Սեղմել Esc փակելու համար:
ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՈՒ ԶՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՈՒ ԶՈՐԱՀԱՎԱՔԻ ԳՈՐԾ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 սեպտեմբերի 2019 թվականի N 1236-Ա

 

ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՈՒ ԶՈՐԱՀԱՎԱՔԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ԵՎ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «ա» ենթակետի պահանջներով`

1. Զորահավաքային նախապատրաստության ու զորահավաքի գործընթացում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների համաձայնեցված գործունեության կազմակերպման նպատակով 2019 թվականի սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 5-ն անցկացնել ուսումնավարժական հավաքներ և պարապմունքներ (այսուհետ` հավաքներ):

2. Սահմանել, որ`

1) հավաքների նպատակը պետական և տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների պատրաստությունը և ունակությունը որոշելն է` պայմանական իրադրության պայմաններում զինված ուժերը և այլ զորքերը պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի փոխադրման համար անհրաժեշտ պահեստազորայիններով ու տրանսպորտային միջոցներով ապահովելու գործընթացում.

2) հավաքների խնդիրն է պարզել պետական և տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների պատրաստությունն օրենքով սահմանված հետևյալ լիազորությունների կատարման ուղղությամբ`

ա. զինված ուժերը և այլ զորքերը պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի փոխադրման համար պահեստազորայինների և տրանսպորտային միջոցների ներգրավման ապահովմանը,

բ. զորահավաքային խնդիրների լուծման համար զինվորական կոմիսարիատների օժանդակմանը,

գ. մարզերի և համայնքների վարչական տարածքների և հաղորդակցության ուղիների նախապատրաստմանը,

դ. կապի ու տեղեկատվության համակարգերի գործունեությունը պատերազմական ժամանակաշրջանի աշխատանքային ռեժիմի փոխադրման հարցերի ճշտմանը:

3. Հանձնարարել`

1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

ա. ապահովել հավաքներին ներգրավված պահեստազորայինների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության գործընթացը,

բ. հավաքների ընթացքում Զինված ուժերի գլխավոր շտաբից ստացված տեղեկատվության համաձայն, ռազմական դրության իրավական ռեժիմի պայմանական իրավիճակի համաձայն` ապահովել երեք թիկունքային հոսպիտալների ծավալումը.

2) Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` հավաքների ընթացքում համաձայն ներկայացված հայտերի ապահովել զինվորական կառավարման մարմիններին լրացուցիչ կապուղիների տրամադրումը.

3) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` ապահովել հավաքներին պահեստազորայիններին ներգրավելու նպատակով համապատասխան ուսումնական հաստատությունների շենքերը և շինությունները որպես անձնակազմի նախնական հավաքման կետեր ծավալելու գործընթացը` համաձայն սահմանված առաջադրանքի.

4) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին (Երևանի քաղաքապետին)` «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետերի, 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 9-րդ և 10-րդ կետերի պահանջների համաձայն ապահովել`

ա. մարզերի և համայնքների վարչական տարածքների և հաղորդակցության ուղիների նախապատրաստման անհրաժեշտ միջոցառումների իրականացումը` համաձայն սահմանված առաջադրանքի,

բ. համապատասխան զինվորական կոմիսարիատի պահանջով զինվորական կոմիսարիատ կանչվելու մասին զինապարտների ծանուցումը և ռազմատրանսպորտային պարտականության շրջանակներում տրանսպորտային միջոցները հավաքակայան կամ զորամասեր առաքելը` համաձայն սահմանված առաջադրանքի.

5) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` հավաքների անցկացման ընթացքում վերահսկել պետական ծառայողական գաղտնիք կազմող փաստաթղթերի շրջանառության իրականացման և տեղեկատվության ձայնային և էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով նման տվյալների փոխանակման կարգի պահպանման գործընթացը.

6) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

ա. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ ճշտել հավաքների ընթացքում մայրուղիների և հաղորդակցության այլ ճանապարհների օգտագործման կարգը,

բ. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ապահովել հավաքների ընթացքում զինվորական անձնակազմի, սպառազինության, ռազմական տեխնիկայի տեղափոխման և շարասյուների ուղեկցումը:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին և «Արմենպրես» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրենին` համագործակցելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կազմակերպել զանգվածային լրատվամիջոցներով հավաքների ընթացքի համակողմանի լուսաբանումը:

5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` հավաքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հավաքների արդյունքների ամփոփման վերաբերյալ հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. սեպտեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.09.2019
N 1236-Ա
Որոշում