Սեղմել Esc փակելու համար:
ՀԱԿԸՆԴԴԵՄ ՀԱՐՑՄԱՆ (ԿՈՆՖՐՈՆՏԱՑԻԱՅԻ) ԻՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱԿԸՆԴԴԵՄ ՀԱՐՑՄԱՆ (ԿՈՆՖՐՈՆՏԱՑԻԱՅԻ) ԻՐԱՎՈՒՆՔԸ ԿԻՐԱՌ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               ՏԴ2/0037/01/15

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ՏԴ2/0037/01/15

Նախագահող դատավոր` Կ. Ղազարյան

    Դատավորներ`        Մ. Պետրոսյան

                       Ս. Համբարձումյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ` դատավորներ Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ`          Մ. Ավագյանի

                   մասնակցությամբ` պաշտպան    Ա. Խաչատրյանի

 

    2018 թվականի նոյեմբերի 15-ին               ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Արտուշ Վլադիմիրի Ղուլյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 14-ի որոշման դեմ ամբաստանյալ Ա.Ղուլյանի պաշտպան Ա.Խաչատրյանի բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2007 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում հարուցվել է թիվ 62207607 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Նախաքննության մարմնի` 2007 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմամբ Արտուշ Վլադիմիրի Ղուլյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի` 2007 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմամբ Ա.Ղուլյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով: Նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննության մարմնի` 2008 թվականի մայիսի 30-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կասեցվել է` մինչև հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի հայտնաբերումը:

2015 թվականի ապրիլի 10-ին Ա.Ղուլյանը կամովին ներկայացել է ՀՀ ոստիկանության Երևանի վարչության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի բաժին: Նախաքննության մարմնի` 2015 թվականի ապրիլի 11-ի որոշմամբ քրեական գործով վարույթը վերսկսվել է:

2015 թվականի ապրիլի 11-ին Ա.Ղուլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

2015 թվականի հուլիսի 18-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի փետրվարի 12-ի դատավճռով Ա.Ղուլյանը ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացվել է` արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

3. Մեղադրող Ա.Շահբազյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2016 թվականի ապրիլի 21-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակիորեն, բեկանել է Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի փետրվարի 12-ի դատավճիռը, և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

4. Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ ամբաստանյալ Ա.Ղուլյանի պաշտպան Ա.Խաչատրյանի վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության` սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու պատճառաբանությամբ:

5. Գործի նոր քննության արդյունքում Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 15-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում ճանաչվել և հռչակվել է ամբաստանյալ Ա.Ղուլյանի անմեղությունը` արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

6. Մեղադրող Ա.Շահբազյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2017 թվականի սեպտեմբերի 14-ի որոշմամբ բողոքը բավարարել է, բեկանել է Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 15-ի դատավճիռը, Ա.Ղուլյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և պատիժ նշանակել ազատազրկում` 7 (յոթ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կիրառմամբ` նշանակված պատժին հաշվակցվել է 2015 թվականի ապրիլի 10-ից մինչև 2016 թվականի փետրվարի 12-ն անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը, և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 6 (վեց) տարի 1 (մեկ) ամիս 28 (քսանութ) օր ժամկետով:

7. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 14-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ա.Ղուլյանի պաշտպան Ա.Խաչատրյանը:

Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի փետրվարի 8-ի որոշմամբ ամբաստանյալ Ա.Ղուլյանի պաշտպան Ա.Խաչատրյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

8. Արտուշ Ղուլյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա` «(...) 2006թ. մայիսի 6-ից աշխատելով ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշենի մաքսակետում` որպես պետի տեղակալ, ի պաշտոնե հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ` դրամի ձևով ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառք` կաշառք տվողի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար:

Այսպես, Արտուշ Ղուլյանը Հովսեփ Ներսիսյանի և Տիգրան Ազատյանի կողմից անհատ ձեռնարկատեր Ամալյա Ադամյանի անվամբ Իտալիայից և Ֆրանսիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող օծանելիքը մաքսակետում Տիգրան Ազատյանի` որպես անհատի, անվամբ վերաձևակերպելու, անվանափոխելու և մաքսազերծելու համար 2007թ. հոկտեմբերի 14-ին նրանցից պահանջել և նույն օրը` ժամը 18:00-ի սահմաններում, իր աշխատասենյակում Հովսեփ Ներսիսյանից անձամբ ստացել է 1.746.990 ՀՀ դրամին համարժեք 5250 ԱՄՆ դոլար կաշառք, որից հետո նրա հանձնարարությամբ կատարվել են ներմուծվող ապրանքի մաքսային ձևակերպման հետ կապված գործողությունները (...)»1:

________________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 111:

 

9. Առաջին ատյանի դատարանը դատաքննության ընթացքում 2016 թվականի օգոստոսի 12-ին, օգոստոսի 23-ին, սեպտեմբերի 5-ին ծանուցագրեր է ուղարկել վկա Տ.Ազատյանի հասցեով, որոնք ետ են վերադարձվել «տեղափոխված» նշումով, 2016 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն կատարված հարցմամբ պարզվել է, որ 2014 թվականի օգոստոսի 18-ին Տ. Ազատյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն (2):

________________________

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 137-147:

 

10. Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 15-ի դատավճռի համաձայն` «(...) Քննության առնելով ամբաստանյալ Արտուշ Վլադիմիրի Ղուլյանի պաշտպան Արմեն Խաչատրյանի միջնորդությունը, որով նա դատարանին խնդրել է վկա Տիգրան Ազատյանի նախաքննական ցուցմունքները ճանաչել անթույլատրելի ապացույց և հանել ապացույցների շարքից` նկատի ունենալով, որ պաշտպանական կողմը ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում զրկված է եղել վկային հարցաքննելու հնարավորությունից, որպիսի պատճառաբանությամբ պաշտպանական կողմը գտնում է, որ հակընդդեմ հարցման իրավունքով (կոնֆրոնտացիայով) չապահովված փաստական տվյալը չի կարող համարվել ապացույց և դրվել մեղադրանքի հիմքում, դատարանն (...) արձանագրում է, որ սույն քրեական գործի դատաքննության ընթացքում ձեռնարկվել են ողջամիտ բոլոր ջանքերը վկա Տիգրան Ազատյանի ներկայությունն ապահովելու համար, միաժամանակ դատարանին տրամադրվել է տեղեկատվություն այն մասին, որ 10.02.2015թ. հարուցված թիվ 61203915 քրեական գործով 29.12.2015թ. Տիգրան Հուսիկի Ազատյանը ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ, նույն օրը որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին և քրեական գործի վարույթը կասեցվել է: Ձեռնարկվել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Միաժամանակ դատարանը փաստում է, որ վկա Տիգրան Ազատյանի նախաքննական ցուցմունքը վճռորոշ ապացույց է մեղքը հաստատող ապացույցների զանգվածում: Նման պայմաններում (...) դատարանը գտնում է, որ սույն քրեական գործով վկա Տիգրան Հուսիկի Ազատյանի նախաքննության ընթացքում տված և դատաքննության ընթացքում հրապարակված ցուցմունքները պետք է հանել դատավճռի հիմքում դրվող ապացույցների շարքից վերը շարադրված պատճառաբանություններով:

(...)

Դատարանը սույն գործի փաստերը վերլուծելով ՀՀ վճռաբեկ դատարանի (...) որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո գալիս է այն համոզման, որ սույն գործի դատաքննության ընթացքում ձեռք չի բերվել հավաստի ապացույցների այնպիսի բավարար համակցություն, որը դատարանին հնարավորություն կտար հաստատող պատասխաններ տալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ից 4-րդ կետերին, մասնավորապես ապացուցված է արդյոք արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է ամբաստանյալը, այդ արարքը համապատասխանում է արդյոք քրեական օրենսգրքի հատուկ մասի նորմերի հատկանիշներին, ապացուցված է արդյոք ամբաստանյալի կողմից այդ արարքը կատարելը և ապացուցված է արդյոք ամբաստանյալի մեղավորությունը տվյալ հանցանքը կատարելու մեջ և, եթե այո, ապա քրեական օրենսգրքի որ հոդվածով, մասով, կետով է այն նախատեսված (...) 3»:

________________________

3 Հատուկ կարծիքում ապացույցների բովանդակությունը չի շարադրվում այն պատճառաբանությամբ, որ Վճռաբեկ դատարանը Ա.Ղուլյանի մեղավորության կամ անմեղության հարցին չի անդրադարձել:

 

11. Վերաքննիչ դատարանը 2017 թվականի սեպտեմբերի 14-ի որոշմամբ փաստել է. «(...) նախաքննության ընթացքում Տիգրան Ազատյանը 16.10.2007թ. տվել է բացատրություն, 17.10.2007թ. ցուցմունք, այնուհետև` 18.12.2007թ. և 28.02.2008թ. լրացուցիչ ցուցմունքներ ու այդ ընթացքում գտնվել է ՀՀ-ում, այնինչ ամբաստանյալը 22.10.2007թ. մինչև 11.04.2015թ. թաքնվել է քննությունից և գտնվել է հետախուզման մեջ: Հետագայում, երբ ամբաստանյալը ինքնակամ ներկայացել է, Տիգրան Ազատյանը եղել է ՀՀ-ի սահմաններից դուրս, ուստի ստացվում է, որ հետախուզման մեջ գտնվելու ժամանակահատվածում ամբաստանյալը ինքն իրեն զրկել է հակընդդեմ հարցման իրավունքից: Իսկ հետագայում` դատաքննության ընթացքում, ձեռնարկվել են ողջամիտ բոլոր ջանքերը` Տիգրան Ազատյանի ներկայությունն ապահովելու համար (դա նշել է նաև Դատարանը), ինչը սակայն չի հաջողվել, ուստի տվյալ դեպքում վերջինիս բացակայությունը պետք է համարել հարգելի: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանի եզրահանգումն այն մասին, որ Տիգրան Ազատյանի նախաքննական ցուցմունքը վճռորոշ ապացույց է մեղքը հաստատող ապացույցների զանգվածում անհիմն է, քանի որ բացի դրանից սույն քրեական գործում առկա են այլ ապացույցներ, որոնք վկայում են Արտուշ Ղուլյանի կողմից իրեն վերագրվող արարքը կատարելու մասին:

(...)

Այսպիսով, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում վերլուծելով գործով ձեռք բերված ապացույցները, մասնավորապես` վկա Գագիկ Մելիքսեթյանի դատաքննական, վկաներ` Հովսեփ Նիկոլայի Ներսիսյանի, Հայկ Վրեժի Հովսեփյանի, Արծրուն Արտոյի Ալեքսանյանի, Տիգրան Հուսիկի Ազատյանի, Հովիկ Արամայիսի Աբովյանի նախաքննական ցուցմունքները, Հովսեփ Նիկոլայի Ներսիսյանի և Արտուշ Վլադիմիրի Ղուլյանի միջև առերես հարցաքննության արձանագրությունը և որպես այլ փաստաթուղթ ճանաչված ապացույցները, դրանք գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ, Վերաքննիչ դատարանը հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված է համարում, որ Արտուշ Ղուլյանը Հովսեփ Ներսիսյանի և Տիգրան Ազատյանի կողմից անհատ ձեռնարկատեր Ամալյա Ադամյանի անվամբ Իտալիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող օծանելիքը մաքսակետում Տիգրան Ազատյանի` որպես անհատի անվամբ վերաձևակերպելու, անվանափոխելու և մաքսազերծելու համար 2007թ. հոկտեմբերի 14-ին նրանցից պահանջել և նույն օրը` ժամը 18:00-ի սահմաններում, իր աշխատասենյակում Հովսեփ Ներսիսյանից անձամբ ստացել է 5.250 (հինգ հազար երկու հարյուր հիսուն) ԱՄՆ դոլար կաշառք, որից հետո նրա հանձնարարությամբ կատարվել են ներմուծվող ապրանքի մաքսային ձևակերպման հետ կապված գործողությունները (...)»4:

________________________

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 33, 63, 88, 115, հատոր 8-րդ, թերթեր 2-4:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

12. Բողոքաբերի կարծիքով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` դատավարական իրավունքի նորմերի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

12.1. Բողոք բերած անձի պնդմամբ` Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված ամբաստանյալի` արդար դատաքննության իրավունքի բաղադրատարրը կազմող հակընդդեմ հարցման իրավունքը: Մասնավորապես` պաշտպանական կողմն ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության փուլում զրկված է եղել գործով վկային հարցաքննելու հնարավորությունից, սակայն տվյալ ցուցմունքները Վերաքննիչ դատարանը դրել է Ա.Ղուլյանի մեղադրանքի հիմքում` այն հիմնավորմամբ, որ Ա.Ղուլյանը, թաքնվելով քննությունից, ինքն իրեն զրկել է վկայի հետ առերես հարցաքննվելու հնարավորությունից:

12.2 Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանը, հիմնվելով միայն նախաքննական ցուցմունքների վրա, իրականացրել է գործի քննության ընթացքում հետազոտված ապացույցների սխալ գնահատում և ուշադրություն չի դարձրել գործում առկա ապացույցներին, ինչպես նաև նախաքննության և դատաքննության փուլում տրված ցուցմունքների միջև եղած հակասություններին:

12.3 Բողոքի հեղինակը, մեջբերելով Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում արտահայտած իրավական դիրքորոշումները, փաստել է, որ Վերաքննիչ դատարանը, գործի օրինական, հիմնավորված և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող ապացույցներն ու հանգամանքները չենթարկելով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, հիմնվելով միայն ենթադրությունների վրա, եկել է սխալ եզրահանգման ամբաստանյալ Ա.Ղուլյանի մեղավորության մասին:

13. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 14-ին որոշումը` օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 15-ի արդարացման դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

14. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իր դեմ ցուցմունք տված վկաներին հակընդդեմ հարցման (կոնֆրոնտացիայի) ենթարկելու իրավունքի մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: ՈՒստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործերով միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ձևավորման համար:

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ամբաստանյալ Ա.Ղուլյանի կողմից վկա Տ.Ազատյանին գործի դատաքննության ընթացքում հակընդդեմ հարցման ենթարկելու իրավունքի սահմանափակման իրավաչափության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

16. ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի համաձայն` «Հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի`

(...)

4) իր դեմ ցուցմունք տվող անձանց հարցման ենթարկելու իրավունք, կամ որ այդ անձինք ենթարկվեն հարցման, ինչպես նաև, որ իր օգտին ցուցմունք տվող անձինք կանչվեն և հարցաքննվեն նույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված անձինք. (...)»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` «Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.

(...)

դ. հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալու` իր վկաներին կանչելու ու հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները, (...)»:

i

17. Հակընդդեմ հարցման (կոնֆրոնտացիայի) իրավունքը հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձի արդար դատաքննության իրավունքի առանցքային բաղադրիչներից մեկն է: Այն երաշխավորում է մեղադրյալի դեմ ցուցմունք տվող անձանց խաչաձև հարցաքննությունը, որպիսի պայմաններում մեղադրյալը հնարավորություն է ունենում հրապարակային դատաքննության ընթացքում անմիջականորեն լսելու իր դեմ տրվող ցուցմունքը և այդ կապակցությամբ ուղղելու հարցեր ու ստանալու պատասխաններ: Այլ կերպ, հակընդդեմ հարցման իրավունքը քրեական վարույթի արդարացիության ապահովման հիմնարար երաշխիքներից է, որի կենսագործման միջոցով հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձը գործի դատական քննության ընթացքում կարողանում է վիճարկել իր դեմ տրված ցուցմունքը: Այդ գործընթացն առանցքային նշանակություն ունի նաև գործն ըստ էության քննության առնող դատարանի համար, որը ենթադրյալ հանցանք կատարած անձի մեղավորությունը որոշելիս համակողմանի գնահատման է ենթարկում ինչպես վկայի տված ցուցմունքը, այնպես էլ հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձի կողմից վկային ուղղված հարցերի առնչությամբ վերջինիս տրված պատասխանները:

17.1 Հակընդդեմ հարցման իրավունքը կարևորվում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից, որը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ բոլոր ապացույցները սովորաբար պետք է ներկայացվեն դռնբաց դատական քննության ժամանակ մեղադրյալի ներկայությամբ` մրցակցային դատավարության սկզբունքի պահպանմամբ փաստարկներ ներկայացնելու հնարավորությունն ապահովելու համար: Այս սկզբունքն ունի նաև բացառություններ, սակայն դրանք չպետք է խախտեն պաշտպանության կողմի իրավունքները. որպես կանոն, 6-րդ հոդվածի 1-ին կետով և 3-րդ կետի «դ» ենթակետով պահանջվում է, որ ամբաստանյալին համարժեք և պատշաճ հնարավորություն տրվի վկայի` իր դեմ տված ցուցմունքը վիճարկելու կամ իր դեմ ցուցմունք տված վկային հարցաքննելու` վկայի կողմից ցուցմունք տալու ժամանակ կամ հետագա փուլերում5:

_________________________

5 Տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 101-107:

 

Այսինքն` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձևավորված ընդհանուր կանոնը վկաներին գործի դատական քննության ընթացքում հակընդդեմ հարցման ենթարկելն է: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ բոլոր դեպքերում են վկաները ներկայանում դռնբաց դատական քննությանը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մշակել է հետևյալ սկզբունքներն այդ վկաների նախաքննական ցուցմունքների օգտագործման հնարավորությունը գնահատելու համար.

- վկայի չներկայանալու համար պետք է առկա լինի հիմնավոր պատճառ, այսինքն` դատարանը պետք է ունենա հիմնավոր փաստական և իրավական հիմքեր` դատական քննությանը վկայի ներկայությունն ապահովել չկարողանալու համար: Կան մի շարք պատճառներ, թե ինչու վկան չի կարող մասնակցել դատական քննությանը, օրինակ` վկայի մահվան, վրեժխնդրության վախի6, վկային հայտնաբերելու անհնարինության7 կամ այլ պատճառներով: Ընդ որում, այս սկզբունքի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդգծում է, որ նույնիսկ եթե ենթադրվի, որ դատական նիստի ժամանակ վկաներին չհարցաքննելու համար չեն եղել հիմնավոր պատճառներ, ապա դրանց բացակայությունն ինքնին չի կարող վկայել քրեական վարույթի անարդարացիության մասին8,

_________________________

6 Տե՛ս քրեական գործ, հատոր 10-րդ, թերթեր 150-154:

7 Տե՛ս նույն գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը:

8 Տե՛ս Paie v. Croatia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2016 թվականի մարտի 29-ի վճիռը, գանգատ թիվ 47082/12, 34-րդ կետ:

 

- եթե անձին մեղավոր ճանաչելու հիմքում բացառապես կամ հիմնականում դրվել են այն անձի ցուցմունքները, որին մեղադրյալը հնարավորություն չի ունեցել հարցաքննելու կամ որը հարցաքննության չի ենթարկվել նախնական քննության կամ դատաքննության ընթացքում, ապա պաշտպանության կողմի իրավունքները կարող են սահմանափակվել այնքան, որ դա անհամատեղելի կլինի 6-րդ հոդվածով նախատեսված երաշխիքների հետ (այսպես կոչված` «միակ կամ վճռորոշ կանոնը»): Այդ համատեքստում որպես «միակ» պետք է հասկանալ մեղադրյալի դատապարտման հիմքում դրված միակ ցուցմունքը, իսկ «վճռորոշ»-ը պետք է հասկանալ այնպիսի նշանակության կամ կարևորության ցուցմունքը, որը կարող է որոշիչ լինել գործի ելքի համար9,

______________________

9 Տե՛ս Seton v. The United Kingdom գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2016 թվականի մարտի 31-ի վճիռը, գանգատ թիվ 55287/10, 62-րդ կետ:

 

- պետք է ուսումնասիրվի հակակշռող բավարար գործոնների առկայությունը, ինչպես օրինակ` մեղավորությունը հաստատող լրացուցիչ ապացույցների առկայությունը և դատաքննության ժամանակ վկաներին ուղղակիորեն խաչաձև հարցաքննելու հնարավորության բացակայությունը հակակշռելու համար ձեռնարկված դատավարական միջոցները: Ընդ որում, այդ գործոնների առկայությունը պետք է ուսումնասիրվի ոչ միայն այն գործերում, որոնցում չներկայացած վկայի ցուցմունքը միակ կամ վճռորոշ հիմքն է հանդիսացել անձին դատապարտելու համար, այլ նաև այն գործերում, որոնցում դատարանը չի կարողացել հստակ պարզել` արդյոք խնդրո առարկա ցուցմունքը միակը և վճռորոշն է եղել, սակայն, այնուհանդերձ, համոզվել է, որ այն կարևոր նշանակություն է ունեցել, և այն որպես ապացույց ճանաչելը, հնարավոր է սահմանափակել է պաշտպանության կողմի միջոցները10:

______________________

10 Տե՛ս Schatschaschwili v. Germany գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 15-ի վճիռը, գանգատ թիվ 9154/10, 123-124-րդ կետեր:

Նշվածի կապակցությամբ տե՛ս նաև Համայակ Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԼԴ/0212/01/10 որոշման 23-րդ կետը, որտեղ Վճռաբեկ դատարանը գտել է, որ հակընդդեմ հարցման (կոնֆրոնտացիայի) իրավունքով չապահովված ապացույցը մեղադրական դատավճռի հիմքում դնելը քրեադատավարական օրենքի էական խախտում չի կազմի, եթե այդ ապացույցը վճռական կշիռ չունի անձի մեղքը հաստատող ապացույցների զանգվածում:

 

Հակընդդեմ հարցման իրավունքի վերաբերյալ վերոնշյալ երեք տարրերից բաղկացած` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մշակված թեստն ունի առանցքային նշանակություն: Այդ երեք տարրերը փոխկապակցված են միմյանց հետ և հիմք են ծառայում որոշելու համար, թե ընդհանուր առմամբ ապահովվել է քրեական վարույթի արդարացիությունը, թե ոչ11:

 

______________________

11 Տե՛ս Schatschaschwili v. Germany գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 15-ի վճիռը, գանգատ թիվ 9154/10, 116-րդ, 145-րդ կետեր:

 

Վերոնշյալի հետ մեկտեղ պետք է փաստել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ վկան չի հարցաքննվել դատական վարույթի որևէ փուլում, դատաքննության ժամանակ դատարանում ցուցմունք տալու փոխարեն վկայի` նախկինում տված գրավոր ցուցմունքը որպես ապացույց ճանաչելը պետք է լինի ծայրահեղ միջոց12: Այդ հանգամանքը մշտապես ընդգծվել է նաև ընդդեմ Հայաստանի Հանրապետության կայացված մի շարք վճիռներում13:

______________________

12 Տե՛ս Al-Khawaja and Tahery v. The United Kingdom գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 15-ի վճիռը, գանգատներ թիվ 26766/05 և 22228/06, 125-րդ կետ:

13 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Ter-Sargsyan v. Armenia գործով 2016 թվականի հոկտեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 27866/10, Avetisyan v. Armenia գործով 2016 թվականի նոյեմբերի 10-ի վճիռը, գանգատ թիվ 13479/11, Asatryan v. Armenia գործով 2017 թվականի ապրիլի 27-ի վճիռը, գանգատ թիվ 3571/09, Dadayan v. Armenia գործով 2018 թվականի սեպտեմբերի 18-ի վճիռը, գանգատ թիվ 14078/12 և այլն:

 

18. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ արդար դատաքննության երաշխիքների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանցից օգտվելը մեղադրյալի իրավունքն է, ով կարող է նաև իր դրսևորած վարքագծով հրաժարվել դրանցից: Այսպես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի ո՛չ բառացի և ո՛չ էլ իմաստային մեկնաբանությունը չեն արգելում անձին արդար դատաքննության երաշխիքներից իր ազատ կամքով, կա՛մ բացահայտ, կա՛մ ենթադրաբար հրաժարվելը: Այնուամենայնիվ, այդպիսի հրաժարումը, եթե այն արդյունավետ է Եվրոպական կոնվենցիայի նպատակների համար, պետք է հաստատվի միանշանակ կերպով և ապահովվի նվազագույն երաշխիքներով, ըստ կարևորության: Ի հավելումն, այն չպետք է հակասի որևէ կարևոր հանրային շահի14:

_____________________

14 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Hermi v. Italy գործով 2006 թվականի հոկտեմբերի 16-ի վճիռը, գանգատ թիվ 18114/02, 74-րդ կետ, Sejdovic v. Italy գործով 2006 թվականի մարտի 1-ի վճիռը, գանգատ թիվ 56581/00, 87-րդ կետ:

 

Վերոգրյալի հետ մեկտեղ, ընդունելի համարելով, որ մեղադրյալն իր վարքագծով կարող է նաև անուղղակիորեն հրաժարվել Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված կարևոր իրավունքից, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պահանջում է հիմնավորել, որ անձը կարող էր ողջամտորեն կանխատեսել, թե որոնք կլինեին իր վարքագծի հետևանքները15:

_____________________

15 Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը:

 

19. Նախորդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ երաշխիքների կենսագործման իրավաչափությունը գնահատելիս առանցքային նշանակություն ունի նաև հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձի վարքագիծը: Այսպես, օրինակ, ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, դատաքննությունն in absentia (բացակայությամբ դատապարտված անձի) անցկացնելը համահունչ է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածին, եթե հաստատվել է, որ անձը հրաժարվել է դատաքննությանը ներկա գտնվելու և իրեն պաշտպանելու իրավունքից, կամ որ մտադիր է եղել խուսափել դատաքննությունից16:

_____________________

16 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

 

19.1 Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հակընդդեմ հարցման (կոնֆրոնտացիայի) իրավունքի կենսագործման իրավաչափությունը և քրեական վարույթի արդարացիությունը գնահատելիս ևս կարևոր նշանակություն ունի հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձի վարքագիծը:

Մասնավորապես, մի շարք դեպքերում անձի` իր դեմ ցուցմունք տված վկաներին հակընդդեմ հարցման ենթարկելու իրավունքը կարող է սահմանափակվել նաև հանցագործության մեջ մեղադրվող անձի վարքագծի արդյունքում: Օրինակ` վրա հասնող հետևանքների ծավալը գիտակցելով, արագացված դատաքննության կարգի կիրառման միջնորդություն ներկայացնելու իրավունքից օգտվելու դեպքում, երբ անձը բացահայտ հրաժարվում է իր դեմ ցուցմունք տված անձանց հակընդդեմ հարցման ենթարկելու իր իրավունքից:

Միևնույն ժամանակ, գործնականում կարող են լինել իրավիճակներ, երբ հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձն իր ոչ իրավաչափ վարքագծով նվազեցնի կամ նույնիսկ անհնարին դարձնի հակընդդեմ հարցման իրավունքի կենսագործման հնարավորությունը: Այսպես, այն դեպքերում, երբ հանցագործության մեջ մեղադրվող անձն իմացել է կամ օբյեկտիվորեն պետք է իմանար իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին, սակայն տևական ժամանակ թաքնվել է վարույթն իրականացնող մարմնից և գտնվել հետախուզման մեջ, ապա այդ ժամանակահատվածում վկաները ողջամտորեն կարող են մահանալ կամ հեռանալ երկրից այնպիսի անհայտ հասցեով, որը հնարավոր չլինի պարզել և միջազգային իրավական օգնության շրջանակներում ապահովել հանցագործության մեջ մեղադրվող անձի հակընդդեմ հարցման իրավունքի իրացումը:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ թեև նշված հանգամանքները չեն կարող վկայել այն մասին, որ հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձի թաքնվելու և հետախուզման մեջ գտնվելու հանգամանքներն ինքնին բավարար են անվերապահ եզրահանգում անելու համար, որ անձը զրկվել է հակընդդեմ հարցման իր իրավունքից, սակայն գործի փաստական հանգամանքների համատեքստում դրանք կարող են ունենալ ծանրակշիռ նշանակություն վկայի նախաքննական ցուցմունքի օգտագործման նպատակով հակակշռող գործոնների առկայությունը, ինչպես նաև ընդհանուր առմամբ վարույթի արդարացիությունը գնահատելիս: Այդ համատեքստում էական կարող են լինել այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են օրինակ` անձի` իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին տեղեկացված լինելու, քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և հետախուզման մեջ գտնվելու ժամանակահատվածի տևողության, վարույթին պաշտպանի ներգրավվածության, անձի հայտնաբերման և վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ հայտնվելու հանգամանքների և գործի այլ փաստական տվյալների գնահատումը, որոնք կարող են վկայել այն մասին, որ հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձը ողջամտորեն կանխատեսելով վրա հասնող հետևանքների բնույթը` իր ոչ իրավաչափ վարքագծով իրեն ենթադրաբար զրկել է իր դեմ ցուցմունք տված անձանց հակընդդեմ հարցման ենթարկելու հնարավորությունից: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված հանգամանքների հաշվառմամբ հակընդդեմ հարցման իրավունքի սահմանափակման փաստը հաստատելիս դատարանները բոլոր դեպքերում պետք է փաստական տվյալների վկայակոչմամբ համոզիչ կերպով հիմնավորեն, որ դատաքննությանը չներկայացած վկայի նախաքննական ցուցմունքների օգտագործման պայմաններում ընդհանուր առմամբ չի խախտվում քրեական վարույթի արդարացիությունը:

20. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- Առաջին ատյանի դատարանը դատաքննության ընթացքում 2016 թվականի օգոստոսի 12-ին, օգոստոսի 23-ին, սեպտեմբերի 5-ին ծանուցագրեր է ուղարկել վկա Տ.Ազատյանի հասցեով, որոնք ետ են վերադարձվել «տեղափոխված» նշումով, 2016 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն կատարված հարցմամբ պարզվել է, որ 2014 թվականի օգոստոսի 18-ին Տ. Ազատյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն17,

__________________________

17 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

 

- Առաջին ատյանի դատարանը, քննության առնելով վկա Տ.Ազատյանի նախաքննական ցուցմունքներն անթույլատրելի ճանաչելու և ապացույցների շարքից հանելու մասին Ա.Ղուլյանի պաշտպանի միջնորդությունը` գտել է, որ վկայի` նախաքննության ընթացքում տված և դատաքննության ընթացքում հրապարակված ցուցմունքները պետք է հանել դատավճռի հիմքում դրվող ապացույցների շարքից` հաշվի առնելով, որ քրեական գործի դատաքննության ընթացքում ձեռնարկվել են ողջամիտ բոլոր ջանքերը վկայի ներկայությունն ապահովելու համար, սակայն չի հաջողվել, իսկ վերջինիս նախաքննական ցուցմունքը վճռորոշ ապացույց է մեղքը հաստատող ապացույցների զանգվածում18,

__________________________

18 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

 

- Ի հակադրումն դրա, Վերաքննիչ դատարանը, հերքելով Տ.Ազատյանի` դատարանում հրապարակված նախաքննական ցուցմունքներն անթույլատրելի ապացույց ճանաչելու մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունները, նշել է, որ նախաքննության ընթացքում Տ.Ազատյանը տարբեր ժամանակներ տվել է բացատրություն, ցուցմունք, այնուհետև` երկու լրացուցիչ ցուցմունք ու այդ ընթացքում գտնվել է Հայաստանի Հանրապետությունում, մինչդեռ ամբաստանյալ Ա.Ղուլյանը շուրջ ութ տարի թաքնվել է քննությունից և գտնվել հետախուզման մեջ: Վերաքննիչ դատարանը գտել է, որ նման պայմաններում ամբաստանյալ Ա.Ղուլյանն ինքն իրեն զրկել է հակընդդեմ հարցման իրավունքից, քանի որ երբ վերջինս ինքնակամ ներկայացել է, վկա Տ.Ազատյանը եղել է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, իսկ դատաքննության ընթացքում ձեռնարկվել են ողջամիտ բոլոր ջանքերը` Տ.Ազատյանի ներկայությունն ապահովելու համար, ինչը, սակայն, չի հաջողվել19:

__________________________

19 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Ter-Sargsyan v. Armenia գործով 2016 թվականի հոկտեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 27866/10, 51-րդ կետ:

 

21. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 16-19-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանների իրարամերժ հետևությունները հիմնված չեն գործի փաստական հանգամանքների մանրամասն վերլուծության վրա:

Մասնավորապես` Առաջին ատյանի դատարանը, քննարկելով պաշտպանական կողմի միջնորդությունը` վկա Տ.Ազատյանի նախաքննական ցուցմունքն ապացույցների շարքից հանելու վերաբերյալ, բավարարել է այն և անթույլատրելի ճանաչել այդ ցուցմունքը` պատճառաբանելով, թե քրեական գործի դատաքննության ընթացքում ձեռնարկվել են ողջամիտ բոլոր ջանքերը վկայի ներկայությունն ապահովելու համար, ինչը սակայն չի հաջողվել, իսկ վերջինիս նախաքննական ցուցմունքը վճռորոշ ապացույց է մեղքը հաստատող ապացույցների զանգվածում: Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը համոզիչ չի համարում նշված պատճառաբանությունը և գտնում, որ այն հիմնավոր չի կարող լինել վկային չհարցաքննելու և նրա ցուցմունքները ապացուցողական զամբյուղից հանելու համար: Այսպես, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մինչ այդ եզրահանգման հանգելն Առաջին ատյանի դատարանը չի ձեռնարկել բավարար միջոցներ վկային հակընդդեմ հարցման ենթարկելու իրավունքի ապահովման համար: Այլ կերպ, դատարանը չի սպառել ողջամտորեն անհրաժեշտ միջոցները` վկայի գտնվելու վայրը պարզելու և նրան հակընդդեմ հարցման ենթարկելու համար: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների համաձայն` այն փաստը, որ ներպետական դատարանները չեն կարողացել պարզել տվյալ վկայի գտնվելու վայրը կամ այն փաստը, որ վկան բացակայել է այն երկրից, որտեղ իրականացվել է գործով վարույթը, ինքնին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի պահանջների տեսանկյունից բավարար չէ: Այդ պահանջների համաձայն` Պայմանավորվող պետությունները պետք է դրական քայլեր ձեռնարկեն` մեղադրյալին հնարավորություն ընձեռելով հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության20: Այդ քայլերը Պայմանավորվող պետությունների կողմից կատարման ենթակա այն պարտավորությունների մաս են կազմում, որոնք ուղղված են Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված իրավունքներից արդյունավետորեն օգտվելու հնարավորությունն ապահովելուն21:

____________________

20 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 27-29, 34-36, 91-94, հատոր 2-րդ թերթեր 17-19, 149-151:

21 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Gabrielyan v. Armenia գործով 2012 թվականի ապրիլի 10-ի վճիռը, գանգատ թիվ 8088/05, 81-րդ կետ:

 

Առաջին ատյանի դատարանը թեև որոշակի քայլեր ձեռնարկել է վկա Տ.Ազատյանին գտնելու և նրան հակընդդեմ հարցման ենթարկելու համար, սակայն Վճռաբեկ դատարանի համոզմամբ հնարավոր բոլոր միջոցները չեն ձեռնարկվել: Ինչպես նշել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը` Տեր-Սարգսյանն ընդդեմ Հայաստանի գործով22, տվյալ դեպքում ևս, Առաջին ատյանի դատարանը կարող էր դիմել միջազգային իրավական օգնության` «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թվականի հունվարի 22-ի Մինսկի կոնվենցիայի հիման վրա, որի մասնակից են և՛ Հայաստանի Հանրապետությունը, և՛ Ռուսաստանի Դաշնությունը:

_____________________

22 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Ter-Sargsyan v. Armenia գործով 2016 թվականի հոկտեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 27866/10, 51-րդ կետ:

 

Բացի այդ, Առաջին ատյանի դատարանի կողմից համակողմանի գնահատման չեն ենթարկվել հակակշռող գործոնների առկայությունը, դրանց բավարարությունը: Այսինքն` չի ուսումնասիրվել վկա Տ.Ազատյանին ուղղակիորեն խաչաձև հարցաքննելու հնարավորության բացակայությունը հակակշռելու համար դատավարական միջոցների առկայությունը:

Ավելին, վկա Տ.Ազատյանին հակընդդեմ հարցման ենթարկելու իրավունքի ապահովման համատեքստում Առաջին ատյանի դատարանը նաև պատշաճ իրավական գնահատման չի ենթարկել ամբաստանյալ Ա.Ղուլյանի վարքագիծը: Մասնավորապես, դատարանը չի վերլուծել և ուշադրության չի արժանացրել Ա.Ղուլյանի` վարույթն իրականացնող մարմնից տևական ժամանակ թաքնվելու և հետախուզման մեջ գտնվելու հանգամանքները` քննարկման առարկա չդարձնելով նաև այդ պայմաններում հակակշռող գործոնների, ընդհանուր առմամբ քրեական վարույթի արդարացիության ապահովման երաշխիքների առկայությունը` վկա Տ.Ազատյանի նախաքննական ցուցմունքի օգտագործման դեպքում:

Վերաքննիչ դատարանը, ի հակառակ Առաջին ատյանի դատարանի եզրահանգման, հիմնվելով բացառապես ամբաստանյալի քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և հետախուզման մեջ գտնվելու հանգամանքների վրա, անվերապահորեն եզրահանգել է, որ վկա Տ.Ազատյանի նախաքննական ցուցմունքները պետք է դնել ամբաստանյալ Ա.Ղուլյանի մեղքը հաստատող դատական ակտի հիմքում: Ընդ որում, Վերաքննիչ դատարանն առանց պատշաճ իրավական գնահատման ենթարկելու Առաջին ատյանի դատարանի կողմից վկա Տ.Ազատյանին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցները` վկայի բացակայությունը համարել է հարգելի: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ վկա Տ.Ազատյանի նախաքննական ցուցմունքը վճռորոշ ապացույց չէ ամբաստանյալի մեղքը հաստատող ապացույցների զանգվածում: Այդ կապակցությամբ Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է արտահայտում Վերաքննիչ դատարանի պնդման հետ և արձանագրում, որ թեև վկա Տ.Ազատյանի նախաքննական ցուցմունքը միակը չի եղել, որի հիման վրա Վերաքննիչ դատարանը մեղավոր է ճանաչել Ա.Ղուլյանին, սակայն այն վճռորոշ է եղել վերջինիս մեղավոր ճանաչելու հիմքում դրվող ապացուցողական զամբյուղում: Մասնավորապես, վկա Տ.Ազատյանի ցուցմունքն այն առանցքային փաստական տվյալներից է, որն ունի որոշիչ նշանակություն ամբաստանյալ Ա.Ղուլյանի մեղավորությունը հիմնավորելու համար:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանն ամբաստանյալի` վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և հետախուզման մեջ գտնվելու հանգամանքների համատեքստում ևս գնահատման չի ենթարկել հակակշռող գործոնների, ընդհանուր առմամբ քրեական վարույթի արդարացիության ապահովման երաշխիքների առկայությունը` վկա Տ.Ազատյանի նախաքննական ցուցմունքի օգտագործման դեպքում:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ամբաստանյալ Ա.Ղուլյանի կողմից վկա Տ.Ազատյանին գործի դատաքննության ընթացքում հակընդդեմ հարցման ենթարկելու իրավունքի սահմանափակման իրավաչափության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն:

22. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` իր դեմ ցուցմունք տված վկաներին հակընդդեմ հարցման ենթարկելու (կոնֆրոնտացիայի) իրավունքի պահանջները, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի հիման վրա հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան` նոր քննության ուղարկելու համար, որի պայմաններում միայն կարող է ապահովվել գործում առկա ապացույցների գնահատման, դրանց թույլատրելիության և վերաբերելիության հարցերի ողջ ծավալով քննությունը, այդ թվում` սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ վկա Տ.Ազատյանի նախաքննական ցուցմունքների օգտագործման իրավաչափության վերաբերյալ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Արտուշ Վլադիմիրի Ղուլյանի վերաբերյալ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 15-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 14-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Ամբաստանյալ Ա.Ղուլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, թողնել անփոփոխ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

նախագահող` Լ. Թադևոսյան

դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Հատուկ կարծիք հայտնած դատավորներ` Ս. Ավետիսյան

Ս. Օհանյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հատուկ կարծիք

 

Դատավորներ` Սերժիկ Ավետիսյան

Սամվել Օհանյան

 

    2018 թվականի նոյեմբերի 15-ին               ք. Երևանում

 

Ամբաստանյալ Արտուշ Վլադիմիրի Ղուլյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի (այսուհետ` Վճռաբեկ դատարան)` 2018 թվականի նոյեմբերի 15-ի որոշման եզրափակիչ մասի վերաբերյալ.

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2007 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում հարուցվել է թիվ 62207607 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Նախաքննության մարմնի` 2007 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմամբ Արտուշ Վլադիմիրի Ղուլյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի` 2007 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմամբ Ա.Ղուլյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով: Նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննության մարմնի` 2008 թվականի մայիսի 30-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կասեցվել է` մինչև հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի հայտնաբերումը:

2015 թվականի ապրիլի 10-ին Ա.Ղուլյանը կամովին ներկայացել է ՀՀ ոստիկանության Երևանի վարչության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի բաժին: Նախաքննության մարմնի` 2015 թվականի ապրիլի 11-ի որոշմամբ քրեական գործով վարույթը վերսկսվել է:

2015 թվականի ապրիլի 11-ին Ա.Ղուլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

2015 թվականի հուլիսի 18-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի փետրվարի 12-ի դատավճռով Ա.Ղուլյանը ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացվել է` արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

3. Մեղադրող Ա.Շահբազյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2016 թվականի ապրիլի 21-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակիորեն, բեկանել է Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի փետրվարի 12-ի դատավճիռը, և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

4. Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ ամբաստանյալ Ա.Ղուլյանի պաշտպան Ա.Խաչատրյանի վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության` սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու պատճառաբանությամբ:

5. Գործի նոր քննության արդյունքում Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 15-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում ճանաչվել և հռչակվել է ամբաստանյալ Ա.Ղուլյանի անմեղությունը` արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

6. Մեղադրող Ա.Շահբազյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2017 թվականի սեպտեմբերի 14-ի որոշմամբ բողոքը բավարարել է, բեկանել է Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 15-ի դատավճիռը, Ա.Ղուլյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և պատիժ նշանակել ազատազրկում` 7 (յոթ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կիրառմամբ` նշանակված պատժին հաշվակցվել է 2015 թվականի ապրիլի 10-ից մինչև 2016 թվականի փետրվարի 12-ն անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը, և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 6 (վեց) տարի 1 (մեկ) ամիս 28 (քսանութ) օր ժամկետով:

7. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 14-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ա.Ղուլյանի պաշտպան Ա.Խաչատրյանը:

Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի փետրվարի 8-ի որոշմամբ ամբաստանյալ Ա.Ղուլյանի պաշտպան Ա.Խաչատրյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

8. Վճռաբեկ դատարանի 2018 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ պաշտպանի վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն: Ամբաստանյալ Արտուշ Վլադիմիրի Ղուլյանի վերաբերյալ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 15-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 14-ի որոշումը բեկանվել և գործն ուղարկվել է ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության: Ամբաստանյալ Ա.Ղուլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, թողնվել է անփոփոխ:

9. Վերոհիշյալ որոշման եզրափակիչ մասի դեմ Հատուկ կարծիքի են մնացել դատավորներ Ս.Ավետիսյանը և Ս.Օհանյանը:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

10. Արտուշ Ղուլյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա` «(...) 2006թ. մայիսի 6-ից աշխատելով ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշենի մաքսակետում` որպես պետի տեղակալ, ի պաշտոնե հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ` դրամի ձևով ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառք` կաշառք տվողի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար:

Այսպես, Արտուշ Ղուլյանը Հովսեփ Ներսիսյանի և Տիգրան Ազատյանի կողմից անհատ ձեռնարկատեր Ամալյա Ադամյանի անվամբ Իտալիայից և Ֆրանսիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող օծանելիքը մաքսակետում Տիգրան Ազատյանի` որպես անհատի, անվամբ վերաձևակերպելու, անվանափոխելու և մաքսազերծելու համար 2007թ. հոկտեմբերի 14-ին նրանցից պահանջել և նույն օրը` ժամը 18:00-ի սահմաններում, իր աշխատասենյակում Հովսեփ Ներսիսյանից անձամբ ստացել է 1.746.990 ՀՀ դրամին համարժեք 5250 ԱՄՆ դոլար կաշառք, որից հետո նրա հանձնարարությամբ կատարվել են ներմուծվող ապրանքի մաքսային ձևակերպման հետ կապված գործողությունները (...)»1:

________________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 111:

 

11. Ա.Ղուլյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված են հետևյալ ապացույցները2.

________________________

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 137-147:

 

11.1. Վկաներ` Հովսեփ Ներսիսյանի, Տիգրան Ազատյանի, Գագիկ Մելիքսեթյանի, Բագրատաշենի մաքսակետի աշխատակիցներ` Հովիկ Աբովյանի, Արծրուն Ալեքսանյանի, Հայկ Հովսեփյանի ցուցմունքները:

11.2. Կաշառք տված անձ` Հովսեփ Ներսիսյանի և Ա.Ղուլյանի առերես հարցաքննության արձանագրությունը:

11.3. Ապացույց ճանաչված մաքսային հայտարարագրերը, մաքսավճարի գանձման թիվ 582087 անդորրագիրը, մաքսային գանձումների բյուջե փոխանցման 528297 հանձնարարականը, ապրանքի համապատասխանության թիվ 025747 սերտիֆիկատը, գումարի գանձման վերաբերյալ դրամարկղի թիվ R2929 անդորրագիրը, որոնցով հաստատվել է 2007 թվականի հոկտեմբերի 14-ին Բագրատաշենի մաքսակետում Տիգրան Ազատյանի անվամբ ներմուծվող` 13.912.231 ՀՀ դրամ մաքսային արժեքով ապրանքներ ներմուծելու, դրանք մաքսային ձևակերպման ենթարկելու և մաքսազերծելու, ինչպես նաև համապատասխան չափով մաքսավճարները մաքսակետի դրամարկղում կանխիկ վճարելու հանգամանքը:

Որպես ապացույց ճանաչված այլ փաստաթղթեր` դիմումներ, բեռնագրեր, հաշիվ-ապրանքներ, և այլ տվյալներ3:

________________________

3 Հատուկ կարծիքում ապացույցների բովանդակությունը չի շարադրվում այն պատճառաբանությամբ, որ Վճռաբեկ դատարանը Ա.Ղուլյանի մեղավորության կամ անմեղության հարցին չի անդրադարձել:

 

12. Առաջին ատյանի դատարանը դատաքննության ընթացքում 2016 թվականի օգոստոսի 12-ին, օգոստոսի 23-ին, սեպտեմբերի 5-ին ծանուցագրեր է ուղարկել վկա Տ.Ազատյանի հասցեով, որոնք ետ են վերադարձվել «տեղափոխված» նշումով, 2016 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն կատարված հարցմամբ պարզվել է, որ 2014 թվականի օգոստոսի 18-ին Տ.Ազատյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն4:

________________________

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 33, 63, 88, 115, հատոր 8-րդ, թերթեր 2-4:

 

13. Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 15-ի դատավճռի համաձայն` «(...) Քննության առնելով ամբաստանյալ Արտուշ Վլադիմիրի Ղուլյանի պաշտպան Արմեն Խաչատրյանի միջնորդությունը, որով նա դատարանին խնդրել է վկա Տիգրան Ազատյանի նախաքննական ցուցմունքները ճանաչել անթույլատրելի ապացույց և հանել ապացույցների շարքից` նկատի ունենալով, որ պաշտպանական կողմը ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում զրկված է եղել վկային հարցաքննելու հնարավորությունից, որպիսի պատճառաբանությամբ պաշտպանական կողմը գտնում է, որ հակընդդեմ հարցման իրավունքով (կոնֆրոնտացիայով) չապահովված փաստական տվյալը չի կարող համարվել ապացույց և դրվել մեղադրանքի հիմքում, դատարանն (...) արձանագրում է, որ սույն քրեական գործի դատաքննության ընթացքում ձեռնարկվել են ողջամիտ բոլոր ջանքերը վկա Տիգրան Ազատյանի ներկայությունն ապահովելու համար, միաժամանակ դատարանին տրամադրվել է տեղեկատվություն այն մասին, որ 10.02.2015թ. հարուցված թիվ 61203915 քրեական գործով 29.12.2015թ. Տիգրան Հուսիկի Ազատյանը ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ, նույն օրը որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին և քրեական գործի վարույթը կասեցվել է: Ձեռնարկվել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Միաժամանակ դատարանը փաստում է, որ վկա Տիգրան Ազատյանի նախաքննական ցուցմունքը վճռորոշ ապացույց է մեղքը հաստատող ապացույցների զանգվածում: Նման պայմաններում (...) դատարանը գտնում է, որ սույն քրեական գործով վկա Տիգրան Հուսիկի Ազատյանի նախաքննության ընթացքում տված և դատաքննության ընթացքում հրապարակված ցուցմունքները պետք է հանել դատավճռի հիմքում դրվող ապացույցների շարքից վերը շարադրված պատճառաբանություններով:

(...)

Դատարանը սույն գործի փաստերը վերլուծելով ՀՀ վճռաբեկ դատարանի (...) որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո գալիս է այն համոզման, որ սույն գործի դատաքննության ընթացքում ձեռք չի բերվել հավաստի ապացույցների այնպիսի բավարար համակցություն, որը դատարանին հնարավորություն կտար հաստատող պատասխաններ տալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ից 4-րդ կետերին, մասնավորապես ապացուցված է արդյոք արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է ամբաստանյալը, այդ արարքը համապատասխանում է արդյոք քրեական օրենսգրքի հատուկ մասի նորմերի հատկանիշներին, ապացուցված է արդյոք ամբաստանյալի կողմից այդ արարքը կատարելը և ապացուցված է արդյոք ամբաստանյալի մեղավորությունը տվյալ հանցանքը կատարելու մեջ և, եթե այո, ապա քրեական օրենսգրքի որ հոդվածով, մասով, կետով է այն նախատեսված (...)»5:

_________________________

5 Տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 101-107:

 

14. Վերաքննիչ դատարանը 2017 թվականի սեպտեմբերի 14-ի որոշմամբ փաստել է. «(...) նախաքննության ընթացքում Տիգրան Ազատյանը 16.10.2007թ. տվել է բացատրություն, 17.10.2007թ. ցուցմունք, այնուհետև` 18.12.2007թ. և 28.02.2008թ. լրացուցիչ ցուցմունքներ ու այդ ընթացքում գտնվել է ՀՀ-ում, այնինչ ամբաստանյալը 22.10.2007թ. մինչև 11.04.2015թ. թաքնվել է քննությունից և գտնվել է հետախուզման մեջ: Հետագայում, երբ ամբաստանյալը ինքնակամ ներկայացել է, Տիգրան Ազատյանը եղել է ՀՀ-ի սահմաններից դուրս, ուստի ստացվում է, որ հետախուզման մեջ գտնվելու ժամանակահատվածում ամբաստանյալը ինքն իրեն զրկել է հակընդդեմ հարցման իրավունքից: Իսկ հետագայում` դատաքննության ընթացքում, ձեռնարկվել են ողջամիտ բոլոր ջանքերը` Տիգրան Ազատյանի ներկայությունն ապահովելու համար (դա նշել է նաև Դատարանը), ինչը սակայն չի հաջողվել, ուստի տվյալ դեպքում վերջինիս բացակայությունը պետք է համարել հարգելի: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանի եզրահանգումն այն մասին, որ Տիգրան Ազատյանի նախաքննական ցուցմունքը վճռորոշ ապացույց է մեղքը հաստատող ապացույցների զանգվածում անհիմն է, քանի որ բացի դրանից սույն քրեական գործում առկա են այլ ապացույցներ, որոնք վկայում են Արտուշ Ղուլյանի կողմից իրեն վերագրվող արարքը կատարելու մասին:

(...)

Այսպիսով, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում վերլուծելով գործով ձեռք բերված ապացույցները, մասնավորապես` վկա Գագիկ Մելիքսեթյանի դատաքննական, վկաներ` Հովսեփ Նիկոլայի Ներսիսյանի, Հայկ Վրեժի Հովսեփյանի, Արծրուն Արտոյի Ալեքսանյանի, Տիգրան Հուսիկի Ազատյանի, Հովիկ Արամայիսի Աբովյանի նախաքննական ցուցմունքները, Հովսեփ Նիկոլայի Ներսիսյանի և Արտուշ Վլադիմիրի Ղուլյանի միջև առերես հարցաքննության արձանագրությունը և որպես այլ փաստաթուղթ ճանաչված ապացույցները, դրանք գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ, Վերաքննիչ դատարանը հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված է համարում, որ Արտուշ Ղուլյանը Հովսեփ Ներսիսյանի և Տիգրան Ազատյանի կողմից անհատ ձեռնարկատեր Ամալյա Ադամյանի անվամբ Իտալիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող օծանելիքը մաքսակետում Տիգրան Ազատյանի` որպես անհատի անվամբ վերաձևակերպելու, անվանափոխելու և մաքսազերծելու համար 2007թ. հոկտեմբերի 14-ին նրանցից պահանջել և նույն օրը` ժամը 18:00-ի սահմաններում, իր աշխատասենյակում Հովսեփ Ներսիսյանից անձամբ ստացել է 5.250 (հինգ հազար երկու հարյուր հիսուն) ԱՄՆ դոլար կաշառք, որից հետո նրա հանձնարարությամբ կատարվել են ներմուծվող ապրանքի մաքսային ձևակերպման հետ կապված գործողությունները (...)» (6):

________________________

6) Տե՛ս քրեական գործ, հատոր 10-րդ, թերթեր 150-154:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

15. Բողոքաբերի կարծիքով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` դատավարական իրավունքի նորմերի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա, մասնավորապես «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված ամբաստանյալի` արդար դատաքննության իրավունքի բաղադրատարրը կազմող հակընդդեմ հարցման իրավունքը: Վերաքննիչ դատարանը բացակա վկայի ցուցմունքը դրել է Ա.Ղուլյանի մեղադրանքի հիմքում` այն հիմնավորմամբ, որ Ա.Ղուլյանը, թաքնվելով քննությունից, ինքն իրեն զրկել է վկայի հետ առերես հարցաքննվելու հնարավորությունից:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, հիմնվելով միայն նախաքննական ցուցմունքների վրա, իրականացրել է գործի քննության ընթացքում հետազոտված ապացույցների սխալ գնահատում և ուշադրություն չի դարձրել գործում առկա ապացույցներին, ինչպես նաև նախաքննության և դատաքննության փուլում տրված ցուցմունքների միջև եղած հակասություններին:

Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 14-ին որոշումը` օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 15-ի արդարացման դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության դիրքորոշումը և եզրահանգումը.

16. Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ իր դեմ ցուցմունք տված վկաներին հակընդդեմ հարցման (կոնֆրոնտացիայի) ենթարկելու իրավունքի մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: ՈՒստի անհրաժեշտ է համարել սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործերով միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ձևավորման համար:

Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ամբաստանյալ Ա.Ղուլյանի կողմից վկա Տ.Ազատյանին գործի դատաքննության ընթացքում հակընդդեմ հարցման ենթարկելու իրավունքի սահմանափակման իրավաչափության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

Վճռաբեկ դատարանի եզրահանգումներն հիմնականում հանգում են հետևյալի.

(...)

16.1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձևավորված ընդհանուր կանոնը վկաներին գործի դատական քննության ընթացքում հակընդդեմ հարցման ենթարկելն է: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ բոլոր դեպքերում են վկաները ներկայանում դռնբաց դատական քննությանը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մշակել է հետևյալ սկզբունքներն այդ վկաների նախաքննական ցուցմունքների օգտագործման հնարավորությունը գնահատելու համար.

- վկայի չներկայանալու համար պետք է առկա լինի հիմնավոր պատճառ, այսինքն` դատարանը պետք է ունենա հիմնավոր փաստական և իրավական հիմքեր` դատական քննությանը վկայի ներկայությունն ապահովել չկարողանալու համար: Կան մի շարք պատճառներ, թե ինչու վկան չի կարող մասնակցել դատական քննությանը, օրինակ` վկայի մահվան, վրեժխնդրության վախի7, վկային հայտնաբերելու անհնարինության8 կամ այլ պատճառներով: Ընդ որում, այս սկզբունքի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդգծում է, որ նույնիսկ եթե ենթադրվի, որ դատական նիստի ժամանակ վկաներին չհարցաքննելու համար չեն եղել հիմնավոր պատճառներ, ապա դրանց բացակայությունն ինքնին չի կարող վկայել քրեական վարույթի անարդարացիության մասին9,

_______________________

7 Տե՛ս նույն գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը:

8 Տե՛ս Paie v. Croatia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2016 թվականի մարտի 29-ի վճիռը, գանգատ թիվ 47082/12, 34-րդ կետ:

9 Տե՛ս Seton v. The United Kingdom գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2016 թվականի մարտի 31-ի վճիռը, գանգատ թիվ 55287/10, 62-րդ կետ:

 

- եթե անձին մեղավոր ճանաչելու հիմքում բացառապես կամ հիմնականում դրվել են այն անձի ցուցմունքները, որին մեղադրյալը հնարավորություն չի ունեցել հարցաքննելու կամ որը հարցաքննության չի ենթարկվել նախնական քննության կամ դատաքննության ընթացքում, ապա պաշտպանության կողմի իրավունքները կարող են սահմանափակվել այնքան, որ դա անհամատեղելի կլինի 6-րդ հոդվածով նախատեսված երաշխիքների հետ (այսպես կոչված` «միակ կամ վճռորոշ կանոնը»): Այդ համատեքստում որպես «միակ» պետք է հասկանալ մեղադրյալի դատապարտման հիմքում դրված միակ ցուցմունքը, իսկ «վճռորոշ»-ը պետք է հասկանալ այնպիսի նշանակության կամ կարևորության ցուցմունքը, որը կարող է որոշիչ լինել գործի ելքի համար10,

______________________

10 Տե՛ս Schatschaschwili v. Germany գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 15-ի վճիռը, գանգատ թիվ 9154/10, 123-124-րդ կետեր:

 

- պետք է ուսումնասիրվի հակակշռող բավարար գործոնների առկայությունը, ինչպես օրինակ` մեղավորությունը հաստատող լրացուցիչ ապացույցների առկայությունը և դատաքննության ժամանակ վկաներին ուղղակիորեն խաչաձև հարցաքննելու հնարավորության բացակայությունը հակակշռելու համար ձեռնարկված դատավարական միջոցները: Ընդ որում, այդ գործոնների առկայությունը պետք է ուսումնասիրվի ոչ միայն այն գործերում, որոնցում չներկայացած վկայի ցուցմունքը միակ կամ վճռորոշ հիմքն է հանդիսացել անձին դատապարտելու համար, այլ նաև այն գործերում, որոնցում դատարանը չի կարողացել հստակ պարզել` արդյոք խնդրո առարկա ցուցմունքը միակը և վճռորոշն է եղել, սակայն, այնուհանդերձ, համոզվել է, որ այն կարևոր նշանակություն է ունեցել, և այն որպես ապացույց ճանաչելը, հնարավոր է սահմանափակել է պաշտպանության կողմի միջոցները11:

______________________

11 Տե՛ս Schatschaschwili v. Germany գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 15-ի վճիռը, գանգատ թիվ 9154/10, 116-րդ, 145-րդ կետեր:

 

16.2. Վերոնշյալի հետ մեկտեղ պետք է փաստել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ վկան չի հարցաքննվել դատական վարույթի որևէ փուլում, դատաքննության ժամանակ դատարանում ցուցմունք տալու փոխարեն վկայի` նախկինում տված գրավոր ցուցմունքը որպես ապացույց ճանաչելը պետք է լինի ծայրահեղ միջոց12: Այդ հանգամանքը մշտապես ընդգծվել է նաև ընդդեմ Հայաստանի Հանրապետության կայացված մի շարք վճիռներում13:

______________________

12 Տե՛ս Al-Khawaja and Tahery v. The United Kingdom գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 15-ի վճիռը, գանգատներ թիվ 26766/05 և 22228/06, 125-րդ կետ:

13 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Ter-Sargsyan v. Armenia գործով 2016 թվականի հոկտեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 27866/10, Avetisyan v. Armenia գործով 2016 թվականի նոյեմբերի 10-ի վճիռը, գանգատ թիվ 13479/11, Asatryan v. Armenia գործով 2017 թվականի ապրիլի 27-ի վճիռը, գանգատ թիվ 3571/09, Dadayan v. Armenia գործով 2018 թվականի սեպտեմբերի 18-ի վճիռը, գանգատ թիվ 14078/12 և այլն:

 

16.3. Արդար դատաքննության երաշխիքների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանցից օգտվելը մեղադրյալի իրավունքն է, ով կարող է նաև իր դրսևորած վարքագծով հրաժարվել դրանցից: Մեղադրյալն իր վարքագծով կարող է նաև անուղղակիորեն հրաժարվել Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված կարևոր իրավունքից, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պահանջում է հիմնավորել, որ անձը կարող էր ողջամտորեն կանխատեսել, թե որոնք կլինեին իր վարքագծի հետևանքները14:

_____________________

14 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Hermi v. Italy գործով 2006 թվականի հոկտեմբերի 16-ի վճիռը, գանգատ թիվ 18114/02, 74-րդ կետ, Sejdovic v. Italy գործով 2006 թվականի մարտի 1-ի վճիռը, գանգատ թիվ 56581/00, 87-րդ կետ:

 

16.4. Հակընդդեմ հարցման (կոնֆրոնտացիայի) իրավունքի կենսագործման իրավաչափությունը և քրեական վարույթի արդարացիությունը գնահատելիս ևս կարևոր նշանակություն ունի հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձի վարքագիծը:

Գործնականում կարող են լինել իրավիճակներ, երբ հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձն իր ոչ իրավաչափ վարքագծով նվազեցնի կամ նույնիսկ անհնարին դարձնի հակընդդեմ հարցման իրավունքի կենսագործման հնարավորությունը: Այսպես, այն դեպքերում, երբ հանցագործության մեջ մեղադրվող անձն իմացել է կամ օբյեկտիվորեն պետք է իմանար իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին, սակայն տևական ժամանակ թաքնվել է վարույթն իրականացնող մարմնից և գտնվել հետախուզման մեջ, ապա այդ ժամանակահատվածում վկաները ողջամտորեն կարող են մահանալ կամ հեռանալ երկրից այնպիսի անհայտ հասցեով, որը հնարավոր չլինի պարզել և միջազգային իրավական օգնության շրջանակներում ապահովել հանցագործության մեջ մեղադրվող անձի հակընդդեմ հարցման իրավունքի իրացումը:

16.5. Թեև նշված հանգամանքները չեն կարող վկայել այն մասին, որ հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձի թաքնվելու և հետախուզման մեջ գտնվելու հանգամանքներն ինքնին բավարար են անվերապահ եզրահանգում անելու համար, որ անձը զրկվել է հակընդդեմ հարցման իր իրավունքից, սակայն գործի փաստական հանգամանքների համատեքստում դրանք կարող են ունենալ ծանրակշիռ նշանակություն վկայի նախաքննական ցուցմունքի օգտագործման նպատակով հակակշռող գործոնների առկայությունը, ինչպես նաև ընդհանուր առմամբ վարույթի արդարացիությունը գնահատելիս: Այդ համատեքստում էական կարող են լինել այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են օրինակ` անձի` իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին տեղեկացված լինելու, քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և հետախուզման մեջ գտնվելու ժամանակահատվածի տևողության, վարույթին պաշտպանի ներգրավվածության, անձի հայտնաբերման և վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ հայտնվելու հանգամանքների և գործի այլ փաստական տվյալների գնահատումը, որոնք կարող են վկայել այն մասին, որ հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձը ողջամտորեն կանխատեսելով վրա հասնող հետևանքների բնույթը` իր ոչ իրավաչափ վարքագծով իրեն ենթադրաբար զրկել է իր դեմ ցուցմունք տված անձանց հակընդդեմ հարցման ենթարկելու հնարավորությունից:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նշված հանգամանքների հաշվառմամբ հակընդդեմ հարցման իրավունքի սահմանափակման փաստը հաստատելիս դատարանները բոլոր դեպքերում պետք է փաստական տվյալների վկայակոչմամբ համոզիչ կերպով հիմնավորեն, որ դատաքննությանը չներկայացած վկայի նախաքննական ցուցմունքների օգտագործման պայմաններում ընդհանուր առմամբ չի խախտվում քրեական վարույթի արդարացիությունը:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- Վերաքննիչ դատարանը 2016 թվականի ապրիլի 21-ի որոշմամբ բեկանել է Առաջին ատյանի արդարացման դատավճիռը և գործն ուղարկել է նույն դատարան` սահմանելով քննության նոր ծավալ, մասնավորապես նշելով, որ գործի նոր դատական քննության ընթացքում անհրաժեշտ է կրկին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները` վկա Տիգրան Ազատյանի ներկայությունն ապահովելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում քրեական դատավարության կանոնների համաձայն` հետազոտել նրա նախաքննական ցուցմունքները, ինչպես նաև ամբաստանյալի հակընդդեմ հարցման իրավունքի տեսանկյունից քննարկել այդ իրավունքն ապահովված չլինելու պատճառները և դրանցով պայմանավորված` գնահատել վկայի ցուցմունքների թույլատրելիությունը15:

_____________________

15 Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը:

 

- Առաջին ատյանի դատարանը դատաքննության ընթացքում 2016 թվականի օգոստոսի 12-ին, օգոստոսի 23-ին, սեպտեմբերի 5-ին ծանուցագրեր է ուղարկել վկա Տ.Ազատյանի հասցեով, որոնք ետ են վերադարձվել «տեղափոխված» նշումով, 2016 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն կատարված հարցմամբ պարզվել է, որ 2014 թվականի օգոստոսի 18-ին Տ.Ազատյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն16,

_____________________

16 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

 

- Առաջին ատյանի դատարանը, քննության առնելով վկա Տ.Ազատյանի նախաքննական ցուցմունքներն անթույլատրելի ճանաչելու և ապացույցների շարքից հանելու մասին Ա.Ղուլյանի պաշտպանի միջնորդությունը` գտել է, որ վկայի` նախաքննության ընթացքում տված և դատաքննության ընթացքում հրապարակված ցուցմունքները պետք է հանել դատավճռի հիմքում դրվող ապացույցների շարքից` հաշվի առնելով, որ քրեական գործի դատաքննության ընթացքում ձեռնարկվել են ողջամիտ բոլոր ջանքերը վկայի ներկայությունն ապահովելու համար, սակայն չի հաջողվել, իսկ վերջինիս նախաքննական ցուցմունքը վճռորոշ ապացույց է մեղքը հաստատող ապացույցների զանգվածում17,

__________________________

17 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

 

- Ի հակադրումն դրա, Վերաքննիչ դատարանը, հերքելով Տ.Ազատյանի` դատարանում հրապարակված նախաքննական ցուցմունքներն անթույլատրելի ապացույց ճանաչելու մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունները, նշել է, որ նախաքննության ընթացքում Տ.Ազատյանը տարբեր ժամանակներ տվել է բացատրություն, ցուցմունք, այնուհետև` երկու լրացուցիչ ցուցմունք ու այդ ընթացքում գտնվել է Հայաստանի Հանրապետությունում, մինչդեռ ամբաստանյալ Ա.Ղուլյանը շուրջ ութ տարի թաքնվել է քննությունից և գտնվել հետախուզման մեջ: Վերաքննիչ դատարանը գտել է, որ նման պայմաններում ամբաստանյալ Ա.Ղուլյանն ինքն իրեն զրկել է հակընդդեմ հարցման իրավունքից, քանի որ երբ վերջինս ինքնակամ ներկայացել է, վկա Տ.Ազատյանը եղել է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, իսկ դատաքննության ընթացքում ձեռնարկվել են ողջամիտ բոլոր ջանքերը` Տ.Ազատյանի ներկայությունն ապահովելու համար, ինչը, սակայն, չի հաջողվել18:

__________________________

18 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

 

18. Վճռաբեկ դատարանը բողոքի քննության արդյունքում փաստել է, որ ստորադաս դատարանների իրարամերժ հետևությունները հիմնված չեն գործի փաստական հանգամանքների մանրամասն վերլուծության վրա:

- Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանը թեև որոշակի քայլեր ձեռնարկել է վկա Տ.Ազատյանին գտնելու և նրան հակընդդեմ հարցման ենթարկելու համար, սակայն Վճռաբեկ դատարանի համոզմամբ հնարավոր բոլոր միջոցները չեն ձեռնարկվել: Ինչպես նշել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը` Տեր-Սարգսյանն ընդդեմ Հայաստանի գործով19, տվյալ դեպքում ևս, Առաջին ատյանի դատարանը կարող էր դիմել միջազգային իրավական օգնության` «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թվականի հունվարի 22-ի Մինսկի կոնվենցիայի հիման վրա, որի մասնակից են և՛ Հայաստանի Հանրապետությունը, և՛ Ռուսաստանի Դաշնությունը:

__________________________

19 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Ter-Sargsyan v. Armenia գործով 2016 թվականի հոկտեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 27866/10, 51-րդ կետ:

 

- Բացի այդ, վկա Տ.Ազատյանին հակընդդեմ հարցման ենթարկելու իրավունքի ապահովման համատեքստում Առաջին ատյանի դատարանը նաև պատշաճ իրավական գնահատման չի ենթարկել ամբաստանյալ Ա.Ղուլյանի վարքագիծը: Մասնավորապես, դատարանը չի վերլուծել և ուշադրության չի արժանացրել Ա.Ղուլյանի` վարույթն իրականացնող մարմնից տևական ժամանակ թաքնվելու և հետախուզման մեջ գտնվելու հանգամանքները` քննարկման առարկա չդարձնելով նաև այդ պայմաններում հակակշռող գործոնների, ընդհանուր առմամբ քրեական վարույթի արդարացիության ապահովման երաշխիքների առկայությունը` վկա Տ.Ազատյանի նախաքննական ցուցմունքի օգտագործման դեպքում:

- Վերաքննիչ դատարանը, ի հակառակ Առաջին ատյանի դատարանի եզրահանգման, հիմնվելով բացառապես ամբաստանյալի քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և հետախուզման մեջ գտնվելու հանգամանքների վրա, անվերապահորեն եզրահանգել է, որ վկա Տ.Ազատյանի նախաքննական ցուցմունքները պետք է դնել ամբաստանյալ Ա.Ղուլյանի մեղքը հաստատող դատական ակտի հիմքում:

- Բացի այդ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ վկա Տ.Ազատյանի նախաքննական ցուցմունքը վճռորոշ ապացույց չէ ամբաստանյալի մեղքը հաստատող ապացույցների զանգվածում: Մինչդեռ, նրա ցուցմունքն այն առանցքային փաստական տվյալներից է, որն ունի որոշիչ նշանակություն ամբաստանյալ Ա.Ղուլյանի մեղավորությունը հիմնավորելու համար:

- Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ամբաստանյալ Ա.Ղուլյանի կողմից վկա Տ.Ազատյանին գործի դատաքննության ընթացքում հակընդդեմ հարցման ենթարկելու իրավունքի սահմանափակման իրավաչափության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն:

- Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը փաստել է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` իր դեմ ցուցմունք տված վկաներին հակընդդեմ հարցման ենթարկելու (կոնֆրոնտացիայի) իրավունքի պահանջները, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի հիման վրա հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան` նոր քննության ուղարկելու համար, որի պայմաններում միայն կարող է ապահովվել գործում առկա ապացույցների գնահատման, դրանց թույլատրելիության և վերաբերելիության հարցերի ողջ ծավալով քննությունը, այդ թվում` սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ վկա Տ.Ազատյանի նախաքննական ցուցմունքների օգտագործման իրավաչափության վերաբերյալ:

 

Դատավորներ Ս.Ավետիսյանի և Ս.Օհանյանի իրավական դիրքորոշումները և եզրահանգումները

19. Ուսումնասիրելով Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 17-ի որոշումը, դրա դեմ բերված պաշտպանի վճռաբեկ բողոքի հիմքերն ու հիմնավորումները, ծանոթանալով գործի նյութերին, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի 2018 թվականի նոյեմբերի 15-ի որոշմանը, համաձայն չենք Վճռաբեկ դատարանի որոշման եզրափակիչ մասի հետ, ուստի մնում ենք Հատուկ կարծիքի` ներքոշարադրյալ հիմնավորումներով:

Համաձայն լինելով Վճռաբեկ դատարանի` իր դեմ ցուցմունք տված վկաներին հակընդդեմ հարցման ենթարկելու իրավունքի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումների հետ, գտնում ենք, որ առկա փաստական տվյալների գնահատման արդյունքում, Վճռաբեկ դատարանն այնուամենայնիվ կարող էր լուծել Ա.Ղուլյանի մեղավորության կամ անմեղության հարցը և կայացնել ըստ էության լուծող դատական ակտ, այն է` օրինական ուժի մեջ թողնել Վերաքննիչ դատարանի որոշումը կամ Առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռը հետևյալ նկատառումներով:

Մեջբերված գործի փաստական տվյալները գնահատելով վկայակոչված իրավական դիրքորոշումների համատեքստում, արձանագրենք հետևյալը:

1) Ամբաստանյալ Ա.Ղուլյանը դեպքից անմիջապես հետո` 2007 թվականի հոկտեմբերի 14-ից թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմնից և շուրջ ութ տարի գտնվել է հետախուզման մեջ, հաստատապես իմանալով, որ մեղադրվում է կաշառք ստանալու մեջ:

2) Ա.Ղուլյանի վարքագծի ուսումնասիրությունը վկայում է, որ նա իր վարքագծով հրաժարվել է իր դեմ ցուցմունք տված վկա Տիգրան Ազատյանի հետ առերեսվելու իրավունքից: Ընդ որում, Ա.Ղուլյանը ողջամտորեն կանխատեսել է, թե որոնք կլինեն իր վարքագծի հետևանքները, հատկապես, որ գործի տվյալների համաձայն` նա առնչություն է ունեցել վկայի հետ:

Այլ կերպ` ամբաստանյալի ոչ իրավաչափ վարքագծի արդյունքում հակընդդեմ հարցման իրավունքի կենսագործումն անհնարին է դարձել:

3) Վկա Տ.Ազատյանը նախաքննության ընթացքում տարբեր ժամանակներ տվել է բացատրություն, ցուցմունք, այնուհետև երկու լրացուցիչ ցուցմունք և դեպքից հետո` 2007 թվականից մինչև 2014 թվականը գտնվել է Հայաստանի Հանրապետությունում20:

____________________

20 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 27-29, 34-36, 91-94, հատոր 2-րդ թերթեր 17-19, 149-151:

 

4) 2015 թվականին Տ.Ազատյանը ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ, նույն օրը նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել և քրեական գործի վարույթը կասեցվել:

Գործում առկա նյութերի համաձայն` Տ.Ազատյանը 2014 թվականի օգոստոսի 18-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն և նրա գտնվելու վայրը հայտնի չէ:

2015 թվականի հուլիսի 1-ին որոշում է կայացվել վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով Տ.Ազատյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին և 215-րդ հոդվածի 1-ին մասերով քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

Ա.Ղուլյանը վարույթն իրականացնող մարմնին ներկայացել է 2015 թվականի ապրիլի 10-ին, որի պայմաններում նախաքննական մարմինը զրկված է եղել Տ.Ազատյանի հետ առերեսում կատարելու հնարավորությունից:

5) Առաջին ատյանի դատարանը նոր դատական քննության ընթացքում լրացուցիչ միջոցներ է ձեռնարկել Տ.Ազատյանին հայտնաբերելու ուղղությամբ, սակայն դատարանին դա չի հաջողվել, որպիսի պայմաններում նրա հրապարակված և հետազոտված ցուցմունքները ճանաչվել են անթույլատրելի, պատճառաբանելով նաև, որ նրա ցուցմունքներն ամբաստանյալի մեղքը հաստատող ապացույցների զանգվածում վճռորոշ են:

Ի հակադրումն դրա, Վերաքննիչ դատարանը գտել է, որ Տ.Ազատյանի ցուցմունքները վճռորոշ չեն, պատճառաբանելով, որ գործով ձեռք են բերվել Ա.Ղուլյանի մեղքը հավաստող բավարար ապացույցներ:

6) Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանի այն հետևությունը, որ Առաջին ատյանի դատարանը Տ.Ազատյանին հայտնաբերելու նպատակով կարող էր դիմել միջազգային իրավական օգնության, հնարավոր է հանգեցնի ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտման, ավելին` սույն գործը դատական ատյաններում քննվում է չորս տարի, նախաքննական մարմնի նյութերը բաղկացած են երեք հատորից, գործով անցնում է մեկ ամբաստանյալ, վեց վկա և գործը երկրորդ անգամ ըստ էության նույն հիմքով վերադարձվում է նոր քննության:

7) Սույն գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ Ա.Ղուլյանի մեղադրանքի հիմքում դրված են մի շարք ապացույցներ (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը), ուստի Վճռաբեկ դատարանը կարող էր այդ ապացույցները, այդ թվում` կաշառք տված անձ` Հովսեփ Ներսիսյանի ցուցմունքները ստուգել վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ ամբողջ ապացույցները` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից և կայացնել վերջնական դատական ակտ:

Հարկ ենք համարում արձանագրել, որ նշվածի համատեքստում Վճռաբեկ դատարանը կարող էր նաև գնահատել Տ.Ազատյանի ցուցմունքների թույլատրելիության հարցը, անկախ նրանից, թե նրա ցուցմունքները կգնահատվեին որպես գործի ելքի համար որոշիչ նշանակություն ունեցող, թե ոչ:

Դատարանում գործը կոլեգիալ կազմով քննելիս դատական ակտ կայացնելը սահմանող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 361.1-րդ հոդվածի համաձայն`

«(...):

5. Դատական ակտն ամբողջությամբ և դրա յուրաքանչյուր էջը ստորագրում են բոլոր դատավորները: Մեծամասնության կարծիքի հետ չհամաձայնվող դատավորի հատուկ կարծիք ունենալու մասին նրա ստորագրությամբ նշում է կատարվում դատական ակտում: Հատուկ կարծիքն այն ներկայացրած դատավորի ստորագրությամբ կցվում է դատական ակտին:

6. Հատուկ կարծիքը կարող է վերաբերել դատական ակտի ինչպես պատճառաբանական, այնպես էլ եզրափակիչ մասին:

7. Հատուկ կարծիքը հրապարակվում է դատական ակտի հետ միաժամանակ»:

 

Այսպիսով, համաձայն չլինելով Վճռաբեկ դատարանի որոշման եզրափակիչ մասի հետ, առաջարկում ենք պաշտպանի վճռաբեկ բողոքի քննության արդյունքում ստուգել ստորադաս դատարանների դատական ակտերը և կայացնել գործն ըստ էության լուծող դատական ակտ:

Հաշվի առնելով վերոշարադրված հիմնավորումները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 6-րդ, 7-րդ, 11-րդ, 13-րդ, 29-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 40-42-րդ, 361.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով`

 

առաջարկում ենք

 

Արտուշ Վլադիմիրի Ղուլյանի պաշտպան Ա.Խաչատրյանի վճռաբեկ բողոքի քննության արդյունքում կայացնել գործն ըստ էության լուծող համապատասխան դատական ակտ:

 

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
15.11.2018
N ՏԴ2/0037/01/15
Որոշում