Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 7...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 79-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                     Վարչական գործ

    դատարանի որոշում                          թիվ ՎԴ/7479/05/16

    Վարչական գործ թիվ ՎԴ/7479/05/16           2019թ.

Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի մարտի 13-ին

քննելով ըստ հայցի «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) և Կազմակերպության դիտորդ Անի Գևորգյանի ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) և թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` Հանձնաժողովի 20.10.2016 թվականի թիվ 85-Ա որոշումը և թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 08.10.2016 թվականի թիվ 201-Ա որոշումն անվավեր ճանաչելու, և (կամ) Հանձնաժողովին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու, և (կամ) Հանձնաժողովի 20.10.2016 թվականի թիվ 85-Ա որոշումը և թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 08.10.2016 թվականի թիվ 201-Ա որոշումը, ինչպես նաև նշված հանձնաժողովներին ներկայացված դիմում-բողոքներում հիշատակված տեղամասերի տեղամասային հանձնաժողով(ներ)ի գործողությունները և (կամ) անգործությունն ոչ իրավաչափ ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 10.05.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Կազմակերպության և Կազմակերպության դիտորդ Անի Գևորգյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի վճռաբեկ բողոքը

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Կազմակերպությունը և Կազմակերպության դիտորդ Անի Գևորգյանը պահանջել են անվավեր ճանաչել Հանձնաժողովի 20.10.2016 թվականի թիվ 85-Ա և թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովի 08.10.2016 թվականի թիվ 201-Ա որոշումները, և (կամ) պարտավորեցնել վերջինիս ընդունել բարենպաստ վարչական ակտ, որով կբավարարվեն հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքների պահանջները, և (կամ) ոչ իրավաչափ ճանաչել Հանձնաժողովի 20.10.2016 թվականի թիվ 85-Ա որոշումը, թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովի 08.10.2016 թվականի թիվ 201-Ա որոշումը, ինչպես նաև նշված հանձնաժողովներին ներկայացված դիմում-բողոքներում հիշատակված տեղամասերի տեղամասային հանձնաժողով(ներ)ի գործողությունները և (կամ) անգործությունը, որոնց հետևանքով խախտվել են հայցվորների իրավունքները:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Սոսյան) 28.10.2016 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Սոսյան) 04.11.2016 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (դատավոր` Ք. Մկոյան) 23.12.2016 թվականի որոշմամբ ՀՀ վարչական դատարանի 04.11.2016 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացվել է:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Սոսյան) 13.02.2017 թվականի որոշմամբ Կազմակերպության և Կազմակերպության դիտորդ Անի Գևորգյանի միջնորդությունը` պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ մերժվել է և հայցադիմումը վերադարձվել է:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Սոսյան) (այսուհետ` Դատարան) 13.03.2017 թվականի որոշմամբ կրկին ներկայացված հայցադիմումը վերադարձվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.05.2017 թվականի որոշմամբ հայցվորների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 13.03.2017 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպության և Կազմակերպության դիտորդ Անի Գևորգյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ներկայացված են եղել վիճարկման, պարտավորեցման և ճանաչման հայցատեսակներ: Ընդ որում, վիճարկվել են Հանձնաժողովի 20.10.2016 թվականի թիվ 85-Ա որոշումը և թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 08.10.2016 թվականի թիվ 201-Ա որոշումը, որոնցից առաջինը կայացվել է երկրորդը վերադասության կարգով բողոքարկելու արդյունքում: Հետևաբար թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 08.10.2016 թվականի թիվ 201-Ա որոշման վիճարկման պահանջն իր մեջ ներառում է նաև Հանձնաժողովի 20.10.2016 թվականի թիվ 85-Ա որոշումը վիճարկելու պահանջը: Այսինքն` ստացվում է, որ հայցվորները ներկայացրել են երեք ոչ գույքային պահանջ, որոնց համար պետք է վճարվեր 12.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար, ինչն էլ հավաստող ապացույցները` բանկային անդորրագրերը, ներկայացվել են դատարան:

Մինչդեռ Դատարանը, անտեսելով այն հանգամանքը, որ հայցադիմումը վերադարձնելու հիմք առկա չի եղել, կայացրել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում, ինչը հաշվի չի առել Վերաքննիչ դատարանը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «վերացնել Վերաքննիչ դատարանի 10.05.2017 թվականի թիվ ՎԴ/7479/05/16 վարչական գործով վերաքննիչ բողոքը մերժելու մասին որոշումը»:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է մինչև 09.04.2018 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` պարտավորեցման հայցում իրավունքի ուժով ներառվող պահանջի համար դատական ծախսերի գանձման առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է մինչև 09.04.2018 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական խնդրին. արդյո՞ք պարտավորեցման հայցով դատարան դիմելիս առկա է պետական տուրքի վճարման պարտականություն նաև այն վարչական ակտի վիճարկման պահանջի համար, որով մերժվել է բարենպաստ վարչական ակտի ընդունումը, եթե այդ պահանջն իրավունքի ուժով ներառված է պարտավորեցման հայցում:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների (...) համար (...) պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով. հայցադիմումների (...) համար` ոչ գույքային պահանջով` բազային տուրքի քառապատիկի չափով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` բազային տուրքի չափ է սահմանվում 1.000 դրամը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցադիմումին կցվում են` օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն ներկայացվել սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթեր (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները): Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե մինչև վարչական հայց ներկայացնելը միջամտող վարչական ակտը բողոքարկվել է վարչական կարգով, ապա հայցը ներառում է նաև վարչական բողոքի վերաբերյալ կայացված միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջ:

i

Վերոգրյալ իրավական նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական դատավարության շրջանակներում հայցադիմում ներկայացնելու համար, որպես կանոն, անհրաժեշտ է վճարել պետական տուրք, որի վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորված են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով: Նշված օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 9-րդ հոդվածի վկայակոչված իրավադրույթի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը դատարան ներկայացվող հայցադիմումների համար գանձվող պետական տուրքի դրույքաչափը որոշելիս ելակետային է համարել հայցապահանջների բնույթը, այսինքն` պետական տուրքի դրույքաչափը պայմանավորված է այն հանգամանքով, թե արդյոք ներկայացված հայցապահանջը գույքային բնույթի է, թե` ոչ գույքային (ոչ դրամական): Այսպես, ոչ գույքային բնույթի պահանջների հիման վրա հարուցված գործերով դատարան ներկայացվող հայցադիմումների համար գանձվող պետական տուրքի դրույքաչափը սահմանված է կայուն դրամական միավորի տեսքով, որը հաշվարկվում է բազային տուրքի (1.000 ՀՀ դրամ) հիման վրա և գանձվում է յուրաքանչյուր ոչ գույքային պահանջի համար առանձին:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի ուժով հայցադիմումում պետք է նշվի հայցվորի պահանջը, որը կազմում է հայցի առարկան և որի մերժման կամ բավարարման վերաբերյալ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ է կայացնում (տե՛ս, Արթուր Ավթանդիլյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության թիվ ՎԴ/1707/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.03.2017 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ գործով փաստել է, որ վարչական գործի հարուցման հիմք հանդիսացող հայցի առարկան երբեմն կարող է իրավունքի ուժով իր մեջ ներառել այնպիսի հայցապահանջ, որը հայցվորի կողմից չի ներկայացվել դատարան: Այսպես, անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի բովանդակությանը` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ֆիզիկական և իրավաբանական անձինք, վիճարկման հայցով դիմելով վարչական դատարան, հայցում են իրենց իրավունքներին ու օրինական շահերին միջամտող վարչական ակտի վերացում: Ընդ որում, եթե նախքան տվյալ վարչական ակտի վիճարկման հայցով վարչական դատարան դիմելն այն բողոքարկվել է նաև վարչական կարգով, ապա ներկայացված հայցն օրենքի ուժով ներառում է նաև այդ վարչական ակտի` վարչական կարգով բողոքարկման արդյունքում կայացված միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջ (տե՛ս, Լուսինե Ավագյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/2191/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.06.2017 թվականի որոշումը):

Փաստորեն, միջամտող վարչական ակտի բողոքարկման արդյունքում կայացված միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջն իրավունքի ուժով ներառվում է սկզբնական վարչական ակտի վիճարկման հայցում` անկախ այն հանգամանքից, թե արդյոք միջամտող վարչական ակտի վերացման պահանջով դատարան դիմած հայցվորի կողմից այդ վարչական ակտի բողոքարկման արդյունքում կայացված միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջ ներկայացված է, թե` ոչ: Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ միջամտող վարչական ակտը բողոքարկվել է վարչական կարգով և այդ բողոքարկման արդյունքում ևս կայացվել է միջամտող վարչական ակտ, ապա սկզբնական միջամտող վարչական ակտի վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործով դատարանը պարտավոր է սկզբնական վարչական ակտի իրավաչափության հարցի հետ մեկտեղ քննել և լուծել նաև վարչական բողոքի վերաբերյալ կայացված միջամտող վարչական ակտի իրավաչափության հարցը:

Զարգացնելով վերը նշված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ նշված կառուցակարգը գործում է նաև այն դեպքում, երբ հայցորի կողմից ներկայացվել է պարտավորեցման հայցատեսակ: Մասնավորապես`

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից նույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը:

Վերոգրյալից հետևում է, որ այն դեպքում, երբ ներկայացվել է պարտավորեցման հայցատեսակ, ապա այն ներառում է նաև վարչական մարմնի կողմից բարենպաստ վարչական ակտ ընդունելը մերժելու մասին վարչական ակտի վիճարկման պահանջը: Այսինքն` պարտավորեցման հայցատեսակն իր բովանդակությամբ ներառում է նաև վիճարկման պահանջ, ընդ որում, անկախ նրանից` հայցվորը ներկայացրել է նմանաբնույթ պահանջ, թե` ոչ: Այլ կերպ ասած` վարչական մարմնի կողմից բարենպաստ վարչական ակտ ընդունելը մերժելու մասին վարչական ակտի վիճարկման պահանջն օրենքի ուժով ներառված է պարտավորեցման հայցապահանջի մեջ:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճարկման հայցով դատարան դիմելիս վարչական բողոքի վերաբերյալ կայացված միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջի` որպես ոչ գույքային պահանջի համար պետական տուրք վճարելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ այդ պահանջն իրավունքի ուժով ներառված է վիճարկման հայցում` անկախ հայցվորի կողմից ներկայացված լինելու կամ չլինելու հանգամանքից: Նշված կառուցակարգը կիրառելի է նաև այն դեպքերում, երբ հայցվորի կողմից ներկայացվել է պարտավորեցման հայցատեսակ: Այս դեպքում վարչական մարմնի կողմից բարենպաստ վարչական ակտ ընդունելը մերժելու մասին վարչական ակտի վիճարկման պահանջն օրենքի ուժով ներառված է պարտավորեցման հայցապահանջի մեջ: Հետևաբար այս դեպքում նույնպես բացակայում է անհրաժեշտությունը` վճարել պետական տուրքի գումար պարտավորեցման հայցատեսակում ներառված վիճարկման հայցի մասով:

Սույն գործի փաստերի համաձայն` Կազմակերպությունը և Կազմակերպության դիտորդ Անի Գևորգյանը հայցադիմում են ներկայացրել դատարան` պահանջելով.

ա) անվավեր ճանաչել Հանձնաժողովի 20.10.2016 թվականի թիվ 85-Ա որոշումը և թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 08.10.2016 թվականի թիվ 201-Ա որոշումը,

բ) և (կամ) պարտավորեցնել Հանձնաժողովին ընդունել բարենպաստ վարչական ակտ, որով կբավարարվեն հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքների պահանջները,

գ) և (կամ) ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 20.10.2016 թվականի թիվ 85-Ա որոշումը և թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 08.10.2016 թվականի թիվ 201-Ա որոշումը,

դ) ինչպես նաև ոչ իրավաչափ ճանաչել նշված հանձնաժողովներին ներկայացված դիմում-բողոքներում հիշատակված տեղամասերի տեղամասային հանձնաժողովների գործողությունները և (կամ) անգործությունը (հատոր 1-ին, գ.թ. 21-29):

Դատարանի 13.02.2017 թվականի որոշմամբ հայցվորների կողմից ներկայացված միջնորդությունը` պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ, մերժվել է, իսկ հայցադիմումը` վերադարձվել: Նույն որոշմամբ Դատարանն արձանագրել է, որ ներկայացվել են թվով չորս ոչ գույքային պահանջներ, որոնց մասով անհրաժեշտ է վճարել սահմանված չափով պետական տուրքի գումար (հատոր 3-րդ, գ.թ. 3-6):

Կազմակերպության և Կազմակերպության դիտորդ Անի Գևորգյանի կողմից կրկին ներկայացված հայցադիմումին կից ներկայացվել են 12.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարումը հավաստող բանկային անդորրագրեր (հատոր 3-րդ, գ.թ. 23-27):

Դատարանի 13.03.2017 որոշմամբ կրկին ներկայացված հայցադիմումը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ դատական ակտով արձանագրված են եղել թվով չորս ոչ գույքային պահանջներ, սակայն վճարվել է միայն թվով երեք ոչ գույքային պահանջների մասով պետական տուրքի գումարը, իսկ մյուս պահանջի մասով չի ներկայացվել պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու մասին միջնորդություն (հատոր 3-րդ, գ.թ. 29-31):

Վերաքննիչ դատարանը, մերժելով Կազմակերպության և Կազմակերպության դիտորդ Անի Գևորգյանի վերաքննիչ բողոքը, նշել է, որ «ներկայացվել է 4 ոչ գույքային պահանջ, հետևաբար պետական տուրքի գանձման համար որոշիչ նշանակություն ունի այն խնդրի պարզումը, թե պահանջներից յուրաքանչյուրը կարող է այլ լուծում ստանալ, քան մյուսը, այսինքն, որ դրանցից մեկի լուծումը ինքնաբերաբար չի բերում մյուսի նմանօրինակ լուծմանը: Տվյալ դեպքում ներկայացված հայցադիմումի ուսումնասիրությունից պարզվել է, որ թիվ 85-Ա որոշման և թիվ 201-Ա որոշման վիճարկման հիմքում հայցվոր կողմը դրել է նաև վիճարկման այլ` ինքնուրույն հիմնավորումներ, որի պարագայում, վեճի` ըստ էության քննության արդյունքում, հնարավոր են այդ որոշումների վերաբերյալ տարբեր` միմյանցից անկախ լուծումներ: Սա էլ իր հերթին նշանակում է, որ ներկայացված որոշումների անվավերության պահանջներն իրենցից ներկայացնում են ինքնուրույն պահանջներ, որոնցից յուրաքանչյուրի համար ենթակա է վճարման պետական տուրք` բազային տուրքի քառապատիկի չափով» (հատոր 4-րդ, գ.թ. 25-31):

Համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործով Կազմակերպությունը և Կազմակերպության դիտորդ Անի Գևորգյանը դատարան ներկայացրած հայցադիմումով վիճարկման պահանջի շրջանակներում վիճարկել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 20.10.2016 թվականի թիվ 85-Ա որոշումը և թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 08.10.2016 թվականի թիվ 201-Ա որոշումը, ընդ որում, Հանձնաժողովի 20.10.2016 թվականի թիվ 85-Ա որոշումը կայացվել է վերադասության կարգով ներկայացված վարչական բողոքի արդյունքում, հետևաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 08.10.2016 թվականի թիվ 201-Ա որոշման վիճարկման հայցն իր մեջ ներառում է Հանձնաժողովի 20.10.2016 թվականի թիվ 85-Ա որոշման վիճարկման պահանջը:

Բացի այդ, Կազմակերպությունը և Կազմակերպության դիտորդ Անի Գևորգյանը ներկայացրել են պարտավորեցման հայց, որով պահանջել են պարտավորեցնել Հանձնաժողովին ընդունել բարենպաստ վարչական ակտ, որով կբավարարվեն հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքների պահանջները: Հետևաբար հայցվոր կողմի ներկայացված վիճարկման պահանջն իր հերթին ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով ներառվում է պարտավորեցման հայցի մեջ: Հետևաբար նշված երկու հայցատեսակների մասով ենթակա էր վճարման պետական տուրքի գումար միայն մեկ ոչ գույքային պահանջի չափով:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո, հաշվի առնելով նաև իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի պահանջը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ներկայացված հայցադիմումի համար վճարման ենթակա պետական տուրքի չափը կազմում է 12.000 ՀՀ դրամ. մասնավորապես` պարտավորեցման հայցապահանջի համար` 4.000 ՀՀ դրամ, որը ներառում է նաև Հանձնաժողովի 20.10.2016 թվականի թիվ 85-Ա որոշման և թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 08.10.2016 թվականի թիվ 201-Ա որոշման վիճարկման պահանջները, ինչպես նաև ճանաչման պահանջների համար` 4.000-ական ՀՀ դրամ: ՈՒստի Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում ստորադաս դատարանների այն եզրահանգումը, որ Կազմակերպությունը և Կազմակերպության դիտորդ Անի Գևորգյանը սույն գործով հայցադիմում ներկայացնելու համար պարտավոր էին վճարել 4 ոչ գույքային պահանջների համար պետական տուրքի գումար բազային տուրքի քառապատիկի չափով` յուրաքանչյուր հայցապահանջի համար առանձին-առանձին (16.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի գումար):

Վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունների արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ սույն գործով հայցվորների կողմից ներկայացված հայցադիմումը ենթակա չէր վերադարձման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով, քանի որ վերջիններիս կողմից ներկայացվել են համապատասխան չափով պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցները: Հետևաբար Վերաքննիչ դատարանի 10.05.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը ենթակա է վերացման:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 10.05.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 13.03.2017 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
13.03.2019
N ՎԴ/7479/05/16
Որոշում