Սեղմել Esc փակելու համար:
2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ԵՎ ԵՐՈՒՍԱՂ ...

 

 

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՍԲ. ՀՈՎՀԱՆՆԵՍԻ, ՀՌՈԴՈՍԻ ԵՎ ՄԱԼԹԱՅԻ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԲԱՐԵԽՆԱՄ ՈՒԽՏԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 9 հուլիսի 2019 թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Ադոնցի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2018 թվականի ապրիլի 5-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի ինքնիշխան մարտական բարեխնամ ուխտի միջև համագործակցության համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2019 թվականի մայիսի 20-ին Սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի ինքնիշխան մարտական բարեխնամ ուխտի միջև համագործակցության համաձայնագիրը (այսուհետ` Համագործակցության համաձայնագիր) ստորագրվել է 2018 թվականի ապրիլի 5-ին Հռոմում, որով Կողմերը ցանկանում են էլ ավելի զարգացնել բարեկամական հարաբերությունները և համագործակցությունը Հայաստանի Հանրապետության և Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի ինքնիշխան մարտական բարեխնամ ուխտի (այսուհետ` Մալթայի ինքնիշխան ուխտ) միջև և նպաստել Մալթայի ինքնիշխան ուխտի մարդասիրական աջակցության իրականացմանը Հայաստանի Հանրապետության տարածքում:

2. Համագործակցության համաձայնագրի նպատակն է Կողմերի միջև ձևավորել համագործակցության ընդհանուր շրջանակ և սահմանել ուղենիշներ` ուղղված Հայաստանի Հանրապետության տարածքում Մալթայի ինքնիշխան ուխտի կողմից իրականացվող` հիվանդների խնամակալության, սոցիալական և առողջապահական գործողությունների խթանմանը` Կողմերի օրենքների, ներքին կանոնակարգերի, համապատասխան քաղաքականության համաձայն, հավասարության և ինքնիշխան փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա (հոդվ. 1):

3. Համագործակցության համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- աջակցել սոցիալական, հումանիտար և առողջապահական համագործակցությանը նպաստելուն, զարգացնելուն և բազմազանեցնելուն, ինչպես նաև մարդասիրական և բնական աղետների ժամանակ օգնություն տրամադրելուն ուղղված միջոցառումների իրականացմանը և իրականացնել այդպիսի միջոցառումներ (հոդվ. 3, կետ 4),

- Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն` ազատել մաքսային վճարներից և հարկերից, ինչպես նաև այլ տեսակի վճարներից ու պարտավորություններից Մալթայի ինքնիշխան ուխտի կողմից կամ նրա անունից ուղղակիորեն կամ իր նշանակած կազմակերպությունների կողմից բարեգործական նպատակներով, ներառյալ Համագործակցության համաձայնագրում սահմանված սոցիալական, հումանիտար և առողջապահական նպատակներով, Հայաստանի Հանրապետություն բերվող սարքավորումները (առաքելությունների իրականացման համար նախատեսված հիվանդանոցների, հաշմանդամների, շտապօգնության մեքենաների, դեղորայքի կամ բժշկական-վիրաբուժական գործիքների համար նյութերը, ներառյալ գեներատորները) (հոդվ. 3, կետ 6),

- երաշխավորել Մալթայի ինքնիշխան ուխտին պատկանող կամ որևէ իրավական հիմքով նրա կողմից տնօրինվող շինությունների անձեռնմխելիությունը, ինչպես նաև ապահովել դրանց ամբողջականությունն ու մուտք գործելու անվտանգությունը (հոդվ. 3, կետ 7),

- ապահովել, որ Համագործակցության համաձայնագրի շրջանակներում նախագծեր և ծրագրեր նախատեսող փաստաթղթերը կնքվեն Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների և Մալթայի ինքնիշխան ուխտի Նշանակված կազմակերպությունների միջև` Հայաստանի Հանրապետության ազգային օրենսդրությանը համապատասխան (հոդվ. 4, կետ 2),

- երաշխավորել, որ «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայով դիվանագիտական գործակալներին տրված առավելությունները, արտոնությունները և անձեռնմխելիությունը կիրառվեն Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված` Մալթայի ինքնիշխան ուխտի դեսպանության` Համաձայնագրի շրջանակներում իրականացվող ծրագրերում ներգրավված դիվանագիտական անձնակազմի նկատմամբ (հոդված 5, կետ 1),

- ՀՀ ազգային օրենսդրության համաձայն` ցուցաբերել աջակցություն ՀՀ տարածքում սույն Համագործակցության համաձայնագրի շրջանակներում Մալթայի ինքնիշխան ուխտի ծրագրերի, նախագծերի կամ գործողությունների իրականացման մեջ ներգրավված` Մալթայի ինքնիշխան ուխտի կողմից նշանակված անձնակազմի և իր Նշանակված կազմակերպությունների անձնակազմին (հոդվ. 5, կետ 2),

- Հայաստանի Հանրապետության ազգային օրենսդրության համաձայն` դյուրացել Մալթայի ինքնիշխան ուխտի կամ իր Նշանակված կազմակերպությունների` սույն Համագործակցության համաձայնագրով սահմանված` սոցիալական, առողջապահական, հումանիտար գործունեության իրականացման մեջ ներգրավված ողջ անձնակազմին և նրանց ընտանիքի անդամներին մուտքի արտոնագրերի և կացության թույլտվության տրամադրումը (հոդվ. 5, կետ 3) և այլն:

4. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համագործակցության համաձայնագրում հղում է կատարվում ՄԱԿ-ի 1961 թվականի ապրիլի 18-ի` «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիային (Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիային միացել է Գերագույն Խորհրդի` 1992 թվականի հոկտեմբերի 6-ի` Հ.Ն-0703-1 որոշմամբ):

i

5. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համագործակցության համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված` միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված` արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2018 թվականի ապրիլի 5-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի ինքնիշխան մարտական բարեխնամ ուխտի միջև համագործակցության համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ`                             Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

9 հուլիսի 2019 թվականի

ՍԴՈ-1472

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 10 հուլիսի 2019 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
09.07.2019
N ՍԴՈ-1472
Որոշում