու դեպքում:

7. Հեռացված կամ ազատված արական սեռի ուսանողների վերաբերյալ հրամանները 3 աշխատանքային օրվա ընթացքում հաստատության կողմից ներկայացվում են համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատներ: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով ընդունված, սակայն հաստատությունից հեռացված (ազատված) ուսանողը զրկվում է տարկետման իրավունքից:

8. Քննություններին չներկայացած կամ ակադեմիական անբավարար առաջադիմություն ունեցող ուսանողների ակադեմիական պարտքերի անվճար հիմունքներով մարումն իրականացվում է հաստատության կողմից սահմանված կարգով ձևավորված քննական հանձնաժողովներով: Ակադեմիական պարտքերի մարման վերջնաժամկետ է սահմանվում մինչև ընթացիկ կիսամյակի երրորդ շաբաթվա ավարտը:

9. Սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում, հաստատությունից ուսանողի հեռացման հրամանը տրվում է կիսամյակի քննաշրջանի ակադեմիական պարտքերի վերահանձնման արդյունքների ամփոփումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, որի մասին ուսանողը նախապես գրավոր տեղեկացվում է:

10. ՈՒսանողի հեռացման կամ ազատման դեպքում, 5 աշխատանքային օրվա ընթացքում, ըստ պահանջի` հաստատության կողմից սահմանված կարգով նրան տրամադրվում են համապատասխան հրամանի պատճենը, ակադեմիական տեղեկանքը և միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթության ավարտական փաստաթուղթը: Հաստատության կողմից հաստատված ավարտական փաստաթղթի պատճենը պահվում է ուսանողի անձնական գործում:

11. Ընթացիկ ակադեմիական անբավարար առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին թույլատրվում է մինչև ավարտական ուսումնական տարվա սկիզբը լրացնել առավելագույնը 12 կրեդիտ կազմող ակադեմիական պարտքերը` հաստատության կողմից սահմանված կարգով և ժամկետներում ևս երկու անգամ վերահանձնելով համապատասխան առարկայական դասընթացները, որոնց ցանկը հաստատում է հաստատությունը` հաշվի առնելով առարկաների շարունակականության սկզբունքը, ըստ ուսումնական պլանի:

 

III. ՈՒՍԱՆՈՂԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

 

12. ՈՒսանողական իրավունքների վերականգնումը թույլատրվում է սկսած առաջին կուրսի երկրորդ կիսամյակից, ուսուցման բոլոր ձևերում, տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) համար լիցենզիայով սահմանված տեղերի շրջանակում, բացառությամբ սույն կարգի 6-րդ կետով սահմանված դեպքերում ուսումնառությունը դադարեցրած ուսանողների, որոնք վերականգնում են իրենց ուսանողական իրավունքներն այն պահից, երբ ընդհատել են, անկախ լիցենզիայով սահմանված տեղերի քանակից: Սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան հաստատությունից հեռացված կամ ազատված ուսանողի ուսանողական իրավունքները վերականգնվում են ուսումնառությունն ընդհատելուց առնվազն մեկ կիսամյակ հետո, անկախ ուսուցման ձևից:

13. Սույն կարգի 6-րդ կետի նշված դեպքերում ուսումնառությունը դադարեցրած ուսանողները վերականգնվում են մինչև ուսումնառության դադարեցումն ունեցած կարգավիճակի պահպանմամբ: Մնացած դեպքերում ուսանողի ուսանողական իրավունքները վերականգնվում են վճարովի ուսուցման համակարգում:

14. Չի թույլատրվում հավատարմագրում չունեցող հաստատությունների (մասնագիտությունների) նախկին ուսանողի ուսանողական իրավունքները վերականգնել հավատարմագրում ունեցող հաստատություններում (մասնագիտություններում):

15. Առկա ուսուցման համակարգում ուսանողական իրավունքները վերականգնելու վերաբերյալ դիմումները ներկայացվում են ընդունող հաստատության ռեկտորին` կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող և հաջորդող երկու շաբաթների ընթացքում, իսկ հեռակա ուսուցման համակարգում` կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող երեք շաբաթների ընթացքում: Վերականգնման դիմումին կցվում է ակադեմիական տեղեկանքը կամ ստուգման գրքույկի պատճենը:

16. Վերականգնման պահին միայն տվյալ կիսամյակի ակադեմիական պարտքեր ունենալու դեպքում ուսանողական իրավունքները վերականգնելու վերաբերյալ դրական որոշում կայացնելիս հաստատության կողմից տրվում է վերականգնման հրաման:

17. Առարկայական տարբերությունների կամ նախկին կիսամյակներից ակադեմիական պարտքերի առկայության դեպքում ուսանողական իրավունքները վերականգնելու վերաբերյալ դրական որոշում կայացնելիս հաստատության կողմից տրվում է կցագրման հրաման: Հաստատության կողմից սահմանված կարգով, մինչև տվյալ կիսամյակի քննաշրջանի սկիզբը, առարկայական տարբերությունները հանձնելուց (առավելագույնը մեկ վերահանձնման հնարավորությամբ) հետո` սովորողը հրամանագրվում է տվյալ հաստատությունում:

18. Ակադեմիական պարտքերի մարումը իրականացվում է ուսումնական պլանով նախատեսված քննաշրջանի ժամանակահատվածում` ներառյալ երկու վերահանձնման փուլերը:

19. Վճարովի ուսուցման համակարգում ուսանողական իրավունքները վերականգնող ուսանողի հրամանագրումը կատարվում է միայն անհրաժեշտ վճարումները կատարելուց հետո հաստատության կողմից սահմանված կարգով և ժամկետներում: ՈՒսանողն ազատվում է նախկինում կրեդիտներ հավաքած առարկաների ուսումնական պարապմունքներից և ատեստավորումից: ՈՒսանողը պարտավոր է վճարել միայն այն առարկայական դասընթացների (մոդուլների) համար, որոնք ուսումնառելու է: Վճարը հաշվարկվում է ըստ դասընթացների ընդհանուր գումարային կրեդիտների քանակի` հաշվի առնելով տվյալ հաստատությունում համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրի) համար տվյալ կուրսում սահմանված մեկ կրեդիտի արժեքը:

20. ՈՒսանողը վերականգնվում է այն կիսամյակում, որից ուսումնառությունն ընդհատվել է, եթե վերականգնման պահին վերահանձնման ենթակա առարկայական տարբերությունները և ակադեմիական պարտքերը չեն գերազանցում 20 կրեդիտը, բացառությամբ սույն կարգի 6-րդ կետով սահմանված դեպքերի: Հակառակ դեպքում ուսանողին առաջարկվում է իր ուսանողական իրավունքները վերականգնել ավելի ցածր այն կիսամյակից, որից ուսումնառության շարունակման դեպքում առարկայական տարբերությունների սույն կետում նշված պահանջը բավարարվում է:

21. Սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն ուսումնառությունը դադարեցրած ուսանողը վերականգնվում է ուսումնառության դադարեցման պահից, եթե ուսանողն իր իրավունքները վերականգնելու վերաբերյալ դիմումը ներկայացրել է ուսումնառության դադարեցման պատճառը վերանալու օրվանից հետո ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում ձմեռային զորակոչի դեպքում և երեք ամսվա ընթացքում ամառային զորակոչի դեպքում` անկախ տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) համար լիցենզիայով սահմանված տեղերի քանակից, առաջացած առարկայական տարբերություններից ու ակադեմիական պարտքերից: Նշված ժամանակահատվածի ընթացքում վերականգնման դիմում չներկայացնելու դեպքում ուսանողը հեռացվում է հաստատությունից:

22. Սույն կարգի 6-րդ կետի համաձայն ուսումնառությունը դադարեցրած ուսանողը վերականգնման պահին նախկին մասնագիտությամբ (կրթական ծրագրով) համապատասխան կուրսի բացակայության դեպքում` հաստատության առաջարկությամբ և ուսանողի համաձայնությամբ, կարող է վերականգնվել հարակից մասնագիտությամբ (կրթական ծրագրով), իսկ վերջինիս բացակայության պարագայում` այլ մասնագիտությամբ (կրթական ծրագրով)` անկախ տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) համար լիցենզիայով սահմանված տեղերի քանակից, առաջացած առարկայական տարբերություններից ու ակադեմիական պարտքերից:

23. Վճարովի ուսուցման համակարգում վերականգնված ուսանողը կարող է մասնակցել ուսանողական նպաստի հատկացման (փոխատեղման) համար անցկացվող մրցույթին առնվազն մեկ ուսումնական տարի սովորելուց հետո: ՈՒսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ ուսումնառությունը կարող են շարունակել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգավիճակ ունեցող ուսանողները:

24. Վերականգնված ուսանողի դիմումը, ակադեմիական տեղեկանքը, վերականգնման մասին հրամանի պատճենը, հաստատության հետ կնքած պայմանագիրը, միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթության ավարտական փաստաթուղթը և ուսման վարձավճարի վճարման անդորրագրի պատճենը պահվում են նրա անձնական գործում:

 

IV. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

25. Սույն կարգի 11-րդ կետի դրույթը չի տարածվում պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով հաստատություններ ընդունված ուսանողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվերով սովորող ուսանողների և կուրսանտների վրա:

(հավելվածը խմբ. 17.12.2018 թիվ 1676-Ն հրաման)

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
17.11.2011
N 1242-Ն
Հրաման