Սեղմել Esc փակելու համար:
2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒ ...

 

 

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ԿՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ՊԱՀԱՆՋԻ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 22 հոկտեմբերի 2019թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Գյուլումյանի (նախագահող), Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Ադոնցի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 23 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2019 թվականի մայիսի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2019 թվականի օգոստոսի 21-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2019 թվականի մայիսի 26-ին Երևանում:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

ա) Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վավեր սովորական անձնագրեր կրող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթևեկելիս ազատել մուտքի արտոնագրի պահանջից իրենց մուտք գործելու օրվանից մինչև իննսուն (90) օր ժամկետով` ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում հոդվ. I, կետ 1),

բ) ապահովել, որ Համաձայնագրի I հոդվածում նշված` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործեն, դուրս գան կամ տարանցիկ երթևեկեն այն սահմանային անցակետերով, որոնք թույլատրված են գործելու որպես միջազգային ուղևորափոխադրումների համար նախատեսված մուտքի, մեկնման կամ տարանցիկ երթևեկության անցակետեր և ղեկավարվում են օտարերկրացիների մուտք գործելու, ելքի կամ տարանցիկ երթևեկելու նկատմամբ Հայաստանի Հանրապետության կիրառելի օրենքներով և կարգավորումներով հոդվ. II),

գ) Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու և այնտեղ գտնվելու պայմանները չկատարելու դեպքում արագ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել այդպիսի քաղաքացիների նույնացման և նրանց` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածք անվտանգ ու օրինական կերպով վերադարձի համար (հոդվ. III),

դ) դիվանագիտական ուղիներով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը փոխանցել Համաձայնագրի I հոդվածում նշված` Հայաստանի Հանրապետության վավեր անձնագրերի նմուշները` Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին իրավական ընթացակարգերի ավարտի մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու ամսաթվին հաջորդող երեսուն (30) օրվա ընթացքում` Համաձայնագրի IX հոդվածի համաձայն (հոդվ. V, կետ 1),

ե) Հայաստանի Հանրապետության նոր անձնագիր տրամադրելու կամ գործող անձնագրերը փոխելու դեպքում անմիջապես ծանուցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը այդ փոփոխությունների մասին և նոր կամ փոխված անձնագրերի ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 30 (երեսուն) օրվա ընթացքում դիվանագիտական ուղիներով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը տրամադրել նոր կամ փոխված անձնագրերի նմուշները (հոդվ. V, կետ 2),

զ) ազգային անվտանգության, հասարակական կարգի, հանրային առողջության շահերից ելնելով կամ այլ պատճառներով Համաձայնագրի գործողությունը ժամանակավորապես մասամբ կամ ամբողջությամբ կասեցնելու իր իրավունքն իրացնելիս Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը դիվանագիտական ուղիներով նախապես գրավոր ծանուցել Համաձայնագրի գործողությունը կասեցնելու, իսկ հետագայում` կասեցումը չեղարկելու իր մտադրության մասին (հոդվ. VI, կետ 1):

3. Համաձայնագրով նախատեսված են նաև դրույթներ` վեճերի կարգավորման (հոդվ. VII), Համաձայնագրում փոփոխություններ կատարելու (հոդվ. VIII), դրա ուժի մեջ մտնելու (հոդվ. IX, կետ 1), տևողության և գործողության դադարեցման (հոդվ. IX, կետ 2) վերաբերյալ:

4. Համաձայնագրով չի սահմանափակվում որևէ կողմի պետության համապատասխան մարմինների իրավունքը` արգելելու մյուս կողմի պետության քաղաքացու մուտք գործելն իր տարածք, կրճատելու կամ դադարեցնելու իր տարածքում նրա գտնվելու ժամանակահատվածը` առանց իրենց կայացրած որոշման պատճառները ներկայացնելու, եթե նման անձը համարվում է persona non grata կամ անցանկալի անձ (հոդվ. IV):

i

5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածի դրույթներին և նպատակաուղղված են խթանելու Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունները և դյուրացնելու իրենց քաղաքացիների փոխադարձ այցելությունները:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2019 թվականի մայիսի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                                   Ա. ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

 

22 հոկտեմբերի 2019 թվականի

ՍԴՈ-1481

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 24 հոկտեմբերի 2019 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
22.10.2019
N ՍԴՈ-1481
Որոշում