Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 360-ՐԴ, 36 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                 Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                          թիվ ԵԱԴԴ/3197/02/15

    Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/3197/02/15     2019թ.

Նախագահող դատավոր` Ս. Թորոսյան

    Դատավորներ`        Ն. Բարսեղյան

                       Տ. Նազարյան

                

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ս. Միքայելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի մարտի 13-ին

գրավոր ընթացակարգով քննելով գործին մասնակից չդարձված անձ Նելլի Զոհրաբյանի ներկայացուցիչ Մարատ Գինոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.07.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Ռոմեո Թադևոսյանի ընդդեմ Ժաննա Այվազյանի, երրորդ անձ Աջափնյակ նոտարական տարածքի նոտար Մարինե Մարինոսյանի, Թելման Թադևոսյանի` նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու, դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի գրանցումը 1/2 մասով անվավեր ճանաչելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ռոմեո Թադևոսյանը պահանջել է 1/2 մասով անվավեր ճանաչել 05.08.2010 թվականի թիվ 724 նվիրատվության պայմանագիրը և նվիրատվության պայմանագրի հիման վրա կատարված սեփականության իրավունքի գրանցումը և ճանաչել Ռոմեո Թադևոսյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 30-րդ շենքի թիվ 35 հասցեի անշարժ գույքի 1/2 բաժնի նկատմամբ:

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Թորոսյան) (այսուհետ` Դատարան) 18.10.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.07.2018 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձ Նելլի Զոհրաբյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել գործին մասնակից չդարձված անձ Նելլի Զոհրաբյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ և 360-րդ հոդվածները, 362-րդ հոդվածի 5-րդ մասը և 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վերաքննիչ բողոքում հանգամանալից ներկայացվել են բողոքի հիմքերը և հիմնավորումները, ինչպես նաև այն փաստերն ու ապացույցները, որոնք վերաբերում են Նելլի Զոհրաբյանի կողմից վեճի առարկա հանդիսացող գույքի ձեռքբերմանը և դրա նկատմամբ իրավունքի գրանցմանը: Այդ փաստերի առկայությունը և գործի քննությանը ներգրավված չլինելու պարագայում Նելլի Զոհրաբյանի իրավունքների վերաբերյալ վճռի կայացումը հիմք են հանդիսացել վերջինիս համար իր իրավունքների պաշտպանության նպատակով բողոքարկելու դատական ակտը:

Ինչ վերաբերում է վեճի առարկա հանդիսացող բնակարանի նկատմամբ Նելլի Զոհրաբյանի սեփականության փաստը հավաստող ապացույցները` վաճառքի պայմանագիրը, սեփականության իրավունքի գրանցման վկայականը բողոքին կից չներկայացնելուն, ապա բողոքում ներկայացված հիմնավոր փաստերի առկայության պարագայում Վերաքննիչ դատարանն այդ ապացույցների բացակայությունը կարող էր դիտել որպես վրիպում և բողոքի հիմնավորվածության մեջ համոզմունք ունենալու համար կարող էր թերությունը վերացնելու հնարավորություն ընձեռել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 02.07.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի խախտման արդյունքում առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, իսկ 63-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) որոշումներում:

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):

Վերոհիշյալ իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված է արդյունավետ իրավական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների իրացումը, որի կարևոր բաղադրիչներից է, ի թիվս այլոց, բողոքարկման իրավունքը: Դատական ակտերի բողոքարկման դատավարական ինստիտուտն իրավական այնպիսի միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով ապահովելու իրավունքի սուբյեկտի իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանությունը վերադաս դատական ատյաններում:

Այդ համատեքստում անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ և 372-րդ հոդվածների պահանջներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն` գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված անձինք վերաքննիչ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե բողոքը ներկայացրել է այն անձը, որը դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով և գնահատման առարկա դարձնելով այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, արձանագրել է իրավահավասարության ու մրցակցության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (տե՛ս, Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի թիվ 3-2343(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշումը): Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը գործին մասնակից չդարձված անձանց վերապահում է գործին մասնակցող անձանց իրավունքներ և նրանց համար սահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ (տե՛ս, ՀՀ Արագածոտնի մարզի Քուչակի գյուղապետարանն ընդդեմ Լարիսա Եղիազարյանի, Գագիկ Մալխասյանի թիվ ԱՐԱԴ/0242/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ գործին մասնակից չդարձած անձանց դատավարական գործողություններն ուղղակիորեն պայմանավորված են նրանց դատավարական կարգավիճակով (...): Հետևաբար գործին մասնակից չդարձված անձը, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, պետք է իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու հնարավորություն ունենա (տե՛ս, «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ն ընդդեմ «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ի և մյուսների թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ գործին մասնակից չդարձված անձանց համար երաշխավորված դատարանի մատչելիության, դատական պաշտպանության իրավունքը դրսևորվում է, մասնավորապես` դատական ակտը բողոքարկելու իրավունքով և դրա իրացման ընթացակարգով (տե՛ս, Լուսինե Ավագյանն ընդդեմ Համլետ և Սուսանա Ճարոյանների թիվ ԵԱՆԴ/2466/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն` Ռոմեո Թադևոսյանը, դիմելով դատարան ընդդեմ Ժաննա Այվազյանի, երրորդ անձինք Աջափնյակ նոտարական տարածքի նոտար Մարինե Մարինոսյանի, Թելման Թադևոսյանի` պահանջել է 1/2 մասով անվավեր ճանաչել Ժաննա Այվազյանի և Թելման Թադևոսյանի միջև 05.08.2010 թվականին կնքված թիվ 724 նվիրատվության պայմանագիրը և նվիրատվության պայմանագրի հիման վրա կատարված Ժաննա Այվազյանի սեփականության իրավունքի գրանցումը և ճանաչել իր սեփականության իրավունքը Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 30-րդ շենքի թիվ 35 հասցեի անշարժ գույքի 1/2 բաժնի նկատմամբ: Դատարանի 18.10.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է (հատոր 2-րդ, գ.թ. 38-46):

Որպես գործին մասնակից չդարձված անձ Նելլի Զոհրաբյանի ներկայացուցիչը, վերաքննության կարգով բողոքարկելով Դատարանի 18.10.2017 թվականի վճիռը, հայտնել է, որ «13.01.2015 թվականին Ժաննա Այվազյանի հետ կնքված` ք. Երևան, Լենինգրադյան փողոցի 30-րդ շենքի թիվ 35 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի վաճառքի պայմանագրով 10.300.000 ՀՀ դրամով գնել է վիճելի բնակարանը: Պայմանագրից ծագած Նելլի Զոհրաբյանի սեփականության իրավունքը գրանցվել է 16.01.2015 թվականին և տրվել է իրավունքների պետական գրանցման թիվ 16012015-01-0003 վկայականը: (...) Նելլի Զոհրաբյանը թիվ ԵԱԴԴ/3197/02/15 քաղաքացիական գործով որպես կողմ ներգրավված չի եղել (...)»: Միաժամանակ բողոքաբերը հայտնել է, որ «07.05.2018 թվականին Ռոմեո Թադևոսյանը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Նելլի Զոհրաբյանի և երրորդ անձ Ժաննա Այվազյանի` նրանց միջև 13.01.2015 թվականին կնքված` ք. Երևան, Լենինգրադյան փողոցի 30-րդ շենքի թիվ 35 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը 1/2 մասով անվավեր ճանաչելու պահանջի մասին: Հայցադիմումը դատարանի 08.05.2018 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ: Նելլի Զոհրաբյանը փոստային առաքմամբ հայցադիմումն ստացել է 10.05.2018 թվականին, իսկ դատարանի որոշումը` 29.05.2018 թվականին: Նշված փաստաթղթերն ստանալուց հետո Նելլի Զոհրաբյանն իրազեկվել է իր իրավունքների վերաբերյալ դատական ակտ կայացվելու մասին և դատարանից ստացել է վճռի պատճենը» (հատոր 2-րդ, գ.թ. 60-63):

Վերաքննիչ դատարանը, Նելլի Զոհրաբյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելով, պատճառաբանել է, որ ո՛չ գործի նյութերում և ո՛չ էլ վերաքննիչ բողոքին կից ներկայացված փաստաթղթերում առկա չեն ապացույցներ այն մասին, որ սույն քաղաքացիական գործը վերաբերել է վերջինիս իրավունքներին և պարտականություններին, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը գտել է, որ վերաքննիչ բողոքը բերվել է այն անձի կողմից, ով դատական ակտը բողոքարկելու իրավունք չի ունեցել (հատոր 2-րդ, գ.թ. 78):

Վճռաբեկ բողոքին կից ներկայացվել է Ժաննա Այվազյանի և Նելլի Զոհրաբյանի միջև 13.01.2015 թվականին կնքված Անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը, որի համաձայն` Ժաննա Այվազյանը վաճառել, իսկ Նելլի Զոհրաբյանը ձեռք է բերել ք. Երևան, Աջափնյակ, Լենինգրադյան փողոց, թիվ 30 շենք, բնակարան թիվ 35 հասցեի անշարժ գույքը: Նշված պայմանագրի հիման վրա 16.01.2015 թվականին գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում Նելլի Զոհրաբյանի անվամբ կատարվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում, և վերջինիս տրվել է Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 16012015-01-0003 վկայականը, որը ևս ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից:

Վճռաբեկ բողոքին կից ներկայացված վերոգրյալ փաստաթղթերից ակնհայտ է, որ առաջին ատյանի դատարանում սույն գործով հայցադիմումը ներկայացնելու պահին (փոստային առաքման եղանակով ներկայացվել է 14.08.2015 թվականին, հատոր 1-ին, գ.թ. 28) վիճելի` ք. Երևան, Լենինգրադյան փողոց, թիվ 30 շենք, բնակարան թիվ 35 հասցեի անշարժ գույքի սեփականատեր է հանդիսացել Նելլի Զոհրաբյանը և Դատարանի 18.10.2017 թվականի վճիռն ուղղակիորեն վերաբերում է Նելլի Զոհրաբյանի սեփականության իրավունքին: Այսինքն` Դատարանի կողմից կայացված վճռով ճանաչվել է Ռոմեո Թադևոսյանի սեփականության իրավունքը Նելլի Զոհրաբյանին պատկանող բնակարանի 1/2 մասի նկատմամբ, ով տվյալ քաղաքացիական գործով չի ընդգրկվել որպես դատավարության մասնակից: Փաստորեն, Դատարանի կողմից կայացված դատական ակտն անմիջականորեն վերաբերել է գործին մասնակից չդարձված անձի սեփականության իրավունքին:

ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին մասի համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:

i

Նշված իրավանորմերի վերլուծությունից պարզ է դառնում, որ սեփականատիրոջ իրավազորությունների (տիրապետում, օգտագործում, տնօրինում) համակցությունը կազմում է սեփականության իրավունքի բովանդակությունը, այն պատկանում է սեփականատիրոջը և սահմանում սեփականության իրավունքի իրականացման սահմանները: Սեփականության իրավունքն ապահովում է գույքի նկատմամբ սեփականատիրոջ լիակատար գերիշխանությունը` այդ իրավունքի անձեռնմխելիությունը: Դրանով է ուղղակիորեն պայմանավորված սեփականատիրոջ կողմից իր տիրապետության ներքո գտնվող գույքի նկատմամբ իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ընդդեմ այն անձանց, որոնց գործողությունները խոչընդոտում են սեփականատիրոջը պատշաճ իրականացնելու իր` տիրապետման, օգտագործման, տնօրինման իրավազորությունները:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է անձի սեփականությանը` որպես սահմանադրորեն երաշխավորված գույքային իրավունք: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ սեփականատիրոջ իրավազորությունների (տիրապետում, օգտագործում, տնօրինում) համակցությունը կազմում է սեփականության իրավունքի բովանդակությունը, դրանց ամբողջությունն օրենքով պատկանում է սեփականատիրոջը` որպես սեփականության սուբյեկտիվ իրավունքի կրողի, և սահմանում սեփականության իրավունքի իրականացման սահմանները, ինչն ապահովում է գույքի նկատմամբ սեփականատիրոջ լիակատար գերիշխանությունը` սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը (տե՛ս, Գագիկ Սիսակունին ընդդեմ Սարգիս Գարուկյանի և մյուսների թիվ ԵԱՆԴ/1628/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

i

Վճռաբեկ դատարանը սույն քաղաքացիական գործի շրջանակներում հարկ է համարում անդրադառնալ նաև ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորմանը, որը սահմանում է, որ սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Նշված իրավանորմի հիփոթեզից ակնհայտ է դառնում, որ սեփականության իրավունքի սահմանափակումների իրավական հնարավորությունները պայմանավորված են բացառապես երկու վավերապայմանների միաժամանակյա առկայությամբ, այն է`

- սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել բացառապես օրենքով,

- այդ սահմանափակումը պետք է պայմանավորված լինի հանրային շահի կամ այլ իրավունքի սուբյեկտների` բացառապես սահմանադրությամբ ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Նշված իրավանորմը հանդիսանում է բացարձակ-որոշակի, դրա վավերապայմաններից միայն մեկով առաջնորդվել կամ այդ վավերապայմանների կամայական ընդլայնում ՀՀ Սահմանադրությունը բացառել է: Այսինքն` ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված դրույթներից դուրս` այլ կանոններ չեն կարող իրավական հիմք հանդիսանալ անձի սեփականության իրավունքի գործողության սահմանները փոփոխության ենթարկելու համար:

Վերաքննիչ դատարանը, 02.07.2018 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելով, որպես մերժման հիմք արձանագրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, նկատի ունենալով, որ վերաքննիչ բողոքին կից չեն ներկայացվել վիճելի գույքի նկատմամբ Նելլի Զոհրաբյանի իրավունքները հաստատող ապացույցներ:

Քննարկվող պարագայում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սահմանադրական նորմի գերակայության համատեքստում գործը վերաքննության կարգով վարույթ ընդունելու փուլում գույքային իրավունքների մասին ապացույց ներկայացնելու դատավարական դրույթի կիրառության սահմանները գնահատելիս հարկ է հաշվի առնել հետևյալը.

- սեփականության իրավունքը հանդիսանում է հիմնական իրավունք,

- սեփականության իրավունքի սահմանափակման միակ իրավական աղբյուրը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածը,

- դատավարական նորմերն ինքնին, առանց սահմանադրական վերոգրյալ իրավանորմի պահանջների պահպանման, չեն կարող սահմանափակել իրավունքի սուբյեկտի սեփականության իրավունքը:

Տվյալ դեպքում առկա է վիճելի անշարժ գույքի նկատմամբ բողոք բերած անձի անվամբ ձևակերպված սեփականության իրավունքի վկայական: Հաստատված է նաև, որ սույն քաղաքացիական գործով կայացված դատական ակտով բողոք բերած անձի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի 1/2 բաժնեմասի նկատմամբ դատական ակտով ճանաչվել է հայցվոր Ռոմեո Թադևոսյանի սեփականության իրավունքը: Այսինքն` նշված դատական ակտով սահմանափակվել է բողոք բերած անձի սեփականության իրավունքն այն դեպքում, երբ նա ներգրավված չի եղել սույն քաղաքացիական գործին, իրավական հնարավարություն չի ունեցել դատական կարգով իրականացնելու իր սեփականության իրավունքի պաշտպանությունը:

ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:

Ամփոփելով վերը ներկայացված իրավակարգավորումները և դրանք համադրելով առկա փաստական տվյալների հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սեփականության իրավունքը հանդիսանում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված հիմնական գույքային իրավունք, այլ` ոչ հիմնական իրավունքների համեմատությամբ ունի իրավական պաշտպանության գերակայություն և այդ գերակայությունը դրսևորվում է նաև սեփականության իրավունքի խախտման վերացման առաջնայնությամբ:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով հիմնավորվում է Դատարանի կողմից կայացված դատական ակտն անմիջականորեն գործին մասնակից չդարձված անձի սեփականության իրավունքին առնչվելուն, հետևաբար վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հետևանքով Նելլի Զոհրաբյանի ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի անհամաչափ սահմանափակումը վերացնելու նպատակով անհրաժեշտ է իրավունքի ուժով (ex jure) վերացնել Վերաքննիչ դատարանի 02.07.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատական ակտն ազդում է գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վրա, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը քննվող գործի մասին ծանուցել է տվյալ անձին, սակայն նա չի ցանկացել ներգրավվել գործին:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.07.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ս. Միքայելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԱԴԴ/3197/02/15 քաղաքացիական գործով 13.03.2019 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), գրավոր ընթացակարգով քննելով գործին մասնակից չդարձված անձ Նելլի Զոհրաբյանի ներկայացուցիչ Մարատ Գինոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.07.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Ռոմեո Թադևոսյանի ընդդեմ Ժաննա Այվազյանի, երրորդ անձ Աջափնյակ նոտարական տարածքի նոտար Մարինե Մարինոսյանի, Թելման Թադևոսյանի` նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու, դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի գրանցումը 1/2 մասով անվավեր ճանաչելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, 2019 թվականի մարտի 13-ին որոշել է «Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.07.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության»:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ե. Խունդկարյանս, համաձայն լինելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 13.03.2019 թվականին թիվ ԵԱԴԴ/3197/02/15 քաղաքացիական գործով կայացված որոշման եզրափակիչ մասի հետ, սակայն համաձայն չլինելով նույն որոշման պատճառաբանական մասի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ հատուկ կարծիքս նույն որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ռոմեո Թադևոսյանը պահանջել է 1/2 մասով անվավեր ճանաչել 05.08.2010 թվականի թիվ 724 նվիրատվության պայմանագիրը և նվիրատվության պայմանագրի հիման վրա կատարված սեփականության իրավունքի գրանցումը և ճանաչել Ռոմեո Թադևոսյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 30-րդ շենքի թիվ 35 հասցեի անշարժ գույքի 1/2 բաժնի նկատմամբ:

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Թորոսյան) (այսուհետ` Դատարան) 18.10.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.07.2018 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձ Նելլի Զոհրաբյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել գործին մասնակից չդարձված անձ Նելլի Զոհրաբյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ և 360-րդ հոդվածները, 362-րդ հոդվածի 5-րդ մասը և 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վերաքննիչ բողոքում հանգամանալից ներկայացվել են բողոքի հիմքերը և հիմնավորումները, ինչպես նաև այն փաստերն ու ապացույցները, որոնք վերաբերում են Նելլի Զոհրաբյանի կողմից վեճի առարկա հանդիսացող գույքի ձեռքբերմանը և դրա նկատմամբ իրավունքի գրանցմանը: Այդ փաստերի առկայությունը և գործի քննությանը ներգրավված չլինելու պարագայում Նելլի Զոհրաբյանի իրավունքների վերաբերյալ վճռի կայացումը հիմք են հանդիսացել վերջինիս համար իր իրավունքների պաշտպանության նպատակով բողոքարկելու դատական ակտը:

Ինչ վերաբերում է վեճի առարկա հանդիսացող բնակարանի նկատմամբ Նելլի Զոհրաբյանի սեփականության փաստը հավաստող ապացույցները` վաճառքի պայմանագիրը, սեփականության իրավունքի գրանցման վկայականը բողոքին կից չներկայացնելուն, ապա բողոքում ներկայացված հիմնավոր փաստերի առկայության պարագայում Վերաքննիչ դատարանն այդ ապացույցների բացակայությունը կարող էր դիտել որպես վրիպում և բողոքի հիմնավորվածության մեջ համոզմունք ունենալու համար կարող էր թերությունը վերացնելու հնարավորություն ընձեռել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 02.07.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ:

 

3. Հատուկ կարծիքը հիմնավորող պատճառաբանությունները և եզրահանգումները.

Սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի խախտման արդյունքում առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում անհրաժեշտ է անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք գործին մասնակից չդարձված անձի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ դատական ակտ կայացված լինելու փաստը կարող է գնահատման արժանանալ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցի քննարկման շրջանակներում:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, իսկ 63-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) որոշումներում:

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):

Վերոհիշյալ իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված է արդյունավետ իրավական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների իրացումը, որի կարևոր բաղադրիչներից է, ի թիվս այլոց, բողոքարկման իրավունքը: Դատական ակտերի բողոքարկման դատավարական ինստիտուտն իրավական այնպիսի միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով ապահովելու իրավունքի սուբյեկտի իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանությունը վերադաս դատական ատյաններում:

Այդ համատեքստում անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ և 372-րդ հոդվածների պահանջներին` պետք է արձանագրել հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն` գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված անձինք վերաքննիչ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե բողոքը ներկայացրել է այն անձը, որը դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով և գնահատման առարկա դարձնելով այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, արձանագրել է իրավահավասարության ու մրցակցության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (տե՛ս, Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի թիվ 3-2343(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշումը): Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը գործին մասնակից չդարձված անձանց վերապահում է գործին մասնակցող անձանց իրավունքներ և նրանց համար սահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ (տե՛ս, ՀՀ Արագածոտնի մարզի Քուչակի գյուղապետարանն ընդդեմ Լարիսա Եղիազարյանի, Գագիկ Մալխասյանի թիվ ԱՐԱԴ/0242/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ գործին մասնակից չդարձած անձանց դատավարական գործողություններն ուղղակիորեն պայմանավորված են նրանց դատավարական կարգավիճակով (...): Հետևաբար գործին մասնակից չդարձված անձը, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, պետք է իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու հնարավորություն ունենա (տե՛ս, «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ն ընդդեմ «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ի և մյուսների թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ գործին մասնակից չդարձված անձանց համար երաշխավորված դատարանի մատչելիության, դատական պաշտպանության իրավունքը դրսևորվում է, մասնավորապես` դատական ակտը բողոքարկելու իրավունքով և դրա իրացման ընթացակարգով (տե՛ս, Լուսինե Ավագյանն ընդդեմ Համլետ և Սուսանա Ճարոյանների թիվ ԵԱՆԴ/2466/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ վերաքննիչ դատարանը յուրաքանչյուր դեպքում գործին մասնակից չդարձված անձի կողմից ներկայացված բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելիս պետք է պարզի` արդյոք բողոքին կից ներկայացված ապացույցներով հիմնավորվում է, որ վիճարկվող դատական ակտն առերևույթ կարող է վերաբերել վերջինիս իրավունքներին և պարտականություններին: Ինչ վերաբերում է անձի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ դատական ակտ կայացված լինել կամ չլինելու հարցին, ապա այն պետք է գնահատման առարկա դարձվի և պարզվի ՀՀ վերաքննիչ դատարանում` գործի քննության փուլում (տե՛ս, Գառնիկ Կուրղինյանը և Մանյա Ալոյանն ընդդեմ Անահիտ և Միքայել Կուրղինյանների թիվ ԵԱՔԴ/2573/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2013 թվականի որոշումը):

Ամփոփելով վերը նշված դիրքորոշումները` հարկ է հավելել, որ գործին մասնակից չդարձված այն անձը, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, պետք է ունենա իր խախտված իրավունքների և օրինական շահերի վերականգնման արդյունավետ միջոցների հնարավորություն: Ընդ որում, պայմանավորված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու փուլի առանձնահատկություններով` վերաքննիչ դատարանը գործին մասնակից չդարձված անձի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ դատական ակտ կայացված լինելու փաստը պարզում է նախնական գնահատման ենթարկելով գործին մասնակից չդարձած անձի իրավունքների և օրինական շահերի խախտման փաստի վերաբերյալ բողոքում ներկայացված հիմնավորումները կամ բողոքին կից ներկայացված ապացույցները, վերջնական գնահատումն այդ փաստի վերաբերյալ, սակայն, իրականացնելով եզրափակիչ դատական ակտով: Այլ կերպ ասած` եթե ներկայացված վերաքննիչ բողոքում բերված հիմնավորումները կարող են վկայել, որ բողոքարկվող դատական ակտն առերևույթ կարող է վերաբերել գործին մասնակից չդարձած անձի իրավունքներին և օրինական շահերին, ապա վերաքննիչ դատարանը, բողոքը վարույթ ընդունելու մյուս պայմանները պահպանված լինելու դեպքում, պետք է այն վարույթ ընդունի, քանի որ դա է բխում անձի դատական պաշտպանության, դատարանի մատչելիության իրավունքի էությունից:

Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն` Ռոմեո Թադևոսյանը, դիմելով դատարան ընդդեմ Ժաննա Այվազյանի, երրորդ անձինք Աջափնյակ նոտարական տարածքի նոտար Մարինե Մարինոսյանի, Թելման Թադևոսյանի` պահանջել է 1/2 մասով անվավեր ճանաչել Ժաննա Այվազյանի և Թելման Թադևոսյանի միջև 05.08.2010 թվականին կնքված թիվ 724 նվիրատվության պայմանագիրը և նվիրատվության պայմանագրի հիման վրա կատարված Ժաննա Այվազյանի սեփականության իրավունքի գրանցումը և ճանաչել իր սեփականության իրավունքը Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 30-րդ շենքի թիվ 35 հասցեի անշարժ գույքի 1/2 բաժնի նկատմամբ: Դատարանի 18.10.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է (հատոր 2-րդ, գ.թ. 38-46):

Որպես գործին մասնակից չդարձված անձ Նելլի Զոհրաբյանի ներկայացուցիչը, վերաքննության կարգով բողոքարկելով Դատարանի 18.10.2017 թվականի վճիռը, հայտնել է, որ «13.01.2015 թվականին Ժաննա Այվազյանի հետ կնքված` ք. Երևան, Լենինգրադյան փողոցի 30-րդ շենքի թիվ 35 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի վաճառքի պայմանագրով 10.300.000 ՀՀ դրամով գնել է վիճելի բնակարանը: Պայմանագրից ծագած Նելլի Զոհրաբյանի սեփականության իրավունքը գրանցվել է 16.01.2015 թվականին և տրվել է իրավունքների պետական գրանցման թիվ 16012015-01-0003 վկայականը: (...) Նելլի Զոհրաբյանը թիվ ԵԱԴԴ/3197/02/15 քաղաքացիական գործով որպես կողմ ներգրավված չի եղել (...)»: Միաժամանակ բողոքաբերը հայտնել է, որ «07.05.2018 թվականին Ռոմեո Թադևոսյանը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Նելլի Զոհրաբյանի և երրորդ անձ Ժաննա Այվազյանի` նրանց միջև 13.01.2015 թվականին կնքված` ք. Երևան, Լենինգրադյան փողոցի 30-րդ շենքի թիվ 35 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը 1/2 մասով անվավեր ճանաչելու պահանջի մասին: Հայցադիմումը դատարանի 08.05.2018 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ: Նելլի Զոհրաբյանը փոստային առաքմամբ հայցադիմումն ստացել է 10.05.2018 թվականին, իսկ դատարանի որոշումը` 29.05.2018 թվականին: Նշված փաստաթղթերն ստանալուց հետո Նելլի Զոհրաբյանն իրազեկվել է իր իրավունքների վերաբերյալ դատական ակտ կայացվելու մասին և դատարանից ստացել է վճռի պատճենը» (հատոր 2-րդ, գ.թ. 60-63):

Վերաքննիչ դատարանը, Նելլի Զոհրաբյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելով, պատճառաբանել է, որ ո՛չ գործի նյութերում և ո՛չ էլ վերաքննիչ բողոքին կից ներկայացված փաստաթղթերում առկա չեն ապացույցներ այն մասին, որ սույն քաղաքացիական գործը վերաբերել է վերջինիս իրավունքներին և պարտականություններին, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը գտել է, որ վերաքննիչ բողոքը բերվել է այն անձի կողմից, ով դատական ակտը բողոքարկելու իրավունք չի ունեցել (հատոր 2-րդ, գ.թ. 78):

Վճռաբեկ բողոքին կից ներկայացվել է Ժաննա Այվազյանի և Նելլի Զոհրաբյանի միջև 13.01.2015 թվականին կնքված Անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը, որի համաձայն` Ժաննա Այվազյանը վաճառել, իսկ Նելլի Զոհրաբյանը ձեռք է բերել ք. Երևան, Աջափնյակ, Լենինգրադյան փողոց, թիվ 30 շենք, բնակարան թիվ 35 հասցեի անշարժ գույքը: Նշված պայմանագրի հիման վրա 16.01.2015 թվականին գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում Նելլի Զոհրաբյանի անվամբ կատարվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում, և վերջինիս տրվել է Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 16012015-01-0003 վկայականը, որը ևս ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից:

Վճռաբեկ բողոքին կից ներկայացված վերոգրյալ փաստաթղթերից ակնհայտ է, որ առաջին ատյանի դատարանում սույն գործով հայցադիմումը ներկայացնելու պահին (փոստային առաքման եղանակով ներկայացվել է 14.08.2015 թվականին, հատոր 1-ին, գ.թ. 28) վիճելի` ք. Երևան, Լենինգրադյան փողոց, թիվ 30 շենք, բնակարան թիվ

35 հասցեի անշարժ գույքի սեփականատեր է հանդիսացել Նելլի Զոհրաբյանը և Դատարանի 18.10.2017 թվականի վճիռն ուղղակիորեն վերաբերում է Նելլի Զոհրաբյանի սեփականության իրավունքին: Այսինքն` Դատարանի կողմից կայացված վճռով ճանաչվել է Ռոմեո Թադևոսյանի սեփականության իրավունքը Նելլի Զոհրաբյանին պատկանող բնակարանի 1/2 մասի նկատմամբ, ով տվյալ քաղաքացիական գործով չի ընդգրկվել որպես դատավարության մասնակից: Փաստորեն, Դատարանի կողմից կայացված դատական ակտն անմիջականորեն վերաբերել է գործին մասնակից չդարձված անձի սեփականության իրավունքին:

ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին մասի համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:

Նշված իրավանորմերի վերլուծությունից պարզ է դառնում, որ սեփականատիրոջ իրավազորությունների (տիրապետում, օգտագործում, տնօրինում) համակցությունը կազմում է սեփականության իրավունքի բովանդակությունը, այն պատկանում է սեփականատիրոջը և սահմանում սեփականության իրավունքի իրականացման սահմանները: Սեփականության իրավունքն ապահովում է գույքի նկատմամբ սեփականատիրոջ լիակատար գերիշխանությունը` այդ իրավունքի անձեռնմխելիությունը: Դրանով է ուղղակիորեն պայմանավորված սեփականատիրոջ կողմից իր տիրապետության ներքո գտնվող գույքի նկատմամբ իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ընդդեմ այն անձանց, որոնց գործողությունները խոչընդոտում են սեփականատիրոջը պատշաճ իրականացնելու իր` տիրապետման, օգտագործման, տնօրինման իրավազորությունները:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է անձի սեփականությանը` որպես սահմանադրորեն երաշխավորված գույքային իրավունք: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ սեփականատիրոջ իրավազորությունների (տիրապետում, օգտագործում, տնօրինում) համակցությունը կազմում է սեփականության իրավունքի բովանդակությունը, դրանց ամբողջությունն օրենքով պատկանում է սեփականատիրոջը` որպես սեփականության սուբյեկտիվ իրավունքի կրողի, և սահմանում սեփականության իրավունքի իրականացման սահմանները, ինչն ապահովում է գույքի նկատմամբ սեփականատիրոջ լիակատար գերիշխանությունը` սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը (տե՛ս, Գագիկ Սիսակունին ընդդեմ Սարգիս Գարուկյանի և մյուսների թիվ ԵԱՆԴ/1628/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Սույն քաղաքացիական գործի շրջանակներում հարկ է անդրադառնալ նաև ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորմանը, որը սահմանում է, որ սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Նշված իրավանորմի հիփոթեզից ակնհայտ է դառնում, որ սեփականության իրավունքի սահմանափակումների իրավական հնարավորությունները պայմանավորված են բացառապես երկու վավերապայմանների միաժամանակյա առկայությամբ, այն է`

- սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել բացառապես օրենքով,

- այդ սահմանափակումը պետք է պայմանավորված լինի հանրային շահի կամ այլ իրավունքի սուբյեկտների` բացառապես սահմանադրությամբ ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Նշված իրավանորմը հանդիսանում է բացարձակ-որոշակի, դրա վավերապայմաններից միայն մեկով առաջնորդվել կամ այդ վավերապայմանների կամայական ընդլայնում ՀՀ Սահմանադրությունը բացառել է: Այսինքն` ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված դրույթներից դուրս` այլ կանոններ չեն կարող իրավական հիմք հանդիսանալ անձի սեփականության իրավունքի գործողության սահմանները փոփոխության ենթարկելու համար:

Վերաքննիչ դատարանը, 02.07.2018 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելով, որպես մերժման հիմք արձանագրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, նկատի ունենալով, որ վերաքննիչ բողոքին կից չեն ներկայացվել վիճելի գույքի նկատմամբ Նելլի Զոհրաբյանի իրավունքները հաստատող ապացույցներ:

Քննարկվող պարագայում սահմանադրական նորմի գերակայության համատեքստում գործը վերաքննության կարգով վարույթ ընդունելու փուլում գույքային իրավունքների մասին ապացույց ներկայացնելու դատավարական դրույթի կիրառության սահմանները գնահատելիս հարկ է հաշվի առնել հետևյալը.

- սեփականության իրավունքը հանդիսանում է հիմնական իրավունք,

- սեփականության իրավունքի սահմանափակման միակ իրավական աղբյուրը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածը,

- դատավարական նորմերն ինքնին, առանց սահմանադրական վերոգրյալ իրավանորմի պահանջների պահպանման, չեն կարող սահմանափակել իրավունքի սուբյեկտի սեփականության իրավունքը:

Տվյալ դեպքում առկա է վիճելի անշարժ գույքի նկատմամբ բողոք բերած անձի անվամբ ձևակերպված սեփականության իրավունքի վկայական: Հաստատված է նաև, որ սույն քաղաքացիական գործով կայացված դատական ակտով բողոք բերած անձի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի 1/2 բաժնեմասի նկատմամբ դատական ակտով ճանաչվել է հայցվոր Ռոմեո Թադևոսյանի սեփականության իրավունքը: Այսինքն` նշված դատական ակտով սահմանափակվել է բողոք բերած անձի սեփականության իրավունքն այն դեպքում, երբ նա ներգրավված չի եղել սույն քաղաքացիական գործին, իրավական հնարավարություն չի ունեցել դատական կարգով իրականացնելու իր սեփականության իրավունքի պաշտպանությունը:

ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:

Հարկ է նշել, որ սեփականության իրավունքը հանդիսանում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված հիմնական գույքային իրավունք, այլ` ոչ հիմնական իրավունքների համեմատությամբ ունի իրավական պաշտպանության գերակայություն և այդ գերակայությունը դրսևորվում է նաև սեփականության իրավունքի խախտման վերացման առաջնայնությամբ:

Վերոգրյալ իրավական վերլուծությունների համատեքստում պետք է փաստել, որ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքում նշված տեղեկությունները պատշաճ գնահատման չի ենթարկել: Մասնավորապես` ուսումնասիրելով վերաքննիչ բողոքը, ակնհայտ է դառնում, որ նշված վերաքննիչ բողոքում առկա տվյալները բովանդակային առումով տեղեկություններ են պարունակում Դատարանի 18.10.2017 թվականի վճիռը Նելլի Զոհրաբյանի իրավունքներին և պարտականություններին առերևույթ վերաբերելու մասին: Մասնավորապես վերաքննիչ բողոքում բողոքաբերը հայտնել է, որ մեկ այլ քաղաքացիական գործի շրջանակներում սույն գործով հայցվոր Ռոմեո Թադևոսյանը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Նելլի Զոհրաբյանի և երրորդ անձ Ժաննա Այվազյանի` նրանց միջև 13.01.2015 թվականին կնքված` ք. Երևան, Լենինգրադյան փողոցի 30-րդ շենքի թիվ 35 բնակարան հասցեի անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը 1/2 մասով անվավեր ճանաչելու պահանջով: Այսինքն, նշված հայցադիմումով Ռոմեո Թադևոսյանն ըստ էության վիճարկել է այն առուվաճառքի պայմանագիրը, որի հիման Նելլի Զոհրաբյանի սույն գործով վեճի առարկա անշարժ գույքի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք:

Փաստորեն վերաքննիչ բողոքում նշվել են սույն գործով վեճի առարկա անշարժ գույքի նկատմամբ Նելլի Զոհրաբյանի սեփականության իրավունքի վերաբերյալ հստակ տեղեկություններ, այսինքն` բողոքով հայտնվել են կոնկրետ տվյալներ վիճելի անշարժ գույքը Նելլի Զոհրաբյանի կողմից որպես սեփականություն ձեռք բերելու վերաբերյալ, որոնց պատշաճ գնահատման արդյունքում Վերաքննիչ դատարանը կարող էր եզրահանգման գալ այն մասին, որ սույն գործով կայացված վճիռն առերևույթ վերաբերում է Նելլի Զոհրաբյանի իրավունքներին և պարտականություններին:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ ո՛չ գործի նյութերում, և ո՛չ էլ վերաքննիչ բողոքին կից ներկայացված փաստաթղթերով չի հիմնավորվում, որ Նելլի Զոհրաբյանը հանդիսանում է վեճի առարկա անշարժ գույքի սեփականատերը, ապա հարկ է արձանագրել, որ նշված հանգամանքը կարող էր պարզվել վերաքննիչ բողոքի քննության փուլում, ինչը, սակայն, անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը, մերժելով Նելլի Զոհրաբյանի վերաքննիչ բողոքի ընդունումը, սահմանափակել է վերջինիս` ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը:

Սույն հատուկ կարծիքում շարադրված պատճառաբանություններից ելնելով էլ համաձայն եմ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԱԴԴ/3197/02/15 քաղաքացիական գործով 13.03.2019 թվականին կայացված որոշման եզրափակիչ մասի հետ, այն է` «Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.07.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության»:

 

    Դատավոր                 Ե. Խունդկարյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
13.03.2019
N ԵԱԴԴ/3197/02/15
Որոշում