Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 71-ՐԴ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                       թիվ ԱՎԴ/1405/02/14

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/1405/02/14   2019 թ.

Նախագահող դատավոր` Հ. Ենոքյան

    Դատավորներ`        Ա. Սմբատյան

                       Մ. Հարթենյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահող Վ. Ավանեսյան

զեկուցող  Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2019 թվականի հունիսի 10-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Հարութ Մեգերյան» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Գևորգ Մինասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.07.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ընկերության ընդդեմ «Մարսարմետ» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն), սնանկության գործով կառավարիչ Աղասի Արսենյանի, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի` պայմանագիրը լուծելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է լուծել իր և պատասխանողների միջև 16.06.2010 թվականին կնքված թիվ Հ/Վ03/07 կոշտ գրավի պայմանագիրը:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Ենոքյան) 25.07.2014 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավոր` Ս. Միքայելյան) 26.09.2014 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է, վերացվել է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 25.07.2014 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Սահակյան) (այսուհետ` Դատարան) 19.03.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Հ. Ենոքյան, Ա. Սմբատյան, Մ. Հարթենյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.07.2018 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 19.03.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի 3-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի դատավոր Հ. Ենոքյանը ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում, որպես դատավոր, մասնակցել է սույն քաղաքացիական գործի քննությանը և 25.07.2014 թվականի որոշմամբ անհիմն մերժել է Ընկերության կողմից ներկայացված հայցադիմումի ընդունումը, որն էլ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.09.2014 թվականի որոշմամբ վերացվել է: Քանի որ դատավոր Հ. Ենոքյանի անհիմն որոշմամբ հայցվորը զրկվել էր իր խախտված իրավունքների դատական պաշտպանության հնարավորությունից, այնուհետև նույն դատավորի նախագահությամբ մերժվել է հայցվորի վերաքննիչ բողոքը, ուստի դատավոր Հ. Ենոքյանն ի սկզբանե սույն քաղաքացիական գործով չի եղել անաչառ, հօգուտ պատասխանողի ունեցել է կանխակալ վերաբերմունք և պարտավոր էր հայտնել ինքնաբացարկ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.07.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Ենոքյան) 25.07.2014 թվականի որոշմամբ Ընկերության կողմից ներկայացված հայցադիմումի ընդունումը մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 1).

2. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավոր` Ս. Միքայելյան) 26.09.2014 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է, վերացվել է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 25.07.2014 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը (հատոր 2-րդ, գ.թ. 129-132).

3. Վերաքննիչ դատարանի (նախագահող դատավոր` Հ. Ենոքյան, դատավորներ Ա. Սմբատյան, Մ. Հարթենյան) 26.07.2018 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 19.03.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ (հատոր 5-րդ, գ.թ. 72-78):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ սույն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այլ դատարանում տվյալ գործի քննությանը մասնակցելու հիմքով դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու առանձնահատկություններին:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորին կարող է բացարկ հայտնվել, կամ դատավորը սեփական նախաձեռնությամբ պարտավոր է ինքնաբացարկ հայտնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված հիմքերով:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` ինքնաբացարկի հիմքերը ներառում են, ի թիվս այլնի, այն դեպքերը, երբ դատավորը մասնակցել է տվյալ գործի քննությանն այլ դատարանում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված յուրաքանչյուրի` անկողմնակալ դատարանի կողմից իր գործի քննության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) իր բազմաթիվ որոշումներում բացահայտել է դատարանի անկողմնակալության գնահատման չափանիշները: Այսպես` Եվրոպական դատարանն ընդգծել է, որ դատարանի անաչառությունը ենթադրում է գործը քննող դատավորի մոտ կանխակալ կարծիքի բացակայություն, իսկ ցանկացած դատավոր, որի անաչառության վերաբերյալ ողջամիտ կասկածներ կան, պետք է դուրս գա դատարանի կազմից: Նշված կասկածները պետք է ստուգվեն տարբեր ճանապարհներով: Առաջինը սուբյեկտիվ չափանիշն է, որը վերաբերում է քննվող գործի կապակցությամբ տվյալ դատավորի անձնական համոզմունքներին և վարքագծին, իսկ երկրորդը` օբյեկտիվ չափանիշը, վերաբերում է առաջարկվող այն երաշխիքներին, որոնք պետք է բավարար լինեն դատավորի անաչառության կապակցությամբ առաջացած ցանկացած ողջամիտ կասկած բացառելու համար: Սուբյեկտիվ չափանիշի համաձայն` դատարանի կամ դատավորի անկողմնակալությունը հանդես է գալիս որպես կանխավարկած, հետևաբար, քանի դեռ հակառակն ապացուցված չէ, դատավորը համարվում է սուբյեկտիվորեն անկողմնակալ: Հակառակ դրան` օբյեկտիվ անկողմնակալությունը կախված է արտաքին գործոններից, և այս դեպքում դատավորի վարքագիծը երկրորդական նշանակություն է ստանում: Մասնավորեցնելով օբյեկտիվ չափանիշը` Եվրոպական դատարանն արձանագրել է, որ այն հիմնականում վերաբերում է դատավորի և վարույթի մյուս մասնակիցների միջև աստիճանակարգային կամ մյուս կապերին կամ դատական գործընթացի շրջանակներում միևնույն անձի կողմից տարբեր գործառույթների իրականացմանը: Հետևաբար յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է որոշել` արդյոք տվյալ հարաբերությունների բնույթը և սերտության աստիճանը վկայում են այն մասին, որ դատարանն անկողմնակալ չէ (տե՛ս, օրինակ, Piersack v. Belgium գործով Եվրոպական դատարանի 01.10.1982 թվականի վճիռը, կետ 30, Grieves v. the United Kingdom գործով Եվրոպական դատարանի 16.12.2003 թվականի վճիռը, կետ 69, Kyprianou v. Cyprus գործով Եվրոպական դատարանի 15.12.2005 թվականի վճիռը, կետեր 118, 121, Nicholas v. Cyprus գործով Եվրոպական դատարանի 09.01.2018 թվականի վճիռը, կետեր 49, 53, Ղուլյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 24.01.2019 թվականի վճիռը, կետ 45):

Օբյեկտիվ չափանիշի տեսանկյունից Եվրոպական դատարանը կարևորել է կոնկրետ գործի քննությանը դատավորի ունեցած դերը, դատավորի կողմից իրականացված գործողությունների շրջանակն ու բնույթը և գտել է, որ դատավորի կողմից գործի նյութերին պարզապես ծանոթ լինելը չի հանգեցնում վերջինիս անաչառության վերաբերյալ ծագած կասկածների ողջամտությանը (տե՛ս, Morel v. France գործով Եվրոպական դատարանի 18.10.2000 թվականի վճիռը, կետ 45, Fazli Fazli Aslaner v. Turkey գործով Եվրոպական դատարանի 07.07.2014 թվականի վճիռը, կետ 31): Վերադաս դատարաններում նույնիսկ երկու այլ դատավորների հետ գործի քննությունն իրականացնող և գործի քննությունը նախագահող դատավորը չպետք է քննի իր իսկ որոշման դեմ ներկայացված բողոքները (տե՛ս De Haan v. the Netherlands գործով Եվրոպական դատարանի 26.08.1997 թվականի վճիռը, կետ 51):

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` նույնիսկ արտաքին հատկանիշները կարող են որոշակի նշանակություն ունենալ, կամ, այլ կերպ ասած, «պետք է ոչ միայն արդարությունը հաստատվի, այլև տեսանելի լինի դրա հաստատումը»: Նժարին դրված է այն վստահությունը, որը ժողովրդավարական հասարակությունում դատարանները պետք է ներշնչեն հանրությանը: Այսպիսով, ցանկացած դատավոր, որի անկողմնակալության մասով կա մտահոգվելու հիմնավոր պատճառ, պետք է գործի քննությունից հեռացվի (տե՛ս, Micallef v. Malta գործով Եվրոպական դատարանի 15.10.2009 թվականի վճիռը, կետ 98):

Անկողմնակալության ապահովման մասով ազգային ընթացակարգերի, մասնավորապես` դատավորներին գործի քննությունից հեռացնելը կարգավորող կանոնների առկայությունն էական գործոն է: Այդպիսի կանոնները վկայում են այն մասին, որ ազգային օրենսդիրները հատուկ ուշադրություն են դարձնում տվյալ դատավորի կամ դատարանի անկողմնակալության հետ կապված հիմնավոր բոլոր կասկածները վերացնելուն և այդպիսի կասկածների պատճառները վերացնելու միջոցով փորձում են անկողմնակալություն ապահովել: Որպես այդպիսին կողմնակալության բացակայությունն ապահովելուց բացի` դրանք ուղղված են կողմնակալության ցանկացած արտաքին հատկանիշ վերացնելուն և այդպիսով նպաստում են, որ ժողովրդավարական հասարակությունում դատարանները հանրությանը վստահություն ներշնչեն: Իրավիճակից կամ կապից է կախված դատավորի անկողմնակալության վերաբերյալ կասկածների առաջացումը: Այդ կասկածների օբյեկտիվորեն հիմնավորված լինելը կամ չլինելն առավելապես կախված է կոնկրետ գործի հանգամանքներից և այն գործոններից, որոնք այդ իմաստով պետք է հաշվի առնվեն (տե՛ս, Ղուլյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 24.01.2019 թվականի վճիռը, կետեր 47, 51):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որպես դատարանի անաչառությունն ապահովող կառուցակարգ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանում է ինքնաբացարկի և բացարկի ինստիտուտը, որի հիմքերն ամրագրված են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում: Մասնավորապես` Եվրոպական դատարանի արտահայտած դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ինքնաբացարկ հայտնելու հիմքերից` տվյալ գործի քննությանն այլ դատարանում դատավորի մասնակցության հիմքին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր դեպքում դատավորի կողմից ստորադաս դատական ատյանում նույն գործով ունեցած մասնակցությունը` որպես ինքնաբացարկի հիմք, ենթակա է գնահատման` հաշվի առնելով ստորադաս դատարանում դատավորի կողմից կատարված գործողությունների շրջանակը և բնույթը, կոնկրետ գործի հանգամանքներն ու առանձնահատկությունները: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «դատավորը մասնակցել է տվյալ գործի քննությանն այլ դատարանում» արտահայտությունը կիրառելի է քաղաքացիական դատավարության յուրաքանչյուր փուլի նկատմամբ: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ բոլոր այն դեպքերում, երբ վերաքննիչ ատյանում օրենքով սահմանված կարգով տվյալ գործով քննությունը պետք է իրականացվի և տվյալ հարցով որոշումը պետք է կայացվի կոլեգիալ` երեք դատավորի կազմով, ապա կոլեգիալ կազմում ընդգրկված դատավորներից առնվազն մեկի կողմից ինքնաբացարկ հայտնելու անհրաժեշտությունը բավարար է արձանագրելու համար, որ դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է.

1. յուրաքանչյուր դեպքում դատավորը չպետք է մասնակցի իր իսկ կողմից կայացված դատական ակտերի դեմ բերված բողոքների քննությանը, նույնիսկ այն պարագայում, երբ այդ բողոքը քննվում է կոլեգիալ կարգով, քանի որ իր իսկ որոշումների դեմ բերված բողոքները քննելով` դատավորն իր անաչառության վերաբերյալ առաջացնում է օբյեկտիվ կասկած թե՛ գործի մասնակցի, և թե՛ օբյեկտիվ դիտորդի մոտ:

2. Այն դեպքում, երբ բողոքարկված չէ նույն դատավորի կողմից նախկինում կայացված դատական ակտը, սակայն բողոքում բարձրացվում է տվյալ գործին այլ դատարանում մասնակցելու հիմքով այդ դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ հարց, հարկավոր է գնահատել դատավորի մասնակցությունը, ստորադաս դատական ատյանում նրա կողմից կատարված դատավարական գործողությունները, վերադաս դատական ատյանում կոլեգիալ կազմում տվյալ դատավորի դերակատարությունը:

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Ենոքյանը 25.07.2014 թվականի որոշմամբ մերժել է Ընկերության կողմից ներկայացված հայցադիմումի ընդունումն այն հիմնավորմամբ, որ Կազմակերպությունը սնանկ է ճանաչվել, և արդեն իսկ դատական կարգով հաստատվել է պահանջների ցուցակ, իսկ սնանկ ճանաչված անձանց նկատմամբ բոլոր վարույթները պետք է հարուցվեն սնանկության վարույթի շրջանակներում:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավոր` Ս. Միքայելյան) 26.09.2014 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է, և վերացվել է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 25.07.2014 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումն այն հիմնավորմամբ, որ «դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ սնանկ ճանաչված պատասխանողն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող գույքով, իսկ հայցվոր Ընկերությունը որևէ կերպ պատասխանատվություն չի կրում վերջինիս պարտավորությունների համար, հետևաբար Ընկերությունը զրկված չէ պահանջելու անվավեր ճանաչել իր և բանկի միջև կնքված պայմանագիրը, մինչդեռ, դատարանը, հայցադիմումի ընդունումը մերժելով, հնարավորություն չի տվել վերջինիս իրացնել ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը»:

Դատարանի (դատավոր` Ս. Սահակյան) 19.03.2018 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ Վերաքննիչ դատարանի (նախագահող դատավոր` Հ. Ենոքյան, դատավորներ Ա. Սմբատյան, Մ. Հարթենյան) 26.07.2018 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 19.03.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով գնահատման են ենթակա ստորադաս դատական ատյանում դատավոր Հ. Ենոքյանի կողմից կատարված դատավարական գործողությունները: Մասնավորապես` որպես ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր` Հ. Ենոքյանը 25.07.2014 թվականի որոշմամբ մերժել է Ընկերության կողմից ներկայացված հայցադիմումի ընդունումն այն հիմնավորմամբ, որ Կազմակերպությունը սնանկ է ճանաչվել, և արդեն իսկ դատական կարգով հաստատվել է պահանջների ցուցակ, իսկ սնանկ ճանաչված անձանց նկատմամբ բոլոր վարույթները պետք է հարուցվեն սնանկության վարույթի շրջանակներում: Փաստորեն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Հ. Ենոքյանը ձևավորել է դիրքորոշում, համաձայն որի` Ընկերության հայցադիմումն ընդհանրապես քննության ենթակա չէ քաղաքացիական գործի շրջանակներում. այն պետք է քննվի սնանկության վարույթում: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում դատավոր Հ. Ենոքյանը ստորադաս դատարանում առանցքային դիրքորոշում է արտահայտել սույն գործով վարույթը բացառող հանգամանքի մասին, այսինքն` գործի քննությանն ունեցել է այնպիսի մասնակցություն, որը կարող է կասկած հարուցել դատավորի անկողմնակալության վերաբերյալ:

Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում վարույթը բացառող հանգամանքի մասին առանցքային դիրքորոշում արտահայտելու և այնուհետև նույն գործը ըստ էության քննությունից հետո Վերաքննիչ դատարանում նույն դատավորի կողմից քննելու հանգամանքները գործին մասնակցող անձանց և անկողմնակալ դիտորդի մոտ կարող էին առաջացնել այն կասկածը, որ դատավոր Հ. Ենոքյանը չի գործել անաչառ:

Ուստի, հիմք ընդունելով այն դիրքորոշումը, համաձայն որի` ինքնաբացարկի ինստիտուտը նախատեսված է բացառելու գործին մասնակցող անձանց և օբյեկտիվ դիտորդների մոտ դատարանի և դատավորի անաչառության վերաբերյալ ողջամիտ կասկածները, և ելնելով սույն գործով Հ. Ենոքյանի ունեցած մասնակցության ծավալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 25.07.2014 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշման կայացումից հետո դատավոր Հ. Ենոքյանը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում պարտավոր էր հայտնել ինքնաբացարկ:

Վերոգրյալ հանգամանքները հաշվի առնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում խախտվել է Ընկերության` ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված անկախ և անկողմնակալ դատարանի կողմից իր գործի հրապարակային քննության իրավունքը (արդար դատաքննության իրավունք):

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Միաժամանակ նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով, այն է` այնպիսի դատավորի կողմից, ով պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն անհրաժեշտ է ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության:

 

i

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.07.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Վ. Ավանեսյան

Զեկուցող  Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
10.06.2019
N ԱՎԴ/1405/02/14
Որոշում