Սեղմել Esc փակելու համար:
ԻՐԱՎԱՉԱՓ Է ԱՐԴՅՈՔ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՁԵՎՈՎ Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԻՐԱՎԱՉԱՓ Է ԱՐԴՅՈՔ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՁԵՎՈՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՏԺ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                   ԼԴ/0125/13/17

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԼԴ/0125/13/17

Նախագահող դատավոր` Կ. Մարդանյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ`          Մ. Ավագյանի

 

    2018 թվականի նոյեմբերի 15-ին               ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի փետրվարի 23-ի որոշման դեմ դատապարտյալ Արթուր Յուրիի Ավետիսյանի պաշտպան Ռ.Հակոբյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 30-ի դատավճռով Արթուր Յուրիի Ավետիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` 1 (մեկ) տարի ժամկետով:

2. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2017 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ բավարարվել է դատապարտյալ Ա.Ավետիսյանի դիմումը, և վերջինիս նկատմամբ վերը նշված դատավճռով նշանակված` 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկման ձևով պատժի չկրած մասը` 8 (ութ) ամիս 5 (հինգ) օրը, փոխարինվել է 735 (յոթ հարյուր երեսունհինգ) ժամ հանրային աշխատանքներով:

3. Վերոհիշյալ որոշման դեմ դատախազ Ռ.Մինասյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի փետրվարի 23-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 19-ի որոշումը բեկանել է, և ազատազրկման ձևով պատժի չկրած մասը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին դատապարտյալի դիմումը մերժել:

4. Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի փետրվարի 23-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել պաշտպան Ռ.Հակոբյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հունիսի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

5. Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

6. 2017 թվականի դեկտեմբերի 1-ին դատապարտյալ Ա.Ավետիսյանը հետևյալ բովանդակությամբ դիմում է ներկայացրել Առաջին ատյանի դատարան. «(...) ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (...) թիվ ԼԴ/0066/01/17 քրեական գործով կայացրել է մեղադրական դատավճիռ, որով վճռել է.

«Ամբաստանյալ Արթուր Յուրիի Ավետիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրան դատապարտել ազատազրկման 1 (մեկ) տարի ժամկետով (...)»:

(...) Դատավճռի հրապարակման պահից` 2017 թվականի հոկտեմբերի 30-ից անցել է մեկ ամիս և մեկ օր, ուստի դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ:

(...) Այս պահի դրությամբ արդեն իսկ պատիժ եմ կրել 3 ամիս և մեկ օր` փակ ռեժիմի ՔԿՀ-ում:

i

Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հանրային աշխատանքները նշանակվում են ուժի մեջ մտած դատավճիռն ի կատար ածելու կարգադրությունը ստանալուց հետո` քսանօրյա ժամկետում` դատապարտյալի գրավոր դիմումի ներկայացնելու դեպքում, ուստի խնդրում եմ (...) իմ նկատմամբ նշանակված պատժի` մեկ տարի ժամկետով ազատազրկման մնացած մասի համար որպես այլընտրանքային պատժատեսակ նշանակել հանրային աշխատանքներ` այդ հոդվածով սահմանված նվազագույն ժամկետով»1:

______________________

1 Տե՛ս նյութեր, թերթեր 2-5:

 

7. Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով դատապարտյալի կողմից կատարված հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, վերջինիս անձը, ընտանեկան վիճակը բնութագրող տվյալները, բավարարել է դատապարտյալի դիմումը` իր դատական ակտում արձանագրելով, որ. «(...) Պատժի չկրած մասը որպես ազատազրկմանը այլընտրանք` հանրային աշխատանքներով փոխարինելու միջոցով նույնպես հնարավոր է հասնել պատժի նպատակների իրագործմանը:

Դատապարտյալ Արթուր Ավետիսյանի պատժի չկրած մասը կազմում է 8 ամիս 5 օր, որը համապատասխանում է 735 ժամ հանրային աշխատանքներին (...)»2:

______________________

2 Տե՛ս նյութեր, թերթեր 51-56:

 

8. Վերաքննիչ դատարանը, միանձնյա կարգով քննության առնելով դատախազ Ռ.Մինասյանի վերաքննիչ բողոքը, բավարարել է այն, բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 19-ի որոշումը` արձանագրելով, որ. «(...) Դատապարտյալ Արթուր Ավետիսյանի նկատմամբ նշանակված ազատազրկումը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատական ակտում առկա եզրահանգումները` (...) չեն կարող գնահատվել որպես հիմնավորված, ուստի (...) Առաջին ատյանի դատարանի եզրահանգումն առ այն, որ պատժի չկրած մասը, որպես ազատազրկմանը այլընտրանք` հանրային աշխատանքներով փոխարինելու և Արթուր Ավետիսյանի կողմից հանրային աշխատանքները կրելու միջոցով նույնպես հնարավոր է հասնել պատժի նպատակների իրագործմանը` չի բխում գործում առկա փաստական տվյալներից»3:

______________________

3 Տե՛ս նյութեր, թերթեր 107-109:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոշարադրյալ հիմնավորումներով.

9. Բողոքաբերի պնդմամբ ստորադաս դատարանի կողմից թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք հանգեցրել են դատապարտյալ Ա.Ավետիսյանի նկատմամբ կիրառման ենթակա ավելի մեղմ պատժի անհիմն վերացման:

Մասնավորապես, բողոք բերած անձը նշել է, որ Ա.Ավետիսյանի կողմից կատարված արարքի` միջին ծանրության հանցագործություն լինելու, վերջինիս անձը դրական բնութագրող տվյալների առկայության, պատճառված վնասի բացակայության պայմաններում ստորադաս դատարանը եկել է սխալ եզրահանգման` ոչ իրավաչափ համարելով ազատազրկումը հանրային աշխատանքներով փոխարինելը:

Ըստ բողոքաբերի` ստորադաս դատարանի դատական ակտը նաև պատճառաբանված չէ, քանի որ Վերաքննիչ դատարանը որևէ անդրադարձ չի կատարել վերաքննիչ բողոքում որպես իրավական փաստարկներ ներկայացված նույնանման փաստական հանգամանքներով այլ երեք գործերով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի հիմնավորումներին` չնշելով, թե ինչու այդ հիմնավորումները կիրառելի չեն Ա.Ավետիսյանի վերաբերյալ գործով:

10. Բողոքի հեղինակը փաստարկել է նաև, որ ազատազրկում պատժատեսակը հանրային աշխատանքներ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ դիմումի քննարկման արդյունքում կայացվող որոշմամբ ըստ էության իրենց լուծումն են ստանում դատավճռին վերաբերող հարցեր, ուստի այդ որոշումը ևս գործն ըստ էության լուծող դատական ակտ է, և դրա դեմ բերված վերաքննիչ բողոքը պետք է քննարկվի կոլեգիալ կազմով, իսկ բողոքարկման համար պետք է կիրառվի դատավճիռների բողոքարկման համար սահմանված ընթացակարգը: Հաշվի առնելով վերը նշվածը` բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից ազատազրկումը հանրային աշխատանքներով փոխարինելու դեմ բերված բողոքը միանձնյա քննելը և վճռաբեկ բողոքարկման 15-օրյա ժամկետ սահմանելն իրավաչափ չէ:

11. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի փետրվարի 23-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմանը:

 

i

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյոք ազատազրկման ձևով նշանակված պատժի չկրած մասը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ բերված բողոքը Վերաքննիչ դատարանի կողմից միանձնյա կարգով քննության առնելը:

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետի համաձայն` «Գործն ըստ էության լուծող դատական ակտեր են առաջին ատյանի դատարանի դատավճիռը, քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին որոշումը, այդ ակտերի վերաքննիչ բողոքարկման արդյունքում վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտերը, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում վճռաբեկ դատարանի դատական ակտերը (...)»:

i

Հիշյալ իրավանորմի առնչությամբ Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկին իրավական դիրքորոշումները, կրկնում է, որ դատարանի այն որոշումը, որտեղ քննարկվում և իրենց լուծումն են ստանում դատավճռին վերաբերող այնպիսի հարցեր, ինչպիսիք են, օրինակ, պատժատեսակի և պատժաչափի որոշումը, ևս գործն ըստ էության լուծող դատական ակտ է և ենթակա է բողոքարկման նույն ընթացակարգով, ինչպիսին կիրառվում է դատավճիռները բողոքարկելիս4:

_________________

4 Տե՛ս Արսեն Արծրունու գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՎԲ-16/11 որոշման 11-րդ կետը:

 

i

13.1 Հաշվի առնելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ազատազրկումը (կամ դրա չկրած մասը) հանրային աշխատանքներով փոխարինելու միջնորդությունը քննարկելիս դատարանն անդրադառնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածում նախատեսված այնպիսի իրավական հարցի (ի՞նչ պատիժ պետք է նշանակվի հանցավորի նկատմամբ), որն օրենքի ուժով (ex lege) վերապահված է գործն ըստ էության լուծող դատական ակտի` դատավճռի լուծմանը: Այսպես, նշված միջնորդությունը քննության առնելով` դատարանը կայացնում է որոշում, որտեղ իրենց լուծումն են ստանում դատավճռին վերաբերող` մասնավորապես պատժատեսակին և պատժաչափին առնչվող հարցեր: Հետևաբար ազատազրկումը (կամ դրա չկրած մասը) հանրային աշխատանքներով փոխարինելու միջնորդության քննարկման արդյունքում կայացված դատական ակտը նույնպես գործն ըստ էության լուծող դատական ակտ է5:

_________________

5 Տե՛ս Գարեգին Ղազարյանի գործով 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԱՐԱԴ/0017/13/12 որոշման 11.1-րդ կետը:

 

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի համաձայն` «(...) 4. Վերաքննիչ դատարանում գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բողոքները քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի համաձայն` «Գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերաքննիչ դատարանում վերանայվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով, որոնցից մեկը նախագահողն է (...)»:

14.1. Ելնելով սույն որոշման 13-13.1-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումներից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ազատազրկումը (կամ դրա չկրած մասը) հանրային աշխատանքներով փոխարինելու միջնորդության քննության արդյունքում կայացվող դատական ակտի բողոքարկման, ինչպես նաև բողոքի քննության նկատմամբ կիրառելի է գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննիչ բողոքարկման և բողոքի քննության դատավարական ընթացակարգը: Այսինքն` քննարկման առարկա դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելիս և վերաքննիչ բողոքը քննության առնելիս ենթակա են կիրառման, ի թիվս այլոց, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 4-րդ մասով և 387-րդ հոդվածով սահմանված դատավարական պահանջները:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանը 2017 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ բավարարել է դատապարտյալ Ա.Ավետիսյանի դիմումը, և վերջինիս նկատմամբ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 30-ի դատավճռով նշանակված` 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկում պատժի չկրած մասը` 8 (ութ) ամիս 5 (հինգ) օրը, փոխարինել 735 (յոթ հարյուր երեսունհինգ) ժամ հանրային աշխատանքներով6:

_________________

6 Տե՛ս սույն որոշման 2-րդ և 7-րդ կետերը:

 

Վերաքննիչ դատարանը, միանձնյա կարգով քննության առնելով դատախազ Ռ.Մինասյանի վերաքննիչ բողոքը, բավարարել է այն` բեկանելով Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 19-ի որոշումը7:

_________________

7 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

i

16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-13.1-րդ և 14-14.1-րդ կետերում շարադրված իրավական նորմերի և դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշման` որպես գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկումը և բողոքի քննությունը պետք է իրականացվեին, ի թիվս այլոց, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 4-րդ մասով և 387-րդ հոդվածով սահմանված պահանջների պահպանմամբ: Մասնավորապես` Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքը պետք է քննության առնվեր կոլեգիալ` երեք դատավորի կազմով, մինչդեռ վերաքննիչ բողոքը քննարկվել և որոշում է կայացվել դատավորի կողմից միանձնյա` այդ կերպ չապահովելով արդար դատաքննության իրավունքի բաղադրիչը կազմող` «օրենքի հիման վրա ստեղծված» դատարանի առկայության պահանջը8:

_________________

8 Մանրամասն տե՛ս Էդիկ Ծռնվերանցի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵՇԴ/0049/01/12 որոշումը:

 

17. ՈՒստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ազատազրկման ձևով նշանակված պատժի չկրած մասը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ բերված բողոքը Վերաքննիչ դատարանի կողմից միանձնյա քննության առնելն իրավաչափ չէ:

18. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 4-րդ մասի և 387-րդ հոդվածի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու հիմք են:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն որոշմամբ արձանագրված խախտումների պայմաններում հնարավոր չէ անդրադառնալ բողոքաբերի բարձրացրած և սույն որոշման 9-րդ կետում նշված մյուս փաստարկներին: Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, վերացնելով սույն որոշմամբ արձանագրված խախտումները, պետք է օրենքով սահմանված կարգով քննության առնի ներկայացված վերաքննիչ բողոքը` գալով համապատասխան եզրահանգման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դատապարտյալ Արթուր Յուրիի Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի փետրվարի 23-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
15.11.2018
N ԼԴ/0125/13/17
Որոշում