i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության ԵէԴ/0042/01/16
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ ԵէԴ/0042/01/16
Նախագահող դատավոր` Տ. Սահակյան
Դատավորներ` Ա. Ազարյան
Մ. Պապոյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Լ. Թադևոսյանի
մասնակցությամբ` Հ. Ասատրյանի
դատավորներ Ս. Ավետիսյանի
Ե. Դանիելյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
քարտուղարությամբ` Մ. Ավագյանի
2018 թվականի դեկտեմբերի 24-ին
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունվարի 16-ի որոշման դեմ ամբաստանյալներ Սուրեն Ֆելիքսի Սարգսյանի և Հարություն Հակոբի Դանոյանի պաշտպան Ե.Սարգսյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2014 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 12800914 քրեական գործը:
Նախաքննության մարմնի` 2014 թվականի հոկտեմբերի 29-ի որոշումներով Սուրեն Սարգսյանը և Հարություն Դանոյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
2016 թվականի ապրիլի 14-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 11-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել է ամբաստանյալներ Ս.Սարգսյանի ու Հ.Դանոյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում, և վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
3. Մեղադրող Է.Հարությունյանի և տուժող Հ.Հակոբյանի ներկայացուցիչ Ի.Պետրոսյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի հունվարի 16-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 11-ի դատավճիռը բեկանել և փոփոխել է, ամբաստանյալներ Հ.Դանոյանին և Ս.Սարգսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում և համապատասխանաբար որպես պատիժ նշանակել ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով:
4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալներ Ս.Սարգսյանի և Հ.Դանոյանի պաշտպան Ե.Սարգսյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցներից վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել մեղադրող Է.Հարությունյանը` խնդրելով վճռաբեկ բողոքը մերժել և օրինական ուժի մեջ թողնել Վերաքննիչ դատարանի որոշումը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Նախաքննության մարմնի կողմից Ս.Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ. «(...) Նա կնոջից` Անահիտ Բունիաթյանից, տեղեկանալով, որ հուլիսի 24-ին` ժամը 19:00-ի սահմաններում, քույրը` Կարինե Սարգսյանը, Ա.Բունիաթյանը և վերջինիս մանկահասակ երեխան «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենայով Երևան քաղաքի Թումանյան փողոցի վրա գտնվող «Էֆորիա» խանութ սրահի մոտակայքից Երևան քաղաքի Նոր Արեշ 26 փողոցի 97 տուն վերադառնալու ժամանակ նշված ավտոմեքենայի մեջ են մոռացել Ա.Բունիաթյանի «iPhone 5Տ» տեսակի բջջային հեռախոսը, պարզել է տաքսու վարորդի ինքնությունը և փորձել ընկերների միջոցով վերադարձնել այն: Սակայն տեսնելով, որ տաքսու վարորդը հերքում է բջջային հեռախոսը տաքսու մեջ թողնելու հանգամանքը, կնոջը պատկանող բջջային հեռախոսը գտնելու և վերադարձնելու նպատակով, տաքսու վարորդ Հայկ Էդուարդի Հակոբյանին առևանգելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով իր ընկեր` Հարություն Դանոյանի և քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ, 2014 թվականի հուլիսի 26-ին` ժամը 22:30-ի սահմաններում, բջջային հեռախոսով, պատվեր կատարելու պատրվակով, Հ.Դանոյանի ծանոթ` Արփինե Հունանյանը, որը տեղյակ չի եղել Հ.Հակոբյանին առևանգելու նպատակի վերաբերյալ Ս.Սարգսյանի պահանջով զանգահարել և խաբեությամբ Հ.Հակոբյանին կանչել է Երևան քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գտնվող թիվ 119 դպրոցի մոտ, որտեղից նրան սպասող քննությամբ դեռևս չպարզված հանցակցի ուղեկցությամբ, խաբեությամբ տեղափոխել են Երևան քաղաքի Խաչիկ Դաշտենցի փողոցի վրա գտնվող ավտոշուկայի տարածք, որտեղ պահանջել են վերադարձնել Ա.Բունիաթյանի կողմից տաքսի ավտոմեքենայի մեջ թողնված բջջային հեռախոսը: Հ.Հակոբյանը խոստացել է գտնել և վերադարձնել բջջային հեռախոսը, եթե իրեն տրամադրեն բջջային հեռախոսի տուփը, որից հետո պայմանավորվածություն ձեռք բերելով տուփը փոխանցելու վերաբերյալ, վերջինիս ազատ են արձակել (...)»1:
_______________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 68:
5.1. Նախաքննության մարմնի կողմից Հ.Դանոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ. «(...) Նա ընկերոջից` Սուրեն Սարգսյանից տեղեկանալով, որ հուլիսի 24-ին` ժամը 19:00-ի սահմաններում, Կարինե Սարգսյանը, Ա.Բունիաթյանը և վերջինիս մանկահասակ երեխան «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենայով Երևան քաղաքի Թումանյան փողոցի վրա գտնվող «Էֆորիա» խանութ սրահի մոտակայքից Երևան քաղաքի Նոր Արեշ 26 փողոցի 97 տուն վերադառնալու ժամանակ նշված ավտոմեքենայի մեջ են մոռացել Ա.Բունիաթյանի «iPhone 5Տ» տեսակի բջջային հեռախոսը, Ս.Սարգսյանը պարզել է տաքսու վարորդի ինքնությունը և փորձել ընկերների միջոցով վերադարձնել այն: Սակայն տեղեկանալով, որ տաքսու վարորդը հերքում է բջջային հեռախոսը տաքսու մեջ թողնելու հանգամանքը, Ս.Սարգսյանի կնոջը պատկանող բջջային հեռախոսը գտնելու և վերադարձնելու նպատակով, տաքսու վարորդ Հայկ Էդուարդի Հակոբյանին առևանգելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով Սուրեն Սարգսյանի և քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ, 2014 թվականի հուլիսի 26-ին` ժամը 22:30-ի սահմաններում, բջջային հեռախոսով, պատվեր կատարելու պատրվակով, իր ծանոթ` Արփինե Հունանյանը, որը տեղյակ չի եղել Հ.Հակոբյանին առևանգելու նպատակի վերաբերյալ, Ս.Սարգսյանի պահանջով զանգահարել և խաբեությամբ Հ.Հակոբյանին կանչել է Երևան քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գտնվող թիվ 119 դպրոցի մոտ, որտեղից նրան սպասող քննությամբ դեռևս չպարզված հանցակցի ուղեկցությամբ, խաբեությամբ տեղափոխել են Երևան քաղաքի Խաչիկ Դաշտենցի փողոցի վրա գտնվող ավտոշուկայի տարածք, որտեղ պահանջել են վերադարձնել Ա.Բունիաթյանի կողմից տաքսի ավտոմեքենայի մեջ թողնված բջջային հեռախոսը: Հ.Հակոբյանը խոստացել է գտնել և վերադարձնել բջջային հեռախոսը, եթե իրեն տրամադրեն բջջային հեռախոսի տուփը, որից հետո պայմանավորվածություն ձեռք բերելով տուփը փոխանցելու վերաբերյալ, վերջինիս ազատ են արձակել (...)»2:
_______________________
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 65:
6. Ամբաստանյալ Ս.Սարգսյանը և Հ.Դանոյանն ըստ էության նույնաբովանդակ նախաքննական ցուցմունքներում հայտնել են, որ պատահական հանդիպմանը Ս.Սարգսյանը Հ.Դանոյանին պատմել է կնոջ հեռախոսի հափշտակության մասին, ապա խնդրել է իր հեռախոսով զանգահարել տաքսու վարորդին: Սակայն Հ.Դանոյանն իր հեռախոսի մարտկոցը նստած կամ հեռախոսահամարն արգելափակված լինելու պատճառով չի կարողացել զանգահարել, Ս.Սարգսյանն էլ Հ.Դանոյանին խնդրել է զանգել տաքսու վարորդին վերջինիս հետ սրճարանում գտնվող Արփինեի հեռախոսով և պատվեր ձևակերպել «Կայարանի» դպրոցի մոտ: Դրանից հետո իրենք Արփինեին ճանապարհել են և միասին դուրս են եկել սրճարանից` հիշյալ դպրոցի մոտ գնալու համար: Ճանապարհին Արփինեն զանգահարել է Հ.Դանոյանին և հայտնել, որ մեքենան տեղում է, իսկ վերջինս Արփինեին ասել է, որ հեռախոսով տաքսու վարորդին հայտնի, որ այլևս մեքենա հարկավոր չէ: Այդ ժամանակ Ս.Սարգսյանի ընկեր Արթուրը, իջնելով իրենց մեքենայից, նստել է Արփինեի կողմից պատվիրված տաքսի մեքենայի առջևի` վարորդի կողքի նստատեղին, որից հետո զանգահարել է իրենց և հայտնել, որ տաքսու վարորդը համաձայն է հեռախոսի հարցի շուրջ գնալ ցանկացած վայր և զրուցել: Հասնելով ավտոշուկայի մոտ` իրենք իջել են ավտոմեքենայից և գնացել տաղավար զրուցելու: Ամբաստանյալները պնդել են, որ տաքսու վարորդին Արթուրը հայտնել է, որ պատվերը կատարվել է իրենց խնդրանքով` հեռախոսի հետ կապված խոսելու համար, ինչը Հ.Հակոբյանը չի մերժել: Իրենք տաքսու վարորդին առևանգելու նպատակ չեն ունեցել, վերջինս նախապես իմացել է, թե ուր է գնում և ինչ հարցի շուրջ պետք է զրուցեն3:
_______________________
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 152-155, 191-193:
6.1 Տուժող Հայկ Հակոբյանն իր դատաքննական ցուցմունքում ըստ էության հայտնել է, որ ճանապարհին ուղևորն իրեն ոչինչ չի ասել հեռախոսի շուրջ զրուցելու հետ կապված: Հասնելով ավտոշուկայի մոտ, ընկերոջը վերցնելու պատրվակով, ուղևորը խնդրել է մեքենան կանգնեցնել: Երբ մեքենան կայանել է, անմիջապես իր մեքենայի առջևի հատվածում` ճանապարհը փակելով, կանգնել է «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենա, իսկ հետևի հատվածում` «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա: Այդ ժամանակ պատվիրատուն, իջնելով մեքենայից, հրահանգել է, որ ինքը ևս իջնի: Չհասկանալով` ինչ է կատարվում, ինքն իջել է մեքենայից, որից հետո ուղևորը, իր ձեռքից բռնելով, առաջարկել է գնալ զրուցելու: Երբ ինքը շրջվել է, որպեսզի մեքենայից հանի բանալիները, տեսել է, որ մի քանի երիտասարդներ, որոնք իջել են իր մեքենայի առջևի և հետևի մեքենաներից, ստուգում են իր մեքենայի սրահը: Նույն ժամանակ ուղևորը, բռնելով իր ձեռքից, առաջարկել է զրուցելու նպատակով գնալ փողոցից փոքր-ինչ հեռու գտնվող տաղավար: Այդ պահին նոր հասկացել է, որ իրեն խաբեությամբ բերել են տվյալ վայր` հեռախոսի հետ կապված հարցի պարզաբանման համար4:
_______________________
4 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 50-53:
6.2 Վկա Գրիգոր Դայանն իր դատաքննական ցուցմունքում ըստ էության հայտնել է, որ Հայկ Հակոբյանն իրեն պատմել է, որ նրան խաբեությամբ առևանգել, ծեծել են և ձեռքից վերցրել են 100.000 ՀՀ դրամ գումար5:
_______________________
5 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 103-104:
6.3 Վկա Օնիկ Գևորգյանն իր դատաքննական ցուցմունքում ըստ էության հայտնել է, որ այն պահին, երբ քայլել են սրճարանի մոտով, Հարություն Դանոյանը, ով հանդիսացել է Սուրեն Սարգսյանի ընկերը, նստած է եղել իրեն անծանոթ մի աղջկա հետ: Հ.Դանոյանն իրենց հրավիրել է սեղանի շուրջ, ապա Ս.Սարգսյանը և Հ.Դանոյանն առանձնացել են: Որոշ ժամանակ անց նրանք վերադարձել են սեղանի մոտ, և այդ ժամանակ նրանցից մեկը, սակայն, թե ով հստակ չի հիշում, Հ.Դանոյանի հետ նստած աղջկան առաջարկել է նրա հեռախոսով զանգահարել և տաքսի պատվիրել: Ինքը հասկացել է, որ խոսքը գնում է նույն տաքսու վարորդի մասին, ով գողացել է Ս.Սարգսյանի կնոջ հեռախոսը: Հ.Դանոյանի ընկերուհին զանգահարել և տաքսի է պատվիրել «Կայարանի» դպրոցի մոտ: Դրանից հետո իրենք միասին դուրս են եկել սրճարանից, Հ.Դանոյանը ճանապարհել է այդ աղջկան, իսկ իրենք Ս.Սարգսյանի «Տոյոտա Պրադո» մակնիշի մեքենայով գնացել են հանդիպելու տաքսու վարորդին: Հասնելով հիշյալ վայր` ժամանել է նաև պատվիրված տաքսին: Այդ ժամանակ Ս.Սարգսյանի ընկերը, իջնելով իրենց մեքենայից, նստել է տաքսի մեքենայի մեջ` վարորդի կողքի նստատեղին: Որոշ ժամանակ անց այդ տղան զանգահարել է Ս.Սարգսյանին, նրանք ինչ-որ բան են խոսել, որից հետո Ս.Սարգսյանը նրան ասել է, որ ավելի լավ կլինի գնալ ավտոշուկա, որտեղ գտնվել է նրա մեքենան: Հասնելով ավտոշուկայի մոտ` իրենք բոլորով իջել են մեքենայից և զրուցելու համար գնացել տաղավար6:
_______________________
6 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 16-17:
6.4 Վկա Հովհաննես Միրզոյանն իր դատաքննական ցուցմունքում ըստ էության հայտնել է, որ Հայկ Հակոբյանի հետ խոսելիս վերջինս հայտնել է, որ մի անծանոթ հաճախորդ է նստել իր մեքենան, խնդրել տեղափոխել ինչ-որ տեղ, ապա վերջինիս ընկերոջը ճանապարհից վերցնելու պատրվակով, ուղևորի ասելով, կայանել են, որի ժամանակ իրեն ծեծել են ու իր մեքենայից գումար վերցրել7:
_______________________
7 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 124-125:
6.5 Վկա Արթուր Գևորգյանն իր դատաքննական ցուցմունքում ըստ էության հայտնել է, որ զանգահարել է Սուրեն Սարգսյանին, և նա իրեն ասել է, որ գտնվում է ավտոշուկայի մոտ, խոսակցություն ունի տաքսու վարորդի հետ, ով գողացել է հեռախոսը: Գնացել է ավտոշուկա և, փողոցում տեսնելով Ս.Սարգսյանին, իջել և մոտեցել է նրան: Վերջինս եղել է իր ընկերներ Արթուրի, Օնիկի և Հարութի հետ: Այդ ժամանակ Սուրենը, մատնացույց անելով փոքր-ինչ հեռու կայանված տաքսի մեքենան, որի կողքը կանգնած է եղել մի տղամարդ, ասել է, որ նա է գողացել հեռախոսը8:
_______________________
8 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 124-125:
6.6 Վկա Արփինե Հունանյանն իր նախաքննական ցուցմունքում ըստ էության հայտնել է, որ երբ ինքը գնացել էր Հարություն Դանոյանից պարտքով գումար խնդրելու, վերջինս իրենց սեղանի մոտ է հրավիրել այգով պատահական անցնող երեք տղաների և նրանց հետ ինչ-որ խոսակցություն ունեցել, որի ընթացքում նրանցից մեկը` թուխ մաշկով, միջին հասակի, թմբլիկ կազմվածքի տղան, Հ.Դանոյանին ասել է, որ զանգում է, սակայն չի պատասխանում, ինչից ինքը հասկացել է, որ ինչ-որ մեկի հետ չեն կարողանում կապ հաստատել: Այդ ժամանակ նույն տղան խնդրել է Հ.Դանոյանի հեռախոսը, սակայն մարտկոցը պարպված լինելու պատճառով վերջինս այն չի տրամադրել, և նրանք երկուսով իրեն առաջարկել են թույլ տալ իր հեռախոսահամարից զանգ կատարել, ինչին ինքը չի առարկել: Ապա վերջիններիս խնդրանքով զանգահարել է իրեն տրամադրած հեռախոսահամարով և տեղեկանալով, որ խոսում է տաքսու վարորդի հետ, տաքսի է պատվիրել «Կայարանի» դպրոցի մոտ, ինչպես որ իրեն ասել են: Այնուհետև, քանի որ շտապելիս է եղել, ցանկացել է դուրս գալ, սակայն Հ.Դանոյանը և հիշյալ տղան խնդրել են մի փոքր ավել մնալ` մինչև տաքսու վարորդը հետ զանգահարի իրեն: Տեսնելով, որ տաքսու վարորդի զանգն ուշանում է, ինքը դուրս է եկել սրճարանից` աշխատանքի գնալու համար: Նշված տղաները, այդ թվում նաև Հ.Դանոյանը, դուրս են եկել փողոց, նստել են այնտեղ կայանած արծաթափայլ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և հեռացել: Ճանապարհին հիշյալ տաքսու վարորդը զանգահարել է իրեն և հայտնել, որ տեղում է: Այդ մասին ինքը հեռախոսով հայտնել է Հ.Դանոյանին: Մի քանի րոպե անց Հ.Դանոյանը զանգահարել է իրեն և խնդրել կրկին զանգահարել տաքսու վարորդին և փոխանցել, որ այլևս մեքենա պետք չէ, ինչն ինքը կատարել է: Այնուհետև, երբ «ՍՄՍ» հաղորդագրություն է ուղարկել Հ.Դանոյանին` պարզելու իր խնդրանքը` պարտքով գումար տալու հարցը լուծվել է, թե ոչ, վերջինս իրեն պատասխանել է, որ այլևս իրեն չզանգահարի ու չգրի: Դրանից շուրջ 10 օր անց, Հ.Դանոյանը նույն տղաների հետ գնացել է իր աշխատանքի վայր: Նրանցից այն նույն թմբլիկ կազմվածքով տղան իրեն խնդրել է հեռախոսն անջատել կամ տալ իրեն` ասելով, որ տաքսու վարորդն իրենց գումար է պարտք եղել, չի տվել, նրան ծեծել են ու վերջինս դիմել է ոստիկանություն: Ինքը մերժել է այդ տղայի առաջարկը, որից հետո վերջինս խնդրել է, որ եթե իրեն ոստիկանությունից անհանգստացնեն, այդ մասին անհապաղ տեղյակ պահի Հ.Դանոյանին կամ իրեն` միաժամանակ տրամադրելով հեռախոսահամար, որն ինքը կորցրել է: Իր կարծիքով Հ.Դանոյանն այդ օրն իրեն սրճարան է հրավիրել ոչ թե գումար տալու, այլ տաքսու վարորդին զանգահարելու և կանչելու համար9:
_______________________
9 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 231-234:
6.7 Վկա Արփինե Հունանյանին լուսանկարով անձին ճանաչման ներկայացնելու արձանագրության համաձայն` վկան ճանաչել է ամբաստանյալ Սուրեն Սարգսյանին10:
_______________________
10 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթ 106:
6.8 093-60-60-66 և 077-10-00-08 բջջային հեռախոսահամարների վերծանումների զննության արձանագրությունների համաձայն` դեպքի կատարման ժամանակահատվածում Ս.Սարգսյանի և Հ.Դանոյանի նշված հեռախոսահամարները սպասարկվել են Խ.Դաշտենցի փողոցից մինչև Նուբարաշենի «Ավտոշուկայի» մոտակայքը, դրանցից կատարվել են մուտքային և ելքային զանգեր11:
_______________________
11 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթ 106:
7. Առաջին ատյանի դատարանը, Ս.Սարգսյանին և Հ.Դանոյանին արդարացնելով առաջադրված մեղադրանքում, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) Սույն քրեական գործով ձեռք բերված և ենթադրյալ արարքում ամբաստանյալներ Հարություն Դանոյանի և Սուրեն Սարգսյանի մեղքը հիմնավորող միակ և ուղղակի ապացույցը գործով շահագրգիռ կողմ հանդիսացող տուժող Հայկ Հակոբյանի ցուցմունքներն են, որոնք նախաքննության ընթացքում բազմակի հակասական փոփոխությունների են ենթարկվել, իսկ գործում առկա նյութերը, գործով ձեռք բերված փաստական տվյալներն ու դատաքննության ընթացքում տուժողի արտահայտած դիրքորոշումները, դատարանին` վերջինիս կողմից տված ցուցմունքների արժանահավատությունը կասկածի տակ դնելու հիմքեր են տալիս:
(...) Տուժողի այս հակասական, իրարամերժ և անարժանահավատ ցուցմունքների համատեքստում հարկ է նշել, որ ամբաստանյալներ Սուրեն Սարգսյանն ու Հարություն Դանոյանը, ինչպես նաև վկա Օնիկ Գևորգյանն իրենց ցուցմունքներում բազմիցս հայտնել են, որ երբ իրենց ընկեր Արթուրը դպրոցի մոտ նստել է տաքսու վարորդի կողքի նստատեղին, տաքսիստին ասել է, որ իրականում պատվերի համար զանգած աղջիկը զանգել է իրենց համար, որից հետո նրան հայտնել է, որ հեռախոսի կորստի հետ կապված խոսելու բան ունեն նրա հետ և տաքսու վարորդը համաձայնվել է: Արթուրն անմիջապես զանգել է իրենց և ասել, որ տաքսիստը համաձայն է հանդիպել և զրուցել իրենց հարմար ցանկացած վայրում: Քանի որ Սուրենի մյուս ավտոմեքենան գտնվել է Նուբարաշենի ավտոշուկայում, իսկ ավտոմեքենայի մեջ են գտնվել իրենց խանութի բանալիները և մոտեցել է այն փակելու ժամը, հետևաբար որոշել է հանդիպումը կազմակերպել հենց ավտոշուկայի մոտակայքում:
(...) Առաջին ատյանի դատարանը արձանագրում է, որ նախաքննական մարմինը մեղադրանքի հիմքում դրել է միայն տուժողի այս խիստ հակասական և անարժանահավատ ցուցմունքները, համաձայն որի տուժողը չի իմացել, թե ինչ նպատակով է գնում ավտոշուկայի տարածք, ինչն էլ դիտել է որպես առևանգում, այնինչ` ակնհայտ է, որ մեղադրանքի մեջ ներառված այս կարևորագույն հանգամանքի վերաբերյալ միայն տուժողի նման ցուցմունքները չեն կարող մեղադրանքը հաստատելու համար բավարար ապացույց համարվել (...)»12:
_______________________
12 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 109-111, 114-116:
8. Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելով և Ս.Սարգսյանին ու Հ.Դանոյանին մեղավոր ճանաչելով առաջադրված մեղադրանքում, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նախ` դատավճռի նկարագրական-պատճառաբանական մասի ուսումնասիրությունից պարզվել է, որ Առաջին ատյանի դատարանը, թեև ձևականորեն շարադրել է գործով առկա ապացույցները, սակայն դրանց մանրամասն վերլուծություն չի իրականացրել, այդ թվում չի գնահատել դրանք համակցության մեջ` խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ և 126-127-րդ հոդվածներով նախատեսված պահանջները: (...)
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ տուժողի (...) ցուցմունքները հաստատվում են հետևյալ ածանցյալ ապացույցներով, որոնք անտեսվել են Առաջին ատյանի դատարանի կողմից գործի քննության ժամանակ:
Այսպես`
Գործով վկա Արտակ Պապոյանը ցուցմունք է տվել, որ աշխատում է ՀՀՈ Մաշտոցի բաժնին կից պահպանության բաժնում: Տուժողին ճանաչում է պայմանավորված նրանով, որ վերջինս իրեն հաճախակի տաքսի ծառայություններ է մատուցում: 2014 թվականի ամռանը տուժող Հ.Հակոբյանը զանգահարել է իրեն և խնդրել գտնել կորցված հեռախոսը, որին ի պատասխան ինքը հայտնել է, որ անհրաժեշտ է հեռախոսի տուփը և դրա տիրոջ դիմումը: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ վկայի ցուցմունքով հաստատվում է այն, որ տուժողն իրոք միջոցներ է ձեռնարկել հեռախոսի հայտնաբերման կապակցությամբ, այդ թվում դիմել է ՀՀ Ո աշխատակցի:
Անդրադառնալով գործով մյուս վկայի Գրիգոր Դայանի ցուցմունքներին` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դրանցով հաստատվում է տուժողին առևանգելու և ծեծելու փաստը, ավելին` Վերաքննիչ դատարանը նաև ընդգծում է, որ, եթե տուժողի մյուս ցուցմունքները արժանահավատ ճանաչվեր, ապա ինչո՞վ պետք է պայմանավորված լիներ վերջինիս նման վարքագիծը, որը դրսևորվել է նրանում, որ տուժողը պատմել է ընկերոջը` հեռախոսի և իրեն առևանգելու ու ծեծի ենթարկելու մասին: Այսինքն` եթե շարժվենք Առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունների տրամաբանությամբ և արժանահավատ ճանաչենք տուժողի նախաքննական ցուցմունքներն, այնքանով որքանով, իրեն չեն առևանգել, այլ ինքն իր կամքով է գնացել ամբաստանյալների հետ խոսելու, նախապես իմանալով թե ուր է գնում, ապա ինչու՞ է վերջինս պատմել եղելությունն իր ընկերոջն այն կերպ ինչպես ցուցմունք է տվել Առաջին ատյանի դատարանում դատաքննության ժամանակ:
Պետք է նշել, որ տուժողի դատաքննության ժամանակ տված ցուցմունքների արժանահավատությունը, բացի վերը նշված վկաների ցուցմունքների հաստատվում է նաև գործով վկա Հովհաննես Միրզոյանի ցուցմունքներով, համաձայն որոնց` ինքը հանդիսանում է տուժողի ընկերը և նրա հետ գտնվում է նորմալ հարաբերությունների մեջ: 2014 թվականի ամռանը տուժող Հ.Հակոբյանը իրեն ասել է, որ իր ուղևորներից մեկը մեքենայում հեռախոս է թողել, սակայն ինքն որևէ հեռախոս չի տեսել: Դրանից հետո տուժողը զանգահարել է վկային և ասել, որ իրեն ծեծել են և պահանջել հեռախոսը հետ վերադարձնել, իսկ հետագայում տուժողը վկային պատմելով եղելությունն ասել է, որ մի անծանոթ երիտասարդ է նստել մեքենան խնդրել տեղափոխել ինչ-որ տեղ, ապա հաճախորդի ընկերոջը վերցնելու պատրվակով կայանել, որի ժամանակ իրեն ծեծել են և մեքենայից գումար վերցրել: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նախորդ պարբերության մեջ նշված հետևությունների տրամաբանությամբ վերոնշյալ վկայի ցուցմունքներով նույնպես հաստատվում են տուժող Հ.Հակոբյանի դատաքննության ժամանակ տված ցուցմունքների արժանահավատությունը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը ցանկանում է ևս մեկ հարցադրում կատարել, եթե տուժող Հ.Հակոբյանը չի առևանգվել ամբաստանյալների կողմից նախապես մշակված ծրագրի համաձայն, և նա գնացել է վերջիններիս հետ խոսելու նախապես իմանալով, թե ինչ թեմայի և ինչ վայրում պետք է տեղի ունենա խոսակցությունն, ապա ինչու՞ չի իր մտերիմներին հայտնել եղելության վերաբերյալ հենց այդ լույսի ներքո և չի ասել, որ իրեն ոչ թե առևանգել են, այլ երիտասարդը, որը նստել է իր ավտոմեքենան նախապես իրեն հայտնել է այդ հանգամանքների մասին և ինքն էլ համաձայն է գնալ իրենց հետ, որի արդյունքում տեղի է ունեցել եղելությունը: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տուժողի ցուցմունքների հակասական լինելու և դրանց արժանահավատության աստիճանը պետք է քննության առարկա դարձվեր հենց այս հանգամանքների ներքո: (...)»13:
_______________________
13 Տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթեր 38, 48-49:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
9. Բողոքաբերը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 11-ի դատավճիռը բեկանելու և փոփոխելու մասին Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հունվարի 16-ի որոշումն օրինական, հիմնավորված, պատճառաբանված չէ, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա, հետևաբար այն ենթակա է բեկանման:
Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկի` բողոքի հեղինակը նշել է, որ տուժող Հայկ Հակոբյանի ցուցմունքները և դրանցից բխող մյուս ապացույցները «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշով չեն հաստատում ամբաստանյալների մեղավորությունը և ապացուցման առարկան կազմող փաստական հանգամանքները:
i
Բողոքաբերի պնդմամբ Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հունվարի 16-ի որոշումը հակասում է Վճռաբեկ դատարանի` Սիրակ Սաքանյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0058/01/10, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13, Մակար Հովհաննիսյանի և Աշոտ Մարտիրոսյանի գործով 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08 որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումներին:
10. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հունվարի 16-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 11-ի դատավճռին:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքը կատարելու մեջ Ս.Սարգսյանին և Հ.Դանոյանին մեղավոր ճանաչելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:
i
12. ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի համաձայն` «1. Խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը, եթե բացակայում են պատանդ վերցնելու հանցագործության հատկանիշները`
(...)
2. Նույն արարքը, որը կատարվել է`
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
(...)»:
13. Մարդուն առևանգելն ազատության դեմ ուղղված հանցագործություններից է: Տվյալ հանցագործության հիմնական անմիջական օբյեկտն անձի անձնական, ֆիզիկական ազատությունն է: Որպես լրացուցիչ օբյեկտ հանդես է գալիս մարդու կյանքը, առողջությունը և այլն:
Մարդուն առևանգելու հանցագործության օբյեկտիվ կողմն արտահայտվում է անձին իր կամքին հակառակ կամ առանց իր կամքը հաշվի առնելու գաղտնի կամ բացահայտ բնական միկրոսոցիալական միջավայրից դուրս հանելով, այլ վայր տեղափոխելով և այնտեղ պահելով: Եթե անձին իր կամքին հակառակ առևանգելու դեպքում տուժողի կամքը ճնշվում է բռնության կամ բռնության գործադրման սպառնալիքի միջոցով, ապա առանց անձի կամքը հաշվի առնելու առևանգելու դեպքում տուժողի կամքը հաշվի չի առնվում և վերջինս առևանգվում է խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով: Ընդհանուր առմամբ, հոդվածի դիսպոզիցիայի նկարագրությունից հետևում է, որ անձը կարող է առևանգվել խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնության գործադրման սպառնալիքի միջոցով:
13.1 Առևանգման վերոնշյալ եղանակներից խաբեությունը դրսևորվում է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնելով կամ որոշակի փաստեր, հանգամանքներ, իրադարձություններ թաքցնելով` նպատակ հետապնդելով տուժողին ապակողմնորոշելու, ներգործելու իր գտնվելու վայրն ընտրելու ազատ կամարտահայտության վրա` այդ կերպ նաև խուսափելով նրա հնարավոր դիմադրությունից: Մասնավորապես, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնելով` հանցավորը նպատակ է հետապնդում գաղտնի` երրորդ անձանց բացակայությամբ, կամ բացահայտ` վերջիններիս ներկայությամբ, անձին իր կամքով գտնվելու վայրից տեղափոխելու և պահելու այլ վայրում: Տվյալ եղանակով առևանգման հանցակազմի հատկանիշների առկայությունը հաստատված համարելիս էական նշանակություն ունի տուժողի և հանցավորի փոխհարաբերությունների, առևանգմանն անմիջապես նախորդող հանգամանքների, տուժողին իր գտնվելու վայրից հանցավորի կողմից ընտրված վայր հասցնելու համար գործադրված միջոցի, տուժողին հայտնված` իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության համակողմանի գնահատումը:
13.2 Սուբյեկտիվ կողմից առևանգումը դրսևորվում է միայն ուղղակի դիտավորությամբ, այսինքն` հանցավորը պետք է գիտակցի անձին առևանգելու` հանրության համար վտանգավոր բնույթը և ցանկանա իր գործողություններով անձին իր գտնվելու վայրից խաբեությամբ, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնության գործադրման սպառնալիքի միջոցով գաղտնի կամ բացահայտ տեղափոխել այլ վայր և այնտեղ պահել: Որպես հանցագործության սուբյեկտ կարող է հանդես գալ 14 տարին լրացած, մեղսունակ ֆիզիկական անձը:
i
14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբ»:
i
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն` «Գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցով»:
i
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն` «1.Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:
2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»:
i
15. Մեջբերված նորմերը վերլուծության ենթարկելիս Վճռաբեկ դատարանն Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով ընդգծել է, որ ապացույցի արժանահավատությունը վերաբերում է ապացույցի բովանդակային գնահատմանը: Արժանահավատ է այն ապացույցը, որի ճշմարտացիությունը կասկած չի հարուցում: Յուրաքանչյուր ապացույց արժանահավատության տեսանկյունից պետք է գնահատվի ապացույցների համակցության մեջ` բազմակողմանի և մանրամասն գնահատելով փաստական տվյալների ստացման աղբյուրները և ապացույցի ձևավորման ամբողջ ընթացքը: Ապացույցի արժանահավատության վերաբերյալ վերջնական որոշում կարող է կայացվել դրա բովանդակությունն այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ համադրելու արդյունքում: Որոշակի փաստի վերաբերյալ այս կամ այն աղբյուրից ստացված տեղեկությունների արժանահավատությունը գնահատելու համար անհրաժեշտ է վերլուծել ստացված տեղեկությունների բովանդակությունը, համադրել դրանք այլ ապացույցների հետ, պարզել դրանց համապատասխանությունը կամ հակասությունը, հակասության դեպքում` դրա պատճառները: Ապացույցի արժանահավատության վերաբերյալ դատարանի եզրահանգումները պետք է հիմնվեն գործում առկա փաստական տվյալների վրա14:
_______________________
14 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 31.3-րդ կետը:
16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալներ Ս.Սարգսյանին և Հ.Դանոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում15 արդարացնելիս նշել է, որ ամբաստանյալների մեղքը հիմնավորող միակ և ուղղակի ապացույցը գործով շահագրգիռ կողմ հանդիսացող տուժող Հայկ Հակոբյանի հակասական և անարժանահավատ ցուցմունքներն են:
_______________________
15 Տե՛ս սույն որոշման 5-5.1-րդ կետերը:
Դրանց համաձայն` տուժողը չի իմացել, թե ինչ նպատակով է գնում ավտոշուկայի տարածք, ինչն էլ դիտել է որպես առևանգում, այնինչ` ակնհայտ է, որ մեղադրանքի մեջ ներառված այս կարևորագույն հանգամանքի վերաբերյալ միայն տուժողի նման ցուցմունքները չեն կարող մեղադրանքը հաստատելու համար բավարար ապացույց համարվել16:
_______________________
16 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, չհամաձայնելով Առաջին ատյանի դատարանի հետ, բեկանել է վերջինիս կայացրած դատավճիռը և ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում Ս.Սարգսյանին և Հ.Դանոյանին մեղավոր ճանաչել` գտնելով, որ Առաջին ատյանի դատարանը, թեև ձևականորեն շարադրել է գործով առկա ապացույցները, սակայն դրանց մանրամասն վերլուծություն չի իրականացրել, այդ թվում` չի գնահատել դրանք համակցության մեջ` խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ և 126-127-րդ հոդվածներով նախատեսված պահանջները17:
_______________________
17 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
17. Սույն որոշման նախորդ, ինչպես նաև 6-6.8-րդ կետերում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-15-րդ կետերում շարադրված նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, պատշաճ իրավական գնահատականի արժանացնելով տուժողի և հանցավորի ունեցած փոխհարաբերության, առևանգմանն անմիջապես նախորդող հանգամանքների, իր գտնվելու վայրից հանցավորի կողմից ընտրված վայր տուժողին հասցնելու համար գործադրված միջոցի, վերջինիս հայտնված իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության վերաբերյալ գործով ձեռքբերված ապացույցների համակցությունը, իրավաչափորեն գտել է, որ դրանք հիմնավորում են տուժողի դատաքննական ցուցմունքների արժանահավատությունը և ըստ այդմ` ամբաստանյալների մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում:
Մասնավորապես, ամբաստանյալների մեղքն առաջադրված մեղադրանքում հիմնավորվում է ոչ միայն տուժող Հ.Հակոբյանի դատաքննական ցուցմունքով այն մասին, որ ճանապարհին ուղևորն իրեն ոչինչ չի ասել հեռախոսի շուրջ զրուցելու հետ կապված, և վերջինս միայն տեղ հասնելուց է հասկացել, որ իրեն խաբեությամբ բերել են տվյալ վայր` հեռախոսի հետ կապված հարցի պարզաբանման համար, այլ նաև վկաներ Ա.Հունանյանի, Օ.Գևորգյանի, Գ.Դայանի, Հ.Միրզոյանի, Ա.Գևորգյանի ցուցմունքներով, լուսանկարով Ս.Սարգսյանին ճանաչման ներկայացնելու արձանագրությամբ, ամբաստանյալների հեռախոսահամարների վերծանումների զննության արձանագրությամբ: Դրանց, ինչպես նաև ամբաստանյալներ Ս.Սարգսյանի և Հ.Դանոյանի նախաքննական ցուցմունքների համադրված վերլուծությունից հետևում է, որ ամբաստանյալները նախնական համաձայնությամբ տաքսու վարորդ` գործով տուժող Հ.Հակոբյանին խաբեությամբ են տեղափոխել իրենց կողմից ընտրված` Երևան քաղաքի Խաչիկ Դաշտենցի փողոցի վրա գտնվող ավտոշուկայի տարածք և առևանգել:
Այսպես` վերը նշված ապացույցներից հետևում է, որ տաքսու կեղծ պատվերը վկա Ա.Հունանյանի միջոցով կատարվել է ամբաստանյալների խնդրանքով, տաքսու վարորդին իրենց կողմից ընտրված վայր հասցնելու և ենթադրաբար հափշտակված հեռախոսի շուրջ նրա հետ զրուցելու համար: Ընդ որում, տաքսու պատվերը վկա Ա.Հունանյանի կողմից, վերջինիս հեռախոսով կատարելու կապակցությամբ ամբաստանյալների ներկայացրած պատճառաբանությունները` հեռախոսի մարտկոցը պարպված լինելու կամ հեռախոսահամարն արգելափակված լինելու վերաբերյալ, հերքվել են ինչպես ամբաստանյալների հեռախոսահամարների վերծանումների զննության արձանագրությամբ, այնպես էլ հենց ամբաստանյալների ցուցմունքներով, որոնց համաձայն` դեպքի օրը նրանց հեռախոսները եղել են ակտիվ և նրանք հեռախոսային կապի մեջ են գտնվել ինչպես տաքսու պատվերը կատարած Ա.Հունանյանի, այնպես էլ այդ պատվերով տաքսի նստած ուղևոր Արթուրի հետ:
Ավելին` տաքսու կեղծ պատվեր կատարելու և այդ եղանակով տուժողին ամբաստանյալների կողմից ընտրված վայր հասցնելու մասին է վկայում ապացույցներով հաստատված նաև այն հանգամանքը, որ ամբաստանյալներ Հ.Դանոյանը, Ս.Սարգսյանը և վերջինիս ընկերները «Կայարանի» դպրոցի մոտ գնացել են իրենց ավտոմեքենայով, սակայն ամբաստանյալ Ս.Սարգսյանի ընկերներից մեկը, իջնելով այդ մեքենայից, նստել է տաքսի մեքենան և պատվիրել ուղևորվել ամբաստանյալ Ս.Սարգսյանի կողմից մատնանշված այն նույն վայրը` ավտոշուկան, որտեղ իրենց ավտոմեքենայով գնացել են մյուսները:
Վերոնշյալը համադրելով ամբաստանյալներ Ս.Սարգսյանի և Հ.Դանոյանի նախաքննական ցուցմունքների, ինչպես նաև գործի նյութերում առկա այլ փաստական տվյալների հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքը կատարելու մեջ Ս.Սարգսյանին և Հ.Դանոյանին մեղավոր ճանաչելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր են:
18. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 11-ի դատավճիռը բեկանելու և փոփոխելու, ամբաստանյալներ Ս.Սարգսյանին և Հ.Դանոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում մեղավոր ճանաչելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունվարի 16-ի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
i
19. Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի (այսուհետ` նաև Համաներման մասին օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` «Համաներում հայտարարելով` պատժից ազատել` առավելագույնը չորս տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձանց (...)»:
i
Համաներման մասին օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի 3-րդ կետի համաձայն` «Սույն օրենքի կատարումը վերապահել (...) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին` այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերով վճռաբեկ բողոքներն ընդունվել են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարույթ (...)»:
Վերոնշյալ իրավադրույթների հաշվառմամբ, նկատի ունենալով, որ ամբաստանյալներ Ս.Սարգսյանի և Հ.Դանոյանի նկատմամբ նշանակված պատիժները չեն գերազանցում չորս տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև քրեական գործի նյութերում բացակայում է Համաներման մասին օրենքի կիրառմանը խոչընդոտող հանգամանք, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա ամբաստանյալներ Ս.Սարգսյանին և Հ.Դանոյանին պետք է ազատել նշանակված պատիժները կրելուց:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: Ամբաստանյալներ Սուրեն Ֆելիքսի Սարգսյանի և Հարություն Հակոբի Դանոյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունվարի 16-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա Սուրեն Ֆելիքսի Սարգսյանին և Հարություն Հակոբի Դանոյանին ազատել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունվարի 16-ի որոշմամբ նշանակված պատժից:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Լ. Թադևոսյան
Դատավորներ` Հ. Ասատրյան
Ե. Դանիելյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան
Հատուկ կարծիք հայտնած դատավոր` Ս. Ավետիսյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
ԴԱՏԱՎՈՐ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
ԵէԴ/0042/01/16
2018 թվականի դեկտեմբերի 24-ին
Ամբաստանյալներ Սուրեն Ֆելիքսի Սարգսյանի և Հարություն Հակոբի Դանոյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան)` 2018 թվականի դեկտեմբերի 24-ի որոշման պատճառաբանական մասի առանձին դրույթների և եզրափակիչ մասի վերաբերյալ:
Գործի դատավարական նախապատմությունը և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
1. 2014 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 12800914 քրեական գործը:
Նախաքննության մարմնի` 2014 թվականի հոկտեմբերի 29-ի որոշումներով Սուրեն Սարգսյանը և Հարություն Դանոյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
2016 թվականի ապրիլի 14-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 11-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել է ամբաստանյալներ Ս.Սարգսյանի ու Հ.Դանոյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում, և վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
3. Մեղադրող Է.Հարությունյանի և տուժող Հ.Հակոբյանի ներկայացուցիչ Ի.Պետրոսյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի հունվարի 16-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 11-ի դատավճիռը բեկանել և փոփոխել է, ամբաստանյալներ Հ.Դանոյանին և Ս.Սարգսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում և համապատասխանաբար որպես պատիժ նշանակել ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով: Ընտրված խափանման միջոց գրավը վերացվել է:
4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալներ Ս.Սարգսյանի և Հ.Դանոյանի պաշտպան Ե.Սարգսյանը: Բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հունվարի 16-ի որոշումը` օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի արդարացման դատական ակտին:
Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ բողոքն ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցներից վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել մեղադրող Է.Հարությունյանը` խնդրելով վճռաբեկ բողոքը մերժել և օրինական ուժի մեջ թողնել Վերաքննիչ դատարանի որոշումը:
5. Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը մերժվել է: Ամբաստանյալներ Սուրեն Ֆելիքսի Սարգսյանի և Հարություն Հակոբի Դանոյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հունվարի 16-ի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
«Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա Սուրեն Ֆելիքսի Սարգսյանը և Հարություն Հակոբի Դանոյանը ազատվել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունվարի 16-ի որոշմամբ նշանակված պատժից:
6. Հատուկ կարծիք եմ հայտնում սույն գործով կայացրած Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 24-ի որոշման դեմ` միջնորդելով պաշտպանի բողոքը բավարարել` բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հունվարի 16-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 11-ի արդարացման դատավճռին:
7. Նախաքննության մարմնի կողմից Ս.Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «(...) Նա կնոջից` Անահիտ Բունիաթյանից, տեղեկանալով, որ հուլիսի 24-ին` ժամը 19:00-ի սահմաններում, քույրը` Կարինե Սարգսյանը, Ա.Բունիաթյանը և վերջինիս մանկահասակ երեխան «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենայով Երևան քաղաքի Թումանյան փողոցի վրա գտնվող «Էֆորիա» խանութ սրահի մոտակայքից Երևան քաղաքի Նոր Արեշ 26 փողոցի 97 տուն վերադառնալու ժամանակ նշված ավտոմեքենայի մեջ են մոռացել Ա.Բունիաթյանի «iPhone 5Տ» տեսակի բջջային հեռախոսը, պարզել է տաքսու վարորդի ինքնությունը և փորձել ընկերների միջոցով վերադարձնել այն: Սակայն տեսնելով, որ տաքսու վարորդը հերքում է բջջային հեռախոսը տաքսու մեջ թողնելու հանգամանքը, կնոջը պատկանող բջջային հեռախոսը գտնելու և վերադարձնելու նպատակով, տաքսու վարորդ Հայկ Էդուարդի Հակոբյանին առևանգելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով իր ընկեր` Հարություն Դանոյանի և քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ, 2014 թվականի հուլիսի 26-ին` ժամը 22:30-ի սահմաններում, բջջային հեռախոսով, պատվեր կատարելու պատրվակով, Հ.Դանոյանի ծանոթ` Արփինե Հունանյանը, որը տեղյակ չի եղել Հ.Հակոբյանին առևանգելու նպատակի վերաբերյալ Ս.Սարգսյանի պահանջով զանգահարել և խաբեությամբ Հ.Հակոբյանին կանչել է Երևան քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գտնվող թիվ 119 դպրոցի մոտ, որտեղից նրան սպասող քննությամբ դեռևս չպարզված հանցակցի ուղեկցությամբ, խաբեությամբ տեղափոխել են Երևան քաղաքի Խաչիկ Դաշտենցի փողոցի վրա գտնվող ավտոշուկայի տարածք, որտեղ պահանջել են վերադարձնել Ա.Բունիաթյանի կողմից տաքսի ավտոմեքենայի մեջ թողնված բջջային հեռախոսը: Հ.Հակոբյանը խոստացել է գտնել և վերադարձնել բջջային հեռախոսը, եթե իրեն տրամադրեն բջջային հեռախոսի տուփը, որից հետո պայմանավորվածություն ձեռք բերելով տուփը փոխանցելու վերաբերյալ, վերջինիս ազատ են արձակել (...)»1:
_______________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 68:
7.1. Նախաքննության մարմնի կողմից Հ.Դանոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ. «(...) Նա ընկերոջից` Սուրեն Սարգսյանից տեղեկանալով, որ հուլիսի 24-ին` ժամը 19:00-ի սահմաններում, Կարինե Սարգսյանը, Ա.Բունիաթյանը և վերջինիս մանկահասակ երեխան «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենայով Երևան քաղաքի Թումանյան փողոցի վրա գտնվող «Էֆորիա» խանութ սրահի մոտակայքից Երևան քաղաքի Նոր Արեշ 26 փողոցի 97 տուն վերադառնալու ժամանակ նշված ավտոմեքենայի մեջ են մոռացել Ա.Բունիաթյանի «iPhone 5Տ» տեսակի բջջային հեռախոսը, Ս.Սարգսյանը պարզել է տաքսու վարորդի ինքնությունը և փորձել ընկերների միջոցով վերադարձնել այն: Սակայն տեղեկանալով, որ տաքսու վարորդը հերքում է բջջային հեռախոսը տաքսու մեջ թողնելու հանգամանքը, Ս.Սարգսյանի կնոջը պատկանող բջջային հեռախոսը գտնելու և վերադարձնելու նպատակով, տաքսու վարորդ Հայկ Էդուարդի Հակոբյանին առևանգելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով Սուրեն Սարգսյանի և քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ, 2014 թվականի հուլիսի 26-ին` ժամը 22:30-ի սահմաններում, բջջային հեռախոսով, պատվեր կատարելու պատրվակով, իր ծանոթ` Արփինե Հունանյանը, որը տեղյակ չի եղել Հ.Հակոբյանին առևանգելու նպատակի վերաբերյալ, Ս.Սարգսյանի պահանջով զանգահարել և խաբեությամբ Հ.Հակոբյանին կանչել է Երևան քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գտնվող թիվ 119 դպրոցի մոտ, որտեղից նրան սպասող քննությամբ դեռևս չպարզված հանցակցի ուղեկցությամբ, խաբեությամբ տեղափոխել են Երևան քաղաքի Խաչիկ Դաշտենցի փողոցի վրա գտնվող ավտոշուկայի տարածք, որտեղ պահանջել են վերադարձնել Ա.Բունիաթյանի կողմից տաքսի ավտոմեքենայի մեջ թողնված բջջային հեռախոսը: Հ.Հակոբյանը խոստացել է գտնել և վերադարձնել բջջային հեռախոսը, եթե իրեն տրամադրեն բջջային հեռախոսի տուփը, որից հետո պայմանավորվածություն ձեռք բերելով տուփը փոխանցելու վերաբերյալ, վերջինիս ազատ են արձակել (...)»2:
_______________________
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 65:
8. Ամբաստանյալ Ս.Սարգսյանը և Հ.Դանոյանն ըստ էության նույնաբովանդակ նախաքննական ցուցմունքներում հայտնել են, որ պատահական հանդիպմանը Ս.Սարգսյանը Հ.Դանոյանին պատմել է կնոջ հեռախոսի հափշտակության մասին` նշելով, որ դեպքի օրը` 2014 թվականի հուլիսի 24-ին` ժամը 19.00-ի սահմաններում, իր կինը` Անահիտ Բունիաթյանը, պատմել է, որ տաքսու ավտոմեքենայի մեջ մոռացել է «iPhone 5Տ» տեսակի բջջային հեռախոսը, որից հետո դուրս է եկել փողոց ու փորձել է կանգնեցնել վարորդին, գոռացել է նրա հետևից, սակայն վերջինս հեռացել է իրենց փողոցից:
Գտնելով տաքսու վարորդի հեռախոսահամարը` խնդրել է Հ.Դանոյանին իր հեռախոսով զանգահարել տաքսու վարորդին: Սակայն Հ.Դանոյանն իր հեռախոսի մարտկոցը նստած կամ հեռախոսահամարն արգելափակված լինելու պատճառով չի կարողացել զանգահարել, Ս.Սարգսյանն էլ Հ.Դանոյանին խնդրել է զանգել տաքսու վարորդին վերջինիս հետ սրճարանում գտնվող Արփինեի հեռախոսով և պատվեր ձևակերպել «Կայարանի» դպրոցի մոտ: Դրանից հետո իրենք Արփինեին ճանապարհել են և միասին դուրս են եկել սրճարանից` հիշյալ դպրոցի մոտ գնալու համար: Ճանապարհին Արփինեն զանգահարել է Հ.Դանոյանին և հայտնել, որ մեքենան տեղում է, իսկ վերջինս Արփինեին ասել է, որ հեռախոսով տաքսու վարորդին հայտնի, որ այլևս մեքենա հարկավոր չէ: Այդ ժամանակ Ս.Սարգսյանի ընկեր Արթուրը, իջնելով իրենց մեքենայից, նստել է Արփինեի կողմից պատվիրված տաքսի մեքենայի առջևի` վարորդի կողքի նստատեղին, որից հետո զանգահարել է իրենց և հայտնել, որ տաքսու վարորդը համաձայն է հեռախոսի հարցի շուրջ գնալ ցանկացած վայր և զրուցել: Հասնելով ավտոշուկայի մոտ` իրենք իջել են ավտոմեքենայից և գնացել տաղավար` զրուցելու: Ամբաստանյալները պնդել են, որ տաքսու վարորդին Արթուրը հայտնել է, որ պատվերը կատարվել է իրենց խնդրանքով` հեռախոսի հետ կապված խոսելու համար, ինչը Հ.Հակոբյանը չի մերժել: Իրենք տաքսու վարորդին առևանգելու նպատակ չեն ունեցել, վերջինս նախապես իմացել է, թե ուր է գնում, և ինչ հարցի շուրջ պետք է զրուցեն:
Նուբարաշենի ավտոշուկայի մոտ գնացել են այն պատճառով, որ այնտեղ գտնվող իր ավտոմեքենայից վերցնի խանութի բանալին:
Հայկ Հակոբյանի ավտոմեքենայից ընկերներից մեկը հայտնաբերել է 100.000 դրամ, իրենք համոզվել են, որ դա հեռախոսի վաճառքի գումարն է, բայց Հակոբյանը պատասխանել է, որ դա նախատեսված է եղել ավտոմեքենայի վերանորոգման համար: Հայկը խոստացել է հեռախոսը գտնել` նշված գումարը թողնելով իրենց: Սակայն հեռախոսն այդպես էլ չեն գտել, որից հետո դիմել է ոստիկանություն3:
_______________________
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 152-155, 191-193:
9. Վկաներ Անահիտ Բունիաթյանի և Սուրեն Սարգսյանի ցուցմունքների համաձայն` «(...) 2014թ. հուլիսի 24-ին, ժամը 1900-ի սահմաններում գտնվել են Երևան քաղաքի Սարյան փողոցում և տուն վերադառնալու նպատակով կանգնեցրել են պատահական տաքսի ավտոմեքենա, որով վերադարձել են տուն: Մեքենայում բոլորը նստել են հետևի նստատեղին, ու քանի որ երեխան անհանգիստ է եղել, «Այֆոն 5» տեսակի բջջային հեռախոսը խաղալու համար տվել են նրան, ով ամբողջ ճանապարհին զբաղվել է դրանով: Հասնելով իրենց տան մոտ, երեքով իջել են մեքենայից և մտել տան բակ: Այդ ժամանակ, հիշելով, որ մեքենայում մնացել հեռախոսը, անմիջապես դուրս են եկել փողոց ու տեսել, որ իրենցից 15 մետր հեռավորության վրա` նույն տաքսին շրջադարձ է կատարում: Այն պահին, երբ տաքսին հասել է իրենց մոտ, ձեռքով կանգնեցրել են մեքենան` նույնիսկ ձայն են տվել, սակայն տաքսին չի կանգնել և շարունակել է ընթացքը: Այդ ժամանակ, ձեռքով երկու անգամ հարվածել են մեքենայի բեռնախցիկին, սակայն վարորդը արագացնելով մեքենայի ընթացքը` հեռացել է: Իրենք նայել են մեքենայի հաշվառման համարանիշները, սակայն մտապահել են միայն առջևի և հետևի 2-ական թվերը` 29 և 01, մնացած տվյալները չեն կարողացել հիշել: Դրանից հետո, զանգահարել են 094-97-97-50 հեռախոսահամարին, որն այդ պահին տեղադրված է եղել մեքենայում մոռացված հեռախոսի մեջ, սակայն զանգերին պատասխանող չի եղել, ապա մի քանի զանգից հետո` հեռախոսն անջատվել է: Հեռախոսը մեքենայում թողնելու վերաբերյալ հայտնել են Սուրեն Սարգսյանին, ով խոստացել է, որ անձամբ կզբաղվի դրա հայտնաբերման հարցով, ուստի իրենք ոստիկանություն չեն դիմել: Այնուհետև, 27.07.2014թ. Ս.Սարգսյանն իրենցից տեղեկացել է հեռախոսի տուփի գտնվելու վայրի վերաբերյալ: Իրենք ունեն երկու հատ «Տոյոտա Պռադո» մակնիշի ավտոմեքենա, որոնք վարում են իրենց տան անդամները (...)»:4
_______________________
4 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 39-42, 57-59, հատոր 2-րդ, թերթեր 115, 116:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 24-ի որոշման պատճառաբանությունները հիմնականում հանգում են հետևյալի. «(...) Մարդուն առևանգելն ազատության դեմ ուղղված հանցագործություններից է: Տվյալ հանցագործության հիմնական անմիջական օբյեկտն անձի անձնական, ֆիզիկական ազատությունն է: Որպես լրացուցիչ օբյեկտ հանդես է գալիս մարդու կյանքը, առողջությունը և այլն:
Մարդուն առևանգելու հանցագործության օբյեկտիվ կողմն արտահայտվում է անձին իր կամքին հակառակ կամ առանց իր կամքը հաշվի առնելու գաղտնի կամ բացահայտ բնական միկրոսոցիալական միջավայրից դուրս հանելով, այլ վայր տեղափոխելով և այնտեղ պահելով: Եթե անձին իր կամքին հակառակ առևանգելու դեպքում տուժողի կամքը ճնշվում է բռնության կամ բռնության գործադրման սպառնալիքի միջոցով, ապա առանց անձի կամքը հաշվի առնելու առևանգելու դեպքում տուժողի կամքը հաշվի չի առնվում, և վերջինս առևանգվում է խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով: Ընդհանուր առմամբ, հոդվածի դիսպոզիցիայի նկարագրությունից հետևում է, որ անձը կարող է առևանգվել խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնության գործադրման սպառնալիքի միջոցով:
Առևանգման վերոնշյալ եղանակներից խաբեությունը դրսևորվում է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնելով կամ որոշակի փաստեր, հանգամանքներ, իրադարձություններ թաքցնելով` նպատակ հետապնդելով տուժողին ապակողմնորոշելու, ներգործելու իր գտնվելու վայրն ընտրելու ազատ կամարտահայտության վրա` այդ կերպ նաև խուսափելով նրա հնարավոր դիմադրությունից: Մասնավորապես, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնելով` հանցավորը նպատակ է հետապնդում գաղտնի` երրորդ անձանց բացակայությամբ, կամ բացահայտ` վերջիններիս ներկայությամբ, անձին իր կամքով գտնվելու վայրից տեղափոխելու և պահելու այլ վայրում: Տվյալ եղանակով առևանգման հանցակազմի հատկանիշների առկայությունը հաստատված համարելիս էական նշանակություն ունի տուժողի և հանցավորի փոխհարաբերությունների, առևանգմանն անմիջապես նախորդող հանգամանքների, տուժողին իր գտնվելու վայրից հանցավորի կողմից ընտրված վայր հասցնելու համար գործադրված միջոցի, տուժողին հայտնված` իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության համակողմանի գնահատումը:
Սուբյեկտիվ կողմից առևանգումը դրսևորվում է միայն ուղղակի դիտավորությամբ, այսինքն` հանցավորը պետք է գիտակցի անձին առևանգելու` հանրության համար վտանգավոր բնույթը և ցանկանա իր գործողություններով անձին իր գտնվելու վայրից խաբեությամբ, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնության գործադրման սպառնալիքի միջոցով գաղտնի կամ բացահայտ տեղափոխել այլ վայր և այնտեղ պահել: Որպես հանցագործության սուբյեկտ կարող է հանդես գալ 14 տարին լրացած, մեղսունակ ֆիզիկական անձը»:
(...)
Մասնավորապես, ամբաստանյալների մեղքն առաջադրված մեղադրանքում հիմնավորվում է ոչ միայն տուժող Հ.Հակոբյանի դատաքննական ցուցմունքով այն մասին, որ ճանապարհին ուղևորն իրեն ոչինչ չի ասել հեռախոսի շուրջ զրուցելու հետ կապված, և վերջինս միայն տեղ հասնելուց է հասկացել, որ իրեն խաբեությամբ բերել են տվյալ վայր` հեռախոսի հետ կապված հարցի պարզաբանման համար, այլ նաև վկաներ Ա.Հունանյանի, Օ.Գևորգյանի, Գ.Դայանի, Հ.Միրզոյանի, Ա.Գևորգյանի ցուցմունքներով, լուսանկարով Ս.Սարգսյանին ճանաչման ներկայացնելու արձանագրությամբ, ամբաստանյալների հեռախոսահամարների վերծանումների զննության արձանագրությամբ: Դրանց, ինչպես նաև ամբաստանյալներ Ս.Սարգսյանի և Հ.Դանոյանի նախաքննական ցուցմունքների համադրված վերլուծությունից հետևում է, որ ամբաստանյալները նախնական համաձայնությամբ տաքսու վարորդ` գործով տուժող Հ.Հակոբյանին խաբեությամբ են տեղափոխել իրենց կողմից ընտրված` Երևան քաղաքի Խաչիկ Դաշտենցի փողոցի վրա գտնվող ավտոշուկայի տարածք և առևանգել:
Այսպես` վերը նշված ապացույցներից հետևում է, որ տաքսու կեղծ պատվերը վկա Ա.Հունանյանի միջոցով կատարվել է ամբաստանյալների խնդրանքով, տաքսու վարորդին իրենց կողմից ընտրված վայր հասցնելու և ենթադրաբար հափշտակված հեռախոսի շուրջ նրա հետ զրուցելու համար: Ընդ որում, տաքսու պատվերը վկա Ա.Հունանյանի կողմից, վերջինիս հեռախոսով կատարելու կապակցությամբ ամբաստանյալների ներկայացրած պատճառաբանությունները` հեռախոսի մարտկոցը պարպված լինելու կամ հեռախոսահամարն արգելափակված լինելու վերաբերյալ, հերքվել են ինչպես ամբաստանյալների հեռախոսահամարների վերծանումների զննության արձանագրությամբ, այնպես էլ հենց ամբաստանյալների ցուցմունքներով, որոնց համաձայն` դեպքի օրը նրանց հեռախոսները եղել են ակտիվ, և նրանք հեռախոսային կապի մեջ են գտնվել ինչպես տաքսու պատվերը կատարած Ա.Հունանյանի, այնպես էլ այդ պատվերով տաքսի նստած ուղևոր Արթուրի հետ:
Ավելին` տաքսու կեղծ պատվեր կատարելու և այդ եղանակով տուժողին ամբաստանյալների կողմից ընտրված վայր հասցնելու մասին է վկայում ապացույցներով հաստատված նաև այն հանգամանքը, որ ամբաստանյալներ Հ.Դանոյանը, Ս.Սարգսյանը և վերջինիս ընկերները «Կայարանի» դպրոցի մոտ գնացել են իրենց ավտոմեքենայով, սակայն ամբաստանյալ Ս.Սարգսյանի ընկերներից մեկը, իջնելով այդ մեքենայից, նստել է տաքսի մեքենան և պատվիրել ուղևորվել ամբաստանյալ Ս.Սարգսյանի կողմից մատնանշված այն նույն վայրը` ավտոշուկան, որտեղ իրենց ավտոմեքենայով գնացել են մյուսները:
Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ «(...) Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 11-ի դատավճիռը բեկանելու և փոփոխելու, ամբաստանյալներ Ս.Սարգսյանին և Հ.Դանոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում մեղավոր ճանաչելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունվարի 16-ի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները(...)»5:
_______________________
5 Տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, թերթեր 250-251, 253-255
Վճռաբեկ դատարանի դատավոր Ս.Ավետիսյանի իրավական դիրքորոշումը և եզրահանգումը.
11. Ծանոթանալով Սուրեն Ֆելիքսի Սարգսյանի և Հարություն Հակոբի Դանոյանի վերաբերյալ թիվ ԵԷԴ/0042/01/16 գործի նյութերին, ստորադաս դատարանների դատական ակտերին, վերջիններիս պաշտպանի ներկայացրած վճռաբեկ բողոքին և Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմանը` սույն հատուկ կարծիքով հայտնում եմ իմ անհամաձայնությունը` վերոնշյալ որոշման պատճառաբանական հատվածում առկա որոշ եզրահանգումների և եզրափակիչ մասի վերաբերյալ, ներքոհիշյալ հիմնավորումներով.
ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասը քրեական պատասխանատվություն է նախատեսում մարդուն առևանգելու, այն է` խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելու համար, եթե բացակայում են սույն օրենսգրքի 218-րդ հոդվածով /Պատանդ վերցնելը/ նախատեսված հանցագործության հատկանիշները:
ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը քրեական պատասխանատվություն է նախատեսում նույն գործողությունը կատարելու համար` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:
Նշված հանցագործության հիմնական օբյեկտը մարդու անձնական ազատությունն է, ինչը նշանակում է, որ ՀՀ տարածքում յուրաքանչյուրին երաշխավորվում է տեղաշարժի, գտնվելու և կեցության վայրի ազատությունը:
Տուժողը կարող է լինել ինչպես մասնավոր, այնպես էլ` պաշտոնատար անձ: Հանցագործությունն օբյեկտիվ կողմից դրսևորվում է գործողության միջոցով. տուժողին, իր կամքին հակառակ, տեղափոխելով այն վայրից, որտեղ նա գտնվել է` վերջինիս ազատության հետագա սահմանափակմամբ:
Առևանգումը կարող է լինել գաղտնի, բացահայտ, բռնության կամ բռնության սպառնալիքի կիրառմամբ, խաբեությամբ, վստահությունը չարաշահելու միջոցով, մարդու վիճակն օգտագործելու միջոցով, որի դեպքում վերջինս չէր կարող ամբողջությամբ հասկանալ հանցավորի գործողությունների բնույթը: «Կամքին հակառակ» արտահայտությունը նշանակում է, որ տուժողի կամքը բացահայտորեն ճնշվում է, իսկ նրա ցուցաբերած դիմադրությունը հաղթահարվում է բռնություն կամ դրա գործադրման սպառնալիքի միջոցով: Դա կարող է դրսևորվել առևանգվողին կապկպելով, հարկադրաբար տրանսպորտային միջոցի մեջ տեղավորելով, սպանության կամ առողջությանը վնաս պատճառելու սպառնալիք գործադրելով և այլն:
Տուժողի կամքը հաշվի չառնելու դեպքում նրա կամքն անտեսվում, և նա տեղափոխվում է իր բնական միկրոսոցիալական միջավայրից խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով:
Խաբեություն ասելով` տվյալ հանցակազմի իմաստով նախևառաջ պետք է հասկանալ իրականությունը դիտավորյալ խեղաթյուրելը կամ այն գիտակցաբար թաքցնելը, դիմացինին որոշակի փաստերի, հանգամանքների, իրադարձությունների վերաբերյալ ապակողմնորոշելը` իր գտնվելու վայրն ընտրելու նրա ազատ կամարտահայտության վրա ներգործելու և հնարավոր դիմադրությունից խուսափելու նպատակով: Մարդուն ազատությունից զրկելն այնպիսի վայրում, ուր նա գտնվելիս է եղել սեփական կամքով, չի կարող որակվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով:
Տուժողի գտնվելու նոր վայրը կարող է լինել ինչպես գաղտնի, այնպես էլ հայտնի լինի տուժողի մերձավորներին կամ երրորդ անձանց: Մարդու համաձայնությունն այլ վայր տեղափոխելու վերաբերյալ բացառում է առևանգելու հանցակազմի առկայությունը: Մարդուն առևանգելը տևող հանցագործություն է:
Ազատության սահմանափակման ժամկետը կարող է հաշվվել ժամերով, օրերով, ամիսներով, տարիներով:
Հանցագործությունն ավարտված է տուժողին այն վայրից տեղափոխելու պահից, որտեղ նա գտնվել է:
Հանցագործությունը սուբյեկտիվ կողմից բնութագրվում է միայն ուղղակի դիտավորությամբ: Այսինքն` հանցավորը տվյալ դեպքում պետք է գիտակցի տուժողին առևանգելու հանգամանքը, ցանկանա տուժողի կամքին հակառակ նրան տեղափոխել այլ վայր և այնտեղ պահել:
11.1. Վերոշարադրյալի համատեքստում հարկ եմ համարում նշել, որ խաբեության եղանակով մարդու առևանգման հանցակազմի հատկանիշների առկայությունը հաստատելիս անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներ, մասնավորապես.
- Անձի տեղափոխությունը մի վայրից մյուսը պետք է իրականացվի նրա կամքին հակառակ: Հետևապես, մարդու համաձայնությունն այլ վայր տեղափոխելու վերաբերյալ բացառում է տվյալ հանցակազմի առկայությունը (օրինակ, այն դեպքում, երբ հանցավորը, տաքսու վարորդից թաքցնելով մի վայրից մյուս վայր տեղափոխվելու իրական նպատակը, արդյունքում վերջինիս կյանքի, առողջության կամ սեփականության դեմ ուղղված հանցանք է գործում, ապա նրա արարքը պետք է որակել փաստացի կատարած գործողությունների համար, առանց ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով լրացուցիչ որակելու, այն հաշվառմամբ, որ քաղաքացիներին մի վայրից մյուս վայր տեղափոխելը տվյալ վարորդների աշխատանքային բնույթն է):
- Հանցավորի կողմից տուժողին իր գտնվելու վայրից ընտրված վայր հասցնելը ենթադրում է, որ տուժողը չի իմացել և գործի փաստական հանգամանքների բերումով չէր կարող իմանալ տեղափոխման իրական դրդապատճառների և հանցավորի նպատակի մասին:
Այլ խոսքով` երբ տուժողը իմացել է (կամ գիտակցել է) իր գտնվելու վայրից այլ վայր տեղափոխվելու հանցավորի նպատակի մասին, արարքը չի կարող որակվել որպես խաբեությամբ զուգորդված մարդու առևանգում:
- Հանցավորը հետապնդում է անձին այլ վայրում պահելու նպատակ: ՈՒստի, եթե այդպիսի հատուկ նպատակը չի հաստատվում, ապա արարքը չի կարող որակվել նշված հոդվածով:
- Նոր վայր տեղափոխելու և նոր վայրում փաստացի գտնվելու ժամանակահատվածում անձը չպետք է հնարավորություն ունենա ազատ տեղաշարժվելու կամ իր հայեցողությամբ տարբեր գործողություններ կատարելու հնարավորություն:
11.2. Միևնույն ժամանակ հարկ եմ համարում նշել, որ հանցավորի արարքը ճիշտ որակելու համար անհրաժեշտ է մարդուն առևանգելու հանցակազմը սահմանազատել այլ, մասնավորապես ինքնիրավչության հանցակազմից, որը բնորոշվում է օրենքով կամ այլ նորմատիվ-իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքների ինքնակամ (ինքնագլուխ) իրականացում, որն էական վնաս է պատճառում օրենքով սահմանված շահերին (ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդված):
Օրինակ` անձը բռնությամբ կամ այլ եղանակով վերցնում է ուրիշի գույքը պարտքի փոխարեն, ենթադրյալ հափշտակված գույքի դիմաց անձի կամքին հակառակ վերցնում է այլ գույք կամ համարժեք դրամական միջոցներ և այլն:
Հետևապես, կոնկրետ գործի փաստական տվյալներով պայմանավորված, պետք է հստակ պարզել գործի բոլոր հանգամանքները և հանցավորի արարքին տալ ճիշտ քրեաիրավական որակում:
11.3. Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հասարակ և նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված որակյալ հանցակազմերին` հարկ եմ համարում ընդգծել, որ արարքը ծանրացնող հատկանիշով որակելու համար անհրաժեշտ է նախ պարզել, հավաստել, որ առկա են հասարակ հանցակազմի բոլոր պարտադիր հատկանիշները: Այլ կերպ` եթե անձի արարքում բացակայում է առևանգման հասարակ (հիմնական) հանցակազմի պարտադիր հատկանիշներից որևէ մեկը, ապա այն այլևս չի կարող որակվել ծանրացնող հատկանիշով:
Միևնույն ժամանակ, երբ անձի արարքում առկա են հասարակ հանցակազմի բոլոր օբյեկտիվ և սուբյեկտիվ տարրերն ու դրանց բնութագրող հատկանիշները, արարքը որակյալ (ծանրացնող) հատկանիշով կարող է որակվել միայն այդ հատկանիշի առկայությունը հիմնավորող բավարար ապացույցների առկայության դեպքում:
i
Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հանցանքը համարվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված, եթե դրան մասնակցել են այնպիսի համակատարողներ, ովքեր նախապես` մինչև հանցագործությունը սկսելը, պայմանավորվել են հանցանքը համատեղ կատարելու մասին:
Հանցանքը համատեղ կատարելու մասին նախնական պայմանավորվածությունը պետք է հաստատված լինի գործին վերաբերող բավարար փաստական տվյալներով: Մարդուն առևանգելու հանցակազմի դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք առաջադրելիս պարտավոր է հիմնավորել, թե համակատարողների կոնկրետ որ գործողություններն են վկայում այն մասին, որ նրանք անմիջական մասնակցությունն են ունեցել մարդուն առևանգելու օբյեկտիվ կողմի իրականացմանը: Համապատասխան ապացույցների բացակայության դեպքում հանցակիցների արարքը չի կարող որակվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
12. Սույն քրեական գործով ձեռք բերված և ենթադրյալ արարքում ամբաստանյալներ Հարություն Դանոյանի և Սուրեն Սարգսյանի մեղքը հիմնավորող միակ և ուղղակի ապացույցը գործով շահագրգիռ կողմ հանդիսացվող տուժող Հայկ Հակոբյանի ցուցմունքներն են, որոնք նախաքննության ընթացքում բազմակի հակասական փոփոխությունների են ենթարկվել, իսկ գործում առկա նյութերը, գործով ձեռք բերված փաստական տվյալներն ու դատաքննության ընթացքում տուժողի արտահայտած դիրքորոշումները, վերջինիս կողմից տված ցուցմունքների արժանահավատությունը կասկածի տակ դնելու հիմքեր են տվել Առաջին ատյանի դատարանի համար:
Մասնավորապես` տուժող Հայկ Հակոբյանը, ի թիվս այլ հանգամանքների, իր ցուցմունքներում հայտնել է նաև, որ չի բացառվում, որ Ֆրանսիական դպրոցի մոտից իր մեքենան նստած ուղևորը ճանապարհին հայտնած լինի, որ գնում են Սովետաշեն` հեռախոսի հետ կապված հարցի մասին խոսելու համար:
Այդ առումով ուշագրավ են Սուրեն Սարգսյանի և տուժող Հայկ Հակոբյանի` 2014 թվականի դեկտեմբերի 26-ի, Հարություն Դանոյանի և Հայկ Հակոբյանի` 2015 թվականի հունվարի 26-ի, վկա Օնիկ Գևորգյանի և Հայկ Հակոբյանի` 2015 թվականի մարտի 9-ի առերեսման արձանագրությունները` տուժողի ցուցմունքները, ինչպես նաև 2015 թվականի հունվարի 26-ի և մայիսի 11-ի` տուժողի լրացուցիչ հարցաքննության արձանագրությունները, որոնք Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատության չի ենթարկել:
i
Հարկ է նշել, որ նախաքննական մարմինը 2015 թվականի մայիսի 11-ին լրացուցիչ հարցաքննել է տուժողին և ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին նախազգուշացված լինելով` տուժողը 2014 թվականի հունիսի 31-ին հանցագործության մասին հաղորդում է տվել, սակայն հետագայում` ամբաստանյալների հետ առերեսումների ժամանակ, հաղորդման մեջ նշված հանգամանքներին հակասող ցուցմունքներ է տվել: Քննիչն առաջարկել է պարզաբանել այդ հակասությունները, որին տուժողը պատասխանել է, որ տվել է իրականությանը համապատասխանող հաղորդում և ցուցմունքներ` պարզաբանելով որ երբ ուղևորը նստել է իր ավտոմեքենան, սկզբից չի ասել, թե ինչ թեմայով պետք է զրուցեն, սակայն չի բացառվում, որ ճանապարհի կեսից ասած լինի, որ գնում են հեռախոսի կամ այլ թեմայի վերաբերյալ զրուցելու: Հարյուր հազար դրամը նրանք են վերցրել իր ավտոմեքենայից, առանց իրեն հարցնելու, սակայն դրանից հետո ինքն է առաջարկել, որ գումարը մնա նրանց մոտ, քանի որ ցանկացել է իր ծանոթի միջոցով գտնել հեռախոսը, պարզել իրական գողացողին և ապացուցել իր անմեղությունը: Ինչ վերաբերում է նրան, որ հաղորդման մեջ նշել է, որ 10-15 հոգով էին եղել, ապա ներկայումս ևս չի բացառում, քանի որ ավտոշուկայի «բիսետկայում» և հարակից տարածքում եղել են մեծ քանակությամբ անձինք, սակայն չի կարող ասել, թե նրանք եղել են Սուրեն Սարգսյանի և Հարություն Դանոյանի հետ, թե ուղղակի եղել են անցորդներ:
12.1. Տուժողի այս հակասական և իրարամերժ ցուցմունքների համատեքստում Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալներ Սուրեն Սարգսյանն ու Հարություն Դանոյանը, ինչպես նաև վկա Օնիկ Գևորգյանն իրենց ցուցմունքներում բազմիցս հայտնել են, որ երբ իրենց ընկեր Արթուրը դպրոցի մոտ նստել է տաքսու վարորդի կողքի նստատեղին, տաքսիստին ասել է, որ իրականում պատվերի համար զանգած աղջիկը զանգել է իրենց համար, որից հետո նրան հայտնել է, որ հեռախոսի կորստի հետ կապված խոսելու բան ունեն նրա հետ, և տաքսու վարորդը համաձայնել է: Արթուրն անմիջապես զանգել է իրենց և ասել, որ տաքսիստը համաձայն է հանդիպել և զրուցել իրենց հարմար ցանկացած վայրում: Քանի որ Սուրենի մյուս ավտոմեքենան գտնվել է Նուբարաշենի ավտոշուկայում, իսկ ավտոմեքենայի մեջ են գտնվել իրենց խանութի բանալիները և մոտեցել է այն փակելու ժամը, հետևաբար որոշել է հանդիպումը կազմակերպել հենց ավտոշուկայի մոտակայքում:
12.2. Առաջին ատյանի դատարանը տուժողի ցուցմունքներում առկա էական հակասությունները պատճառաբանել է նաև այն հանգամանքով, որ ամբաստանյալներ Սուրեն Սարգսյանի և Հարություն Դանոյանի հետ առերեսումների ժամանակ, ինչպես նաև դատաքննության ընթացքում տուժող Հայկ Հակոբյանը հայտնել է, թե իբր, երբ իրեն խաբեությամբ տարել են ավտոշուկայի տարածք, այնտեղ ավտոմեքենայի բանալիներից և 100.000 ՀՀ դրամից բացի, վերցրել են նաև իր բջջային հեռախոսը: Բջջային հեռախոսը վերցնելու հանգամանքը հայտնելով` տուժողը նպատակ է հետապնդել հիմնավորել, որ իրեն իրականում առևանգել են, այլապես անհասկանալի կլիներ, որ առևանգված անձի մոտից հեռախոսը չվերցնեին, այլ թողնեին, որ նա ազատ օգտագործի այն:
Սակայն դատաքննությամբ հետազոտված ապացույցներով հիմնավորվել է, որ ավտոշուկայի տարածքում գտնվելու ժամանակ Հայկ Հակոբյանը նաև իր հեռախոսով է հեռախոսազրույցներ ունեցել: Մասնավորապես` ինքն իրեն հակասելով` հենց տուժող Հայկ Հակոբյանն է իր ցուցմունքում հայտնել, որ վիճաբանության ժամանակ իր հեռախոսով հեռախոսազրույց է ունեցել իր ընկեր` քրեական գործով վկա Գրիգոր Դայանի հետ, որպիսի հանգամանքը հաստատվել է նաև հենց վկա` Գրիգոր Դայանի նախաքննական և դատաքննական ցուցմունքներով,6 ինչն էլ իր հերթին ևս հերքում է այն հանգամանքը, որ տուժողն առևանգված է եղել:
_______________________
6 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 113-114, դատական նիստի արձանագրություն
Բացի այդ, տուժողն իր 2014 թվականի օգոստոսի 21-ի ցուցմունքում հայտնել է հետևյալը. «055-23-03-78 հեռախոսահամարը պատկանում է ընկերոջս` Գրիգոր Դայանին, որը վեճի ժամանակ զանգահարեց և ես անջատելու փոխարեն միացրեցի հեռախոսը և նա լսեց ձայները»:
Ի հակառակ տուժողի այս ցուցմունքի` գործով վկա Գրիգոր Դայանը 2014 թվականի նոյեմբերի 7-ի տված ցուցմունքով հայտնել է հետևյալը. «Ձեր հարցին պատասխանում եմ, որ որքանով հիշում եմ, երբ ես այդ օրը զանգեցի Հայկին, նա ինձ ասել է, որ հետո կզանգի, որից հետո անջատել է հեռախոսը: Ես նրա ձայնի մեջ որևիցե արտառոց բան չեն նկատել, կողքից ձայներ չեմ լսել»:
12.3. Հարկ է նկատել, որ տուժող Հ.Հակոբյանն ի սկզբանե իր ցուցմունքներում նշել է, որ իր ավտոմեքենայի մեջից հայտնաբերված 100.000 ՀՀ դրամը Սուրեն Սարգսյանը վերցրել է և ասել, որ այն կվերադարձնի միայն այն բանից հետո, երբ ինքը հետ կտա կնոջ բջջային հեռախոսը: Հետագա ցուցմունքներում տուժող Հայկ Հակոբյանը հայտնել է, որ ինքն է առաջարկել, որ այդ 100.000 ՀՀ դրամ գումարը որպես իր անմեղության ապացույց մնա Սուրեն Սարգսյանի մոտ, որպեսզի ինքն այդ ընթացքում գտնի բջջային հեռախոսը և հետ ստանա իր գումարը:
Մինչդեռ վերը նշվածի վերաբերյալ հատկանշական է, որ դեռևս նախաքննության ընթացքում` 2016 թվականի մարտի 29-ին կայացված քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշմամբ նախաքննական մարմինն անարժանահավատ է գնահատել տուժողի ցուցմունքների գերակշիռ մասը: Մասնավորապես` հաստատված չի համարել տուժողի ցուցմունքներն առ այն, որ իրեն պատկանող 100.000 ՀՀ դրամը Սուրեն Սարգսյանն իր կամքին հակառակ է վերցրել, որ իրեն բազմաթիվ անձինք են հարվածել և ծեծի ենթարկել, այդ թվում` Սուրեն Սարգսյանը և Հարություն Դանոյանը, ուստի նշված որոշմամբ որոշել է.
1. Սուրեն Սարգսյանի կողմից Հայկ Հակոբյանից 100.000 դրամ գումար վերցնելու դրվագով Ս.Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
2. Սուրեն Սարգսյանի կողմից Հայկ Հակոբյանին ծեծի ենթարկելու դրվագով քրեական հետապնդում չիրականացնել` Ս.Սարգսյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
3. Հարություն Դանոյանի կողմից Հայկ Հակոբյանին ծեծի ենթարկելու դրվագով քրեական հետապնդում չիրականացնել` Հ.Դանոյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Այդ որոշումը չի վերացվել նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից, ինչպես նաև չի բողոքարկվել տուժող Հայկ Հակոբյանի կողմից և մտել է օրինական ուժի մեջ:
13. Սույն գործի փաստական հանգամանքները վերլուծելով հատուկ կարծիքում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` հարկ եմ համարում արձանագրել հետևյալը.
1) Տուժող Հ.Հակոբյանին առևանգելու փաստը հաստատող արժանահավատ և բավարար ապացույցներ ձեռք բերված չեն:
2) Հ.Հակոբյանը` որպես տաքսու վարորդ Կայարան թաղամասի Ֆրանսիական դպրոցի մոտից Նուբարաշենի ավտոշուկայի տարածք մեկնել է իր կամքով: Այն հանգամանքը, որ վերջինս նախապես իմացել է, թե ինչ հարցի շուրջ պետք է խոսեն, հերքված չէ: Այդ մասով ամբաստանյալների ցուցմունքների արժանահավատությունը կասկածի տակ առնելու բավարար հիմքեր գործում չկան:
3) Հ.Հակոբյանը նշված վայր մեկնել է գործով չպարզված անձանց հետ: Ամբաստանյալներն այդ ընթացքում մարդու առևանգմանը բնորոշ գործողություններ չեն կատարել:
4) Տուժողի առևանգումը նախնական հանցավոր համաձայնության գալու և համատեղ իրականացնելու մասին վկայող բավարար ապացույցներ առկա չեն:
5) Տուժողին առևանգելու և նրան նշված վայրում ապօրինի պահելու նպատակը ապացուցված չէ:
6) Մարդաշատ դեպքի վայրում Հ.Հակոբյանը հնարավորություն է ունեցել ազատ տեղաշարժվելու և ինքնուրույն գործողություններ կատարելու (մասնավորապես, զանգել է ընկերոջը` Գրիգոր Դայանին, դեպքի վայրից հեռացել է առանց խոչընդոտի և այլն):
Այսպիսով, Առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ հետևության, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցներով` ինչպես վկաների, այնպես էլ տուժողի ցուցմունքներով, հնարավոր չէ միանշանակ հետևություն անել առ այն, որ ամբաստանյալներ Սուրեն Ֆելիքսի Սարգսյանը և Հարություն Հակոբի Դանոյանը Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող թիվ 119 դպրոցի մոտից, քննությամբ դեռևս չպարզված անձանց ուղեկցությամբ տուժող Հ.Հակոբյանին խաբեությամբ տեղափոխել են Երևան քաղաքի Խաչիկ Դաշտենցի փողոցի վրա գտնվող ավտոշուկայի տարածք:
i
Առաջին ատյանի դատարանը, ղեկավարվելով ապացույցները գնահատելու վերաբերյալ օրենքում ամրագրված կանոններով և Վճռաբեկ դատարանի նախադեպային մի շարք որոշումներով7, հանգել է ճիշտ հետևության և ամբաստանյալներին արդարացրել` նրանց արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
_______________________
7 Տե՛ս, mutatis mutandis, Մակար Հովհաննիսյանի և Աշոտ Մարտիրոսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13, Սիրակ Սաքանյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0058/01/10 որոշումները:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններն ու եզրահանգումը` ամբաստանյալների արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմի հատկանիշների առկայության վերաբերյալ, համոզիչ չեն:
Միևնույն ժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ եթե նույնիսկ ամբաստանյալների գործողություններում առկա են հանցանշաններ, ապա իմ կարծիքով դրանք կարող են համապատասխանել ինքնիրավչության հանցակազմին, որին, սակայն, այդ առումով նախաքննական մարմինը և դատարանները որևէ գնահատական չեն տվել:
Հիմք ընդունելով վերոշարադրյալը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 6-րդ, 7-րդ, 11-րդ, 13-րդ, 29-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 361.1-րդ, 415-րդ, 419-րդ և 422-րդ հոդվածներով`
ԳՏՆՈՒՄ ԵՄ
Պաշտպանի բողոքը պետք է բավարարել` բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հունվարի 16-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 11-ի արդարացման դատավճռին:
Դատավոր` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ