Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 73-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 73-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵԱՔԴ/0060/01/12

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`  Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ`  Հ. Ասատրյանի

                    դատավորներ        Ս. Ավետիսյանի

                                      Ե. Դանիելյանի

                                      Ա. Պողոսյանի

                                      Ս. Օհանյանի

                    

                    քարտուղարությամբ` Մ. Ավագյանի

                    մասնակցությամբ`

                    դատախազ           Տ. Պողոսյանի

 

2018 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր հանգամանքի հիմքով դատապարտյալ Էրիկ Մուշեղի Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` 2012 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճռով Էրիկ Բաղդասարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (երկու դրվագ), 266-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ), 268-րդ հոդվածի 3-րդ մասով (չորս դրվագ) նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` դրվագներից յուրաքանչյուրի համար ազատազրկման` 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման, 266-րդ հոդվածի 1-ին մասով` դրվագներից յուրաքանչյուրի համար ազատազրկման` 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, 268-րդ հոդվածի 3-րդ մասով` դրվագներից յուրաքանչյուրի համար ազատազրկման` 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա հանցանքների համակցությամբ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Է.Բաղդասարյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 8 (ութ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման` պատժի կրման սկիզբը հաշվելով 2011 թվականի նոյեմբերի 27-ից: Է.Բաղդասարյանի նկատմամբ նշանակվել է նաև հարկադիր բուժում թմրամոլության դեմ:

Նույն դատավճռով դատապարտվել է նաև Սարգիս Միքայելյանը:

2. Ամբաստանյալներ Է.Բաղդասարյանի, Ս.Միքայելյանի և վերջինիս պաշտպան Տ.Գրիգորյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի մարտի 6-ի որոշմամբ Է.Բաղդասարյանի մասով Առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճիռը թողել է անփոփոխ:

3. Վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Է.Բաղդասարյանի պաշտպան Հ.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի մայիսի 15-ի որոշմամբ վերադարձվել է:

4. Դատապարտյալ Է.Բաղդասարյանի կողմից նոր հանգամանքի հիմքով բերված բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2018 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ նոր հանգամանքի հիմքով հարուցել է դատական ակտի վերանայման վարույթ և վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Է.Բաղդասարյանը դատապարտվել է այն բանի համար, որ. «(...) նա իրացնելու և առանց այդպիսի` իր գործածման նպատակով, 2011թ. հոկտեմբերի կեսերին, ժամը 21:30-ի սահմաններում, գործով դեռևս չպարզված անձից Սյունիքի մարզի Գորիս վարչական շրջանում 300.000 ՀՀ դրամ գումարով գնելու եղանակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի` շուրջ 20 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց, որի մի մասից պատրաստել է ներարկման համար պիտանի, «ափիոնի» չպարզված քանակություն պարունակող շուրջ 0,7 մլ ծավալով լուծույթ և իր բնակության վայրում` Երևան քաղաքի Վաղարշյան 24/1-48 հասցեում գտնվող բնակարանում, անհատույց, հյուրասիրության կարգով ներարկելու եղանակով ապօրինի իրացրել է Սարգիս Գևորգի Միքայելյանին:

Բացի այդ Էրիկ Բաղդասարյանը կրկին իրացնելու և առանց այդպիսի` իր գործածման նպատակով, 2011թ. հոկտեմբերի վերջերին, ժամը 21:30-ի սահմաններում, գործով դեռևս չպարզված անձից Սյունիքի մարզի Գորիսի վարչական շրջանում 300.000 ՀՀ դրամ գումարով գնելու եղանակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի` շուրջ 20 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց, որից խոշոր չափերի` շուրջ 0.7 գրամը, 20.000 ՀՀ դրամ գումարով վաճառելու եղանակով իր բնակության վայրում` Երևան քաղաքի Վաղարշյան 24/1-48 հասցեում գտնվող բնակարանում, ապօրինի իրացրել է Սարգիս Գևորգի Միքայելյանին:

Այնուհետև, Էրիկ Բաղդասարյանը կրկին իրացնելու և առանց այդպիսի` իր գործածման նպատակով, 2011թ. նոյեմբերի սկզբներին, ժամը 21:30-ի սահմաններում, գործով դեռևս չպարզված անձից Սյունիքի մարզի Գորիսի վարչական շրջանում 300.000 ՀՀ դրամ գումարով գնելու եղանակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի` շուրջ 20 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց, որից խոշոր չափերի` շուրջ 0.7 գրամը, 15.000 ՀՀ դրամ գումարով վաճառելու եղանակով իր բնակության վայրում` Երևան քաղաքի Վաղարշյան 24/1-48 հասցեում գտնվող բնակարանում, ապօրինի իրացրել է Սարգիս Գևորգի Միքայելյանին:

Նկարագրվածներից բացի, Էրիկ Բաղդասարյանն իրացնելու և առանց այդպիսի` իր գործածման նպատակով, 2011թ. նոյեմբերի 26-ին, ժամը 21:30-ի սահմաններում, Սարգիս Միքայելյանի հետ հասել է Սյունիքի մարզի Գորիսի վարչական շրջան, որտեղ գործով դեռևս չպարզված անձից 300.000 ՀՀ դրամ գումարով գնելու եղանակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի` շուրջ 20 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց, որի մի մասից պատրաստել է ներարկման համար պիտանի, «ափիոն» չպարզված քանակություն պարունակող շուրջ 0,7 մլ ծավալով լուծույթ և Գորիս-Երևան ետդարձի ճանապարհին անհատույց, հյուրասիրության կարգով ներարկելու եղանակով ապօրինի իրացրել է Սարգիս Գևորգի Միքայելյանին»1:

________________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 133:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոշարադրյալ հիմնավորումներով.

6. Բողոք բերած անձը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածը և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, փաստարկել է, որ նշված փոփոխություններով բարելավվել է իր վիճակը, հետևաբար դրանք ենթակա են կիրառման իր նկատմամբ:

7. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է իր վերաբերյալ կայացված դատական ակտերով հաստատված արարքները համապատասխանեցնել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքին և փոփոխել իր նկատմամբ նշանակված վերջնական պատիժը կամ ազատել հետագա պատիժը կրելուց` արարքի ապաքրեականացման հիմքով:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

i

8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Էրիկ Բաղդասարյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի մայիսի 15-ի որոշումը վերանայելու համար:

i

9. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(...) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն` տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

i

10. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա'մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա'մ մեղմացնում է պատիժը, կա'մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն2:

________________________

2 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը:

 

11. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. «(...) Ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում` արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (...)»3:

________________________

3 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:

 

Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)»4:

________________________

4 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:

 

12. Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար:

i

13. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի համաձայն` «1. Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են`

(...) 2) խոշոր չափերով,

(...)

պատժվում են ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն` «1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը`

պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

(...)

3. Նույն արարքները, որոնք կատարվել են առանձնապես խոշոր չափերով` պատժվում են ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով»:

Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 0.1 գրամից մինչև 0.5 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ` 0.5 գրամից մինչև 10.0 գրամը ներառյալ, որպես առանձնապես խոշոր չափ` ավելի քան 10.0 գրամը:

Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանվել 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ` 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ, որպես առանձնապես խոշոր չափ` ավելի քան 12.5 գրամը:

i

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Էրիկ Բաղդասարյանը`

- ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով` երկու դրվագով դատապարտվել է յուրաքանչյուր դեպքում չպարզված քանակությամբ «ափիոն» տեսակի թմրամիջոց անհատույց, հյուրասիրության կարգով, ապօրինի իրացնելու համար,

- ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` երկու դրվագով դատապարտվել է յուրաքանչյուր դեպքում խոշոր չափի` շուրջ 0,7 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու համար,

- ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով` չորս դրվագով դատապարտվել է յուրաքանչյուր դեպքում առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափի` շուրջ 20 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու համար5:

________________________

5 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 9-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք չեն Է.Բաղդասարյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով` երկու դրվագով, 268-րդ հոդվածի 3-րդ մասով` չորս դրվագով նախատեսված արարքների իրավական որակման փոփոխության: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք են Է.Բաղդասարյանի կողմից կատարված` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` երկու դրվագով նախատեսված արարքների իրավական որակման փոփոխության:

Մասնավորապես, «ափիոն» տեսակի թմրամիջոցի խոշոր չափի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 0,7 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե խոշոր, այլ զգալի չափի է: ՈՒստի` դատապարտյալ Է.Բաղդասարյանի արարքները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասին: Նման պայմաններում թմրամիջոցի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Է.Բաղդասարյանի կողմից կատարված հանցանքների վրա, քանի որ դրանք բարելավում են վերջինիս վիճակը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Է.Բաղդասարյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի մայիսի 15-ի որոշումը վերանայելու համար:

16. Վերանայման արդյունքում անհրաժեշտ է դատապարտյալ Էրիկ Բաղդասարյանի մասով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2013 թվականի մարտի 6-ի որոշումը բեկանել ու փոփոխել, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (երկու դրվագով) որակված արարքները վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագով), և տվյալ հոդվածի սանկցիայի շրջանակներում այդ արարքներից յուրաքանչյուրի համար որպես պատիժ նշանակել ազատազրկում` 3 (տարի) 6 (ամիս) ժամկետով` հաշվի առնելով պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները, ինչպես նաև գործի նյութերում առկա` Է.Բաղդասարյանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Է.Բաղդասարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկում պատժին պետք է գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով` երեք դրվագով յուրաքանչյուր հանցագործության համար նշանակված ազատազրկում պատժից 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով` չորս դրվագով յուրաքանչյուր հանցագործության համար նշանակված ազատազրկում պատժից 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը և Է.Բաղդասարյանի նկատմամբ վերջնական պատիժ է պետք նշանակել ազատազրկում` 7 (յոթ) տարի ժամկետով: Միևնույն ժամանակ, պատժի սկիզբը հաշվելով 2011 թվականի նոյեմբերի 27-ից` Է.Բաղդասարյանին պետք է անհապաղ ազատ արձակել սահմանված պատիժը կրած լինելու հիմքով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Էրիկ Մուշեղի Բաղդասարյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` 2013 թվականի մայիսի 15-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Դատապարտյալ Էրիկ Մուշեղի Բաղդասարյանի մասով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2013 թվականի մարտի 6-ի որոշումը բեկանել և փոփոխել:

3. Էրիկ Մուշեղի Բաղդասարյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (երկու դրվագով) որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագով) և նրա նկատմամբ այդ արարքներից յուրաքանչյուրի համար պատիժ նշանակել ազատազրկում` 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

4. ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Էրիկ Մուշեղի Բաղդասարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկում պատժին գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով` երեք դրվագով յուրաքանչյուր հանցագործության համար նշանակված ազատազրկում պատժից 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով` չորս դրվագով յուրաքանչյուր հանցագործության համար նշանակված ազատազրկում պատժից 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը և Է.Բաղդասարյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 7 (յոթ) տարի ժամկետով:

Պատժի սկիզբը հաշվել 2011 թվականի նոյեմբերի 27-ից և Էրիկ Մուշեղի Բաղդասարյանին անհապաղ ազատ արձակել սահմանված պատիժը կրած լինելու հիմքով:

5. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

6. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.12.2018
N ԵԱՔԴ/0060/01/12
Որոշում