Սեղմել Esc փակելու համար:
2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ԱՄՄԱՆ ՔԱՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ԱՄՄԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐ ...

 

 

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ԱՄՄԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՐԴԱՆԱՆԻ ՀԱՇԻՄՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 24 դեկտեմբերի 2019 թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տ. Ռևազյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2018 թվականի նոյեմբերի 1-ին Ամման քաղաքում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2019 թվականի նոյեմբերի 27-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով վերոնշյալ համաձայնագիրը, սույն գործով ՀՀ կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2018 թվականի նոյեմբերի 1-ին Ամմանում` միջազգային ավիացիոն համակարգը խթանելու, միջազգային օդային տրանսպորտում թռիչքային և ավիացիոն անվտանգության բարձրագույն մակարդակ ապահովելու նպատակով:

2. Համաձայնագրի անբաժան մասն է կազմում հավելվածը, որով սահմանվում է երթուղիների ցանկը:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մի շարք պարտավորություններ, որոնցից են մասնավորապես.

- ապահովել, որ Համաձայնագրի Հավելվածում սահմանված երթուղիներով կանոնավոր միջազգային օդային հաղորդակցությունների հաստատման նպատակով հորդանանյան կողմին տրամադրվեն Համաձայնագրով նախատեսված իրավունքները (Հոդված 3, կետ 1),

- զինված հակամարտությունների, բնական աղետների կամ քաղաքական ընդվզումների հետևանքով հորդանանյան կողմի նշանակված ավիաընկերության` սահմանված երթուղով հաղորդակցության իրականացման անկարողության դեպքում ձեռնարկել առավելագույն ջանքեր` երթուղիների համապատասխան ժամանակավոր վերադասավորման միջոցով նման հաղորդակցությունների շարունակական շահագործումն ապահովելու համար (Հոդված 3, կետ 5),

- ավիաընկերությունների նշանակման և շահագործման թույլտվությունների տրամադրման հետ կապված` ապահովել Համաձայնագրի 4-րդ հոդվածի պահանջների կատարումը (Հոդված 4),

- ապահովել, որ Հայաստանի Հանրապետության օրենքները և կարգավորումները, որոնք վերաբերում են միջազգային օդային հաղորդակցության մեջ ներգրավված օդանավերի` իր տարածք մուտք գործելուն, տարածքում գտնվելուն կամ տարածքից մեկնելուն կամ իր տարածքում գտնվելիս նման օդանավերի շահագործմանը և նավիգացիային, կիրառվեն հայկական և հորդանանյան կողմերի օդանավերի նկատմամբ և պահպանվեն հորդանանյան կողմի նշանակված ավիաընկերության կողմից` ՀՀ տարածք մուտք գործելիս, տարածքում գտնվելիս և տարածքից մեկնելիս (Հոդված 6, կետ 1),

- ապահովել հորդանանյան կողմի մուտքին, ձևակերպումներին, տարանցմանը, իմիգրացիոն, անձնագրային, մաքսային, արժութային, սանիտարական պահանջներին և կարանտինին վերաբերող օրենքների և կարգավորումների կատարումը հայկական կողմի նշանակված ավիաընկերության կողմից կամ միջազգային օդային հաղորդակցություններ կատարող նրա օդանավերի, անձնակազմերի կողմից` ուղևորների, ուղեբեռի, բեռների և փոստի առնչությամբ` հորդանանյան կողմի տարածք մուտք գործելիս, մեկնելիս, այնտեղ գտնվելիս կամ տարանցիկ անցնելիս (Հոդված 6, կետ 2),

- ապահովել, որ առավելություն չտրվի հայկական կամ այլ ավիաընկերության` համանման միջազգային օդային հաղորդակցություններում ընդգրկված հորդանանյան կողմի ավիաընկերությունների նկատմամբ` Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված կարգավորումների կիրառման տեսանկյունից կամ ՀՀ հսկողության տակ գտնվող օդանավակայանների, երթուղիների, օդային երթևեկության ծառայությունների և հարակից սարքավորումների/միջոցների օգտագործման տեսանկյունից (Հոդված 6, կետ 3),

- սերտիֆիկատների և լիցենզիաների ճանաչման հետ կապված` ապահովել Համաձայնագրի 7-րդ հոդվածի դրույթների կատարումը,

- եթե խորհրդակցություններից հետո հայկական կողմը գտնի, որ հորդանանյան կողմը Համաձայնագրի 8-րդ հոդվածի 1-ին կետում նշված ոլորտներից որևէ մեկում արդյունավետորեն չի հետևում և կիրառում թռիչքների անվտանգության չափանիշները, որոնք առնվազն հավասար են այդ պահի դրությամբ Կոնվենցիայի համաձայն սահմանված նվազագույն չափանիշներին, ապա տեղեկացնել հորդանանյան կողմին հայտնաբերված նման թերությունների և տվյալ նվազագույն չափանիշներին համապատասխանությունն ապահովելու համար անհրաժեշտ քայլերի մասին: Հորդանանյան կողմի կողմից 15 օրվա ընթացքում կամ համաձայնեցված ավելի երկար ժամանակահատվածում համապատասխան գործողության չձեռնարկումը հիմք համարել Համաձայնագրի 5-րդ հոդվածի (Չեղյալ հայտարարումը) կիրառման համար (Հոդված 8, կետ 2),

- ապահովել, որ հայկական կողմի նշանակված ավիաընկերությունները ընդգրկված չլինեն թռիչքային անվտանգության որևէ ճանաչված գործակալության կամ թռիչքային պիտանիության հարցերով զբաղվող մարմնի կողմից հրապարակված` արգելված ավիաընկերությունների որևէ ցուցակում (Հոդված 8, կետ 8),

- խնդրանքի դեպքում հորդանանյան կողմին տրամադրել անհրաժեշտ աջակցություն` կանխելու համար օդանավերի ապօրինի գրավման գործողությունները և օդանավերի, դրանց ուղևորների և անձնակազմի, օդանավակայանների և աերոնավիգացիոն միջոցների անվտանգության դեմ ուղղված այլ անօրինական գործողությունները և քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ցանկացած այլ սպառնալիք (Հոդված 9, կետ 2),

- միջադեպի կամ քաղաքացիական օդանավի ապօրինի գրավման միջադեպի սպառնալիքի, նման օդանավի, նրա ուղևորների և անձնակազմի, օդանավակայանների կամ աերոնավիգացիոն միջոցների անվտանգության դեմ ուղղված այլ անօրինական գործողության դեպքում աջակցել հորդանանյան կողմին` դյուրացնելով կապը, ու համապատասխան այլ միջոցներ ձեռնարկել` ուղղված նման միջադեպի կամ դրա սպառնալիքի հնարավորինս արագ և անվտանգ վերացմանը (Հոդված 9, կետ 5),

- ապահովել, որ ձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները, որ ՀՀ տարածք ժամանած` անօրինական գրավման կամ այլ անօրինական միջամտության առարկա դարձած օդանավը մնա ՀՀ տարածքում մինչև նրա մեկնելը խիստ անհրաժեշտ լինի մարդկային կյանքի պաշտպանության համար: Հնարավորության դեպքում նման գործողություններն իրականացնել երկկողմ խորհրդակցությունների հիման վրա (Հոդված 9, կետ 10),

- օդանավակայանային գանձումների հետ կապված` ապահովել Համաձայնագրի 10-րդ հոդվածի դրույթների կատարումը (Հոդված 9, կետ 10),

- ապահովել, որ հորդանանյան կողմի նշանակված ավիաընկերությունների օդանավերը, որոնք շահագործվում են միջազգային օդային հաղորդակցություններում, ինչպես նաև դրանց հաշվեցուցակային սարքավորումները (սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են օդանավի շահագործման ժամանակ օգտագործելու համար), վառելիքի ու քսայուղերի պաշարները և նման օդանավերում գտնվող պաշարները (ներառյալ սննդամթերքը, ըմպելիքները և ծխախոտը) Հայաստանի Հանրապետության տարածք ժամանելիս ազատվեն բոլոր մաքսատուրքերից և այլ վճարներից կամ հարկերից` պայմանով, որ այդպիսի սարքավորումները և պաշարները մնալու են օդանավում մինչև դրանց վերարտահանվելը (Հոդված 11, կետ 1),

- ապահովել, որ Համաձայնագրի 11-րդ հոդվածով նախատեսված ազատումները տրամադրվեն նաև այն դեպքերում, երբ հորդանանյան կողմի նշանակված ավիաընկերությունները պայմանավորվածություններ են ձեռք բերել այլ ավիաընկերությունների հետ` հաշվեցուցակային սարքավորումների և 11-րդ հոդվածում նշված այլ պարագաների` ՀՀ տարածքում փոխառելու կամ փոխանցելու նպատակով` պայմանով, որ մյուս ավիաընկերությանը կամ ավիաընկերություններին հայկական կողմը տրամադրում է նույն ազատումները (Հոդված 11, կետ 4),

- եթե հայկական և հորդանանյան կողմերի միջև չի գործում ավիաընկերությունների հարկային համակարգը կարգավորող` կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագիր, ապա, փոխադարձության հիմունքով, հորդանանյան կողմի ավիաընկերություններին ազատել բոլոր տեսակի օդային հաղորդակցությունների շահագործումից ստացված շահույթներից և հասույթներից գանձվող հարկերից և վճարներից` առանց սահմանափակելու հայկական կողմի սահմանած օրենսդրական պարտավորությունների կատարումը (Հոդված 12),

- ապահովել Համաձայնագրի 13-րդ հոդվածում շարադրված առևտրային գործունեության կարգավորման սկզբունքների կիրառումը (Հոդված 13),

- հորդանանյան կողմի նշանակված ավիաընկերություններին փոխադարձության սկզբունքով իրավունք վերապահել ՀՀ տարածքում ունենալու իրենց գրասենյակները և ներկայացուցիչները, ինչպես նաև առևտրային, շահագործողական և տեխնիկական անձնակազմը, ինչը պահանջվում է համաձայնեցված հաղորդակցությունների շահագործման համար (Հոդված 14, կետ 1),

- հատուկ հանգամանքներով պայմանավորված, անհրաժեշտության դեպքում, անձնակազմի անհետաձգելի և ժամանակավոր մուտքը կամ կացությունը, ՀՀ օրենքներով և կանոնակարգերով պահանջվող արտոնագրերը և այլ փաստաթղթերը տրամադրել առանց հապաղման` նման անձնակազմի` ՀՀ մուտքը չուշացնելու նպատակով (Հոդված 14, կետ 4),

- ապահովել, որ հորդանանյան կողմի նշանակված ավիաընկերությունը իրավունք ունենա ՀՀ տարածքում ինքնուրույն իրականացնելու վերգետնյա սպասարկման աշխատանքներ կամ, իր հայեցողությամբ, ամբողջովին կամ մասնակիորեն օգտվելու նման ծառայությունների մատուցման իրավունք ունեցող մատակարարների ծառայություններից: Եթե ՀՀ տարածքի վերգետնյա սպասարկման վերաբերյալ կանոնակարգումները բացառում կամ սահմանափակում են պայմանագրային հիմունքներով նման ծառայություններից օգտվելը կամ ինքնասպասարկումը, ապա յուրաքանչյուր նշանակված ավիաընկերությանը միատեսակ հնարավորություններ տալ ինքնասպասարկման և մատակարարի կամ մատակարարների կողմից մատուցվող վերգետնյա սպասարկման ծառայություններից օգտվելու հարցում (Հոդված 14, կետ 5),

- առաջնորդվելով փոխադարձության սկզբունքով և բացառելով միջազգային հաղորդակցություններ իրականացնող մեկ այլ ավիաընկերության հանդեպ խտրական վերաբերմունքը` ապահովել, որ հորդանանյան կողմի նշանակված ավիաընկերություններն ազատորեն` ինքնուրույն կամ գործակալի միջոցով ցանկացած արտարժույթով իրականացնեն օդային փոխադրումների վաճառք ՀՀ տարածքում` համաձայն ՀՀ գործող օրենքների (Հոդված 14, կետ 6),

- ապահովել, որ հայկական կողմի ավիացիոն իշխանությունները հորդանանյան կողմի ավիացիոն իշխանություններին, վերջիններիս խնդրանքով, տրամադրեն համաձայնեցված հաղորդակցություններում հայկական կողմի նշանակված ավիաընկերությունների կողմից դեպի Հորդանանի Թագավորության տարածք կամ այդ տարածքից փոխադրումների վերաբերյալ տեղեկություն և վիճակագրական տվյալներ` այն կարգով, որով այդ նշանակված ավիաընկերությունները պատրաստել և ներկայացրել են ՀՀ ավիացիոն իշխանություններին (Հոդված 15),

- հաստատման նպատակով հորդանանյան կողմի ավիաընկերություններից չպահանջել չվացուցակների, չվերթերի իրականացման ծրագրերի կամ չվերթերի շահագործման պլանների ներկայացում` բացառությամբ այն դեպքերի, երբ դա կպահանջվի ոչ խտրական հիմքերով միատեսակ պայմաններ պարտադրելու համար, ինչպես նախատեսված է Համաձայնագրի 16-րդ հոդվածում, կամ երբ դա հստակորեն թույլատրվում է Համաձայնագրով: Եթե հայկական կողմը պահանջում է վերոնշյալ փաստաթղթերի ներկայացումը տեղեկատվական նպատակներով, ապա ապահովել, որ հորդանանյան կողմի ավիաընկերությունների համար նվազագույնի հասցվի դրանց ներկայացման վարչական պահանջները և ընթացակարգերը (Հոդված 16),

- կատարել Համաձայնագրի 18-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված` միջնորդ դատարանի նախագահի ցանկացած որոշում (Հոդված 18, կետ 3),

- վճարել հայկական կողմի արբիտրի հետ կապված ծախսերը և նրա վարձավճարը. երրորդ արբիտրի վճարը և նրա համար անհրաժեշտ ծախսերը (Հոդված 18, կետ 4):

i

4. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված` միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված` արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

i

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2018 թվականի նոյեմբերի 1-ին Ամման քաղաքում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

i

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

24 դեկտեմբերի 2019 թվականի

ՍԴՈ-1498

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 24 դեկտեմբերի 2019 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
24.12.2019
N ՍԴՈ-1498
Որոշում