Սեղմել Esc փակելու համար:
2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԱՎԻԱՑԻՈՆ ...

 

 

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԱՎԻԱՑԻՈՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԵՎ ԼՈՒՐՋ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 21 մայիսի 2019 թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հ. Արշակյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2018 թվականի նոյեմբերի 22-ին ստորագրված` «Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության Միջազգային բյուրոյի ստեղծման և գործունեության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2019 թվականի ապրիլի 9-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. «Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության Միջազգային բյուրոյի ստեղծման և գործունեության մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2018 թվականի նոյեմբերի 22-ին Մոսկվայում` ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության Միջազգային բյուրոյի ստեղծման, դրա նպատակների, կառուցվածքի և գործառույթների սահմանման նպատակով: Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև: Այն բաց է այլ պետությունների միանալու համար, որը կատարվում է բոլոր Կողմերի համաձայնության դեպքում:

Միջազգային բյուրոն գտնվելու է Մոսկվա քաղաքում (Ռուսաստանի Դաշնություն), բայց անհրաժեշտության դեպքում, Կողմերի միջև կնքված առանձին միջազգային պայմանագրերի համաձայն, Կողմերի տարածքում կարող են հիմնադրվել Բյուրոյի մասնաճյուղեր, որոնց գործունեության հետ կապված հարցերը, այդ թվում` նաև ֆինանսական ապահովման հետ կապված, կարգավորվում են վերոնշյալ միջազգային պայմանագրերով, իսկ Բյուրոյի բյուջեն, որը պետք է հավասարակշռված լինի ըստ եկամուտների և ծախսերի, ձևավորվում է կողմերի բաժնային վճարումների հաշվին, որոնց ձևավորման և կատարման մասին կանոնակարգը, չափերը (սանդղակը) սահմանվում են Կողմերի կառավարությունների ղեկավարների կողմից և վերանայվում են ըստ անհրաժեշտության:

Համաձայնագիրն ունի անբաժանելի մաս կազմող Հավելված` «Կարգ Բյուրոյի, Բյուրոյի Նախագահի և Բյուրոյի աշխատակիցների սոցիալական երաշխիքների, արտոնությունների և անձեռնմխելիության վերաբերյալ» վերտառությամբ:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- կողմերի հետ համատեղ ստեղծել ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային իրավունակությամբ օժտված Միջազգային բյուրո (այսուհետ` Բյուրո), որի աշխատանքային լեզուն ռուսերենն է` որպես ԻԿԱՕ-ի պաշտոնական լեզուներից մեկը (հոդված 2, կետեր 1 և 2, հոդված 5),

- ապահովել, որ Ղեկավար խորհրդի նիստը ՀՀ տարածքում` ՀՀ հրավերով գումարվելու դեպքում, նիստի գումարման ծախսերը հոգա հյուրընկալող ՀՀ լիազորված պետական մարմինը (հոդված 8, կետ 7, մաս 2),

- ապահովել, որ գործուղում ուղարկած ՀՀ պետական մարմինները և կազմակերպությունները կատարեն Ղեկավար խորհրդի անդամների և նիստի մասնակիցների գործուղման հետ կապված ծախսերը (հոդված 8, կետ 7, մաս 3),

- ուսումնասիրել թռիչքների անվտանգության ապահովմանն ուղղված առաջարկությունները, որոնք ստացվել են պատահարների և լուրջ միջադեպերի քննության արդյունքում, և տեղեկություն տրամադրել Բյուրոյին` ձեռնարկված կամ քննարկվող միջոցների կամ որևէ միջոց չձեռնարկելու պատճառների մասին (հոդված 11, կետ «ա»),

- ապահովել ՀՀ օրենսդրության համապատասխանությունը Համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետին համապատասխան մշակված փաստաթղթերին (հոդված 11, կետ «բ»),

- ապահովել բաժնային վճարումների կատարումը` ըստ Բյուրոյի հաստատված բյուջեի (հոդված 11, կետ «գ»),

- ընդունել և միջոցներ ձեռնարկել` զերծ պահելու համար Բյուրոյի կողմից իրականացվող ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննությունը քաղաքական կամ այլ միջամտությունից (հոդված 11, կետ «դ»),

- ապահովել, որ ՀՀ տարածքում Բյուրոյի Նախագահը և Բյուրոյի աշխատակիցները օգտվեն սոցիալական երաշխիքներից, արտոնություններից և անձեռնմխելիությունից, որոնք անհրաժեշտ են նրանց ստանձնած լիազորությունների և պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների կատարման համար (հոդված 14, կետ 2),

- առարկաները և այլ գույքը, որոնք նախատեսված են Բյուրոյի կողմից պաշտոնական օգտագործման համար, ՀՀ տարածքում ազատել մաքսային տուրքերից, հարկերից և մաքսային վճարներից (Հավելված, կետ 11),

- Բյուրոյի Նախագահին և Բյուրոյի աշխատակիցներին չենթարկել քրեական, քաղաքացիական և վարչական պատասխանատվության իրենց պարտականությունների կատարման ընթացքում կատարած բոլոր գործողությունների, գրավոր կամ բանավոր հայտարարությունների համար` բացառությամբ իրենց վարած կամ իրենց պատկանող տրանսպորտային միջոցով տեղի ունեցած ճանապարհային տրանսպորտային պատահարի հետ կապված վնասների հատուցման հայցերի դեպքերի (Հավելված, կետ 14, ենթակետ «ա»),

- Բյուրոյի Նախագահին և Բյուրոյի աշխատակիցներին ազատել աշխատավարձերի և Բյուրոյի կողմից տրված այլ վճարումների հարկումներից (Հավելված, կետ 14, ենթակետ «բ»),

- երաշխավորել Բյուրոյի Նախագահի և Բյուրոյի աշխատակիցների հայրենադարձության այն նույն արտոնություններից օգտվելու իրավունքը, որոնցից միջազգային ճգնաժամերի ժամանակ օգտվում են դիվանագիտական ներկայացուցիչները (Հավելված, կետ 14, ենթակետ «ե»),

- պահպանել Բյուրոյի Նախագահի կամ Բյուրոյի աշխատակիցների` որպես Բյուրոյի Նախագահ կամ Բյուրոյի աշխատակիցներ, իրենց գործառույթների և գործողությունների իրականացման շրջանակներում ասվածի կամ գրվածի նկատմամբ վարչական, քաղաքացիական և քրեական անձեռնմխելիությունը նաև նրանց լիազորությունների ավարտից հետո (Հավելված, կետ 22),

- ապահովել, որ Բյուրոյի Նախագահի և Բյուրոյի աշխատակիցների` Բյուրոյում աշխատելու ժամանակահատվածը հաշվարկվի որպես ապահովագրական (աշխատանքային) ստաժ` կենսաթոշակի սահմանման համար (Հավելված, կետ 24, մաս 3),

- ապահովել, որ ՀՀ քաղաքացու` Բյուրոյի Նախագահ և Բյուրոյի աշխատակից եղած ժամանակահատվածում ստացած շահույթը հաշվի առնվի կենսաթոշակի չափը որոշելիս` համաձայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի և կարգի (Հավելված, կետ 24, մաս 4),

- ապահովել, որ սոցիալական ապահովագրության նպաստներ նշանակելիս սոցիալական (աշխատանքային) ստաժում հաշվարկվի Բյուրոյի Նախագահի և Բյուրոյի աշխատակիցների աշխատաժամանակը` համաձայն գտնվելու վայրի պետության օրենսդրության (Հավելված, կետ 26),

- ապահովել, որ ՀՀ քաղաքացի Բյուրոյի Նախագահի և Բյուրոյի աշխատակիցների աշխատաժամանակը մտնի ՀՀ պետական (պետական քաղաքացիական) ծառայության ստաժի մեջ` պետական (պետական քաղաքացիական) ծառայություն անցնելու ընթացքում սոցիալական երաշխիքների կարգավորման և պետական ծառայողներին (դաշնային պետական քաղաքացիական ծառայողներ) երկարամյա ծառայության դիմաց կենսաթոշակներ նշանակելու համար (Հավելված, կետ 29):

3. Հայաստանի Հանրապետությունը Համաձայնագրի վերաբերյալ կատարել է վերապահում, որում, մասնավորապես, հայտարարվում է, որ Համաձայնագրի Հավելվածի 14-րդ կետի 3-րդ ենթակետի «Բյուրոյի Նախագահը և Բյուրոյի աշխատակիցները ազատվում են պետական պարտականություններից» դրույթները չեն կիրառվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ, ինչպես նաև հայտարարվում է, որ Համաձայնագրի Հավելվածի 24-րդ կետը Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների նկատմամբ կիրառելիս, որոնք զբաղեցնում են Բյուրոյի Նախագահի կամ Բյուրոյի աշխատակցի պաշտոնը, նրանց կենսաթոշակային ապահովման պարտադիր պահումները կատարվում են Բյուրոյի կողմից:

4. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված` միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված` արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. «2018 թվականի նոյեմբերի 22-ին ստորագրված` «Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության Միջազգային բյուրոյի ստեղծման և գործունեության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

i

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    Նախագահող                    Հ. Թովմասյան

 

21 մայիսի 2019 թվականի

ՍԴՈ-1462

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 21 մայիսի 2019 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
21.05.2019
N ՍԴՈ-1462
Որոշում