i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ
դատարանի որոշում թիվ ՎԴ/13663/05/17
Վարչական գործ թիվ ՎԴ/13663/05/17 2019 թ.
Նախագահող դատավոր` Ա. Պողոսյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Գ. Հակոբյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
2019 թվականի հուլիսի 31-ին
քննելով ըստ հայցի Արթուր Բարսեղյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության, երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն)` ՀՀ ոստիկանության պետի հրամանը վերացնելու և հետևանքները վերացնելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.08.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Նախարարության վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Արթուր Բարսեղյանը պահանջել է վերացնել ՀՀ ոստիկանության պետի 20.06.2017 թվականի թիվ 1694-Ա հրամանը և որպես հետևանք` ՀՀ ոստիկանությանը պարտավորեցնել իրեն վերականգնել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի պաշտոնում և մինչև վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրամադրել երեք ամսվա չվճարված աշխատավարձի չափով դրամական փոխհատուցում:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Լ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 21.12.2017 թվականի որոշմամբ Արթուր Բարսեղյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ և նշանակվել է նախնական դատական նիստ:
Դատարանի 09.07.2018 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Արթուր Բարսեղյանի միջնորդությունը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.08.2018 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 09.07.2018 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արթուր Բարսեղյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ և 72-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հիմնավորումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն հայցապահանջով դատարան հայց ներկայացնելու դատավարական ժամկետի սկիզբը պետք է հաշվարկել Արթուր Բարսեղյանին աշխատանքից ազատելու հրամանի ուժի մեջ մտնելու օրվանից: Արթուր Բարսեղյանը վիճարկվող հրամանը վերացնելու պահանջով դատարան կարող էր դիմել այդ վարչական ակտի մասին իրազեկվելու պահից` 24.06.2017 թվականից սկսած երկամսյա ժամկետում` մինչև 24.08.2017 թվականը: Մինչդեռ սույն գործով հայցադիմումը ՀՀ վարչական դատարան է ներկայացվել 14.12.2017 թվականին, այսինքն` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված երկամսյա ժամկետի խախտմամբ:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ տվյալ դեպքում հայցվորը չի ներկայացրել դատարան դիմելու ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու որևէ օբյեկտիվ հիմք, իսկ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բավարարելիս Դատարանը չի մատնանշել որևէ հարգելի հանգամանք:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 27.08.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Նախարարության վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման: Աշխատանքից ազատվելուց հետո ինքը մի քանի անգամ դիմել է ՀՀ ոստիկանությանը` վերադասության կարգով վիճարկելով աշխատանքից ազատելու մասին վարչական ակտը, սակայն ամեն անգամ ՀՀ ոստիկանությունից ստացել է ոչ ամբողջական, ոչ սպառիչ և անհիմն պատասխաններ: Վարչական մարմինը չի հայտնել, որ տվյալ հարցի լուծման իրավասությունը վերապահված է դատարանին: ՀՀ ոստիկանությանն ուղղված վերջին բողոքը ներկայացվել է բոլորովին նոր հիմքով, և դրա վերաբերյալ պատասխան ստանալուց հետո հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան: Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշմամբ արդեն իսկ փաստվել է Արթուր Բարսեղյանի` հայց ներկայացնելու իրավունքը. այդ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել ընդունման պահից և ենթակա չէ բողոքարկման: Այդ պարագայում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ իր միջնորդության մերժումը խաթարում է դատական պաշտպանության իրավունքի բուն էությունը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, ու գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը` վիճարկման հայց ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենա նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
i
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
i
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
i
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում: Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:
i
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն դեպքերում, երբ վարչական մարմնի ընդունած ակտը կամ ակտը չընդունելը կամ գործողություն կատարելը կամ չկատարելը բողոքարկվել է վարչական կարգով, նույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվարկվում են բողոքի վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց կամ բողոքի քննության համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո:
i
ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:
Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52): Այնուամենայնիվ Եվրոպական դատարանի տեսանկյունից` դատարանի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, կետ 59): Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև` համաչափության առումով (տե՛ս Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետ 36): Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):
Անդրադառնալով դատարանի մատչելիության ժամկետային սահմանափակումներին` Եվրոպական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ներպետական օրենսդրությամբ սահմանված այդպիսի սահմանափակումները հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից: Ըստ Եվրոպական դատարանի` նմանատիպ հայցերի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել հեռավոր անցյալում տեղի ունեցած իրադարձություններ այնպիսի ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Եվրոպական դատարանը գտել է, որ ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս Stubbings and others v. The United Kingdom (22083/93; 22095/93) գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, կետեր 51 և 55):
Օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանել է, որ վարչական դատարանում գործի հարուցման հիմքը` համապատասխան հայցն է` միաժամանակ ամրագրելով այն ժամկետները, որոնց ընթացքում հայցը կարող է ներկայացվել վարչական դատարան: Ընդ որում, օրենսդիրը հատուկ նախատեսել է բաց թողնված դատավարական, այդ թվում նաև` հայց ներկայացնելու ժամկետները վերականգնելու իրավական հնարավորություն` համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում նշել է, որ անձինք իրենց դատական պաշտպանության իրավունքից կարող են օգտվել օրենքով սահմանված ժամկետներում և որպեսզի վարչական դատարանն իրավասու լինի գործադրել օրենքով սահմանված իր լիազորությունները կոնկրետ իրավական վեճն ըստ էության լուծելու համար, անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայություն. առաջին` համապատասխան հայցի առկայություն, երկրորդ` հայցի ներկայացում վարչական դատարան` վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Դատավարական ժամկետները բաց թողնելու դեպքում երկրորդ պայմանն ապահովված կարող է համարվել միայն կոնկրետ վարչական գործում բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման բավարարված միջնորդության առկայության դեպքում, իսկ մնացած դեպքերում անձը չի կարող օգտվել դատական պաշտպանության իրավունքից, իսկ վարչական դատարանն իրավասու չէ գործադրել օրենքով վարչական դատարանի համար նախատեսված լիազորությունները (տե՛ս, Քնարիկ Սարգսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/2242/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.09.2015 թվականի որոշումը):
Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերը պետք է մեկնաբանվեն և կիրառվեն անձի` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված վերոգրյալ հիմնարար իրավունքների լույսի ներքո:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի կիրառելիության և բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնման հարցին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ: Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ, երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից երկարատև հիվանդության պատճառով:
Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե՛ս, օրինակ, Ժաննա Միրզոյանն ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի ղեկավարի թիվ ՎԴ/0100/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 31.07.2017 թվականի որոշումը):
Սույն գործի փաստական հանգամանքներից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ ոստիկանության պետի 20.06.2017 թվականի թիվ 1694-Ա հրամանի 1-ին կետով Արթուր Բարսեղյանի պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով և վերջինս ազատվել է ՀՀ ոստիկանությունում ծառայությունից (հատոր 1-ին, գ.թ. 14):
12.12.2017 թվականին Արթուր Բարսեղյանը փոստային կապի ծառայության միջոցով դիմել է դատարան` պահանջելով վերացնել ՀՀ ոստիկանության պետի 20.06.2017 թվականի թիվ 1694-Ա հրամանը և որպես հետևանք` ՀՀ ոստիկանությանը պարտավորեցնել իրեն վերականգնել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի պաշտոնում և մինչև վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրամադրել երեք ամսվա չվճարված աշխատավարձի չափով դրամական փոխհատուցում (հատոր 1-ին, գ.թ. 19):
Դատարանի 21.12.2017 թվականի որոշմամբ Արթուր Բարսեղյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ և նշանակվել է նախնական դատական նիստ:
Գործի դատաքննության ժամանակ Արթուր Բարսեղյանի ներկայացուցիչը ներկայացրել է հայց ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի ճանաչելու վերաբերյալ միջնորդություն` այն պատճառաբանելով նաև նրանով, որ Արթուր Բարսեղյանը, մի քանի անգամ դիմելով ՀՀ ոստիկանությանը, վիճարկել է իրեն աշխատանքից ազատելու մասին վարչական ակտը, սակայն ամեն անգամ տրվել է պատասխան ոչ թե այն մասին, որ այդ հարցի որոշման իրավասությունը վերապահված է դատարանին, այլ որ աշխատանքից ազատելու մասին հրամանը վերացնելու հիմքերը բավարար չեն, և հայցն ավելի շուտ կներկայացվեր, եթե վարչական կարգով բողոքարկման արդյունքում նշվեր, որ տվյալ հարցի իրավասությունը վերապահված է միայն դատարանին, մինչդեռ վարչական մարմնի կողմից տրվել են այնպիսի պատասխաններ, որոնցից հետևում է, որ ՀՀ ոստիկանությունն իրավասու էր վերացնելու վիճարկվող վարչական ակտը (հատոր 1-ին, գ.թ. 101):
Դատարանը բավարարել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Արթուր Բարսեղյանի միջնորդությունը` որոշման հիմքում դնելով նաև այն, որ հայցվորն իր իրավունքների պաշտպանությունը փորձել է հնարավորինս իրականացնել վարչական կարգով, դատարան դիմելու ժամկետի բացթողումը տվյալ դեպքում ունի օբյեկտիվ հիմք, քանի որ հայցվորը դիմել է դատական պաշտպանության այն ժամանակ, երբ հավաստիացել է, որ հարցի լուծումը վարչական կարգով հնարավոր չէ:
Վերաքննիչ դատարանը մերժել է Դատարանի 09.07.2018 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշման դեմ Նախարարության բերած վերաքննիչ բողոքը` Դատարանի որոշումը թողնելով անփոփոխ: Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ հայցվորը մինչև ՀՀ վարչական դատարան հայցադիմում ներկայացնելը ձեռնարկել է ակտիվ և ողջամիտ միջոցներ վեճն արտադատարանական (վարչական) կարգով լուծելու համար` ակնկալելով վարչական կարգով արդյունավետ պաշտպանության միջոց, ինչն արդյունքում չի հանգեցրել հայցվորի համար բարենպաստ իրավական հետևանքների, և վերջինս արդեն իսկ իրացրել է իր դատական պաշտպանության սահմանադրական իրավունքը: Ընդ որում, դիմում-բողոքների և պատասխանների բովանդակությունների համադրման արդյունքում հաստատվում է, որ ներկայացված բողոքները նույնաբովանդակ չեն, իսկ պատասխան գրությունները չեն տալիս բարձրացված հարցերի սպառիչ պատասխաններ: Ավելին` բողոքաբերի կողմից չի ներկայացվել որևէ հիմնավոր ապացույց, որը կհանգեցներ այն համոզմանը, որ հայցվորը չի ձեռնարկել իրենից կախված բոլոր ողջամիտ ու բավարար միջոցներն իր դատական պաշտպանության իրավունքն իրացնելու ուղղությամբ:
Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, վիճարկման հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում, իսկ այն դեպքերում, երբ վարչական մարմնի ընդունած ակտը բողոքարկվել է վարչական կարգով, նույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվարկվում են վարչական բողոքի վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց կամ վարչական բողոքի քննության համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո:
i
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:
i
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գրավոր վարչական ակտը, ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, պետք է հանձնվի վարույթի մասնակիցներին: Դա կարող է իրականացվել պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպես նաև հանձնման այնպիսի եղանակներով, որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից ակտը ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը: Որպես կանոն, գրավոր վարչական ակտի հանձնումը պետք է կատարվի ակտը վարույթի մասնակիցներին ստորագրությամբ առձեռն հանձնելու միջոցով (...):
Սակայն տվյալ դեպքում ՀՀ ոստիկանության պետի 20.06.2017 թվականի թիվ 1694-Ա հրամանը նշում չի պարունակում ինչպես դրա բողոքարկման ժամկետի, այնպես էլ դրա ուժի մեջ մտնելու մասին: Նման պայմաններում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն, այն վարչական կարգով կարող էր բողոքարկվել վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում:
Այդ նպատակով Արթուր Բարսեղյանն իր առերևույթ խախտված իրավունքների պաշտպանության համար մինչև սույն գործով դատարան դիմելը վարչական կարգով մի շարք դիմումներ է ներկայացրել ակտն ընդունած վարչական մարմնին` ՀՀ ոստիկանությանը, որոնք իրենց բովանդակությամբ` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի իմաստով հանդիսանում են վարչական բողոքներ: Դրանց քննարկման արդյունքում կայացվել են համապատասխան որոշումներ: Այսպես`
i
1) Արթուր Բարսեղյանն առանց ամսաթվի նշման ՀՀ ոստիկանության պետին ներկայացրել է դիմում` խնդրելով «վերանայել կարգապահական տույժի հանգամանքները, վերջինիս համապատասխանությունը և իրավաչափությունը արարքին», կատարել լրացուցիչ ծառայողական քննություն` համոզված լինելով, որ հասցեատիրոջ որոշումը կլինի օրինաչափ և արդարացի (հատոր 1-ին, գ.թ. 102-104): Նշված դիմումին ի պատասխան` ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետը 13.07.2017 թվականի գրությամբ Արթուր Բարսեղյանին հայտնել է, որ նշված դիմումը 12.07.2017 թվականին ստացվել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում, ծառայողական քննությունն իրականացվել է «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքների պահանջների պահպանմամբ, ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները, այդ թվում` Ձեր կողմից բացատրությամբ ներկայացվածը, գնահատվել են հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման արդյունքում, ՀՀ ոստիկանության պետի 20.06.2017 թվականի թիվ 1694-Ա հրամանը վերանայելու կամ նոր ծառայողական քննություն սկսելու հիմքեր ի հայտ չեն եկել, ուստի դիմումը թողնվել է անհետևանք (հատոր 1-ին, գ.թ. 105): Գործում բացակայում է նշված գրությունն Արթուր Բարսեղյանին հանձնելու (վերջինիս կողմից ստացված լինելու) ամսաթվի վերաբերյալ ապացույցը,
2) Արթուր Բարսեղյանը 07.09.2017 թվականի ամսաթվով կրկին դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության պետին` խնդրելով հիմք ընդունել դիմումում նշված հանգամանքները և մեկ անգամ ևս անդրադառնալ իր հարցին` իրեն վերականգնել ՀՀ ոստիկանության համակարգում: Ընդ որում դիմումի ներածական մասում նշել է հետևյալ ձևակերպումը` «Հայցելով Ձեր ներողամտությունը, մեկ անգամ ևս խնդրանքով դիմում եմ Ձեզ` հայցելով Ձեր ուշադրությունը իմ հարցի վերաբերյալ» (հատոր 1-ին, գ.թ. 109-111): Նշված դիմումին ի պատասխան` ՀՀ ոստիկանության կադրերի վարչության պետը 16.09.2017 թվականի գրությամբ հայտնել է, որ ՀՀ ոստիկանությունում դիմումն ստացվել է և քննարկվել, որի արդյունքում ՀՀ ոստիկանությունում կրկին ծառայության ընդունելը մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 108),
3) 12.11.2017 թվականի ամսաթվով Արթուր Բարսեղյանը դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանությանը` խնդրելով «նախկինում ներկայացված իր երկու դիմումների և սույն դիմում-բողոքի նկատմամբ դրսևորել պատշաճ մոտեցում, լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ուսումնասիրել առկա փաստերն ու ապացույցները, վերացնել ՀՀ ոստիկանության պետի 20.06.2017 թվականի թիվ 1694-Ա հրամանը և իրեն վերականգնել աշխատանքում» (հատոր 1-ին, գ.թ. 113): Ի պատասխան այդ դիմումի` ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետը 16.11.2017 թվականի գրությամբ Արթուր Բարսեղյանին հայտնել է, որ ՀՀ ոստիկանապետին հասցեագրված դիմումի քննարկման արդյունքում ՀՀ ոստիկանության պետի 20.06.2017 թվականի թիվ 1694-Ա հրամանը վերանայելու կամ նոր ծառայողական քննություն սկսելու հիմքեր ի հայտ չեն եկել, ուստի դիմումը թողնվել է անհետևանք (հատոր 1-ին, գ.թ. 112):
Վերոնշյալ դիրքորոշման լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ:
Տվյալ դեպքում սույն գործով վիճարկվող վարչական ակտը` ՀՀ ոստիկանության պետի 20.06.2017 թվականի թիվ 1694-Ա հրամանը, բողոքարկվել է վարչական կարգով, որի վերաբերյալ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետը 13.07.2017 թվականին ըստ էության կայացրել է բողոքը մերժելու մասին որոշում:
Նման պայմաններում ՀՀ ոստիկանության պետի 20.06.2017 թվականի թիվ 1694-Ա հրամանի վիճարկման հայցով դատարան դիմելու ժամկետը ենթակա էր հաշվարկման վարչական բողոքի վերաբերյալ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի 13.07.2017 թվականի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:
Տվյալ դեպքում սույն գործում բացակայում է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի 13.07.2017 թվականի որոշման մասին Արթուր Բարսեղյանին իրազեկելու վերաբերյալ ապացույցը: Մինչդեռ Վճռաբեկ դատարանն այդ վարչական ակտի ընդունման վերաբերյալ Արթուր Բարսեղյանի իրազեկման օրը պայմանականորեն համարում է 07.09.2017 թվականը, այսինքն` այն օրը, երբ Արթուր Բարսեղյանի կողմից կազմվել է ՀՀ ոստիկանության պետին ուղղված երկրորդ դիմումը` վարչական բողոքը, քանի որ այդ դիմումի բովանդակությունից բխում է, որ Արթուր Բարսեղյանը տեղյակ է եղել վարչական կարգով իր կողմից ներկայացված առաջին բողոքի մերժված լինելու մասին:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արթուր Բարսեղյանը, ՀՀ ոստիկանության պետի 20.06.2017 թվականի թիվ 1694-Ա հրամանի վիճարկման հայցով ՀՀ վարչական դատարան դիմելով 12.12.2017 թվականին (սույն գործով հայցադիմումը փոստային ծառայությանը հանձնելու ամսաթիվն է), այսինքն` այդ վարչական ակտի բողոքարկման արդյունքում կայացված վարչական ակտի (ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի 13.07.2017 թվականի որոշման) ուժի մեջ մտնելու պահից (պայմանականորեն` 07.09.2017 թվական) երկամսյա ժամկետը լրանալուց հետո, բաց է թողել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճարկման հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Արթուր Բարսեղյանի միջնորդությունն անհիմն է, քանի որ Արթուր Բարսեղյանը չի ապացուցել օրենքով սահմանված ժամկետի ընթացքում դատարան դիմելու ուղղությամբ իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ ձեռնարկելու և իր կամքից անկախ պատճառներով օրենքով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու հանգամանքների առկայությունը: Ավելին` մինչև դատարան դիմելը անձի իրավունքներին ենթադրաբար միջամտող վարչական ակտի` վարչական կարգով մեկից ավելի անգամ բողոքարկումները չեն կարող հարգելի պատճառ հանդիսանալ դատարան դիմելու սահմանված ժամկետը վերականգնելու համար:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ Արթուր Բարսեղյանը կորցրել է ՀՀ ոստիկանության պետի 20.06.2017 թվականի թիվ 1694-Ա հրամանի վիճարկման հայցով դատարան դիմելու իրավունքը: Վիճարկման հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Արթուր Բարսեղյանի միջնորդությունը ենթակա չէր բավարարման, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:
Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 169-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.08.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 09.07.2018 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Գ. Հակոբյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
Հատուկ կարծիք
31.07.2019թ.
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՎԴ/13663/05/17 վարչական գործով 31.07.2019 թվականին կայացված որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 31.07.2019 թվականին քննելով ըստ հայցի Արթուր Բարսեղյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության, երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն)` ՀՀ ոստիկանության պետի հրամանը վերացնելու և հետևանքները վերացնելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.08.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Նախարարության վճռաբեկ բողոքը` նույն պալատի ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել` վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.08.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 09.07.2018 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս, Երվանդ Խունդկարյանս և Ստեփան Միքայելյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասի վերաբերյալ:
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Արթուր Բարսեղյանը պահանջել է վերացնել ՀՀ ոստիկանության պետի 20.06.2017 թվականի թիվ 1694-Ա հրամանը և որպես հետևանք` ՀՀ ոստիկանությանը պարտավորեցնել իրեն վերականգնել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի պաշտոնում և մինչև վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրամադրել երեք ամսվա չվճարված աշխատավարձի չափով դրամական փոխհատուցում:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Լ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 21.12.2017 թվականի որոշմամբ Արթուր Բարսեղյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ և նշանակվել է նախնական դատական նիստ:
Դատարանի 09.07.2018 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Արթուր Բարսեղյանի միջնորդությունը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.08.2018 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 09.07.2018 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արթուր Բարսեղյանը:
2. Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ և 72-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հիմնավորումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն հայցապահանջով դատարան հայց ներկայացնելու դատավարական ժամկետի սկիզբը պետք է հաշվարկել Արթուր Բարսեղյանին աշխատանքից ազատելու հրամանի ուժի մեջ մտնելու օրվանից: Արթուր Բարսեղյանը վիճարկվող հրամանը վերացնելու պահանջով դատարան կարող էր դիմել այդ վարչական ակտի մասին իրազեկվելու պահից` 24.06.2017 թվականից սկսած երկամսյա ժամկետում` մինչև 24.08.2017 թվականը: Մինչդեռ սույն գործով հայցադիմումը ՀՀ վարչական դատարան է ներկայացվել 14.12.2017 թվականին, այսինքն` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված երկամսյա ժամկետի խախտմամբ:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ տվյալ դեպքում հայցվորը չի ներկայացրել դատարան դիմելու ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու որևէ օբյեկտիվ հիմք, իսկ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բավարարելիս Դատարանը չի մատնանշել որևէ հարգելի հանգամանք:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 27.08.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Նախարարության վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման: Աշխատանքից ազատվելուց հետո ինքը մի քանի անգամ դիմել է ՀՀ ոստիկանությանը` վերադասության կարգով վիճարկելով աշխատանքից ազատելու մասին վարչական ակտը, սակայն ամեն անգամ ՀՀ ոստիկանությունից ստացել է ոչ ամբողջական, ոչ սպառիչ և անհիմն պատասխաններ: Վարչական մարմինը չի հայտնել, որ տվյալ հարցի լուծման իրավասությունը վերապահված է դատարանին: ՀՀ ոստիկանությանն ուղղված վերջին բողոքը ներկայացվել է բոլորովին նոր հիմքով, և դրա վերաբերյալ պատասխան ստանալուց հետո հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան: Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշմամբ արդեն իսկ փաստվել է Արթուր Բարսեղյանի` հայց ներկայացնելու իրավունքը. այդ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել ընդունման պահից և ենթակա չէ բողոքարկման: Այդ պարագայում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ իր միջնորդության մերժումը խաթարում է դատական պաշտպանության իրավունքի բուն էությունը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները հանգել են հետևյալին.
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, ու գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը` վիճարկման հայց ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենա նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասը, 65-րդ հոդվածը, 66-րդ հոդվածի 1-ին մասը, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 2-րդ մասը, արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման մասին ՀՀ սահմանադրական դատարանի 10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաև դատարանի մատչելիության իրավունքի մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) Kreuz v. Poland (28249/95) գործով 19.06.2001 թվականի վճռով` 52-րդ կետ, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով 13.07.1995 թվականի վճռով` 59-րդ կետ, Khalfaoui v. France (34791/97) գործով 14.12.1999 թվականի վճռով` 36-րդ կետ, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով 12.04.2016 թվականի վճռով` 28-րդ կետ, Stubbings and others v. The United Kingdom (22083/93; 22095/93) գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճռով` 51-րդ և 55-րդ կետեր, արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանել է, որ վարչական դատարանում գործի հարուցման հիմքը` համապատասխան հայցն է` միաժամանակ ամրագրելով այն ժամկետները, որոնց ընթացքում հայցը կարող է ներկայացվել վարչական դատարան: Ընդ որում, օրենսդիրը հատուկ նախատեսել է բաց թողնված դատավարական, այդ թվում նաև` հայց ներկայացնելու ժամկետները վերականգնելու իրավական հնարավորություն` համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:
Վճռաբեկ դատարանը վկայակոչել է նաև Քնարիկ Սարգսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/2242/05/15 վարչական գործով, ինչպես նաև Ժաննա Միրզոյանն ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի ղեկավարի թիվ ՎԴ/0100/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի համապատասխանաբար 09.09.2015 թվականի և 31.07.2017 թվականի որոշումներում արտահայտած հետևյալ իրավական դիրքորոշումները.
Անձինք իրենց դատական պաշտպանության իրավունքից կարող են օգտվել օրենքով սահմանված ժամկետներում և որպեսզի վարչական դատարանն իրավասու լինի գործադրել օրենքով սահմանված իր լիազորությունները կոնկրետ իրավական վեճն ըստ էության լուծելու համար, անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայություն. առաջին` համապատասխան հայցի առկայություն, երկրորդ` հայցի ներկայացում վարչական դատարան` վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Դատավարական ժամկետները բաց թողնելու դեպքում երկրորդ պայմանն ապահովված կարող է համարվել միայն կոնկրետ վարչական գործում բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման բավարարված միջնորդության առկայության դեպքում, իսկ մնացած դեպքերում անձը չի կարող օգտվել դատական պաշտպանության իրավունքից, իսկ վարչական դատարանն իրավասու չէ գործադրել օրենքով վարչական դատարանի համար նախատեսված լիազորությունները:
Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը:
Բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ: Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ, երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից երկարատև հիվանդության պատճառով:
Բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերը պետք է մեկնաբանվեն և կիրառվեն անձի` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված վերոգրյալ հիմնարար իրավունքների լույսի ներքո:
Սույն գործի փաստական հանգամանքներից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.
ՀՀ ոստիկանության պետի 20.06.2017 թվականի թիվ 1694-Ա հրամանի 1-ին կետով Արթուր Բարսեղյանի պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով և վերջինս ազատվել է ՀՀ ոստիկանությունում ծառայությունից (հատոր 1-ին, գ.թ. 14):
12.12.2017 թվականին Արթուր Բարսեղյանը փոստային կապի ծառայության միջոցով դիմել է դատարան` պահանջելով վերացնել ՀՀ ոստիկանության պետի 20.06.2017 թվականի թիվ 1694-Ա հրամանը և որպես հետևանք` ՀՀ ոստիկանությանը պարտավորեցնել իրեն վերականգնել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի պաշտոնում և մինչև վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրամադրել երեք ամսվա չվճարված աշխատավարձի չափով դրամական փոխհատուցում (հատոր 1-ին, գ.թ. 19):
Դատարանի 21.12.2017 թվականի որոշմամբ Արթուր Բարսեղյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ և նշանակվել է նախնական դատական նիստ:
Գործի դատաքննության ժամանակ Արթուր Բարսեղյանի ներկայացուցիչը ներկայացրել է հայց ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի ճանաչելու վերաբերյալ միջնորդություն` այն պատճառաբանելով նաև նրանով, որ Արթուր Բարսեղյանը, մի քանի անգամ դիմելով ՀՀ ոստիկանությանը, վիճարկել է իրեն աշխատանքից ազատելու մասին վարչական ակտը, սակայն ամեն անգամ տրվել է պատասխան ոչ թե այն մասին, որ այդ հարցի որոշման իրավասությունը վերապահված է դատարանին, այլ որ աշխատանքից ազատելու մասին հրամանը վերացնելու հիմքերը բավարար չեն, և հայցն ավելի շուտ կներկայացվեր, եթե վարչական կարգով բողոքարկման արդյունքում նշվեր, որ տվյալ հարցի իրավասությունը վերապահված է միայն դատարանին, մինչդեռ վարչական մարմնի կողմից տրվել են այնպիսի պատասխաններ, որոնցից հետևում է, որ ՀՀ ոստիկանությունն իրավասու էր վերացնելու վիճարկվող վարչական ակտը (հատոր 1-ին, գ.թ. 101):
Դատարանը բավարարել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Արթուր Բարսեղյանի միջնորդությունը` որոշման հիմքում դնելով նաև այն, որ հայցվորն իր իրավունքների պաշտպանությունը փորձել է հնարավորինս իրականացնել վարչական կարգով, դատարան դիմելու ժամկետի բացթողումը տվյալ դեպքում ունի օբյեկտիվ հիմք, քանի որ հայցվորը դիմել է դատական պաշտպանության այն ժամանակ, երբ հավաստիացել է, որ հարցի լուծումը վարչական կարգով հնարավոր չէ:
Վերաքննիչ դատարանը մերժել է Դատարանի 09.07.2018 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշման դեմ Նախարարության բերած վերաքննիչ բողոքը` Դատարանի որոշումը թողնելով անփոփոխ: Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ հայցվորը մինչև ՀՀ վարչական դատարան հայցադիմում ներկայացնելը ձեռնարկել է ակտիվ և ողջամիտ միջոցներ վեճն արտադատարանական (վարչական) կարգով լուծելու համար` ակնկալելով վարչական կարգով արդյունավետ պաշտպանության միջոց, ինչն արդյունքում չի հանգեցրել հայցվորի համար բարենպաստ իրավական հետևանքների, և վերջինս արդեն իսկ իրացրել է իր դատական պաշտպանության սահմանադրական իրավունքը: Ընդ որում, դիմում-բողոքների և պատասխանների բովանդակությունների համադրման արդյունքում հաստատվում է, որ ներկայացված բողոքները նույնաբովանդակ չեն, իսկ պատասխան գրությունները չեն տալիս բարձրացված հարցերի սպառիչ պատասխաններ: Ավելին` բողոքաբերի կողմից չի ներկայացվել որևէ հիմնավոր ապացույց, որը կհանգեցներ այն համոզմանը, որ հայցվորը չի ձեռնարկել իրենից կախված բոլոր ողջամիտ ու բավարար միջոցներն իր դատական պաշտպանության իրավունքն իրացնելու ուղղությամբ:
Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, վիճարկման հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում, իսկ այն դեպքերում, երբ վարչական մարմնի ընդունած ակտը բողոքարկվել է վարչական կարգով, նույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվարկվում են վարչական բողոքի վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց կամ վարչական բողոքի քննության համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գրավոր վարչական ակտը, ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, պետք է հանձնվի վարույթի մասնակիցներին: Դա կարող է իրականացվել պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպես նաև հանձնման այնպիսի եղանակներով, որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից ակտը ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը: Որպես կանոն, գրավոր վարչական ակտի հանձնումը պետք է կատարվի ակտը վարույթի մասնակիցներին ստորագրությամբ առձեռն հանձնելու միջոցով (...):
Տվյալ դեպքում ՀՀ ոստիկանության պետի 20.06.2017 թվականի թիվ 1694-Ա հրամանը նշում չի պարունակում ինչպես դրա բողոքարկման ժամկետի, այնպես էլ դրա ուժի մեջ մտնելու մասին: Նման պայմաններում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն, այն վարչական կարգով կարող էր բողոքարկվել վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում:
Այդ նպատակով Արթուր Բարսեղյանն իր առերևույթ խախտված իրավունքների պաշտպանության համար մինչև սույն գործով դատարան դիմելը վարչական կարգով մի շարք դիմումներ է ներկայացրել ակտն ընդունած վարչական մարմնին` ՀՀ ոստիկանությանը, որոնք իրենց բովանդակությամբ` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի իմաստով հանդիսանում են վարչական բողոքներ: Դրանց քննարկման արդյունքում կայացվել են համապատասխան որոշումներ: Այսպես`
1) Արթուր Բարսեղյանն առանց ամսաթվի նշման ՀՀ ոստիկանության պետին ներկայացրել է դիմում` խնդրելով «վերանայել կարգապահական տույժի հանգամանքները, վերջինիս համապատասխանությունը և իրավաչափությունը արարքին», կատարել լրացուցիչ ծառայողական քննություն` համոզված լինելով, որ հասցեատիրոջ որոշումը կլինի օրինաչափ և արդարացի (հատոր 1-ին, գ.թ. 102-104): Նշված դիմումին ի պատասխան` ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետը 13.07.2017 թվականի գրությամբ Արթուր Բարսեղյանին հայտնել է, որ նշված դիմումը 12.07.2017 թվականին ստացվել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում, ծառայողական քննությունն իրականացվել է «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքների պահանջների պահպանմամբ, ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները, այդ թվում` Ձեր կողմից բացատրությամբ ներկայացվածը, գնահատվել են հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման արդյունքում, ՀՀ ոստիկանության պետի 20.06.2017 թվականի թիվ 1694-Ա հրամանը վերանայելու կամ նոր ծառայողական քննություն սկսելու հիմքեր ի հայտ չեն եկել, ուստի դիմումը թողնվել է անհետևանք (հատոր 1-ին, գ.թ. 105): Գործում բացակայում է նշված գրությունն Արթուր Բարսեղյանին հանձնելու (վերջինիս կողմից ստացված լինելու) ամսաթվի վերաբերյալ ապացույցը,
2) Արթուր Բարսեղյանը 07.09.2017 թվականի ամսաթվով կրկին դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության պետին` խնդրելով հիմք ընդունել դիմումում նշված հանգամանքները և մեկ անգամ ևս անդրադառնալ իր հարցին` իրեն վերականգնել ՀՀ ոստիկանության համակարգում: Ընդ որում դիմումի ներածական մասում նշել է հետևյալ ձևակերպումը` «Հայցելով Ձեր ներողամտությունը, մեկ անգամ ևս խնդրանքով դիմում եմ Ձեզ` հայցելով Ձեր ուշադրությունը իմ հարցի վերաբերյալ» (հատոր 1-ին, գ.թ. 109-111): Նշված դիմումին ի պատասխան` ՀՀ ոստիկանության կադրերի վարչության պետը 16.09.2017 թվականի գրությամբ հայտնել է, որ ՀՀ ոստիկանությունում դիմումն ստացվել է և քննարկվել, որի արդյունքում ՀՀ ոստիկանությունում կրկին ծառայության ընդունելը մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 108),
3) 12.11.2017 թվականի ամսաթվով Արթուր Բարսեղյանը դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանությանը` խնդրելով «նախկինում ներկայացված իր երկու դիմումների և սույն դիմում-բողոքի նկատմամբ դրսևորել պատշաճ մոտեցում, լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ուսումնասիրել առկա փաստերն ու ապացույցները, վերացնել ՀՀ ոստիկանության պետի 20.06.2017 թվականի թիվ 1694-Ա հրամանը և իրեն վերականգնել աշխատանքում» (հատոր 1-ին, գ.թ. 113): Ի պատասխան այդ դիմումի` ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետը 16.11.2017 թվականի գրությամբ Արթուր Բարսեղյանին հայտնել է, որ ՀՀ ոստիկանապետին հասցեագրված դիմումի քննարկման արդյունքում ՀՀ ոստիկանության պետի 20.06.2017 թվականի թիվ 1694-Ա հրամանը վերանայելու կամ նոր ծառայողական քննություն սկսելու հիմքեր ի հայտ չեն եկել, ուստի դիմումը թողնվել է անհետևանք (հատոր 1-ին, գ.թ. 112):
Վերոնշյալ դիրքորոշման լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտել է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ:
Տվյալ դեպքում սույն գործով վիճարկվող վարչական ակտը` ՀՀ ոստիկանության պետի 20.06.2017 թվականի թիվ 1694-Ա հրամանը, բողոքարկվել է վարչական կարգով, որի վերաբերյալ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետը 13.07.2017 թվականին ըստ էության կայացրել է բողոքը մերժելու մասին որոշում:
Նման պայմաններում ՀՀ ոստիկանության պետի 20.06.2017 թվականի թիվ 1694-Ա հրամանի վիճարկման հայցով դատարան դիմելու ժամկետը ենթակա էր հաշվարկման վարչական բողոքի վերաբերյալ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի 13.07.2017 թվականի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:
Տվյալ դեպքում սույն գործում բացակայում է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի 13.07.2017 թվականի որոշման մասին Արթուր Բարսեղյանին իրազեկելու վերաբերյալ ապացույցը: Մինչդեռ Վճռաբեկ դատարանն այդ վարչական ակտի ընդունման վերաբերյալ Արթուր Բարսեղյանի իրազեկման օրը պայմանականորեն համարել է 07.09.2017 թվականը, այսինքն` այն օրը, երբ Արթուր Բարսեղյանի կողմից կազմվել է ՀՀ ոստիկանության պետին ուղղված երկրորդ դիմումը` վարչական բողոքը, քանի որ այդ դիմումի բովանդակությունից բխում է, որ Արթուր Բարսեղյանը տեղյակ է եղել վարչական կարգով իր կողմից ներկայացված առաջին բողոքի մերժված լինելու մասին:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Արթուր Բարսեղյանը, ՀՀ ոստիկանության պետի 20.06.2017 թվականի թիվ 1694-Ա հրամանի վիճարկման հայցով ՀՀ վարչական դատարան դիմելով 12.12.2017 թվականին (սույն գործով հայցադիմումը փոստային ծառայությանը հանձնելու ամսաթիվն է), այսինքն` այդ վարչական ակտի բողոքարկման արդյունքում կայացված վարչական ակտի (ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի 13.07.2017 թվականի որոշման) ուժի մեջ մտնելու պահից (պայմանականորեն` 07.09.2017 թվական) երկամսյա ժամկետը լրանալուց հետո, բաց է թողել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետը:
Վճռաբեկ դատարանը գտել է, որ վիճարկման հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Արթուր Բարսեղյանի միջնորդությունն անհիմն է, քանի որ Արթուր Բարսեղյանը չի ապացուցել օրենքով սահմանված ժամկետի ընթացքում դատարան դիմելու ուղղությամբ իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ ձեռնարկելու և իր կամքից անկախ պատճառներով օրենքով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու հանգամանքների առկայությունը: Ավելին` մինչև դատարան դիմելը անձի իրավունքներին ենթադրաբար միջամտող վարչական ակտի` վարչական կարգով մեկից ավելի անգամ բողոքարկումները չեն կարող հարգելի պատճառ հանդիսանալ դատարան դիմելու սահմանված ժամկետը վերականգնելու համար:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ Արթուր Բարսեղյանը կորցրել է ՀՀ ոստիկանության պետի 20.06.2017 թվականի թիվ 1694-Ա հրամանի վիճարկման հայցով դատարան դիմելու իրավունքը: Վիճարկման հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Արթուր Բարսեղյանի միջնորդությունը ենթակա չէր բավարարման, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտել է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:
Վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս, Երվանդ Խունդկարյանս և Ստեփան Միքայելյանս, համաձայն չլինելով Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը վերոգրյալ որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ:
Գտնում ենք, որ վարչական ակտի, այդ թվում վարչական բողոքի վերաբերյալ ընդունված վարչական ակտի վիճարկման հայցը դատարան ներկայացնելու ժամկետի հաշվարկման և այն հարգելի ճանաչելու առանձնահատկությունների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը չի բխում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-60-րդ, 71-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 2-րդ մասի պահանջներից հետևյալ պատճառաբանությամբ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի համաձայն` ակտը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` վարչական բողոքը կարող է բերվել վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Նույն հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն` գրավոր վարչական ակտում դրա բողոքարկման ժամկետը նշված չլինելու դեպքում` վարչական բողոքը կարող է բերվել վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը, ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե մինչև վարչական հայց ներկայացնելը միջամտող վարչական ակտը բողոքարկվել է վարչական կարգով, ապա հայցը ներառում է նաև վարչական բողոքի վերաբերյալ կայացված միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն դեպքերում, երբ վարչական մարմնի ընդունած ակտը կամ ակտը չընդունելը կամ գործողություն կատարելը կամ չկատարելը բողոքարկվել է վարչական կարգով, նույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվարկվում են բողոքի վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց կամ բողոքի քննության համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե լրացել է հայցադիմում ներկայացնելու համար նույն օրենսգրքով սահմանված ժամկետը, և չի ներկայացվել միջնորդություն այն վերականգնելու մասին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում: Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ վիճարկման հայցադիմումն օրենքով սահմանված դատավարական ժամկետի պահպանմամբ ներկայացնելը հայցադիմումը վարույթ ընդունելու անհրաժեշտ նախապայմաններից մեկն է: Միևնույն ժամանակ օրենսդիրը սահմանել է բաց թողնված դատավարական ժամկետները վերականգնելու իրավական հնարավորություն` համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում:
Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
Գտնում ենք, որ վիճարկման հայց ներկայացնելու ժամկետների հարցի լուծումն ուղղակիորեն պայմանավորված է վիճարկվող վարչական ակտի, այդ թվում նաև վարչական բողոքի վերաբերյալ ընդունված վարչական ակտի ուժի մեջ մտնելու կամ բողոքի քննության համար սահմանված ժամկետն ավարտվելու հանգամանքով:
Վարչական ակտի ուժի մեջ մտնելու հարցը կարգավորված է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-60-րդ հոդվածներով:
Այսպես. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին իրազեկում է սույն հոդվածով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գրավոր վարչական ակտը, ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, պետք է հանձնվի վարույթի մասնակիցներին: Դա կարող է իրականացվել պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպես նաև հանձնման այնպիսի եղանակներով, որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից ակտը ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը:
Որպես կանոն, գրավոր վարչական ակտի հանձնումը պետք է կատարվի ակտը վարույթի մասնակիցներին ստորագրությամբ առձեռն հանձնելու միջոցով:
Նույն մասով նախատեսված հանձնման մյուս միջոցները կիրառվում են այն դեպքում, երբ որևէ հիմնավոր պատճառով ստորագրությամբ առձեռն հանձնելու հնարավորություն չկա, այդ թվում, եթե հասցեատերն ինքը խնդրել է օգտագործել հանձնման այլ միջոցներ:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` վարչական ակտի հրապարակումը կատարվում է վարչական մարմնի տեղեկագրում կամ այլ պաշտոնական տեղեկագրում հրատարակելով կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակելով:
Գրավոր վարչական ակտը ենթակա է պարտադիր հրապարակման, եթե վարչական մարմնին հայտնի չեն այդ ակտով ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Մամուլում, զանգվածային լրատվության այլ միջոցներում կամ տեղեկատվության տարածման այլ միջոցներում հրապարակվում է գրավոր վարչական ակտի եզրափակիչ մասը: Նման եղանակով հրապարակման մեջ պետք է նշվի, թե որտեղ կարելի է ամբողջությամբ ծանոթանալ վարչական ակտին, այդ թվում` դրա հիմնավորմանը:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից ակնհայտ է, որ վարչական ակտն ուժի մեջ մտնելու պահն օրենսդիրը պայմանավորել է այդ ակտի մասին վարչական վարույթի մասնակիցների, այդ թվում նաև ակտի հասցեատիրոջ օրենքով սահմանված եղանակներից որևէ մեկով իրազեկելու հանգամանքով, ինչը նշանակում է, որ վերջիններիս համար վարչական ակտը կարող է ուժի մեջ մտնել իրազեկվելու հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեuված չէ:
Այսպիսով, գտնում ենք, որ վիճարկման հայցադիմումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացված լինելու հանգամանքն ուղղակիորեն պայմանավորված է վարչական ակտի, այդ թվում նաև վարչական բողոքի վերաբերյալ որոշման մասին հայցվորի իրազեկմամբ, ուստի վիճարկման հայցը կարող է ներկայացվել վարչական ակտի կամ վարչական բողոքի վերաբերյալ որոշման ընդունման մասին հայցվորի իրազեկվելուն կամ բողոքի քննության համար սահմանված ժամկետն ավարտվելուն հաջորդող օրվանից սկսած երկամսյա ժամկետում:
Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով օրենսդիրը սահմանել է վարչական ակտը նաև վարչական կարգով բողոքարկելու հնարավորություն, դրա համար, որպես ընդհանուր կանոն, նախատեսելով երկամսյա բողոքարկման ժամկետ: Այդուհանդերձ, օրենսդիրը նախատեսել է նաև բացառություն այդ ընդհանուր կանոնից` վարչական կարգով բողոքարկման ժամկետ սահմանելով վարչական ակտն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարին, եթե գրավոր վարչական ակտում նշված չէ դրա բողոքարկման ժամկետը: Այսինքն` գրավոր վարչական ակտում դրա բողոքարկման ժամկետը վարչական մարմնի կողմից չնշելու իրավական հետևանքն այդ ակտի` վարչական կարգով բողոքարկման համար առավել երկար ժամկետի սահմանումն է:
Այսպիսով, միջամտող վարչական ակտի հասցեատերն ունի օրենքով երաշխավորված հնարավորություն վարչական ակտն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում վարչական կարգով բողոքարկել վարչական ակտը, եթե գրավոր վարչական ակտում նշված չէ դրա բողոքարկման ժամկետը և բողոքի վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց կամ բողոքի քննության համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո երկամսյա ժամկետում ՀՀ վարչական դատարան ներկայացնել վիճարկման հայց:
Միևնույն ժամանակ գտնում ենք, որ վիճարկման հայց ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետը բաց թողնելու դեպքում հայցվորը պարտավոր է ներկայացնել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն: Ընդ որում, հայցվորի վրա չի կարող դրվել դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդություն ներկայացնելու պարտականություն, եթե վիճարկման հայցը ներկայացվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով սահմանված ժամկետների պահպանմամբ:
Ամփոփելով վերոգրյալը` գտնում ենք, որ վիճարկման հայցադիմումը կարող է համարվել դատավարական ժամկետների խախտմամբ ներկայացված, եթե
- ներկայացվել է վիճարկվող վարչական ակտի ընդունման մասին հայցվորի իրազեկման հաջորդող օրվանից սկսած երկամսյա ժամկետի ավարտից հետո,
- ներկայացվել է վարչական բողոքի վերաբերյալ որոշման ընդունման մասին հայցվորի իրազեկման հաջորդող օրվանից սկսած երկամսյա ժամկետի ավարտից հետո,
- ներկայացվել է բողոքի քննության համար սահմանված ժամկետն ավարտվելուն հաջորդող օրվանից սկսած երկամսյա ժամկետի ավարտից հետո:
Վերոգրյալ բոլոր դեպքերում հայցվորը պարտավոր է ներկայացնել դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն, քանի որ դատական պաշտպանությունը նրան կարող է տրամադրվել միայն այդ ժամկետը վերականգնելու մասին դատական ակտ կայացվելու պարագայում:
Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ ոստիկանության պետի 20.06.2017 թվականի թիվ 1694-Ա հրամանի 1-ին կետով Արթուր Բարսեղյանի պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով և վերջինս ազատվել է ՀՀ ոստիկանությունում ծառայությունից (հատոր 1-ին, գ.թ. 14): Թիվ 1694-Ա հրամանում նշված չէ դրա բողոքարկման ժամկետը:
Արթուր Բարսեղյանն իր առերևույթ խախտված իրավունքների պաշտպանության համար մինչև սույն գործով դատարան դիմելը երկու անգամ դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանությանը` խնդրելով իրականացնել լրացուցիչ ծառայողական քննություն և իրեն վերականգնել ՀՀ ոստիկանության համակարգում: Նշված դիմումներն իրենց բովանդակությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի իմաստով վարչական բողոքներ չեն հանդիսացել, ուստի դրանց տրված պատասխանները չեն կարող որակվել, որպես վարչական բողոքի արդյունքում ընդունված վարչական ակտեր: Այսպես`
1) Արթուր Բարսեղյանն առանց ամսաթվի նշման դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության պետին` խնդրելով կատարել լրացուցիչ ծառայողական քննություն իրեն ծառայությունից ազատելու հարցի առնչությամբ, որը ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստացվել է 12.07.2017 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 104): Նշված դիմումին ի պատասխան` ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետը 13.07.2017 թվականի գրությամբ Արթուր Բարսեղյանին հայտնել է, որ ՀՀ ոստիկանության պետի 20.06.2017 թվականի թիվ 1694-Ա հրամանը վերանայելու կամ նոր ծառայողական քննություն սկսելու հիմքեր ի հայտ չեն եկել, ուստի դիմումը թողնվել է անհետևանք (հատոր 1-ին, գ.թ. 105): Գործում բացակայում է նշված գրությունն Արթուր Բարսեղյանին հանձնման (վերջինիս կողմից ստացված լինելու) ամսաթվի վերաբերյալ ապացույցը,
2) 07.09.2017 թվականի ամսաթվով Արթուր Բարսեղյանը կրկին դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության պետին` խնդրելով իրեն վերականգնել ՀՀ ոստիկանության համակարգում` դիմումի ներածական մասում կատարելով հետևյալ ձևակերպումը` «Հայցելով Ձեր ներողամտությունը, մեկ անգամ ևս խնդրանքով դիմում եմ Ձեզ, հայցելով Ձեր ուշադրությունը իմ հարցի վերաբերյալ» (հատոր 1-ին, գ.թ. 109-111): Նշված դիմումին ի պատասխան ՀՀ ոստիկանության կադրերի վարչության պետը 16.09.2017 թվականի գրությամբ հայտնել է, որ դիմումի քննարկման արդյունքներով ՀՀ ոստիկանությունում Արթուր Բարսեղյանին կրկին ծառայության ընդունելը մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 108):
Վերոգրյալը վկայում է այն մասին, որ Արթուր Բարսեղյանը չի իրացրել ՀՀ ոստիկանության պետի 20.06.2017 թվականի թիվ 1694-Ա հրամանը վարչական կարգով բողոքարկելու իր իրավունքը` փորձելով արտադատական կարգով լուծել աշխատանքում վերականգնվելու իր խնդիրը, սակայն արդյունքի չհասնելով, ձեռնամուխ է եղել իր իրավունքներին միջամտող վարչական ակտի վերացմանն ուղղված օրենքով նախատեսված գործիքակազմի կիրառմանը և 12.11.2017 թվականի ամսաթվով ՀՀ ոստիկանությանն է ներկայացրել «ՀՀ ոստիկանության պետի 26.06.2017 թվականի թիվ 1694-Ա հրամանը վերացնելու մասին» դիմում-բողոք, որն իր բովանդակությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի իմաստով հանդիսացել է վարչական բողոք: Նշված դիմում-բողոքով Արթուր Բարսեղյանը խնդրել է «նախկինում ներկայացված իր երկու դիմումների և սույն դիմում-բողոքի նկատմամբ դրսևորել պատշաճ մոտեցում, լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ուսումնասիրել առկա փաստերն ու ապացույցները, վերացնել ՀՀ ոստիկանության պետի 26.06.2017 թվականի թիվ 1694-Ա հրամանը և իրեն վերականգնել աշխատանքում» (հատոր 1-ին, գ.թ. 113): Ի պատասխան այդ դիմումի` ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետը 16.11.2017 թվականի գրությամբ Արթուր Բարսեղյանին հայտնել է, որ ՀՀ ոստիկանության պետի 20.06.2017 թվականի թիվ 1694-Ա հրամանը վերանայելու կամ նոր ծառայողական քննություն սկսելու հիմքեր ի հայտ չեն եկել, ուստի դիմումը թողնվել է անհետևանք (հատոր 1-ին, գ.թ. 112):
Դրանից հետո` 12.12.2017 թվականին Արթուր Բարսեղյանը փոստային կապի ծառայության միջոցով դիմել է դատարան` պահանջելով վերացնել ՀՀ ոստիկանության պետի 20.06.2017 թվականի թիվ 1694-Ա հրամանը և որպես հետևանք` ՀՀ ոստիկանությանը պարտավորեցնել իրեն վերականգնել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի պաշտոնում և մինչև վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրամադրել երեք ամսվա չվճարված աշխատավարձի չափով դրամական փոխհատուցում (հատոր 1-ին, գ.թ. 19):
Դատարանի 21.12.2017 թվականի որոշմամբ Արթուր Բարսեղյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ և նշանակվել է նախնական դատական նիստ:
Գործի դատաքննության ժամանակ հայտնելով, որ Արթուր Բարսեղյանը, մի քանի անգամ դիմելով ՀՀ ոստիկանությանը, վիճարկել է իրեն աշխատանքից ազատելու մասին վարչական ակտը, սակայն ամեն անգամ տրվել է պատասխան ոչ թե այն մասին, որ այդ հարցի որոշման իրավասությունը վերապահված է դատարանին, այլ որ աշխատանքից ազատելու մասին հրամանը վերացնելու հիմքերը բավարար չեն, և հայցն ավելի շուտ կներկայացվեր, եթե վարչական կարգով բողոքարկման արդյունքում նշվեր, որ տվյալ հարցի իրավասությունը վերապահված է միայն դատարանին, մինչդեռ վարչական մարմնի կողմից տրվել են այնպիսի պատասխաններ, որոնցից հետևում է, որ ՀՀ ոստիկանությունն իրավասու էր վերացնելու վիճարկվող վարչական ակտը, միջնորդել է վերականգնել բաց թողնված դատավարական ժամկետը` եթե ՀՀ վարչական դատարանը կհամարի, որ հայցվորը բաց է թողել հայց ներկայացնելու ժամկետը (հատոր 1-ին, գ.թ. 101):
Դատարանը բավարարել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Արթուր Բարսեղյանի միջնորդությունը: Դատարանն իր որոշման հիմքում դրել է այն հիմնավորումը, որ Արթուր Բարսեղյանի կողմից ՀՀ ոստիկանությանը ներկայացված դիմում-բողոքների բովանդակությունները տարբեր են: Սկզբնապես հայցվորը հայցել է ծառայողական նոր քննություն: Այնուհետև հայցվորը փորձել է ՀՀ ոստիկանության պետին ներկայացնել իր գործի հանգամանքները` խնդրելով իրեն վերականգնել աշխատանքի ՀՀ ոստիկանության համակարգում: Իսկ վերջին դիմումով հայցվորը խնդրել է վերացնել վիճարկվող հրամանը: Մինչդեռ դիմում-բողոքների պատասխան գրություններում լիարժեք անդրադարձ չի կատարվել հայցվորի կողմից բարձրացված հարցերին: Այդ հանգամանքը յուրաքանչյուր անգամ ստիպել է հայցվորին ՀՀ ոստիկանության պետի ուշադրությունը հրավիրել խնդրի մանրամասներին, որի պայմաններում հայցվորն իր իրավունքների պաշտպանությունը փորձել է հնարավորինս իրականացնել վարչական կարգով, և չստանալով ակնկալվող պաշտպանությունը` դիմել է դատարան: Դատարանը գտել է, որ դատարան դիմելու ժամկետի բացթողումը տվյալ դեպքում ունի օբյեկտիվ հիմք, քանի որ հայցվորը դիմել է դատական պաշտպանության այն ժամանակ, երբ հավաստիացել է, որ հարցի լուծումը վարչական կարգով հնարավոր չէ:
Վերաքննիչ դատարանը մերժել է Դատարանի 09.07.2018 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշման դեմ Նախարարության բերած վերաքննիչ բողոքը` Դատարանի որոշումը թողնելով անփոփոխ: Վերաքննիչ դատարանը նշել է, որ հայցվորը մինչև հայցադիմում ներկայացնելը ձեռնարկել է ակտիվ և ողջամիտ միջոցներ վեճն արտադատարանական (վարչական) կարգով լուծելու համար` ակնկալելով վարչական կարգով արդյունավետ պաշտպանության միջոց, ինչն արդյունքում չի հանգեցրել հայցվորի համար բարենպաստ իրավական հետևանքների, և վերջինս արդեն իսկ իրացրել է իր դատական պաշտպանության սահմանադրական իրավունքը: Ընդ որում, դիմում-բողոքների և պատասխանների բովանդակությունների համադրման արդյունքում հաստատվում է, որ ներկայացված բողոքները նույնաբովանդակ չեն, իսկ պատասխան գրությունները չեն տալիս բարձրացված հարցերի սպառիչ պատասխաններ: Ավելին` բողոքաբերի կողմից չի ներկայացվել որևէ հիմնավոր ապացույց, որը կհանգեցներ այն համոզմանը, որ հայցվորը չի ձեռնարկել իրենից կախված բոլոր ողջամիտ ու բավարար միջոցներն իր դատական պաշտպանության իրավունքն իրացնելու ուղղությամբ:
Վճռաբեկ դատարանը գտել է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտը` ՀՀ ոստիկանության պետի 20.06.2017 թվականի թիվ 1694-Ա հրամանը, Արթուր Բարսեղյանը բողոքարկել է վարչական կարգով` ՀՀ ոստիկանության պետին առանց ամսաթվի նշման դիմում ներկայացնելով, որը ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստացվել է 12.07.2017 թվականին, և որով նա խնդրել է կատարել լրացուցիչ ծառայողական քննություն իրեն ծառայությունից ազատելու հարցի առնչությամբ: Փաստորեն լրացուցիչ ծառայողական քննություն իրականացնելու խնդրանք պարունակող դիմումը Վճռաբեկ դատարանը դիտել է վարչական բողոք, իսկ նշված դիմումին ի պատասխան ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի 13.07.2017 թվականի գրությունը, որով Արթուր Բարսեղյանին հայտնվել է, որ ՀՀ ոստիկանության պետի 20.06.2017 թվականի թիվ 1694-Ա հրամանը վերանայելու կամ նոր ծառայողական քննություն սկսելու հիմքեր ի հայտ չեն եկել, ուստի դիմումը թողնվել է անհետևանք, դիտել է վարչական բողոքի արդյունքում ընդունված որոշում և դրա մասին իրազեկման պայմանական օր դիտարկելով 07.09.2017 թվականը, այսինքն` այն օրը, երբ Արթուր Բարսեղյանի կողմից կազմվել է ՀՀ ոստիկանության պետին ուղղված երկրորդ դիմումը, գտել է, որ սույն վիճարկման հարցադիմումը ներկայացվել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի 13.07.2017 թվականի գրության) ուժի մեջ մտնելու պահից (պայմանականորեն` 07.09.2017 թվական) երկամսյա ժամկետը լրանալուց հետո, այսինքն` բաց է թողել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով սահմանված վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետը: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտել է, որ վիճարկման հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Արթուր Բարսեղյանի միջնորդությունն անհիմն է, քանի որ Արթուր Բարսեղյանը չի ապացուցել օրենքով սահմանված ժամկետի ընթացքում դատարան դիմելու ուղղությամբ իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ ձեռնարկելու և իր կամքից անկախ պատճառներով օրենքով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու հանգամանքների առկայությունը: Ավելին` մինչև դատարան դիմելը անձի իրավունքներին ենթադրաբար միջամտող վարչական ակտի` վարչական կարգով մեկից ավելի անգամ բողոքարկումները չեն կարող հարգելի պատճառ հանդիսանալ դատարան դիմելու սահմանված ժամկետը վերականգնելու համար:
Գտնում ենք, որ Վճռաբեկ դատարանը հաշվի չի առել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-11-րդ գլուխների, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 2-րդ մասի իրավակարգավորումները, ինչի արդյունքում ՀՀ ոստիկանության պետին հասցեագրած լրացուցիչ ծառայողական քննություն իրականացնելու խնդրանք պարունակող հայցվորի դիմումը գնահատել է վարչական բողոք, իսկ նշված դիմումին տրված ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի 13.07.2017 թվականի գրությունը` վարչական բողոքի արդյունքում ընդունված որոշում:
Մինչդեռ ինչպես վերոգրյալ, այնպես էլ ՀՀ ոստիկանության համակարգում իրեն վերականգնելու մասին 07.09.2017 թվականի ամսաթվով Արթուր Բարսեղյանի դիմումը չեն կարող գնահատվել վարչական բողոքներ, իսկ դրանց տրված պատասխանները` վարչական բողոքի վերաբերյալ ընդունված որոշումներ հետևյալ պատճառաբանությամբ.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի համաձայն, ի թիվս այլնի, բողոքը պետք է պարունակի բողոքարկման առարկան և բողոք բերողի պահանջը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական բողոքի քննարկումն իրականացվում է նույն օրենքի II բաժնով սահմանված դրույթներին համապատասխան, եթե նույն բաժնով այլ բան նախատեսված չէ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական բողոքը քննարկվում է բողոքարկված վարչական ակտի իրավաչափության տեսանկյունից, իսկ հայեցողական լիազորության իրականացման դեպքում` նաև նպատակահարմարության տեսանկյունից:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` վարչական մարմինը վարչական բողոքը քննարկելիս առաջնորդվում է ինչպես գործում առկա, այնպես էլ լրացուցիչ ներկայացվող ապացույցներով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քննարկելով վարչական ակտի վերաբերյալ բերված վարչական բողոքը` վարչական մարմինը, որն ընդունել է բողոքարկվող վարչական ակտը, իրավասու է`
ա) բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն` ճանաչելով վարչական ակտն անվավեր կամ առ ոչինչ կամ ընդունելով նոր վարչական ակտ.
բ) մերժելու բողոքը` վարչական ակտը թողնելով անփոփոխ:
Տվյալ դեպքում ՀՀ ոստիկանության պետին հասցեագրված առանց ամսաթվի նշման դիմումը չի պարունակել բողոքարկման առարկան, այսինքն` ՀՀ ոստիկանության պետի 20.06.2017 թվականի թիվ 1694-Ա հրամանը և բողոք բերողի պահանջը, այսինքն` վարչական ակտն անվավեր կամ առ ոչինչ ճանաչելու պահանջ: Նշված դիմումով Արթուր Բարսեղյանն ընդամենը խնդրել է կատարել լրացուցիչ ծառայողական քննություն, որը, ըստ էության, համապատասխանում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածով սահմանված վարչական վարույթը վերսկսելու ինստիտուտին, այլ ոչ թե բողոքարկման, քանի որ Արթուր Բարսեղյանը չի վիճարկել ՀՀ ոստիկանության պետի 20.06.2017 թվականի թիվ 1694-Ա հրամանի իրավաչափությունը, այլ` խնդրել է կատարել լրացուցիչ ծառայողական քննություն, ակնկալելով, որ ՀՀ ոստիկանության պետի որոշումը կլինի ավելի օրինաչափ ու արդարացի (հատոր 1-ին, գ.թ. 102-104): Հարկ ենք համարում նշել, որ լրացուցիչ ծառայողական քննություն կատարելու մասին Արթուր Բարսեղյանի վերոգրյալ դիմումը, թեև ըստ էության համապատասխանում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածին, այդուհանդերձ նշված հոդվածի իմաստով այն անթույլատրելի է, քանի որ առկա չէ բողոքարկման ոչ ենթակա վարչական ակտ: Նշվածը, սակայն, չի նշանակում, որ լրացուցիչ ծառայողական քննություն կատարելու մասին Արթուր Բարսեղյանի վերոգրյալ դիմումը կարող է որակվել որպես վարչական բողոք:
Արթուր Բարսեղյանը 07.09.2017 թվականի ամսաթվով ևս մեկ դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության պետին` խնդրելով իրեն վերականգնել ՀՀ ոստիկանության համակարգում (հատոր 1-ին, գ.թ. 109-111):
Այս դեպքում ևս դիմումը չի պարունակել բողոքարկման առարկան, այսինքն` ՀՀ ոստիկանության պետի 20.06.2017 թվականի թիվ 1694-Ա հրամանը և բողոք բերողի պահանջը, այսինքն` վարչական ակտն անվավեր կամ առ ոչինչ ճանաչելու պահանջ: Նշված դիմումով Արթուր Բարսեղյանը խնդրել է իրեն վերականգնել ՀՀ ոստիկանության համակարգում, այսինքն, ըստ էության, ներկայացրել է աշխատանքի ընդունման դիմում:
Այսպիսով, հարկ ենք համարում ընդգծել, որ թե՛ ՀՀ ոստիկանության պետին առանց ամսաթվի նշման ներկայացված և ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստացված 12.07.2017 թվականի դիմումը (առաջին դիմումը) և թե՛ ՀՀ ոստիկանության համակարգում իրեն վերականգնելու մասին 07.09.2017 թվականի ամսաթվով Արթուր Բարսեղյանի դիմումը (երկրորդ դիմումը) չեն կարող գնահատվել վարչական բողոքներ, քանի որ այդ դիմումներով Արթուր Բարսեղյանը չի պահանջել անվավեր կամ առոչինչ ճանաչել ՀՀ ոստիկանության պետի 20.06.2017 թվականի թիվ 1694-Ա հրամանը: Նման պայմաններում ՀՀ ոստիկանապետն իրավասու չէր այդ դիմումների քննարկման արդյունքում ընդունել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կամ «բ» կետերով նախատեսված որոշումներից որևէ մեկը: Այլ կերպ ասած, ՀՀ ոստիկանապետն իրավունք չուներ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի ուժով անվավեր կամ առոչինչ ճանաչել ՀՀ ոստիկանության պետի 20.06.2017 թվականի թիվ 1694-Ա հրամանը, քանի որ Արթուր Բարսեղյանի դիմումը չի պարունակել այն անվավեր կամ առոչինչ ճանաչելու պահանջ, հետևաբար այդ դիմումներին տրված պատասխանները ևս չեն կարող համարվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի ուժով ընդունված վարչական ակտեր:
Ավելին, եթե Արթուր Բարսեղյանի կողմից ՀՀ ոստիկանության պետին առանց ամսաթվի նշման ներկայացված և ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստացված 12.07.2017 թվականի դիմումը (առաջին դիմումը) գնահատվում է վարչական բողոք, իսկ դրան ի պատասխան տրված ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի 13.07.2017 թվականի գրությունը` վարչական ակտ, ապա այդ դիմումին (վարչական բողոքին) հաջորդող միևնույն հարցի առնչությամբ ներկայացված դիմումով (վարչական բողոքով) հարուցված վարչական վարույթը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1 1-ին մասի «գ» կետի ուժով ենթակա էր կարճման, քանի որ նշված իրավանորմի համաձայն` դիմումով հարուցված վարչական վարույթը կարճվում է, եթե գոյություն ունի միևնույն անձի, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով ուժի մեջ մտած վարչական կամ դատական ակտ:
______________________
1 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական բողոքի քննարկումն իրականացվում է նույն օրենքի II բաժնով սահմանված դրույթներին համապատասխան, եթե նույն օրենքի IV բաժնով այլ բան նախատեսված չէ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածը ներառված է նույն օրենքի II բաժնում:
Գտնում ենք, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող առաջին դիմումը` վարչական բողոքը, Արթուր Բարսեղյանի կողմից ներկայացվել է 12.11.2017 թվականի ամսաթվով, վերնագրված է «Դիմում-բողոք» (հատոր 1-ին, գ.թ. 113) և պարունակում է բողոքարկման առարկան, այն է` ՀՀ ոստիկանության պետի 20.06.2017 թվականի թիվ 1694-Ա հրամանը և բողոք բերողի պահանջը, այն է` այդ հրամանը վերացնելու (անվավեր ճանաչելու) պահանջը:
Այսպիսով ՀՀ ոստիկանության պետի 20.06.2017 թվականի թիվ 1694-Ա հրամանը վարչական կարգով առաջին անգամ բողոքարկվել է 12.11.2017 թվականի ամսաթվով, որի քննարկման արդյունքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետը 16.11.2017 թվականի գրությամբ Արթուր Բարսեղյանին հայտնել է, որ ՀՀ ոստիկանության պետի 20.06.2017 թվականի թիվ 1694-Ա հրամանը վերանայելու կամ նոր ծառայողական քննություն սկսելու հիմքեր ի հայտ չեն եկել, ուստի դիմումը թողնվել է անհետևանք (հատոր 1-ին, գ.թ. 112): Փաստորեն, վարչական մարմինը գտել է, որ 12.11.2017 թվականի ամսաթվով ներկայացված Արթուր Բարսեղյանի «Դիմում-բողոքին» նախորդող դիմումները չեն հանդիսացել վարչական բողոքներ, իսկ դրանց տրված պատասխանները` վարչական ակտեր, ինչի պատճառով ոչ թե կարճել է նշված «Դիմում-բողոքի» հիման վրա հարուցված վարչական վարույթը, որպիսի պարտականությունն ամրագրված է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով, այլ ընդունել է վարչական ակտ` ըստ էության անփոփոխ թողնելով վարչական կարգով բողոքարկված վարչական ակտը, այն է` ՀՀ ոստիկանության պետի 20.06.2017 թվականի թիվ 1694-Ա հրամանը:
Վերոգրյալի հաշվառմամբ գտնում ենք, որ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի 16.11.2017 թվականի գրությունը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է վարչական բողոքի արդյունքում ընդունված վարչական ակտ, ուստի ՀՀ ոստիկանության պետի 20.06.2017 թվականի թիվ 1694-Ա հրամանի վիճարկման հայցադիմումը դատարան ներկայացնելու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետը պետք է հաշվարկվեր սկսած բողոքի վերաբերյալ որոշումը, այսինքն` ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի 16.11.2017 թվականի գրությունն ուժի մեջ մտնելուց օրվանից:
Ընդ որում պետք է փաստել, որ ՀՀ ոստիկանության պետի 20.06.2017 թվականի թիվ 1694-Ա հրամանում դրա բողոքարկման ժամկետը նշված չէ, հետևաբար այն վարչական կարգով կարող էր բողոքարկվել մեկ տարվա ընթացքում: Այսինքն` Արթուր Բարսեղյանն իրավունք ուներ ՀՀ ոստիկանության պետի 20.06.2017 թվականի թիվ 1694-Ա հրամանը վարչական կարգով բողոքարկել ներառյալ 21.06.2018 թվականը (նշված հրամանի ընդունման մասին հայցվորի իրազեկման օրը պայմանականորեն հենց հրամանի ընդունման օրը` 20.06.2017 թվականը համարելու պարագայում), ինչը և կատարել է, այն է` Ոստիկանության պետի 20.06.2017 թվականի թիվ 1694-Ա հրամանի վերացման մասին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող վարչական բողոքն Արթուր Բարսեղյանն առաջին անգամ ներկայացրել է 12.11.2017 թվականին, այսինքն` մեկ տարվա ժամկետում: Նշված բողոքի առնչությամբ վարչական ակտը` Ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի գրությունն ընդունվել է 16.11.2017 թվականին:
Սույն գործով վիճարկման հայցադիմումը ՀՀ վարչական դատարան է ներկայացվել 12.12.2017 թվականին (սույն գործով հայցադիմումը փոստային ծառայությանը հանձնելու ամսաթիվն է), այսինքն` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով սահմանված ժամկետներում (Ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի գրության մասին հայցվորի իրազեկման օրը պայմանականորեն հենց դրա ընդունման օրը` 16.11.2017 թվականը համարելու պարագայում):
Վերոգրյալ փաստերի հաշվառմամբ գտնում ենք, որ Ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի գրության ընդունման օրը որպես վարչական ակտի ուժի մեջ մտնելու օր համարելու պարագայում անգամ հայցվորի կողմից բաց չի թողնվել վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետը, որպիսի պարագայում դատավարական ժամկետը վերականգնելու մասին հայցվորի միջնորդությունը որպես առարկայազուրկ ենթակա չի եղել քննարկման: Ընդ որում, Դատարանը պետք է հաշվի առներ նաև այն հանգամանքը, որ հայցվորի ներկայացուցիչը միջնորդել է վերականգնել բաց թողնված դատավարական ժամկետը, պայմանով, որ «եթե ստեղծված իրավիճակում ՀՀ վարչական դատարանը կհամարի, որ հայցվորը բաց է թողել վարչական հայց ներկայացնելու ժամկետը»:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` գտնում ենք, որ Դատարանի 09.07.2018 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը ենթակա է եղել վերացման` առարկայազուրկ միջնորդության քննարկման արդյունքում ընդունված լինելու պատճառաբանությամբ: Գտնում ենք նաև, որ տվյալ դեպքում հայցվորին պետք է տրամադրվի դատական պաշտպանություն` վերջինիս վրա չդնելով դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն ներկայացնելու պարտականություն, քանի որ սույն գործով հայցադիմումը հայցվորի կողմից ՀՀ վարչական դատարան է ներկայացվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով սահմանված ժամկետի պահպանմամբ:
Այսպիսով, գտնում ենք, որ Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է վերացման սույն հատուկ կարծիքում նշված պատճառաբանություններով, որպիսի պարագայում նույն պատճառաբանություններով պետք է կայացնել նոր դատական ակտ` ՀՀ վարչական դատարանի 09.07.2018 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը վերացնելու մասին:
Դատավոր Ռ. Հակոբյան
Դատավոր Ե. Խունդկարյան
Դատավոր Ստ. Միքայելյան