Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ, 6-ՐԴ, 7-ՐԴ, ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                  Վարչական գործ

    դատարանի որոշում                       թիվ ՎԴ/8275/05/16

    Վարչական գործ թիվ ՎԴ/8275/05/16        2018թ.

Նախագահող դատավոր` Ա. Բաբայան

    Դատավորներ`        Ա. Առաքելյան

                       Ա. Թովմասյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2018 թվականի դեկտեմբերի 26-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 21.06.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վլադիմիր Սարգսյանի ընդդեմ Քաղաքապետարանի` որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Վլադիմիր Սարգսյանը պահանջել է անվավեր ճանաչել Քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության (այսուհետ` Ծառայություն) 04.11.2016 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-0186071 որոշումը (այսուհետ` Որոշում):

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Խանդանյան) (այսուհետ` Դատարան) 19.04.2017 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կարճվել է, և Քաղաքապետարանից ՀՀ պետական բյուջե բռնագանձվել է 4.000 ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.06.2018 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 19.04.2017 թվականի որոշումը` դատական ծախսերի մասով, թողնվել է անփոփոխ:

Վերաքննիչ դատարանի դատավոր Ա. Բաբայանը սույն գործով ներկայացրել է հատուկ կարծիք:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Վլադիմիր Սարգսյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, 6-րդ, 7-րդ հոդվածի «ա» ենթակետը, 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն գործի վարույթը Դատարանում կարճվել է վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով, իսկ Դատարանը պետական տուրքի հատուցման պարտականությունը դրել է Քաղաքապետարանի վրա` անտեսելով այն հանգամանքը, որ վերջինս ինքն է իր ուժերով միջոցներ ձեռնարկել Վլադիմիր Սարգսյանի բարձրացրած խնդրին լուծում տալու համար, ինչպես նաև հաշվի չի առել, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սահմանված «հատուցում» եզրույթը, ինչն իրենից ենթադրում է կատարված կամ կատարվելիք ծախսերի կոմպեսացում` վերադարձ այն անձին, ով կատարել է այն:

Միաժամանակ ստորադաս դատարաններն ընդունել են ու կայացված դատական ակտերում փաստել, որ սույն գործով դատական ծախսերը բաղկացած են եղել միայն պետական տուրքից, և գործի քննության հետ կապված, այդ թվում` դատարանի կողմից անհրաժեշտ ճանաչված այլ ծախսերը բացակայում են, սակայն փաստացի Վլադիմիր Սարգսյանի կողմից պետական տուրք չի վճարվել, իսկ ստորադաս դատարանների կողմից էլ գործի քննության հետ կապված որևէ այլ ծախս չի սահմանվել:

Մինչդեռ, հայցադիմումը դատարան տալու համար սահմանված պետական տուրքը վճարելու պարտավորությունը կրել է Վլադիմիր Սարգսյանը, սակայն օրենքի ուժով ազատված է եղել այդ պարտավորությունից:

Փաստորեն, սույն պարագայում Վերաքննիչ դատարանը պետք է ելներ այն հիմնադրույթներից, որ պետական տուրքը վճարելու պարտավորությունը կրել է Համլետ Պապոյանը, սակայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի ուժով ազատված է եղել այդ պարտավորությունից: Իսկ Քաղաքապետարանը նման անմիջական պարտավորություն չի կրել և չի կրում, այլ առավելագույնը կարող է կրել այդ վճարումը հատուցելու պարտավորություն: Սակայն, քանի որ Վլադիմիր Սարգսյանն ազատված է եղել այդ տուրքը վճարելու պարտավորությունից և չի կատարել վճարում, հետևաբար ապա չի կարող առաջանալ նաև չկատարված վճարումը հատուցելու պարտավորություն, և Քաղաքապետարանից հայցադիմումի համար պետական տուրքի գումար գանձման ենթակա չէ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 21.06.2018 թվականի որոշումը փոփոխել և ՀՀ վարչական դատարանում պետական տուրքի հարցը համարել լուծված:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները.

Սույն գործով Քաղաքապետարանը բազմիցս հնարավորություն է ունեցել իր իսկ որոշումը վերացնելու նախքան Դատարան մտնելը, ինչը չի արել, հետևաբար հաշվի առնելով, որ սույն վարչական գործի վարույթը կարճվել է Քաղաքապետարանի նախաձեռնությամբ և վերջինիս մեղքով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հիմքով, ուստի ստորադաս դատարանների դիրքորոշումը, որ Քաղաքապետարանից ՀՀ պետական բյուջե պետք է գանձել 4.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար լիովին իրավաչափ է:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը.

Ծառայության պետի 20.02.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին որոշումներն անվավեր ճանաչելու մասին» թիվ Վ-5/32 որոշմամբ անվավեր է ճանաչվել նաև սույն գործով վիճարկվող Որոշումը (գ.թ. 38):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` պետական տուրք վճարելու պարտականությունից հայցվորի ազատված լինելու պայմաններում վերջնական դատական ակտով պետական տուրքի գումարը պատասխանող վարչական մարմնից հօգուտ պետության գանձելու անհրաժեշտության վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, կրկին անդրադառնում է այն իրավական հարցադրմանը, թե արդյո՞ք պատասխանող վարչական մարմինը պարտավոր է պետությանը հատուցել վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտը վիճարկելու պահանջով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքի գումարը, որի վճարումից հայցվորն ազատված է օրենքի ուժով, եթե վարչական գործի վարույթը կարճվում է այդ գործի քննության ընթացքում վարչական մարմնի նախաձեռնությամբ վիճարկվող վարչական ակտն անվավեր ճանաչվելու պատճառով վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է (...) մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` նույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրք վճարողներ են համարվում նույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված ծառայություններից կամ գործողություններից օգտվող ֆիզիկական և իրավաբանական անձինք (...):

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է` դատարան տրվող հայցադիմումների, դիմումների (...), դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար (...):

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի 6-րդ պարբերության համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք` վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ բողոքներով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում անդրադառնալով վերը նշված իրավական նորմերի մեկնաբանությանը, արձանագրել է, որ արդարադատության մատչելիության իրավունքը սերտորեն փոխկապակցված է դատարան դիմելու իրավունքի ֆինանսական սահմանափակման` օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրք վճարելու պարտականության հետ: Պետական տուրքն ընդգրկված է դատական ծախսերի կազմում, որի հասկացությունը, տեսակները, դրույքաչափերը, պետական տուրքը գանձելու, վերադարձնելու, արտոնություններ տրամադրելու կարգն ու պայմանները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի վերլուծությունից հետևում է, որ պետական տուրքը պետական բյուջե մուծվող պարտադիր վճար է, որը գանձվում է պետական մարմինների մատուցած ծառայությունների կամ կատարած գործողությունների համար: Հայցադիմումի համար սահմանված պետական տուրքի վճարումն անձի դատական պաշտպանության իրավունքի իրականացման նախապայմաններից մեկն է, քանի որ օրենքով սահմանված կարգով պետական տուրքը վճարելու հանգամանքով է պայմանավորված ֆիզիկական և իրավաբանական անձանց` արդարադատությունից օգտվելու հնարավորությունը: Որպեսզի անձը խախտված իրավունքների պաշտպանության համար կարողանա իրացնել դատարան դիմելու հնարավորությունը, նա պետք է նախ և առաջ վճարի օրենքով սահմանված համապատասխան դրույքաչափով պետական տուրք (տե՛ս, Հայկ Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1115/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում նշել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է դատարանում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման երկու ընթացակարգ` օրենքի ուժով և դատարանի հայեցողությամբ: Այսպես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սպառիչ ամրագրել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատական պաշտպանություն հայցող սուբյեկտն օրենքի ուժով ազատվում է պետական տուրքի վճարումից: Նման հիմքերից որևէ մեկի առկայությունը չի պահանջում շահագրգիռ անձի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հարուցում և դրա քննարկում ու լուծում դատարանի կողմից (տե՛ս, Շամամ Կարապետյանն ընդդեմ Արայիկ Միրզոյանի թիվ ԱՐԴ/0913/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2014 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը Հայկ Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1115/05/16 վարչական գործով արձանագրել է նաև, որ մի կողմից դատարաններում պետական տուրք գանձելու հանրային շահի և մյուս կողմից` դատարանների միջոցով իր իրավունքները պաշտպանելու` դիմողի իրավաչափ շահի միջև պատշաճ հավասարակշռություն երաշխավորելու նպատակով օրենսդիրը որոշակի կատեգորիայի գործերով որոշակի կատեգորիայի անձանց համար նախատեսել է պետական տուրքի գծով արտոնություն` պետական տուրքի վճարումից ազատելու ձևով: Այդ արտոնությունը նախատեսված է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով, որն ամրագրում է դատարաններում պետական տուրքի վճարումից ազատելու հիմքերը` սահմանելով դատարան դիմելու համար գանձվող պետական տուրքի վճարումից ազատելու դեպքերի բավական լայն շրջանակ: Նշված դեպքերից մեկն այն է, որ ֆիզիկական անձն օրենքի ուժով ազատված է իրեն վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտի վիճարկման պահանջով հայցադիմում ներկայացնելու համար պետական տուրք վճարելու պարտականությունից: Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն` գործի քննության արդյունքում կայացրած դատական ակտով դատարանը լուծում է նաև դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի, այդ թվում նաև` պետական տուրքի բաշխման հարցերը:

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով նաև ՀՀ սահմանադրական դատարանի 25.05.2010 թվականի թիվ ՍԴՈ-890, 10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1423 որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները, ու անհրաժեշտ համարելով անդրադառնալ վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքերում դատական ծախսերի բաշխման հարցին այն պարագայում, երբ հայցվորն օրենքի ուժով ազատված է պետական տուրք վճարելու պարտականությունից, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի, 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և 97-րդ հոդվածի 1-ին մասի վկայակոչմամբ վերահաստատելով Լիլիթ Մուսեյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4084/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները, ընդգծել է, որ եթե վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտը գործի քննության ընթացքում վարչական մարմնի սեփական նախաձեռնությամբ անվավեր է ճանաչվում, և ըստ էության վեճը սպառվում է, ապա այդ պարագայում դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է պատասխանող վարչական մարմնի վրա: Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այդ դեպքում պատասխանող վարչական մարմնի վրա կարող են դրվել միայն այն դատական ծախսերը, որոնք կատարվել են կամ կատարվելու են հայցվորի կողմից: Նշված դատողության համար ՀՀ վճռաբեկ դատարանը հիմք է ընդունել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված այն օրենսդրական կանոնը, որի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, պարտավոր է հատուցել այն դատական ծախսերը, որոնք մյուս կողմը կատարել է: Ընդ որում, կողմը պարտավոր է հատուցել մյուս կողմի կրած դատական ծախսերը ողջամիտ չափով, այսինքն` միայն այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

Փաստորեն, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նշված կարգավորումը հստակորեն ընդգծում է դատական ծախսերի հատուցման պարտականության սահմանները, որոնք հանգում են հետևյալին.

1) որպես կանոն` դատական ծախսերի հատուցման պարտականությունը կրում է այն կողմը, որը գործի ելքում դատավարական իմաստով պարտվել է, այսինքն` այն կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կամ այն կողմը, որի վրա դատարանի կողմից օրենքով սահմանված դեպքերում դրվում է այդ պարտականությունը, օրինակ` պատասխանող վարչական մարմինը` վերջինիս նախաձեռնությամբ վիճարկվող վարչական ակտն անվավեր ճանաչվելու պատճառով վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճվելու դեպքերում,

2) դատական ծախսերի հատուցման պարտականություն կրող կողմը պարտավոր է հատուցել միայն այն դատական ծախսերը, որոնք մյուս կողմը կրել է կամ կրելու է դատարան դիմելու (դատական պաշտպանության իրավունքն իրականացնելու) համար,

3) դատական ծախսերի հատուցման պարտականություն կրող կողմը պարտավոր է հատուցել միայն այն դատական ծախսերը, որոնք ողջամտորեն անհրաժեշտ են եղել դատական ծախս կատարած կողմի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

Այդ համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանը, անհրաժեշտ համարելով հիշատակել ՀՀ սահմանադրական դատարանի կողմից 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1423 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, արձանագրել է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտի վիճարկման պահանջով հայցադիմում ներկայացնելու համար պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված լինելու հանգամանքը վկայում է այն մասին, որ հայցվոր ֆիզիկական անձը դատարան դիմելու համար պետական տուրք չի վճարում, այսինքն` պետական տուրքի գծով դատական ծախս փաստացի չի կատարում և ապագայում չի կատարելու: Հետևաբար, վարչական իրավախախտումների վերաբերյալ վիճարկվող վարչական ակտը վարչական մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ անվավեր ճանաչվելու պատճառով վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճվելու դեպքերում դատական ծախսերի հատուցման պարտականությունը պատասխանող վարչական մարմնի վրա դրվելու պարագայում վերջինս չի կարող կրել հայցադիմումի համար սահմանված, սակայն չվճարված պետական տուրքը պետությանը հատուցելու պարտականություն:

Դրանից ելնելով` ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ վիճարկվող վարչական ակտը վարչական մարմնի սեփական նախաձեռնությամբ անվավեր ճանաչվելու պատճառով վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճվելու դեպքերում դատական ծախսերի հատուցման պարտականությունը պատասխանող վարչական մարմնի վրա դրվելու պարագայում վերջինս պարտավոր է հատուցել միայն այն դատական ծախսերը, որոնք հայցվորը կրել է կամ կրելու է դատարան դիմելու համար: Մինչդեռ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտի վիճարկման պահանջով հայցադիմում ներկայացնելու համար պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված լինելու պայմաններում հայցվորը դատարան դիմելու համար պետական տուրքի գծով դատական ծախս չի կատարում և չի կատարելու:

Մյուս կողմից, վարչական իրավախախտումների վերաբերյալ վիճարկվող վարչական ակտը վարչական մարմնի սեփական նախաձեռնությամբ անվավեր ճանաչվելու պատճառով վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճվելու դեպքերում դատական ծախսերի հատուցման պարտականությունը պատասխանող վարչական մարմնի վրա դրվելու պարագայում վերջինս պարտավոր է հայցվորին հատուցել միայն այն դատական ծախսերը, որոնք ողջամտորեն անհրաժեշտ են եղել հայցվորի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Մինչդեռ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտի վիճարկման պահանջով հայցադիմում ներկայացնելու համար պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված լինելու պայմաններում հայցվորի դատական պաշտպանության իրավունքն արդյունավետորեն իրականացնելու համար պետական տուրքի գծով դատական ծախս կատարելու անհրաժեշտությունը ողջամտորեն բացակայում է: Հետևաբար քննարկվող իրավիճակում դատարանը գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ պարտավոր է լուծված համարել վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտի վիճարկման պահանջով հայցադիմում ներկայացնելու համար պետական տուրքի բաշխման հարցը:

Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները` ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է հետևյալ եզրակացության.

1) եթե վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտը գործի քննության ընթացքում վարչական մարմնի սեփական նախաձեռնությամբ անվավեր է ճանաչվում, և ըստ էության վեճը սպառվում է, ապա այդ պարագայում դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է պատասխանող վարչական մարմնի վրա,

2) եթե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելիս դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է պատասխանող վարչական մարմնի վրա, ապա վերջինս պարտավոր չէ պետությանը հատուցել վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտը վիճարկելու պահանջով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքի գումարը, որի վճարումից հայցվորն ազատված է օրենքի ուժով (տե՛ս, Հայկ Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1115/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը հարուցվել է Վլադիմիր Սարգսյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս խնդրել է անվավեր ճանաչել Որոշումը: Սույն վարչական գործի քննության ընթացքում Ծառայության պետը 20.02.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին որոշումներն անվավեր ճանաչելու մասին» թիվ Վ-5/32 որոշմամբ իր նախաձեռնությամբ անվավեր է ճանաչել նաև վիճարկվող վարչական ակտը, և սույն գործի հարուցման համար հիմք հանդիսացած պահանջի հիմքում ընկած հանրային-իրավական վեճն ըստ էության սպառվել է:

Դատարանը վարչական գործի վարույթը կարճել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` վեճն ըստ էության սպառվելու հիմքով, և դատական ծախսերի բաշխման հարցը լուծել է հետևյալ կերպ` Քաղաքապետարանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել է 4.000 ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը և Դատարանի որոշումը թողնելով անփոփոխ, իրավաչափ է համարել Դատարանի այն դիրքորոշումը, որ Քաղաքապետարանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի ենթակա է բռնագանձման 4.000 ՀՀ դրամ` որպես սույն վարչական գործով վճարվելիք պետական տուրքի գումար:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Որոշումը` որպես Վլադիմիր Սարգսյանին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտ, վիճարկելու պահանջով դատարան դիմելու համար Վլադիմիր Սարգսյանն օրենքի ուժով ազատված է պետական տուրք վճարելու պարտականությունից: Ըստ այդմ` Վլադիմիր Սարգսյանը հայցադիմում ներկայացնելու համար պետական տուրքի գծով դատական ծախս չի կատարել: Սակայն դատական պաշտպանություն նրան տրամադրվել է, քանի որ կաշկանդված լինելով քաղաքացիական իրավունքների ու ազատությունների պաշտպանության սահմանադրական սկզբունքներով` ֆիզիկական անձին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտերի դեմ այդ անձի դատական պաշտպանության իրավունքի անխոչընդոտ իրականացման ապահովման նպատակով պետությունը սահմանել է պետական տուրքի վճարումից ազատման ձևով արտոնություն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործի վարույթը կարճվել է գործի քննության ընթացքում Ծառայության պետի նախաձեռնությամբ վիճարկվող վարչական ակտն անվավեր ճանաչվելու պատճառով վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով: Սույն գործի նման ելքի պայմաններում, ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված իրավական դիրքորոշումների համաձայն, դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է պատասխանող վարչական մարմնի` Քաղաքապետարանի վրա: Մյուս կողմից, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Որոշման վիճարկման պահանջով հայցադիմում ներկայացնելու համար պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված լինելու պայմաններում Վլադիմիր Սարգսյանը դատարան դիմելու համար պետական տուրքի գծով դատական ծախս չի կատարել և չի կատարելու: Ավելին, այդ վարչական ակտի դեմ Վլադիմիր Սարգսյանի դատական պաշտպանության իրավունքն արդյունավետորեն իրականացնելու համար պետական տուրքի գծով դատական ծախս կատարելու անհրաժեշտությունը ողջամտորեն բացակայում է:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Քաղաքապետարանը պարտավոր չէ պետությանը հատուցել Որոշումը վիճարկելու պահանջով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքի գումարը, որի վճարումից Վլադիմիր Սարգսյանն ազատված է օրենքի ուժով, քանի որ այդ որոշման վիճարկման պահանջով դատարան դիմելիս պետական տուրքի գծով ծախս չի կատարվել, և այդ ծախսի կատարումը ողջամտորեն անհրաժեշտ չէր, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի տեսանկյունից դատական ծախսերի հատուցման պարտականություն կրող կողմը պարտավոր է հատուցել միայն այն դատական ծախսերը, որոնք մյուս կողմը կրել է, և որոնք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կարճելով սույն գործի վարույթը` Դատարանը պարտավոր էր լուծված համարել Որոշման վիճարկման պահանջով հայցադիմում ներկայացնելու համար պետական տուրքի բաշխման հարցը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների հիմքով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Վերը նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները:

 

i

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր այն դեպքերում, երբ դատական ակտը բողոքարկվել է միայն դատական ծախսերի մասով, բողոք բերող անձը պետական տուրքի վճարման պարտականություն չի կրում (տե՛ս, «Ռեքվիեմ» ՍՊԸ-ն ընդդեմ «Մեգարոն» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/1017/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2015 թվականի որոշումը):

Թեև նշված իրավական դիրքորոշումն արտահայտվել է քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործի շրջանակներում, սակայն Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հավասարապես կիրառելի է նաև վարչական դատավարության կարգով քննվող գործերի նկատմամբ, քանի որ թե՛ քաղաքացիական, թե՛ վարչական գործով կայացված վերջնական դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելիս անձը հայցում է այնպիսի դատավարական հետևանքների առաջացում, որոնք անմիջականորեն պայմանավորված չեն ներկայացված գույքային կամ ոչ գույքային պահանջի լուծման հետ և ուղղված են վարույթի կանոնավոր ընթացքի ապահովմանը: Այս պարագայում անձի բողոքարկման իրավունքի իրացումն ուղղված է ոչ թե գործի ըստ էության լուծման իրավաչափության, այլ դրա արդյունքում դատական ծախսերի բաշխման իրավաչափության հարցի պարզմանը: Հետևաբար վերջնական դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելու դեպքում, անկախ այն հանգամանքից, թե տվյալ դատական ակտը կայացվել է քաղաքացիական, թե վարչական գործի շրջանակներում, պետական տուրքի գանձման օբյեկտը և հաշվարկման հիմքը, ըստ էության, բացակայում են, հետևաբար բացակայում է նաև պետական տուրքի վճարման պարտականությունը (տե՛ս, Լիլիթ Մուսեյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/6047/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանի 19.04.2017 թվականի «Գործի վարույթը կարճելու մասին» որոշումը վերաքննության կարգով, իսկ Վերաքննիչ դատարանի 21.06.2018 թվականի որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկվել են միայն դատական ծախսերի մասով, իսկ Քաղաքապետարանը ՀՀ վճռաբեկ դատարանի վերոգրյալ որոշման ուժով ազատված է այդ բողոքների համար պետական տուրքի վճարման պարտականությունից: Հաշվի առնելով վերոգրյալը և նկատի ունենալով այն հանգամանքը, որ Քաղաքապետարանը տվյալ դեպքում վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրք չի վճարել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար սահմանված պետական տուրքի բաշխման հարցը պետք է համարել լուծված:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 21.06.2018 թվականի որոշումը և այն փոփոխել. հայցադիմում ներկայացնելու համար պետական տուրքի հարցը համարել լուծված:

2. Վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.12.2018
N ՎԴ/8275/05/16
Որոշում