Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 368-ՐԴ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                 Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                          թիվ ԵԿԴ/2357/02/17

    Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2357/02/17      2019թ.

Նախագահող դատավոր` Մ. Հարթենյան

    Դատավորներ`        Կ. Չիլինգարյան

                       Ա. Խառատյան

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի մարտի 14-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ընդդեմ Քրիստինե Տոնոյանի, Օվսաննա Մեսրոբյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» 02.08.2018 թվականի որոշման դեմ Քրիստինե Տոնոյանի և Օվսաննա Մեսրոբյանի ներկայացուցիչ Կարինե Սիմիդյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Քրիստինե Տոնոյանից և Օվսաննա Մեսրոբյանից համապարտության կարգով հօգուտ իրեն բռնագանձել 85.784 ԱՄՆ դոլար և 68.000 ՀՀ դրամ` Բանկի վճարած պետական տուրքի գումարը, ինչպես նաև սկսած 01.06.2017 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը 16.08.2013 թվականին կնքված թիվ 408618 անշարժ գույքի ձեռքբերման վարկային պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) վարկի մնացորդի գումարի` 41.601,10 ԱՄՆ դոլարի վրա հաշվարկել և Քրիստինե Տոնոյանից և Օվսաննա Մեսրոբյանից համապարտության կարգով հօգուտ Բանկի բռնագանձել Պայմանագրի 1.1.2 կետով նախատեսված տարեկան տոկոսադրույքը ԿԲՀՏ+5.5% տոկոսի չափով, ինչպես նաև սկսած 01.06.2017 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը հաշվարկել ու Քրիստինե Տոնոյանից և Օվսաննա Մեսրոբյանից համապարտության կարգով հօգուտ Բանկի բռնագանձել Պայմանագրի 1.1.12.1 և 1.1.12.2 կետերով նախատեսված տույժերի գումարը` հաշվարկված վարկի մնացորդի` 41.601,10 ԱՄՆ դոլարի ժամկետանց մասի և 41.601,10 ԱՄՆ դոլարի նկատմամբ հաշվարկված տոկոսագումարի ժամկետանց մասի նկատմամբ կետանցի յուրաքանչյուր օրվա համար համապատասխանաբար ժամկետանց վարկի 0,15 տոկոսի չափով և ժամկետանց տոկոսագումարի 0,4 տոկոսի չափով:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) (այսուհետ` Դատարան) 17.05.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.07.2018 թվականի որոշմամբ Քրիստինե Տոնոյանի և Օվսաննա Մեսրոբյանի ներկայացուցչի միջնորդությունը` պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ, բավարարվել է և վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.08.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ Քրիստինե Տոնոյանի և Օվսաննա Մեսրոբյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քրիստինե Տոնոյանի և Օվսաննա Մեսրոբյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 368-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ չնայած այն հանգամանքին, որ բողոքի սկզբնամասում որպես բողոքարկվող դատական ակտ կայացրած դատարանի անվանում նշվել է «Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան» արտահայտությունը, այդուհանդերձ, վերնագրից հետո, որպես բողոքարկվող դատական ակտ կայացրած դատարան, նշվել է «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան» ձևակերպումը: Ակնհայտ է, որ տվյալ դեպքում վերաքննիչ բողոքում նշված է եղել այն դատարանի անվանումը, որի կայացրած դատական ակտի դեմ բերվել է վերաքննիչ բողոքը, իսկ վերաքննիչ բողոքում «Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան» ձևակերպումը զուտ տեխնիկական վրիպակի արդյունք է և չի կարող վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելու համար հիմք հանդիսանալ:

Տվյալ պարագայում բողոք բերող անձը պահպանել է վերաքննիչ բողոք բերելու` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգը, սակայն Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելու արդյունքում զրկվել է դատական պաշտպանության իրավունքից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» 02.08.2018 թվականի որոշումը»:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 368-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Եվրոպական դատարանը նշել է նաև, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

i

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե՛ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) կարևորելով իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, արձանագրել է, որ`

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

Վերոնշյալ իրավական նորմերի և ՀՀ սահմանադրական դատարանի վերոգրյալ որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է արդար դատաքննության հիմնական իրավունքը, որի կարևոր բաղադրիչներից մեկը, ի թիվս այլնի, բողոքարկման իրավունքն է: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ակտերի բողոքարկման դատավարական ինստիտուտն իրավական այնպիսի միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ դիրքորոշումների լույսի ներքո պետք է մեկնաբանվեն նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ և 372-րդ հոդվածները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր` նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքը պետք է լինի ընթեռնելի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքում նշվում են` (...) այն դատարանի անվանումը, որի կայացրած դատական ակտի դեմ բերվում է վերաքննիչ բողոքը, գործի համարը և դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը: Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները (...):

i

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ օրենսդիրը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածում սահմանելով վերաքննիչ բողոք ներկայացնելու ձևը և բովանդակությունը, ի թիվս այլնի, որպես վերաքննիչ բողոքի վավերապայման նախատեսել է նաև վերաքննիչ բողոքում այն դատարանի անվանումը (այդ թվում գործի համարը և դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը) նշելու պարտականությունը, որի կայացրած դատական ակտի դեմ բերվում է վերաքննիչ բողոքը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքում վերը նշված վավերապայմանի նշումն ինքնանպատակ չէ, այլ կոչված է ապահովելու բողոքարկվող դատական ակտի անհատականացումը` հնարավորություն տալով ինչպես Վերաքննիչ դատարանին, այնպես էլ դատավարության մասնակիցներին իրազեկվելու` թե որ դատական ակտն է բողոքարկվում, ինչն իր հերթին հնարավորություն կտա ինչպես Վերաքննիչ դատարանին օրենքով սահմանված կարգով իրականացնելու իր լիազորությունները, այնպես էլ դատավարության մասնակիցներին օգտվելու իրենց դատավարական իրավունքներից (օրինակ` ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած իր որոշմամբ անդրադառնալով անձի բողոքարկման իրավունքի իրականացմանը, արձանագրել է, որ վերաքննիչ դատարանի կողմից ոչ էական, աննշան թերությունների առկայության պատճառով անձին դատական ակտի բողոքարկման հնարավորությունից զրկելը հանգեցնում է արդար դատաքննության և դրա բաղկացուցիչ տարրը կազմող դատական մատչելիության իրավունքի սահմանափակման (տե՛ս, Քրիստինե Քամալյանն ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքի թիվ ԿԴ3/0355/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.07.2018 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի խախտում չեն կարող որակվել այն դեպքերը, երբ չնայած այն հանգամանքին, որ վերաքննիչ բողոքի վերտառությունում դատարանի անվանումը սխալ է նշվել, այնուամենայնիվ, բողոքի ուսումնասիրության արդյունքում որոշակի է դառնում, թե փաստացի որ դատարանի դատական ակտի դեմ է բերվել բողոքը: Հակառակ մոտեցումը Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համատեքստում ավելորդ ձևականություն (ֆորմալիզմ) է, որը կարող է հանգեցնել դատական պաշտպանության իրավունքի բուն էության խաթարմանը:

Սույն գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.07.2018 թվականի որոշմամբ Քրիստինե Տոնոյանի և Օվսաննա Մեսրոբյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքում նշված չէ բողոք բերող անձի` Քրիստինե Տոնոյանի հասցեն, ինչպես նաև այն դատարանի անվանումը, որի կայացրած դատական ակտի դեմ բերվել է վերաքննիչ բողոքը: Միաժամանակ վերը նշված որոշմամբ բավարարվել է բողոք բերած անձանց միջնորդությունը` պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ և սահմանվել է ժամկետ` բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար (գ.թ. 128-130):

Քրիստինե Տոնոյանի և Օվսաննա Մեսրոբյանի կողմից կրկին ներկայացվել է վերաքննիչ բողոք, որի վերտառությունում բողոքարկվող դատական ակտը կայացրած դատարանի անվանումը նշվել է «Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան», այնուհետև «նախագահությամբ դատավոր Ռ. Ներսիսյան, թիվ ԵԿԴ/2357/02/17 գործով 17.05.2018թ. կայացրած վճռի դեմ»: Միաժամանակ վերաքննիչ բողոքի առաջին պարբերության առաջին նախադասությունը շարադրվել է հետևյալ կերպ. «17.05.2018թ. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ` Ռ. Ներսիսյանի) քննության առնելով թիվ ԵԿԴ/2357/02/17 քաղաքացիական գործը կայացրել է վճիռ...» (գ.թ. 135-139):

Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 02.08.2018 թվականի որոշմամբ մերժել է Քրիստինե Տոնոյանի և Օվսաննա Մեսրոբյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը, արձանագրելով, որ մատնանշված թերությունները վերաքննիչ բողոք բերած անձանց կողմից ամբողջությամբ չեն վերացվել, մասնավորապես կրկին բերված վերաքննիչ բողոքում սխալ է նշվել այն դատարանի անվանումը, որի կայացրած դատական ակտի դեմ բերվել է վերաքննիչ բողոքը (գ.թ. 147-148):

Մինչդեռ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով չնայած այն հանգամանքին, որ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի վերտառությունում որպես դատարանի անվանում նշվել է «Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան» արտահայտությունը, այնուամենայնիվ, վերաքննիչ բողոքի հետագա շարադրանքում նշվել է «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան», բացի այդ, նշվել է` քաղաքացիական գործի համարը և դատական ակտի կայացման տարին, ամիսը և ամսաթիվը, որպիսի վավերապայմաններից ևս որոշակի է դառնում, որ բողոքարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/2357/02/17 քաղաքացիական գործով 17.05.2018 թվականի վճիռը:

Այսպիսով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև դատարանի անվանումը բողոքի վերտառությունում սխալ է նշված, այնուհանդերձ, թերությունն այնպիսին չէ, որ միանշանակ կերպով կասկածի տակ դրվի Օվսաննա Մեսրոբյանի և Քրիստինե Տոնոյանի կողմից դատավարական պարտականությունը կատարված լինելու հանգամանքը: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելով` Վերաքննիչ դատարանը սահմանափակել է բողոք բերած անձանց` դատարանի մատչելիության իրավունքը` խաթարելով այդ իրավունքի բուն էությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 02.08.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը ենթակա է վերացման:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
14.03.2019
N ԵԿԴ/2357/02/17
Որոշում