Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 10.06.1999 ԹՎԱԿԱՆԻ Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 10.06.1999 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 432 ՈՐՈՇՄԱ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                  Վարչական գործ

    դատարանի որոշում                       թիվ ՎԴ/6379/05/15     

    Վարչական գործ թիվ ՎԴ/6379/05/15        2019թ.

Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան

    Դատավորներ`        Հ. Բեդևյան   

                       Ք. Մկոյան   

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի օգոստոսի 01-ին

դռնբաց դատական նիստում քննելով ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 01.11.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Մերուժան Սարգսյանի ընդդեմ ՀՀ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով), երրորդ անձ ՀՀ քաղաքաշինության նախարարության (այսուհետ` Նախարարություն)` վարչական ակտն անվավեր ճանաչելու և գործողություն կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Մերուժան Սարգսյանը պահանջել է անվավեր ճանաչել Հանձնաժողովի 11.09.2012 թվականի նիստի թիվ 23 արձանագրության թիվ 9 հավելվածի 25-րդ կետը և պարտավորեցնել Հանձնաժողովին Մերուժան Սարգսյանի մասով կազմել բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծ և ներկայացնել վերջինիս հաստատմանը:

ՀՀ Նախագահի 08.10.2016 թվականի թիվ ՆՀ-1091-Ն հրամանագրով Նախարարությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպվել է Կոմիտեի:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 14.10.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.11.2017 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 14.10.2016 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետի «բ» ենթակետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Մերուժան Սարգսյանի բնակապահովման հարցը դրական լուծում կարող էր ստանալ միայն այն պարագայում, երբ վերջինս համապատասխաներ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու լինելու չափանիշներին:

Մինչդեռ սույն գործով հաստատված է, որ Մերուժան Սարգսյանը 1995-2005 թվականներին հաշվառված չի եղել և մշտապես չի բնակվել Սպիտակ քաղաքում: Մերուժան Սարգսյանը երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների ցուցակում հաշվառվելու նպատակով Սպիտակի քաղաքապետին դիմել է երկու անգամ, նախ` 20.10.1998 թվականին, հետո` 23.09.2004 թվականին: Այսինքն` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների ցուցակում Մերուժան Սարգսյանի հաշվառվելու պահը պետք է համարել 23.09.2004 թվականը: Սակայն այդ ժամանակ վերջինս փոխադրված էր մշտական բնակության այլ բնակավայր` Երևան քաղաք:

Փաստորեն, 23.09.2004 թվականին հաշվառված չլինելով Սպիտակ քաղաքում` Մերուժան Սարգսյանը չէր կարող ընդգրկվել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների ցուցակում: Հետևաբար` հերթացուցակում Մերուժան Սարգսյանին հաշվառման վերցնելը չի բխել ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշման պահանջներից, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից, որը սխալմամբ նույնացրել է հերթացուցակում հաշվառելու և սահմանված վերջնաժամկետում հերթացուցակը հաստատելու հանգամանքները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.11.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Մերուժան Սարգսյանը 20.10.1998 թվականին և 23.09.2004 թվականին դիմել է Սպիտակի քաղաքապետին` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած իր ընտանիքին բնակարանային պայմանները բարելավելու նպատակով հաշվառման վերցնելու խնդրանքով (հատոր 1-ին, գ.թ. 89, 90).

2) Ըստ 07.12.1988-25.01.2011 թվականների հաշվառման շարժի վերաբերյալ տվյալների` Մերուժան Սարգսյանը 11.01.1995 թվականից մինչև 02.07.2005 թվականը հաշվառված է եղել Երևանի Քանաքեռ 2-րդ փողոցի թիվ 17 տուն հասցեում, իսկ 19.04.2007 թվականից փաստացի հաշվառված է Սպիտակ քաղաքի Այգեստան փողոցի տնակ թիվ 33 հասցեում (հատոր 1-ին, գ.թ. 104).

3) Ըստ «Բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին» 27.01.2011 թվականի թիվ 012384 տեղեկանքի` Մերուժան Սարգսյանը 19.04.2007 թվականից փաստացի հաշվառված է Սպիտակ քաղաքի Այգեստան փողոցի տնակ թիվ 33 հասցեում (հատոր 1-ին, գ.թ. 111).

4) Հանձնաժողովի 11.09.2012 թվականի նիստի թիվ 23 արձանագրությունից արված քաղվածքի համաձայն` որոշվել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, սահմանված կարգով հաշվառված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցողների ցուցակում չընդգրկել Սպիտակի քաղաքապետի կողմից հաստատված ցուցակում հաշվառված` 25 ընտանիքի` ծրագրի չափանիշներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ` համաձայն թիվ 9 հավելվածի:

Ըստ Հանձնաժողովի 11.09.2012 թվականի նիստի թիվ 23 արձանագրության թիվ 9 հավելվածից արված քաղվածքի` այդ հավելվածի 25-րդ կետի համաձայն` Մերուժան Սարգսյանը ընտանիքի մեկ անձով հաշվառված է հերթացուցակում երկրաշարժի հետևանքով քանդված` Սպիտակ քաղաքի Մուրացան փողոցի թիվ 21Ա շենքի 30-րդ բնակարանի դիմաց մեկսենյականոց բնակարան ստանալու համար: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ ճշտված տեղեկատվության համաձայն` Մերուժան Սարգսյանը երկրաշարժից հետո` 11.01.1995 թվականից մինչև 02.07.2005 թվականը, հաշվառված է եղել Երևան քաղաքի Քանաքեռ 2-րդ փողոցի թիվ 17 տանը: Մերուժան Սարգսյանը միայն 2007 թվականի ապրիլի 19-ին է փաստացի հաշվառվել Սպիտակ քաղաքի Այգեստան փողոցի թիվ 33 տնակում:

i

Հանձնաժողովի 11.09.2012 թվականի նիստի թիվ 23 արձանագրության թիվ 9 հավելվածի 25-րդ կետով Մերուժան Սարգսյանը չի ընդգրկվել ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցողների ցուցակում` այն հիմքով, որ հաշվառման վերցված անձը մշտական բնակության է փոխադրվել այլ բնակավայր: Որպես այդ որոշման իրավական հիմք` Հանձնաժողովը վկայակոչել է ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետի «բ» ենթակետը և 13-րդ կետը, ինչպես նաև 26.11.2009 թվականի թիվ 1402-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգի 11-րդ կետը (հատոր 1-ին, գ.թ. 119-120):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգի առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. կարող է արդյո՞ք Հանձնաժողովը կայացնել երկրաշարժի հետևանքով բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում հաշվառված անձին բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշում, եթե բնակարանային պայմանների բարելավման համար հաշվառվելու նպատակով աղետի գոտու բնակավայրի համայնքի ղեկավարին դիմում ներկայացնելու պահին այդ անձը հաշվառված չի եղել տվյալ բնակավայրում (փոխադրված է եղել մշտական բնակության այլ բնակավայր):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում աղետի գոտու բնակավայրերում (բացառությամբ գյուղական բնակավայրերի) երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցության միջոցով կառուցված պետական բնակարանային ֆոնդում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հաշվառման, նրանց հաշվառումից հանելու, և այդ բնակարանները քաղաքացիների համաձայնությամբ նրանց անհատույց սեփականության իրավունքով հատկացնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ, որի 1-ին կետով հաստատվել է աղետի գոտու բնակավայրերում բնակարանների արտահերթ հատկացման կարգը (այսուհետ` Կարգ):

i

Կարգի 2-րդ կետի համաձայն` բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող այն քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները, որոնց կացարանները (բազմաբնակարան շենքի բնակարանը) երկրաշարժի հետևանքով քանդվել կամ բնակվելու համար դարձել են ոչ պիտանի:

i

Կարգի 3-րդ կետի համաձայն` աղետի գոտու բնակավայրերում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հաշվառումն իրականացնում է նրանց մշտական բնակավայրի համայնքի ղեկավարը:

i

Կարգի 4-րդ կետի համաձայն` բնակարան ստանալու համար քաղաքացիները դիմումները ներկայացնում են ըստ բնակության վայրի` համայնքի ղեկավարին (...):

i

Կարգի 7-րդ կետի համաձայն` քաղաքացիների դիմումներն անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին մեկամսյա ժամկետում քննության են առնվում համայնքի ղեկավարի կողմից (անհրաժեշտության դեպքում` դիմողի ներկայությամբ) և դրա վերաբերյալ ընդունվում է որոշում` հաշվի առնելով բնակարանային հարցերի հանձնաժողովի կարծիքը: Հաշվառման վերցված քաղաքացիները, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնց մերժել են, մեկշաբաթյա ժամկետում այդ մասին գրավոր իրազեկվում են (...):

i

Կարգի 12-րդ կետի համաձայն` քաղաքացիները հաշվառումից հանվում են, եթե`

ա) հաշվառման վերցված անձանց բնակարանային պայմանները բարելավվել են, որի կապակցությամբ վերացել են հաշվառման մեջ գտնվելու հիմքերը.

բ) հաշվառման վերցված անձինք մշտական բնակության են փոխադրվել այլ բնակավայր.

գ) բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու մասին ներկայացվել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

Քաղաքացիներին հաշվառումից հանում է համապատասխան համայնքի ղեկավարը (...):

i

Կարգի 13-րդ կետի համաձայն` պետական աջակցության միջոցով կառուցված պետական բնակարանային ֆոնդի բնակարանները բաշխում և հատկացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը իր կողմից ստեղծված հանձնաժողովի միջոցով համապատասխան համայնքների ղեկավարների կողմից հաստատված հերթացուցակների համաձայն` դրանցում ընդգրկված քաղաքացիների հերթացուցակում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանության արդյունքներով:

i

Կարգի 23-րդ կետի համաձայն` նույն կարգի համաձայն կազմված բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների ցուցակների պատճենները մինչև 2008 թվականի դեկտեմբերի 1-ը ուղարկվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի կանոնակարգը (այսուհետ` Հանձնաժողովի կանոնակարգ) հաստատվել է ՀՀ կառավարության 26.11.2009 թվականի թիվ 1402-Ն որոշմամբ:

i

Հանձնաժողովի կանոնակարգի 5-րդ կետի համաձայն` Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով և նույն կանոնակարգով:

i

Հանձնաժողովի կանոնակարգի 6-րդ կետի համաձայն` Հանձնաժողովի գործառույթներն են`

1) համապատասխան համայնքի ղեկավարի կողմից հաստատված` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների ցուցակում (այսուհետ` հերթացուցակ) ընդգրկված անձանց հերթացուցակում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանության մասին որոշումը և հերթացուցակում ընդգրկված անձանց հետ հանդիպումները (...).

4) բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամանի նախագծի նախապատրաստումը (...):

i

Հանձնաժողովի կանոնակարգի 8-րդ կետի համաձայն` Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի (...) միջոցով:

i

Հանձնաժողովի կանոնակարգի 10-րդ կետի համաձայն` Հանձնաժողովի նիստերի որոշումները ձևակերպվում են արձանագրությամբ:

i

Հանձնաժողովի կանոնակարգի 11-րդ կետի համաձայն` Հանձնաժողովի կողմից հերթացուցակում ընդգրկված անձանց` փաստաթղթային փաթեթների քննարկման արդյունքներով բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» թիվ 432 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 12-րդ կետով (...) նախատեսված հիմքերով:

Վերոգրյալ նորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ երկրաշարժից քանդվելու հետևանքով կացարաններ (բազմաբնակարան շենքի բնակարաններ) կորցրած ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների` որպես աղետի գոտու բնակավայրերում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող սուբյեկտների, սկզբնական հաշվառումն իրականացնում է նրանց մշտական բնակավայրի համայնքի ղեկավարը` այդպիսի քաղաքացիներին ընդգրկելով համապատասխան հերթացուցակում: Հանձնաժողովն իր հերթին ուսումնասիրում և պարզում է այդ հերթացուցակում անձանց ընդգրկվելու չափանիշների համապատասխանությունը ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ նախատեսված պահանջներին և Կարգով նախատեսված հիմքերի առկայության դեպքում կայացնում է բնակարանային շինարարության ծրագրում այդ անձանց (նրանց ընտանիքներին) չընդգրկելու վերաբերյալ որոշում: Իսկ նշված հիմքերի բացակայության դեպքում Հանձնաժողովը ՀՀ քաղաքաշինության նախարարի հաստատմանն է ներկայացնում բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին հրամանի նախագիծ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ նորմատիվ իրավական ակտերի համատեքստում «հաշվառման վերցնել» եզրույթը նշանակում է երկրաշարժի հետևանքով կացարաններ (բազմաբնակարան շենքի բնակարաններ) կորցրած Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների ընդգրկում աղետի գոտու բնակավայրերում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում: Այդ գործառույթն իրականացնում է տվյալ քաղաքացու մշտական բնակության վայրի համայնքի ղեկավարը: Այսինքն` եթե քաղաքացին (նրա ընտանիքը) ընդգրկված է համայնքի ղեկավարի կողմից կազմված` աղետի գոտու բնակավայրերում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում, ապա տվյալ քաղաքացին (նրա ընտանիքը) հաշվառված է բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների ցուցակում: Ընդ որում, Հանձնաժողովը քննարկում է հենց հաշվառված (աղետի գոտու բնակավայրերում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում ընդգրկված) քաղաքացիների (նրանց ընտանիքի) փաստաթղթային փաթեթները` քննարկման արդյունքներով կայացնելով կամ բնակարանային շինարարության ծրագրում այդ քաղաքացիներին (նրանց ընտանիքներին) չընդգրկելու վերաբերյալ որոշում կամ այդ անձանց (նրանց ընտանիքներին) ընդգրկում է բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակում և ՀՀ քաղաքաշինության նախարարի հաստատմանն է ներկայացնում նշված ցուցակի հաստատման մասին հրամանի նախագիծ:

Փաստորեն, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տները հատկացնում է ՀՀ քաղաքաշինության նախարարն իր կողմից ստեղծված հանձնաժողովի միջոցով` համապատասխան համայնքների ղեկավարների կողմից հաստատված բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների հերթացուցակների հիման վրա: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների հատկացման ընթացակարգն ընդհանուր առմամբ բաղկացած է հետևյալ գործողություններից.

- բնակարանային պայմանների բարելավման համար հաշվառվելու նպատակով քաղաքացին դիմում է ներկայացնում համապատասխան համայնքի ղեկավարին,

- համայնքի ղեկավարը սահմանված ժամկետում քննարկում է քաղաքացու դիմումը և ընդունում է քաղաքացուն հաշվառման վերցնելու կամ հաշվառման վերցնելը մերժելու մասին որոշում,

- համայնքի ղեկավարի կողմից ընդունված` հաշվառման վերցնելու մասին որոշումների հիման վրա կազմվում է բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակ, որը հաստատվում է համայնքի ղեկավարի կողմից և ուղարկվում է ՀՀ քաղաքաշինության նախարարություն,

- ՀՀ քաղաքաշինության նախարարի կողմից ստեղծված Հանձնաժողովը որոշում է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների` համայնքի ղեկավարի կողմից հաստատված հերթացուցակում ընդգրկված անձանց` այդ ցուցակում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանության հարցը,

- Հանձնաժողովը նախապատրաստում է բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծ. այդ ցուցակում չեն ներառվում այն անձինք, ում փաստաթղթային փաթեթների քննարկման արդյունքներով Հանձնաժողովը կայացրել է բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշում:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ համապատասխան համայնքի ղեկավարի կողմից քաղաքացուն հաշվառման վերցնելը մերժելու և Հանձնաժողովի կողմից բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշումները կարող են կայացվել միևնույն հիմքերով, որոնք սահմանված են ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ հաստատված Կարգի 12-րդ կետով: Այլ կերպ ասած` համայնքի ղեկավարը կարող է ընդունել քաղաքացուն հաշվառման վերցնելը մերժելու մասին որոշում, իսկ Հանձնաժողովը կարող է ընդունել քաղաքացուն բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու մասին որոշում ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ հաստատված Կարգի 12-րդ կետով նախատեսված սպառիչ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի քննությամբ հաստատված է, որ Մերուժան Սարգսյանը 20.10.1998 թվականին և 23.09.2004 թվականին դիմել է Սպիտակի քաղաքապետին` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած իր ընտանիքին բնակարանային պայմանները բարելավելու նպատակով հաշվառման վերցնելու խնդրանքով: Մերուժան Սարգսյանը 11.01.1995 թվականից մինչև 02.07.2005 թվականը հաշվառված է եղել Երևանի Քանաքեռ 2-րդ փողոցի թիվ 17 տուն հասցեում և միայն 19.04.2007 թվականից է փաստացի հաշվառվել Սպիտակ քաղաքի Այգեստան փողոցի տնակ թիվ 33 հասցեում: Այնուհանդերձ Սպիտակի քաղաքապետը Մերուժան Սարգսյանին (ընտանիքի մեկ անձով) հաշվառել է բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում` երկրաշարժի հետևանքով քանդված` Սպիտակ քաղաքի Մուրացան փողոցի թիվ 21Ա շենքի 30-րդ բնակարանի դիմաց մեկսենյականոց բնակարան ստանալու համար:

Հանձնաժողովը 11.09.2012 թվականի նիստի թիվ 23 արձանագրության թիվ 9 հավելվածի 25-րդ կետով որոշել է Մերուժան Սարգսյանին չընդգրկել ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցողների ցուցակում` այն հիմքով, որ հաշվառման վերցված անձը մշտական բնակության է փոխադրվել այլ բնակավայր: Հանձնաժողովն այդ որոշումը կայացրել է` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետի «բ» ենթակետը և 13-րդ կետը, ինչպես նաև 26.11.2009 թվականի թիվ 1402-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգի 11-րդ կետը, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից ստացված այն տեղեկատվությունը, որի համաձայն` Մերուժան Սարգսյանը երկրաշարժից հետո` 11.01.1995 թվականից մինչև 02.07.2005 թվականը, հաշվառված է եղել Երևան քաղաքի Քանաքեռ 2-րդ փողոցի թիվ 17 տանը, և միայն 2007 թվականի ապրիլի 19-ին է փաստացի հաշվառվել Սպիտակ քաղաքի Այգեստան փողոցի թիվ 33 տնակում:

Դատարանը բավարարել է Մերուժան Սարգսյանի հայցը` անվավեր ճանաչելով Հանձնաժողովի 11.09.2012 թվականի նիստի թիվ 23 արձանագրության թիվ 9 հավելվածի 25-րդ կետը և պարտավորեցնելով Հանձնաժողովին Մերուժան Սարգսյանի մասով կազմել բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծ և ներկայացնել վերջինիս հաստատմանը: Դատարանը պատճառաբանել է, որ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից ստացված տեղեկություններն այն մասին, որ Մերուժան Սարգսյանը երկրաշարժից հետո` 11.01.1995 թվականից մինչև 02.07.2005 թվականն ընկած ժամանակահատվածում, հաշվառված է եղել Երևանի Քանաքեռ 2-րդ փողոցի թիվ 17 տանը և Սպիտակ քաղաքի Այգեստան փողոցի թիվ 33 տանը փաստացի հաշվառվել է 19.04.2007 թվականին, չէին կարող հիմք հանդիսանալ վիճարկվող վարչական ակտի ընդունման համար: Դատարանը նշել է, որ սույն գործի փաստերի համաձայն` Մերուժան Սարգսյանը հաշվառվել է Սպիտակի քաղաքապետի կողմից 01.11.2008 թվականի դրությամբ հաստատված հերթացուցակում: Այսինքն` վիճարկվող որոշման մեջ նշված` բնակության մշտական վայրի փոփոխությունը վերաբերել է Մերուժան Սարգսյանի` հերթացուցակում հաշվառվելուն նախորդող ժամանակահատվածին: Միաժամանակ Դատարանը գտել է, որ Մերուժան Սարգսյանի փաստաթղթային փաթեթի քննարկման արդյունքներով առկա չէ վերջինիս բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որևէ հիմք, որպիսի պայմաններում Հանձնաժողովը պարտավոր է իրեն վերապահված գործառույթների շրջանակում նախապատրաստել ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծը:

Վերաքննիչ դատարանը մերժել է Կոմիտեի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ: Վերաքննիչ դատարանը գտել է, որ Կարգի 12-րդ կետի «բ» ենթակետի կիրառման համար անհրաժեշտ են հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը. անձը պետք է վերցված լինի հաշվառման, հաշվառված անձը պետք է տեղափոխվի այլ բնակավայր, այլ բնակավայրի տեղափոխությունը պետք է կապված լինի մշտական բնակության հետ: Ըստ այդմ, Վերաքննիչ դատարանն իրավաչափ է համարել Դատարանի վերոգրյալ եզրահանգումները:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Նախ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կարգի 12-րդ կետի «բ» ենթակետում ամրագրված` քաղաքացիներին հաշվառումից հանելու հիմքի (այն է` հաշվառման վերցված անձինք մշտական բնակության են փոխադրվել այլ բնակավայր) կիրառության համար առանցքային նշանակություն ունի ոչ միայն քաղաքացիների մշտական բնակության վայրի փոփոխման, այլև նրանց հաշվառման հասցեի փոփոխման փաստը: Այսինքն` նշված իրավադրույթի իմաստով քաղաքացու հաշվառման հասցեի փոփոխությունը վկայում է նաև նրա` մշտական բնակության վայրի փոփոխության մասին:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մերուժան Սարգսյանի բնակարանային խնդիրը դրական լուծում կարող էր ստանալ միայն այն պարագայում, երբ վերջինս բնակարանային պայմանները բարելավելու նպատակով հաշվառման վերցվելու խնդրանքով Սպիտակի քաղաքապետին դիմելու պահին համապատասխաներ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու լինելու չափանիշներին: Մինչդեռ Մերուժան Սարգսյանը 1995-2005 թվականներին (մասնավորապես` 11.01.1995 թվականից մինչև 02.07.2005 թվականը) մշտապես չի բնակվել և հաշվառված չի եղել Սպիտակ քաղաքում: Այսինքն` Մերուժան Սարգսյանը բնակարանային պայմանները բարելավելու նպատակով հաշվառման վերցվելու խնդրանքով Սպիտակի քաղաքապետին դիմելու պահին` 23.09.2004 թվականին, չէր կարող հաշվառվել Սպիտակ քաղաքի բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում, քանի որ մշտական բնակության էր փոխադրվել այլ բնակավայր` Երևան քաղաք: Ասվածն էլ իր հերթին նշանակում է, որ այդ հերթացուցակում Մերուժան Սարգսյանին հաշվառման վերցնելը չի բխել ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ հաստատված Կարգի պահանջներից:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հանձնաժողովն իրավասու էր իր 11.09.2012 թվականի նիստի թիվ 23 արձանագրության թիվ 9 հավելվածի 25-րդ կետով որոշում կայացնել Մերուժան Սարգսյանին բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ, քանի որ բնակարանային պայմանների բարելավման համար հաշվառվելու նպատակով Սպիտակի քաղաքապետին դիմում ներկայացնելու պահին Մերուժան Սարգսյանը հաշվառված չի եղել Սպիտակ քաղաքում (փոխադրված է եղել մշտական բնակության այլ բնակավայր):

i

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել, որ Հանձնաժողովի կանոնակարգի 6-րդ կետով սահմանված` Հանձնաժողովի գործառույթների ուսումնասիրությունը վկայում է, որ այդ մարմինը, ի թիվս այլ գործառույթների, նախապատրաստում է բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծ: Ընդ որում, Հանձնաժողովի կողմից նախապատրաստվող` ՀՀ քաղաքաշինության նախարարի այդ հրամանի նախագծում ընդգրկվում են երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների` համապատասխան համայնքի ղեկավարի կողմից հաստատված ցուցակում ներառված այն քաղաքացիները, որոնց փաստաթղթերի փաթեթի ուսումնասիրության արդյունքում Հանձնաժողովը չի կայացրել բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշում: Հետևաբար բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագծում այս կամ այն քաղաքացուն ներառելու հիմքը վերջինիս նկատմամբ բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշման բացակայությունն է (տե՛ս, Ռոբերտ Թադևոսյանն ընդդեմ Հանձնաժողովի թիվ ՎԴ/2182/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով սույն գործով Մերուժան Սարգսյանի կողմից ներկայացված գործողության կատարման հայցին` Հանձնաժողովին բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծ կազմելուն և այն վերջինիս հաստատմանը ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ պահանջը ենթակա կլիներ բավարարման միայն այն պայմաններում, երբ հաստատված լինեին Մերուժան Սարգսյանին բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ Հանձնաժողովի 11.09.2012 թվականի նիստի թիվ 23 արձանագրության թիվ 9 հավելվածի 25-րդ կետի ոչ իրավաչափությունը և այն հանգամանքը, որ բացակայում են Մերուժան Սարգսյանին բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշում ընդունելու` Կարգի 12-րդ կետով նախատեսված բոլոր հիմքերը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների հիման վրա Մերուժան Սարգսյանի կողմից ներկայացված վիճարկման և գործողության կատարման հայցապահանջների ելքը որոշելու նպատակով գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 01.11.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հատուկ կարծիք

 

01.08.2019թ.

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՎԴ/6379/05/15 վարչական գործով 01.08.2019 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 01.08.2019 թվականին քննելով ըստ հայցի Մերուժան Սարգսյանի ընդդեմ ՀՀ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով), երրորդ անձ ՀՀ քաղաքաշինության նախարարության (այսուհետ` Նախարարություն)` վարչական ակտն անվավեր ճանաչելու և գործողություն կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 01.11.2017 թվականի որոշման դեմ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը` նույն պալատի ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է Վճռաբեկ բողոքը բավարարել` բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 01.11.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս և Ստեփան Միքայելյանս, համաձայն չլինելով Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Մերուժան Սարգսյանը պահանջել է անվավեր ճանաչել Հանձնաժողովի 11.09.2012 թվականի նիստի թիվ 23 արձանագրության թիվ 9 հավելվածի 25-րդ կետը և պարտավորեցնել Հանձնաժողովին Մերուժան Սարգսյանի մասով կազմել բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծ և ներկայացնել վերջինիս հաստատմանը:

ՀՀ Նախագահի 08.10.2016 թվականի թիվ ՆՀ-1091-Ն հրամանագրով Նախարարությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպվել է Կոմիտեի:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 14.10.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.11.2017 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 14.10.2016 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետի «բ» ենթակետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Մերուժան Սարգսյանի բնակապահովման հարցը դրական լուծում կարող էր ստանալ միայն այն պարագայում, երբ վերջինս համապատասխաներ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու լինելու չափանիշներին:

Մինչդեռ սույն գործով հաստատված է, որ Մերուժան Սարգսյանը 1995-2005 թվականներին հաշվառված չի եղել և մշտապես չի բնակվել Սպիտակ քաղաքում: Մերուժան Սարգսյանը երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների ցուցակում հաշվառվելու նպատակով Սպիտակի քաղաքապետին դիմել է երկու անգամ, նախ` 20.10.1998 թվականին, հետո` 23.09.2004 թվականին: Այսինքն` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների ցուցակում Մերուժան Սարգսյանի հաշվառվելու պահը պետք է համարել 23.09.2004 թվականը: Սակայն այդ ժամանակ վերջինս փոխադրված էր մշտական բնակության այլ բնակավայր` Երևան քաղաք:

Փաստորեն, 23.09.2004 թվականին հաշվառված չլինելով Սպիտակ քաղաքում` Մերուժան Սարգսյանը չէր կարող ընդգրկվել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների ցուցակում: Հետևաբար հերթացուցակում Մերուժան Սարգսյանին հաշվառման վերցնելը չի բխել ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշման պահանջներից, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից, որը սխալմամբ նույնացրել է հերթացուցակում հաշվառելու և սահմանված վերջնաժամկետում հերթացուցակը հաստատելու հանգամանքները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.11.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր Վճռաբեկ դատարանը նշել է հետևյալը.

1) Մերուժան Սարգսյանը 20.10.1998 թվականին և 23.09.2004 թվականին դիմել է Սպիտակի քաղաքապետին` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած իր ընտանիքին բնակարանային պայմանները բարելավելու նպատակով հաշվառման վերցնելու խնդրանքով (հատոր 1-ին, գ.թ. 89, 90).

2) Ըստ 07.12.1988-25.01.2011 թվականների հաշվառման շարժի վերաբերյալ տվյալների` Մերուժան Սարգսյանը 11.01.1995 թվականից մինչև 02.07.2005 թվականը հաշվառված է եղել Երևանի Քանաքեռ 2-րդ փողոցի թիվ 17 տուն հասցեում, իսկ 19.04.2007 թվականից փաստացի հաշվառված է Սպիտակ քաղաքի Այգեստան փողոցի տնակ թիվ 33 հասցեում (հատոր 1-ին, գ.թ. 104).

3) Ըստ «Բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին» 27.01.2011 թվականի թիվ 012384 տեղեկանքի` Մերուժան Սարգսյանը 19.04.2007 թվականից փաստացի հաշվառված է Սպիտակ քաղաքի Այգեստան փողոցի տնակ թիվ 33 հասցեում (հատոր 1-ին, գ.թ. 111).

4) Հանձնաժողովի 11.09.2012 թվականի նիստի թիվ 23 արձանագրությունից արված քաղվածքի համաձայն` որոշվել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, սահմանված կարգով հաշվառված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցողների ցուցակում չընդգրկել Սպիտակի քաղաքապետի կողմից հաստատված ցուցակում հաշվառված` 25 ընտանիքի` ծրագրի չափանիշներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ համաձայն թիվ 9 հավելվածի:

Ըստ Հանձնաժողովի 11.09.2012 թվականի նիստի թիվ 23 արձանագրության թիվ 9 հավելվածից արված քաղվածքի` այդ հավելվածի 25-րդ կետի համաձայն` Մերուժան Սարգսյանն ընտանիքի մեկ անձով հաշվառված է հերթացուցակում երկրաշարժի հետևանքով քանդված` Սպիտակ քաղաքի Մուրացան փողոցի թիվ 21Ա շենքի 30-րդ բնակարանի դիմաց մեկսենյականոց բնակարան ստանալու համար: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ ճշտված տեղեկատվության համաձայն` Մերուժան Սարգսյանը երկրաշարժից հետո` 11.01.1995 թվականից մինչև 02.07.2005 թվականը, հաշվառված է եղել Երևան քաղաքի Քանաքեռ 2-րդ փողոցի թիվ 17 տանը: Մերուժան Սարգսյանը միայն 19.04.2007 թվականին է փաստացի հաշվառվել Սպիտակ քաղաքի Այգեստան փողոցի թիվ 33 տնակում:

Հանձնաժողովի 11.09.2012 թվականի նիստի թիվ 23 արձանագրության թիվ 9 հավելվածի 25-րդ կետով Մերուժան Սարգսյանը չի ընդգրկվել ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցողների ցուցակում` այն հիմքով, որ հաշվառման վերցված անձը մշտական բնակության է փոխադրվել այլ բնակավայր: Որպես այդ որոշման իրավական հիմք` Հանձնաժողովը վկայակոչել է ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետի «բ» ենթակետը և 13-րդ կետը, ինչպես նաև 26.11.2009 թվականի թիվ 1402-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգի 11-րդ կետը (հատոր 1-ին, գ.թ. 119-120):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները հանգել են հետևյալին.

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտել է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգի առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. կարող է արդյո՞ք Հանձնաժողովը կայացնել երկրաշարժի հետևանքով բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում հաշվառված անձին բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշում, եթե բնակարանային պայմանների բարելավման համար հաշվառվելու նպատակով աղետի գոտու բնակավայրի համայնքի ղեկավարին դիմում ներկայացնելու պահին այդ անձը հաշվառված չի եղել տվյալ բնակավայրում (փոխադրված է եղել մշտական բնակության այլ բնակավայր):

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում աղետի գոտու բնակավայրերում (բացառությամբ գյուղական բնակավայրերի) երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցության միջոցով կառուցված պետական բնակարանային ֆոնդում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հաշվառման, նրանց հաշվառումից հանելու, և այդ բնակարանները քաղաքացիների համաձայնությամբ նրանց անհատույց սեփականության իրավունքով հատկացնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ, որի 1-ին կետով հաստատվել է աղետի գոտու բնակավայրերում բնակարանների արտահերթ հատկացման կարգը և վկայակոչելով նշված կարգի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 7-րդ, 12-րդ, 13-րդ, 23-րդ կետերը, ինչպես նաև ՀՀ կառավարության 26.11.2009 թվականի թիվ 1402-Ն որոշմամբ հաստատված աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի կանոնակարգի 5-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ կետերը, եզրահանգել է, որ երկրաշարժից քանդվելու հետևանքով կացարաններ (բազմաբնակարան շենքի բնակարաններ) կորցրած ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների` որպես աղետի գոտու բնակավայրերում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող սուբյեկտների, սկզբնական հաշվառումն իրականացնում է նրանց մշտական բնակավայրի համայնքի ղեկավարը` այդպիսի քաղաքացիներին ընդգրկելով համապատասխան հերթացուցակում: Հանձնաժողովն իր հերթին ուսումնասիրում և պարզում է այդ հերթացուցակում անձանց ընդգրկվելու չափանիշների համապատասխանությունը ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ նախատեսված պահանջներին և ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ հաստատված Կարգով նախատեսված հիմքերի առկայության դեպքում կայացնում է բնակարանային շինարարության ծրագրում այդ անձանց (նրանց ընտանիքներին) չընդգրկելու վերաբերյալ որոշում: Իսկ նշված հիմքերի բացակայության դեպքում Հանձնաժողովը ՀՀ քաղաքաշինության նախարարի հաստատմանն է ներկայացնում բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին հրամանի նախագիծ:

Վճռաբեկ դատարանը գտել է, որ վերոնշյալ նորմատիվ իրավական ակտերի համատեքստում «հաշվառման վերցնել» եզրույթը նշանակում է երկրաշարժի հետևանքով կացարաններ (բազմաբնակարան շենքի բնակարաններ) կորցրած Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների ընդգրկում աղետի գոտու բնակավայրերում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում: Այդ գործառույթն իրականացնում է տվյալ քաղաքացու մշտական բնակության վայրի համայնքի ղեկավարը: Այսինքն` եթե քաղաքացին (նրա ընտանիքը) ընդգրկված է համայնքի ղեկավարի կողմից կազմված` աղետի գոտու բնակավայրերում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում, ապա տվյալ քաղաքացին (նրա ընտանիքը) հաշվառված է բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների ցուցակում: Ընդ որում, Հանձնաժողովը քննարկում է հենց հաշվառված (աղետի գոտու բնակավայրերում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում ընդգրկված) քաղաքացիների (նրանց ընտանիքի) փաստաթղթային փաթեթները` քննարկման արդյունքներով կայացնելով կամ բնակարանային շինարարության ծրագրում այդ քաղաքացիներին (նրանց ընտանիքներին) չընդգրկելու վերաբերյալ որոշում կամ այդ անձանց (նրանց ընտանիքներին) ընդգրկում է բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակում և ՀՀ քաղաքաշինության նախարարի հաստատմանն է ներկայացնում նշված ցուցակի հաստատման մասին հրամանի նախագիծ:

Փաստորեն, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տները հատկացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարն իր կողմից ստեղծված հանձնաժողովի միջոցով` համապատասխան համայնքների ղեկավարների կողմից հաստատված բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների հերթացուցակների հիման վրա: Վճռաբեկ դատարանը փաստել է, որ աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների հատկացման ընթացակարգն ընդհանուր առմամբ բաղկացած է հետևյալ գործողություններից.

- բնակարանային պայմանների բարելավման համար հաշվառվելու նպատակով քաղաքացին դիմում է ներկայացնում համապատասխան համայնքի ղեկավարին,

- համայնքի ղեկավարը սահմանված ժամկետում քննարկում է քաղաքացու դիմումը և ընդունում է քաղաքացուն հաշվառման վերցնելու կամ հաշվառման վերցնելը մերժելու մասին որոշում,

- համայնքի ղեկավարի կողմից ընդունված` հաշվառման վերցնելու մասին որոշումների հիման վրա կազմվում է բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակ, որը հաստատվում է համայնքի ղեկավարի կողմից և ուղարկվում է ՀՀ քաղաքաշինության նախարարություն,

- ՀՀ քաղաքաշինության նախարարի կողմից ստեղծված Հանձնաժողովը որոշում է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների` համայնքի ղեկավարի կողմից հաստատված հերթացուցակում ընդգրկված անձանց` այդ ցուցակում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանության հարցը,

- Հանձնաժողովը նախապատրաստում է բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծ. այդ ցուցակում չեն ներառվում այն անձինք, ում փաստաթղթային փաթեթների քննարկման արդյունքներով Հանձնաժողովը կայացրել է բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշում:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել նշել, որ համապատասխան համայնքի ղեկավարի կողմից քաղաքացուն հաշվառման վերցնելը մերժելու և Հանձնաժողովի կողմից բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշումները կարող են կայացվել միևնույն հիմքերով, որոնք սահմանված են ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետով: Այլ կերպ ասած` համայնքի ղեկավարը կարող է ընդունել քաղաքացուն հաշվառման վերցնելը մերժելու մասին որոշում, իսկ Հանձնաժողովը կարող է ընդունել քաղաքացուն բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու մասին որոշում ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետով նախատեսված սպառիչ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն գործի քննությամբ հաստատված է, որ Մերուժան Սարգսյանը 20.10.1998 թվականին և 23.09.2004 թվականին դիմել է Սպիտակի քաղաքապետին` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած իր ընտանիքին բնակարանային պայմանները բարելավելու նպատակով հաշվառման վերցնելու խնդրանքով: Մերուժան Սարգսյանը 11.01.1995 թվականից մինչև 02.07.2005 թվականը հաշվառված է եղել Երևանի Քանաքեռ 2-րդ փողոցի թիվ 17 տուն հասցեում և միայն 19.04.2007 թվականից է փաստացի հաշվառվել Սպիտակ քաղաքի Այգեստան փողոցի տնակ թիվ 33 հասցեում: Այնուհանդերձ Սպիտակի քաղաքապետը Մերուժան Սարգսյանին (ընտանիքի մեկ անձով) հաշվառել է բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում` երկրաշարժի հետևանքով քանդված` Սպիտակ քաղաքի Մուրացան փողոցի թիվ 21Ա շենքի 30-րդ բնակարանի դիմաց մեկսենյականոց բնակարան ստանալու համար:

Հանձնաժողովը 11.09.2012 թվականի նիստի թիվ 23 արձանագրության թիվ 9 հավելվածի 25-րդ կետով որոշել է Մերուժան Սարգսյանին չընդգրկել ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցողների ցուցակում` այն հիմքով, որ հաշվառման վերցված անձը մշտական բնակության է փոխադրվել այլ բնակավայր: Հանձնաժողովն այդ որոշումը կայացրել է` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետի «բ» ենթակետը և 13-րդ կետը, ինչպես նաև 26.11.2009 թվականի թիվ 1402-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգի 11-րդ կետը, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից ստացված այն տեղեկատվությունը, որի համաձայն` Մերուժան Սարգսյանը երկրաշարժից հետո` 11.01.1995 թվականին մինչև 02.07.2005 թվականը, հաշվառված է եղել Երևան քաղաքի Քանաքեռ 2-րդ փողոցի թիվ 17 տանը, և միայն 19.04.2007 թվականին է փաստացի հաշվառվել Սպիտակ քաղաքի Այգեստան փողոցի թիվ 33 տնակում:

Դատարանը բավարարել է Մերուժան Սարգսյանի հայցը` անվավեր ճանաչելով Հանձնաժողովի 11.09.2012 թվականի նիստի թիվ 23 արձանագրության թիվ 9 հավելվածի 25-րդ կետը և պարտավորեցնելով Հանձնաժողովին Մերուժան Սարգսյանի մասով կազմել բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծ և ներկայացնել վերջինիս հաստատմանը: Դատարանը պատճառաբանել է, որ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից ստացված տեղեկություններն այն մասին, որ Մերուժան Սարգսյանը երկրաշարժից հետո` 11.01.1995 թվականից մինչև 02.07.2005 թվականն ընկած ժամանակահատվածում, հաշվառված է եղել Երևանի Քանաքեռ 2-րդ փողոցի թիվ 17 տանը և Սպիտակ քաղաքի Այգեստան փողոցի թիվ 33 տանը փաստացի հաշվառվել է 19.04.2007 թվականին, չէին կարող հիմք հանդիսանալ վիճարկվող վարչական ակտի ընդունման համար: Դատարանը նշել է, որ սույն գործի փաստերի համաձայն` Մերուժան Սարգսյանը հաշվառվել է Սպիտակի քաղաքապետի կողմից 01.11.2008 թվականի դրությամբ հաստատված հերթացուցակում: Այսինքն` վիճարկվող որոշման մեջ նշված` բնակության մշտական վայրի փոփոխությունը վերաբերել է Մերուժան Սարգսյանի` հերթացուցակում հաշվառվելուն նախորդող ժամանակահատվածին: Միաժամանակ Դատարանը գտել է, որ Մերուժան Սարգսյանի փաստաթղթային փաթեթի քննարկման արդյունքներով առկա չէ վերջինիս բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որևէ հիմք, որպիսի պայմաններում Հանձնաժողովը պարտավոր է իրեն վերապահված գործառույթների շրջանակում նախապատրաստել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծը:

Վերաքննիչ դատարանը մերժել է Կոմիտեի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ: Վերաքննիչ դատարանը գտել է, որ Կարգի 12-րդ կետի «բ» ենթակետի կիրառման համար անհրաժեշտ են հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը. անձը պետք է վերցված լինի հաշվառման, հաշվառված անձը պետք է տեղափոխվի այլ բնակավայր, այլ բնակավայրի տեղափոխությունը պետք է կապված լինի մշտական բնակության հետ: Ըստ այդմ, Վերաքննիչ դատարանն իրավաչափ է համարել Դատարանի վերոգրյալ եզրահանգումները:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.

Նախ` Վճռաբեկ դատարանը գտել է, որ Կարգի 12-րդ կետի «բ» ենթակետում ամրագրված` քաղաքացիներին հաշվառումից հանելու հիմքի (այն է` հաշվառման վերցված անձինք մշտական բնակության են փոխադրվել այլ բնակավայր) կիրառության համար առանցքային նշանակություն ունի ոչ միայն քաղաքացիների մշտական բնակության վայրի փոփոխման, այլև նրանց հաշվառման հասցեի փոփոխման փաստը: Այսինքն` նշված իրավադրույթի իմաստով քաղաքացու հաշվառման հասցեի փոփոխությունը վկայում է նաև նրա` մշտական բնակության վայրի փոփոխության մասին:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտել է, որ Մերուժան Սարգսյանի բնակարանային խնդիրը դրական լուծում կարող էր ստանալ միայն այն պարագայում, երբ վերջինս բնակարանային պայմանները բարելավելու նպատակով հաշվառման վերցվելու խնդրանքով Սպիտակի քաղաքապետին դիմելու պահին համապատասխաներ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու լինելու չափանիշներին: Մինչդեռ Մերուժան Սարգսյանը 1995-2005 թվականներին (մասնավորապես` 11.01.1995 թվականից մինչև 02.07.2005 թվականը) մշտապես չի բնակվել և հաշվառված չի եղել Սպիտակ քաղաքում: Այսինքն` Մերուժան Սարգսյանը բնակարանային պայմանները բարելավելու նպատակով հաշվառման վերցվելու խնդրանքով Սպիտակի քաղաքապետին դիմելու պահին` 23.09.2004 թվականին, չէր կարող հաշվառվել Սպիտակ քաղաքի բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում, քանի որ մշտական բնակության էր փոխադրվել այլ բնակավայր` Երևան քաղաք: Ասվածն էլ իր հերթին նշանակում է, որ այդ հերթացուցակում Մերուժան Սարգսյանին հաշվառման վերցնելը չի բխել ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ հաստատված Կարգի պահանջներից:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտել է, որ Հանձնաժողովն իրավասու էր իր 11.09.2012 թվականի նիստի թիվ 23 արձանագրության թիվ 9 հավելվածի 25-րդ կետով որոշում կայացնել Մերուժան Սարգսյանին բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ, քանի որ բնակարանային պայմանների բարելավման համար հաշվառվելու նպատակով Սպիտակի քաղաքապետին դիմում ներկայացնելու պահին Մերուժան Սարգսյանը հաշվառված չի եղել Սպիտակ քաղաքում (փոխադրված է եղել մշտական բնակության այլ բնակավայր):

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել հավելել, որ Հանձնաժողովի կանոնակարգի 6-րդ կետով սահմանված` Հանձնաժողովի գործառույթների ուսումնասիրությունը վկայում է, որ այդ մարմինը, ի թիվս այլ գործառույթների, նախապատրաստում է բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծ: Ընդ որում, Հանձնաժողովի կողմից նախապատրաստվող` ՀՀ քաղաքաշինության նախարարի այդ հրամանի նախագծում ընդգրկվում են երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների` համապատասխան համայնքի ղեկավարի կողմից հաստատված ցուցակում ներառված այն քաղաքացիները, որոնց փաստաթղթերի փաթեթի ուսումնասիրության արդյունքում Հանձնաժողովը չի կայացրել բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշում: Հետևաբար, բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագծում այս կամ այն քաղաքացուն ներառելու հիմքը վերջինիս նկատմամբ բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշման բացակայությունն է (տե՛ս Ռոբերտ Թադևոսյանն ընդդեմ Հանձնաժողովի թիվ ՎԴ/2182/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով սույն գործով Մերուժան Սարգսյանի կողմից ներկայացված գործողության կատարման հայցին` Հանձնաժողովին բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծ կազմելուն և այն վերջինիս հաստատմանը ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանը գտել է, որ այդ պահանջը ենթակա կլիներ բավարարման միայն այն պայմաններում, երբ հաստատված լինեին Մերուժան Սարգսյանին բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ Հանձնաժողովի 11.09.2012 թվականի նիստի թիվ 23 արձանագրության թիվ 9 հավելվածի 25-րդ կետի ոչ իրավաչափությունը և այն հանգամանքը, որ բացակայում են Մերուժան Սարգսյանին բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշում ընդունելու` Կարգի 12-րդ կետով նախատեսված բոլոր հիմքերը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարել է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված դիրքորոշումների հիման վրա Մերուժան Սարգսյանի կողմից ներկայացված վիճարկման և գործողության կատարման հայցապահանջների ելքը որոշելու նպատակով գործը նոր քննության ուղարկելու համար:

 

Վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս և Ստեփան Միքայելյանս, համաձայն չլինելով Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը վերոգրյալ որոշման վերաբերյալ:

 

Գտնում ենք, որ Վճռաբեկ դատարանի դիրքորոշումն այն մասին, որ Հանձնաժողովն իրավասու էր իր 11.09.2012 թվականի նիստի թիվ 23 արձանագրության թիվ 9 հավելվածի 25-րդ կետով որոշում կայացնել Մերուժան Սարգսյանին բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ, քանի որ բնակարանային պայմանների բարելավման համար հաշվառվելու նպատակով Սպիտակի քաղաքապետին դիմում ներկայացնելու պահին Մերուժան Սարգսյանը հաշվառված չի եղել Սպիտակ քաղաքում (փոխադրված է եղել մշտական բնակության այլ բնակավայր) չի բխում աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակարանների (բնակելի տների) հատկացման հարցերը կարգավորող իրավական ակտերի կանոնակարգումներից հետևյալ պատճառաբանությամբ:

Այսպես. ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշման 1-ին կետով հաստատված կարգի (այսուհետ` Կարգ) 2-րդ կետի համաձայն` բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող այն քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները, որոնց կացարանները (բազմաբնակարան շենքի բնակարանը) երկրաշարժի հետևանքով քանդվել կամ բնակվելու համար դարձել են ոչ պիտանի:

Կարգի 3-րդ կետի համաձայն` աղետի գոտու բնակավայրերում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հաշվառումն իրականացնում է նրանց մշտական բնակավայրի համայնքի ղեկավարը:

Կարգի 4-րդ կետի համաձայն` բնակարան ստանալու համար քաղաքացիները դիմումները ներկայացնում են ըստ բնակության վայրի` համայնքի ղեկավարին:

Դիմումի մեջ նշվում են ընտանիքի անդամների, այդ թվում` ժամանակավոր բացակայողների թիվը, ժամանակավոր բնակության հասցեն:

Դիմումները գրանցվում են դիմումների գրանցման մատյանում` համաձայն նույն կարգի թիվ 1 հավելվածի:

Կարգի 6-րդ կետի համաձայն` դիմումում նշված տեղեկությունները և դիմում ներկայացրած քաղաքացիների բնակարանային պայմաններն ստուգում է համայնքի ղեկավարի կողմից ստեղծված բնակարանային հարցերի հանձնաժողովը:

Ստուգման արդյունքներով կազմվում է ակտ` համաձայն նույն կարգի թիվ 2 հավելվածի:

Կարգի 7-րդ կետի համաձայն` քաղաքացիների դիմումներն անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին մեկամսյա ժամկետում քննության են առնվում համայնքի ղեկավարի կողմից (անհրաժեշտության դեպքում` դիմողի ներկայությամբ) և դրա վերաբերյալ ընդունվում է որոշում` հաշվի առնելով բնակարանային հարցերի հանձնաժողովի կարծիքը:

Հաշվառման վերցված քաղաքացիները, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնց մերժել են, մեկշաբաթյա ժամկետում այդ մասին գրավոր իրազեկվում են:

Համայնքի ղեկավարի որոշման հետ չհամաձայնելու դեպքում քաղաքացիները կարող են այն բողոքարկել դատարան:

Կարգի 9-րդ կետի համաձայն` հաշվառման վերցվածների ազգանունները` գրանցվում են բնակարանի կարիք ունեցող քաղաքացիների հաշվառման մատյանում` համաձայն նույն կարգի թիվ 3 հավելվածի:

Կարգի 10-րդ կետի համաձայն` հաշվառման վերցված յուրաքանչյուր քաղաքացու համար կազմվում է հաշվառման գործ, որի մեջ պահվում են անհրաժեշտ փաստաթղթերը:

Միևնույն ժամանակ Կարգի 12-րդ կետով սահմանվել են այն դեպքերը, որոնց ի հայտ գալու պարագայում, համայնքի ղեկավարի կողմից հաշվառման վերցված քաղաքացիները կարող են հանվել հաշվառումից: Այսինքն` հաշվառման վերցնելուց հետո հաշվառման վերցված քաղաքացիների անձնական տվյալներում Կարգի 12-րդ կետում թվարկված դեպքերից որևէ մեկի ի հայտ գալու պարագայում վերջիններս համայնքի ղեկավարի որոշմամբ հանվում են հաշվառումից:

Համայնքի ղեկավարի որոշմամբ հաշվառված քաղաքացիներին հաշվառումից հանելու ինքնուրույն հիմք է սահմանված նաև Կարգի 12-րդ կետի «բ» ենթակետով, համաձայն որի` քաղաքացիները հաշվառումից հանվում են, եթե հաշվառման վերցված անձինք մշտական բնակության են փոխադրվել այլ բնակավայր:

Քաղաքացիներին հաշվառումից հանում է համապատասխան համայնքի ղեկավարը:

Քաղաքացիները հրավիրվում են այն նիստին, որտեղ քննարկվում է նրանց հաշվառումից հանելու հարցը: Առանց հարգելի պատճառների նիստին քաղաքացիների չներկայանալը հարցի լուծման համար խոչընդոտ չի հանդիսանում:

Ընդունված որոշման մասին քաղաքացիներին հայտնվում է գրավոր:

Կարգի 23-րդ կետի համաձայն` նույն կարգի համաձայն կազմված բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների ցուցակների պատճենները մինչև 01.12.2008 թվականն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ աղետի գոտու բնակավայրերում բնակարան արտահերթ ստանալու շահառու կարող են լինել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնց կացարանները (բազմաբնակարան շենքի բնակարանը) երկրաշարժի հետևանքով քանդվել կամ բնակվելու համար դարձել են ոչ պիտանի: Վերջիններիս կողմից Կարգով սահմանված պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումների հիման վրա համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ գործառույթները.

- սահմանված ժամկետում քննարկում է քաղաքացու դիմումը և ընդունում է քաղաքացուն հաշվառման վերցնելու կամ հաշվառման վերցնելը մերժելու մասին որոշում,

- հաշվառման վերցված քաղաքացիներին հաշվառումից հանելու հիմքերի բացակայության պարագայում հաշվառման վերցնելու մասին որոշումների հիման վրա կազմում և հաստատում է բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակ և ուղարկում է ՀՀ քաղաքաշինության նախարարություն:

Կարգի 13-րդ կետի համաձայն` պետական աջակցության միջոցով կառուցված պետական բնակարանային ֆոնդի բնակարանները բաշխում և հատկացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը իր կողմից ստեղծված հանձնաժողովի միջոցով համապատասխան համայնքների ղեկավարների կողմից հաստատված հերթացուցակների համաձայն` դրանցում ընդգրկված քաղաքացիների հերթացուցակում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանության արդյունքներով:

Կարգի 13.1-րդ կետի համաձայն` նույն կարգի 13-րդ կետում նշված հանձնաժողովի կանոնակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ՀՀ կառավարության 26.11.2009 թվականի թիվ 1402-Ն որոշմամբ հաստատված Հանձնաժողովի կանոնակարգի (այսուհետ` Հանձնաժողովի կանոնակարգ) 6-րդ կետով սահմանվել են Հանձնաժողովի գործառույթները, համաձայն որոնց, ի թիվս այլնի, Հանձնաժողովը որոշում է համապատասխան համայնքի ղեկավարի կողմից հաստատված` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների ցուցակում (այսուհետ` հերթացուցակ) ընդգրկված անձանց հերթացուցակում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանության հարցը, նախապատրաստում է բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծ:

Հանձնաժողովի կանոնակարգի 10-րդ կետի համաձայն` Հանձնաժողովի նիստերի որոշումները ձևակերպվում են արձանագրությամբ:

Հանձնաժողովի կանոնակարգի 11-րդ կետի համաձայն` Հանձնաժողովի կողմից հերթացուցակում ընդգրկված անձանց` փաստաթղթային փաթեթների քննարկման արդյունքներով բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել Հայաստանի Հանրապետության կառավարության 10.06.1999 թվականի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» թիվ 432 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 12-րդ կետով և 13.11.2008 թվականի «Աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման, բնակարանային ապահովության առաջնահերթության կարգը հաստատելու մասին» թիվ 1337-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 11-րդ կետով նախատեսված հիմքերով:

Հանձնաժողովի կանոնակարգի 13-րդ կետի համաձայն` բնակարանային ապահովման ծրագրում չընդգրկվելու վերաբերյալ հարցերի առաջացման դեպքում քաղաքացիները հրավիրվում են այն նիստին, որտեղ քննարկվում է նրանց` ծրագրում չընդգրկելու վերաբերյալ հարցերը: Ընդունված որոշման մասին 10-օրյա ժամկետում քաղաքացիներին հայտնում են գրավոր:

Հանձնաժողովի կանոնակարգի վերը նշված դրույթների վերլուծությունից հետևում է, որ համայնքի ղեկավարի կողմից բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակը ՀՀ քաղաքաշինության նախարարություն ուղարկելուց հետո սկսվում է այդ ցուցակներում ընդգրկված անձանց հերթացուցակում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանության հարցի պարզումը, որն իրականացնում է Հանձնաժողովը:

Հերթացուցակում ընդգրկված անձանց` փաստաթղթային փաթեթների քննարկման և հերթացուցակում ընդգրկված անձանց հետ հանդիպումների արդյունքներով Հանձնաժողովը կայացնում է` համապատասխան համայնքի ղեկավարի կողմից հաստատված` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների ցուցակում ընդգրկված անձանց հերթացուցակում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանության մասին կամ բնակարանային շինարարության ծրագրում քաղաքացիներին չընդգրկելու վերաբերյալ որոշում:

Հանձնաժողովի 11.09.2012 թվականի նիստի թիվ 23 արձանագրության թիվ 9 հավելվածից արված քաղվածքի համաձայն` Մերուժան Սարգսյանը չի ընդգրկվել Սպիտակ քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, սահմանված կարգով հաշվառված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով քաղաքում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցողների ցուցակում: Նշված քաղվածքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ սույն գործով վիճարկվող որոշումն ընդունելու իրավական հիմք են հանդիսացել ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշման 1-ին կետով հաստատված կարգի (այսուհետ` Կարգ) 12-րդ կետի «բ» ենթակետը, 13-րդ կետը և ՀՀ կառավարության 26.11.2009 թվականի թիվ 1402-Ն որոշման 1-ին կետով հաստատված հանձնաժողովի կանոնակարգի (այսուհետ` Հանձնաժողովի կանոնակարգ) 11-րդ կետը, իսկ փաստական հիմք` ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից ստացված տեղեկություններն այն մասին, որ Հայցվորը երկրաշարժից հետո` 11.01.1995 թվականից մինչև 02.07.2005 թվականն ընկած ժամանակահատվածում հաշվառված է եղել Երևան քաղաքի Քանաքեռ 2-րդ փողոցի թիվ 17 տանը և 19.04.2007 թվականին փաստացի հաշվառվել է Սպիտակ քաղաքի Այգեստան փողոցի թիվ 33 տանը:

Գտնում ենք, որ սույն գործի փաստերի հաշվառմամբ անհրաժեշտ է պարզել այն հարցը, թե արդյո՞ք Հանձնաժողովն ունեցել է բավարար իրավական և փաստական հիմքեր հայցվորին բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշում կայացնելու համար: Ըստ այդմ հարկ ենք համարում վերլուծության ենթարկել Կարգի 12-րդ կետի «բ» ենթակետի բովանդակությունը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից:

Կարգի 12-րդ կետի «բ» ենթակետի բովանդակությունից ուղղակի հետևում է, որ քաղաքացիները հաշվառումից հանվում են, եթե հաշվառման վերցված անձինք մշտական բնակության են փոխադրվել այլ բնակավայր: Այսինքն` նշված իրավանորմում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունը կայանում է նրանում, որ հաշվառման վերցված անձինք հանվում են հաշվառումից, եթե այլ բնակավայր մշտական բնակության են փոխադրվել հաշվառման վերցնելուց հետո:

Ինչպես վերը նշվեց, Կարգի 12-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված հիմքով քաղաքացիներին հաշվառումից հանելու իրավունք ունեն ինչպես համայնքի ղեկավարը, այնպես էլ Հանձնաժողովը: Այսինքն` Կարգի 12-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված հիմքով հաշվառման վերցված քաղաքացիները կարող են հանվել հաշվառումից համայնքի ղեկավարի որոշմամբ, եթե այդ հիմքն ի հայտ է եկել մինչև համապատասխան ցուցակը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն ուղարկելը կամ բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկվել Հանձնաժողովի որոշմամբ, եթե այդ հիմքն ի հայտ է եկել համապատասխան ցուցակը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն ուղարկելուց հետո: Ընդ որում Կարգով և Հանձնաժողովի կանոնակարգով սահմանված են այդ որոշումներն ընդունելու համապատասխան ընթացակարգեր:

Նշվածից հետևում է, որ Կարգի 12-րդ կետի «բ» ենթակետի կիրառմամբ անձին հաշվառումից հանելու համար նշված հարցը լուծող համապատասխան սուբյեկտը` համայնքի ղեկավարը կամ Հանձնաժողովը պետք է պարզի հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության հարցը.

- արդյոք անձը վերցվե՞լ է հաշվառման համայնքի ղեկավարի որոշմամբ,

- արդյոք հաշվառված անձը հաշվառման վերցնելուց հետո տեղափոխվե՞լ է այլ բնակավայր,

- արդյոք այլ բնակավայրի տեղափոխությունը կապվա՞ծ է մշտական բնակության հետ:

Սույն գործով վիճարկվող վարչական ակտի կայացման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերի (հատոր 1-ին, գ.թ. 88-126) ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Մերուժան Սարգսյանը 20.10.1998 թվականին դիմում է ներկայացրել Սպիտակի քաղաքապետին` խնդրելով իր ընտանիքին վերցնել հաշվառման և ապահովել բնակարանով (հատոր 1-ին, գ.թ. 89): Այնուհետև, 23.09.2004 թվականին Մերուժան Սարգսյանը ևս մեկ դիմում է ներկայացրել Սպիտակի քաղաքապետին` դրան կցելով անհրաժեշտ փաստաթղթերը և հայտնելով, որ երկրաշարժի ժամանակ հիմնովին քանդվել է Սպիտակ քաղաքի Մուրացան փողոցի 21/30 հասցեում գտնվող իր երկու սենյականոց բնակարանը, խնդրել է իր ընտանիքին վերցնել հաշվառման բնակարանով ապահովելու համար (հատոր 1-ին, գ.թ. 90): Համայնքի ղեկավարի կողմից ստեղծված բնակարանային հարցերի հանձնաժողովը 15.12.2007 թվականին իրականացրել է Մերուժան Սարգսյանի դիմումում նշված տեղեկությունների և վերջինիս բնակարանային պայմանների ստուգում, որի արդյունքներով կազմված ակտով արձանագրելով, որ Մերուժան Սարգսյանը ժամանակավոր բնակվում է Երևան քաղաքում, երկրաշարժի ժամանակ բնակվել է Մուրացան փողոցի 21/30 հասցեի պետական բնակարանում, որը լրիվ քանդվել է երկրաշարժի ժամանակ, զոհվել են կինը և երեխան, եզրահանգել է, որ ընտանիքը համարվում է անօթևան և բնակարանի կարիքավոր (հատոր 1-ին, գ.թ. 91): Մերուժան Սարգսյանը հաշվառվել է Սպիտակի քաղաքապետի կողմից 01.11.2008 թվականի դրությամբ հաստատված հերթացուցակում` երկրաշարժի հետևանքով քանդված Սպիտակ քաղաքի Մուրացան փողոցի 21 շենքի թիվ 30 բնակարանի դիմաց մեկ անձով մեկ սենյականոց բնակարան ստանալու համար (հիմք ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի 29.10.2015 թվականի գրությունը, հատոր 1-ին, գ.թ. 20): Սպիտակ համայնքի ավագանու կողմից 15.04.2011 թվականին ընդունվել են «Բնակարանային հաշվառման գործերում առկա բնակելի տարածության օրդերները, արխիվային քաղվածքները, բնակարանների վարձավճարների վճարումների գրքերը և դրանց հիման վրա Սպիտակի բնակարանների սպասարկման գրասենյակի կողմից տրված տեղեկանքները երկրաշարժի հետևանքով բնակարան կորցնելու, բնակարանի հասցեի չափի (սենյակների թվի), ընտանիքի անդամների թվի մասին տեղեկանքները բնակարանների հատկացման համար հիմք ընդունելու մասին» թիվ 20-Ա որոշումը, որի թիվ 2 հավելվածի արխիվային քաղվածքների հիման վրա հաշվառված քաղաքացիների ցուցակում ներառել է նաև Մերուժան Սարգսյանի անունը (հատոր 1-ին, գ.թ. 95-96):

Սույն գործով վիճարկվող որոշմամբ Մերուժան Սարգսյանին Սպիտակ քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, սահմանված կարգով հաշվառված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով քաղաքում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցողների ցուցակում չընդգրկելու իր եզրահանգումը Հանձնաժողովը հիմնավորել է այն փաստարկով, որ հաշվառման վերցված անձը մշտական բնակության է փոխադրվել այլ բնակավայր, իսկ որպես նշված փաստարկի հիմնավորում նույն որոշման մեջ վկայակոչել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից ստացված տեղեկություններն այն մասին, որ հայցվորը երկրաշարժից հետո` 11.01.1995 թվականից մինչև 02.07.2005 թվականն ընկած ժամանակահատվածում հաշվառված է եղել Երևան քաղաքի Քանաքեռ 2-րդ փողոցի թիվ 17 տանը և 19.04.2007 թվականին փաստացի հաշվառվել է Սպիտակ քաղաքի Այգեստան փողոցի թիվ 33 տանը:

Գտնում ենք, որ տվյալ դեպքում բացակայել է Մերուժան Սարգսյանին Սպիտակ քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, սահմանված կարգով հաշվառված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով քաղաքում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցողների ցուցակում չընդգրկելու սույն գործով վիճարկվող որոշմամբ վկայակոչված իրավական հիմքը, քանի որ նշված հիմքով քաղաքացուն բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցողների ցուցակում չընդգրկելու համար Կարգով նախատեսված նախապայմանը վերաբերում է ոչ թե նրան, թե երկրաշարժից հետո կամ համայնքի ղեկավարին դիմումը տալու պահին քաղաքացին որտեղ է հաշվառվել կամ փաստացի բնակվել, այլ` նրան, թե արդյո՞ք համայնքի ղեկավարի որոշմամբ հաշվառման վերցնելուց հետո Մերուժան Սարգսյանը փոխադրվել է այլ բնակավայր մշտական բնակության:

Տվյալ դեպքում սույն գործի փաստերով հաստատվում է, որ թեև 11.01.1995 թվականից մինչև 02.07.2005 թվականն ընկած ժամանակահատվածում, այսինքն` աղետի գոտու բնակավայրերում բնակարան արտահերթ ստանալու նպատակով հաշվառվելու համար դիմումները համայնքի ղեկավարին ներկայացնելու, այն է` 20.10.1998 թվականի և 23.09.2004 թվականի դրությամբ Մերուժան Սարգսյանը հաշվառված է եղել Երևան քաղաքի Քանաքեռ 2-րդ փողոցի թիվ 17 տանը, այդուհանդերձ նշված փաստը չէր կարող հիմք հանդիսանալ Կարգի 12-րդ կետի «բ» ենթակետի կիրառմամբ բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցողների ցուցակում վերջինիս չընդգրկելու համար, քանի որ Մերուժան Սարգսյանը հաշվառվել է Սպիտակի քաղաքապետի կողմից 01.11.2008 թվականի դրությամբ հաստատված հերթացուցակում, մինչդեռ հաշվառման վերցնելուց հետո այլ բնակավայր մշտական բնակության փոխադրվելու մասին որևէ ապացույց վարչական վարույթի նյութերում առկա չէ: Ավելին վարչական վարույթի նյութերի համաձայն` Մերուժան Սարգսյանը 19.04.2007 թվականից սկսած, այսինքն` Սպիտակի քաղաքապետի կողմից 01.11.2008 թվականի դրությամբ հերթացուցակը հաստատելու ժամանակ փաստացի հաշվառված է եղել Սպիտակ քաղաքի Այգեստան փողոցի թիվ 33 տանը:

Այսպիսով գտնում ենք, որ գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ համայնքի ղեկավարի որոշմամբ հաշվառման վերցնելուց հետո Մերուժան Սարգսյանը մշտական բնակության է փոխադրվել այլ բնակավայր, հետևաբար գտնում ենք, որ իրավաչափ է ստորադաս դատարանների եզրահանգումն առ այն, որ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից ստացված տեղեկություններն այն մասին, որ հայցվորը երկրաշարժից հետո` 11.01.1995 թվականից մինչև 02.07.2005 թվականն ընկած ժամանակահատվածում, հաշվառված է եղել Երևան քաղաքի Քանաքեռ 2-րդ փողոցի թիվ 17 տանը և 19.04.2007 թվականին փաստացի հաշվառվել է Սպիտակ քաղաքի Այգեստան փողոցի թիվ 33 տանը, չէին կարող հիմք հանդիսանալ վիճարկվող վարչական ակտի ընդունման համար, քանի որ վիճարկվող որոշման մեջ նշված` բնակության մշտական վայրի փոփոխությունը վերաբերել է ոչ թե հայցվորին հաշվառման վերցնելուն հաջորդող, այլ` վերջինիս հերթացուցակում հաշվառելուն նախորդող ժամանակահատվածին:

Նման եզրահանգման պայմաններում անհիմն ենք համարում բողոքաբերի պնդումն այն մասին, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 12-րդ կետի «բ» ենթակետի պահանջը:

Վերոգրյալի հիման վրա գտնում ենք, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտի իրավաչափության գնահատման համար որևէ էական նշանակություն չունի Վճռաբեկ դատարանի կողմից պարզման առաջադրված այն հարցը, թե արդյո՞ք Հանձնաժողովը կարող է կայացնել երկրաշարժի հետևանքով բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում հաշվառված անձին բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշում, եթե բնակարանային պայմանների բարելավման համար հաշվառվելու նպատակով աղետի գոտու բնակավայրի համայնքի ղեկավարին դիմում ներկայացնելու պահին այդ անձը հաշվառված չի եղել տվյալ բնակավայրում (փոխադրված է եղել մշտական բնակության այլ բնակավայր): Նշված եզրահանգման համար հիմք ենք ընդունում Կարգի 12-րդ կետի «բ» ենթակետում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունը, քանի որ վկայակոչված իրավանորմով սահմանված չէ համայնքի ղեկավարին դիմում ներկայացնելու պահին տվյալ բնակավայրում անձի հաշվառված լինելու պահանջ: Ճիշտ հակառակը, Կարգի 12-րդ կետի «բ» ենթակետով սահմանված պայմանը վերաբերում է արդեն իսկ հաշվառման վերցված անձանց, ովքեր` հաշվառման վերցնելուց հետո են տեղափոխվել այլ վայր` մշտական բնակության: Ըստ այդմ, գտնում ենք, որ Վճռաբեկ դատարանի եզրահանգումն առ այն, որ Հանձնաժողովն իրավասու էր իր 11.09.2012 թվականի նիստի թիվ 23 արձանագրության թիվ 9 հավելվածի 25-րդ կետով որոշում կայացնել Մերուժան Սարգսյանին բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ, քանի որ բնակարանային պայմանների բարելավման համար հաշվառվելու նպատակով Սպիտակի քաղաքապետին դիմում ներկայացնելու պահին Մերուժան Սարգսյանը հաշվառված չի եղել Սպիտակ քաղաքում (փոխադրված է եղել մշտական բնակության այլ բնակավայր), չի բխում Կարգի 12-րդ կետի «բ» ենթակետի պահանջներից:

Ամփոփելով վերոգրյալը` գտնում ենք, որ տվյալ դեպքում առկա են բավարար հիմքեր սույն գործով վիճարկվող` Հանձնաժողովի 11.09.2012 թվականի թիվ 23 արձանագրային որոշումը հայցվորի մասով անվավեր ճանաչելու համար, որպիսի իրավաչափ հետևության հանգել են ստորադաս դատարանները, հետևաբար Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտն այդ մասով պետք է թողնել անփոփոխ:

Ինչ վերաբերում է գործողության կատարման հայցին, ապա հարկ ենք համարում արձանագրել հետևյալը.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

Վերը նշված իրավանորմով ամրագրելով, որ վարչական դատարանում գործի հարուցման հիմքը հայցն է, օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները` որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործողության կատարման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը:

Ընդ որում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածում սահմանվել են նաև յուրաքանչյուր հայցատեսակով հայց հարուցելու ժամկետները: Ըստ այդմ գործողության կատարման հայց ներկայացնելու համար ժամկետները նախատեսվել են նշված հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, համաձայն որի` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել`

3) գործողության կատարման հայցի դեպքում`

ա. մեկամսյա ժամկետում` վարչական մարմնի կողմից գործողության կատարումը մերժելու մասին իրազեկվելու պահից,

բ. երկամսյա ժամկետում այն պահից, երբ լրացել է հայցվող գործողության կատարման համար սահմանված ժամկետը,

գ. եռամսյա ժամկետում այն պահից, երբ դիմում է ներկայացվել հայցվող գործողությունը կատարելու համար, եթե առկա չեն սույն կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված դեպքերը:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ գործողության կատարման հայց ներկայացնելու համար որպես նախապայման օրենսդիրը սահմանել է վարչական մարմնին դիմելու և հայցվող գործողության կատարումը վերջինիս կողմից մերժվելու, այսինքն` ռեալ ակտ ընդունելու կամ դիմումի առնչությամբ անգործություն ցուցաբերելու փաստի առկայությունը:

Նշված դատողության համար հիմք է հանդիսանում ոչ միայն այն իրողությունը, որ դատարանները վեճը լուծող մարմիններ են և շահագրգիռ սուբյեկտները կարող են դատական պաշտպանություն հայցել միայն վեճի առկայության դեպքում, որպիսին կարող է ի հայտ գալ համապատասխան դիմումը վարչական մարմնին ներկայացնելու փաստով ծագած իրավահարաբերությունների պարագայում, այլ նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ և 72-րդ հոդվածներով նախատեսված իրավակարգավորումները, որից բխում է, որ վարչադատավարական կարգով իրավունքների պաշտպանություն կարող են հայցել այն ֆիզիկական և/կամ իրավաբանական անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ: Այլ կերպ ասած, քանի դեռ վարչական մարմնից չի հայցվել որևէ գործողության կատարում և վերջինս չի մերժել հայցվող գործողության կատարումը կամ չի դրսևորել անգործություն, անձի մոտ չի ծագում գործողության կատարման հայցով դատարան դիմելու իրավունքը:

Հարկ ենք համարում ընդգծել գործողության կատարման հայցի այն կարևոր առանձնահատկությունը, ըստ որի` նշված հայցատեսակով կարող է հայցվել այնպիսի գործողության կատարում, որն ուղղված չէ վարչական ակտի ընդունմանը:

Տվյալ դեպքում գործողության կատարման հայցը ներկայացվել և քննվել է որպես ինքնուրույն պահանջ, ուստի անհրաժեշտ է պարզել, թե արդյո՞ք սույն գործով Մերուժան Սարգսյանի մոտ ծագել է գործողության կատարման հայց ներկայացնելու իրավունքը:

Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակարանների (բնակելի տների) հատկացման հարցերը կարգավորող իրավական ակտերի կանոնակարգումներից հետևում է, որ նշված ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծ կազմելու և այն վերջինիս հաստատմանը ներկայացնելու իր գործառույթը Հանձնաժողովն իրականացնում է այն բանից հետո, երբ հերթացուցակում ընդգրկված անձանց հերթացուցակում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանության հարցը որոշելու արդյունքում պարզում է, որ բացակայում են ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշում կայացնելու Կարգի 12-րդ կետով նախատեսված բոլոր հիմքերը: Այսինքն` ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշում կայացնելու Կարգի 12-րդ կետով նախատեսված բոլոր հիմքերի բացակայության փաստն արձանագրելն ինքնին հիմք է այդ ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծ կազմելու և այն վերջինիս հաստատմանը ներկայացնելու համար, ուստի նման իրավիճակում այդ գործառույթը Հանձնաժողովի կողմից չիրականացվելու դեպքում շահագրգիռ անձը կարող է դիմում ներկայացնել Հանձնաժողովին` պահանջելով կատարել նշված գործողությունը, իսկ Հանձնաժողովի կողմից այդ դիմումը մերժելու կամ դրա առնչությամբ անգործություն ցուցաբերելու դեպքում նաև դիմել դատական պաշտպանության:

Վերոգրյալ իրավական դիրքորոշման համատեքստում գտնում ենք, որ տվյալ դեպքում Մերուժան Սարգսյանի մոտ կարող էր ծագել գործողության կատարման հայցով դատարան դիմելու իրավունքը, եթե Կարգի 12-րդ կետով սահմանված բոլոր հիմքերի բացակայության փաստն արձանագրելու և երկրաշարժի հետևանքով բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում հաշվառված անձին բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշում չկայացնելու պարագայում Հանձնաժողովը կազմած չլիներ բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծ և այն ներկայացրած չլիներ վերջինիս հաստատմանը և միաժամանակ մերժած լիներ նշված գործողությունը կատարելու մասին Մերուժան Սարգսյանի կողմից ներկայացված դիմումը կամ այդ դիմումի առնչությամբ դրսևորած լիներ անգործություն:

Մինչդեռ սույն գործով առկա չէ որևէ ապացույց առ այն, որ Մերուժան Սարգսյանը Հանձնաժողովին ներկայացրել է բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծ կազմելու և վերջինիս հաստատմանը ներկայացնելու պահանջ պարունակող դիմում և այն մերժվել է Հանձնաժողովի կողմից կամ դրսևորվել է անգործություն: Նման ապացույց չի էլ կարող առկա լինել, քանի որ տվյալ դեպքում Հանձնաժողովի կողմից Կարգի 12-րդ կետի «բ» ենթակետի հիմքով կայացվել է երկրաշարժի հետևանքով բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում հաշվառված անձին բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշում, որպիսի պայմաններում խոսք չի կարող լինել բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծ կազմելու և վերջինիս հաստատմանը ներկայացնելու Հանձնաժողովի գործառույթն իրականացնելու մասին:

Այսպիսով, հայցվող գործողությունը կատարելու պահանջ պարունակող դիմում Հանձնաժողովին ներկայացված չլինելու և վերջինիս կողմից այդ դիմումը մերժելու մասին որոշում կայացված չլինելու կամ այդ դիմումի առնչությամբ անգործություն դրսևորելու փաստերի բացակայության պարագայում Մերուժան Սարգսյանի մոտ չի ծագել գործողության կատարման հայցով դատարան դիմելու իրավունքը: Ընդ որում սույն գործով վիճարկվող` Հանձնաժողովի 11.09.2012 թվականի թիվ 23 արձանագրային որոշումը չի կարող գնահատվել որպես հայցվող գործողության կատարումը մերժելու մասին որոշում, քանի որ նախ` այն չի ընդունվել Մերուժան Սարգսյանի կողմից ներկայացված գործողություն կատարելու պահանջ պարունակող դիմումի հիման վրա, երկրորդ` այն չի հանդիսանում ռեալ ակտ, այսինքն` հայցվող գործողության կատարման մերժում:

Միևնույն ժամանակ հարկ ենք համարում անդրադառնալ գործողության կատարման հայցը բավարարելու անհրաժեշտ այն նախապայմաններին, որոնք պարտադիր են վարչական մարմնին որոշակի գործողություններ պարտադրող դատական ակտ կայացնելու համար:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ գործողության կատարման հայցով վճիռ կայացնելու իրավական նախադրյալն այն է, որ դատաքննությամբ ձեռք բերված ապացույցներով և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների կիրառմամբ հաստատվում է հայցվող գործողության կամ անգործության իրավաչափությունը: Այլ կերպ ասած` վարչական դատարանի կողմից վարչական մարմնին որոշակի գործողություն կատարելուն պարտավորեցնելու վերաբերյալ վճիռ կայացնելու համար պետք է հաստատվի, որ հայցվող գործողությունը կատարելու համար առկա են փաստական և իրավական բավարար հիմքեր, և հայցվող գործողությունը համապատասխանում է դատական ակտի կայացման պահի դրությամբ գործող կոնկրետ հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին, այսինքն` առկա են այդ գործողության իրավաչափության բոլոր պայմանները: Փաստորեն, վարչական դատարանն իրավասու չէ պարտավորեցնել վարչական մարմնին կատարելու այնպիսի գործողություն, որը դատական ակտի կայացման պահին համարվում է ոչ իրավաչափ, կամ որի կատարման համար անհրաժեշտ փաստական հիմքերը հաստատված չեն գործի քննությամբ ձեռք բերված ապացույցներով (տե՛ս Ռոբերտ Թադևոսյանն ընդդեմ Հանձնաժողովի թիվ ՎԴ/2182/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

Տվյալ դեպքում Սպիտակ քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, սահմանված կարգով հաշվառված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով քաղաքում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցողների ցուցակում Մերուժան Սարգսյանին չընդգրկելու որոշումը Հանձնաժողովը կայացրել է Կարգի 12-րդ կետի «բ» ենթակետի հիմքով միայն:

Սույն գործով ստորադաս դատարանները, որպես ինքնուրույն պահանջ քննելով գործողության կատարման հայց և կայացնելով Մերուժան Սարգսյանի մասով բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծ կազմելուն և վերջինիս հաստատմանը ներկայացնելուն Հանձնաժողովին պարտավորեցնող դատական ակտեր, անտեսել են այն հանգամանքը, որ պարզված չեն Կարգի 12-րդ կետով նախատեսված մյուս հիմքերի առկայության կամ բացակայության հարցերը:

Այսպիսով, գտնում ենք, որ Կարգի 12-րդ կետով սահմանված հիմքերից միայն մեկի առկայության փաստով բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ Հանձնաժողովի կայացրած որոշումը դատական կարգով անվավեր ճանաչելն ինքնին չի կարող հանգեցնել բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծ կազմելուն և վերջինիս հաստատմանը ներկայացնելուն պարտավորեցնող գործողության կատարման հայցի բավարարմանը, ուստի անհիմն է Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ բնակարանային շինարարության ծրագրում չընդգրկելու վերաբերյալ որոշումը վերացման ենթակա լինելու պարագայում Հանձնաժողովը պարտավոր է իրեն վերապահված գործառույթների շրջանակում նախապատրաստել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծը:

Ամփոփելով վերոգրյալը, գտնում ենք, որ համապատասխան գործողությունը կատարելու, այն է` բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծ կազմելու և վերջինիս հաստատմանը ներկայացնելու պահանջով Մերուժան Սարգսյանի կողմից Հանձնաժողովին դիմում ներկայացրած չլինելու և Հանձնաժողովի կողմից այդ դիմումը բավարարելու կամ մերժելու մասին ռեալ ակտ ընդունված չլինելու հանգամանքը բավարար է հաստատված համարելու, որ Մերուժան Սարգսյանի մոտ չի ծագել գործողության կատարման հայցով դատարան դիմելու իրավունքը, ուստի գործողության կատարման հայցապահանջի մասով Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման: Միևնույն ժամանակ գտնում ենք, որ այդ մասով գործի նոր քննության անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ առկա չէ գործողության կատարման հայց հարուցելու մյուս կարևոր պայմանը, այն է` հայցվող գործողության կատարման առնչությամբ վարչական մարմնի կողմից ընդունված ռեալ ակտ:

Այսպիսով, գտնում ենք, որ Կոմիտեի բողոքը ենթակա է բավարարման մասնակի, ինչի արդյունքում Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն` գործողության կատարման հայցապահանջը բավարարելու մասը, պետք է բեկանել և այդ մասով հայցը մերժել, իսկ մնացած մասով ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ:

 

                         Դատավոր Ռ.     Հակոբյան

                         Դատավոր Ստ.    Միքայելյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.08.2019
N ՎԴ/6379/05/15
Որոշում