Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                  Վարչական գործ          

    դատարանի որոշում                       թիվ ՎԴ/0150/05/16   

    Վարչական գործ թիվ ՎԴ/0150/05/16        2019թ.

Նախագահող դատավոր` Գ. Ղարիբյան

    Դատավորներ`        Ք. Մկոյան       

                       Ա. Առաքելյան    

                                                                               

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի մարտի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գառնիկ Վերմիշյանի ներկայացուցիչ Արման Վերմիշյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.06.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գառնիկ Վերմիշյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` 22.10.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-0067788 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Գառնիկ Վերմիշյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի 22.10.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-0067788 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ս. Հովակիմյան) (այսուհետ` Դատարան) 09.06.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.06.2017 թվականի որոշմամբ Գառնիկ Վերմիշյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 09.06.2016 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գառնիկ Վերմիշյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ և 255-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ 05.10.2015 թվականի թիվ 0082959 արձանագրությունը կազմվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի և Երևան քաղաքի ավագանու 25.12.2012 թվականի թիվ 563-Ն որոշման պահանջների խախտմամբ: Մասնավորապես` նշված արձանագրությունը, դրան կից ապացույցը և ծանուցումը Գառնիկ Վերմիշյանին ներկայացվել են ավելի քան մեկ օր ուշացումով: Արձանագրությունը չի կազմվել տեղում, չի ապացուցվել Գառնիկ Վերմիշյանի` որպես մեքենայի սեփականատիրոջ իրավախախտում կատարելու փաստը: Արձանագրությունում նշված չէ այն կազմող անձի հայրանունը, բացակայում է իրավախախտում կատարած անձի բացատրությունը, արձանագրությունը չի ստորագրել վարչական իրավախախտում կատարած անձը, առկա չէ արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու մասին նշում, արձանագրության մեջ բացակայում է նշում, որ իրավախախտում կատարած անձին բացատրվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները: Բացի այդ, արձանագրությունում նշված չեն տուգանքի չափը, տուգանքի վճարման համար գործող բանկային հաշվեհամարը և իրավախախտում կատարած անձի անձը հաստատող փաստաթղթերի տվյալները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.06.2017 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության բնակիչների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության բաժնի պետ Հրանտ Մարգարյանի կողմից 05.10.2015 թվականին կազմվել է թիվ 0082959 արձանագրությունը, որի համաձայն` «համադրելով տեխնիկական միջոցի օգտագործմամբ ստացված տեսանյութում ամրագրված արարքի հատկանիշներն իրավախախտման հատկանիշների հետ, հայտնաբերվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում, մասնավորապես` «01OS998» պետհամարանիշով «MAZDA 626 1.8» մակնիշի տրանսպորտային միջոցը 30.09.2015 թվականին` ժամը 12:01-ից մինչև 17:21-ը, 15 րոպեից ավելի ժամանակահատվածով կայանված է եղել Երևան քաղաքի Խանջյան փողոցում գտնվող համայնքային վճարովի ավտոկայանատեղում, ինչի համար վճարված չի եղել «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով և Երևան քաղաքի ավագանու 23.12.2014 թվականի թիվ 264-Ն որոշմամբ նախատեսված տրանսպորտային միջոցի կայանատեղի տեղական տուրքը» (հատոր 1-ին, գ.թ. 6).

2) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության (այսուհետ` Ծառայություն) պետի տեղակալ Վ. Բարսեղյանի կողմից 22.10.2015 թվականին կայացված «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-0067788 որոշմամբ Գառնիկ Վերմիշյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` 5.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ վերջինիս պատկանող «01OS998» պետհամարանիշով «MAZDA 626 1.8» մակնիշի տրանսպորտային միջոցը 30.09.2015 թվականին` ժամը 12:01-ից մինչև 17:21-ը, 15 րոպեից ավելի ժամանակահատվածով կայանված է եղել Երևան քաղաքի Խանջյան փողոցում գտնվող համայնքային վճարովի ավտոկայանատեղում` առանց վճարելու տրանսպորտային միջոցի կայանատեղիի համար սահմանված տեղական տուրքը (հատոր 1-ին, գ.թ. 7-8).

3) Ծառայության պետի տեղակալ Վ. Բարսեղյանը Գառնիկ Վերմիշյանի վարչական բողոքի քննության արդյունքում 16.11.2015 թվականին կայացրել է թիվ Վ-43/31 որոշումը, որի համաձայն` Գառնիկ Վերմիշյանի բողոքը թողնվել է առանց բավարարման, իսկ «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-0067788 որոշումը` անփոփոխ (հատոր 1-ին, գ.թ. 9-14):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելու վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով արձանագրության կազմման առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելու վարչական իրավախախտման արձանագրությունը պետք է կազմվի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված կանոնների, մասնավորապես` ենթադրյալ իրավախախտի մասնակցության պահանջի պահպանմամբ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածի համաձայն` ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Մինչև 09.01.2017 թվականը գործող խմբագրությամբ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի (16.12.2016 թվականին ընդունված և 09.01.2017 թվականին ուժի մեջ մտած ««Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» թիվ ՀՕ-236-Ն ՀՀ օրենքի համաձայն` «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի վերնագրում և ամբողջ տեքստում «տուրք» բառը փոխարինվել է «վճար» բառով) 2-րդ հոդվածի համաձայն` ավտոկայանատեղի համար գանձվող տուրքը ավտոտրանսպորտային միջոցը ավտոկայանատեղում կայանելու համար նույն օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում համայնքի ավագանու կողմից հաստատված չափով և նույն օրենքով սահմանված կարգով համայնքի բյուջե գանձվող պարտադիր գանձույթ է:

Մինչև 09.01.2017 թվականը գործող խմբագրությամբ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ավտոկայանատեղի տուրքի վճարման ձևերը սահմանում է համայնքի ավագանին:

Մինչև 09.01.2017 թվականը գործող խմբագրությամբ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` ավտոկայանատեղի տուրք չվճարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Մինչև 09.01.2017 թվականը գործող վերը նշված իրավակարգավորումներից հետևում է, որ ավտոկայանատեղի համար գանձվող տուրքը համայնքի ավագանու կողմից հաստատված չափով համայնքի բյուջե գանձվող տեղական տուրք է, որի վճարման պարտականությունը չկատարելու իրավական հետևանքը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության կիրառումն է: Ընդ որում, օրենսդիրն ավտոկայանատեղի տուրքի վճարման ձևերը սահմանելու լիազորությունը վերապահել է համայնքի ավագանուն:

i

Այսպես` Երևան քաղաքի ավագանու 23.12.2014 թվականի «Երևան քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2015 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 264-Ն որոշման 14-րդ կետի «գ» ենթակետի համաձայն` Երևանի վարչական տարածքում Երևան քաղաքի ավագանու որոշմամբ կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերում տեղական տուրքը սահմանվում է (...) մեկ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ավտոկայանատեղում ժամը 09.00-ից մինչև 24.00-ն կայանելու համար` յուրաքանչյուր մեկ ժամվա համար` 100 դրամ, որի դեպքում փաստացի կայանման ժամանակի րոպեներով հաշվարկն իրականացվում է հետևյալ կերպ` ավտոկայանատեղում կայանելու պահից մինչև 15 րոպե տեղական տուրք չի գանձվում, իսկ 15 րոպեից ավելի կայանելու համար գանձվում է 100 դրամ` յուրաքանչյուր մեկ ժամի համար:

Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածի կարգավորումներին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող Երևան քաղաքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումը կարող էր համարվել տեղի ունեցած հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

1. ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը 15 րոպեից ավելի ժամանակով կայանվել է Երևան քաղաքի համայնքային վճարովի ավտոկայանատեղում,

2. չի վճարվել համայնքի ավագանու կողմից հաստատված չափով տեղական տուրք:

Այլ կերպ ասած` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածի դիսպոզիցիայում նկարագրված իրավախախտման դեպքի (զանցանքի) առկայության համար այն դեպքում, երբ համայնքի ավագանու որոշմամբ նախատեսված է համայնքային վճարովի ավտոկայանատեղում որոշակի ժամանակահատված անվճար կայանելու հնարավորություն, անհրաժեշտ է ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը սահմանված անվճար ժամանակահատվածից ավելի ժամանակով համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու և համայնքի ավագանու կողմից հաստատված չափով տեղական տուրք չվճարելու փաստերի միաժամանակյա առկայությունը (տե՛ս, Գեղամ Սիմոնյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5084/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունը այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Այդ տվյալները հաստատվում են հետևյալ միջոցներով` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ (...):

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 275-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս մարմինը (պաշտոնատար անձը) լուծում է հետևյալ հարցերը` (...) (2) ճիշտ են կազմվել, արդյոք, վարչական իրավախախտման վերաբերյալ գործի արձանագրությունը և մյուս նյութերը (...):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերոնշյալ իրավանորմերի համակցված վերլուծությանը, իր նախկին որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս համապատասխան վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է արդյո՞ք վարչական իրավախախտումը, և արդյո՞ք անձը մեղավոր է այն կատարելու մեջ: Նշված հարցերը պարզելու համար վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պետք է ամբողջությամբ վերցված բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ և ղեկավարվելով օրենքով` գնահատի գործով ձեռք բերված ապացույցները: Վերը նշվածն իրականացնելու համար համապատասխան վարչական մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս պետք է պատշաճ ձևով լուծի նաև հետևյալ հարցը` արդյո՞ք օրենքին համապատասխան են կազմվել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի արձանագրությունը և մյուս նյութերը (տե՛ս Սուրեն Սիմոնյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4842/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարույթի ժամանակ օրենսդրի կողմից առաջադրված խնդիրների լուծման համար վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննող համապատասխան վարչական մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտման վերաբերյալ յուրաքանչյուր գործ քննության նախապատրաստելիս պարտավոր է պարզել, ի թիվս այլնի, նաև այն հարցը, թե արդյոք ճիշտ է կազմվել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը:

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու ընդհանուր կանոնները, ինչպես նաև արձանագրության բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները նախատեսված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 254-րդ և 255-րդ հոդվածներով:

Այսպես` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրությունը կազմում են վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները (պաշտոնատար անձինք) (...):

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշվում է` դրա կազմելու ամսաթիվն ու տեղը, արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը. տեղեկություններ խախտողի անձի մասին. վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը. այն նորմատիվ ակտը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար. վկաների և տուժողների ազգանունները և հասցեները, եթե այդպիսիք կան. խախտողի բացատրությունը. գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ: Արձանագրությունը ստորագրում են այն կազմող անձը և վարչական իրավախախտում կատարած անձը. վկաների և տուժողների առկայության դեպքում արձանագրությունը կարող են ստորագրել նաև այդ անձինք: Եթե իրավախախտում կատարած անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, դրանում այդ մասին նշում է կատարվում: Իրավախախտում կատարած անձն իրավունք ունի ներկայացնելու արձանագրությանը կցվող բացատրություններ և դիտողություններ արձանագրության բովանդակության առթիվ, ինչպես նաև շարադրելու այն ստորագրելուց իր հրաժարվելու շարժառիթները: Արձանագրություն կազմելիս խախտողին բացատրվում է նույն օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները, որի մասին արձանագրության մեջ նշվում է արվում:

i

Վերոգրյալ իրավադրույթներից բխում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները (պաշտոնատար անձինք) վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրությունը պետք է կազմեն ենթադրյալ իրավախախտումը կատարած անձի ներկայությամբ, և վերջինս պետք է ստորագրի այն, իսկ եթե նա հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելու իրավասություն ունեցող վարչական մարմինը (պաշտոնատար անձը) դրա մասին համապատասխան նշում է կատարում արձանագրության մեջ: Անձը, որին վերագրվում է ենթադրյալ վարչական իրավախախտումը, իրավունք ունի ներկայացնել բացատրություններ և դիտողություններ արձանագրության բովանդակության առթիվ, որոնք կցվում են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությանը, իսկ այն դեպքերում, երբ նա հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա կարող է արձանագրությունում շարադրել այն շարժառիթները, որոնք իր կարծիքով հիմք են հանդիսացել արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու համար: Բացի այդ, վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները (պաշտոնատար անձինք) վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրություն կազմելիս անձին պետք է բացատրեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված` նրա իրավունքներն ու պարտականությունները, և դրա մասին նույնպես համապատասխան նշում կատարեն արձանագրության մեջ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ վարչական մարմինը (պաշտոնատար անձը) իրավասու է իրավախախտին ենթարկել վարչական պատասխանատվության միայն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու վերոգրյալ ընդհանուր կանոնների, ինչպես նաև արձանագրության բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջների պահպանման պայմաններում:

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ավտոկայանատեղի տուրքի վճարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է տվյալ համայնքի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված անձը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ավտոկայանատեղի տուրքի վճարման նկատմամբ հսկողությունը կարող է իրականացվել անմիջականորեն կամ էլեկտրոնային համակարգերի միջոցով (նկարահանող, ձայնաազդանշանային համակարգեր և այլն): Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` ավտոկայանատեղի նկատմամբ հսկողության իրականացման ձևերը որոշում է տվյալ համայնքի ավագանին:

i

Երևան քաղաքի ավագանին, ղեկավարվելով վերոգրյալ օրենքով իրեն վերապահված լիազորությամբ, 25.12.2012 թվականին ընդունել է «Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղի տուրքի վճարման և դրա ու ավտոկայանատեղի նկատմամբ հսկողության իրականացման ձևերը սահմանելու մասին» թիվ 563-Ն որոշումը: Նշված որոշման` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ հավելվածի համաձայն`

«(...) 9. Անմիջական հսկողությունն իրականացվում է ավտոկայանատեղի կազմակերպչի նշանակած կամ լիազորած անձի (անձերի) (այսուհետ` կարգավարների), իսկ էլեկտրոնային համակարգերով իրականացվող հսկողությունը` շրջիկ կարգավարների կամ այլ համակարգերի միջոցով:

10. Կարգավարի (շրջիկ կարգավարի) գործառույթներն են.

1) վճարովի ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցի կամ դրա կցորդի կայանման համար տուրքի վճարված լինելու փաստի ստուգումը,

2) վճարման բացակայության կամ տվյալ ժամանակահատվածի համար տուրքը վճարված չլինելու դեպքում.

ա. տուգանքի վերաբերյալ արձանագրության կազմումը, եթե կարգավարը (շրջիկ կարգավարը) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձ է,

բ. տուգանքի վերաբերյալ արձանագրություն կազմելու համար Երևանի քաղաքապետին է ներկայացնում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված փաստաթղթերը (ապացույցները), եթե կարգավարը (շրջիկ կարգավարը) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձ չէ (...):

11. Ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար սահմանված տուրքը չվճարելու տուգանքի վերաբերյալ կազմվող արձանագրություն պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

1) տուգանվող անձի կողմից կայանած ավտոտրանսպորտային միջոցի մակնիշն ու հաշվառման համարանիշը,

2) արձանագրություն կազմելու ժամանակը,

3) տուգանքի իրավական հիմքերը,

4) տվյալ ավտոկայանատեղի հասցեն,

5) տուգանքի չափը,

6) տուգանքի վճարման համար գործող բանկային հաշվեհամարը,

7) տուգանքը վճարողի անունը, ազգանունը, ստորագրությունը (հնարավորության դեպքում), նրա անձը հաստատող փաստաթղթի տվյալները:

12. Սույն կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետի ա) պարբերությամբ նախատեսված դեպքում տուգանքի վերաբերյալ արձանագրությունը կազմվում է երկու օրինակից: Արձանագրություններից մեկը դրանք կազմելու օրը, իսկ եթե դա անհնար է, ապա այդ օրվան հաջորդող աշխատանքային օրը, փոխանցվում է Երևանի քաղաքապետին, իսկ մյուս օրինակը` պատշաճ ձևով ուղարկվում է ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը կայանած անձին:

13. Սույն կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետի բ) պարբերությամբ նախատեսված դեպքում տուգանքի վերաբերյալ արձանագրությունը կազմվում է երկու օրինակից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձի կողմից` ավտոկայանատեղի կազմակերպչի ներկայացրած փաստաթղթերի (ապացույցների) հիման վրա, որոնցից մեկը նույն օրը, իսկ եթե դա անհնար է, ապա այդ օրվան հաջորդող աշխատանքային օրը, պատշաճ ձևով ուղարկվում է ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը կայանած անձին (...)»:

Վերոգրյալ իրավադրույթներից հետևում է, որ Երևան քաղաքի ավագանին, սահմանելով Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղերի նկատմամբ հսկողության իրականացման ձևերը, նախատեսել է ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելու վարչական իրավախախտման արձանագրության կազմման այլ կարգ, որը տարբերվում է այդպիսի արձանագրության կազմման` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով ամրագրված կանոններից: Մասնավորապես` Երևան քաղաքի ավագանու վերոգրյալ որոշման համաձայն` ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելու վարչական իրավախախտման արձանագրությունը կազմվում է առանց իրավախախտի մասնակցության և կազմվելուց հետո ուղարկվում է այդ անձին:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում կիրառելի է ոչ թե Երևան քաղաքի ավագանու 25.12.2012 թվականի թիվ 563-Ն որոշմամբ սահմանված` վարչական իրավախախտման արձանագրությունն իրավախախտի բացակայությամբ կազմելու և հետո վերջինիս ուղարկելու կանոնը, այլ` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածով սահմանված` վարչական իրավախախտման արձանագրությունն իրավախախտի ներկայությամբ կազմելու և առձեռն վերջինիս հանձնելու կանոնը: Նշված դատողությունը հիմնված է Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում գործող` իրավական ակտերի աստիճանակարգության վրա, որի համաձայն` օրենքը (տվյալ դեպքում` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը) ունի ավելի բարձր իրավաբանական ուժ, քան համայնքի ավագանու որոշումը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արձանագրության կազմման գործընթացին ենթադրյալ իրավախախտին մասնակից դարձնելու, արձանագրությունը վերջինիս ներկայությամբ կազմելու օրենքի պահանջը ձևական բնույթ չի կրում, քանի որ ենթադրյալ իրավախախտին իր իրավունքներն ու պարտականությունները բացատրելու` արձանագրությունը կազմող պաշտոնատար անձի պարտականությունը կարևոր երաշխիք է հանդիսանում ողջ վարչական վարույթի ընթացքում ենթադրյալ իրավախախտի իրավունքների իրացումն ապահովելու համար: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը ենթադրյալ իրավախախտումը կատարած անձի ներկայությամբ կազմելու իմպերատիվ պահանջը նպատակ է հետապնդում նաև ապահովելու վարչական իրավախախտման պատշաճ սուբյեկտի պարզման հնարավորությունը: Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը ենթադրյալ իրավախախտումը կատարած անձի ներկայությամբ կազմելու պայմաններում հնարավոր կլինի պարզել վարչական իրավախախտման սուբյեկտին, որից հետո վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության արդյունքում վերջինիս հնարավոր կլինի ենթարկել վարչական պատասխանատվության:

Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելու վարչական իրավախախտման արձանագրությունը պետք է կազմվի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված կանոնների, մասնավորապես` ենթադրյալ իրավախախտի մասնակցության պահանջի պահպանմամբ:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործով վիճարկվող վարչական ակտով` Ծառայության պետի տեղակալի կողմից 22.10.2015 թվականին կայացված «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-0067788 որոշմամբ Գառնիկ Վերմիշյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` 5.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ վերջինիս պատկանող «01OS998» պետհամարանիշով «MAZDA 626 1.8» մակնիշի տրանսպորտային միջոցը 30.09.2015 թվականին` ժամը 12:01-ից մինչև 17:21-ը, 15 րոպեից ավելի ժամանակահատվածով կայանված է եղել Երևան քաղաքի Խանջյան փողոցում գտնվող համայնքային վճարովի ավտոկայանատեղում` առանց վճարելու տրանսպորտային միջոցի կայանատեղի համար սահմանված տեղական տուրքը:

Նշված վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության բնակիչների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության բաժնի պետ Հրանտ Մարգարյանի կողմից 05.10.2015 թվականին կազմվել է թիվ 0082959 արձանագրությունը, որի համաձայն` համադրելով տեխնիկական միջոցի օգտագործմամբ ստացված տեսանյութում ամրագրված արարքի հատկանիշները իրավախախտման հատկանիշների հետ, հայտնաբերվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում, մասնավորապես` «01OS998» պետհամարանիշով «MAZDA 626 1.8» մակնիշի տրանսպորտային միջոցը 30.09.2015 թվականին` ժամը 12:01-ից մինչև 17:21-ը, 15 րոպեից ավելի ժամանակահատվածով կայանված է եղել Երևան քաղաքի Խանջյան փողոցում գտնվող համայնքային վճարովի ավտոկայանատեղում, ինչի համար վճարված չի եղել «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով և Երևան քաղաքի ավագանու 23.12.2014 թվականի թիվ 264-Ն որոշմամբ նախատեսված տրանսպորտային միջոցի կայանատեղի տեղական տուրքը:

Դատարանը մերժել է Գառնիկ Վերմիշյանի վիճարկման հայցը` պատճառաբանելով, որ սույն գործում առկա ապացույցներով հաստատվում է Ծառայության պետի տեղակալի կողմից 22.10.2015 թվականին կայացված «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-0067788 որոշմամբ նկարագրված իրավախախտման փաստը:

Վերաքննիչ դատարանը մերժել է Գառնիկ Վերմիշյանի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ` ըստ էության համաձայնելով Դատարանի վերոգրյալ դիրքորոշման հետ:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության բնակիչների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության բաժնի պետ Հրանտ Մարգարյանի կողմից 05.10.2015 թվականին կազմված թիվ 0082959 արձանագրությունում բացակայում է վարչական իրավախախտում կատարած անձի` Գառնիկ Վերմիշյանի ստորագրությունը, ինչպես նաև առկա չէ նշում այն մասին, որ իրավախախտում կատարած անձը հրաժարվել է այն ստորագրելուց, բացակայում է նաև նշում այն մասին, որ իրավախախտում կատարած անձին բացատրվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները: Ավելին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Երևան քաղաքի ավագանու «Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղի տուրքի վճարման և դրա ու ավտոկայանատեղի նկատմամբ հսկողության իրականացման ձևերը սահմանելու մասին» 25.12.2012 թվականի թիվ 563-Ն որոշման հավելվածի 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված` արձանագրությունն ուղարկելու պարտականությունը, չի բացառում վարչական մարմնի` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածով նախատեսված պարտականության կատարումը:

Փաստորեն, Ծառայության պետի տեղակալի կողմից 22.10.2015 թվականին կայացված «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-0067788 որոշումն ընդունվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի խախտմամբ:

Միաժամանակ սույն գործի փաստերի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վիճարկման հայցի քննության ընթացքում վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը գնահատելիս վարչական ակտի առոչնչության հիմքերը պարզելու և բացառելու կարևորությանը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` առ ոչինչ է այն վարչական ակտը, որում առկա են, մասնավորապես` հետևյալ ակնառու կոպիտ սխալները.

ա) ակտից հստակ չի երևում կամ միանշանակ պարզ չէ, թե որ վարչական մարմինն է դա ընդունել.

բ) ակտն ընդունել է ոչ իրավասու վարչական մարմինը.

գ) ակտից պարզ չէ, թե դա որոշակիորեն ում է հասցեագրված, կամ հայտնի չէ, թե ինչ հարց է կարգավորում.

դ) ակտով դրա հասցեատիրոջ վրա դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` առ ոչինչ վարչական ակտն ընդունման պահից իրավաբանական ուժ չունի և ենթակա չէ կատարման կամ կիրառման, իսկ 3-րդ մասի համաձայն` առ ոչինչ վարչական ակտի կատարումը կամ կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ ակտը, որն ընդունվել է` օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով:

i

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ ոչ իրավաչափ վարչական ակտերը կարող են հանդես գալ երկու ձևով` որպես օրենքին (գերակայող իրավունքին) հակասող և որպես առոչինչ ակտեր:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրելով վիճարկման և ճանաչման հայցատեսակները` օրենսդիրը սահմանել է անվավեր և առ ոչինչ վարչական ակտերի ոչ իրավաչափ լինելը դատական կարգով հաստատելու երկու եղանակ: Ընդ որում, վիճարկման հայցը քննելիս դատարանը պարտավոր է նախևառաջ անդրադառնալ վարչական ակտի առոչնչության հիմքերի առկայությանը կամ բացակայությանը, քանի որ վարչական ակտի անվավերության նյութաիրավական հիմքերով պայմանավորված` անվավեր կարող է ճանաչվել միայն առ ոչինչ չհանդիսացող վարչական ակտը: Այսինքն` առ ոչինչ վարչական ակտի վերացման պահանջը չի կարող լինել վիճարկման հայցի առարկա, քանի որ անվավերության հիմքերի պարզման անհրաժեշտությունն առ ոչինչ վարչական ակտի պարագայում բացակայում է: Ավելին, եթե առկա է վարչական ակտի առոչինչ լինելու` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված հիմքերից որևէ մեկը, ապա այդ վարչական ակտը չի կարող ճանաչվել անվավեր:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 219.1-րդ հոդվածի համաձայն` (...) տեղական ինքնակառավարման մարմինները քննում են նույն օրենսգրքի (...) 124.7-րդ հոդվածով (...) նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը: (...) Տարածքային կառավարման մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունեն մարզպետները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների անունից` համայնքի ղեկավարները, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձինք:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկման հայցը քննելիս` Դատարանը չի անդրադարձել Ծառայության պետի տեղակալի կողմից 22.10.2015 թվականին կայացված «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-0067788 որոշման առոչնչության հիմքերի առկայությանը կամ բացակայությանը` այն համատեքստում, թե արդյոք Ծառայության պետի տեղակալը իրավասու էր ընդունելու նշված վարչական ակտը: Մինչդեռ սույն գործով վիճարկվող վարչական ակտն ընդունող պաշտոնատար անձի իրավասության հարցի պարզումն այդ ակտի իրավաչափության գնահատման համար ունի որոշիչ նշանակություն:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով բողոքի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրել է վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու անհրաժեշտության մասին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող վերոգրյալ հարցերը պարզելու նպատակով, ինչպես նաև վիճարկվող որոշման իրավաչափությունն օրենքով սահմանված կարգով գնահատելու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.06.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.03.2019
N ՎԴ/0150/05/16
Որոշում