Սեղմել Esc փակելու համար:
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 43-ՐԴ, ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 43-ՐԴ, 75-ՐԴ, 77-ՐԴ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Սնանկության գործ       

    դատարանի որոշում                       թիվ ԱՎԴ1/0006/04/16   

Սնանկության գործ թիվ ԱՎԴ1/0006/04/16   2019թ.

Նախագահող դատավոր` Ա. Մկրտչյան

    Դատավորներ`        Ա. Խառատյան      

                       Ս. Թորոսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի հունիսի 07-ին

գրավոր ընթացակարգով քննելով Սուսաննա Բազիկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.02.2017 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի Գագիկ Հակոբյանի ընդդեմ Արմեն Հակոբյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գագիկ Հակոբյանը պահանջել է Արմեն Հակոբյանին ճանաչել սնանկ:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 17.02.2016 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր` Ա. Հովհաննիսյան) (այսուհետ` Դատարան), քննելով Արմեն Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանի միջնորդությունը, 15.08.2016 թվականին կայացրել է որոշում` «Արմեն Հակոբյանի գույքն ուղղակի գործարքով վաճառելու թույլտվության մասին»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.02.2017 թվականի որոշմամբ Սուսաննա Բազիկյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15.08.2016 թվականի «Արմեն Հակոբյանի գույքն ուղղակի գործարքով վաճառելու թույլտվության մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սուսաննա Բազիկյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն (այսուհետ` Բանկ):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 10-րդ, 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ, 75-րդ, 77-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Ստորադաս դատարանները հաշվի չեն առել այն հանգամանքը, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 շենքի թիվ 230 բնակարանի համասեփականատեր է նաև Սուսաննա Բազիկյանը, և վերջինս իրեն համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի ճակատագրի վերաբերյալ տեղյակ չի եղել` դրանով իսկ զրկվելով իր իրավունքներից օգտվելու հնարավորությունից:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը մինչև Արմեն Հակոբյանի գույքն ուղղակի գործարքով վաճառքի վերաբերյալ որոշում կայացնելը պետք է պարզեր, թե արդյոք վերոնշյալ գույքն աճուրդով վաճառվել է, թե` ոչ, և միայն դրա ընթացքում այդ գույքի չվաճառվելու դեպքում անդրադարձ կատարեր վերջինիս` ուղղակի գործարքով վաճառքի հնարավորությանը: Գույքը հրապարակային սակարկություններով վաճառելիս հնարավոր է նաև գույքի մեկնարկային գնի աճ, ինչը բարենպաստ իրավիճակ կստեղծեր ինչպես Գագիկ Հակոբյանի, այնպես էլ պարտապան Արմեն Հակոբյանի համար:

Ավելին` սույն գործով հաստատված փաստերով հիմնավորվում է, որ 23.09.2016 թվականին Գագիկ Հակոբյանի կողմից Բանկ այցելելիս պարզվել է, որ հենց վերջինս է վարկավորել Երևանի Թավրիզյան թիվ 17 հասցեի բնակիչ Շուշանիկ Ղազարյանին, որպեսզի վերջինս ձեռք բերի Արմեն Հակոբյանի գույքը, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ ուղղակի գործարքի իրականացման համար առկա են եղել նախապես համաձայնեցված գործողություններ Շուշանիկ Ղազարյանի, Բանկի և Արմեն Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանի միջև:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 02.02.2017 թվականի որոշումը և կայացնել նոր` Դատարանի 15.08.2016 թվականի որոշումը բեկանելու մասին դատական ակտ»:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Բողոքաբերի այն փաստարկը, թե տեղյակ չի եղել իրեն համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի վերաբերյալ կայացվող որոշումներից, որի արդյունքում խախտվել են իր իրավունքները, անհիմն է, քանի որ Դատարանը ծանուցելու պարտականություն ունի միայն դատական նիստի կամ առանձին դատավարական գործողությունների վերաբերյալ, մինչդեռ գույքն ուղղակի գործարքով վաճառելու միջնորդությունը քննարկվում է առանց դատական նիստ հրավիրելու: Ավելին` բողոքաբերը չի ներկայացրել որևէ փաստարկ այն մասին, որ ցանկացել է օգտվել իր գույքով պահանջի ապահովումը դադարեցնելու` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով սահմանված իր իրավունքից:

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ օրենսդիրը հստակ նախատեսել է, որ պարտապանի գույքի վաճառքը տեղի է ունենում կա՛մ հրապարակային սակարկություններով, կա՛մ ուղղակի գործարքով, հետևաբար առկա չէ որևէ պարտադիր պայման գույքի վաճառքի մեկ եղանակից մյուսին անցնելու համար: Սույն գործի պարագայում հարկ է նշել նաև, որ ուղղակի վաճառքի միջոցով օտարված Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 շենքի թիվ 230 բնակարանը վաճառքի է հանվել գույքի վաճառքի ծրագրով, և վաճառքի ծրագրում հստակ սահմանվել է, որ նշված գույքը ներկայացվել է ուղղակի գործարքով օտարման:

Ինչ վերաբերում է բողոքաբերի այն պնդմանը, որ Շուշանիկ Ղազարյանը սնանկության կառավարչի կամ Բանկի հետ փոխկապակցված անձ է, ապա դատարանները գործի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում հերքել են նման փաստարկի հիմնավորվածությունը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 շենքի թիվ 230 բնակարանի համասեփականատերեր են Գագիկ Հակոբյանը և Սուսաննա Բազիկյանը (անվիճելի փաստ).

2. 10.09.2014 թվականին Բանկի և Գագիկ Հակոբյանի ու Սուսաննա Բազիկյանի միջև կնքվել է թիվ 243257 «Պարտապան չհանդիսացող անձին պատկանող անշարժ գույքի գրավի մասին» պայմանագիրը, որի համաձայն` Բանկի հանդեպ Արմեն Հակոբյանի պարտավորությունների համար գրավադրվել է Գագիկ Հակոբյանին և Սուսաննա Բազիկյանին պատկանող Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 շենքի թիվ 230 բնակարանը (անվիճելի փաստ).

3. Պարտատերերի 13.07.2016 թվականի երկրորդ ժողովի արձանագրության համաձայն` պարտատերերի ժողովը հավանություն է տվել Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 շենքի թիվ 230 բնակարանը 110.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով Շուշանիկ Ղազարյանին օտարելու հարցին: Գագիկ Հակոբյանի ներկայացուցիչ Վ. Փաշայանը դեմ է քվեարկել նշված հարցին (հավելված, գ.թ. 22-26).

4. Սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանը 18.07.2016 թվականին Դատարան է ներկայացրել Արմեն Հակոբյանի վարկային պարտավորությունների ապահովման միջոց հանդիսացող, Բանկում գրավադրված` Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 շենքի թիվ 230 բնակարանը 110.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով Շուշանիկ Ղազարյանին վաճառել թույլատրելու և նշված բնակարանի նկատմամբ կիրառված բոլոր արգելանքները և սահմանափակումները վերացնելու մասին միջնորդություն (հավելված, գ.թ. 20-21).

5. «ՖԻՆԼՈՈՒ» ՍՊԸ-ի կողմից 23.06.2016 թվականին կատարված թիվ Հ-06-0060 գնահատման հաշվետվության համաձայն` Գագիկ Հակոբյանին և Սուսաննա Բազիկյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 շենքի թիվ 230 բնակարանի շուկայական արժեքը գնահատվել է 50.500.000 ՀՀ դրամ (հավելված, գ.թ. 36-37).

6. 03.08.2016 թվականի պարտատերերի երրորդ ժողովի արձանագրության և ժողովի կողմից հաստատված գույքի վաճառքի ծրագրի համաձայն` «Սնանկության մասին» ՀՀ օրենքը նախատեսում է գույքի վաճառք` նույն օրենքի 76-րդ հոդվածի համաձայն` հրապարակային սակարկություններով և նույն օրենքի 77-րդ հոդվածի համաձայն` ուղղակի գործարքով: Ծրագրով նախնական փուլում նախատեսվում է գույքի վաճառք` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի համաձայն, եթե աճուրդների կազմակերպման ժամանակահատվածում գույքը չի հաջողվում օտարել և ստացվում է համապատասխան բարձր գնային առաջարկություն, ապա գույքի օտարումը կիրականացվի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի համաձայն` պահպանելով տվյալ հոդվածի ընթացակարգը: Ծրագրի համաձայն` Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 շենքի թիվ 230 բնակարանը ներկայացվել է ուղղակի գործարքով օտարման (հավելված հատոր 1-ին, գ.թ. 21, 23-24).

7. Գործում առկա չէ ապացույց այն մասին, որ Սուսաննա Բազիկյանը տեղեկացվել է գույքի վաճառքի ծրագրի, այդ ծրագիրը հաստատելու մասին սնանկության գործով կառավարչի ներկայացրած միջնորդության, ինչպես նաև Դատարանի կողմից այդ ծրագիրը հաստատելու մասին որոշման վերաբերյալ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 10-րդ, 61-րդ, 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի, Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի, ինչպես նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ սնանկության վարույթում գրավատու հանդիսացող երրորդ անձի կողմից իր գույքի վաճառքին վերաբերող գործընթացին մասնակցելու իրական հնարավորության ապահովմանը:

 

i

ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր uկզբունքներով: (...)

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` եթե պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատիրոջ պահանջն ապահովված է երրորդ անձի գույքով, ապա այդ անձն իրավունք ունի դադարեցնելու իր գույքով պահանջի ապահովումը` սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ փոխանցելով` (1) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափը գերազանցելու դեպքում` ապահովված պահանջի, գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը. (2) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափից պակաս լինելու դեպքում` վերջին չկայացած աճուրդի մեկնարկային գնի չափով:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանի գույքի վաճառքն իրականացնում է կառավարիչը` իր կողմից գույքագրման արդյունքներով ներկայացված և պարտատերերի խորհրդի, իսկ խորհուրդ ձևավորված չլինելու դեպքում պարտատերերի ժողովի կողմից հաստատված գույքի վաճառքի ծրագրի համաձայն և դատարանի թույլտվությամբ` հրապարակային սակարկություններով կամ ուղղակի գործարքով:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 1-ին հոդվածի 1-ին պարբերության համաձայն` եթե կառավարիչը մտադիր է պարտապանին պատկանող գույքի վաճառքն իրականացնել ուղղակի գործարքով, ապա նա հրավիրում է խորհրդի նիստ, իսկ վերջինս ձևավորված չլինելու դեպքում` ժողով` քննարկման դնելով այդ հարցը: Խորհրդի կամ ժողովի որոշումը` ուղղակի գործարքի վերաբերյալ կառավարչի մտադրությանը հավանություն տալու կամ չտալու վերաբերյալ, և խորհրդի նիստի արձանագրությունը կառավարիչն իր միջնորդության հետ ներկայացնում է դատարան: Միջնորդության մեջ նշվում են գույքի գտնվելու վայրը, գույքի նկարագրությունը, վաճառքի գինը և հնարավոր գնորդը: Դատավորն առանց դատական նիստ հրավիրելու որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու կամ այն մերժելու մասին: Դատավորը մերժում է միջնորդությունը, եթե առկա է խորհրդի որոշումը` ուղղակի գործարքի վերաբերյալ կառավարչի մտադրությանը հավանություն չտալու մասին:

i

17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վերաքննիչ բողոք բերելու այն օրվանից սկսած` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց անցել է քսան տարի:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն ըստ Գարիկ Իսրայելյանի դիմումի թիվ ԵՇԴ/0072/04/17 գործով 04.10.2018 թվականի որոշմամբ անդրադարձել է ապահովված պարտատիրոջ պահանջն ապահովող գույքի (այդ թվում` գրավի առարկա հանդիսացող) սեփականատեր հանդիսացող անձանց սնանկության վարույթում պահանջների վերջնական ցուցակը հաստատելու որոշման բողոքարկման հնարավորությանը:

Նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) և ՀՀ սահմանադրական դատարանի` մի շարք որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները, մասնավորապես, արձանագրել է, որ թեև «Սնանկության մասին» ՀՀ օրենքն ուղղակիորեն չի պարտավորեցնում սնանկության գործով կառավարչին` ապահովված պահանջների դեպքում ծանուցելու նաև երրորդ անձանց, ում գույքով է ապահովված համապատասխան պահանջը, իսկ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածը նախատեսում է միայն կառավարչի, պարտապանի և պարտատերերի կողմից պահանջների նախնական ցուցակի դեմ առարկություն ներկայացնելու հնարավորություն, այդուհանդերձ անհրաժեշտ է կարևորել այն հանգամանքը, որ երրորդ անձը (մասնավորապես գրավատուն) պետք է իրական հնարավորություն ունենա տեղեկացված լինելու ներկայացված պահանջի մասին` անհրաժեշտության դեպքում ներկայացնելով առարկություն` նկատի ունենալով, որ ապահովված պահանջի հաստատումն ուղղակիորեն առնչվում է երրորդ անձի սեփականության իրավունքին և այդ իրավունքի դատական պաշտպանությանը:

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ եթե օբյեկտիվորեն գրավատուն հնարավորություն չի ունեցել տեղեկացված լինելու սնանկության վարույթում ներկայացված պահանջի վերաբերյալ, ապա վերջինիս պետք է տրվի հնարավորություն ներկայացնելու իր առարկությունները ներկայացված պահանջի վերաբերյալ: Հակառակ իրավական դիրքորոշման պարագայում սահմանափակվում է ոչ միայն անձի սեփականության, այլ նաև դատական պաշտպանության իրավունքը:

i

Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ Մարետա Առաքելյանի դիմումը, 19.07.2016 թվականի թիվ ՍԴՈ-1294 որոշմամբ արձանագրել է. «(...) ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունում «գրավատու» եզրույթի սահմանադրաիրավական բովանդակությունից բխում է, որ տվյալ իրավահարաբերություններում «գրավատու» եզրույթը վերաբերում է ոչ միայն պարտապան-գրավատուին, այլ նաև այդ հարաբերություններում հանդես եկող երրորդ անձ գրավատուին: Միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ և երրորդ պարբերություններում «պարտապան» եզրույթի սահմանադրաիրավական բովանդակությունից հետևում է, որ «պարտապան» եզրույթը վերաբերում է ոչ միայն պարտապան-գրավատուին, այլ նաև տվյալ իրավահարաբերություններում հանդես եկող երրորդ անձ գրավատուին:

Խնդիրն այն է, որ «Բռնագանձման ծանուցումը պարտապանին հանձնելուց երկու ամիս հետո» ձևակերպման բովանդակային ծավալում այլ գրավատուներին չներառելով` օրենսդիրը երրորդ անձ հանդիսացող գրավատուի համար հստակ ու միանշանակ չի երաշխավորում այդ երկամսյա ժամկետը, ինչը խախտում է օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը: Այս ամենի արդյունքում երրորդ անձ հանդիսացող գրավատուն կարող է զրկվել ոչ միայն գրավադրված գույքի բռնագանձումը և դրա իրացումը դադարեցնելու իր իրավունքից` կատարելով գրավով ապահովված պարտավորությունը կամ դրա այն մասը, որի կատարումը կետանցվել է, այլ` նաև բռնագանձման օրինականությունը վիճարկելու իրավունքից»:

i

Հիմք ընդունելով ինչպես ՀՀ սահմանադրական դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումը, այնպես էլ թիվ ԵՇԴ/0072/04/17 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2018 թվականի որոշմամբ Եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի մի շարք որոշումների լույսի ներքո արտահայտած իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե սնանկ ճանաչված պարտապանի պարտավորությունն ապահովված է երրորդ անձ գրավատուին պատկանող գույքի գրավով, ապա վերջինս ոչ միայն պետք է իրապես տեղեկացվի պահանջների ներկայացման և հաստատման ընթացակարգի, այլ նաև իր գույքի վաճառքին վերաբերող գործընթացի մասին, քանի որ հակառակ մոտեցման պարագայում ուղղակիորեն սահմանափակվում են երրորդ անձ գրավատուի սեփականության և դատական պաշտպանության իրավունքները, այդ թվում` վերջինս զրկվում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված իր իրավունքից օգտվելու իրական հնարավորությունից:

Սույն գործի փաստերի համաձայն` 03.08.2016 թվականի պարտատերերի երրորդ ժողովի կողմից հաստատվել է Գագիկ Հակոբյանին և Սուսաննա Բազիկյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող և Արմեն Հակոբյանի պարտավորությունների ապահովման միջոց հանդիսացող գրավի առարկա գույքի վաճառքի ծրագիրը: Սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանը Դատարան է ներկայացրել նշված գույքն ուղղակի գործարքով վաճառել թույլատրելու և նշված բնակարանի նկատմամբ կիրառված բոլոր արգելանքները և սահմանափակումները վերացնելու մասին միջնորդություն:

Դատարանը բավարարել է միջնորդությունը` արձանագրելով, որ պահպանված են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի պահանջները, և առկա է ժողովի որոշում ուղղակի գործարքին հավանություն տալու մասին:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելիս պատճառաբանել է, որ գույքի վաճառքն ուղղակի գործարքով իրականացնելու համար օրենսդիրը չի պահանջում երրորդ անձ գրավատուի համաձայնությունը: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ Դատարանը կողմին ծանուցելու պարտականություն ունի միայն դատական նիստ հրավիրելու կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու դեպքում: Վերաքննիչ դատարանը գտել է, որ «(...) բողոքաբերն օժտված է դադարեցնելու իր գույքով պահանջի ապահովումը, որը կարող էր իրացնել: Տվյալ դեպքում բացակայում է Դատարանի կողմից նշված նորմի խախտման իրավական հնարավորությունը, քանի որ բողոքաբերը չի նշում որևէ փաստարկ, այն մասին, որ իր իրավունքը ցանկացել է իրացնել, սակայն չի իրացրել Դատարանի կողմից որևէ նորմի խախտման հետևանքով»: Վերաքննիչ դատարանը հավելել է, որ «(...) սույն գործով բողոքաբեր Սուսաննա Բազիկյանը սնանկության վարույթի ընթացքում որպես երրորդ անձ զրկված չի եղել սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ համապատասխան չափի գումար փոխանցելու միջոցով իր գույքով պահանջի ապահովումը դադարեցնելու հնարավորությունից»:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Սուսաննա Բազիկյանը տեղեկացված չի եղել իրեն համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի վաճառքի գործընթացի վերաբերյալ, քանի որ գործում բացակայում են ապացույցներ ինչպես սնանկության գործով կառավարչի, այնպես էլ Դատարանի կողմից այդ գործընթացի մասին Սուսաննա Բազիկյանին տեղեկացնելու վերաբերյալ: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ Սուսաննա Բազիկյանը, լինելով գրավի առարկա գույքի համասեփականատեր, պետք է իրական հնարավորություն ունենար մասնակցելու գրավի առարկա գույքի վաճառքին վերաբերող գործընթացին, այդ թվում` իրական հնարավորություն ստանալով օգտվելու «Սնանկության մասին» ՀՀ օրենքով կամ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով իր համար սահմանված երաշխիքներից:

Այսպիսով, նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի 15.08.2016 թվականի որոշումն ուղղակիորեն շոշափել է Սուսաննա Բազիկյանի իրավունքները և օրինական շահերը, մինչդեռ վերջինիս համար չի ապահովվել նշված որոշման կայացմանը նախորդող գործընթացին մասնակցելու իրական հնարավորություն, որպիսի հանգամանքն էլ անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սուսաննա Բազիկյանը սնանկության վարույթում իր գույքի վաճառքի վերաբերյալ գործընթացին մասնակից չդարձվելու հետևանքով զրկվել է իր իրավունքներից իրապես օգտվելու հնարավորությունից, ինչի արդյունքում սահմանափակվել է նրա` ինչպես ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը, այնպես էլ ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածով և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով սահմանված սեփականության իրավունքը:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները նշված եզրահանգումների մասով հերքվում են վերոգրյալ պատճառաբանություններով:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քանի որ Սուսաննա Բազիկյանը զրկվել է իր իրավունքներին առնչվող դատավարական գործընթացին մասնակցելու իրական հնարավորությունից, որն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից, նման խախտման պայմաններում հնարավոր չէ գնահատել վճռաբեկ բողոքի հիմնավորվածությունը մյուս հիմքերով: Ուստի սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության` ապահովելու համար Սուսաննա Բազիկյանի իրավունքների արդյունավետ իրացումը:

 

Այսպիսով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար Վերաքննիչ դատարանի 02.02.2017 թվականի որոշումը բեկանելու և գործը` Արմեն Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանի ներկայացրած` Արմեն Հակոբյանի վարկային պարտավորությունների ապահովման միջոց հանդիսացող, Բանկում գրավադրված` Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 շենքի թիվ 230 բնակարանը 110.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով Շուշանիկ Ղազարյանին վաճառել թույլատրելու և նշված բնակարանի նկատմամբ կիրառված բոլոր արգելանքները և սահմանափակումները վերացնելու մասին միջնորդությունը քննարկելու մասով, նոր քննության ուղարկելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 20-րդ մասի հիմքով 01.01.2019 թվականից Հայաստանի Հանրապետությունում գործում է ՀՀ սնանկության դատարանը, գտնում է, որ գործը պետք է նոր քննության ուղարկել ՀՀ սնանկության դատարան:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.02.2017 թվականի որոշումը և գործը` Արմեն Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանի ներկայացրած` Արմեն Հակոբյանի վարկային պարտավորությունների ապահովման միջոց հանդիսացող, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում գրավադրված` Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 շենքի թիվ 230 բնակարանը 110.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով Շուշանիկ Ղազարյանին վաճառել թույլատրելու և նշված բնակարանի նկատմամբ կիրառված բոլոր արգելանքները և սահմանափակումները վերացնելու մասին միջնորդությունը քննարկելու մասով, ուղարկել ՀՀ սնանկության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.06.2019
N ԱՎԴ1/0006/04/16
Որոշում