Սեղմել Esc փակելու համար:
{25.10.2019 - 18.08.2022} «ԿԵՆՏՐՈՆԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{25.10.2019 - 18.08.2022} «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾՈՒ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.10.2019  -ից մինչեւ   18.08.2022  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

050.0242.291012

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»        10            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05012389

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 սեպտեմբերի 2012 թվականի թիվ 242-Ն

 

i

«ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 5/09 ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Նպատակ ունենալով թույլատրել Կենտրոնական դեպոզիտարիային իրականացնել իր գործունեության հետ առնչվող լրացուցիչ գործունեության տեսակներ, խթանել Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից իրականացվող գործունեության տեսակների քանակի և ծավալի աճը, նվազեցնել և զսպել դրանց իրականացման հետ կապված հնարավոր ռիսկերը,

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության 175-րդ հոդվածի 3-րդ մասը, 176-րդ հոդվածի 2-րդ մասը, 177-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, 199-րդ հոդվածի 2-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից լրացուցիչ գործունեության տեսակները, դրանց իրականացման կարգը և պայմանները» կանոնակարգ 5/09-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(նախաբանը փոփ. 25.10.16 թիվ 176-Ն որոշում)

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2012 թվականի սեպտեմբերի 18-ի

թիվ 242-Ն որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 5/09 ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից լրացուցիչ գործունեության տեսակների իրականացման կարգն ու պայմանները:

2. Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից լրացուցիչ գործունեության տեսակների իրականացումը կարգավորվում է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կանոնակարգով, ինչպես նաև Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով:

i

2.1. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունները.

1) Դրամական միջոցների հաշվառման հաշիվ` դրամական միջոցների հաշվառման նպատակով Կենտրոնական դեպոզիտարիայում բացված հաշիվ.

2) Հաշվետեր` անձ, որի համար (անունով) Կենտրոնական դեպոզիտարիայում սույն կանոնակարգով նախատեսված կարգով բացվել է դրամական միջոցների հաշվառման հաշիվ.

3) Կենտրոնական դեպոզիտարիայի հատուկ բանկային հաշիվ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այլ բանկում Կենտրոնական դեպոզիտարիայի անունով բացված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.1-րդ հոդվածով նախատեսված հատուկ բանկային հաշիվ, որտեղ պահվում են միայն Կենտրոնական դեպոզիտարիայի հաշվետերերի դրամական միջոցները.

4) Կանոնակարգ 4/02` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 12-ի ««Ներդրումային ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող տարրերի կազմը, սահմանված տնտեսական նորմատիվների խախտումների չափը» կանոնակարգ 4/02-ը հաստատելու մասին» թիվ 44-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող տարրերի կազմը, սահմանված տնտեսական նորմատիվների խախտումների չափը» կանոնակարգ 4/02:

(2.1-ին կետը լրաց. 25.10.16 թիվ 176-Ն որոշում)

i

3. Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում, «Արժեթղթերի շուկայի մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում կիրառվող նշանակությունը:

(3-րդ կետը փոփ. 25.10.16 թիվ 176-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 2
ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

i

4. Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից իրականացվող գործունեությունը համարվում է լրացուցիչ, եթե այն բավարարում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին.

1) օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով հնարավորություն է տրված Կենտրոնական դեպոզիտարիային իրականացնել այդ լրացուցիչ գործունեության տեսակը,

2) օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով նախատեսված գործունեության այնպիսի տեսակ, որի իրականացումն ուղղակիորեն կապված է Կենտրոնական դեպոզիտարիայի` որպես ներդրումային ֆոնդի, այդ թվում` կենսաթոշակային ֆոնդի մասնակիցների ռեեստրավարի, ներդրումային ֆոնդի պահառուի կամ ներդրումային ֆոնդին առնչվող այլ գործառույթների իրականացման հետ,

3) այն կապված է իր կողմից հաշվառվող արժեթղթերի գծով եկամուտների (շահութաբաժին, տոկոս, պարտքային արժեթղթերի մարման հետևանքով վճարներ և այլն) վճարման կամ դրա կազմակերպման հետ, այդ թվում` որպես հարկային գործակալ հանդես գալու հետ,

4) այն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված է «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և (կամ) թողարկողի կանոնադրությամբ նախատեսված` թողարկողի կառավարման հետ կապված գործողությունների հետ,

5) այն կապված է կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված արժեթուղթ չհանդիսացող այլ ֆինանսական ակտիվներով առևտրի արդյունքում առաջացած պարտավորությունների կատարման ապահովման հետ.

6) այն կապված է Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից կարգավորվող շուկայում կամ դրանից դուրս կնքված գործարքների վերջնահաշվարկի, ներդրումային ֆոնդի ակտիվների պահառության գործառույթի իրականացման (այդ թվում` ֆոնդի հաշվին կատարվող վճարների, պարգևավճարների վճարման), արժեթղթերի հետ կապված եկամուտների վճարման արդյունավետ ապահովման և արտարժույթի առուվաճառքի գործարքների վերջնահաշվարկի նպատակով դրամական միջոցների հաշվառման հաշիվների վարման հետ:

(4-րդ կետը փոփ. 25.10.16 թիվ 176-Ն, 26.09.2019 թիվ 136-Ն, 09.08.2022 թիվ 130-Ն որոշումներ)

i

4.1. Սույն կանոնակարգի 4-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված գործունեության տեսակի իրականացման կարգն ու պայմանները սահմանվում են սույն կանոնակարգի 4-րդ գլխով:

(4.1-ին կետը լրաց. 25.10.16 թիվ 176-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 3
ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

i

5. Լրացուցիչ գործունեության տեսակների իրականացման թույլտվություն ստանալու համար Կենտրոնական դեպոզիտարիան Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացնում.

1) գործունեության` սույն կանոնակարգի 4-րդ կետում նախատեսված չափանիշներից առնվազն մեկին բավարարելու վերաբերյալ հիմնավորումը,

2) լրացուցիչ գործունեության տեսակների իրականացումն ապահովող կանոնները (համապատասխան կանոնների փոփոխությունները, լրացումները): Ընդ որում, լրացուցիչ գործունեության տեսակների իրականացումն ապահովող կանոնների (համապատասխան կանոնների փոփոխությունների, լրացումների) հանդեպ կիրառվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնների (կանոնների փոփոխությունների, լրացումների) և դրանց գրանցման հանդեպ պահանջները,

3) ռիսկերի կառավարման ներքին ընթացակարգը (ռիսկերի կառավարման ներքին ընթացակարգի փոփոխությունները, լրացումները): Ընդ որում,

ա. ռիսկերի կառավարման ներքին ընթացակարգերը նկարագրվում են Կենտրոնական դեպոզիտարիայի ներքին իրավական ակտերում, որոնք կարող են լինել կարգերի, ընթացակարգերի, կանոնակարգերի, հրահանգների, ուղեցույցների և այլ ակտերի տեսքով,

բ. ռիսկերի կառավարման ներքին ընթացակարգում բացահայտվում են լրացուցիչ գործունեության տեսակների իրականացումից բխող բոլոր էական ռիսկերը (այդ թվում` ֆինանսական, գործառնական, իրավական, բարի համբավի) Կենտրոնական դեպոզիտարիայի համար այդ ռիսկերի ընդունելի մակարդակը, ռիսկերի հսկման և ընդունելի մակարդակում պահելու մեխանիզմները,

գ. Կենտրոնական դեպոզիտարիան ապահովում է ռիսկերի կառավարման ներքին ընթացակարգերը նկարագրող ներքին իրավական ակտերի հասանելիությունն իր անձնակազմին և անձնակազմի կողմից դրանց տեղեկացվածությունը` իրենց կողմից իրականացվող գործառույթների մասով,

դ. ռիսկերի կառավարման ներքին ընթացակարգի դրույթների` արդեն իրականացվող լրացուցիչ գործունեության տեսակներով պայմանավորված փոփոխությունների (լրացումների կամ դրույթների դադարեցման) վերաբերյալ առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական դեպոզիտարիան տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:

(5-րդ կետը փոփ. 25.10.16 թիվ 176-Ն որոշում)

6. Սույն կանոնակարգի 5-րդ կետով նախատեսված թույլտվությունը համարվում է տրված սույն կանոնակարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված կանոններն ուժի մեջ մտնելու օրվանից:

 

i
ԳԼՈՒԽ 4. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

(4-րդ գլուխը լրաց. 25.10.16 թիվ 176-Ն որոշում)

 

7. Դրամական միջոցների հաշվառման հաշիվները (այսուհետ սույն գլխում նաև` հաշվառման հաշիվներ) պետք է բացվեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հուլիսի 23-ի թիվ 178-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վճարահաշվարկային համակարգի կամ տեղեկատվական համակարգերի մասնակիցների կոդավորման կառուցվածքը, ինչպես նաև հաճախորդների դրամական հաշվեհամարների կառուցվածքը սահմանելու մասին» կարգի համաձայն:

8. Հաշվառման հաշիվներում առկա տեղեկությունը հավասարազոր է բանկային գաղտնիք համարվող տեղեկատվությանը: Այն կարող է հրապարակվել (տեղեկությունը (կամ դրա ցանկացած կրիչը) բանավոր կամ գրավոր ձևով զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ հրապարակելը, երրորդ անձին հայտնի դարձնելը կամ տարածելը, երրորդ անձանց նման տեղեկություններ հայթայթելու հնարավորություն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ընձեռելը (թույլատրելը, չխոչընդոտելը կամ այդ տեղեկության պահպանման կարգի խախտման հետևանքով դրա հրապարակումը հնարավոր դարձնելը)) միայն «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

9. Հաշվետերերին պատկանող դրամական միջոցների հետ կապված հաշվետերերի շահերի պաշտպանության նպատակով Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է.

1) պահպանել տեղեկատվություն, վարել այնպիսի հաշվառում, որը թույլ կտա ցանկացած պահի և առանց ուշացման առանձնացնել յուրաքանչյուր հաշվետիրոջ միջոցները այլ հաշվետերերի, ինչպես նաև իր սեփական միջոցներից,

2) պահպանել տեղեկատվությունը և վարել հաշվառումն այնպես, որ ապահովվի դրանց ճշգրտությունը և համապատասխանությունն իր հաշվառմանը հանձնված և սույն կանոնակարգի 18-րդ կետով նախատեսված անձանց մոտ պահվող հաշվետերերի դրամական միջոցներին,

3) պարբերաբար իրականացնել համեմատություններ, ճշգրտումներ իր և սույն կանոնակարգի 18-րդ կետով նախատեսված անձանց մոտ առկա` հաշվետերերի միջոցների վերաբերյալ հաշիվների, տեղեկատվության և գրանցումների միջև` ապահովելով սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված պարտականությունների պատշաճ կատարումը,

4) ձեռնարկել անհրաժեշտ կազմակերպական միջոցներ հաշվետերերի դրամական միջոցների անբարեխիղճ կամ չթույլատրված օգտագործման, մեքենայությունների, թերի հաշվառման կամ այդ միջոցների հետ կապված իրավունքների կորստի ռիսկը կառավարելու համար:

10. Հաշվառման հաշիվները կարող են արտահայտված լինել Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով, որտեղ հաշվառված դրամական միջոցները պահվում են սույն կանոնակարգի 18-րդ մասով նախատեսված անձանց մոտ բացված համապատասխան արժույթով արտահայտված հաշիվներում: Ցանկացած պահի դրությամբ Կենտրոնական դեպոզիտարիայում բացված հաշվառման հաշիվներում հաշվառվող դրամական միջոցների հանրագումարը պետք է համապատասխանի Կենտրոնական դեպոզիտարիայի` սույն կանոնակարգի 18-րդ կետով նախատեսված անձանց մոտ բացված հաշիվների մնացորդների հանրագումարին` ըստ յուրաքանչյուր արժույթի:

11. Սույն կանոնակարգի 18-րդ կետով նախատեսված անձանց մոտ բացվող հաշիվներին (հաշիվներից) կարող են դրամական միջոցներ մուտքագրվել (ելքագրվել) միայն անկանխիկ եղանակով: Ընդ որում, մուտքագրվող (ելքագրվող) դրամական միջոցների արժույթը պետք է համապատասխանի մուտքագրվող (ելքագրվող) հաշվի արժույթին, այլապես հաշիվը վարող անձը մերժում է նման փոխանցման կատարումը:

12. Հաշվետիրոջ հաշվառման հաշվում հաշվառված դրամական միջոցների մնացորդը կարող է փոփոխվել հետևյալ դեպքերում`

1) սույն կանոնակարգի 18-րդ կետով նախատեսված անձանց մոտ բացված հաշիվներին հաշվետիրոջ անունով դրամական միջոցների փոխանցման արդյունքում,

2) մեկ հաշվետիրոջ հաշվառման հաշվում հաշվառված դրամական միջոցների պակասեցման և նույն չափով մեկ այլ հաշվետիրոջ հաշվառման հաշվում հաշվառված դրամական միջոցների ավելացման արդյունքում,

3) հաշվետիրոջ համապատասխան հանձնարարականի հիման վրա տվյալ հաշվետիրոջ հաշվառման հաշվում հաշվառված և սույն կանոնակարգի 18-րդ կետով նախատեսված անձանց մոտ բացված հաշիվներում առկա դրամական միջոցներից փոխանցման արդյունքում,

4) հաշվետիրոջ` Կենտրոնական դեպոզիտարիայի հանդեպ ունեցած դրամական պարտավորության կատարման արդյունքում, եթե դա նախատեսված է հաշվետիրոջ և Կենտրոնական դեպոզիտարիայի միջև կնքված պայմանագրով,

5) հաշվետիրոջ և Կենտրոնական դեպոզիտարիայի միջև կնքված պայմանագրով և (կամ) Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով նախատեսված այլ դեպքերում:

Գործարքների շրջանակները, որոնց արդյունքում կարող են փոփոխվել հաշվառման հաշիվներում հաշվառված դրամական միջոցների մնացորդները, սահմանվում են հաշվետիրոջ և Կենտրոնական դեպոզիտարիայի միջև կնքված պայմանագրով և (կամ) Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով:

13. Կենտրոնական դեպոզիտարիան իրավունք չունի հաշվառման հաշիվներում հաշվառված և սույն կանոնակարգի 18-րդ կետով նախատեսված անձանց մոտ պահվող դրամական միջոցներն օգտագործել ի շահ իրեն:

14. Հաշվառման հաշիվներով գործառնությունների կատարման հանձնարարականների ձևերը և ներկայացման կարգը սահմանվում են Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով` պահպանելով օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով բանկերի համար սահմանված համապատասխան պահանջները (կիրառելիության դեպքում):

i

15. Հաշվառման հաշիվներ կարող են բացվել միայն հաշվարկային համակարգի անդամների և ներդրումային ֆոնդերի համար:

(15-րդ կետը փոփ. 28.04.17 թիվ 98-Ն որոշում)

16. Հաշվետերերի համար Կենտրոնական դեպոզիտարիայում կարող են բացվել հաշվառման հաշիվների հետևյալ տեսակները.

1) սեփական հաշիվ, որտեղ հաշվառվում են հաշվետիրոջը սեփականության իրավունքով պատկանող դրամական միջոցները,

2) հաճախորդների ամփոփ հաշիվ, որտեղ հաշվառվում են հաշվետիրոջ հաճախորդներին պատկանող դրամական միջոցները:

17. Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է իր սեփական և իր հաշվետերերի դրամական միջոցները պահել առանձին բանկային (դրամական) հաշիվներում: Ընդ որում, հաշվետիրոջ դրամական միջոցների համար բացված բանկային (դրամական) հաշվի պայմանագիրը պետք է հստակ նշում պարունակի այն մասին, որ այդ բանկային (դրամական) հաշիվը նախատեսված է Կենտրոնական դեպոզիտարիայի հաշվետերերի դրամական միջոցները պահելու համար:

18. Կենտրոնական դեպոզիտարիան հաշվետերերի դրամական միջոցները պահում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում կամ միջազգային կենտրոնական դեպոզիտարիաներում (Քլիրսթրիմ, Եվրոքլիր), իսկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համաձայնության դեպքում` նաև այլ ֆինանսական կազմակերպությունում: Կենսաթոշակային ֆոնդի դրամական միջոցները կարող են պահվել նաև տվյալ ֆոնդի կառավարչի կողմից ընտրված ՀՀ տարածքում գործող առևտրային բանկում: Ընդ որում`

1) հաշվետերերի` Հայաստանի Հանրապետության դրամով արտահայտված դրամական միջոցները (բացառությամբ սույն կետով նախատեսված կենսաթոշակային ֆոնդերի դրամական միջոցների) պետք է պահվեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված հաշվում,

2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկի դեպքում հաշվետերերի դրամական միջոցները պետք է պահվեն Կենտրոնական դեպոզիտարիայի հատուկ բանկային հաշիվներում,

3) արտասահմանում բացված բանկային (դրամական) հաշիվը պետք է ըստ տվյալ երկրի օրենսդրության լինի Կենտրոնական դեպոզիտարիայի կառավարմանը հանձնված դրամական միջոցների հաշիվ:

19. Սույն կանոնակարգի 18-րդ կետով նախատեսված հատուկ բանկային հաշվում ներդրված միջոցները`

1) կարող են օգտագործվել միայն սույն կանոնակարգով նախատեսված ուղղություններով, դեպքերում և պայմաններով,

2) չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել կալանքի տակ), բռնագանձվել Կենտրոնական դեպոզիտարիայի պարտավորությունների դիմաց կամ Կենտրոնական դեպոզիտարիայի սնանկության դեպքում հանդիսանալ պարտավորությունների կատարման համար լուծարային միջոց:

20. Դրամական միջոցների հաշվառման հաշվի վերաբերյալ Կենտրոնական դեպոզիտարիայի և հաճախորդի միջև կնքվող պայմանագիրը պետք է պարունակի`

1) սույն կանոնակարգի 18-րդ կետով նախատեսված համապատասխան ֆինանսական կազմակերպության անվանումը,

2) դրույթ առ այն, որ Կենտրոնական դեպոզիտարիան պատասխանատվություն չի կրում սույն կետում նշված ֆինանսական կազմակերպության մեղքով (այդ թվում` անվճարունակության դեպքում) առաջացած վնասների համար,

3) դրույթ առ այն, որ սույն կանոնակարգի 18-րդ կետով նախատեսված համապատասխան ֆինանսական կազմակերպության կողմից սահմանված ժամկետում վճարումների չկատարման, անվճարունակության դեպքերում Կենտրոնական դեպոզիտարիան իրականացնում է բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ են նման իրավիճակներում հաշվետերերի շահերի պաշտպանության համար,

4) արտասահմանյան կազմակերպությունում բացված բանկային (դրամական) հաշվի հետ կապված էական ռիսկերի համառոտ նկարագրությունը,

5) դրույթ առ այն, որ հաշվառման հաշիվը հաշվետիրոջ կողմից կարող է օգտագործվել միայն սույն կանոնակարգի 4-րդ կետի 6-րդ ենթակետից բխող նպատակներով:

21. Կենտրոնական դեպոզիտարիայի` սույն գլխով սահմանված գործառույթների իրականացման համար ներքին հսկողության պահանջները սահմանված են սույն կանոնակարգի Հավելված 1-ով:

22. Կենտրոնական դեպոզիտարիայի ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների միջև սահմանային հարաբերակցությունը (Ն1 նորմատիվ) սահմանվում է 12 տոկոս:

23. Կենտրոնական դեպոզիտարիայի ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցությունը որոշվում է

 

Կընդ

Ն1 = ------ բանաձևով,

ՌԿԱ

 

որտեղ`

Կընդ - ընդհանուր կապիտալն է ամսվա միջին օրական հաշվարկով, որը հաշվարկվում է սույն կանոնակարգի Հավելված 2-ի համաձայն,

ՌԿԱ = ՎՌ + 25/3 * (ՇՌ + ԳՌ), որտեղ`

ՎՌ-ն վարկային ռիսկն է, որը հաշվարկվում է Կանոնակարգ 4/02-ով ներդրումային ընկերությունների համար սահմանված կարգով,

ՇՌ-ն շուկայական ռիսկն է, որը հաշվարկվում է Կանոնակարգ 4/02-ով ներդրումային ընկերությունների համար սահմանված կարգով,

ԳՌ-ն գործառնական ռիսկն է, որը հաշվարկվում է սույն կանոնակարգի Հավելված 3-ի համաձայն:

24. Կենտրոնական դեպոզիտարիան պետք է յուրաքանչյուր ամսվա միջին օրական հաշվարկով ապահովի Ն1 նորմատիվը:

25. Կենտրոնական դեպոզիտարիայի բարձր իրացվելի ակտիվների և ընթացիկ պարտավորությունների միջև սահմանային հարաբերակցությունը (Ն2 նորմատիվ) սահմանվում է 60 տոկոս:

26. Կենտրոնական դեպոզիտարիայի բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների միջև սահմանային հարաբերակցությունը որոշվում է

 

Աբի

Ն2 = ------- բանաձևով,

Պցպ

 

որտեղ`

Աբի - միջին օրական հաշվարկով բարձր իրացվելի ակտիվներն են ամսվա ընթացքում, որը որոշվում է

 

Աբի1 + Աբի2 + ... + ԱբիՆ

Աբի = ------------------------- բանաձևով,

Ն

 

որտեղ` Աբի1, Ա բի2,..., ԱբիՆ - Կենտրոնական դեպոզիտարիայի բարձր իրացվելի ակտիվներն են, իսկ «Ն»-ը հաշվետու ամսվա օրերի թիվն է,

Պցպ - միջին օրական հաշվարկով ցպահանջ պարտավորություններն են ամսվա ընթացքում, որը որոշվում է

 

Պցպ1 + Պցպ2 + ... + ՊցպՆ

Պցպ = ------------------------- բանաձևով,

Ն

 

որտեղ` Պցպ1 + Պցպ2 + ... + ՊցպՆ - Կենտրոնական դեպոզիտարիայի ցպահանջ պարտավորություններն են` ըստ օրերի, իսկ «Ն»-ը հաշվետու ամսվա օրերի թիվն է: Ցպահանջ պարտավորությունների հաշվարկում ընդգրկվում են հաշվեկշռի «Պարտավորություններ» կարգում հաշվառվող ցպահանջ կամ մարման սահմանված ժամկետ չունեցող միջոցները (ներառյալ` դրանց գծով հաշվեգրված ցպահանջ և մարման սահմանված ժամկետ չունեցող տոկոսները), այդ թվում` ժամկետանց պարտավորությունները: Ընդ որում, համապատասխան արժույթով ցպահանջ պարտավորություններից նվազեցվում են 27-րդ կետի 8-րդ ենթակետի առաջին պարբերության համաձայն բանկերում ունեցած հաշիվներից նվազեցվող ցպահանջ պարտավորությունները (ներառյալ` դրանց գծով հաշվեգրված տոկոսները): Սույն կանոնակարգի իմաստով ժամկետանց են այն պարտավորությունները, որոնք, բացառությամբ դատարանի կամ միջնորդ դատարանի վարույթում գտնվողների, չեն կատարվել պարտավորությամբ սահմանված ժամկետում: Դատարանի կամ միջնորդ դատարանի վարույթում գտնվող գործերով պարտավորությունները համարվում են ցպահանջ:

27. Բարձր իրացվելի ակտիվների հաշվարկում ընդգրկվում են ստորև թվարկված այն ակտիվները (առանց այդ ակտիվների (բացառությամբ սույն կետի 4-րդ, 5-րդ 6-րդ, 7-րդ և 9-րդ ենթակետերում նշված ակտիվների) գծով հաշվեգրված տոկոսների), որոնց համար չկա դրանց տնօրինումը սահմանափակող որևէ պայման: Բարձր իրացվելի ակտիվներում ընդգրկվում են նաև սույն կետի 4-րդ, 5-րդ 6-րդ, 7-րդ և 9-րդ ենթակետերում նշված արժեթղթերը (ընթացիկ շուկայական արժեքով), որոնք ձեռք են բերվել ռեպո համաձայնագրերով և հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 322-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի» 82-րդ բաժնում: Բարձր իրացվելի ակտիվներում չեն ընդգրկվում գրավադրված, ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերը:

1) Կանխիկ դրամական միջոցներ (ներառյալ` ճանապարհին գտնվող և բանկոմատներում գտնվող դրամական միջոցները), կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր (բացառությամբ` ճանապարհին գտնվող վճարային փաստաթղթերի)` ՎԻԶԱ, ԹՈՄԱՍ ՔՈՒԿ/ՄԱՍՏԵՐ ՔԱՐՏ, ԱՄԵՐԻՔԱՆ ԷՔՍՊՐԵՍ, ՍԻՏԻՔՈՐՊ և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ` նաև այլ վճարային փաստաթղթեր,

2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում հաշիվների միջոցներ, ներդրված ավանդներ (որոնց ժամկետը կամ միջոցները մինչև մարման ժամկետը պահանջի իրավունքով հետ ստանալու ժամկետը չի գերազանցում 3 աշխատանքային օրը),

3) բանկային ոսկի (ներառյալ` ճանապարհին գտնվող բանկային ոսկին),

4) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված փոխանցելի մուրհակներ, որոնց մինչև մարումն ընկած ժամանակահատվածը մինչև 1 տարի է և որոնք ենթակա են պարտադիր վճարման Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության գանձապետական միասնական հաշվի միջոցներից, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թողարկած արժեթղթեր` ընթացիկ (շուկայական) արժեքով,

5) ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների արժեթղթեր` ընթացիկ (շուկայական) արժեքով, որոնց վարկանիշը հավասար կամ բարձր է վարկանիշային գործակալությունների (Ստանդարտ և Փուրս կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից Հայաստանի Հանրապետությանը տրված` մեկ վարկանիշով ցածր վարկանիշից,

6) Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում` Մուդիզ) վարկանիշային կազմակերպությունների կողմից տրամադրված Ա+(Ա1) և բարձր վարկանիշ ունեցող պետությունների պետական գանձապետական պարտատոմսեր` ընթացիկ (շուկայական) արժեքով,

7) Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում` Մուդիզ) վարկանիշային կազմակերպությունների տրամադրած Ա+(Ա1) և բարձր վարկանիշ ունեցող կորպորատիվ պարտատոմսեր կամ Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի, Եվրոպական կենտրոնական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, այլ միջազգային կազմակերպությունների (որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը) կողմից թողարկված ոչ պետական պարտատոմսեր` ընթացիկ (շուկայական) արժեքով,

8) ռեզիդենտ և օտարերկրյա բանկերում հաշիվներ (այդ թվում` անկանխիկ ոսկով). ընդ որում, վերջիններիս մեծությունը նվազեցվում է նույն բանկի նկատմամբ ունեցած պարտավորությունների չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան բանկում հաշվի մնացորդն է: Կենտրոնական դեպոզիտարիայի բարձր իրացվելի ակտիվները հաշվարկելիս ռեզիդենտ և օտարերկրյա բանկերում հաշիվներից առաջին հերթին նվազեցվում է նույն բանկի նկատմամբ ունեցած ցպահանջ պարտավորության մնացորդը, ապա` մնացած պարտավորությունները: Մնացած պարտավորությունները չեն նվազեցվում հաշվից, եթե արտասահմանյան բանկի` երկարաժամկետ ավանդների ներգրավման վարկանիշը ըստ Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում` Մուդիզ) վարկանիշային կազմակերպության` ԲԲԲ-(Բաա3) և բարձր է,

9) վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսեր` ընթացիկ (շուկայական) արժեքով:

 

Հավելված 1

i

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2012 թ. սեպտեմբերի 18-ի թիվ

242-Ն որոշմամբ հաստատված

Կանոնակարգ 5/09-ի

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Սույն կանոնակարգի իմաստով ներքին հսկողության համակարգը Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից սույն կանոնակարգի 6-րդ կետով սահմանված գործունեության իրականացումից բխող ռիսկերի կառավարման համակարգի, ինչպես նաև դրա նկատմամբ հսկողության իրականացման միջոցառումների համալիր է:

2. Կենտրոնական դեպոզիտարիայի գործադիր մարմնի, ներքին հսկողական գործառույթներ իրականացնող անձանց, աշխատակիցների կողմից հայտնաբերված ներքին հսկողության համակարգի թերությունները և բացթողումները Կենտրոնական դեպոզիտարիայի ներքին իրավական ակտերով սահմանված կարգով և ժամկետներում ներկայացվում են խորհրդին:

3. Կենտրոնական դեպոզիտարիայի ներքին հսկողության համակարգը դրամական միջոցների հաշվառման վերաբերյալ առնվազն ներառում է.

1) Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից դրամական միջոցների հաշվառման հաշիվների բացման, սպասարկման և դրանցով գործարքների կատարման վերաբերյալ ընթացակարգերի սահմանումը,

2) գործարքների կատարման հետ կապված կարգադրությունների ընդունման, մշակման, կատարման և մերժման ընթացակարգերի սահմանումը,

3) հաշվառման հաշիվներով գործառնությունների իրականացման ընթացքում հնարավոր ռիսկերի կանխարգելման համար կիրառվող ընթացակարգերի սահմանումը,

4) Կենտրոնական դեպոզիտարիայի մոտ հաշվառվող հաշիվներով իրականացված գործարքների ծավալների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ընթացակարգերի սահմանումը,

5) փաստաթղթերի պահպանման (արխիվացման) ընթացակարգերի սահմանումը,

6) չպարզաբանված, մերժված և ուշացված գործարքների մասին տեղեկությունների տրամադրման, չպարզաբանված գործարքների բացահայտմանն ուղղված միջոցառումների ընթացակարգերի սահմանումը,

7) հաշվետերերի տվյալների նույնականացման ընթացակարգերի սահմանումը,

8) Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում կամ սույն կանոնակարգի 18-րդ կետով սահմանված կազմակերպությունների մոտ հաշիվների բացման և փակման սկզբունքների, այդ հաշիվների մնացորդների մոնիթորինգի և համադրման իրականացման պարբերականության սահմանումը:

4. Կենտրոնական դեպոզիտարիան պետք է ունենա սույն Հավելվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետով իրականացվող գործառնությունների անընդհատության կառավարման համակարգ:

5. Կենտրոնական դեպոզիտարիան բացահայտում, գնահատում, կառավարում և նվազեցնում է հաշվառման հաշիվներով գործառնությունների անընդհատությունը (շարունակականությունը) վտանգող ռիսկերը:

6. Հաշվառման հաշիվներով գործառնությունների անընդհատության կառավարումը իրենից ներկայացնում է համալիր և ամբողջական գործընթաց, որը ներառում է այն բոլոր միջոցառումները և գործողությունները, որոնք ուղղված են արտակարգ իրավիճակի դեպքում այդ գործառնությունների անընդհատության ապահովմանը և (կամ) վերականգնմանը նախապես սահմանված ժամկետներում և ծավալով:

7. Սույն Հավելվածի իմաստով արտակարգ իրավիճակն այն իրավիճակն է, որի առաջացումը հնարավոր է, սակայն դժվար կանխատեսելի (ցածր հավանականություն ունեցող), և որը առաջացնում է կամ կարող է առաջացնել զգալի նյութական վնասներ կամ այլ բացասական հետևանքներ Կենտրոնական դեպոզիտարիայի, նրա հաշվետերերի կամ այլ շահառուների համար:

8. Հաշվառման հաշիվներով գործառնությունների անընդհատության կառավարման համակարգը նվազագույնը ներառում է.

1) գործառնությունների վերլուծությունը, այդ թվում` ռիսկերի գնահատումը,

2) գործառնությունների վերականգնման նպատակները և ռազմավարությունը,

3) գործառնությունների անընդհատության ապահովման միջոցառումների ծրագիրը, այդ թվում` արտակարգ իրավիճակների կառավարման և վերականգնման ծրագիրը,

4) գործառնությունների անընդհատության ապահովման միջոցառումների ծրագրի պարբերական թեստավորման և վերանայման ծրագիրը,

5) Կենտրոնական դեպոզիտարիայի աշխատակիցների համար սեմինարների անցկացման և իրազեկվածության մակարդակի բարձրացման ծրագիրը:

9. Ռիսկերի գնահատման ժամանակ բացահայտվում են այն հնարավոր ռիսկերը (պատճառները), որոնք կարող են հանգեցնել գործառնությունների խափանմանը: Այդ ռիսկերի գծով հաշվի են առնվում տեղի ունենալու հավանականությունը և տեղի ունենալու դեպքում հնարավոր ազդեցությունը:

10. Վերականգնման նպատակները Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից հաշվառման հաշիվներով գործառնությունների իրականացման նախապես սահմանված մակարդակներն (ծավալներն) են, ըստ որի պետք է վերականգնվեն այդ գործառնությունները արտակարգ իրավիճակ տեղի ունենալուց հետո` նախապես սահմանված վերականգնման ժամկետում:

 

(1-ին հավելվածը լրաց. 25.10.16 թիվ 176-Ն որոշում)

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2012 թ. սեպտեմբերի 18-ի թիվ

242-Ն որոշմամբ հաստատված

Կանոնակարգ 5/09-ի

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՐԿ

 

1. Սույն կանոնակարգի 22-րդ կետով սահմանված Ն1 նորմատիվի հաշվարկման համար Կենտրոնական դեպոզիտարիայի ընդհանուր կապիտալը նրա հիմնական (առաջնային) և լրացուցիչ (երկրորդային) կապիտալների հանրագումարն է` համապատասխան նվազեցումները կատարելուց հետո: Ընդ որում, ընդհանուր կապիտալի մեծությունը հաշվարկելիս լրացուցիչ կապիտալը ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկվում է հիմնական կապիտալի (սույն Հավելվածի 3-րդ կետի համաձայն կատարվող նվազեցումները հաշվի առած) առավելագույնը 50%-ի չափով:

2. Կենտրոնական դեպոզիտարիայի հիմնական կապիտալը հետևյալ տարրերի հանրագումարի և հիմնական կապիտալի մեծությունից նվազեցվող տարրերի տարբերությունն է`

1) կանոնադրական կապիտալ

2) չբաշխված շահույթ

3) գլխավոր պահուստ:

3. Հիմնական կապիտալի մեծությունից նվազեցվող տարրերն են.

1) ոչ նյութական ակտիվների (այդ թվում` շահագործումից դուրս), ինչպես նաև ոչ նյութական ակտիվների վրա կատարված կապիտալ ներդրումների հաշվեկշռային արժեքը (բացառությամբ Կենտրոնական դեպոզիտարիայի իր կողմից ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող համակարգչային ծրագրերի և դրանց օգտագործման իրավունքների վճարումների օգտվելու իրավունք տվող վճարումների չափով),

2) Կենտրոնական դեպոզիտարիայի սեփականությունը հանդիսացող և Կենտրոնական դեպոզիտարիայի ծառայությունների համար չօգտագործվող նյութական ակտիվների (հիմնական միջոցներ և այլ նյութական ակտիվներ, այդ թվում` գրավի տնօրինման արդյունքում կամ այլ պահանջներից առաջացած սեփականացված ակտիվների, շահագործումից դուրս այլ հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների) հաշվեկշռային արժեքը` այդ ակտիվները օրենքով սահմանված կարգով Կենտրոնական դեպոզիտարիայի սեփականությունը համարվելու օրվանից վեց ամիս հետո,

3) Կենտրոնական դեպոզիտարիայի սեփականությունը հանդիսացող և Կենտրոնական դեպոզիտարիայի ծառայությունների համար օգտագործվող նյութական ակտիվների (հիմնական միջոցների, այդ թվում` անշարժ գույքի (շենքերի և շինությունների), այլ հիմնական միջոցների, ինչպես նաև Կենտրոնական դեպոզիտարիայի գործունեության համար օգտագործվող հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների) արժեքը` հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 25 տոկոսը գերազանցող գումարի չափով: Սույն ենթակետի իմաստով` նյութական ակտիվի արժեքը հավասար է նյութական ակտիվի սկզբնական արժեքի և կապիտալ ներդրումների հանրագումարին` նվազեցված դրանց գծով կատարված ամորտիզացիոն հատկացումների, արժեզրկումից և վերագնահատումից կորուստների չափով,

4) Կենտրոնական դեպոզիտարիայի վարձակալած հիմնական միջոցի բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների հաշվեկշռային մնացորդը,

5) այլ ֆինանսական կազմակերպությունների կանոնադրական կապիտալում իրականացված ներդրումների հաշվեկշռային արժեքը, եթե

ա. ներդրումը կազմում է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 10 տոկոսը կամ ավելին, կամ

բ. ներդրումը փոքր է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 10 տոկոսից, սակայն գերազանցում է Կենտրոնական դեպոզիտարիայի հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 15 տոկոսը, կամ

գ. բոլոր անձանց կանոնադրական կապիտալներում ներդրումները գերազանցում են Կենտրոնական դեպոզիտարիայի հիմնական կապիտալի հաշվեկշռային կապիտալի 60 տոկոսը:

4. Կենտրոնական դեպոզիտարիայի լրացուցիչ կապիտալը բաղկացած է.

1) Կենտրոնական դեպոզիտարիայի սեփականություն հանդիսացող և Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից ծառայությունների մատուցման համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատումից աճից,

2) Կենտրոնական դեպոզիտարիայի սեփականություն հանդիսացող և Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից ծառայությունների մատուցման համար օգտագործվող այլ համապարփակ եկամտի ստորև նշված տարրերից.

ա. շենքերի և շինությունների վերագնահատումից աճից,

բ. այլ հիմնական միջոցների վերագնահատումից աճից,

գ. վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների վերագնահատումից առաջացած շահույթից/վնասից,

դ. մինչև մարման ժամկետը պահվող ներդրումների գծով շահույթից/վնասից,

ե. ոչ նյութական ակտիվների վերագնահատումից աճից,

զ. արտերկրյա գործառնության վերահաշվարկից փոխարժեքային տարբերություններից,

է. դրամական հոսքերի հեջավորման ածանցյալ գործիքների վերագնահատումից աճից,

ը. այլ համապարփակ եկամտից:

5. Լրացուցիչ կապիտալի հաշվարկում չեն ընդգրկվում Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից ծառայությունների մատուցման համար չօգտագործվող նյութական ակտիվների, հիմնական կապիտալի մեծությունից պակասեցվող նյութական ակտիվների` այլ համապարփակ եկամտի տարր հանդիսացող վերագնահատումից աճը (եկամուտը, շահույթը/վնասը):

6. Սույն կանոնակարգի իմաստով ծառայությունների մատուցման համար օգտագործվող նյութական ակտիվներ են համարվում այն ակտիվները, որոնք Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից օգտագործվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Կենտրոնական դեպոզիտարիայի գործառույթների իրականացման համար: Ընդ որում, դեպոզիտար գործառույթների իրականացման համար օգտագործվող սեփական շենքեր և շինություններ (անշարժ գույք) են համարվում այն նյութական ակտիվները, որտեղ Կենտրոնական դեպոզիտարիան իրականացնում է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գործառույթներ:

 

(2-րդ հավելվածը լրաց. 25.10.16 թիվ 176-Ն որոշում)

 

Հավելված 3

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2012 թ. սեպտեմբերի 18-ի թիվ

242-Ն որոշմամբ հաստատված

Կանոնակարգ 5/09-ի

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՌԻՍԿԻ ՀԱՇՎԱՐԿ

 

ԳԼՈՒԽ 1
ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՌԻՍԿԻ ՀԱՇՎԱՐԿ

 

1. Ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների միջև սահմանային հարաբերակցության` Ն1 նորմատիվի հաշվարկում ընդգրկելու նպատակով գործառնական ռիսկը հաշվարկվում է հիմնական բնութագրիչների կամ ստանդարտացված մոտեցման համաձայն:

2. Կենտրոնական դեպոզիտարիան տարին մեկ անգամ ընտրում է այն մոտեցումը (հիմնական բնութագրիչների կամ ստանդարտացված), որով պետք է հաշվարկվի գործառնական ռիսկը` այդ մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին մինչև յուրաքանչյուր տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 31-ը: Եթե Կենտրոնական դեպոզիտարիան մեկ անգամ ընտրել է գործառնական ռիսկի հաշվարկման ստանդարտացված մոտեցումը, ապա նրան այլևս չի թույլատրվում ընտրել գործառնական ռիսկի հաշվարկման հիմնական բնութագրիչների մոտեցումը հետագա տարիների համար, առանց Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հավանության:

 

ԳԼՈՒԽ 2
ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՌԻՍԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԻ ՄՈՏԵՑՈՒՄ

 

3. Հիմնական բնութագրիչների մոտեցման համաձայն` գործառնական ռիսկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ԳՌ=(ԶԵՏ*Գ+ԶԵՏ-1*Գ+ԶԵՏ-2*Գ)/Ն,

որտեղ`

ԳՌ - հիմնական բնութագրիչների մոտեցման համաձայն հաշվարկված գործառնական ռիսկն է,

ԶԵՏ - ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների միջև սահմանային հարաբերակցության` Ն1 նորմատիվի հաշվարկմանը նախորդող տարվա հունվարից դեկտեմբերն ընկած տարվա (այսուհետև` հաշվետու տարի) զուտ եկամուտն է,

ԶԵՏ-1- ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների միջև սահմանային հարաբերակցության` Ն1 նորմատիվի հաշվարկմանը նախորդող 2-րդ հաշվետու տարվա զուտ եկամուտն է,

ԶԵՏ-2- ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների միջև սահմանային հարաբերակցության` Ն1 նորմատիվի հաշվարկմանը նախորդող 3-րդ հաշվետու տարվա զուտ եկամուտն է,

«Գ» = 15%,

«Ն» - վերջին երեք տարիներից 0-ից բարձր զուտ եկամուտ ունեցած տարիների թիվն է:

4. Եթե որևէ տարվա զուտ եկամուտը փոքր է 0-ից, ապա տվյալ տարվա զուտ եկամուտը չի ընդգրկվում գործառնական ռիսկի հաշվարկում:

5. Եթե հաշվետու ամսվան նախորդող երեք տարիներից յուրաքանչյուրում ներդրումային ընկերության զուտ եկամուտները փոքր կամ հավասար են եղել 0-ի, ապա տվյալ տարվա ընթացքում գործառնական ռիսկը չի հաշվարկվում:

6. Տվյալ տարվա զուտ եկամուտը հաշվարկվում է որպես Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից իրականացվող գործառույթների դիմաց ստացված եկամուտների և կատարված ծախսերի տարբերություն: Տվյալ տարվա զուտ եկամտի հաշվարկին չեն մասնակցում արժեթղթերի իրացումից ստացված շահույթը/վնասը, ինչպես նաև որպես փոխհատուցում ստացված ապահովագրական եկամուտները:

 

ԳԼՈՒԽ 3
ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՌԻՍԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄ

 

7. Ստանդարտացված մոտեցման համաձայն` գործառնական ռիսկի հաշվարկման նպատակով սույն հավելվածի 6-րդ կետով սահմանվող զուտ եկամուտը պետք է բաժանել հետևյալ խմբերի.

1) Կենտրոնական դեպոզիտարիայի հիմնական գործունեություն: Այս խմբում ընդգրկվում են «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 176-րդ հոդվածով սահմանված գործառույթների գծով ձևավորված եկամուտները (ծախսերը):

2) Կենտրոնական դեպոզիտարիայի ոչ հիմնական գործունեություն: Այս խմբում ընդգրկվում են այն գործառնությունների գծով ձևավորված եկամուտները/ծախսերը, որոնք չեն ընդգրկվում սույն կետի 1-ին ենթակետում:

8. Ստանդարտացված մոտեցման համաձայն հաշվարկվող զուտ եկամտի խմբերը և դրանց համապատասխան «Գ» գործակիցները ներկայացված են Աղյուսակ 1-ում:

 

Աղյուսակ 1

 

._____________________________________________________________________.

|N |Զուտ եկամտի խմբեր                                     |Գ          |

|__|______________________________________________________|___________|

|1 |Կենտրոնական դեպոզիտարիայի հիմնական գործունեություն    | Գ1  |14%  |

|__|______________________________________________________|_____|_____|

|2 |Կենտրոնական դեպոզիտարիայի ոչ հիմնական գործունեություն | Գ2  |18%  |

._____________________________________________________________________.

 

9. Ստանդարտացված մոտեցման համաձայն` գործառնական ռիսկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

        __      __

        \ Ն     \ Z

        /_ Տ=1Ն /_ Ի=12 (ԶԵՏԻ * Գի)

ԳՌ= --------------------------

Ն

որտեղ`

«ԳՌ» - ստանդարտացված մոտեցման համաձայն հաշվարկված գործառնական ռիսկն է,

«Ի» - սույն Հավելվածի 7-րդ կետով սահմանված զուտ եկամտի խմբերն են,

«ԶԵԻՏ» - «Ի»-րդ խմբի համար հաշվարկված դրական զուտ եկամուտն է` նորմատիվի հաշվարկմանը նախորդող «Տ»-րդ հաշվետու տարում,

«ԳԻ» - սույն Հավելվածի 8-րդ կետով սահմանված «Ի»-րդ խմբի «Գ» գործակիցն է,

«Տ» - նորմատիվի հաշվարկմանը նախորդող հաշվետու տարիներն են,

«Ն» - վերջին երեք տարիների` 0-ից բարձր զուտ եկամուտ ունեցած հաշվետու տարիների թիվն է:

10. Եթե որևէ խմբի ինչ-որ հաշվետու տարվա համար հաշվարկված զուտ եկամուտը փոքր է 0-ից, ապա վերջինիս մեծությունը չի ընդգրկվում գործառնական ռիսկի հաշվարկում:

11. Սույն Հավելվածի 7-րդ կետով սահմանված խմբերի զուտ եկամուտը հաշվարկվում է որպես տվյալ խմբի գծով ձևավորված զուտ տոկոսային եկամուտների և զուտ ոչ տոկոսային եկամուտների հանրագումար: Տվյալ տարվա զուտ եկամտի հաշվարկին չեն մասնակցում արժեթղթերի իրացումից ստացված շահույթը (վնասը), ինչպես նաև որպես փոխհատուցում ստացված ապահովագրական եկամուտները:

 

(3-րդ հավելվածը լրաց. 25.10.16 թիվ 176-Ն որոշում)

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
18.09.2012
N 242-Ն
Որոշում