Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 48-ՐԴ, 76-ՐԴ, 77...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 48-ՐԴ, 76-ՐԴ, 77-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               ՍԴ3/0010/12/18

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ՍԴ3/0010/12/18

Նախագահող դատավոր` Ռ. Բարսեղյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`  Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ`  Հ. Ասատրյանի

                    դատավորներ        Ս. Ավետիսյանի

                                      Ե. Դանիելյանի

                                      Ա. Պողոսյանի

                                      Ս. Օհանյանի

                    

                    քարտուղարությամբ` Մ. Ավագյանի

                    մասնակցությամբ`   Ա. Հարությունյան

                    դատախազ

 

2018 թվականի դեկտեմբերի 24-ին

դռնբաց դատական նիստում քննության առնելով դատապարտյալ Արմեն Հրաչիկի Եղոյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունիսի 22-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2010 թվականի փետրվարի 26-ի դատավճռով Արմեն Հրաչիկի Եղոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ` դատապարտվել է ազատազրկման` 12 (տասներկու) տարի ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է 2010 թվականի փետրվարի 26-ից:

i

2. Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ դատապարտյալ Ա.Եղոյանի վերաբերյալ նախկինում կայացված դատավճիռները վերանայվել են, նրան մեղսագրված արարքների քրեաիրավական որակումը համապատասխանեցվել է 2011 թվականի մայիսի 23-ին ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-143-Ն օրենքին, և Ա.Եղոյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 10 (տասը) տարի ժամկետով:

Պատժի սկիզբը հաշվվել է 2010 թվականի փետրվարի 26-ից:

3. 2018 թվականի հունվարի 22-ին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկը սպասարկող անկախ հանձնաժողովը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու համար դատապարտյալ Ա.Եղոյանի պատշաճ վարքագիծը և նոր հանցագործություն կատարելու հավանականությունը բնորոշող հանգամանքների վերաբերյալ տվել է բացասական եզրակացություն:

2018 թվականի հունվարի 23-ին Ա.Եղոյանը տվել է իր համաձայնությունը` վերոնշյալ եզրակացությունը դատարան ներկայացնելու համար:

4. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) 2018 թվականի մարտի 6-ին կայացրած որոշմամբ դատապարտյալ Ա.Եղոյանին պայմանական վաղաժամկետ ազատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ նշանակված 10 (տասը) տարի ազատազրկում պատժից դատապարտյալի կողմից չկրած 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 22 (քսաներկու) օր ժամկետով ազատազրկում պատիժը կրելուց:

5. Վերոնշյալ դատական ակտի դեմ դատախազ Գ.Մինասյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան)` 2018 թվականի հունիսի 22-ի որոշմամբ մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի մարտի 6-ի որոշումը` թողնվել անփոփոխ:

6. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 24-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

7. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն` «(...) Դատապարտյալ Արմեն Հրաչիկի Եղոյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասով կատարած արարքը, ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն, դասվում է ծանր հանցագործությունների շարքին: Հանցագործությունը կատարելու համար դատապարտյալը փաստացի պատիժ է կրում 26.02.2010 թվականից:

Սույն որոշումը կայացնելու օրվա դրությամբ Արմեն Հրաչիկի Եղոյանը կրել է իր նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատժից 8 տարի 8 օր և ունի կրելու 1 տարի 11 ամիս 22 օր ազատազրկում պատիժ, հետևաբար արդեն իսկ կրել է նշանակված պատժի 2/3-ից ավելին:

Դատարանը գտնում է, որ Արմեն Հրաչիկի Եղոյանը պատժի կրման ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ, քանի որ պատիժը կրելու ընթացքում մասնակցություն է ցուցաբերել մարզական միջոցառումներին, օգտվել է հիմնարկի գրադարանից, վարքագծում նկատվել է դրական դինամիկա և 26.12.2017 թվականին հանվել է ինքնավնասում բացասական հակումը: Պատիժը կրելու ընթացքում խրախուսանքի չարժանանալը և 22 անգամ կարգապահական տույժի ենթարկվելը տվյալ պայմաններում դատարանը չի դիտում որպես ոչ պատշաճ վարքագծի դրսևորում, քանի որ վերջին անգամ կարգապահական պատասխանատվության է ենթարկվել 28.10.2016 թվականին` 1 տարուց ավելի ժամանակ առաջ:

Դատարանը գտնում է նաև, որ Արմեն Հրաչիկի Եղոյանի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է, քանի որ նա հանցագործությունը կատարելու պահին եղել է 28 տարեկան, իսկ հիմա 39 տարեկան է, ընդունում և զղջում է կատարած հանցանքի համար, քաղաքացիական հայց չունի, քրեական ենթամշակույթի նկատմամբ անտարբեր է, ընտանիքի, արտաքին աշխարհի հետ կապը կայուն է, մասնակցություն է ցուցաբերում վերասոցիալականացման միջոցառումներին, ցանկանում է շփվել դրական ուղղվածություն ունեցող դատապարտյալների հետ, վատառողջ է: Ինչ վերաբերում է ագրեսիվության և կոնֆլիկտայնության հակում ունենալուն, դատարանը հարկ է համարում նշել, որ քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչն իր բացատրության մեջ նշեց, որ այդ հակումները դատապարտյալի հաշվառումից հանելու նպատակով համապատասխան զեկուցագիր է ներկայացվել հիմնարկի ղեկավարին: Անդրադառնալով առանձնապես վտանգավոր ռեցիդիվի առկայությանը` դատարանը հարկ է համարում նշել, որ այն վերը թվարկվածի պարագայում ինքնին չի կարող դիտվել հանցանք կատարելու հավանականությունը բարձր գնահատող հանգամանք: (...) Արմեն Հրաչիկի Եղոյանը պատիժը կրելու ընթացքում հրաժարվելով քրեական ենթամշակույթից ամուսնացել է, պատժի կրման վերջին շրջանում աչքի է ընկել միայն դրական կողմերով և դատարանն արձանագրում է, որ Արմեն Հրաչիկի Եղոյանի կողմից կրած պատիժը ուղղել է նրան:

Հաշվի առնելով այն, որ Արմեն Հրաչիկի Եղոյանը փաստացի կրել է նշանակված պատժի 2/3-ից ավելին, չնայած առկա է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի բացասական եզրակացությունը, պատժի կրման ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ, և նրա կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է, դատարանը գտնում է, որ դատապարտյալը նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի: (...)»1:

________________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 26-28:

 

8. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) Առաջին ատյանի դատարանի կողմից ըստ էության պատշաճ ուսումնասիրության և գնահատման են ենթարկվել դատապարտյալ Արմեն Եղոյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները: Մասնավորապես այն, որ նա պատիժը կրելու ընթացքում մասնակցություն է ցուցաբերել մարզական միջոցառումներին, օգտվել է հիմնարկի գրադարանից, վարքագծում նկատվել է դրական դինամիկա և 26.12.2017 թվականին հանվել է ինքնավնասում բացասական հակումը:

Վերաքննիչ դատարանը, վերահաստատելով Առաջին ատյանի դատարանի իրավական դիրքորոշումը, ևս գտնում է, որ դատապարտյալի կողմից 22 անգամ կարգապահական տույժի ենթարկվելը ևս չի կարող դիտվել որպես ոչ պատշաճ վարքագծի դրսևորում, քանի որ Արմեն Եղոյանը վերջին անգամ կարգապահական պատասխանատվության է ենթարկվել 2016 թվականի հոկտեմբերի 28-ին` 1 տարուց ավելի ժամանակ առաջ /մնացած տույժերը ստացել է շուրջ 7 տարի առաջ/:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ բողոքի այն պատճառաբանությանը, համաձայն որի թեև հանվել է «Ինքնավնասում» բացասական հակումը, սակայն ագրեսիվության և կոնֆլիկտայնության հակումները չեն հանվել, ինչը նշանակում է, որ այդ մասով քրեակատարողական հիմնարկի անելիքները չեն ավարտվել, և դատապարտյալի մոտ դեռ շարունակվում են առկա լինել այդ բացասական հակումները, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանում դատական քննության ժամանակ քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչը նշել է, որ այդ հակումները դատապարտյալի հաշվառումից հանելու նպատակով համապատասխան զեկուցագիր է ներկայացվել հիմնարկի ղեկավարին, այսինքն` դատապարտյալ Արմեն Եղոյանն այլևս համարվում է բացասական հակումներ չունեցող, ուստի վերաքննիչ բողոքն այդ մասով ևս անհիմն է:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը դատապարտյալ Արմեն Եղոյանի պատժի հետագա կրման աննպատակահարմարության վերաբերյալ հանգել է ներկայացված նյութերից բխող ճիշտ եզրահանգման և նրան պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին որոշում կայացնելով` թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, այդ թվում նաև` նյութական իրավունքի խախտում:

Ամփոփելով վերը շարադրվածը` Վերաքննիչ դատարանը փաստում է, որ դատապարտյալ Արմեն Եղոյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունը հիմնավոր է և իրավաչափ, բողոքարկված դատական ակտը կայացնելիս Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ և կայացրել է ճիշտ լուծող դատական ակտ, որը բեկանելու իրավաչափ հիմքեր չկան: ՈՒստի Առաջին ատյանի դատարանի դատական ակտը պետք է թողնել օրինական ուժի մեջ, իսկ դրա դեմ բերված վերաքննիչ բողոքը պետք է մերժել: (...)»2:

________________________

2 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 52-61:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

9. Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ, 76-րդ, 77-րդ հոդվածների պահանջները, բողոքարկվող որոշման մեջ կատարված եզրահանգումները հակասում են Արմեն Ղազարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԱՐԱԴ/0002/12/16 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումներին:

9.1 Բողոքաբերը փաստարկել է, որ պատժի կրման ընթացքում դատապարտյալ Ա.Եղոյանի կողմից դրսևորած վարքագիծը դատարանները գնահատել են որպես պատշաճ` նշելով, որ վերջինս մասնակցություն է ցուցաբերել մարզական միջոցառումներին, օգտվել է հիմնարկի գրադարանից, նրա վարքագծում նկատվել է դրական դինամիկա և 2017 թվականի դեկտեմբերին հանվել է «Ինքնավնասման հակում ունեցողի» բացասական հաշվառումը: Մինչդեռ պատժի կրման ընթացքում խրախուսանքի չարժանանալը և 22 անգամ կարգապահական տույժի ենթարկվելը դատարանները չեն դիտել որպես ոչ պատշաճ վարքագծի դրսևորում, քանի որ վերջին անգամ Ա.Եղոյանը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել 2016 թվականի հոկտեմբերի 28-ին` 1 տարուց ավելի ժամանակ առաջ:

Բողոքաբերը փաստարկել է, որ դատապարտյալի պատշաճ վարքագիծը գնահատելիս պետք է հաշվի առնվեր Ա.Եղոյանի վարքագիծը ոչ թե վերջին 1 տարվա ընթացքում, այլ պատժի կրման ամբողջ ընթացքում:

9.2 Բողոքաբերն ընդգծել է, որ դատապարտյալի կատարած արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, պատժի կրման ընթացքում 2 անգամ հանցանք է կատարել և դատապարտվել ազատազրկման, նույնիսկ դիմել է փախուստի ազատազրկման վայրից:

Բողոքաբերը նշել է, որ թեև 2017 թվականի դեկտեմբերի 26-ին հանվել է «ինքնավնասման հակում ունեցողի» բացասական հաշվառումը, սակայն «ագրեսիվության և կոնֆլիկտայնության հակումներ ունեցողի» բացասական հաշվառումը հանված չլինելը նշանակում է, որ այդ մասով քրեակատարողական հիմնարկի անելիքները չեն ավարտվել:

Բողոքաբերի պնդմամբ` թեև ստորադաս դատարանը գտել է, որ առանձնապես վտանգավոր ռեցիդիվի առկայությունն ինքնին չի կարող դիտվել հանցանք կատարելու հավանականությունը բարձր գնահատող հանգամանք, սակայն վերոնշյալ հանգամանքների համատեքստում այս փաստը ևս վկայում է, որ Ա.Եղոյանի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը բարձր է, և նա դեռ չի ուղղվել:

10. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշումները և Ա.Եղոյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը մերժել:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ստորադաս դատարանների հետևությունները` պատժի կրումից դատապարտյալ Ա.Եղոյանին պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ:

i

12. ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի (դատապարտյալ Ա.Եղոյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի քննարկման պահին գործող խմբագրությամբ) համաձայն` «1. Ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրող անձը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պատժի նվազագույն ժամկետը կրելուց հետո դատարանի կողմից կարող է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը սույն հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով նախատեսված հանգամանքների վերաբերյալ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի (այսուհետ` անկախ հանձնաժողով) եզրակացության կամ կարգապահական գումարտակի հրամանատարի միջնորդագրի քննարկման արդյունքում հանգում է հետևության, որ ուղղվելու համար դատապարտյալը նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի, քանի որ`

1) պատժի կրման ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ, և

2) դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է:

(...):

1.1. Դատապարտյալի պատշաճ վարքագիծը գնահատելիս հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները.

1) պատժի կրման ընթացքում խրախուսանքի առկայությունը.

2) պատժի կրման ընթացքում կարգապահական տույժի առկայությունը.

3) պատժի կրման ընթացքում կրթական ծրագրերին, մարզական կամ մշակութային միջոցառումներին կամ դատապարտյալների ինքնագործ միավորումներին մասնակցելը, եթե առկա է եղել նման հնարավորություն.

4) պատժի կրման ընթացքում առնվազն երեք ամիս աշխատելը, եթե առկա է եղել աշխատելու հնարավորություն, կամ եթե չաշխատելը պայմանավորված չի եղել դատապարտյալի առողջական խնդիրներով.

5) դատապարտյալի պատշաճ վարքագիծը գնահատող այլ հանգամանքներ:

1.2. Դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատելիս հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները.

1) դատապարտյալի տարիքը, դատապարտյալի տարիքը հանցագործություն կատարելու պահին.

2) հանցագործության բնույթը և հանրային վտանգավորությունը.

3) ռեցիդիվի առկայությունը.

4) իր կատարած հանցանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը.

5) հանցագործությամբ պատճառած վնասը հատուցած կամ այլ կերպ հարթած լինելը կամ պատճառած վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու վերաբերյալ գրավոր պարտավորություն ստանձնելը.

6) նրա վերաբերմունքը քրեական ենթամշակույթի նկատմամբ.

7) որոշակի հակումները, հնարավոր կախվածությունները, նախասիրությունները.

8) մասնակցությունը վերասոցիալականացման, այդ թվում` անձնական զարգացման միջոցառումներին.

9) ընտանիքի կամ արտաքին աշխարհի հետ կապը կամ խնամքի տակ գտնվող անձանց առկայությունը.

10) սոցիալական միջավայրը.

11) առողջական, այդ թվում` հոգեկան առողջության վիճակը, հարկադիր բուժման մեջ գտնվելը և հարկադիր բուժման արդյունքը.

12) դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատող այլ հանգամանքներ:

(...)

3. Պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել միայն, եթե դատապարտյալը փաստացի կրել է`

(...)

2) ծանր հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան կեսը.

(...)»:

13. Վերլուծելով պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ վերոշարադրյալ քրեաիրավական նորմերը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատապարտյալին վաղաժամկետ ազատելու համար անհրաժեշտ է, որ`

1) դատապարտյալը փաստացի կրած լինի իր նկատմամբ նշանակված պատժի` ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով սահմանված նվազագույն ժամկետը.

2) օրենքով նախատեսված հանգամանքների վերաբերյալ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի եզրակացության քննարկման արդյունքում դատարանը հանգի հետևության, որ ուղղվելու համար դատապարտյալը նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի:

Ընդ որում, վերը նշված երկրորդ պայմանի հետ կապված` օրենսդիրը սահմանել է այն հիմնական չափանիշները, որոնց հիման վրա դատարանը կարող է գալ եզրահանգման դատապարտյալի` պատժի հետագա կրման աննպատակահարմարության վերաբերյալ, այն է` պատժի կրման ընթացքում պատշաճ վարքագիծ դրսևորելը և դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականության ցածր լինելը: Դեռ ավելին, օրենսդիրը ոչ միայն սահմանել է պատժի հետագա կրման նպատակահարմարությունը որոշելու հիմնական չափանիշները, այլև մանրամասնել է այն հանգամանքները, որոնք դատարանը պարտավոր է պատշաճ վերլուծության ենթարկել այդ չափանիշներից յուրաքանչյուրի առկայության կամ բացակայության մասին օրինական և հիմնավորված եզրահանգում անելու համար:

i

13.1 Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննարկվող ինստիտուտի գործադրմամբ անձը պատժից ազատվում է պայմանական (ազատվող դատապարտյալի վրա դրված պարտականությունները չկատարելու դեպքում դատարանը կարող է վաղաժամկետ ազատումը վերացնելու և պատժի չկրած մասն ի կատար ածելու մասին որոշում կայացնել), ինչը ենթադրում է, որ պատժի նպատակները, ներառյալ` անձի ուղղումը, դեռ լիովին իրականացած չեն: Հետևաբար, պայմանական վաղաժամկետ ազատման ենթակա է այն դատապարտյալը, ում անձի, դրսևորած վարքագծի վերաբերյալ տվյալների և այլ հանգամանքների վերլուծությունը ցույց է տալիս, որ նա կանգնած է ուղղման ճանապարհին: Այլ խոսքով` դատարանը պետք է համոզվի, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու դեպքում անձի կողմից օրինապահ վարքագիծ դրսևորելու հավանականության աստիճանը բավարար է թե՛ հասարակական անվտանգության և թե՛ հասարակությունում նրա վերաինտեգրման տեսանկյունից, իսկ պատժի նպատակները հնարավոր է վերջնականապես իրագործել համապատասխան վերահսկողության ներքո դատապարտյալի` ազատության մեջ գտնվելու պայմաններում: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի լուծման արդյունքում դատարանի կայացրած որոշումը պետք է հիմնված լինի օրենքով սահմանված պայմանների և չափանիշների ու դրանցից բխող պատճառաբանված եզրահանգումների վրա: Ընդ որում, պատճառաբանությունը պետք է կառուցվի տրամաբանորեն կապված և փաստական տվյալներից բխող հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների վրա` իր մեջ չընդգրկելով վերացական, ընդհանուր բնույթի դատողություններ, քանի որ հակառակ պարագայում այդպիսի դատողությունների առկայությունն անմիջականորեն վկայում է պատճառաբանության ոչ պատշաճ լինելու մասին3:

________________________

3 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Արմեն Ղազարյանի գործով 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԱՐԱԴ/0002/12/16 որոշումը:

 

i

13.2 Վճռաբեկ դատարանը վերահաստատում է նաև իր նախադեպային իրավունքում ձևավորած պահանջն այն մասին, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հնարավորության հարցը լուծելիս դատապարտյալի ուղղված լինելու մասին դատարանի հետևությունը պետք է հիմնված լինի քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի գտնված լինելու ամբողջ ժամանակահատվածում վերջինիս վարքի մասին տվյալների բազմակողմանի ուսումնասիրության վրա: Դատապարտյալի ուղղման մասին եզրակացությունը պետք է հիմնվի ոչ միայն պատժի կրման ընթացքում նրա վարքագծի, այլ նաև անձի և հանցագործության բազմակողմանի գնահատման վրա4:

________________________

4 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Վարդան Մուխսիխաչոյանի գործով 2007 թվականի նոյեմբերի 30-ի թիվ ՎԲ-212/07 և Արամայիս Միրիբյանի գործով 2007 թվականի նոյեմբերի 30-ի թիվ ՎԲ-213/07 որոշումները:

 

14. Սույն գործի նյութերից երևում է, որ Ա.Եղոյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկը սպասարկող անկախ հանձնաժողովը Ա.Եղոյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցով 2018 թվականի հունվարի 22-ին տվել է բացասական եզրակացություն: 2018 թվականի հունվարի 23-ին Ա.Եղոյանը տվել է իր համաձայնությունը` վերոնշյալ եզրակացությունը դատարան ներկայացնելու համար5:

________________________

5 Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը:

 

Առաջին ատյանի դատարանը դատապարտյալ Ա.Եղոյանին պայմանական վաղաժամկետ ազատել է չկրած 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 22 (քսաներկու) օր ժամկետով ազատազրկում պատիժը կրելուց` իր դիրքորոշումը հիմնավորելով նրանով, որ դատապարտյալ Ա.Եղոյանը կրել է իր նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատժի 2/3-ից ավելին, պատժի կրման ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ, քանի որ պատիժը կրելու ընթացքում մասնակցություն է ցուցաբերել մարզական միջոցառումներին, օգտվել է հիմնարկի գրադարանից, վարքագծում նկատվել է դրական դինամիկա, և 2017 թվականի դեկտեմբերի 26-ին հանվել է «ինքնավնասում բացասական հակումը»: Պատիժը կրելու ընթացքում խրախուսանքի չարժանանալը և 22 անգամ կարգապահական տույժի ենթարկվելն Առաջին ատյանի դատարանը չի դիտել որպես ոչ պատշաճ վարքագծի դրսևորում, քանի որ վերջին անգամ նա կարգապահական պատասխանատվության է ենթարկվել 2016 թվականի հոկտեմբերի 28-ին` 1 տարուց ավելի ժամանակ առաջ: Առաջին ատյանի դատարանը գտել է նաև, որ Ա.Եղոյանի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է, քանի որ նա հանցագործությունը կատարելու պահին եղել է 28 տարեկան, իսկ հիմա 39 տարեկան է, զղջում է կատարած հանցանքի համար, քրեական ենթամշակույթի նկատմամբ անտարբեր է, ամուսնացել է, ընտանիքի, արտաքին աշխարհի հետ կապը կայուն է, մասնակցություն է ցուցաբերում վերասոցիալականացման միջոցառումներին, ցանկանում է շփվել դրական ուղղվածություն ունեցող դատապարտյալների հետ, պատժի կրման վերջին շրջանում աչքի է ընկել միայն դրական կողմերով, վատառողջ է: Անդրադառնալով ագրեսիվության և կոնֆլիկտայնության հակում ունենալուն` Առաջին ատյանի դատարանը հիմնվել է քրեակատարողական հիմնարկի ներկայացուցչի այն բացատրության վրա, որ այդ հակումները դատապարտյալի հաշվառումից հանելու նպատակով համապատասխան զեկուցագիր է ներկայացվել հիմնարկի ղեկավարին: Անդրադառնալով առանձնապես վտանգավոր ռեցիդիվի առկայությանը` Առաջին ատյանի դատարանը վերոգրյալի համատեքստում այն չի դիտարկել ինքնին որպես հանցանք կատարելու հավանականությունը բարձր գնահատող հանգամանք: Առաջին ատյանի դատարանն արդյունքում գտել է, որ չնայած առկա է անկախ հանձնաժողովի բացասական եզրակացությունը, այդուհանդերձ Ա.Եղոյանը պատժի կրման ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ և նրա կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է, ուստի դատապարտյալը նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի6:

________________________

6 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:

 

Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից ըստ էության պատշաճ ուսումնասիրության և գնահատման են ենթարկվել դատապարտյալ Ա.Եղոյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները7:

________________________

7 Տե՛ս սույն որոշման 5-րդ և 8-րդ կետերը:

 

15. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-13.2-րդ կետերում ներկայացված օրենսդրական կարգավորումների և դրանց վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Եղոյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ ստորադաս դատարանների որոշումները հիմնված չեն օրենքով սահմանված չափանիշների ու դրանց հիմքում դրած հանգամանքների վերաբերյալ պատշաճ պատճառաբանված եզրահանգումների վրա: Ստորադաս դատարանների դիրքորոշումները կառուցված չեն փաստական տվյալներից բխող համոզիչ հետևությունների վրա, իրենց մեջ ընդգրկում են վերացական, ընդհանուր բնույթի դատողություններ, որոնց առկայությունը վկայում է պատճառաբանության ոչ պատշաճ լինելու մասին: Ստորադաս դատարանները մանրակրկիտ ուսումնասիրության և վերլուծության չեն ենթարկել պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու համար նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները, չեն հիմնավորել, որ ուղղվելու համար դատապարտյալ Ա.Եղոյանը նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի: Պատժի կրման ընթացքում պատշաճ վարքագիծ դրսևորելու և դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր լինելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնված չեն քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Ա.Եղոյանի գտնված լինելու ամբողջ ժամանակահատվածում վերջինիս վարքագծի, նրա անձի և նրան մեղսագրված հանցագործության մասին տվյալների բազմակողմանի ուսումնասիրության վրա:

16. Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում բողոքաբերի փաստարկներն այն մասին, որ ստորադաս դատարաններն առավելապես հիմք են ընդունել վերջին մեկ տարվա, այլ ոչ թե պատժի կրման ամբողջ ընթացքում Ա.Եղոյանի վարքագիծը8:

________________________

8 Տե՛ս սույն որոշման 9.1-րդ կետը:

 

Ըստ այդմ, ստորադաս դատարանները Ա.Եղոյանի կողմից պատիժը կրելու ընթացքում քսաներկու անգամ կարգապահական տույժի ենթարկվելը ոչ իրավաչափորեն չեն դիտել որպես ոչ պատշաճ վարքագծի դրսևորում:

16.1 Բացի այդ, Վճռաբեկ դատարանն իրավաչափ է համարում բողոքաբերի այն դիրքորոշումը, որ ստորադաս դատարանները, անտեսելով այն հանգամանքները, որ Ա.Եղոյանի կատարած արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, որ նա պատժի կրման ընթացքում երկու անգամ հանցանք է կատարել և դատապարտվել ազատազրկման, դիմել է փախուստի ազատազրկման վայրից, հանգել են չհիմնավորված հետևության, որ դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է9:

________________________

9 Տե՛ս սույն որոշման 9.2-րդ կետը:

 

16.2 Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ Ա.Եղոյանը համարվում է բացասական հակումներ չունեցող, քանի որ Առաջին ատյանի դատարանում քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչը նշել է, որ կոնֆլիկտայնության և ագրեսիվության հակումները հանելու նպատակով համապատասխան զեկուցագիր է ներկայացվել հիմնարկի պետին, ապա Վերաքննիչ դատարանի այս եզրահանգումը ևս անհիմն է, քանի որ բացասական հակում ունեցողի հաշվառումը հանելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի պետին զեկուցագիր ներկայացնելը դեռևս չի նշանակում, որ բացասական հակման հաշվառումը պարտադիր հանվելու է:

16.3 Վերոնշյալ հանգամանքների համատեքստում գնահատելով առանձնապես վտանգավոր ռեցիդիվի առկայության փաստը` Վճռաբեկ դատարանը հիմնավոր չի համարում ստորադաս դատարանների դիրքորոշումն այն մասին, որ դրա առկայությունը չի կարող դիտարկվել որպես նոր հանցանք կատարելու բարձր հավանականության մասին վկայող հանգամանք:

17. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Եղոյանի` պատժի կրման ընթացքում պատշաճ վարքագիծ դրսևորելու և նոր հանցանք կատարելու հավանականության` ցածր լինելու, արդյունքում նրան պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն:

18. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատապարտյալ Ա.Եղոյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ որոշում կայացնելիս Առաջին ատյանի դատարանը, իսկ նշված դատական ակտն անփոփոխ թողնելիս նաև Վերաքննիչ դատարանը պատշաճ չեն գնահատել սույն գործի փաստական հանգամանքները, արդյունքում թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում, կայացրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտ: Այսպիսով, ստորադաս դատարանները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ և 398-րդ հոդվածների համաձայն, թույլ են տվել քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում և քրեադատավարական օրենքի էական խախտում, որոնք հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և դատապարտյալ Ա.Եղոյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը մերժելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Արմեն Հրաչիկի Եղոյանի վերաբերյալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի մարտի 6-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունիսի 22-ի որոշումները բեկանել և փոփոխել:

2. Դատապարտյալ Արմեն Հրաչիկի Եղոյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը մերժել:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.12.2018
N ՍԴ3/0010/12/18
Որոշում