Սեղմել Esc փակելու համար:
2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ...

 

 

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 22 հոկտեմբերի 2019 թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Գյուլումյանի (նախագահող), Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վ. Աբրահամյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2018 թվականի նոյեմբերի 6-ին Մոսկվայում ստորագրված «Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2019 թվականի սեպտեմբերի 6-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով վերոնշյալ համաձայնագիրը, գործում առկա եզրակացությունները և մյուս փաստաթղթերը, ինչպես նաև ՀՀ կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2018 թվականի նոյեմբերի 6-ին Մոսկվայում, որի նպատակներն են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր ֆինանսական շուկա ստեղծելը, ծառայությունների ոլորտներում (բանկային, ապահովագրության, արժեթղթերի շուկայի ծառայությունների ոլորտներում) գործունեության տեսակների իրականացման լիցենզիաների փոխադարձաբար ճանաչումը և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ֆինանսական շուկաներ ոչ խտրական հասանելիությունն ապահովելը:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության հիման վրա ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.

- ապահովել Համաձայնագրի 3-րդ հոդվածում շարադրված օրենսդրության ներդաշնակեցման միջոցների կիրառումը (հոդված 3),

- ապահովել, որ ֆինանսական շուկայի ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման միջոցների իրագործումը կատարվի «Ֆինանսական ծառայությունների մասին» արձանագրության 22-26-րդ և 30-րդ կետերով սահմանված ուղղություններով (2014 թվականի մայիսի 29-ի` «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի թիվ 17 հավելված) (հոդված 4, կետ 1),

- ապահովել, որ իրականացվի ֆինանսական ծառայությունների սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության մասով պահանջների ներդաշնակեցումը (հոդված 4, կետ 2),

- ապահովել, որ ֆինանսական շուկայում գործունեության իրականացման կոնկրետ պահանջների ներդաշնակեցումը իրականացվի այն պայմանով, որ պահպանվող տարբերությունները չխոչընդոտեն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր ֆինանսական շուկայի արդյունավետ գործունեությանը (հոդված 4, կետ 3),

- ապահովել, որ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը ավարտվի ֆինանսական ոլորտում ՀՀ օրենսդրության ներդաշնակեցման գործընթացը` Համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված ուղղություններին համապատասխան (հոդված 4, կետ 4),

- որպես Համաձայնագրի մասնակից, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ, Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 9 ամսվա ընթացքում մշակել ՀՀ օրենսդրության ներդաշնակեցման պլանը` նշելով այդ գործընթացի կոնկրետ փուլերն ու ժամկետները, որը հաստատվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից (հոդված 6, կետ 1),

- ապահովել, որ Համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվեն Հայաստանի Հանրապետության կողմից 2014 թվականի դեկտեմբերի 4-ին վավերացված «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով (հոդված 8):

i

3. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված` միջազգային իրավունքի հիման վրա` բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված` արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 68-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2018 թվականի նոյեմբերի 6-ին Մոսկվայում ստորագրված «Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Ա. ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

 

22 հոկտեմբերի 2019 թվականի

ՍԴՈ-1485

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 24 հոկտեմբերի 2019 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
22.10.2019
N ՍԴՈ-1485
Որոշում