Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԲ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆ ԸՆԴՈՒՆՎՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԲ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ Է ԳՈՐԾԸ ԴԱՏ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                    ՍԴ/0104/01/17

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ՍԴ/0104/01/17

Նախագահող դատավոր` Մ. Պետրոսյան

    Դատավորներ`        Ռ. Բարսեղյան

                       Ս. Համբարձումյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`  Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ`  Հ. Ասատրյանի

                    դատավորներ        Ս. Ավետիսյանի

                                      Ե. Դանիելյանի

                                      Ա. Պողոսյանի

                                      Ս. Օհանյանի

                    

                    քարտուղարությամբ` Մ. Ավագյանի

                    մասնակցությամբ`     

                    ամբաստանյալ       Ռ. Քարամյանի

                    պաշտպան           Ս. Հարությունյանի

                    դատախազ           Հ. Հայրապետյանի

 

    2018 թվականի դեկտեմբերի 24-ին                         ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի մարտի 13-ի որոշման դեմ ամբաստանյալ Ռոբերտ Ռադիկի Քարամյանի պաշտպաններ Ս.Հարությունյանի և Լ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքները,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի օգոստոսի 9-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ոստիկանության Կապանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի և 38-268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 41158317 քրեական գործը:

Նախաքննական մարմնի` 2017 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ Ռոբերտ Քարամյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, որը 2017 թվականի հոկտեմբերի 30-ի որոշմամբ լրացվել է և նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով` երկու դրվագով:

Նախաքննական մարմնի` 2017 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ Սամվել Սարգիսի Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով:

2017 թվականի նոյեմբերի 4-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 21-ի դատավճռով Ռ.Քարամյանը, արագացված դատաքննության կարգի կիրառմամբ, մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով` երկու դրվագով և յուրաքանչյուր դրվագով նշանակված պատիժները լրիվ գումարելով, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա, նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել կալանք` 1 (մեկ) ամիս ժամկետով:

Նույն դատավճռով դատապարտվել է նաև Ս.Սարգսյանը:

3. Ամբաստանյալներ Ռ.Քարամյանի և Ս.Սարգսյանի պաշտպան Լ.Գրիգորյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2018 թվականի մարտի 13-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը Ռ.Քարամյանի մասով մերժել է` անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 21-ի դատավճիռը:

4. Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ամբաստանյալ Ռ.Քարամյանի պաշտպաններ Ս.Հարությունյանը և Լ.Գրիգորյանը, որոնք Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հուլիսի 23-ի որոշմամբ ընդունվել են վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

i

5. Ռ.Քարամյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով` երկու դրվագով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա, խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի մասին» ՀՀ օրենքի պահանջներն ու սահմանափակումները և չունենալով բժշկական նպատակներով, բժշկի նշանակմամբ կամ օրենքով սահմանված թույլատրելի այլ նպատակով և կարգով թմրամիջոցների շրջանառություն իրականացնելու իրավունք, նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով Սամվել Սարգիսի Սարգսյանի հետ միջոցներ տրամադրելու եղանակով իր կողմից համատեղ օգտագործման նպատակով թմրամիջոցների պատրաստմանն օժանդակելու վերաբերյալ, վերջինիս կողմից ձեռք բերված «Պիրալգին» տեսակի դեղահաբերի, յոդի, բենզինի և այլ պարագաների խառնուրդի վերամշակման եղանակով 2017 թվականի հուլիսի 10-ին` ժամը 13:00-ի սահմաններում, Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի 26-րդ շենքի հարևանությամբ գտնվող չգործող ջրատարի տարածքում առանց իրացնելու նպատակի ապօրինի պատրաստել և պահել է զգալի չափերով` 0.05092 գրամ ընդհանուր քաշով «կոդեին» տեսակի թմրամիջոց:

Բացի այդ, Ռ.Քարամյանը, խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի մասին» ՀՀ օրենքի պահանջներն ու սահմանափակումները և չունենալով բժշկական նպատակներով, բժշկի նշանակմամբ կամ օրենքով սահմանված թույլատրելի այլ նպատակով և կարգով թմրամիջոցների շրջանառություն իրականացնելու իրավունք, 2017 թվականի օգոստոսի 9-ին` ժամը 16:00-ի սահմաններում, Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի 26-րդ շենքի հարևանությամբ գտնվող չգործող ջրատարի տարածքում «Պիրալգին» տեսակի դեղահաբերի, յոդի, բենզինի և այլ պարագաների խառնուրդի վերամշակման եղանակով առանց իրացնելու նպատակի ապօրինի պատրաստել և պահել է զգալի չափերով` 0.031 գրամ ընդհանուր քաշով «կոդեին» տեսակի թմրամիջոց»1:

________________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 262-263:

 

i

6. Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 24-ի դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Ռ.Քարամյանն իր համաձայնությունն է հայտնել «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքն (այսուհետ` նաև Համաներման մասին օրենք) իր նկատմամբ կիրառելուն:

 

Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքները բերվել են հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

7. Բողոքաբերների կարծիքով ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և 70-րդ հոդվածների խախտումներ, կայացված դատական ակտերը հակասում են Վճռաբեկ դատարանի` պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ մի շարք գործերով արտահայտված իրավական դիրքորոշումներին, ուստի ենթակա են բեկանման:

Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկի` բողոքի հեղինակները նշել են, որ ստորադաս դատարանները պատժի կրման նպատակահարմարության հարցը որոշելիս, ի թիվս այլ հանգամանքների, բազմակողմանի վերլուծության ու գնահատման չեն ենթարկել հանցավորի անձը: Մասնավորապես` հաշվի չեն առել այն հանգամանքները, որ ամբաստանյալ Ռ.Քարամյանին մեղսագրվում է միջին ծանրության հանցագործություն, նա բնութագրվում է դրական, նախկինում դատապարտված և արատավորված չի եղել, բացակայում են պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքները և այլն:

7.1 Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակները խնդրել են ամբաստանյալ Ռ.Քարամյանի նկատմամբ նշանակված պատժի մասով բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մարտի 13-ի որոշումը և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

i

8. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքաբերի կողմից բարձրացված իրավական հարցը վերաբերում է ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելուն: Սակայն, հիմք ընդունելով դատական վերանայման սահմաններով կաշկանդված չլինելու հիմքերի վերաբերյալ Մ.Էլոյանի և այլոց վերաբերյալ գործով որոշմամբ Վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումները2` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է դուրս գալ վճռաբեկ բողոքարկման սահմաններից:

________________________

2) Տե՛ս Մ.Էլոյանի և մյուսների վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշման 13-14-րդ կետերը:

 

8.1. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք առկա է ամբաստանյալ Ռ.Քարամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով (երկրորդ դրվագով) քրեական հետապնդումը բացառող հանգամանք:

i

9. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(...) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն` տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

i

10. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա՛մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա՛մ մեղմացնում է պատիժը, կա՛մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն3:

________________________

3) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը:

 

i

11. ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը (...)»:

i

Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը (2018 թվականի հունիսի 27-ը) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «կոդեին» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 0.02 գրամից մինչև 0.2 գրամը ներառյալ:

i

Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «կոդեին» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանվել 0.05 գրամից մինչև 0.25 գրամը ներառյալ:

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ռ.Քարամյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով (երկրորդ դրվագով) մեղադրանք է առաջադրվել զգալի չափերով` 0.031 գրամ ընդհանուր քաշով «կոդեին» տեսակի թմրամիջոցն առանց իրացնելու նպատակի 2017 թվականի օգոստոսի 9-ին ապօրինի պատրաստելու և պահելու համար4:

________________________

4) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

Առաջին ատյանի դատարանը, դատաքննության արագացված կարգ կիրառելով, Ռ.Քարամյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով` վերոնշյալ դրվագով առաջադրված մեղադրանքում5:

________________________

5) Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:

 

Վերաքննիչ դատարանը պաշտպան Լ.Գրիգորյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ամբաստանյալ Ռ.Քարամյանի մասով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողել է անփոփոխ6:

________________________

6) Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը:

 

13. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 9-11-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները վերացնում են Ռ.Քարամյանին մեղսագրված արարքի հանցավորությունը:

Մասնավորապես, «կոդեին» տեսակի թմրամիջոցի զգալի չափի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանք վերացնում են 0.031 գրամ «կոդեին» տեսակի թմրամիջոցն առանց իրացնելու նպատակի ապօրինի պատրաստելու և պահելու արարքի հանցավորությունը: Ուստի, այդ փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և դրանց գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը կատարված հանցանքի վրա:

Վերոգրյալի պայմաններում Ռ.Քարամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով (երկրորդ դրվագով) քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, այն է` արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով:

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Համաներման մասին օրենքն ամբաստանյալ Ռ.Քարամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով (առաջին դրվագով) քրեական հետապնդումը բացառող հանգամանք է:

15. ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը`

պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

(...)

13) ընդունվել է համաներման մասին օրենք:

(...)

5. Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը:

6. Սույն հոդվածի առաջին մասի (...) 13-րդ կետում նշված հիմքով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»:

i

Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն` «(...) Հարուցված քրեական գործը կարճել, ինչպես նաև դադարեցնել քրեական հետապնդումը կամ չիրականացնել քրեական հետապնդում 2018 թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ կատարած հանցագործությունների դեպքերով (բացառությամբ անմիջականորեն մարդու մահվան հանգեցրած դեպքերի, որոնցով առկա է տուժողի իրավահաջորդի առարկությունը), որոնցով`

1) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան չորս տարի ժամկետով ազատազրկում (...)»:

i

Համաներման մասին օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի 3-րդ կետի համաձայն` «Սույն օրենքի կատարումը վերապահել`

(...)

3) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին` այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերով վճռաբեկ բողոքներն ընդունվել են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարույթ (...)»:

16. Համաներման մասին օրենքի ընդունման, որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանքի, վերաբերյալ Վճռաբեկ դատարանը Թադևոս Գևորգյանի գործով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Համաներման ակտի ընդունումը քրեական դատավարության ցանկացած փուլում բացառում է քրեական գործի վարույթը: Համաներման ակտի ընդունման հիմքով քրեական գործի վարույթը կարճելու` վարույթն իրականացնող մարմնի վերոնշյալ պարտականությունը, սակայն, որոշակի վերապահում ունի, մասնավորապես` համաներման ակտի ընդունման հիմքով քրեական գործի վարույթը ենթակա է կարճման այն դեպքում, երբ մեղադրյալը դրա դեմ չի առարկում:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, (...) որ համաներման ակտի ընդունման հիմքով քրեական գործ չհարուցելու, քրեական հետապնդում չիրականացնելու և հարուցված քրեական գործը կարճելու` վարույթն իրականացնող մարմնի լիազորության իրականացման համար անհրաժեշտ իմպերատիվ պահանջ է հանդիսանում անձի համաձայնությունը: Համաներման ակտի կիրառման հիմքով քրեական գործի վարույթը կարճելու դեպքում անձի համաձայնությունը հանդիսանում է վերջինիս իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիք և կապված է բացառապես իր նկատմամբ համաներման ակտ կիրառելու կամ չկիրառելու վերաբերյալ անձի ցանկության հետ: Հետևաբար, համաներման ակտի ընդունման հիմքով քրեական գործի վարույթը կարճելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականությունն ենթադրում է, որ վերջինս յուրաքանչյուր դեպքում պարտավոր է քննարկման առարկա դարձնել համաներման ակտի կիրառման հարցը, սակայն բոլոր այն դեպքերում, երբ ամբաստանյալը համաձայն չէ համաներման ակտի կիրառման հետ, պարտավոր է բացառել դրա կիրառումը:

i

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ իր նկատմամբ համաներման ակտի կիրառման դեպքում անձի համաձայնությունը վերաբերում է բացառապես նշված ակտի կիրառմանը, և դրա բացակայության դեպքում գործի վարույթը շարունակվում է ընդհանուր կանոններով` հնարավորություն տալով անձին հասնելու ամբողջական «ռեաբիլիտացիայի»: Հետևաբար, Համաներման ակտի կիրառմամբ քրեական գործի վարույթի կարճման հնարավորության դեպքում որևէ այլ, այդ թվում` անձի կողմից հանցանք կատարելն ընդունելու կամ չընդունելու հիմքով համաներման ակտի չկիրառումը հանդիսանում է անձի իրավունքների խախտում (...)»7:

________________________

7) Տե՛ս Թադևոս Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԼԴ/0203/01/11 որոշման 16-18-րդ կետերը:

 

17. Վերահաստատելով նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այն դեպքում, երբ համաներման մասին օրենքն ընդունվում է գործը դատական քննության փուլում գտնվելու ժամանակահատվածում, այդ հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը լուծելու պարտականությունը կրում է դատարանը: Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում: Մասնավորապես, այն դեպքում, երբ ամբաստանյալը համաձայն է, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի համաներման մասին օրենքի ընդունման հիմքով, և առկա են նաև այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու համար անհրաժեշտ օրենքով նախատեսված վավերապայմանները, ապա դատարանը, կաշկանդված չլինելով բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններով, պարտավոր է անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:

18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ռ.Քարամյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով` (առաջին դրվագով) մեղադրանք է առաջադրվել զգալի չափերով` 0.05092 գրամ ընդհանուր քաշով «կոդեին» տեսակի թմրամիջոցն առանց իրացնելու նպատակի 2017 թվականի հուլիսի 10-ին ապօրինի պատրաստելու և պահելու համար8:

________________________

8) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

Առաջին ատյանի դատարանը, դատաքննության արագացված կարգ կիրառելով, Ռ.Քարամյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով` վերոնշյալ դրվագով առաջադրված մեղադրանքում9:

________________________

9) Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:

 

Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Ռ.Քարամյանի մասով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողել է անփոփոխ10:

________________________

10) Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը:

 

19. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-17-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ`

ա) ամբաստանյալ Ռ.Քարամյանը մեղադրվում է 2017 թվականի հուլիսի 10-ին կատարված հանցագործության մեջ,

բ) ամբաստանյալ Ռ.Քարամյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրվող հանցագործության համար որպես պատիժ է նախատեսված ազատազրկում` առավելագույնը մեկ տարի ժամկետով,

գ) ամբաստանյալ Ռ.Քարամյանը համաձայնություն է հայտնել իր նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառմանը11:

________________________

11) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

Այսինքն` վերը նշված հանգամանքների համակցությունից հետևում է, որ Ռ.Քարամյանը մեղադրվում է հանցագործություն կատարելու մեջ, որը տեղի է ունեցել մինչև 2018 թվականի հոկտեմբերի 21-ը և որի համար նախատեսված պատիժը չի գերազանցում չորս տարի ժամկետով ազատազրկումը, ամբաստանյալը համաձայն է իր նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառմանը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առկա են ամբաստանյալ Ռ.Քարամյանի նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման անհրաժեշտ վավերապայմանները: Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ քրեական գործի նյութերում բացակայում է Համաներման մասին օրենքն ամբաստանյալ Ռ.Քարամյանի նկատմամբ կիրառելուն խոչընդոտող որևէ հանգամանք:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Համաներման մասին օրենքն ամբաստանյալ Ռ.Քարամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը բացառող հանգամանք է:

ՈՒստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ռ.Քարամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով (առաջին դրվագով) քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի, այն է` Համաներման մասին օրենքի ընդունման հիմքով:

20. Վերոշարադրյալը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս բեկանելու և փոփոխելու Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 21-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մարտի 13-ի որոշումը, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով` երկրորդ դրվագով առաջադրված մեղադրանքում ճանաչելու Ռ.Քարամյանի անմեղությունը և այդ մասով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` հանցակազմի բացակայության հիմքով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով` առաջին դրվագով առաջադրված մեղադրանքով Ռ.Քարամյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի` Համաներման մասին օրենքի ընդունման հիմքով:

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ ամբաստանյալ Ռ.Քարամյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված` չհեռանալու մասին ստորագրությունը, ենթակա է վերացման:

21. Նշված պայմաններում Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում բողոքաբերի` սույն որոշման 7-րդ կետում բարձրացված փաստարկներին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 21-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի մարտի 13-ի որոշումը` ամբաստանյալ Ռոբերտ Ռադիկի Քարամյանի մասով բեկանել ու փոփոխել:

2. Ամբաստանյալ Ռոբերտ Քարամյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով` երկրորդ դրվագով առաջադրված մեղադրանքում արդարացնել և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

3. «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի հիման վրա Ռոբերտ Քարամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով` առաջին դրվագով քրեական հետապնդումը դադարեցնել:

4. Ամբաստանյալ Ռոբերտ Ռադիկի Քարամյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել:

5. Դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

6. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.12.2018
N ՍԴ/0104/01/17
Որոշում