Սեղմել Esc փակելու համար:
«ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃ ...

13.05.2004 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.12.2000  -ից մինչեւ   13.05.2004  -ը:
 

(ուժը կորցրել է 02.04.04 թիվ 1-05/7-Ն հրաման)

i

124.1292.051200

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

20 հոկտեմբերի 2000 թվականի թիվ 02/1292

 

i

«ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածի «գ» կետը, ղեկավարվելով «Շահութահարկի մասին» և Հայաստանի Հանրապետության օրենքի 71 հոդվածով և նպատակ ունենալով պարզաբանել շահութահարկի (այդ թվում` շահութահարկի կանխավճարների) հաշվարկման և վճարման հարցերը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հրահանգը:

 

          ՀԱՍՏԱՏՎԱԾ Է                        ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է

   ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ              ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ

   ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ                       ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

   «20» հոկտեմբերի 2000թ.            «____» __________ 2000թ.

թիվ 02/1292 հրամանով

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածի «գ» կետը և ղեկավարվելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71 հոդվածով` ՀՀ հարկային տեսչության կողմից 1998թ. հուլիսի 17-ի թիվ 01/36 հրամանով հաստատված (համաձայնեցված ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ) «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1. Հրահանգի 5.1.4 կետի «դ» ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) Փոքրարժեք և արագամաշ առարկաների գծով ծախսերը` կազմակերպությունում ընդունված հաշվապահական հաշվառման քաղաքականությանը համապատասխան: Եթե կազմակերպությունը չի ներկայացրել փոքրարժեք և արագամաշ առարկաների գծով հաշվապահական հաշվառման քաղաքականություն, ապա փոքրարժեք և արագամաշ առարկաների արժեքը մարվում է»:

i

2. Հրահանգի 5.1.5 ենթակետի վերջում լրացնել «ինչպես նաև ապահովադիր հանդես եկող հարկատուի կողմից իր աշխատողների համար մուծված ապահովագրավճարների գումարները, եթե այդ վճարումների կատարումը պարտադրված է օրենքով» բառերը:

i

3. Հրահանգի 5.1.12 ենթակետում «հարկատուի» բառից հետո հանել «հաստիքային ցուցակում ընդգրկված» բառերը:

i

4. Հրահանգի 5.1.32 ենթակետը համարել 5.1.33 ենթակետ, իսկ 5.1.32 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.1.32. Ոչնչացված գույքի արժեքը, եթե գույքի ոչնչացումը օրենքով սահմանված դեպքերում հանդիսանում է պարտադիր պահանջ, որի չկատարումը հանգեցնում է (կարող է հանգեցնել) հարկատուի գործունեության իրավական սահմանափակմանը (մասնավորապես, լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելուն կամ լիցենզիայի գործողության կասեցմանը)»:

i

5. Հրահանգի 5.7.7 ենթակետը լրացնել նոր պարբերությունով հետևյալ բովանդակությամբ.

«Ընդ որում, հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում օրենքով սահմանված կարգով շնորհ համարվող գույքի գծով ծախսերը կամ այդ միջոցների հաշվին կատարված ծախսերը»:

i

6. Հրահանգի 6.3. կետում «հաստատագրված վճարներ» բառերից հետո լրացնել «և (կամ) պարզեցված հարկ» բառերը:

7. Հրահանգի 6.4. կետից հանել չորրորդ պարբերությունը:

i

8. Հրահանգը լրացնել նոր 7.3.3 ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

«7.3.3. Շահութահարկի վճարման ընդհանուր կարգով և շահութահարկի վճարման ժամկետի հետաձգմամբ միաժամանակ աշխատող հարկատուների նկատմամբ կիրառվում են հրահանգի 6.4. կետի դրույթները»:

9. Հրահանգի 9.3 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«9.3.1. Հաշվետու տարվա ընթացքում հարկատուն պարտավոր է կատարել շահութահարկի կանխավճարներ:

9.3.2. Կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր ամիս, նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի մեկ տասնվեցերորդի չափով` տվյալ ամսվա 25-ից (իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից) ոչ ուշ:

9.3.3. Հարկատուն շահութահարկի կանխավճարներ կարող է չկատարել հետևյալ դեպքերում.

ա) նոր հիմնադրված հարկատուն (բացի վերակազմակերպման դեպքերից)` մինչև պետական գրանցման տարվա փաստացի շահութահարկի հաշվարկի ներկայացման օրը, բայց ոչ ուշ, քան այդ (պետական գրանցման) տարվանը հաջորդ տարվա ապրիլի 25-ը.

բ) այն հարկատուն, որը նախորդ տարում հարկվող շահույթ չի ունեցել` այդ (նախորդ) տարվա փաստացի շահութահարկի հաշվարկը ներկայացնելուց հետո.

գ) այն հարկատուն, որի նախորդ տարվա շահութահարկի գումարը չի գերազանցել 500,0 հազար դրամը` այդ (նախորդ) տարվա փաստացի շահութահարկի հաշվարկը ներկայացնելուց հետո.

դ) այն հարկատուն, որը ընթացիկ տարում ազատվում է շահութահարկի վճարումից (օգտվում է 100 տոկոս ժամկետային արտոնությունից)` հարկային արտոնության իր իրավունքը հաստատող փաստաթղթերը հարկային մարմնին ներկայացնելուց հետո.

ե) այն հարկատուն, որը ընթացիկ տարում եկամուտներ չի նախատեսում (գործունեություն չի իրականացնելու)` այդ մասին նախօրոք (նախորդ տարվա փաստացի շահութահարկի հաշվարկների օրենքով սահմանված ներկայացման ժամկետից ոչ ուշ) հարկային մարմնին գրավոր հայտնելուց հետո:

9.3.4. Ամսական կանխավճարների մեծությունը հաշվարկելիս հաշվի են առնվում հետևյալ առանձնահատկությունները.

ա) ընթացիկ տարում ամսական կանխավճարների մեծությունը հաշվարկելիս հաշվի են առնվում նաև նախորդ տարում ստուգմամբ հայտնաբերված շահութահարկի գումարները (անկախ այն հանգամանքից, թե որ տարիներին են վերաբերվում հայտնաբերված լրացուցիչ գումարները):

Օրինակ 2. Կազմակերպության 2000թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 3200,0 հազ. դրամ, որը ներառում է 2000թ. սեպտեմբերին հարկային մարմինների կողմից կազմակերպությունում կատարված ստուգմամբ լրացուցիչ հայտնաբերված շահութահարկի գումարները, որոնք վերաբերվում են 1998թ. և 1999թ. կազմակերպության գործունեությանը (ընդհանուր գումարով` 1300,0 հազ. դրամ): 2000թ. տարեկան շահութահարկի հաշվարկը կազմակերպության կողմից հարկային մարմին ներկայացվել է 22.01.2001թ-ին:

2001թ. ամսական կանխավճարների գումարը կկազմի 200,0 հազ. դրամ (3200,0:16), որի առաջին վճարումը պետք է կատարվի 2001թ. հունվարի 25-ից ոչ ուշ.

բ) հրահանգի 7.3.1 ենթակետի համաձայն շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից օգտվող հարկատուները, որոնք հաշվետու տարում ստացել են նախորդ տարիներին վերաբերվող գումարներ, վերջիններիս գծով հաշվարկված և հետաձգված հարկի գումարները վճարում են մինչև հաշվետու տարվանը հաջորդող ապրիլի 25-ը (ներառյալ) և այդ գումարները հաշվի են առնում հաշվետու տարվանը հաջորդող տարվա կանխավճարները հաշվարկելիս` հրահանգի 9.3.2 ենթակետում նշված չափերով (այդ դեպքում հարկատուն գումարների ստացման տարվա տարեկան շահութահարկի հաշվարկի հետ միասին հարկային մարմնին ներկայացնում է նաև համապատասխան տեղեկանք` հաշվարկի 0800 տողում, իսկ հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցած հարկատուները` հաշվարկի 1100 տողում արտացոլված գումարի կառուցվածքի մասին):

Օրինակ 3. Կազմակերպության 1999թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 2000 հազ. դրամ, որից 800,0 հազ. դրամը հաշվարկվել է պետական պատվերի շրջանակներում իրականացվող գործունեությունից: 1999թ. տարեկան շահութահարկի հաշվարկը կազմակերպության կողմից հարկային մարմին ներկայացվել է 20.01.2000թ-ին: Պետական պատվերի գծով գումարները կազմակերպությունը ստացել է 2000թ. սեպտեմբերի 21-ին: Կազմակերպության 2000թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկը կազմել է 900,0 հազ. դրամ:

2000թ. ամսական կանխավճարի գումարը կկազմի 75,0 հազ. դրամ ((2000,0 - 800,0):16), որի առաջին վճարումը պետք է կատարվի 2000թ. հունվարի 25-ից ոչ ուշ: 2001թ. ամսական կանխավճարի գումարը կկազմի 106,25 հազ. դրամ ((900,0 + 800):16): Մինչև 2001թ. ապրիլի 25-ը (ներառյալ) վճարվում է նաև 1999թ. պետական պատվերի գծով հետաձգված հարկի գումարը (800,0 հազ. դրամ).

գ) այն հարկատուն, որը նախորդ տարվա որևէ ժամանակահատվածում հանդիսացել է հաստատագրված վճար վճարող, իսկ ընթացիկ տարում շահութահարկը հաշվարկում և վճարում է ընդհանուր սահմանված կարգով, ընթացիկ տարում ամսական կանխավճարների գումարները հաշվարկում է հաշվի առնելով նախորդ տարվա համար հաշվարկված հաստատագրված վճարի մեջ շահութահարկին բաժին ընկնող (իսկ օրենքով նախատեսված սահմանային չափերը գերազանցված լինելու դեպքում` ընդհանուր սահմանված կարգով հաշվարկված շահութահարկի) գումարները:

Օրինակ 4. Կազմակերպությունը 2000թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը չի ունեցել, իսկ հաստատագրված վճարի շահութահարկին բաժին ընկնող մասը (40 օ/օ) կազմում է 800,0 հազ. դրամ: 2001թ. համար կազմակերպությունը շահութահարկը հաշվարկում և վճարում է ընդհանուր սահմանված կարգով: 2000թ. տարեկան շահութահարկի հաշվարկը կազմակերպության կողմից հարկային մարմին ներկայացվել է 22.01.2001թ-ին:

2001թ. ամսական կանխավճարի գումարը կկազմի 50,0 հազ. դրամ (800,0:16), որի առաջին վճարումը պետք է կատարվի 2001թ. հունվարի 25-ից ոչ ուշ.

դ) այն հարկատուն, որը նախորդ տարվա որևէ ժամանակահատվածում հանդիսացել է պարզեցված հարկ վճարող, իսկ ընթացիկ տարում շահութահարկը հաշվարկում և վճարում է ընդհանուր սահմանված կարգով, ընթացիկ տարում ամսական կանխավճարների գումարները հաշվարկում է հաշվի առնելով նախորդ տարվա համար հաշվարկված պարզեցված հարկի մեջ շահութահարկին բաժին ընկնող (իսկ օրենքով նախատեսված պարզեցված հարկ վճարող դադարելու դեպքում` ընդհանուր սահմանված կարգով հաշվարկված շահութահարկի) գումարները:

Օրինակ 5. Կազմակերպության 2000թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 400,0 հազ. դրամ, իսկ պարզեցված հարկի շահութահարկին բաժին ընկնող մասը (40 օ/օ) կազմում է 800,0 հազ. դրամ: 2001թ. համար կազմակերպությունը շահութահարկը հաշվարկում և վճարում է ընդհանուր սահմանված կարգով: 2000թ. տարեկան շահութահարկի հաշվարկը կազմակերպության կողմից հարկային մարմին ներկայացվել է 22.01.2001թ-ին:

2001թ. ամսական կանխավճարի գումարը կկազմի 75,0 հազ. դրամ ((400,0 + 800,0):16), որի առաջին վճարումը պետք է կատարվի 2001թ. հունվարի 25-ից ոչ ուշ.

ե) ընթացիկ տարում.

- իրավաբանական անձանց միաձուլման դեպքում` կանխավճարները հաշվարկում է նոր առաջացած իրավաբանական անձը` հաշվի առնելով միաձուլված կազմակերպությունների համար հաշվարկված կանխավճարային գումարները:

Օրինակ 6. «Ա» , «Բ» , «Գ» և «Դ» կազմակերպությունները 2000թ. սեպտեմբերի 15-ին միաձուլվել են, որի հետևանքով առաջացել է «Ե» կազմակերպությունը: «Ա» կազմակերպության 1999թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 600,0 հազ. դրամ, «Բ» կազմակերպության` 400,0 հազ. դրամ և «Դ» կազմակերպությանը` 1200,0 հազ. դրամ, իսկ «Գ» կազմակերպությունը 1999թ. տարեկան արդյունքներով ունեցել է հարկային վնաս:

Միաձուլումից հետո «Ե» կազմակերպության ամսական կանխավճարի գումարը կկազմի 112,5 հազ. դրամ ((600,0 + 1200,0):16)), որի առաջին վճարումը պետք է կատարվի 2000թ. սեպտեմբերի 25-ից ոչ ուշ.

- իրավաբանական անձի` այլ իրավաբանական անձի միանալու դեպքում` վերջինս կանխավճարները հաշվարկում է հաշվի առնելով միացած կազմակերպությունների համար հաշվարկված կանխավճարային գումարները:

Օրինակ 7. «Ա» , «Բ» և «Դ» կազմակերպությունները 2000թ. սեպտեմբերի 15-ին միացվել են «Գ» կազմակերպությանը: «Ա» կազմակերպության 1999թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 600,0 հազ. դրամ, «Բ» կազմակերպության` 400,0 հազ. դրամ և «Դ» կազմակերպությանը` 1200,0 հազ. դրամ, իսկ «Գ» կազմակերպությունը 1999թ. տարեկան արդյունքներով ունեցել է հարկային վնաս:

Միացումից հետո «Գ» կազմակերպության ամսական կանխավճարի գումարը կկազմի 112,5 հազ. դրամ ((600,0 + 1200,0):16), որի առաջին վճարումը պետք է կատարվի 2000թ. սեպտեմբերի 25-ից ոչ ուշ.

- իրավաբանական անձի բաժանման դեպքում կանխավճարները հաշվարկում են նոր առաջացած իրավաբանական անձինք հավասարաչափ, եթե բաժանիչ հաշվեկշռով այլ բան նախատեսված չէ:

Օրինակ 8. «Գ» կազմակերպությունը 2000թ. սեպտեմբերի 15-ին բաժանվել է «Ա» , «Բ» և «Դ» կազմակերպությունների` բաժանիչ հաշվեկշռի համապատասխան (բաժանիչ հաշվեկշռով կանխավճարների գծով հարկային պարտավորությունների վերաբաշխում նախատեսված չէ): «Գ» կազմակերպության 1999թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 1200,0 հազ. դրամ:

Բաժանվելուց հետո «Ա» , «Բ» և «Դ» կազմակերպությունների ամսական կանխավճարի գումարը կկազմի 25,0 հազ. դրամ (1200,0:16,3), որի առաջին վճարումը պետք է կատարվի 2000թ. սեպտեմբերի 25-ից ոչ ուշ.

- իրավաբանական անձի կազմից մեկ կամ մի քանի իրավաբանական անձանց առանձնանալու դեպքում` կանխավճարները հաշվարկում է վերակազմակերպված իրավաբանական անձը, եթե բաժանիչ հաշվեկշռով այլ բան նախատեսված չէ:

Օրինակ 9. «Գ» կազմակերպությունից 2000թ. սեպտեմբերի 15-ին առանձնացել են «Ա» , «Բ» և «Դ» կազմակերպությունները` բաժանիչ հաշվեկշռի համապատասխան (բաժանիչ հաշվեկշռով կանխավճարների գծով հարկային պարտավորությունների վերաբաշխում նախատեսված չէ): «Գ» կազմակերպության 1999թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 600,0 հազ. դրամ:

Առանձնանալուց հետո ևս «Գ» կազմակերպության ամսական կանխավճարի գումարը կկազմի 37,5 հազ. դրամ (600,0:16), իսկ «Ա» , «Բ» և «Դ» կազմակերպությունները 2000թ. ընթացքում կանխավճարներ չեն վճարում.

- իրավաբանական անձի վերակազմավորման (կազմակերպական-իրավական ձևի փոփոխում) դեպքում` կանխավճարները հաշվարկվում են ընդհանուր սահմանված կարգով:

Օրինակ 10. «Ա» ՍՊԸ 2000թ. սեպտեմբերի 15-ին վերակազմավորվել է «Ա» ՓԲԸ` փոխանցման ակտին համապատասխան: «Ա» ՍՊԸ 1999թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 600,0 հազ. դրամ:

Վերակազմավորումից հետո ևս «Ա» ՓԲԸ ամսական կանխավճարի գումարը կկազմի 37,5 հազ. դրամ (600,0:16).

զ) նախորդ տարում իրավաբանական անձանց վերակազմակերպման (միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) դեպքում կազմակերպությունները ընթացիկ տարում կանխավճարները հաշվարկում են ընդհանուր սահմանված կարգով.

է) այն կազմակերպությունների գծով, որոնց Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ թույլատրվում է շահութահարկի հաշվարկումը, հաշվարկների ներկայացումը և վճարումը կատարել կենտրոնացված կարգով շահութահարկի կանխավճարները հաշվարկվում և վճարվում են, հաշվի առնելով հետևյալը.

- ընթացիկ տարում կենտրոնացված կարգով շահութահարկ վճարող դառնալու դեպքում կանխավճարները վճարում է (հաշվի առնելով յուրաքանչյուր կազմակերպության կանխավճարների գումարները) այն կազմակերպությունը, որի միջոցով կատարվում է շահութահարկի հաշվարկում և վճարում կենտրոնացված կարգով:

Օրինակ 11. «Ա» , «Բ» , «Գ» և «Դ» կազմակերպությունները 2000թ. սեպտեմբերի 15-ից դարձել են կենտրոնացված կարգով շահութահարկ վճարող` «Գ» կազմակերպության միջոցով: «Ա» կազմակերպության 1999թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 600,0 հազ. դրամ, «Բ» կազմակերպության` 400,0 հազ. դրամ և «Դ» կազմակերպությանը` 1200,0 հազ. դրամ, իսկ «Գ» կազմակերպությունը 1999թ. տարեկան արդյունքներով ունեցել է հարկային վնաս:

Կենտրոնացված կարգով շահութահարկ վճարող դառնալուց հետո «Գ» կազմակերպության ամսական կանխավճարի գումարը կկազմի 112,5 հազ. դրամ ((600,0 + 1200,0):16), որի առաջին վճարումը պետք է կատարվի 2000թ. սեպտեմբերի 25-ից ոչ ուշ.

- նախորդ տարում կենտրոնացված կարգով շահութահարկ վճարող դառնալու և ընթացիկ տարում նույն կարգով շահութահարկ վճարելու դեպքում, ընթացիկ տարում կանխավճարները վճարում է այն կազմակերպությունը, որի միջոցով կատարվում է շահութահարկի հաշվարկում և վճարում կենտրոնացված կարգով` ընդհանուր սահմանված կարգով.

- ընթացիկ կամ նախորդ տարում կենտրոնացված կարգով շահութահարկ վճարող կազմակերպությունները ընթացիկ տարում շահութահարկ հաշվարկելու և վճարելու ընդհանուր սահմանված կարգին անցնելու դեպքերում, ընթացիկ տարում կանխավճարները վճարում են` հաշվի առնելով նախորդ տարվա իրենց մասով հաշվարկված փաստացի շահութահարկի գումարները:

Օրինակ 12. «Ա» , «Բ» , «Գ» և «Դ» կազմակերպությունները մինչև 2001թ. հունվարի 1-ը շահութահարկը վճարում են կենտրոնացված կարգով` «Գ» կազմակերպության միջոցով, իսկ 2001թ. հունվարի 1-ից շահութահարկը հաշվարկում և վճարում են ընդհանուր սահմանված կարգով: «Ա» կազմակերպության 2000թ. գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 600,0 հազ. դրամ, «Բ» կազմակերպության` 400,0 հազ. դրամ և «Դ» կազմակերպությանը` 1200,0 հազ. դրամ, իսկ «Գ» կազմակերպությունը 2000թ. տարեկան արդյունքներով ունեցել է հարկային վնաս:

«Ա» և «Դ» կազմակերպությունների 2001թ. ամսական կանխավճարների գումարը կկազմի համապատասխանաբար 37,5 հազ. դրամ (600,0:16) և 75,0 հազ. դրամ (1200,0:16), իսկ «Բ» և «Գ» կազմակերպությունները 2001թ. ընթացքում կանխավճարներ չեն վճարում:

9.3.5. Մինչև նախորդ տարվա փաստացի շահութահարկի գումարի հաշվարկումը, հարկատուն շահութահարկի կանխավճարները յուրաքանչյուր անգամ կատարում է նախորդ տարվա վերջին կանխավճարի գումարից (ամսական հանրագումար) ոչ պակաս չափով:

Նախորդ տարվա փաստացի շահութահարկի գումարները հայտնի դառնալուց հետո փաստացի շահութահարկի հաշվարկի ներկայացմանը հաջորդող առաջին կանխավճարային մուծման ժամանակ կատարվում է մինչև հաշվարկի ներկայացումը տվյալ տարվա ընթացքում կատարված կանխավճարների գումարների ճշտում (այդ թվում` նաև նախորդ տարում շահութահարկի կանխավճարներ չունեցող, սակայն այդ տարվա արդյունքներով ընթացիկ տարում կանխավճարներ կատարելու պարտավորություն ունեցող հարկատուների կողմից)` տարվա սկզբից աճող հանրագումարով և սույն հրահանգի 9.3.2 ենթակետում նշված չափերով:

Օրինակ 13. Կազմակերպության 2000թ. հաշվարկված ամսական կանխավճարների գումարը կազմել է 100,0 հազ. դրամ: Կազմակերպությունը 2001թ. մարտի 12-ին հարկային մարմին ներկայացրել է 2000թ. հաշվապահական հաշվետվություններ և փաստացի շահութահարկի հաշվարկը, ըստ որի 2000թ. հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 1920,0 հազ. դրամ:

2001թ. ամսական կանխավճարի գումարը կկազմի 120,0 հազ. դրամ (1920,0:16): Ընդ որում, կազմակերպությունը 2001թ. ընթացքում` ըստ ամիսների, կանխավճարների մուծումները կատարում է հետևյալ ժամկետներում և չափերով.

- 25.01.2001թ. և 25.02.2001թ. ամսական 100,0 հազ. դրամ

- 25.03.2001թ.` 160.0 հազ. դրամ (120,0 + (120,0 - 100,0) x 2),

- 25.04.2001թ. ... 25.12.2001թ.`  ամսական 120,0 հազ. դրամ:

Օրինակ 14. Կազմակերպության 1999թ. հաշվարկված ամսական կանխավճարների գումարը կազմել է 100,0 հազ. դրամ: Կազմակերպությունը 2000թ. մարտի 10-ին հարկային մարմին ներկայացրել է 1999թ. հաշվապահական հաշվետվություններ և փաստացի շահութահարկի հաշվարկ, ըստ որի 1999թ. հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 1280,0 հազ. դրամ:

2000թ. ամսական կանխավճարի գումարը կկազմի 80,0 հազ. դրամ (1280,0:16): Ընդ որում, կազմակերպությունը 2000թ. ընթացքում` ըստ ամիսների, կանխավճարների մուծումները կատարում է հետևյալ ժամկետներում և չափերով.

- 25.01.2000թ. և 25.02.2000թ.  ամսական 100,0 հազ. դրամ,

- 25.03.2000թ.`  40,0 հազ. դրամ (80,0 + (80,0 - 100,0) x 2),

- 25.04.2000թ. ... 25.12.2000թ.` ամսական 80,0 հազ. դրամ:

9.3.6. Նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս նախատեսելու դեպքում հարկատուն այդ մասին նախօրոք (բայց նախորդ տարվա շահութահարկի հաշվարկների օրենքով սահմանված ներկայացման ժամկետից ոչ ուշ) գրավոր հայտնում է հարկային մարմնին և ամսական կանխավճարների մեծությունը որոշում է ինքնուրույն` հավասարաչափ բաշխելով ըստ ամիսների: Մինչև հայտարարության ներկայացնելը հաշվարկված կանխավճարների գծով վերահաշվարկ չի կատարվում:

Օրինակ 15. Կազմակերպության 1999թ. հաշվարկված ամսական կանխավճարների գումարը կազմել է 100,0 հազ. դրամ: Կազմակերպությունը 2000թ. մարտի 10-ին հարկային մարմին ներկայացրել է 1999թ. հաշվապահական հաշվետվություններ և փաստացի շահութահարկի հաշվարկ, ըստ որի 1999թ. հարկվող շահույթը և հաշվարկված շահութահարկի գումարը կազմել են, համապատասխանաբար, 10480,0 հազ. դրամ և 1920,0 հազ. դրամ: Կազմակերպությունը 2000թ. ապրիլի 12-ին գրավոր հայտնում է հարկային մարմնին, որ 2000թ. հարկվող շահույթը նախատեսվում է 10480,0 հազ. դրամ գումարից պակաս և ընթացիկ տարվա ամսական կանխավճարները կատարելու է 50,0 հազ. դրամի չափով:

Այսպիսով, կազմակերպությունը 2000թ. ընթացքում` ըստ ամիսների, կանխավճարների մուծումները կատարում է հետևյալ ժամկետներում և չափերով.

- 25.01.2000թ. և 25.02.2000թ. ամսական 100,0 հազ. դրամ

- 25.03.2000թ.` 160.0 հազ. դրամ (120,0 + (120,0 - 100,0) x 2),

   - 25.04.2000թ. ... 25.12.2000`     ամսական 120,0 հազ. դրամ:

Նույն օրինակում, եթե կազմակերպությունը հարկային մարմնին գրավոր տեղեկացնում է 2001թ. ապրիլի 16-ին, ապա 2001թ. ապրիլ ամսվա և հետագա ամիսների համար կանխավճարների մուծումները կատարվում են ամսական 120,0 հազ. դրամ գումարի չափով:

9.3.7. Սեզոնային բնույթի գործունեության ոլորտներում` փաստացի շահութահարկի հաշվարկների օրենքով սահմանված ներկայացման ժամկետից ոչ ուշ հարկային մարմիններ գրավոր դիմելու դեպքում թույլատրվում է տարվա կանխավճարային մուծումներն իրականացնել հարկային մարմինների հետ համաձայնեցված ամսական չափերով: Մինչև հարկային մարմիններին գրավոր դիմելու օրը հաշվարկված կանխավճարների գծով վերահաշվարկ չի կատարվում:

Սեզոնային բնույթի գործունեության ոլորտների չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը:

9.3.8. Հրահանգի 9.2.3 ենթակետի համաձայն հարկատուի կողմից հարկային մարմնին ճշտված հաշվարկ ներկայացնելու դեպքում կատարվում է նաև հաշվարկված կանխավճարների գումարների վերահաշվարկ` այն տարվանը հաջորդող տարվանից սկսած, որի համար ներկայացվել է ճշտված հաշվարկը:

Օրինակ 16. Կազմակերպության 1999թ. հաշվարկված ամսական կանխավճարների գումարը կազմել է 100,0 հազ. դրամ: Կազմակերպությունը 2000թ. մարտի 10-ին հարկային մարմին ներկայացրել է 1999թ. հաշվապահական հաշվետվություններ և փաստացի շահութահարկի հաշվարկը, ըստ որի 1999թ. հարկվող շահույթը և հաշվարկված շահութահարկի գումարը կազմել են, համապատասխանաբար 7920,0 հազ. դրամ և 1280,0 հազ. դրամ: Կազմակերպությունը 2000թ. հունիսի 12-ին հարկային մարմին ներկայացնում է 1999թ. փաստացի շահութահարկի ճշտված հաշվարկ, ըստ որի 1999թ. հարկվող շահույթը և հաշվարկված շահութահարկի գումարը կազմում են, համապատասխանաբար, 10480,0 հազ. դրամ և 1920,0 հազ. դրամ:

Այսպիսով, կազմակերպությունը 2000թ. հունվար-փետրվար ամիսներին կանխավճարների մուծումները կատարում է ամսական 100,0 հազ. դրամ գումարի չափով, իսկ 2000թ. մարտի 10-ին փաստացի շահութահարկի հաշվարկը ներկայացնելուց հետո կատարվում է կանխավճարների գումարների վերահաշվարկ, ըստ որի ամսական կանխավճարային մուծումները կազմում են 80,0 հազ. դրամ (1280,0:16).

- 25.03.2000թ.`  40,0 հազ. դրամ (80,0 + (80,0 - 100,0) x 2),

- 25.04.2000թ. ... 25.05.2000թ.` ամսական 80,0 հազ. դրամ:

Փաստացի շահութահարկի ճշտված հաշվարկը ներկայացնելուց հետո կատարվում է հաշվարկված կանխավճարների վերահաշվարկ, ըստ որի ամսական կանխավճարային մուծումները կազմում են 120,0 հազ. դրամ (1920,0:16):

2000թ. մարտի 10-ին հարկային մարմին ճիշտ լրացված փաստացի շահութահարկի հաշվարկը ներկայացնելու դեպքում կազմակերպությունը 2000թ. ընթացքում կանխավճարների մուծումները կկատարեր հետևյալ ժամկետներում և չափերով.

- 25.01.2000թ. և 25.02.2000թ. ամսական 100,0 հազ. դրամ

- 25.03.2000թ.` 160.0 հազ. դրամ (120,0 + (120,0 - 100,0) x 2),

   - 25.04.2000թ. ... 25.12.2000`     ամսական 120,0 հազ. դրամ:

2000թ. հունիսի 12-ին փաստացի շահութահարկի ճշտված հաշվարկը ներկայացնելուց հետո շահութահարկի կանխավճարների հաշվարկը ունենալու է հետևյալ տեսքը.

- 25.01.2000թ. և 25.02.2000թ. ամսական 100,0 հազ. դրամ

- 25.03.2000թ.`  40,0 հազ. դրամ (80,0 + (80,0 - 100,0) x 2),

- 25.04.2000թ. ... 25.05.2000թ.` ամսական 80,0 հազ. դրամ,

- 25.06.2000թ.` 320,0 հազ. դրամ (120,0 + (120,0 - 80,0) x 5),

- 25.07.2000թ. ... 25.12.2000թ.` ամսական 120,0 հազ. դրամ:

Օրինակ 17. Կազմակերպության 1999թ. հաշվարկված ամսական կանխավճարների գումարը կազմել է 100,0 հազ. դրամ: Կազմակերպությունը 2000թ. մարտի 10-ին հարկային մարմին ներկայացրել է 1999թ. հաշվապահական հաշվետվություններ և փաստացի շահութահարկի հաշվարկը, ըստ որի 1999թ. հարկվող շահույթը և հաշվարկված շահութահարկի գումարը կազմել են, համապատասխանաբար, 10480,0 հազ. դրամ և 1920,0 հազ. դրամ: Կազմակերպությունը 2000թ. հունիսի 12-ին հարկային մարմին է ներկայացնում 1999թ. փաստացի շահութահարկի ճշտված հաշվարկ, ըստ որի 1999թ. հարկվող շահույթը և հաշվարկված շահութահարկի գումարը կազմում են, համապատասխանաբար, 6400,0 հազ. դրամ և 960,0 հազ. դրամ:

Այսպիսով, կազմակերպությունը 2000թ. հունվար-փետրվար ամիսներին կանխավճարների մուծումները կատարում է ամսական 100,0 հազ. դրամ գումարի չափով, իսկ 2000թ. մարտի 10-ին փաստացի շահութահարկի հաշվարկը ներկայացնելուց հետո կատարվում է կանխավճարների գումարների վերահաշվարկ, ըստ որի ամսական կանխավճարային մուծումները կազմում են 120,0 հազ. դրամ (1920,0:16).

   - 25.03.2000թ.      160,0 հազ. դրամ  (120,0 + (120,0 - 100,0) x 2),

   - 25.04.2000թ.  և   25.05.2000թ.    ամսական 120,0 հազ. դրամ:

Ճշտված հաշվարկը ներկայացնելուց հետո կատարվում է հաշվարկված կանխավճարների վերահաշվարկ, ըստ որի ամսական կանխավճարային մուծումները կազմում են 60,0 հազ. դրամ (960,0:16):

2000թ. մարտի 10-ին հարկային մարմին ճիշտ լրացված փաստացի շահութահարկի հաշվարկը ներկայացնելու դեպքում կազմակերպությունը 2000թ. ընթացքում կանխավճարների մուծումները կկատարեր հետևյալ ժամկետներում և չափերով.

   - 25.01.2000թ.  և   25.02.2000թ.    ամսական 100,0 հազ. դրամ,

- 25.03.2000թ.   20,0 հազ. դրամ (60,0 + (60,0 - 100,0) x 2),

- 25.04.2000թ.  40,0 հազ. դրամ (60,0 - 20,0),

- 25.05.2000թ. ... 25.12.2000թ.  ամսական 60,0 հազ. դրամ:

2000թ. հունիսի 12-ին փաստացի շահութահարկի ճշտված հաշվարկը ներկայացնելուց հետո շահութահարկի կանխավճարների հաշվարկը ունենալու է հետևյալ տեսքը.

- 25.01.2000թ. և 25.02.2000թ. ամսական 100,0 հազ. դրամ

- 25.03.2000թ.` 160.0 հազ. դրամ (120,0 + (120,0 - 100,0) x 2),

   - 25.04.2000թ. ... 25.05.2000`     ամսական 120,0 հազ. դրամ:

- 25.06.2000թ.  240,0 հազ. դրամ  (60,0 + (60,0 - 120,0) x 5),

- 25.07.2000թ. 180,0 հազ. դրամ (60,0 - 240,0),

- 25.08.2000թ. 120,0 հազ. դրամ (60,0 - 180,0),

- 25.09.2000թ. 60,0 հազ. դրամ (60,0 - 120,0),

- 25.10.2000թ. 0 (60,0 - 60,0),

- 25.11.2000թ. և 25.12.2000թ. ամսական 60,0 հազ. դրամ:

9.3.9. Ընթացիկ տարում կազմակերպության կողմից ինքնուրույն հայտնաբերված` նախորդ տարիներում ավել կամ պակաս ցույց տրված եկամուտները և (կամ) նվազեցումները (որոնք բխում են հաշվապահական հաշվառման մեջ տրվող գրանցումներից) շահութահարկով հարկման նպատակով հաշվի են առնվում հայտնաբերման տարվա հարկվող շահույթը որոշելիս (եթե այդ եկամուտները և (կամ) նվազեցումները վերաբերվում են ընթացիկ տարվանը նախորդող երեք տարիներին) և ընթացիկ, ինչպես նաև նախորդ տարիների կանխավճարների վերահաշվարկ չի կատարվում:

9.3.10. Ընթացիկ տարում ստուգմամբ հայտնաբերված նախորդ տարիներում ավել կամ պակաս ցույց տրված եկամուտները և (կամ) նվազեցումները շահութահարկով հարկման նպատակով հաշվի են առնվում հայտնաբերման տարվա հարկվող շահույթը որոշելիս (եթե այդ եկամուտները և (կամ) նվազեցումները վերաբերվում են ընթացիկ տարվանը նախորդող երեք տարիներին)` ՀՀ ՀՏ 11.02.99թ. թիվ 01/8 հրամանով հաստատված «Ստուգումներով հայտնաբերված հարկերի, դրանց գծով հաշվարկված ֆինանսական պատժամիջոցների հաշվապահական ձևակերպումների և հաշվետվություններում և հարկային հաշվարկներում դրանց արտացոլման վերաբերյալ» հրահանգչական նամակի համաձայն և ընթացիկ, ինչպես նաև նախորդ տարիների կանխավճարների վերահաշվարկ չի կատարվում:

Եթե ընթացիկ տարում` մինչև նախորդ տարվա փաստացի շահութահարկի հաշվարկների օրենքով սահմանված ներկայացման ժամկետը, բայց հարկատուի կողմից նախորդ տարվա փաստացի շահութահարկի հաշվարկը հարկային մարմին ներկայացնելուց հետո, տվյալ հարկատուի մոտ կատարված ստուգմամբ հայտնաբերվել է նախորդ տարվա արդյունքներով վճարման ենթակա լրացուցիչ շահութահարկի գումարներ, ապա հաշվարկված տուգանքները ենթակա են պետական բյուջե վճարման համապատասխան ակտ ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում, իսկ լրացուցիչ հայտնաբերված շահութահարկը ենթակա է պետական բյուջե վճարման ընթացիկ տարվա ապրիլի 25-ից ոչ ուշ: Այդ ժամկետից սկսվում է նախորդ տարվա հաշվարկված շահութահարկի (այդ թվում` լրացուցիչ հայտնաբերված) չվճարված գումարների գծով տույժերի հաշվարկը` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածով նախատեսված չափերով:

Օրինակ 18. Կազմակերպությունը 2000թ. ընթացքում շահութահարկի կանխավճար վճարող չի եղել: Կազմակերպությունը 2001թ. փետրվարի 12-ին հարկային մարմին ներկայացրել է 2000թ. հաշվապահական հաշվետվություններ և փաստացի շահութահարկի հաշվարկ, ըստ որի 2000թ. հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 600,0 հազ. դրամ: 2001թ. փետրվար-մարտ ամիսներին հարկային մարմինների կողմից կազմակերպությունում կատարված ստուգմամբ լրացուցիչ գանձման է առաջադրվել շահութահարկ (400,0 հազ. դրամ), որը վերաբերվում է 2000թ. կազմակերպության գործունեությանը: Ստուգման ակտը կազմվել է 2001թ. մարտի 12-ին:

Տվյալ դեպքում 2000թ. փաստացի շահութահարկի հաշվարկում արտացոլված և ստուգմամբ լրացուցիչ հայտնաբերված 2000թ. շահութահարկի գումարները (համապատասխանաբար` 600,0 և 400,0 հազ. դրամ) կազմակերպությունը պարտավոր է վճարել մինչև 2001թ. ապրիլի 25-ը (ներառյալ): Այդ ժամկետից սկսած հաշվարկվում են տույժեր «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածով սահմանված կարգով` շահութահարկի չվճարված գումարների նկատմամբ: Ընդ որում, 2001թ. շահութահարկի կանխավճարների վերահաշվարկ չի կատարվում:

9.3.11. Հաշվետու տարվա ավարտից հետո հարկատուն, ելնելով հաշվարկված հարկվող շահույթի մեծությունից, հաշվարկում է պետական բյուջե վճարման ենթակա շահութահարկի գումարը` հաշվանցելով տվյալ հաշվետու տարվա համար կատարված կանխավճարների գումարները:

Եթե հաշվետու տարվա փաստացի շահութահարկի գումարը պակաս է տվյալ տարվա համար կատարված կանխավճարների հանրագումարից, ապա դրանց տարբերությունը ենթակա է հաշվանցման հարկատուի այլ հարկային պարտավորությունների հաշվին կամ վերադարձման` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածի համաձայն:

Եթե կատարված կանխավճարների հանրագումարը պակաս է տվյալ հաշվետու տարվա փաստացի շահութահարկի գումարից, ապա վերահաշվարկ է կատարվում միայն շահութահարկի գծով և հարկատուն պարտավոր է առաջացած տարբերությունը վճարել պետական բյուջե: Շահութահարկի գումարի վճարումն ուշացնելու համար տույժերի հաշվարկը սկսվում է տվյալ հաշվետու տարվանը հաջորդող տարվա ապրիլի 25-ից` շահութահարկի գումարի չվճարված մասի նկատմամբ, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածով նախատեսված չափերով:

9.3.12. Սահմանված ժամկետներում հարկատուի կողմից կանխավճարային մուծումներ չկատարելու դեպքում հարկային մարմիններն այդ կանխավճարային գումարների և դրանց գծով հաշվարկված տույժերի վերաբերյալ պահանջներ են ներկայացնում օրենսդրությամբ սահմանված կարգով:

Վերոհիշյալ տույժը կիրառվում է ժամանակին չմուծված շահութահարկի կանխավճարային մուծումների գումարների նկատմամբ, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածով նախատեսված չափերով: Հաշվետու տարվա կանխավճարների նկատմամբ տույժերի հաշվարկը դադարեցվում է հարկային մարմնին հաշվետու տարվա փաստացի շահութահարկի գումարի հայտնի դառնալու (շահութահարկի հաշվարկը ներկայացնելու) օրը, բայց ոչ ուշ հաշվետու տարվանը հաջորդող ապրիլի 25-ը: Կանխավճարների նկատմամբ հաշվարկված տույժերի գումարները վերահաշվարկման կամ վերադարձման ենթակա չեն:

Օրինակ 19. Հրահանգի 14 օրինակում բերված դեպքում կազմակերպությունը 2000թ., ինչպես նաև 2001թ. հունվար-մարտ ամիսների (ամսական` 80,0 հազ. դրամ) շահութահարկի կանխավճարները կատարել է սահմանված ժամկետներում և չափերով: Կազմակերպությունը 2001թ. ապրիլի 10-ին հարկային մարմին ներկայացրել է 2000թ. հաշվապահական հաշվետվություններ և փաստացի շահութահարկի հաշվարկ, ըստ որի 2000թ. փաստացի շահութահարկը կազմել է 2080,0 հազ. դրամ:

Տվյալ դեպքում մինչև 2001թ. ապրիլի 25-ը (ներառյալ) կազմակերպությունը վճարում է շահութահարկ` 1120,0 հազ. դրամ (2080,0 - (2x100,0 + 40,0 + 9x80,0)), ինչպես նաև ապրիլ ամսվա կանխավճար` 280,0 հազ. դրամ (2080,0:16x4 - 3x80,0) գումարի չափով, իսկ 2000թ. և 2001թ. հունվար-մարտ ամիսների համար հաշվարկված և վճարված կանխավճարների գծով տույժեր չեն հաշվարկվում:

նույն օրինակում, եթե կազմակերպությունը 2000թ. և 2001թ. հունվար-մարտ ամիսների շահութահարկի կանխավճարները կատարել է ոչ ամբողջությամբ (օրինակ, հաշվարկված ամսական կանխավճարների գումարների 60 օ/օ-ի չափով) և մինչև 2001թ. ապրիլի 25-ը (ներառյալ) վճարել է 1120,0 հազ. դրամ շահութահարկ ու 280,0 հազ. դրամ ապրիլ ամսվա կանխավճար, ապա 2000թ. համար հաշվարկված և չվճարված կանխավճարների նկատմամբ (այսինքն` հաշվարկված ամսական կանխավճարների գումարների 40 օ/օ-ի նկատմամբ) հաշվարկվում են տույժեր` մինչև 2001թ. ապրիլի 10-ը: Տույժերի հաշվարկի դադարեցումը չի վերաբերվում 2001թ. հունվար-մարտ ամիսների համար հաշվարկված և չվճարված (մասնակի չվճարված) կանխավճարների գումարներին: Միաժամանակ, 2001թ. ապրիլի 25-ից տույժեր են հաշվարկվում 2000թ. համար հաշվարկված և չվճարված շահութահարկի` 384,0 հազ. դրամ (2080,0 - ((2x100,0+40,0+9x80,0)x60 օ/օ + 1120,0))գումարի նկատմամբ:

Օրինակ 20. Հրահանգի 14 օրինակում բերված դեպքում կազմակերպությունը 2000թ., ինչպես նաև 2001թ. հունվար-մարտ ամիսների (ամսական` 80,0 հազ. դրամ) շահութահարկի կանխավճարները կատարել է սահմանված ժամկետներում և չափերով: Կազմակերպությունը 2001թ. ապրիլի 10-ին հարկային մարմին ներկայացրել է 2000թ. հաշվապահական հաշվետվություններ և փաստացի շահութահարկի հաշվարկ, ըստ որի 2000թ. փաստացի շահութահարկը կազմել է 400,0 հազ. դրամ:

Տվյալ դեպքում կազմակերպության կողմից 2000թ. համար ավել վճարված շահութահարկի գումարը` 560,0 հազ. դրամ (1280,0 x 75 օ/օ - 400,0) և 2001թ. հունվար-մարտ ամիսներին կատարված շահութահարկի կանխավճարների գումարը` 240,0 հազ. դրամ (3 x 80,0) ենթակա են հաշվանցման հարկատուի այլ հարկային պարտավորությունների հաշվին կամ վերադարձման` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածի համաձայն:

Նույն օրինակում, եթե կազմակերպությունը 2000թ. և 2001թ. հունվար-մարտ ամիսների շահութահարկի կանխավճարները կատարել է ոչ ամբողջությամբ (օրինակ, հաշվարկված ամսական կանխավճարների գումարների 60 օ/օ-ի չափով), ապա 2000թ. և 2001թ. հունվար-մարտ ամիսների համար հաշվարկված և չվճարված կանխավճարների գումարների նկատմամբ (այսինքն` հաշվարկված ամսական կանխավճարների գումարների 40 օ/օ-ի նկատմամբ) հաշվարկվում են տույժեր` մինչև 2001թ. ապրիլի 10-ը: Միաժամանակ, կազմակերպության կողմից 2000թ. համար ավել վճարված շահութահարկի` 176,0 հազ. դրամ ((2x 100,0 + 40,0 + 9x 80,0) x 60 օ/օ - 400,0) և 2001թ. հունվար-մարտ ամիսներին կատարված շահութահարկի կանխավճարների` 240,0 հազ. դրամ (3 x 80,0) գումարները ենթակա են հաշվանցման հարկատուի այլ հարկային պարտավորությունների հաշվին կամ վերադարձման` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածի համաձայն:

9.3.13. Հրահանգի 9.3.6 ենթակետի պայմաններում կանխավճարի տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի շահութահարկի 75 օ/օ-ից պակաս լինելու դեպքում հարկատուն վճարում է տույժ` փաստացի ստացված շահութահարկի մեկ տասնվեցերորդի և տվյալ ամսվա փաստացի վճարված կանխավճարի տարբերության գումարի նկատմամբ` կանխավճարի վճարման համար հրահանգի 9.3.2 ենթակետում նախատեսված օրվանից մինչև հարկային մարմնին փաստացի շահութահարկի գումարի հայտնի դառնալու (շահութահարկի հաշվարկը ներկայացնելու) օրը:

Նշված դրույթները վերաբերվում են նաև այն դեպքերին, երբ հարկատուն ընթացիկ տարում կանխավճարներ չի կատարում` եկամուտներ չնախատեսելու (գործունեություն չիրականացնելու) վերաբերյալ նախօրոք (նախորդ տարվա փաստացի շահութահարկի հաշվարկների օրենքով սահմանված ներկայացման ժամկետից ոչ ուշ) հարկային մարմնին գրավոր հայտնելուց հետո:

Օրինակ 21. Հրահանգի 15 օրինակում բերված դեպքում կազմակերպությունը շահութահարկի կանխավճարները` 2000թ., ինչպես նաև 2001թ. հունվար-մարտ ամիսների) ամսական` 50,0 հազ. դրամ) ընթացքում կատարել է սահմանված ժամկետներում և չափերով: Կազմակերպությունը 2001թ. ապրիլի 10-ին հարկային մարմին ներկայացրել է 2000թ. հաշվապահական հաշվետվություններ և փաստացի շահութահարկի հաշվարկ, ըստ որի 2000թ. փաստացի շահութահարկը կազմել է 1040,0 հազ. դրամ (այսինքն` 2000թ. հաշվարկված և վճարված կանխավճարների գումարը (2x100,0+160,0+9x50,0=810,0 հազ. դրամ) գերազանցում է 2000թ. փաստացի շահութահարկի 75 օ/օ-ը (1040,0x75 օ/օ=780,0 հազ. դրամ):

Տվյալ դեպքում մինչև 2001թ. ապրիլի 25-ը (ներառյալ) կազմակերպությունը վճարում է շահութահարկ` 230,0 հազ. դրամ (1040,0-810,0), ինչպես նաև ապրիլ ամսվա կանխավճար` 110,0 հազ. դրամ (1040,0:16x4-3x50,0) գումարի չափով, իսկ 2000թ. և 2001թ. հունվար-մարտ ամիսների համար հաշվարկված և վճարված կանխավճարների գծով տույժեր չեն հաշվարկվում:

Նույն օրինակում, եթե կազմակերպությունը շահութահարկի կանխավճարները 2000թ. և 2001թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում կատարել է ոչ ամբողջությամբ (օրինակ, հաշվարկված ամսական կանխավճարների գումարների 60 օ/օ-ի չափով) և մինչև 2001թ. ապրիլի 25-ը (ներառյալ) վճարել է 230,0 հազ. դրամ շահութահարկ ու 110,0 հազ. դրամ ապրիլ ամսվա կանխավճար, ապա 2000թ. համար հաշվարկված և չվճարված կանխավճարների նկատմամբ (այսինքն` հաշվարկված ամսական կանխավճարների գումարների 40 օ/օ-ի նկատմամբ) հաշվարկվում են տույժեր` մինչև 2001թ. ապրիլի 10-ը: Տույժերի հաշվարկի դադարեցումը չի վերաբերվում 2001թ. հունվար-մարտ ամիսների համար հաշվարկված և չվճարված (մասնակի չվճարված) կանխավճարների գումարներին: Միաժամանակ, 2001թ. ապրիլի 25-ից տույժեր են հաշվարկվում 2000թ. համար հաշվարկված և չվճարված շահութահարկի` 324,0 հազ. դրամ (1040,0 - (810,0x60օ/օ + 230,0)) գումարի նկատմամբ:

Օրինակ 22. Հրահանգի 15 օրինակում բերված դեպքում կազմակերպությունը շահութահարկի կանխավճարները 2000թ., ինչպես նաև 2001թ. հունվար-մարտ ամիսների (ամսական` 50,0 հազ. դրամ) ընթացքում կատարել է սահմանված ժամկետներում և չափերով: Կազմակերպությունը 2001թ. ապրիլի 10-ին հարկային մարմին ներկայացրել է 2000թ. հաշվապահական հաշվետվություններ և փաստացի շահութահարկի հաշվարկ, ըստ որի 2000թ. փաստացի շահութահարկը կազմել է 2080,0 հազ. դրամ (այսինքն` 2000թ. հաշվարկված և վճարված կանխավճարների գումարը (2x100,0+160,0+9x50,0=810,0 հազ. դրամ) պակաս է 2000թ. փաստացի շահութահարկի 75օ/օ-ից (2080,0x75օ/օ=1560,0 հազ. դրամ)):

Տվյալ դեպքում 2000թ. և 2001թ. հունվար-մարտ ամիսների համար կատարվում է հաշվարկված կանխավճարների վերահաշվարկ` ամսական 130,0 հազ. դրամ (2080,0:16) և հաշվարկվում են տույժեր հետևյալ գումարների նկատմամբ.

   - 25.04.2000թ.`     110,0 հազ. դրամ ((4x130,0-(100,0+100,0+160,0+50,0))

- 25.05.2000թ. ... 25.03.2001թ.`  ամսական  80,0 հազ. դրամ (130,0-50,0):

Ընդ որում, 2000թ. համար վերահաշվարկված և չվճարված կանխավճարների նկատմամբ տույժերը հաշվարկվում են մինչև 2001թ. ապրիլի 10-ը: Տույժերի հաշվարկի դադարեցումը չի վերաբերվում 2001թ. հունվար-մարտ ամիսների համար վերահաշվարկված և չվճարված (մասնակի չվճարված) կանխավճարների գումարներին:

Մինչև 2001թ. ապրիլի 25-ը կազմակերպությունը վճարում է շահութահարկ` 520,0 հազ. դրամ (2080,0-1560,0), ինչպես նաև ապրիլ ամսվա կանխավճար` 130,0 հազ. դրամ գումարի չափով:

9.3.14. Կազմակերպության կողմից նախորդ տարվա փաստացի շահութահարկի ճշտված հաշվարկ հարկային մարմիններին ներկայացնելու դեպքում կատարվում է հաշվարկված կանխավճարների վերահաշվարկ` այն տարվանը հաջորդող տարվանից սկսած, որի համար ներկայացվել է ճշտված հաշվարկը, ինչպես նաև վերահաշվարկված կանխավճարների չվճարված գումարների նկատմամբ տույժերի վերահաշվարկ:

Օրինակ 23. Հրահանգի 16 օրինակում բերված դեպքում, եթե կազմակերպությունը կանխավճարների մուծումներ 2000թ. ընթացքում ընդհանրապես չի կատարել, ապա հաշվարկված և չվճարված կանխավճարների նկատմամբ տույժերը հաշվարկվում են հետևյալ գումարների նկատմամբ և ժամկետներից սկսած.

ա) մինչև 1999թ. փաստացի շահութահարկի ճշտված հաշվարկ ներկայացնելը

(12.06.2000թ.)

   - 25.01.2000թ.      100,0 հազ. դրամ

   - 25.02.2000թ.      200,0 հազ. դրամ (100,0+100,0),

   - 25.03.2000թ.      240,0 հազ. դրամ (200,0+40,0),

   - 25.04.2000թ.      320,0 հազ. դրամ (240,0+80,0),

   - 25.05.2000թ.      400,0 հազ. դրամ (320,0+80,0),

բ) 1999թ. փաստացի շահութահարկի ճշտված հաշվարկ ներկայացնելուց հետո.

   - 25.01.2000թ.      100,0 հազ. դրամ,

   - 25.02.2000թ.      200,0 հազ. դրամ (100,0+100,0),

   - 25.03.2000թ.      360,0 հազ. դրամ (160,0+200,0),

   - 25.04.2000թ.      480,0 հազ. դրամ (120,0+360,0),

   - 25.05.2000թ.      600,0 հազ. դրամ (120,0+480,0),

   - 25.06.2000թ.      720,0 հազ. դրամ (120,0+600,0),

   - 25.07.2000թ.      840,0 հազ. դրամ (120,0+720,0),

   - 25.08.2000թ.      960,0 հազ. դրամ (120,0+840,0),

   - 25.09.2000թ.      1080,0 հազ. դրամ (120,0+960,0),

   - 25.10.2000թ.      1200,0 հազ. դրամ (120,0+1080,0),

   - 25.11.2000թ.      1320,0 հազ. դրամ (120,0+1200,0),

   - 25.12.2000թ.      1440,0 հազ. դրամ (120,0+1320,0):

Օրինակ 24. Հրահանգի 17 օրինակում բերված դեպքում, եթե կազմակերպությունը կանխավճարների մուծումներ 2000թ. ընթացքում ընդհանրապես չի կատարել, ապա հաշվարկված և չվճարված կանխավճարների նկատմամբ տույժերը հաշվարկվում են հետևյալ գումարների նկատմամբ և ժամկետներից սկսած:

ա) մինչև 1999թ. փաստացի շահութահարկի ճշտված հաշվարկ ներկայացնելը

(12.06.2000թ.)

   - 25.01.2000թ.      100,0 հազ. դրամ,

   - 25.02.2000թ.      200,0 հազ. դրամ (100,0+100,0),

   - 25.03.2000թ.      360,0 հազ. դրամ (160,0+200,0),

   - 25.04.2000թ.      480,0 հազ. դրամ (120,0+360,0),

   - 25.05.2000թ.      600,0 հազ. դրամ (120,0+480,0),

բ) 1999թ. փաստացի շահութահարկի ճշտված հաշվարկ ներկայացնելուց հետո.

   - 25.01.2000թ.      100,0 հազ. դրամ,

   - 25.02.2000թ.      200,0 հազ. դրամ (100,0+100,0),

   - 25.03.2000թ.      180,0 հազ. դրամ (200,0-20,0),

   - 25.04.2000թ.      240,0 հազ. դրամ (60,0+180,0),

   - 25.05.2000թ.      300,0 հազ. դրամ (60,0+240,0),

   - 25.06.2000թ.      360,0 հազ. դրամ (60,0+300,0),

   - 25.07.2000թ.      420,0 հազ. դրամ (60,0+360,0),

   - 25.08.2000թ.      480,0 հազ. դրամ (60,0+420,0),

   - 25.09.2000թ.      540,0 հազ. դրամ (60,0+480,0),

   - 25.10.2000թ.      600,0 հազ. դրամ (60,0+540,0),

   - 25.11.2000թ.      660,0 հազ. դրամ (60,0+600,0),

   - 25.12.2000թ.      720,0 հազ. դրամ (60,0+660,0):

9.3.15. Կազմակերպությանը անվճարունակ ճանաչելու պահից կասեցվում են շահութահարկի (և շահութահարկի կանխավճարների), դրա գծով հաշվարկված տույժերի և տուգանքների գումարների վճարումները` մինչև պարտատերերի պահանջները բավարարելու վերաբերյալ օրենքով սահմանված հերթականությանը համապատասխան պետական բյուջեի պահանջները բավարարելու հերթը հասնելը»:

i

10. Հրահանգի 9.10 կետում օրինակներ 2-ը և 3-ը համարել համապատասխանաբար 25 և 26:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                     05        12      2000

                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12400146

 

 

pin
Հարկային պետական ծառայություն
20.10.2000
N 02/1292
Հրաման