i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ
դատարանի որոշում թիվ ՎԴ/13203/05/17
Վարչական գործ թիվ ՎԴ/13203/05/17 2019 թ.
Նախագահող դատավոր` Հ. Բեդևյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
2019 թվականի հուլիսի 31-ին
քննելով ըստ հայցի Մարիամ Ոսկանյանի ընդդեմ ՀՀ Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի (այսուհետ` Համայնք)` 23.08.2006 թվականին անցկացրած 1,3հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողերի կրկնաճուրդն անվավեր ճանաչելու և որպես հետևանքներ` Համայնքի և Գագիկ Սարգիսյանի միջև «Հողամասն աճուրդով վաճառելու մասին» 04.09.2006 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև 23.10.2006 թվականին Գագիկ Սարգիսյանի անվամբ կատարված 1,3հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.05.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ Մարիամ Ոսկանյանի ներկայացուցիչ Արմեն Դավթյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Մարիամ Ոսկանյանը պահանջել է անվավեր ճանաչել Համայնքի կողմից նույն համայնքի 147-րդ կադաստրային թաղամասի (տարածքի) անհայտ ծածկագրերից 23.08.2006 թվականին անցկացրած 1,3հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողերի կրկնաճուրդը, որպես անվավերության հետևանքներ` անվավեր ճանաչել Համայնքի և Գագիկ Սարգիսյանի միջև «Հողամասն աճուրդով վաճառելու մասին» 04.09.2006 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև 23.10.2006 թվականին Գագիկ Սարգիսյանի անվամբ կատարված 1,3հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 11.12.2017 թվականի որոշմամբ Մարիամ Ոսկանյանի ներկայացուցչի միջնորդությունը` դատավարական ժամկետի բացթողումը հարգելի համարելու և վերականգնելու մասին, բավարարվել է, և հայցադիմումն ընդունվել է վարույթ:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.05.2018 թվականի որոշմամբ Գագիկ Սարգիսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` վերացվել է Դատարանի 11.12.2017 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշման «բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարելու» մասը:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարիամ Ոսկանյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր) 01.12.2015 թվականի թիվ Մ-30/11/2015-4-0053 որոշումից Մարիամ Ոսկանյանը չէր կարող իմանալ Համայնքի 147-րդ կադաստրային թաղամասի (տարածքի) անհայտ ծածկագրից 23.08.2006 թվականին անցկացրած 1,3հա մակերեսով հողերի կրկնաճուրդի մասին, քանի որ նշված որոշմամբ միայն մերժել է Մարիամ Ոսկանյանի սեփականության իրավունքի գրանցումը, և այն նշում չի պարունակում կրկնաճուրդի մասին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 29.05.2018 թվականի որոշումը` «օրինական ուժի մեջ թողնելով Դատարանի 11.12.2017 թվականի որոշումը»:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ և 72-րդ հոդվածների խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
i
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
i
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
i
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում: Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը, ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:
i
ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:
Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ): Մինչդեռ Եվրոպական դատարանի տեսանկյունից` դատարանի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ): Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև` համաչափության առումով (տե՛ս, Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ): Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):
Անդրադառնալով դատարանի մատչելիության ժամկետային սահմանափակումներին` Եվրոպական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ներպետական օրենսդրությամբ սահմանված այդպիսի սահմանափակումները հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից: Ըստ Եվրոպական դատարանի` նմանատիպ հայցերի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել հեռավոր անցյալում տեղի ունեցած իրադարձություններ այնպիսի ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Եվրոպական դատարանը գտել է, որ ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Stubbings and others v. The United Kingdom (22083/93, 22095/93) գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, 51-րդ և 55-րդ կետեր):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում պետք է մեկնաբանվեն և կիրառվեն նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, սահմանելով վարչական դատարանում գործի հարուցման հիմքը` համապատասխան հայցը, միաժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածում սահմանել է այն ժամկետները, որոնց ընթացքում հայցը կարող է ներկայացվել վարչական դատարան: Օրենսդիրը, սահմանելով վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները, միաժամանակ հատուկ սահմանել է բաց թողնված ժամկետների վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:
Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ:
Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից` երկարատև հիվանդության պատճառով:
Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե՛ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշման շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձինք իրենց դատական պաշտպանության իրավունքից կարող են օգտվել օրենքով սահմանված ժամկետներում, և որպեսզի վարչական դատարանն իրավասու լինի գործադրելու օրենքով սահմանված իր լիազորությունները կոնկրետ իրավական վեճն ըստ էության լուծելու համար, անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայություն, առաջին` համապատասխան հայցի առկայություն, երկրորդ` հայցի ներկայացում վարչական դատարան` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Դատավարական ժամկետները բաց թողնելու դեպքում երկրորդ պայմանն ապահովված կարող է համարվել միայն կոնկրետ վարչական գործում բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման բավարարված միջնորդության առկայության դեպքում, իսկ մնացած դեպքերում անձը չի կարող օգտվել դատական պաշտպանության իրավունքից, իսկ ՀՀ վարչական դատարանն իրավասու չէ գործադրելու օրենքով վարչական դատարանի համար նախատեսված լիազորությունները (տե՛ս, Աշոտ Գագիկի Հովհաննիսյանի օրինական ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/9439/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.10.2013 թվականի որոշումը, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Արմենուհի Դալիբալթյանի թիվ ՎԴ/2499/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2014 թվականի որոշումը, Հրաչյա Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և մյուսների թիվ ՎԴ/1963/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.12.2014 թվականի որոշումը, «2ԷԴ» ՓԲԸ-ի տնօրեն Էդգար Հովհաննիսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5086/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.07.2015 թվականի որոշումը, Եղեգնուտի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի մարզային ստորաբաժանման թիվ ՎԴ/0196/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2016 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` Մարիամ Ոսկանյանը 04.12.2017 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան` պահանջելով անվավեր ճանաչել Համայնքի կողմից նույն համայնքի 147-րդ կադաստրային թաղամասի (տարածքի) անհայտ ծածկագրերից 23.08.2006 թվականին անցկացրած 1,3հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողերի կրկնաճուրդը և որպես անվավերության հետևանքներ` անվավեր ճանաչել Համայնքի և Գագիկ Սարգիսյանի միջև «Հողամասն աճուրդով վաճառելու մասին» 04.09.2006 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև 23.10.2006 թվականին Գագիկ Սարգիսյանի անվամբ կատարված 1,3հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը (հավելված հատոր 1-ին, գ.թ. 3-33):
Միաժամանակ Մարիամ Ոսկանյանը հայցադիմումին կից ներկայացրել է բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, որով հայտնել է, որ Համայնքի կողմից 147-րդ կադաստրային տարածքի համապատասխան ծածկագրերից 1,3հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի 23.08.2006 թվականի աճուրդի մասին, Օհանավան համայնքի և Գագիկ Սարգիսյանի միջև «Հողամասն աճուրդով վաճառելու մասին» 04.09.2006 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի, ինչպես նաև Կադաստրի 23.10.2006 թվականին Գագիկ Սարգիսյանի անվամբ կատարված թիվ 147-018 ծածկագրի գյուղատնտեսական նշանակության վարելահողի սեփականության իրավունքի պետական գրանցման մասին, տեղեկացել է 02.10.2017 թվականին` ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԱՐԱԴ/2056/02/17 քաղաքացիական գործով 13.07.2017 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը և Գագիկ Սարգիսյանի հայցադիմումի օրինակը ստանալու պահից, ուստի միջնորդել է հարգելի ճանաչել և վերականգնել բաց թողնված դատավարական ժամկետը (հավելված հատոր 2-րդ, գ.թ. 17-21):
Դատարանի 11.12.2017 թվականի որոշմամբ Մարիամ Ոսկանյանի ներկայացրած միջնորդությունը բավարարվել է` հարգելի է համարվել և վերականգնվել է Համայնքի կողմից նույն համայնքի 147-րդ կադաստրային թաղամասի (տարածքի) անհայտ ծածկագրերից 23.08.2006 թվականին անցկացրած 1,3հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողերի կրկնաճուրդը վիճարկելու համար սահմանված դատավարական ժամկետը, և հայցադիմումն ընդունվել է վարույթ (հավելված հատոր 2-րդ, գ.թ. 68-72):
Վերաքննիչ դատարանը, բավարարելով Գագիկ Սարգիսյանի վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ Մարիամ Ոսկանյանն առնվազն Կադաստրի 01.12.2015 թվականի թիվ Մ-30/11/2015-4-0053 որոշումից տեղեկացել է Համայնքի` նույն համայնքի 147-րդ կադաստրային թաղամասի (տարածքի) անհայտ ծածկագրից 23.08.2006 թվականին անցկացրած 1,3հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողերի կրկնաճուրդի, Օհանավան համայնքի և Գագիկ Սարգիսյանի միջև «Հողամասն աճուրդով վաճառելու մասին» 04.09.2006 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի մասին և մինչև 04.12.2017 թվականը միջոց չի ձեռնարկել նշված վարչական ակտերը բողոքարկելու ուղղությամբ: Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ Մարիամ Ոսկանյանն անգործություն է ցուցաբերել իրավունքների պաշտպանության իր իրավունքն իրացնելու հարցում, ինչի արդյունքում էլ բաց է թողել ՀՀ վարչական դատարան վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետը: Իսկ նշված հիմքով ժամկետի բացթողումը չի կարող համարվել հարգելի:
Մինչդեռ վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն վարչական գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործի փաստերի համաձայն` Մարիամ Ոսկանյանը 20.04.2007 թվականի առուվաճառքի պայմանագրով ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքից աճուրդային կարգով ձեռք է բերել 0,97հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության, թիվ 110-001 կադաստրային ծածկագրով հողամասը (հավելված հատոր 1-ին, գ.թ. 105):
Կադաստրի 01.12.2015 թվականի թիվ Մ-30/11/2015-4-0053 որոշմամբ Մարիամ Ոսկանյանի դիմումի հիման վրա իրավունքի պետական գրանցումը մերժվել է «Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով, քանի որ անշարժ գույքի միավորի նկատմամբ առկա է եղել գրանցված իրավունք, որը բացառում է ներկայացված իրավունքի գրանցումը: Կադաստրային քարտեզում ուղղում չի կատարվել, քանի որ Մարիամ Ոսկանյանի կողմից ձեռք բերված 0,97հա մակերեսով հողամասից 0,768հա մակերեսով հողամասի նկատմամբ` որպես Համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույք, սեփականության իրավունքով գրանցված է Գագիկ Սարգիսյանի անվամբ (հավելված հատոր 3-րդ, գ.թ. 11):
Գագիկ Սարգիսյանը, դիմելով ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան, խնդրել է Մարիամ Ոսկանյանին պարտավորեցնել ազատել Գագիկ Սարգիսյանի սեփականությունը հանդիսացող կադաստրային թիվ 147-018 ծածկագրի հողամասի հետ համադրվող 0,8114հա մակերեսով մասը և որպես հետևանք` այդ մասով անվավեր ճանաչել Մարիամ Ոսկանյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը (հավելված հատոր 2-րդ գ.թ. 58-60):
ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 13.07.2017 թվականի որոշմամբ Գագիկ Սարգիսյանի հայցադիմումն ընդունվել է վարույթ (հավելված հատոր 2-րդ գ.թ. 62):
ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.10.2017 թվականի թիվ ԴԴ-26 Ե-16743/17 գրությամբ Մարիամ Ոսկանյանին են տրամադրվել թիվ ԱՐԱԴ/2056/02/17 քաղաքացիական գործով Գագիկ Սարգիսյանի` Մարիամ Ոսկանյանի դեմ ներկայացված հայցադիմումի 2-րդ օրինակը, կից փաստաթղթերը և գործը վարույթ ընդունելու մասին որոշումը (հավելված հատոր 2-րդ գ.թ. 67):
Վերաքննիչ դատարանի այն հիմնավորումը, որ Մարիամ Ոսկանյանն արդեն 01.12.2015 թվականին տեղեկացել է Համայնքի` նույն համայնքի 147-րդ կադաստրային թաղամասի (տարածքի) անհայտ ծածկագրից 23.08.2006 թվականին անցկացրած 1,3հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողերի կրկնաճուրդի, Համայնքի և Գագիկ Սարգիսյանի միջև «Հողամասն աճուրդով վաճառելու մասին» 04.09.2006 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի մասին և մինչև 04.12.2017 թվականը միջոց չի ձեռնարկել նշված վարչական ակտերը բողոքարկելու ուղղությամբ, անհիմն է, քանի որ տվյալ որոշմամբ Մարիամ Ոսկանյանին հայտնի է դարձել միայն այն փաստը, որ իր կողմից ձեռք բերված 0,97հա մակերեսով հողամասից 0,768հա մակերեսով հողամասի նկատմամբ գրանցված է Գագիկ Սարգիսյանի սեփականության իրավունքը, իսկ այն հանգամանքը, որ տվյալ գույքը Գագիկ Սարգիսյանին է անցել 23.08.2006 թվականին անցկացրած 1.3հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողերի կրկնաճուրդով, Մարիամ Ոսկանյանը տեղեկացել է` ստանալով թիվ ԱՐԱԴ/2056/02/17 քաղաքացիական գործով Գագիկ Սարգիսյանի` Մարիամ Ոսկանյանի դեմ ներկայացված հայցադիմումի 2-րդ օրինակը, կից փաստաթղթերը և գործը վարույթ ընդունելու մասին որոշումը: Իսկ մինչև այդ պահը Մարիամ Ոսկանյանի կողմից` 23.08.2006 թվականին անցկացրած 1,3հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողերի կրկնաճուրդի մասին հաստատապես իմանալու վերաբերյալ ապացույցներ չեն ներկայացվել:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Կադաստրի 01.12.2015 թվականի «Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը մերժելու մասին» թիվ Մ-30/11/2015-4-0053 որոշմամբ Մարիամ Ոսկանյանը տեղեկացել է միայն այն մասին, որ իր կողմից ձեռք բերված 0,97հա մակերեսով հողամասից 0,768հա մակերեսով հողամասի նկատմամբ գրանցված է Գագիկ Սարգիսյանի սեփականության իրավունքը, ինչը դեռևս հիմք չէ հաստատապես փաստելու այն մասին, որ Մարիամ Ոսկանյանն իմացել է 23.08.2006 թվականին անցկացրած 1,3հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողերի կրկնաճուրդի մասին, և միայն 02.10.2017 թվականին Գագիկ Սարգիսյանի հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը ստանալուց հետո է ենթադրվում, որ վերջինս իմացել է տվյալ փաստի մասին: Այսինքն` Մարիամ Ոսկանյանը վիճարկման ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, այն է` չի իմացել նշված վարչական ակտի գոյության մասին, և այդ պատճառը վերանալուց հետո երկու ամսվա ընթացքում` 04.12.2017 թվականին (03.12.2017 թվականը եղել է կիրակի, այսինքն` ոչ աշխատանքային օր), վիճարկման հայցով դիմել է վարչական դատարան, որպիսի պայմաններում դատավարական ժամկետների բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդությունը ենթակա էր բավարարման, ինչի կապակցությամբ Դատարանը կայացրել է իրավաչափ դատական ակտ, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.05.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. ՀՀ վարչական դատարանի 11.12.2017 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին Մարիամ Ոսկանյանի միջնորդությունը բավարարելու` վիճարկման հայց ներկայացնելու համար սահմանված դատավարական ժամկետը վերականգնելու մասով, թողնել անփոփոխ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
Հատուկ կարծիք
31.07.2019թ.
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՎԴ/13203/05/17 վարչական գործով 31.07.2019 թվականին կայացված որոշման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 31.07.2019 թվականին քննելով ըստ հայցի Մարիամ Ոսկանյանի ընդդեմ ՀՀ Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի (այսուհետ` Համայնք)` 23.08.2006 թվականի անցկացրած 1.3հա գյուղատնտեսական նշանակության հողերի կրկնաճուրդն անվավեր ճանաչելու և որպես հետևանքներ` Համայնքի և Գագիկ Սարգիսյանի միջև «Հողամասն աճուրդով վաճառելու մասին» 04.09.2006 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև 23.10.2006 թվականին Գագիկ Սարգիսյանի անվամբ կատարված 1.3հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.05.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ Մարիամ Ոսկանյանի ներկայացուցիչ Արմեն Դավթյանի վճռաբեկ բողոքը` նույն պալատի ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է Վճռաբեկ բողոքը բավարարել` վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.05.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. ՀՀ վարչական դատարանի 11.12.2017 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին Մարիամ Ոսկանյանի միջնորդությունը բավարարելու` վիճարկման հայց ներկայացնելու համար սահմանված դատավարական ժամկետը վերականգնելու մասով, թողնել անփոփոխ:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս և Ստեփան Միքայելյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Մարիամ Ոսկանյանը պահանջել է անվավեր ճանաչել Համայնքի կողմից նույն համայնքի 147 կադաստրային թաղամասի (տարածքի) անհայտ ծածկագրերից 23.08.2006 թվականին անցկացված 1,3հա գյուղատնտեսական նշանակության հողերի կրկնաճուրդը, որպես անվավերության հետևանքներ` անվավեր ճանաչել Համայնքի և Գագիկ Սարգիսյանի միջև «Հողամասն աճուրդով վաճառելու մասին» 04.09.2006 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև 23.10.2006 թվականին Գագիկ Սարգիսյանի անվամբ կատարված 1,3հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 11.12.2017 թվականի որոշմամբ Մարիամ Ոսկանյանի ներկայացուցչի միջնորդությունը` դատավարական ժամկետի բացթողումը հարգելի համարելու և վերականգնելու մասին, բավարարվել է, և հայցադիմումն ընդունվել է վարույթ:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.05.2018 թվականի որոշմամբ Գագիկ Սարգիսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` վերացվել է Դատարանի 11.12.2017 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշման «բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարելու» մասը:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարիամ Ոսկանյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր) 01.12.2015 թվականի թիվ Մ-30/11/2015-4-0053 որոշումից Մարիամ Ոսկանյանը չէր կարող իմանալ Համայնքի 147 կադաստրային թաղամասի (տարածքի) անհայտ ծածկագրից 23.08.2006 թվականին անցկացրած 1,3հա հողերի կրկնաճուրդի մասին, քանի որ նշված որոշմամբ միայն մերժել է Մարիամ Ոսկանյանի սեփականության իրավունքի գրանցումը, և այն նշում չի պարունակում կրկնաճուրդի մասին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 29.05.2018 թվականի որոշումը` «օրինական ուժի մեջ թողնելով Դատարանի 11.12.2017 թվականի որոշումը»:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները հանգել են հետևյալին.
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ և 72-րդ հոդվածների խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասը, 65-րդ հոդվածը, 66-րդ հոդվածի 1-ին մասը, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման մասին ՀՀ սահմանադրական դատարանի 10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաև դատարանի մատչելիության իրավունքի մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) Kreuz v. Poland (28249/95) գործով 19.06.2001 թվականի վճռով` 52-րդ կետ, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով 13.07.1995 թվականի վճռով` 59-րդ կետ, Khalfaoui v. France (34791/97) գործով 14.12.1999 թվականի վճռով` 36-րդ կետ, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով 12.04.2016 թվականի վճռով` 28-րդ կետ, Stubbings and others v. The United Kingdom (22083/93; 22095/93) գործով 22.10.1996 թվականի վճռով` 51-րդ և 55-րդ կետեր, արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, սահմանելով վարչական դատարանում գործի հարուցման հիմքը` համապատասխան հայցը, միաժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածում սահմանել է այն ժամկետները, որոնց ընթացքում հայցը կարող է ներկայացվել վարչական դատարան: Օրենսդիրը, սահմանելով վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները, միաժամանակ հատուկ սահմանել է բաց թողնված ժամկետների վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:
Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը վկայակոչել է նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը, ըստ որի` բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ:
Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից` երկարատև հիվանդության պատճառով:
Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե՛ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշման շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձինք իրենց դատական պաշտպանության իրավունքից կարող են օգտվել օրենքով սահմանված ժամկետներում, և որպեսզի վարչական դատարանն իրավասու լինի գործադրելու օրենքով սահմանված իր լիազորությունները կոնկրետ իրավական վեճն ըստ էության լուծելու համար, անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայություն, առաջին` համապատասխան հայցի առկայություն, երկրորդ` հայցի ներկայացում վարչական դատարան` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Դատավարական ժամկետները բաց թողնելու դեպքում երկրորդ պայմանն ապահովված կարող է համարվել միայն կոնկրետ վարչական գործում բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման բավարարված միջնորդության առկայության դեպքում, իսկ մնացած դեպքերում անձը չի կարող օգտվել դատական պաշտպանության իրավունքից, իսկ ՀՀ վարչական դատարանն իրավասու չէ գործադրելու օրենքով վարչական դատարանի համար նախատեսված լիազորությունները (տե՛ս, Աշոտ Գագիկի Հովհաննիսյանի օրինական ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/9439/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.10.2013 թվականի որոշումը, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Արմենուհի Դալիբալթյանի թիվ ՎԴ/2499/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2014 թվականի որոշումը, Հրաչյա Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և մյուսների թիվ ՎԴ/1963/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.12.2014 թվականի որոշումը, «2ԷԴ» ՓԲԸ-ի տնօրեն Էդգար Հովհաննիսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5086/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.07.2015 թվականի որոշումը, Եղեգնուտի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի մարզային ստորաբաժանման թիվ ՎԴ/0196/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2016 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` Մարիամ Ոսկանյանը 04.12.2017 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան` պահանջելով անվավեր ճանաչել Համայնքի կողմից նույն համայնքի 147 կադաստրային թաղամասի (տարածքի) անհայտ ծածկագրերից 23.08.2006 թվականին անցկացրած 1,3հա գյուղատնտեսական նշանակության հողերի կրկնաճուրդը և որպես անվավերության հետևանքներ` անվավեր ճանաչել Համայնքի և Գագիկ Սարգիսյանի միջև «Հողամասն աճուրդով վաճառելու մասին» 04.09.2006 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև 23.10.2006 թվականին Գագիկ Սարգիսյանի անվամբ կատարված 1,3հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը (հավելված հատոր 1-ին, գ.թ. 3-33):
Միաժամանակ Մարիամ Ոսկանյանը հայցադիմումին կից ներկայացրել է բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, որով հայտնել է, որ Համայնքի կողմից 147 կադաստրային տարածքի համապատասխան ծածկագրերից 1,3 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի 23.08.2006 թվականի աճուրդի մասին, Օհանավան համայնքի և Գագիկ Սարգիսյանի միջև «Հողամասն աճուրդով վաճառելու մասին» 04.09.2006 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի, ինչպես նաև Կադաստրի 23.10.2006 թվականին Գագիկ Սարգիսյանի անվամբ կատարված 147-018 ծածկագրի գյուղատնտեսական նշանակության վարելահողի սեփականության իրավունքի պետական գրանցման մասին տեղեկացել է 02.10.2017 թվականին` ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԱՐԱԴ/2056/02/17 քաղաքացիական գործով 13.07.2017 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը և Գագիկ Սարգիսյանի հայցադիմումի օրինակը ստանալու պահից, ուստի միջնորդել է հարգելի ճանաչել և վերականգնել բաց թողնված դատավարական ժամկետը (հավելված հատոր 2-րդ, գ.թ. 17-21):
Դատարանը 11.12.2017 թվականի որոշմամբ Մարիամ Ոսկանյանի ներկայացրած միջնորդությունը բավարարել է` հարգելի է համարվել և վերականգնվել Համայնքի կողմից նույն համայնքի 147 կադաստրային թաղամասի (տարածքի) անհայտ ծածկագրերից 23.08.2006 թվականին անցկացրած 1.3հա գյուղատնտեսական նշանակության հողերի կրկնաճուրդը վիճարկելու համար սահմանված դատավարական ժամկետը, և հայցադիմումն ընդունվել է վարույթ (հավելված հատոր 2-րդ, գ.թ. 68-72):
Վերաքննիչ դատարանը, բավարարելով Գագիկ Սարգիսյանի վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ Մարիամ Ոսկանյանն առնվազն Կադաստրի 01.12.2015 թվականի թիվ Մ-30/11/2015-4-0053 որոշումից տեղեկացել է Համայնքի` նույն համայնքի 147 կադաստրային թաղամասի (տարածքի) անհայտ ծածկագրից 23.08.2006 թվականի անցկացրած 1.3հա գյուղատնտեսական նշանակության հողերի կրկնաճուրդի, Օհանավան համայնքի և Գագիկ Սարգիսյանի միջև «Հողամասն աճուրդով վաճառելու մասին» 04.09.2006 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի մասին և մինչև 04.12.2017 թվականը միջոց չի ձեռնարկել նշված վարչական ակտերը բողոքարկելու ուղղությամբ: Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ Մարիամ Ոսկանյանն անգործություն է ցուցաբերել իրավունքների պաշտպանության իր իրավունքն իրացնելու հարցում, ինչի արդյունքում էլ բաց է թողել ՀՀ վարչական դատարան վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետը: Իսկ նշված հիմքով ժամկետի բացթողումը չի կարող համարվել հարգելի:
Մինչդեռ, վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն վարչական գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը, Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.
Սույն գործի փաստերի համաձայն` Մարիամ Ոսկանյանը 20.04.2007 թվականի առուվաճառքի պայմանագրով ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքից աճուրդային կարգով ձեռք է բերել 0,97հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության, 110-001 կադաստրային ծածկագրով հողամասը (հավելված հատոր 1-ին, գ.թ. 105):
Կադաստրի 01.12.2015 թվականի թիվ Մ-30/11/2015-4-0053 որոշմամբ Մարիամ Ոսկանյանի դիմումի հիման վրա իրավունքի պետական գրանցումը մերժվել է «Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով, քանի որ անշարժ գույքի միավորի նկատմամբ առկա է եղել գրանցված իրավունք, որը բացառում է ներկայացված իրավունքի գրանցումը: Կադաստրային քարտեզում ուղղում չի կատարվել, քանի որ Մարիամ Ոսկանյանի կողմից ձեռք բերված 0,97հա հողամասից 0,768հա հողամասի նկատմամբ` որպես Համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույք, սեփականության իրավունքով գրանցված է Գագիկ Սարգիսյանի անվամբ (հավելված հատոր 3-րդ, գ.թ. 11):
Գագիկ Սարգիսյանը, դիմելով ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան, խնդրել է Մարիամ Ոսկանյանին պարտավորեցնել ազատել Գագիկ Սարգիսյանի սեփականությունը հանդիսացող կադաստրային 147-018 ծածկագրի հողամասի հետ համադրվող 0,8114հա մասը և որպես հետևանք` այդ մասով անվավեր ճանաչել Մարիամ Ոսկանյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը (հավելված հատոր 2-րդ գ.թ. 58-60):
ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 13.07.2017 թվականի որոշմամբ Գագիկ Սարգիսյանի հայցադիմումն ընդունվել է վարույթ (հավելված հատոր 2-րդ գ.թ. 62):
ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.10.2017 թվականի թիվ ԴԴ-26 Ե-16743/17 գրությամբ Մարիամ Ոսկանյանին են տրամադրվել թիվ ԱՐԱԴ/2056/02/17 քաղաքացիական գործով Գագիկ Սարգիսյանի` Մարիամ Ոսկանյանի դեմ ներկայացված հայցադիմումի 2-րդ օրինակը, կից փաստաթղթերը և գործը վարույթ ընդունելու մասին որոշումը (հավելված հատոր 2-րդ գ.թ. 67):
Վերաքննիչ դատարանի այն հիմնավորումը, որ Մարիամ Ոսկանյանն արդեն 01.12.2015 թվականին տեղեկացել է Համայնքի` նույն համայնքի 147 կադաստրային թաղամասի (տարածքի) անհայտ ծածկագրից 23.08.2006 թվականի անցկացրած 1.3հա գյուղատնտեսական նշանակության հողերի կրկնաճուրդի, Համայնքի և Գագիկ Սարգիսյանի միջև «Հողամասն աճուրդով վաճառելու մասին» 04.09.2006 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի մասին և մինչև 04.12.2017 թվականը միջոց չի ձեռնարկել նշված վարչական ակտերը բողոքարկելու ուղղությամբ, անհիմն է, քանի որ տվյալ որոշմամբ Մարիամ Ոսկանյանին հայտնի է դարձել միայն այն փաստը, որ իր կողմից ձեռք բերված 0,97հա հողամասից 0,768հա հողամասի նկատմամբ գրանցված է Գագիկ Սարգիսյանի սեփականության իրավունքը, իսկ այն հանգամանքը, որ տվյալ գույքը Գագիկ Սարգիսյանին է անցել 23.08.2006 թվականին անցկացրած 1.3հա գյուղատնտեսական նշանակության հողերի կրկնաճուրդով, Մարիամ Ոսկանյանը տեղեկացել է` ստանալով թիվ ԱՐԱԴ/2056/02/17 քաղաքացիական գործով Գագիկ Սարգիսյանի` Մարիամ Ոսկանյանի դեմ ներկայացված հայցադիմումի 2-րդ օրինակը, կից փաստաթղթերը և գործը վարույթ ընդունելու մասին որոշումը: Իսկ մինչև այդ պահը Մարիամ Ոսկանյանի կողմից` 23.08.2006 թվականին անցկացրած 1.3հա գյուղատնտեսական նշանակության հողերի կրկնաճուրդի մասին հաստատապես իմանալու վերաբերյալ ապացույցներ չեն ներկայացվել:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Կադաստրի 01.12.2015 թվականի «Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը մերժելու մասին» թիվ Մ-30/11/2015-4-0053 որոշմամբ Մարիամ Ոսկանյանը տեղեկացել է միայն այն մասին, որ իր կողմից ձեռք բերված 0,97հա հողամասից 0,768հա հողամասի նկատմամբ գրանցված է Գագիկ Սարգիսյանի սեփականության իրավունքը, ինչը դեռևս հիմք չէ հաստատապես փաստելու այն մասին, որ Մարիամ Ոսկանյանն իմացել է 23.08.2006 թվականի անցկացրած 1.3հա գյուղատնտեսական նշանակության հողերի կրկնաճուրդի մասին, և միայն 02.10.2017 թվականին Գագիկ Սարգիսյանի հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը ստանալուց հետո է ենթադրվում, որ վերջինս իմացել է տվյալ փաստի մասին: Այսինքն` Մարիամ Ոսկանյանը վիճարկման ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, այն է` չի իմացել նշված վարչական ակտի գոյության մասին, և այդ պատճառը վերանալուց հետո երկու ամսվա ընթացքում` 04.12.2017 թվականին (03.12.2017 թվականը եղել է կիրակի, այսինքն` ոչ աշխատանքային օր), վիճարկման հայցով դիմել է վարչական դատարան, որպիսի պայմաններում դատավարական ժամկետների բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդությունը ենթակա էր բավարարման, ինչի կապակցությամբ Դատարանը կայացրել է իրավաչափ դատական ակտ, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտել է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս և Ստեփան Միքայելյանս, համաձայն չլինելով Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը վերոգրյալ որոշման վերաբերյալ:
Գտնում ենք, որ վիճարկման հայցը դատարան ներկայացնելու ժամկետի հաշվարկման և այն հարգելի ճանաչելու առանձնահատկությունների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը չի բխում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-60-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներից հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը, ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե լրացել է հայցադիմում ներկայացնելու համար նույն օրենսգրքով սահմանված ժամկետը, և չի ներկայացվել միջնորդություն այն վերականգնելու մասին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում: Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ վիճարկման հայցադիմումն օրենքով սահմանված դատավարական ժամկետի պահպանմամբ ներկայացնելը հայցադիմումը վարույթ ընդունելու անհրաժեշտ նախապայմաններից մեկն է: Միևնույն ժամանակ օրենսդիրը սահմանել է բաց թողնված դատավարական ժամկետները վերականգնելու իրավական հնարավորություն` համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում:
Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
Գտնում ենք, որ վիճարկման հայց ներկայացնելու ժամկետների հարցի լուծումն ուղղակիորեն պայմանավորված է վիճարկվող վարչական ակտի ուժի մեջ մտնելու հանգամանքով, իսկ վարչական ակտի ուժի մեջ մտնելու հարցը կարգավորված է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-60-րդ հոդվածներով:
Այսպես. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին իրազեկում է սույն հոդվածով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գրավոր վարչական ակտը, ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, պետք է հանձնվի վարույթի մասնակիցներին: Դա կարող է իրականացվել պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպես նաև հանձնման այնպիսի եղանակներով, որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից ակտը ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը:
Որպես կանոն, գրավոր վարչական ակտի հանձնումը պետք է կատարվի ակտը վարույթի մասնակիցներին ստորագրությամբ առձեռն հանձնելու միջոցով:
Նույն մասով նախատեսված հանձնման մյուս միջոցները կիրառվում են այն դեպքում, երբ որևէ հիմնավոր պատճառով ստորագրությամբ առձեռն հանձնելու հնարավորություն չկա, այդ թվում, եթե հասցեատերն ինքը խնդրել է օգտագործել հանձնման այլ միջոցներ:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` վարչական ակտի հրապարակումը կատարվում է վարչական մարմնի տեղեկագրում կամ այլ պաշտոնական տեղեկագրում հրատարակելով կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակելով:
Գրավոր վարչական ակտը ենթակա է պարտադիր հրապարակման, եթե վարչական մարմնին հայտնի չեն այդ ակտով ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Մամուլում, զանգվածային լրատվության այլ միջոցներում կամ տեղեկատվության տարածման այլ միջոցներում հրապարակվում է գրավոր վարչական ակտի եզրափակիչ մասը: Նման եղանակով հրապարակման մեջ պետք է նշվի, թե որտեղ կարելի է ամբողջությամբ ծանոթանալ վարչական ակտին, այդ թվում` դրա հիմնավորմանը:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից ակնհայտ է, որ վարչական ակտն ուժի մեջ մտնելու պահն օրենսդիրը պայմանավորել է այդ ակտի մասին վարչական վարույթի մասնակիցների օրենքով սահմանված եղանակներից որևէ մեկով իրազեկելու հանգամանքով, ինչը նշանակում է, որ վերջիններիս համար վարչական ակտը կարող է ուժի մեջ մտնել իրազեկվելու հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:
Ինչպես վերը նշվեց, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված է, թե ում և ինչպես պետք է վարչական մարմինն իրազեկի վարչական ակտի ընդունման մասին: Ըստ այդմ, վարչական մարմինը պարտավոր է իրազեկել վարչական վարույթի մասնակիցներին` իրազեկումն իրականացնելով հանձնման կամ հրապարակման եղանակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթի մասնակիցներն են (այսուհետ` վարույթի մասնակիցներ)`
ա) վարչական ակտի հասցեատերը` այն անձը, ով դիմել է վարչական ակտ ընդունելու համար (դիմող), կամ այն անձը, ում նկատմամբ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ ընդունելու է վարչական ակտ.
բ) երրորդ անձինք` այն անձինք, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով:
Այսպիսով գտնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցների` վարչական ակտի հասցեատիրոջ և երրորդ անձանց համար վարչական ակտը կարող է ուժի մեջ մտնել այդ վարչական ակտի ընդունման մասին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված եղանակներից որևէ մեկով իրազեկելու հաջորդ օրվանից: Գտնում ենք նաև, որ վարչական վարույթի մասնակիցների թիվը մեկից ավելի լինելու դեպքում վարչական ակտի ուժի մեջ մտնելու հանգամանքը պայմանավորված է նրանցից յուրաքանչյուրի իրազեկմամբ:
Հարկ ենք համարում ընդգծել, որ օրենքով նախատեսված հանձնման եղանակով վարչական ակտի ընդունման մասին վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելն առանձնակի բարդություն չի ներկայացնում այն դեպքերում, երբ վարչական վարույթի մասնակիցների կազմը հայտնի է: Այլ է իրավիճակը, սակայն, երբ վարչական մարմնին հայտնի չեն այդ ակտով ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները: Այլ կերպ ասած, վարչական վարույթում երրորդ անձի հնարավոր կարգավիճակ ունեցող անձանց հանձնման եղանակով վարչական ակտի ընդունման մասին իրազեկելը գործնականում անհնար է, եթե վարչական մարմինը չի տիրապետում բավարար տեղեկատվության այն անձանց մասին, ում իրավունքներն ուղղակիորեն կարող են շոշափվել վարչական ակտով: Նման դեպքերի համար օրենսդիրը սահմանել է վարչական ակտի իրազեկման այլ եղանակ` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրելով վարչական ակտի հրապարակման պարտադիր կանոն:
Հարկ ենք համարում ընդգծել նաև, որ բարենպաստ վարչական ակտի ուժի մեջ մտնելը կարևորվում է այդ ակտի կատարման ենթակա լինելու առումով միայն, մինչդեռ միջամտող վարչական ակտի պարագայում դրա ուժի մեջ մտնելը կարևորվում է այն վիճարկելու ժամկետների հաշվարկման առումով, հետևաբար որևէ նշանակություն չի կարող ունենալ ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ հանդիսացող վարչական ակտի մասին վերջինիս իրազեկվելու, այսինքն` վարչական ակտի ուժի մեջ մտնելու հանգամանքն այն պարագայում, երբ վարչական ակտը վիճարկվում է երրորդ անձի կողմից` իր իրավունքներին միջամտելու հիմքով: Վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետների հաշվարկման համար էական նշանակություն ունի միայն այն հարցը, թե երբ է վարչական ակտն ուժի մեջ մտել ակտը վիճարկողի, այսինքն` հայցվորի համար: Հետևաբար անկախ այն հանգամանքից, վարչական ակտը վիճարկվում է դրա հասցեատիրոջ, թե վարչական վարույթում երրորդ անձի կարգավիճակ ունեցող անձի կողմից, հայցվորը պետք է հայցադիմումը դատարան ներկայացնի երկամսյա ժամկետում` սկսած այն օրվան հաջորդող օրվանից, երբ ինքն է իրազեկվել վարչական ակտի ընդունման մասին:
Այսպիսով, գտնում ենք, որ վիճարկման հայցադիմումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված ժամկետում ներկայացված լինելու հանգամանքն ուղղակիորեն պայմանավորված է այդ ակտի ընդունման մասին հայցվորի (և ոչ թե որևէ այլ անձի) իրազեկման հանգամանքով, ուստի վիճարկման հայցը կարող է ներկայացվել այդ ակտի ընդունման մասին հենց հայցվորի իրազեկվելուն հաջորդող օրվանից սկսած երկամսյա ժամկետում, իսկ այդ ժամկետը բաց թողնելու դեպքում նաև հայցվորը պարտավոր է ներկայացնել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն: Ընդ որում հայցվորի վրա չի կարող դրվել դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդություն ներկայացնելու պարտականություն` վիճարկման հայցի ժամկետի հաշվարկը պայմանավորելով վարչական ակտի ընդունման մասին վարչական վարույթի մնացած մասնակիցների (այդ թվում ակտի հասցեատիրոջ կամ հասցեատերերի, երրորդ անձանց) իրազեկման հանգամանքով, քանի որ նրանցից յուրաքանչյուրը կարող է կրել միայն իր համար սահմանված դատավարական ժամկետները բաց թողնելու բոլոր իրավական հետևանքները:
Ամփոփելով վերոգրյալը` գտնում ենք, որ վիճարկման հայցադիմումը կարող է համարվել դատավարական ժամկետների խախտմամբ ներկայացված, եթե այն ներկայացվել է վիճարկվող վարչական ակտի ընդունման մասին հայցվորի իրազեկման հաջորդող օրվանից սկսած երկամսյա ժամկետի ավարտից հետո: Նշված դեպքում հայցվորը պարտավոր է ներկայացնել նաև դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն: Հայցվորը պարտավոր չէ սակայն ներկայացնել բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու միջնորդություն այն դեպքում, երբ հայցադիմումը դատարան է ներկայացրել վիճարկվող վարչական ակտի ընդունման մասին իր իրազեկվելու հաջորդող օրվանից սկսած երկամսյա ժամկետում, սակայն վարչական վարույթի մյուս մասնակիցների իրազեկվելու հաջորդող օրվանից հաշված երկամսյա ժամկետի ավարտից հետո:
Սույն գործի փաստերի համաձայն` Մարիամ Ոսկանյանը 20.04.2007 թվականի առուվաճառքի պայմանագրով ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքից աճուրդային կարգով ձեռք է բերել 0,97հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության, 110-001 կադաստրային ծածկագրով հողամասը (հավելված հատոր 1-ին, գ.թ. 105):
Կադաստրի 01.12.2015 թվականի թիվ Մ-30/11/2015-4-0053 որոշմամբ Մարիամ Ոսկանյանի դիմումի հիման վրա իրավունքի պետական գրանցումը մերժվել է «Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով, քանի որ անշարժ գույքի միավորի նկատմամբ առկա է եղել գրանցված իրավունք, որը բացառում է ներկայացված իրավունքի գրանցումը: Կադաստրային քարտեզում ուղղում չի կատարվել, քանի որ Մարիամ Ոսկանյանի կողմից ձեռք բերված 0,97հա հողամասից 0,768հա հողամասի նկատմամբ` որպես Համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույք, սեփականության իրավունքով գրանցված է Գագիկ Սարգիսյանի անվամբ (հավելված հատոր 3-րդ, գ.թ. 11):
Գագիկ Սարգիսյանը, դիմելով ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան, խնդրել է Մարիամ Ոսկանյանին պարտավորեցնել ազատել Գագիկ Սարգիսյանի սեփականությունը հանդիսացող կադաստրային 147-018 ծածկագրի հողամասի հետ համադրվող 0,8114հա մասը և որպես հետևանք` այդ մասով անվավեր ճանաչել Մարիամ Ոսկանյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը (հավելված հատոր 2-րդ գ.թ. 58-60):
ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 13.07.2017 թվականի որոշմամբ Գագիկ Սարգիսյանի հայցադիմումն ընդունվել է վարույթ (հավելված հատոր 2-րդ գ.թ. 62):
ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.10.2017 թվականի թիվ ԴԴ-26 Ե-16743/17 գրությամբ Մարիամ Ոսկանյանին են տրամադրվել թիվ ԱՐԱԴ/2056/02/17 քաղաքացիական գործով Գագիկ Սարգիսյանի` Մարիամ Ոսկանյանի դեմ ներկայացված հայցադիմումի 2-րդ օրինակը, կից փաստաթղթերը և գործը վարույթ ընդունելու մասին որոշումը (հավելված հատոր 2-րդ գ.թ. 67):
Մարիամ Ոսկանյանը 04.12.2017 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան` պահանջելով անվավեր ճանաչել Համայնքի կողմից նույն համայնքի 147 կադաստրային թաղամասի (տարածքի) անհայտ ծածկագրերից 23.08.2006 թվականին անցկացրած 1,3հա գյուղատնտեսական նշանակության հողերի կրկնաճուրդը և որպես անվավերության հետևանքներ` անվավեր ճանաչել Համայնքի և Գագիկ Սարգիսյանի միջև «Հողամասն աճուրդով վաճառելու մասին» 04.09.2006 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև 23.10.2006 թվականին Գագիկ Սարգիսյանի անվամբ կատարված 1,3հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը (հավելված հատոր 1-ին, գ.թ. 3-33):
Միաժամանակ Մարիամ Ոսկանյանը հայցադիմումին կից ներկայացրել է բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, որով հայտնել է, որ Համայնքի կողմից 147 կադաստրային տարածքի համապատասխան ծածկագրերից 1,3 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի 23.08.2006 թվականի աճուրդի, Օհանավան համայնքի և Գագիկ Սարգիսյանի միջև «Հողամասն աճուրդով վաճառելու մասին» 04.09.2006 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի, ինչպես նաև Կադաստրի 23.10.2006 թվականին Գագիկ Սարգիսյանի անվամբ կատարված 147-018 ծածկագրի գյուղատնտեսական նշանակության վարելահողի սեփականության իրավունքի պետական գրանցման մասին, տեղեկացել է 02.10.2017 թվականին` ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԱՐԱԴ/2056/02/17 քաղաքացիական գործով 13.07.2017 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը և Գագիկ Սարգիսյանի հայցադիմումի օրինակը ստանալու պահից, ուստի միջնորդել է հարգելի ճանաչել և վերականգնել բաց թողնված դատավարական ժամկետը (հավելված հատոր 2-րդ, գ.թ. 17-21):
Դատարանը 11.12.2017 թվականի որոշմամբ Մարիամ Ոսկանյանի ներկայացրած միջնորդությունը բավարարել է` հարգելի է համարել և վերականգնել է Համայնքի կողմից նույն համայնքի 147 կադաստրային թաղամասի (տարածքի) անհայտ ծածկագրերից 23.08.2006 թվականին անցկացրած 1.3հա գյուղատնտեսական նշանակության հողերի կրկնաճուրդը վիճարկելու համար սահմանված դատավարական ժամկետը, և հայցադիմումն ընդունվել է վարույթ (հավելված հատոր 2-րդ, գ.թ. 68-72):
Վերաքննիչ դատարանը, բավարարելով Գագիկ Սարգիսյանի վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ Մարիամ Ոսկանյանն առնվազն Կադաստրի 01.12.2015 թվականի թիվ Մ-30/11/2015-4-0053 որոշումից տեղեկացել է Համայնքի` նույն համայնքի 147 կադաստրային թաղամասի (տարածքի) անհայտ ծածկագրից 23.08.2006 թվականի անցկացրած 1.3հա գյուղատնտեսական նշանակության հողերի կրկնաճուրդի, Օհանավան համայնքի և Գագիկ Սարգիսյանի միջև «Հողամասն աճուրդով վաճառելու մասին» 04.09.2006 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի մասին և մինչև 04.12.2017 թվականը միջոց չի ձեռնարկել նշված վարչական ակտերը բողոքարկելու ուղղությամբ: Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ Մարիամ Ոսկանյանն անգործություն է ցուցաբերել իրավունքների պաշտպանության իր իրավունքն իրացնելու հարցում, ինչի արդյունքում էլ բաց է թողել ՀՀ վարչական դատարան վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետը: Իսկ նշված հիմքով ժամկետի բացթողումը չի կարող համարվել հարգելի:
Վճռաբեկ դատարանը գտել է, որ Կադաստրի 01.12.2015 թվականի «Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը մերժելու մասին» թիվ Մ-30/11/2015-4-0053 որոշմամբ Մարիամ Ոսկանյանը տեղեկացել է միայն այն մասին, որ իր կողմից ձեռք բերված 0,97հա հողամասից 0,768հա հողամասի նկատմամբ գրանցված է Գագիկ Սարգիսյանի սեփականության իրավունքը, ինչը դեռևս հիմք չէ հաստատապես փաստելու, որ Մարիամ Ոսկանյանն իմացել է 23.08.2006 թվականի անցկացրած 1.3հա գյուղատնտեսական նշանակության հողերի կրկնաճուրդի մասին, և միայն 02.10.2017 թվականին Գագիկ Սարգիսյանի հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը ստանալուց հետո է վերջինս իմացել տվյալ փաստի մասին: Այսինքն` Մարիամ Ոսկանյանը վիճարկման ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, այն է` չի իմացել նշված վարչական ակտի գոյության մասին, և այդ պատճառը վերանալուց հետո երկու ամսվա ընթացքում` 04.12.2017 թվականին (03.12.2017 թվականը եղել է կիրակի, այսինքն` ոչ աշխատանքային օր), վիճարկման հայցով դիմել է վարչական դատարան, որպիսի պայմաններում դատավարական ժամկետների բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդությունը ենթակա էր բավարարման, ինչի կապակցությամբ Դատարանը կայացրել է իրավաչափ դատական ակտ, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Մինչդեռ գտնում ենք, որ վիճարկման հայցադիմումը դատարան ներկայացնելու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դատավարական ժամկետը Մարիամ Ոսկանյանի կողմից բաց թողնված լինելու փաստն արձանագրելու համար Վճռաբեկ դատարանը նախ պետք է անդրադառնար վիճարկվող վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրվան վերաբերող հարցին, որից հետո միայն եզրահանգում կատարեր դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտության և այդ միջնորդությունը բավարարման ենթակա լինելու վերաբերյալ: Այնինչ, առանց արձանագրելու վիճարկվող վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրը, այսինքն` չունենալով վիճարկման հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը հաշվարկելու ելակետ, ավելին` փաստելով, որ մինչև 04.12.2017 թվականին հայցվորը չի իմացել նշված վարչական ակտի գոյության մասին, Վճռաբեկ դատարանն այդուհանդերձ գտել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դատավարական ժամկետը Մարիամ Ոսկանյանի կողմից բաց է թողնվել: Վճռաբեկ դատարանի նշված դիրքորոշման արդյունքում ստացվում է, որ հայցվորի կողմից բաց է թողնվել այն ժամկետը, որի ընթացքում նա տեղյակ չի եղել վիճարկվող վարչական ակտի գոյության մասին:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն գործով վիճարկման հայցադիմումը դատարան ներկայացնելու դատավարական ժամկետի հաշվարկը չի պայմանավորել վիճարկվող վարչական ակտի ընդունման մասին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված եղանակներից որևէ մեկով հայցվորի իրազեկման փաստով: Փոխարենը, վիճարկվող վարչական ակտի ընդունման մասին հայցվորի իրազեկման օր հիմք ընդունելով 02.10.2017 թվականը, Վճռաբեկ դատարանը գտել է, որ հայցադիմումը ներկայացնելով 04.12.2017 թվականին, այսինքն` վիճարկվող վարչական ակտի գոյության մասին իրազեկվելուց հետո երկամսյա ժամկետում, հայցվորը բաց է թողել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետը: Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրել է, որ վիճարկման հայցադիմումը դատարան է ներկայացվել վարչական ակտի գոյության մասին հայցվորի իրազեկվելուց հետո երկու ամսվա ընթացքում (03.12.2017 թվականը եղել է կիրակի, այսինքն` ոչ աշխատանքային օր):
Գտնում ենք, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտի ընդունման մասին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված եղանակներից որևէ մեկով հայցվորի իրազեկման, այսինքն` վիճարկվող վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրը որոշակի չլինելու պարագայում հայցվորին չի կարող վերագրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դատավարական ժամկետի խախտում: Միաժամանակ, նշված դատավարական ժամկետի հաշվարկման համար պետք է հիմք ընդունել վիճարկվող վարչական ակտի իրազեկման օրվա մասին հայցվորի հայտնած տեղեկությունը` այդ ժամկետը հաշվարկելով նշված օրվան հաջորդող օրվանից: Հետևաբար, եթե հայցադիմումը դատարան է ներկայացվել վիճարկվող վարչական ակտի իրազեկման հայցվորի կողմից վկայակոչված օրվան հաջորդող օրվանից սկսած երկամսյա ժամկետում, ապա դատավարական ժամկետ բաց թողնելու, ուստիև այդ ժամկետը վերականգնելու միջնորդություն ներկայացնելու մասին խոսք լինել չի կարող, իսկ այդպիսին ներկայացված լինելու դեպքում այն կհանդիսանա առարկայազուրկ և քննարկման ոչ ենթակա:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ երբ դատական պաշտպանություն հայցող անձը վիճարկում է վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրը և դատարանին տեղեկություն հայտնում իր իրազեկման օրվա մասին, որը հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում, ըստ էության, դատարանին հայտնի միակ տեղեկությունն է լինում, հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելիս, որպես իրազեկման օր, դատարանը պետք է հիմք ընդունի նշված օրը, հետևաբար վիճարկման հայց ներկայացնելու համար դատավարական ժամկետների հաշվարկն էլ պետք է կատարվի այդ օրվանը հաջորդող օրվանից և, եթե այդ պարագայում վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետը բաց չի թողնվել, այն վերականգնելու միջնորդությունը դառնում է առարկայազուրկ, որի պատճառով միջնորդությունը քննարկելու անհրաժեշտությունը բացակայում է:
ՀՀ վճռաբեկ դատարանը, ի հավելումն բաց թողնված ժամկետը հարգելի համարելու դատավարական ինստիտուտի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշմանը, անհրաժեշտ է համարել նշել, որ այն դեպքում, երբ դատավարական ժամկետները բաց թողնված լինելու հանգամանքը վիճելի է, այսինքն` առկա է դատական պաշտպանության դիմած անձի կողմից դատավարական ժամկետները բաց թողնված չլինելու վերաբերյալ ողջամիտ կասկած, անձը գործնականում պետք է հնարավորություն ունենա ներկայացնելու, իսկ դատարանն էլ պարտավոր է քննարկման առարկա դարձնել և գնահատել դատավարական ժամկետները բաց թողնված չլինելու վերաբերյալ անձի ներկայացրած հիմնավորումները, որովհետև այդ փաստը վիճելի մնալու դեպքում անձին դատական պաշտպանության տրամադրման մերժումը կհանդիսանա դատարանի մատչելիության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում, ինչի հետևանքով կխախտվի այդ իրավունքի բուն էությունը, քանի որ անձն այլևս կզրկվի իր իրավունքների ենթադրյալ խախտումները վերացնելու հնարավորությունից (տե՛ս, Հովհաննես Չամսարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/7268/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.07.2015 թվականի որոշումը):
Այսպիսով, հաշվի առնելով այն իրողությունը, որ տվյալ դեպքում վիճարկվող վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրվա մասին դատարանին հայտնի միակ տեղեկությունը ներկայացրել է հայցվորը, ով ընդունել է վիճարկվող վարչական ակտի մասին 02.10.2017 թվականին իրազեկված լինելու փաստը, գտնում ենք, որ առկա չի եղել Մարիամ Ոսկանյանի կողմից վիճարկման հայց ներկայացնելու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դատավարական ժամկետը բաց թողնելու փաստն արձանագրելու որևէ հիմք, որպիսի պայմաններում բացակայել է նաև բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտությունը, իսկ ներկայացվածն առարկայազուրկ լինելու հիմքով ենթակա չի եղել քննարկման: Միաժամանակ գտնում ենք, որ Մարիամ Ոսկանյանի դատարանի մատչելիության իրավունքը չէր կարող կախվածության մեջ դրվել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին առարկայազուրկ միջնորդության քննարկման արդյունքում ընդունվելիք որոշումից:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` գտնում ենք, որ Դատարանի 11.12.2017 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը` «բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարելու» մասով ենթակա է եղել վերացման, որպիսի իրավաչափ հետևության հանգել է Վերաքննիչ դատարանը, սակայն այդ հետևության հիմնավորումները, ըստ իս, չեն բխում սույն հատուկ կարծիքում արտահայտած իրավական դիրքորոշումներից, քանի որ գտնում ենք, որ Դատարանի որոշումը պետք է վերացվեր` առարկայազուրկ միջնորդության քննարկման արդյունքում ընդունված լինելու պատճառաբանությամբ:
Այսպիսով գտնում ենք, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը: Միաժամանակ նկատի ունենալով, որ ստորադաս դատարանի գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված, գտնում ենք, որ այն պետք է թողնել օրինական ուժի մեջ` սույն հատուկ կարծիքի պատճառաբանություններով: Ըստ այդմ, գտնում ենք, որ վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.05.2018 թվականի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ` սույն հատուկ կարծիքում ներկայացված պատճառաբանություններով:
Դատավոր Ռ. Հակոբյան
Դատավոր Ստ. Միքայելյան