Սեղմել Esc փակելու համար:
2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀՀ ԿԱՌԱՎԱՐ ...

 

 

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԵՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 9 հուլիսի 2019 թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի (զեկուցող), Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Ապիտոնյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 23 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2019 թվականի հունվարի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև` Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կարգավիճակի մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2019 թվականի մայիսի 20-ին Սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով քննության առարկա արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

i

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև` Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կարգավիճակի մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 1993 թվականի նոյեմբերի 5-ին: Համաձայնագրի 19-րդ հոդվածի համաձայն` այն ուժի մեջ է մտել ստորագրման պահից: Հետագայում` Համաձայնագրի ուժի մեջ մտնելու կարգը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու նպատակով 2000 թվականի հուլիսի 19-ին ստորագրվել է Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը: Համաձայնագիրը և դրա անբաժանելի մաս կազմող Արձանագրությունը օրենքով սահմանված կարգով վավերացվել և ուժի մեջ են մտել 2001 թվականի մայիսի 31-ից (տես` Սահմանադրական դատարանի 2001 թվականի փետրվարի 9-ի ՍԴՈ-284 և ՀՀ Ազգային ժողովի 2001 թվականի մայիսի 14-ի Ն-178-2 որոշումները): Համաձայնագրով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (այսուհետև` ԿԽՄԿ) գործունեության պայմանները, ԿԽՄԿ և դրա պատվիրակների կարգավիճակը:

i

2. «2019 թվականի հունվարի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև` Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կարգավիճակի մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությամբ Համաձայնագրի 6-րդ հոդվածը լրացվել է նոր` 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով, իսկ 10-րդ հոդվածի 11-րդ կետը և 11-րդ հոդվածը շարադրվել են այլ բովանդակությամբ:

Արձանագրության հիման վրա Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- ապահովել, որ ԿԽՄԿ փոստը և փաթեթները օգտվեն այնպիսի արտոնություններից և անձեռնմխելիություններից, որոնք նախատեսված են դիվանագիտական փոստի համար` պայմանով, որ դրանք ունենան իրենց բնույթը նշող տեսանելի արտաքին նշաններ և պարունակեն միայն պաշտոնական օգտագործման համար նախատեսված փաստաթղթեր, տեղեկատվություն կամ առարկաներ (1-ին հոդվածի 4-րդ մաս),

- ապահովել ԿԽՄԿ զեկույցների, նամակների և այլ գրագրության բովանդակության և գրառումների գաղտնիությունը: Երաշխավորել, որ այդ բովանդակությունը և գրառումները չեն բացահայտվի դրանց հասցեատեր չհանդիսացող անձանց համար, ինչպես նաև չեն բացահայտվի կամ չեն օգտագործվի դատական կամ վարչական վարույթների ընթացքում` առանց ԿԽՄԿ նախնական գրավոր համաձայնության (1-ին հոդվածի 5-րդ մաս),

- պատվիրակության` ՀՀ քաղաքացի (ռեզիդենտ աշխատակից) հանդիսացող անդամների համար երաշխավորել իրենց ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում իրականացված գործողությունների հետ կապված դատական գործընթացների նկատմամբ անձեռնմխելիություն, այդ թվում` ձերբակալման, կալանքի, որպես վկա ներգրավման անձեռնմխելիությունը, նույնիսկ այն դեպքում, երբ այլևս չեն աշխատում ԿԽՄԿ պատվիրակությունում (2-րդ հոդված),

- ժամանակավոր առաքելությամբ Հայաստանի Հանրապետություն ժամանած ԿԽՄԿ ներկայացուցիչների ու աշխատակիցների համար երաշխավորել ԿԽՄԿ պատվիրակության անդամների համար Համաձայնագրում ամրագրված հիմնական արտոնությունները և անձեռնմխելիությունները (3-րդ հոդված):

Սահմանադրական դատարանը գտնում է, որ Արձանագրությունում ամրագրված պարտավորությունները բխում են Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը միջազգային իրավունքի հիման վրա իրականացնելու մասին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածի պահանջից և համապատասխանում են Սահմանադրությանը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2019 թվականի հունվարի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև` Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կարգավիճակի մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ`                             Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

9 հուլիսի 2019 թվականի

ՍԴՈ-1468

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 10 հուլիսի 2019 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
09.07.2019
N ՍԴՈ-1468
Որոշում