Սեղմել Esc փակելու համար:
«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 23-ՐԴ ՀՈԴՎԱԾ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                  Վարչական գործ          

    դատարանի որոշում                       թիվ ՎԴ/3317/05/17     

    Վարչական գործ թիվ ՎԴ/3317/05/17        2019թ.

Նախագահող դատավոր` Ք. Մկոյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի մայիսի 14-ին

քննարկելով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 20.06.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ «Փարիզյան սուրճ ֆակտորի» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալության (իրավահաջորդ` ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության) (այսուհետ` Գործակալություն) կողմից «Վիոլենտ» ՍՊԸ-ի անվամբ թիվ 24788 համարով 26.07.2016 թվականին կատարված ապրանքային նշանի գրանցումը` միաժամանակ միջնորդելով վերականգնել հայցադիմում ներկայացնելու բաց թողնված ժամկետը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 25.04.2017 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Ընկերության միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժվել են:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.06.2017 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.04.2017 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 79-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասը, 51-րդ հոդվածի 1-ին մասը, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1.1-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը թույլատրում է ինչպես նույն օրենսգրքով, այնպես էլ այլ օրենքներով սահմանված ժամկետների կիրառությունը վարչական դատավարությունում: Տվյալ դեպքում որպես այլ օրենք հանդես է գալիս «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքը, որի 23-րդ հոդվածի 1.1-րդ մասն ապրանքային նշանի գրանցումը վիճարկելու պահանջով դատարան դիմելու համար սահմանում է հնգամյա ժամկետ: Վիճարկման հայց ներկայացնելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված երկամսյա ժամկետը և ապրանքային նշանի գրանցումը վիճարկելու պահանջով դատարան դիմելու համար «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքով սահմանված հնգամյա ժամկետը միմյանց չեն հակասում. «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգավորումը բացառություն է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված երկամսյա ժամկետից: Անգամ, եթե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի և «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի միջև առկա է հակասություն, ապա նման հակասությունը չի կարող սահմանափակել Ընկերության դատական պաշտպանության իրավունքը և չի կարող մեկնաբանվել որպես դատավարական ժամկետները ոչ հարգելի պատճառով բաց թողած լինելու հիմք: Ավելին` ամեն դեպքում նյութական իրավունքի նորմին պետք է տրվի առավելություն դատավարական իրավունքի նորմի համեմատությամբ: Հետևաբար, Ընկերությունն ունեցել է ներքին համոզմունք, որ իր իրավունքների պաշտպանության համար ազգային օրենսդրությունը նախատեսում է ոչ թե երկամսյա, այլ հնգամյա ժամկետ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերության ներկայացրած միջնորդությունը ենթակա է բավարարման, քանի որ տվյալ դեպքում դատավարական ժամկետները բաց են թողնվել այն պատճառով, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը և «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքը դատարան դիմելու համար տարբեր ժամկետներ են նախատեսում: Հետևաբար անթույլատրելի է անձին զրկել դատական պաշտպանության իրավունքից, եթե օրենքներում առկա անհստակության պատճառով վերջինս ընտրել է թույլատրելի վարքագծերից մեկը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ կերպով Ընկերությանը զրկել է դատական պաշտպանության իրավունքից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 20.06.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` «բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու մասին միջնորդությունը բավարարելու և հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ»:

 

i

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված նյութաիրավական հիմքերով և նույն օրենքով կանխորոշված շահագրգիռ սուբյեկտների կողմից ապրանքային նշանի գրանցումը վիճարկելու հայցով դատարան դիմելու իրավունքի իրացման ժամկետային սահմանների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

1) ապրանքային նշանի գրանցումը «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված նյութաիրավական հիմքերով անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցն ի՞նչ ժամկետներում կարող է ներկայացվել վարչական դատարան,

2) «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1.1-րդ մասով սահմանված` ապրանքային նշանի գրանցումը վիճարկելու հայցով դատարան դիմելու հնգամյա ժամկետը պահպանված լինելու փաստը կարող է արդյո՞ք ինքնին (per se) հիմք հանդիսանալ վիճարկման հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը բավարարելու համար:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ` խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով (...):

Վկայակոչված իրավանորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարան դիմելու կամ արդարադատության մատչելիության իրավունքը մարդու` սահմանադրաիրավական և միջազգային իրավական նորմերով երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների կարևորագույն բաղադրիչն է:

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:

Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ): Մինչդեռ Եվրոպական դատարանի տեսանկյունից` դատարանի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ): Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև` համաչափության առումով (տե՛ս Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ): Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում է վարչական դատարանի մատչելիության ժամկետային սահմանափակումները` ըստ հայցատեսակների ամրագրելով այն իրավադադարեցնող դատավարական ժամկետները, որոնց ընթացքում համապատասխան սուբյեկտը կարող է դիմել վարչական դատարան:

i

Այսպես` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական գործողությունները կատարվում են նույն օրենսգրքով, այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետներում, իսկ դրանց սահմանված չլինելու դեպքում` դատարանի սահմանած ժամկետներում:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում: Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել` վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե լրացել են հայցադիմում ներկայացնելու համար նույն օրենսգրքով սահմանված ժամկետները, իսկ ժամկետները վերականգնելու մասին միջնորդությունը վարչական դատարանը մերժել է:

Վերոգրյալ իրավադրույթների համակարգային վերլուծությունը վկայում է, որ օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածով սահմանելով վարչական դատարանում գործի հարուցման հիմքը` համապատասխան հայցը, միաժամանակ, նույն օրենսգրքի 72-րդ հոդվածում նախատեսել է այն ժամկետները, որոնց ընթացքում հայցը կարող է ներկայացվել վարչական դատարան: Ամրագրելով վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները` օրենսդիրը հատուկ նախատեսել է նաև բաց թողնված ժամկետները վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել է, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը պետք է մեկնաբանվեն և կիրառվեն անձի` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված վերոգրյալ հիմնարար իրավունքների լույսի ներքո:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի կիրառելիության և բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնման հարցին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ: Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ, երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից երկարատև հիվանդության պատճառով:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե՛ս, օրինակ, Ժաննա Միրզոյանն ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի ղեկավարի թիվ ՎԴ/0100/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 31.07.2017 թվականի որոշումը):

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է նաև այն իրավական դիրքորոշումը, որ գրավոր վարչական ակտի ընդունումը բավարար չէ գրավոր վարչական ակտի իրավական համակարգում ի հայտ գալու և գործելու համար. դրա համար անհրաժեշտ է, որպեսզի օրենքով սահմանված կարգով այդ վարչական ակտը մտնի ուժի մեջ: Հաշվի առնելով վերոգրյալը` օրենսդիրը վարչական ակտը վիճարկելու օրենքով սահմանված ժամկետի հոսքը պայմանավորել է ոչ թե վարչական ակտի ընդունմամբ, այլ այդ ակտի օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելու հետ: ՀՀ վճռաբեկ դատարանը, առաջնորդվելով անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը երաշխավորելու անհրաժեշտությամբ, գտել է, որ վարչական ակտի վիճարկման պարագայում անձի` դատարան դիմելու համար սահմանված ժամկետի հոսքը սկսվում է այն պահից, երբ վարչական ակտի հասցեատերը տեղեկացել է իր նկատմամբ տվյալ վարչական ակտի ընդունման մասին, այլ խոսքով` օրենքով սահմանված կարգով վարչական ակտի ուժի մեջ մտնելուց հետո (տես, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Արմենուհի Դալիբալթյանի թիվ ՎԴ/2499/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2014 թվականի որոշումը):

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրն ապրանքային նշանի գրանցումը` որպես վարչական ակտ, անվավեր ճանաչելու վերաբերյալ դատական հայց ներկայացնելու ժամկետների կապակցությամբ այլ իրավակարգավորում է սահմանել ապրանքային և սպասարկման նշանների գրանցման, իրավական պահպանության և օգտագործման հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրական ակտում` «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում:

Այսպես` «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապրանքային նշանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել դատարան ներկայացված համապատասխան հայցի կամ իրավունքների պաշտպանության գործով հակընդդեմ հայցի քննարկման արդյունքում կայացված դատարանի վճռի հիման վրա (...):

«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1.1-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի համաձայն հայց կարող է ներկայացնել ավելի վաղ ապրանքային նշանի նկատմամբ իրավունքի կամ նույն մասում նշված ավելի վաղ այլ իրավունքի տիրապետողը` ապրանքային նշանի գրանցման մասին տեղեկությունները «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում հրապարակելու օրվանից կամ նույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` առանց գրանցման պահպանություն տրամադրելու օրվանից հետո` 5 տարվա ընթացքում:

Վերոնշյալ իրավադրույթների համակարգային վերլուծությունը Վճռաբեկ դատարանին թույլ է տալիս կատարելու հետևյալ դատողությունները.

1) «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքը ամրագրում է ապրանքային նշանի գրանցումը դատական կարգով անվավեր ճանաչելու նյութաիրավական հիմքերը,

2) «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքը կանխորոշում է ապրանքային նշանի գրանցումն այդ նյութաիրավական հիմքերով անվավեր ճանաչելու պահանջով դատարան դիմելու շահագրգիռ սուբյեկտների շրջանակը,

3) «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքը սահմանում է նույն օրենքով ամրագրված նյութաիրավական հիմքերով և նույն օրենքով կանխորոշված շահագրգիռ սուբյեկտների կողմից ապրանքային նշանի գրանցումը վիճարկելու հայցով դատարան դիմելու իրավունքի իրացման ժամկետային սահմանը, որը հանգում է հետևյալին.

- օրենքով կանխորոշված շահագրգիռ սուբյեկտները կարող են ապրանքային նշանի գրանցումը վիճարկելու հայց ներկայացնել դատարան 5 տարվա ընթացքում,

- այդ հնգամյա ժամկետի սկիզբ է համարվում ապրանքային նշանի գրանցման մասին տեղեկությունները «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում հրապարակելու օրը կամ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` ապրանքային նշանին առանց գրանցման պահպանություն տրամադրելու օրը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ապրանքային նշանի գրանցումը վիճարկելու հայցով դատարան դիմելու համար «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքով սահմանված հնգամյա ժամկետն այն առավելագույն ժամկետային սահմանն է, որի ընթացքում շահագրգիռ անձը կարող է դիմել դատարան` ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով: Այլ կերպ ասած` ապրանքային նշանի գրանցումը վիճարկելու հայցով դատարան դիմելու համար «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքով սահմանված հնգամյա ժամկետը նյութաիրավական իրավադադարեցնող ժամկետ է, որի լրանալուց հետո շահագրգիռ անձը զրկվում է ապրանքային նշանի գրանցումը վիճարկելու համապատասխան հայցով դատարան դիմելու իրավունքից: «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքով այդպիսի ժամկետ նախատեսելն ունի գործնական կարևոր նշանակություն. այն հնարավորություն է տալիս վարչական դատարանին ժամանակին բացահայտելու գործի հանգամանքները և կայացնելու ճիշտ դատական ակտ, պաշտպանում է ապրանքային նշանների օգտագործման հետ կապված քաղաքացիական հարաբերությունների կայունությունը, ինչպես նաև ապահովում է մի կողմից` ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչելու հայցով դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների և մյուս կողմից` վիճելի ապրանքային նշանի իրավատիրոջ ու երրորդ անձանց շահերի հավասարակշռումը: Սահմանելով ապրանքային նշանի գրանցումը վիճարկելու հայցով դատարան դիմելու հնգամյա ժամկետը` օրենսդիրն առաջնորդվել է այն կանխադրույթով, որ այդ ժամկետի ընթացքում շահագրգիռ անձը պետք է ողջամտորեն տեղյակ լինի այնպիսի ապրանքային նշանի գրանցման մասին, որի գրանցումն առերևույթ խախտում է իր իրավունքները, քանի որ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ապրանքային նշանը պետական գրանցամատյանում գրանցելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում, պետական լիազոր մարմինն ապրանքային նշանի գրանցման մասին տեղեկությունները հրապարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում: Այլ կերպ ասած` ապրանքային նշանի գրանցումը վիճարկելու հայցով դատարան դիմելու հնգամյա ժամկետը լիովին բավարար է շահագրգիռ անձի կողմից իր խախտված իրավունքների պաշտպանության հայց հարուցելու համար:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ թեև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված է, որ դատավարական գործողություններ կատարելու ժամկետները կարող են սահմանվել ոչ միայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով, այլ նաև ուրիշ օրենքներով, սակայն դատավարական գործողություններ կատարելու` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետները գերակայում են այլ օրենքներով սահմանված ժամկետների նկատմամբ: Նշված դատողությունը հիմնված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված այն իրավադրույթի վրա, որի համաձայն` վարչական դատավարության կարգը սահմանվում է նույն օրենսգրքով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Նշված իրավակարգավորումից հետևում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարական կարգը (ձևը) և, մասնավորապես, այդ կարգի մեջ մտնող` դատավարական ժամկետները վարչադատավարական գործընթացի համար ունեն առաջնային նշանակություն և որևէ դեպքում չեն կարող անտեսվել կամ չկիրառվել` այլ նյութաիրավական օրենքներում դրանցից տարբերվող ժամկետներ սահմանված լինելու պատճառով:

Ավելին` Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով դատարան դիմելու ժամկետների վերաբերյալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով և «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքով սահմանված` առաջին հայացքից հակասական թվացող կարգավորումների միջև իրականում որևէ հակասություն առկա չէ: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված` վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետը և ապրանքային նշանի գրանցումը վիճարկելու հայցով դատարան դիմելու համար «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքով սահմանված հնգամյա ժամկետն ունեն զուգահեռ կիրառություն ու միմյանց հետ հակասության մեջ չեն մտնում: Այսպես` շահագրգիռ անձն «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1.1-րդ մասով սահմանված` ապրանքային նշանի գրանցումը վիճարկելու հայցով դատարան դիմելու հնգամյա ժամկետի ընթացքում իրավունք ունի դատական կարգով վիճարկելու այդ ապրանքային նշանի գրանցումը` պահպանելով վիճարկման հայց ներկայացնելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետը, իսկ այդ դատավարական ժամկետը բաց թողնված լինելու դեպքում` այն վերականգնելու ընդհանուր կառուցակարգը:

Նշված կառուցակարգն առաջին հերթին ենթադրում է, որ վիճարկման հայց ներկայացնելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետը բաց թողած անձը պարտավոր է ներկայացնել բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդություն: Նման միջնորդության ներկայացումն օբյեկտիվ իրավական անհրաժեշտություն է և հետապնդում է վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու հարցը քննարկելու և լուծելու միջոցով անձի դատական պաշտպանության իրավունքի իրացումն ապահովելու իրավաչափ նպատակ:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել, որ ապրանքային նշանի գրանցումը վիճարկելու հայցով դատարան դիմելու` «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1.1-րդ մասով սահմանված հնգամյա ժամկետը պահպանված լինելու փաստը չի կարող ինքնին (per se) հիմք հանդիսանալ վիճարկման հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը բավարարելու համար: Նշված փաստն ընդամենը հանդիսանում է այն նվազագույն պայմանը, որի առկայության դեպքում դատարանը պարտավոր է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ձևով քննարկման առարկա դարձնել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ հայցվորի միջնորդության հիմքում դրված հանգամանքները և որոշել դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառի` հարգելի լինելու կամ չլինելու հարցը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը, համադրելով ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով դատարան դիմելու ժամկետների վերաբերյալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով և «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքով սահմանված վերոգրյալ իրավակարգավորումները, հանգում է այն եզրակացության, որ այդ իրավակարգավորումները Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում պետք է մեկնաբանվեն և կիրառվեն հետևյալ կերպ.

1) «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված նյութաիրավական հիմքերով և նույն հոդվածի 1.1-րդ մասով կանխորոշված շահագրգիռ անձինք ապրանքային նշանի գրանցումը վիճարկելու հայցով դատարան կարող են դիմել ապրանքային նշանի գրանցման մասին տեղեկությունները «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում հրապարակելու օրվանից կամ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` ապրանքային նշանին առանց գրանցման պահպանություն տրամադրելու օրվանից հետո 5 տարվա ընթացքում,

2) բացի վերը նշված հնգամյա ժամկետից, շահագրգիռ անձը պարտավոր է պահպանել նաև վիճարկման հայցով դատարան դիմելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետը, որը հաշվարկվում է վիճարկվող վարչական ակտի, այսինքն` ապրանքային նշանի գրանցման ուժի մեջ մտնելու պահից,

3) եթե ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով դատարան դիմած անձը բաց է թողել վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետը, ապա վերջինս ամեն դեպքում պարտավոր է ներկայացնել բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդություն,

4) ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով դատարան դիմած անձի կողմից ներկայացված այդ միջնորդությունը կարող է բավարարվել, եթե անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով,

5) վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետը բաց թողնելու պատճառը կարող է հարգելի համարվել միայն այն պայմաններում, երբ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1.1-րդ մասով սահմանված` ապրանքային նշանի գրանցումը վիճարկելու հայցով դատարան դիմելու հնգամյա ժամկետը հայցադիմումը ներկայացնելու պահի դրությամբ լրացած չի եղել, սակայն նշված պայմանի առկայությունն ինքնին (per se) բավարար չէ այդ միջնորդությունը բավարարելու համար,

6) նշված պայմանի առկայության դեպքում, այսինքն` եթե «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1.1-րդ մասով սահմանված հնգամյա ժամկետը լրացած չէ, վարչական դատարանը պարտավոր է քննարկել բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդության հիմքում դրված հանգամանքները և որոշել դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառի` հարգելի լինելու կամ չլինելու հարցը` ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի ընդհանուր իրավակարգավորումներով և դրանց վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումներով,

7) վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետը բաց թողնելու պատճառը չի կարող հարգելի համարվել, եթե «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1.1-րդ մասով սահմանված` ապրանքային նշանի գրանցումը վիճարկելու հայցով դատարան դիմելու հնգամյա ժամկետը հայցադիմումը ներկայացնելու պահի դրությամբ լրացած է եղել,

8) եթե «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1.1-րդ մասով սահմանված` ապրանքային նշանի գրանցումը վիճարկելու հայցով դատարան դիմելու հնգամյա ժամկետը հայցադիմումը ներկայացնելու պահի դրությամբ լրացած է եղել, ապա բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին հայցվորի միջնորդությունն ամեն դեպքում ենթակա է մերժման` ժամկետը բաց թողնելու պատճառն անհարգելի համարվելու հիմքով:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործով Ընկերությունը 18.04.2017 թվականին դիմել է վարչական դատարան` պահանջելով անվավեր ճանաչել Գործակալության կողմից «Վիոլենտ» ՍՊԸ-ի անվամբ թիվ 24788 համարով 26.07.2016 թվականին կատարված ապրանքային նշանի գրանցումը: Միաժամանակ Ընկերությունը միջնորդել է վերականգնել վիճարկման հայցով հայցադիմում ներկայացնելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված և իր կողմից բաց թողնված երկամսյա ժամկետը: Ընկերությունն իր միջնորդության հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ թեև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով վիճարկման հայց ներկայացնելու համար սահմանված է երկամսյա ժամկետ, սակայն ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչելու հայց հարուցելու համար «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 1.1-րդ մասով սահմանված է հնգամյա ժամկետ, որի ընթացքում անձը կարող է դիմել դատական պաշտպանության` իր խախտված իրավունքները վերականգնելու նպատակով: Հետևաբար, ըստ Ընկերության` վիճարկման հայց ներկայացնելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետի բացթողման պատճառը պետք է համարել հարգելի (գ.թ. 2-7):

Դատարանը մերժել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Ընկերության միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը: Դատարանը գտել է, որ Ընկերությունը բաց է թողել վիճարկման հայց ներկայացնելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետը և այդ ժամկետի ընթացքում չի ձեռնարկել իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու ուղղությամբ: Իսկ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքով սահմանված հնգամյա ժամկետը պահպանված լինելու վերաբերյալ Ընկերության փաստարկը Դատարանն անհիմն է համարել, քանի որ ըստ Դատարանի` վարչական դատավարության կարգով դատավարական ժամկետները հաշվարկելիս պետք է առաջնորդվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով` անկախ այն հանգամանքից, որ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքով սահմանված է այլ կարգ:

Վերաքննիչ դատարանը մերժել է Ընկերության վերաքննիչ բողոքը և Դատարանի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» 25.04.2017 թվականի որոշումը թողել է անփոփոխ: Վերաքննիչ դատարանը, ըստ էության համաձայնելով Դատարանի վերոգրյալ դիրքորոշման հետ, ընդգծել է, որ վիճարկման հայց ներկայացնելու ժամկետը սահմանված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով, իսկ այլ օրենքներով սահմանված ժամկետները տվյալ դեպքում չեն կարող կիրառելի լինել:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Նախ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Ընկերության կողմից 18.04.2017 թվականին ներկայացված վիճարկման հայցի առարկան «Վիոլենտ» ՍՊԸ-ի անվամբ թիվ 24788 համարով 26.07.2016 թվականին կատարված ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջն է, որի հիմքում դրված են «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված իրավանորմերը:

Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համաձայն` Ընկերությունը դատարան դիմելիս պարտավոր էր պահպանել թե՛ ապրանքային նշանի գրանցումը վիճարկելու հայցով դատարան դիմելու` «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1.1-րդ մասով սահմանված հնգամյա ժամկետը, թե՛ վիճարկման հայցով դատարան դիմելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետը, իսկ այդ երկամսյա դատավարական ժամկետը բաց թողնված լինելու դեպքում` այն վերականգնելու ընդհանուր կառուցակարգը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարան դիմելիս Ընկերությունը պահպանել է ապրանքային նշանի գրանցումը վիճարկելու հայցով դատարան դիմելու` «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1.1-րդ մասով սահմանված հնգամյա ժամկետը: Սակայն Ընկերությունը չի պահպանել վիճարկման հայցով դատարան դիմելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետը: Նման պայմաններում Ընկերությունը պարտավոր էր ներկայացնել բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդություն. այս դատավարական պարտականությունն Ընկերության կողմից կատարվել է:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Ընկերության կողմից ներկայացված միջնորդությունը տվյալ դեպքում ենթակա է քննարկման` հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի ընդհանուր իրավակարգավորումները և դրանց վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումները: Այդ համատեքստում անդրադառնալով բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Ընկերության կողմից ներկայացված միջնորդության վերաբերյալ ստորադաս դատարանների եզրահանգումներին` Վճռաբեկ դատարանը դրանք հիմնավոր է համարում: Այսպես` միջնորդության մեջ Ընկերությունը որևէ կերպ չի փաստարկել և չի ապացուցել, որ` (ա) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված երկամսյա ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել այդ դատավարական ժամկետը, կամ (բ) դատարան է դիմել վիճարկվող վարչական ակտի` «Վիոլենտ» ՍՊԸ-ի անվամբ թիվ 24788 համարով 26.07.2016 թվականին կատարված ապրանքային նշանի գրանցման մասին տեղեկանալուց հետո երկու ամսվա ընթացքում:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ ապրանքային նշանի գրանցումը վիճարկելու հայցով դատարան դիմելու` «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1.1-րդ մասով սահմանված հնգամյա ժամկետը պահպանված լինելու փաստն ինքնին չի ենթադրում, որ վիճարկման հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը ենթակա է բավարարման: Հետևաբար, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Ընկերության կողմից ներկայացված միջնորդությունը չէր կարող բավարարվել միայն այն հիմքով, որ Ընկերությունը պահպանել է ապրանքային նշանի գրանցումը վիճարկելու հայցով դատարան դիմելու` «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1.1-րդ մասով սահմանված հնգամյա ժամկետը:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում «Վիոլենտ» ՍՊԸ-ի անվամբ թիվ 24788 համարով 26.07.2016 թվականին կատարված ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով դատարան դիմելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված և Ընկերության կողմից բաց թողնված երկամսյա ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու հիմքեր առկա չեն, ինչն էլ իրավացիորեն արձանագրվել է ստորադաս դատարանների կողմից:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Ընկերության կողմից ներկայացված միջնորդությունը ենթակա էր մերժման, ինչն էլ հանգեցնում է Ընկերության հայցադիմումի ընդունումը մերժելուն: Հետևաբար, տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը` սույն որոշման պատճառաբանություններով:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 20.06.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ` սույն որոշման պատճառաբանություններով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
14.05.2019
N ՎԴ/3317/05/17
Որոշում