Սեղմել Esc փակելու համար:
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ԿԱՊԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ԿԱՊԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԲԵՐՎ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                       թիվ ԵԱՔԴ/0951/02/17

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0951/02/17  2019թ.

Նախագահող դատավոր` Ն. Բարսեղյան

    Դատավորներ`        Ս. Թորոսյան

                       Ա. Խառատյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Ե. Խունդկարյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի հունիսի 28-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Աննա Հարությունյանի ընդդեմ «Իտալկազա գրուպ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` 30.354.230,12 ՀՀ դրամի, այդ գումարի նկատմամբ կետանցի օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսների գումարի բռնագանձման պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.04.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Ընկերության ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Աննա Հարությունյանը պահանջել է Ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել 30.354.230,12 ՀՀ դրամ և այդ գումարի նկատմամբ կետանցի օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսների գումարը:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Շահնազարյան) (այսուհետ` Դատարան) 11.12.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.04.2019 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասը, 200-րդ հոդվածը և 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է, որ Ընկերության կողմից վերաքննիչ բողոքը ներկայացվել է 11.03.2019 թվականին` այն նույն օրը, երբ բողոքի օրինակը նաև ուղարկվել է դատավարության մասնակցին և գործը քննած դատարան:

Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ բողոքարկման վերջնաժամկետ է հանդիսանում 11.03.2019 թվականը, սխալ եզրահանգման է եկել, որ վերաքննիչ բողոքը փոստային բաժանմունք է մուտքագրվել ոչ թե 11.03.2019 թվականին, այլ 12.03.2019 թվականին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 10.04.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. վերաքննիչ բողոքը կապի կազմակերպության միջոցով բերված լինելու դեպքում ո՞ր պահին է համարվում այն վերաքննիչ դատարան հանձնված:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, (...) ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) բազմիցս անդրադարձել է դատարանի մատչելիության իրավունքին` որպես արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրի` այնուամենայնիվ արձանագրելով, որ այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, օրինակ, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57, Khalfaoui v. France, թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Եվրոպական դատարանն անդրադարձել է մասնավորապես ժամկետային սահմանափակումներին` նշելով, որ ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Stubbings and others v. The United Kingdom թիվ 22083/93 22095/93 գանգատով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, պարբ. 51, 55):

i

ՀՀ սահմանադրական դատարանը նույնպես մի շարք որոշումներում (տե՛ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289, ՍԴՈ-1293) անդրադարձել է դատարանի մատչելիության իրավունքի թույլատրելի սահմանափակումներին` մասնավորապես արձանագրելով, որ իրավունքի ցանկացած սահմանափակում` որպես ժողովրդավարական ինստիտուտների և կոնկրետ անձի շահերի միջև հավասարակշռության ապահովման միջոց, պետք է կիրառվի խիստ բացառիկ դեպքերում:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված` դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետներին:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետները հաշվարկվում են տարիներով, ամիսներով, շաբաթներով և օրերով: Օրերով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում օրենսդրությամբ նախատեսված ոչ աշխատանքային օրերը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` տարիներով, ամիսներով, շաբաթներով կամ օրերով հաշվարկվող դատավարական ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, շաբաթվա, ամսաթվի կամ անխուսափելիորեն վրա հասած իրադարձության հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ամիսներով հաշվարկվող դատավարական ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին: Եթե ամիսներով հաշվվող ժամկետի վերջը համընկնում է համապատասխան ամսաթիվ չունեցող ամսվան, ապա դատավարական ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` այն դեպքերում, երբ դատավարական ժամկետի վերջին օրն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտով նախատեսված ոչ աշխատանքային օր է, ապա ժամկետի ավարտման օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետը համարվում է պահպանված, եթե հայցադիմումը, դիմումը, հայցադիմումի պատասխանը, բողոքը, այլ փաստաթղթերը կամ դրամական միջոցները համապատասխանաբար հանձնվել են փոստ, փոխանցվել կամ ներկայացվել են համապատասխան մարմին կամ դրանք ընդունելու լիազորություն ունեցող անձին մինչև դատավարական ժամկետի վերջին օրվա ժամը 24.00-ն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը քննվում է առանց դատական նիստ հրավիրելու, բացառությամբ այն դեպքի, երբ միջնորդությունը ներկայացվել է դատական նիստում: Միջնորդության քննության արդյունքով կայացվում է որոշում:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանի` առանձին ակտի ձևով կայացվող միջանկյալ դատական ակտը պետք է բավարարի նույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվի քննարկվող հարցի վերաբերյալ եզրահանգումը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռի, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ և 372-րդ հոդվածների համաձայն` դատարանի կողմից կայացված վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող է ներկայացվել վճռի հրապարակման պահից մեկամսյա ժամկետում: Նշված դատավարական ժամկետը խախտելու իրավական հետևանքները նախատեսված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (վերաքննիչ բողոքը վերադարձնելը) և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելը):

Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 6-րդ մասի իրավակարգավորումը, գտնում է, որ մինչև վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի վերջին օրվա ժամը 24.00-ն փոստին հանձնված վերաքննիչ բողոքը պետք է համարվի վերաքննիչ դատարանին հանձնված բողոքարկման ժամկետի պահպանմամբ` անկախ այն հանգամանքից, թե վերաքննիչ դատարանում տվյալ բողոքը փաստացի երբ է ստացվել: Տվյալ դեպքում վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը չի կարող համարվել բաց թողնված` դրանից բխող իրավական հետևանքներով:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ օրենսդիրը հնարավորություն է տվել բողոք բերած անձին` ներկայացնելու միջնորդություն վերաքննիչ բողոքը բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, որով բողոք բերած անձը հնարավորություն է ստանում սահմանված ժամկետը բաց թողնելուց հետո ներկայացնելու վերաքննիչ բողոք, եթե նման ժամկետի բաց թողնման հանգամանքները հարգելի են: Ընդ որում, այն դեպքում, երբ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետի բացթողումը պայմանավորված է ստորադաս դատարանի անգործությամբ, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս վերադաս դատարանը պետք է առաջնորդվի անձի` իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու և դրա մատչելիության սկզբունքներով (դատարանի վճիռն անձին չհանձնելու և բողոքարկման ժամկետները բաց թողնելու իրավական հետևանքների վերաբերյալ տե՛ս, նաև «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Դանիել Բարսեղյանի և այլոց թիվ ԱՐԱԴ/0716/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2011 թվականի որոշումը):

i

Ընդ որում, ՀՀ սահմանադրական դատարանի 09.02.2016 թվականի թիվ ՍԴՈ-1254 և 28.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1290 որոշումներով վկայակոչված դիրքորոշումների համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ բողոքարկման ժամկետը բաց թողնելու դեպքում բողոքաբերի կողմից ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն և համապատասխան ապացույցներ ներկայացնելը, իսկ վերադաս դատարանի կողմից նշված միջնորդության քննարկումը և ապացույցները գնահատելը, պարտադիր է: Այն դեպքում, երբ պատշաճ ապացուցված է բողոքարկվող դատական ակտը բողոք բերած անձի կողմից իր կամքից անկախ պատճառներով ուշ ստանալու հանգամանքը, և բողոքը ներկայացվել է դատական ակտն ստանալու օրվանից հաշված օրենքով սահմանված ժամկետում, վերադաս դատարանը բաց թողած ժամկետը պետք է վերականգնի իրավունքի ուժով (ex jure) (տե՛ս, Դոնարա Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և մյուսների թիվ ԵԿԴ/2791/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.03.2017 թվականի որոշումը):

Սույն գործով վճիռը Դատարանը կայացրել է 11.12.2018 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 91-110): Ընկերության ներկայացուցիչը դատական ակտի հրապարակմանը ներկա չի եղել (հատոր 2-րդ, գ.թ. 88-90, դատական նիստի արձանագրություն), որպիսի հանգամանքից ելնելով` Դատարանը նույն օրը գրություն է կազմել 11.12.2018 թվականի վճիռը Ընկերությանն ուղարկելու մասին (հատոր 2-րդ, գ.թ. 113), սակայն գործում բացակայում է նշված դատական ակտի օրինակը հրապարակման կամ դրան հաջորդող օրն Ընկերությանն ուղարկելու նպատակով այն փոստային ծառայությանը հանձնելու մասին անդորրագիրը: Միաժամանակ ըստ ստացման/հանձնման ծանուցագրի վրա առկա փոստային կնիքի` Դատարանի 11.12.2018 թվականի վճիռը հանձնվել է փոստային ծառայությանը 08.02.2019 թվականին և նույն օրն էլ այն ստացվել է Ընկերությունում (հատոր 2-րդ, գ.թ. 114):

Ընկերությունը Դատարանի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք` միջնորդելով վերականգնել վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետն այն պատճառաբանությամբ, որ Դատարանի վճիռն Ընկերությունում ստացվել է 08.02.2019 թվականին (հատոր 3-րդ, գ.թ. 5-20): Վերաքննիչ բողոքը ներկայացվել է փոստային ծառայության միջոցով, իսկ ծրարի վրա փոստային ծառայության կնիքը թվագրված է 12.03.2019 թվականով (հատոր 3-րդ, գ.թ. 26):

Վերաքննիչ դատարանը 10.04.2019 թվականի որոշմամբ գտել է, որ վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման այն հիմնավորմամբ, որ Ընկերությունը վճիռը ստացել է 08.02.2019 թվականին, հետևաբար այն սահմանված կարգով վիճարկելու հնարավորություն է ունեցել դեռևս 08.02.2019 թվականից, սակայն վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնել 12.03.2019 թվականին այն դեպքում, երբ վերաքննիչ բողոք ներկայացնելու վերջնաժամկետը 11.03.2019 թվականն է: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ բողոքաբերի կողմից բաց է թողնվել վիճարկվող վճիռը հրապարակելուց հետո վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով նախատեսված մեկամսյա ժամկետը, ուստի բողոքի ընդունումը մերժել է:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Տվյալ պարագայում Ընկերության ներկայացուցիչը վճռաբեկ բողոքին կցել է 11.03.2019 թվականի թվագրությամբ թիվ RR264568545AM փոստային անդորրագիրը, որը Ընկերության ներկայացրած վերաքննիչ բողոքին կից ծրարի վրա առկա համարանիշի հետ համադրելու արդյունքում հաստատվում է, որ Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոքը Ընկերության կողմից փոստային ծառայությանն է հանձնվել 11.03.2019 թվականին:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ընկերության կողմից վերաքննիչ բողոքին կից չի ներկայացվել այնպիսի ապացույց, որի հիման վրա Վերաքննիչ դատարանը եզրահանգում կատարեր այն մասին, որ Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոքն Ընկերությունը ներկայացրել է այդ վճիռը ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում: Այդուհանդերձ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքին կից արդեն ներկայացվել է ապացույց, որից միանշանակորեն հետևում է, որ Ընկերությունը Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնել հենց 11.03.2019 թվականին, այսինքն` Դատարանի վճիռն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում (հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարտի 8-ը, 9-ը, 10-ը ոչ աշխատանքային օրեր են): Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերությանը վերաքննության իրավունքից զրկելը կդիտվի որպես դատարանի մատչելիության իրավունքի այնպիսի սահմանափակում, որի արդյունքում կխախտվի այդ իրավունքի բուն էությունը: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված սահմանափակումը կկրի խիստ ձևական բնույթ` խախտելով ողջամիտ հարաբերակցությունը ձեռնարկվող միջոցի և հետապնդվող նպատակի միջև, ինչն անթույլատրելի է` հաշվի առնելով դատարանի մատչելիության վերաբերյալ սույն որոշմամբ վկայակոչված իրավական դիրքորոշումները:

Կարևորելով ՀՀ վճռաբեկ դատարանի սահմանադրական առաքելությունը` վերացնելու մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վերաքննիչ բողոք ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը հիմնավոր էր, և վերաքննիչ բողոք ներկայացնելու բաց թողնված ժամկետը ենթակա էր վերականգնման իրավունքի ուժով (ex jure):

Ընդ որում, Վճռաբեկ դատարանը նաև արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի 10.04.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը չի պարունակում որևէ եզրահանգում վերաքննիչ բողոքում ներկայացված միջնորդությունը մերժելու կամ բավարարելու վերաբերյալ, որը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 382-րդ և 200-րդ հոդվածների խախտում է` նկատի ունենալով, որ անձը, միջնորդություն ներկայացնելով, ակնկալում է իր կողմից բարձրացված հարցի որոշակի լուծում` դատարանի կողմից համապատասխան որոշման կայացման ձևով: Այսինքն` դատավարության մասնակցի միջնորդություն հարուցելու իրավունքին համապատասխանում է տվյալ հարցով որոշում կայացնելու դատարանի պարտականությունը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.04.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Ե. Խունդկարյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.06.2019
N ԵԱՔԴ/0951/02/17
Որոշում