Սեղմել Esc փակելու համար:
ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆ ...

 

 

040.0622.200613

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հունիսի 2013 թվականի N 622-Ն

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 120-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ռազմական արդյունաբերության արտադրանքի ազգային ստանդարտների մշակման, ընդունման և կիրառման կարգը` համաձայն հավելվածի:

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի «Ռազմական արդյունաբերության արտադրանքի (աշխատանքի, ծառայության) ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի մշակման, ընդունման և կիրառման կարգը սահմանելու մասին» N 120-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի հունիսի 13-ի

N 622-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով (այսուհետ` կարգ) սահմանվում են ռազմական արդյունաբերության արտադրանքի ազգային ստանդարտների մշակման, ընդունման և կիրառման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն են`

1) ռազմական արտադրանք` արտադրանք, աշխատանք, ծառայություն, որոնք նախատեսված են ռազմական պաշտպանության կարիքների համար, այդ թվում` երկակի նշանակության (ռազմական և տնտեսության կարիքների համար) ապրանք.

2) ռազմական ազգային ստանդարտ` ռազմական արտադրանքին վերաբերող ազգային ստանդարտ.

3) ռազմական միջպետական ստանդարտ` ռազմական արտադրանքին վերաբերող միջպետական ստանդարտ:

3. Ռազմական արդյունաբերության բնագավառի ստանդարտացման օբյեկտներն են`

1) ռազմական արտադրանքը, այդ թվում` համալիրները, նմուշները և ռազմամթերքի ու ռազմական տեխնիկայի նմուշների բաղկացուցիչ մասերը, համալրող արտադրատեսակները և այն նյութական միջոցները, որոնք նախատեսված են պետության սպառազինության և այլ կարիքների բավարարման համար, ինչպես նաև աշխատանքը, ծառայությունը.

2) ռազմական արտադրանքի փաստաթղթերի համակարգը, դրանց դասակարգումը, կոդավորումը և սպառազինման ուժերին մատակարարվող արտադրանքի քարտավորումը.

3) ռազմական արտադրանքի մշակման (արդիականացման), արտադրման, կիրառման և օգտահանման գործընթացները, այդ թվում` ռազմական արտադրանքի պարամետրերի չափման ու փորձարկման մեթոդները, որոնք ապահովում են հսկողության արդյունքների ճշտությունը և համադրելիությունը.

4) ռազմական արտադրանքի մշակմանը, արտադրմանը, շահագործմանը և օգտահանմանը վերաբերող կազմակերպամեթոդական կանոնները և հանձնարարականները:

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

4. Հայաստանի Հանրապետությունում ռազմական արտադրանքի, ինչպես նաև դրանց նախագծման (ներառյալ` հետազոտության), մշակման, արտադրության, կառուցման, մոնտաժման, կարգաբերման, շահագործման, պահման, փոխադրման, իրացման, խոտանման և թաղման գործընթացների վերաբերյալ կիրառվում են հետևյալ ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերը`

1) ռազմական ազգային ստանդարտները.

2) ռազմական միջպետական ստանդարտները.

3) ռազմական արտադրանքի համար միասնական պահանջներ սահմանող միջպետական և ազգային ստանդարտները.

4) ռազմական պատվեր կատարող կազմակերպության ստանդարտները.

5) ռազմական արտադրանքի ստանդարտացման կանոնները և ուղեցույցները:

5. Ռազմական ազգային ստանդարտների համար կիրառվում է ՀՍՏ Ռ դասիչը:

6. Ազգային ստանդարտներում ռազմական պահանջներ լրացնող ստանդարտները մշակվում են այն դեպքում, երբ տեխնիկական և (կամ) տնտեսական տեսանկյունից նպատակահարմար չէ առանձին արտադրանքին ներկայացվող բոլոր պահանջների մակարդակի բարձրացումը` մինչև ռազմական արտադրանքին ներկայացվող պահանջները:

7. Ազգային ստանդարտներում ռազմական պահանջներ լրացնող ստանդարտների համար կիրառվում է ՀՍՏ ՌԼ դասիչը:

8. Ռազմական միջպետական ստանդարտների համար կիրառվում է «ԳՕՍՏ Վ» (ԳՕՍՏ Վ) դասիչը: Միջպետական ստանդարտում ռազմական պահանջներ լրացնող ստանդարտի համար կիրառվում է ՎԴ ԳՕՍՏ (ՎԴ ԳՕՍՏ) դասիչը:

9. Ռազմական արտադրանքի մշակման (արդիականացման), արտադրման, կիրառման, օգտահանման և ստանդարտացման աշխատանքների կազմակերպման ու համակարգման խնդիրների լուծման անհրաժեշտության դեպքում մշակվում և կիրառվում են նաև ռազմական արտադրանքի ստանդարտացման կանոններ և ուղեցույցներ` «ԿՆ Ռ» և «ՈՒՂ Ռ» դասիչներով:

10. Ռազմական ստանդարտներին և ռազմական պահանջներ լրացնող ստանդարտներին տրվում են «Գաղտնի» կամ «Հույժ գաղտնի» դրոշմագրեր:

11. Ռազմական ստանդարտների տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների համաձայն:

12. Ռազմական ստանդարտներով սահմանվում են ռազմական արտադրանքի ստանդարտացման բնագավառի կազմակերպամեթոդական դրույթներ, ինչպես նաև ընդհանուր տեխնիկական պահանջներ, որոնք ապահովում են արտադրանքի մշակման գործընթացում տեխնիկական միասնականությունը և փոխկապակցությունը, համատեղելիությունը, արտադրանքի արտադրությունը, շահագործումը, պահումը, նորոգումը, օգտահանումը և շրջակա միջավայրի պահպանությունը:

13. Կախված ռազմական արտադրանքի ստանդարտացման օբյեկտների առանձնահատկություններից և դրանց ներկայացվող` սահմանման ենթակա պահանջների բովանդակությունից` ռազմական արտադրանքի ստանդարտները լինում են`

1) ռազմական արտադրանքի ստանդարտներ.

2) գործընթացների (աշխատանքների) ստանդարտներ.

3) վերահսկման (փորձարկումների, չափումների, վերլուծության) մեթոդների ստանդարտներ:

14. Ռազմական արտադրանքի ստանդարտներով սահմանվում են ռազմական արդյունաբերության համանման արտադրանքի խմբերին կամ, առանձին դեպքերում, որոշակի արտադրանքին ներկայացվող պահանջները:

15. Գործընթացների (աշխատանքների) ստանդարտներով սահմանվում են ռազմական արտադրանքի մշակման (արդիականացման), արտադրման, փոխադրման, շահագործման, նորոգման և օգտահանման տեխնոլոգիական գործընթացների ժամանակ աշխատանքի առանձին տեսակների կատարման մեթոդներին (եղանակներին, գործելակարգին, աշխատանքի առողջ և անվտանգ պայմանների ապահովման նորմերին) ներկայացվող հիմնական պահանջները:

16. Վերահսկման մեթոդների ստանդարտներով սահմանվում են ռազմական արտադրանքի արտադրման և շահագործման (օգտագործման) ժամանակ դրա փորձարկումների, չափումների, վերլուծության մեթոդները (եղանակները, ձևերը, մեթոդիկաները):

 

III. ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ, ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

17. Ռազմական արտադրանքի ստանդարտների մշակումն իրականացնում է ստանդարտացման ազգային մարմինը, իսկ ընդունումը` ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովը: Ռազմական արդյունաբերության և պաշտպանության ոլորտի շահագրգիռ կողմերը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ընդգրկվում են ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովում:

(17-րդ կետը փոփ. 01.08.2019 թիվ 1028-Ն որոշում)

18. Ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովի կազմը և կանոնադրությունը հաստատվում են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ստանդարտացման բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի համատեղ հրամանով:

(18-րդ կետը փոփ. 01.08.2019 թիվ 1028-Ն որոշում)

19. Ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը: Ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովը գործում է «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ստանդարտացման ազգային համակարգի ստանդարտներով և իր կանոնադրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

20. Ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովն ընդունում է ռազմական արտադրանքի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի նախագիծը` հանձնաժողովի բոլոր անդամների միջև փոխհամաձայնության ձեռքբերման միջոցով: Հանձնաժողովի կողմից ընդունված ստանդարտի նախագիծը ներկայացվում է ստանդարտացման ազգային մարմնի հաստատմանը, որը հրապարակում և գործողության մեջ է դնում ստանդարտը:

21. Ռազմական ազգային ստանդարտների կիրառումը պարտադիր է պաշտպանության կարիքների համար պետական գնումների և պետական պատվերի տեղաբաշխման գործընթացներում: Ընդունված ռազմական ազգային ստանդարտների կիրառման պարտադիր լինելու պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:

(21-րդ կետը փոփ. 01.08.2019 թիվ 1028-Ն որոշում)

 

IV. ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՖՈՆԴԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

22. Ռազմական արտադրանքի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի գրանցման, պահման ու դրանց մասին թույլատրելի անձանց շրջանում տեղեկատվության ապահովման, ինչպես նաև ռազմական ազգային ստանդարտների մշակման նպատակով ստանդարտացման ազգային մարմինը վարում է ռազմական արտադրանքի և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ֆոնդ (այսուհետ` ֆոնդ): Ֆոնդում ընդգրկված բոլոր ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերը և տեղեկությունները հանդիսանում են պետական կամ ծառայողական գաղտնիքի առարկա: Այդ փաստաթղթերը և տեղեկությունները կարող են տրամադրվել և տնօրինվել այլ կազմակերպությունների և անձանց կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

23. Ռազմական արտադրանքի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի և դրանց մասին տեղեկատվությունը տրամադրում է ստանդարտացման ազգային մարմինը:

 

V. ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ

 

24. Ռազմական արտադրանքի ստանդարտացման փաստաթղթերը մշակվում են` համաձայն ռազմական արտադրանքի ստանդարտացման աշխատանքների ամենամյա ծրագրի, որը մշակվում է ստանդարտացման ազգային մարմնի կողմից` ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովի և շահագրգիռ կողմերի առաջարկությունների հիման վրա:

25. Ռազմական ստանդարտների մշակման ամենամյա ծրագիրը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն ներառվել պետական ծրագրում: Ռազմական արտադրանքի ստանդարտացման աշխատանքների ամենամյա ծրագիրը պետք է բովանդակի ստանդարտացման գերակա ճանաչված ոլորտները, այդ ոլորտներում նախատեսվող` մշակման ենթակա ստանդարտների ցանկը, ռազմական ֆոնդի վարման և պահպանման աշխատանքների նկարագիրը, ռազմական ստանդարտացման ոլորտում միջազգային և միջպետական համագործակցության աշխատանքները:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.06.2013
N 622-Ն
Որոշում