040.0336.030418
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 մարտի 2018 թվականի N 336-Ա
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասը, ինչպես նաև «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող` 10518.2 քառ. մետր մակերեսով, 518,221.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով շենք-շինությունները (այսուհետ` գույք) (անշարժ գույքի սեփականության (անհատույց օգտագործման) իրավունքի գրանցման վկայական N 1660543) հետ վերցնել և նվիրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:
(1-ին կետը փոփ. 14.11.2019 թիվ 1579-Ա որոշում)
2. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին` սույն որոշման 1-ին կետի կատարումն ապահովելու նպատակով երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գետահովտի համայնքի ղեկավարի միջոցով իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված գույքով զբաղեցված և սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ` պետական սեփականություն հանդիսացող հատուկ նշանակության 8.9 հեկտար հողամասի նպատակային նշանակության փոփոխության գործընթաց:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գետահովտի համայնքի ղեկավարին` սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասի նպատակային նշանակության փոփոխությունից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ կնքել հողամասի` սեփականության իրավունքով անհատույց տրամադրման պայմանագիր և իրականացնել հանձնման-ընդունման աշխատանքներ` կնքվող պայմանագրում սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվելու են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշման 2-րդ կետի կատարման ապահովումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումն ու նվիրատվության պայմանագրի կնքումը` դրանում սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվելու են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջոցների հաշվին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ