Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 240-ՐԴ, 259...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 240-ՐԴ, 259-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                       թիվ ԵԿԴ/3928/02/16

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3928/02/16   2019 թ.

Նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան

    Դատավորներ`        Տ. Նազարյան

                       Ն. Բարսեղյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի նոյեմբերի 4-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.08.2017 թվականի որոշման դեմ` ըստ Բանկի հայցի ընդդեմ «Կապս ՀԷԿ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` ի դեմս սնանկության գործով կառավարիչ Գագիկ Բարխուդարյանի` գրավի առարկան հավասարարժեք գույքով փոխարինելու, իսկ դրա անհնարինության դեպքում գրավի իրավունքը դադարած ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Ընկերությանը պարտավորեցնել փոխարինել շրջանառության մեջ գտնվող ապրանքների գրավի թիվ G12-005071 պայմանագրում նշված գրավի առարկա հանդիսացող D=1220 տրամաչափի 8000 գծ խողովակներն այլ հավասարարժեք գույքով, այդ թվում նաև` դրամական միջոցներով, իսկ դրա անհնարինության դեպքում Բանկի գրավի իրավունքը նշված գույքի նկատմամբ ճանաչել դադարած:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) (այսուհետ` Դատարան) 13.03.2017 թվականի վճռով հայցը` գրավի առարկան հավասարարժեք գույքով փոխարինելու պահանջի մասով, մերժվել է, իսկ գրավի իրավունքը դադարած ճանաչելու պահանջի մասով գործի վարույթը կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.08.2017 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Դատարանի 13.03.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 240-րդ, 259-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 71-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Ստորադաս դատարանները եզրահանգել են սույն իրավահարաբերությունների նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 240-րդ հոդվածի կիրառման անհնարինության մասին այն իմաստով, որ Բանկն իր դատական պաշտպանությունը և պահանջների բավարարումն իրականացնում է որպես գրանցված պարտատեր թիվ ԵԿԴ/0011/04/13 սնանկության գործով: Մինչդեռ ստորադաս դատարաններն անտեսել են, որ Բանկը ձևական առումով` միայն թղթի վրա գոյություն ունեցող գրավի առարկայի հիմքով է ճանաչվել որպես ապահովված պարտատեր:

Բացի այդ, սույն իրավահարաբերությունների նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 240-րդ հոդվածի կիրառումը չի բացառվում, քանի որ օրենքը չի նախատեսում որևէ բացառություն` գրավառուի կողմից գրավի առարկայի փոխարինման պահանջ ներկայացնելու համար, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 71-րդ հոդվածի հիմքով, ուստի այդ հոդվածի կիրառման բացառումն անօրինական է և չի բխում ո՛չ նշված հոդվածների, ո՛չ էլ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի բովանդակությունից:

Ընդ որում, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքը գրավի առարկայի փոխարինման հնարավորություն չի նախատեսում, ինչն ինքնին բացառում է Բանկի կողմից սնանկության վարույթի շրջանակներում նման պահանջ ներկայացնելը և, առավել ևս, այդ պահանջի բավարարում ստանալը: Գրավի առարկայի փոխարինման ինստիտուտը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 240-րդ հոդվածով, ուստիև Բանկը, ղեկավարվելով նշված հոդվածի դրույթներով, իր խախտված իրավունքների վերականգնումը փորձել է իրականացնել առանձին քաղաքացիական գործի վարույթով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.08.2017 թվականի որոշումը և այն փոփոխել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Բանկի և վարկառու Ընկերության միջև 01.03.2012 թվականին կնքվել է թիվ V12-005329 վարկային պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր), որի 1.1 կետի համաձայն` Բանկը վարկառուին տրամադրել է վարկ 900.000 ԱՄՆ դոլար գումարի չափով` մինչև 02.03.2015 թվականը մարման վերջնական ժամկետով (հատոր 1-ին, գ.թ. 17- 19):

2) Բանկի և Ընկերության միջև 01.03.2012 թվականին կնքվել է թիվ G12-005071 շրջանառության մեջ գտնող ապրանքների գրավի պայմանագիրը (այսուհետ` Գրավի պայմանագիր), որի 1.1 կետի համաձայն` որպես Պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման ապահովման միջոց Ընկերությունը գրավ է դրել Գրավի պայմանագրի 1.2 կետում նշված գրավի առարկան: Պայմանագրի 1.2 կետի համաձայն` գրավի առարկա են հանդիսանում գրավատուին սեփականության իրավունքով պատկանող շրջանառության մեջ գտնվող D=1.220 մմ տրամաչափի խողովակները (այսուհետ` Գրավի առարկա): Գրավի պայմանագրի 1.5 կետի համաձայն` Գրավի առարկայի արժեքը երկկողմանի համաձայնությամբ կազմում է 704.000.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ.12-15):

3) Թիվ ԵԿԴ/0011/04/13 սնանկության գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) 26.03.2013 թվականի` օրինական ուժ ստացած վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ (հատոր 1-ին, գ.թ. 75-78, www.datalex.am դատական տեղեկատվական համակարգ):

4) Թիվ ԵԿԴ/0011/04/13 սնանկության գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 14.03.2016 թվականի որոշմամբ Բանկի 751.109,35 ԱՄՆ դոլար գումարի չափով պահանջը Ընկերության նկատմամբ ճանաչվել է ապահովված (հատոր 1-ին, գ.թ. 75-78):

5) Ընկերության ֆինանսական վիճակի վերլուծության 4-րդ կետի համաձայն` Ընկերությունը ստեղծման պահից մինչև սնանկ ճանաչվելը իրականացրել է ընդամենը մեկ ձեռքբերման և մեկ օտարման գործարքներ: «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի հետ 05.11.2010 թվականին կնքած պայմանագրի համաձայն` 2011 թվականին ձեռք է բերվել 1.220 մմ տրամագծի 10.000 գմ խողովակներ ընդհանուր 605.460.000 ՀՀ դրամ արժողությամբ: 2012 և 2013 թվականների ընթացքում «Ամբերդ» ՍՊԸ-ին օտարվել են վերոնշված խողովակներից ընդհանուր 9.900.000 գմ խողովակներ 871.398.000 ՀՀ դրամ արժողությամբ: Վերլուծության 3.1 կետի համաձայն` պարտապանի հաշվեկշռում արտացոլված 5.045.500 ՀՀ դրամը 100 գմ 1.220 մմ տրամաչափի խողովակներ են, որոնք գույքագրման ժամանակ չեն ներկայացվել, սակայն առկա է հայտարարություն գողության վերաբերյալ, և այդ փաստի վերաբերյալ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ Լ. Գրիգորյանի կողմից հարուցված է քրեական գործ թիվ 20105212, և կատարվում է նախաքննություն (հատոր 1-ին, գ.թ. 21-23):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում սնանկ ճանաչված պարտապանի գույքի վերաբերյալ վեճերի ենթակայության մասին Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անդրադառնում է հետևյալ իրավական խնդրին. արդյո՞ք սնանկության վարույթի առկայության պայմաններում գրավի առարկան հավասարարժեք գույքով փոխարինելու պահանջը կարող է քննվել առանձին քաղաքացիական գործի շրջանակներում:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության դատարաններում քաղաքացիական գործերով դատավարության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, նույն օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և դրանց համապատասխան ընդունված այլ օրենքներով: Այլ օրենքներում (բացառությամբ սնանկության վարույթը կարգավորող օրենքների) պարունակվող քաղաքացիական դատավարության իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն նույն օրենսգրքին: Նմանատիպ դրույթ նախատեսում է նաև գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (...) սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 71-րդ հոդվածի համաձայն` իրավաբանական անձը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել, եթե նա ի վիճակի չէ բավարարել պարտատերերի պահանջները: Իրավաբանական անձին դատարանով սնանկ ճանաչելու հիմքերը, կարգը, ինչպես նաև սնանկ ճանաչված իրավաբանական անձի պարտատերերի պահանջների բավարարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 240-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե գրավի առարկան ոչնչացել կամ վնասվել է կամ դրա նկատմամբ սեփականության իրավունքը դադարել է օրենքով սահմանված հիմքերով, ապա գրավատուն պարտավոր է ողջամիտ ժամկետում վերականգնել գրավի առարկան կամ այն փոխարինել այլ հավասարարժեք գույքով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 259-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` շրջանառության մեջ գտնվող ապրանքների գրավ է համարվում գրավատուի մոտ թողնված ապրանքների գրավը` գրավատուին իրավունք վերապահելով փոխել գրավ դրված գույքի (ապրանքային պաշարների, հումքի, նյութերի, կիսաֆաբրիկատների, պատրաստի արտադրանքի և այլն) կազմը և բնական ձևը, պայմանով, որ դրանց ընդհանուր արժեքը չնվազի գրավի մասին պայմանագրում նշվածից: Շրջանառության մեջ գտնվող գրավ դրված ապրանքների արժեքի նվազեցումը թույլատրվում է գրավով ապահովված պարտավորության կատարված մասին համաչափ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գրավատուի կողմից օտարված` շրջանառության մեջ գտնվող ապրանքները ձեռք բերողի սեփականությանն անցնելու պահից դադարում են գրավի առարկա լինել, իսկ գրավի պայմանագրում նշված գրավատուի ձեռք բերված ապրանքները դառնում են գրավի առարկա` գրավատուի մոտ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պահից:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սնանկության գործով պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների առնչությամբ ծագած բոլոր քաղաքացիաիրավական վեճերը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ, քննվում են նույն սնանկության գործի շրջանակում:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը գործը հանձնում է սնանկության դատարանի քննությանը, եթե գործը քննելիս պարզվել է, որ այն ենթակա է քննության սնանկության դատարանում:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ անձին սնանկ ճանաչելու նպատակը քաղաքացիական շրջանառության կայունության ապահովումն է` այդ շրջանառության անվճարունակ մասնակիցներին ֆինանսապես առողջացնելու կամ նրանց քաղաքացիական շրջանառությունից դուրս մղելու նպատակով, որպեսզի վերջիններիս անվճարունակության հետևանքով չոտնահարվեն նաև քաղաքացիական շրջանառության մնացած մասնակիցների շահերը: ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել հավելել, որ պարտապանին սնանկ ճանաչելը պարտավորությունը ոչ պատշաճ կատարած պարտապանի նկատմամբ դատական այնպիսի միջամտություն է, որի պայմաններում սահմանափակվում է պարտապանի գործողությունների շրջանակը մինչև սնանկության վարույթի ավարտը, որպիսի կարգավորման նպատակը պարտապանի և պարտատերերի շահերի հավասարակշռությունն ապահովելն է (տե՛ս, «ԱռէկսիմԲանկ-ԳազպրոմԲանկի Խումբ» ՓԲԸ-ն ընդդեմ Հարություն Վարդանյանի թիվ ԵՄԴ/0049/04/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ սնանկ ճանաչված պարտապանի մասնակցությամբ պարտավորությունները կենտրոնանում են սնանկության վարույթում: Այդ իսկ նկատառումով «Սնանկության մասին» ՀՀ օրենքում 17.06.2016 թվականին կատարված փոփոխությունների արդյունքում դրա 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվել է, որ սնանկության գործով պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների առնչությամբ ծագած բոլոր քաղաքացիաիրավական վեճերը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ, քննվում են նույն սնանկության գործի շրջանակում: Նույն տրամաբանությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը սահմանել է, որ սնանկ ճանաչվելու վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից կարճվում կամ ավարտվում են պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնվող գործերը, և պարտապանի դեմ պարտատերերի պահանջները կարող են ներկայացվել սնանկության վարույթի շրջանակներում:

i

Բացի այդ, սնանկության վարույթում սնանկ ճանաչված պարտապանի մասնակցությամբ պարտավորությունների կենտրոնացմամբ հնարավորություն է ստեղծվում ապահովելու վերջինիս ակտիվների հավաքագրումը և դրանց հիման վրա բոլոր պարտատերերի շահերի ապահովումը` օրենքով սահմանված առաջնահերթությամբ վերջիններիս պահանջների բավարարմամբ: Հետևաբար, եթե սնանկ ճանաչված պարտապանն ունի իր օգտին կատարման ենթակա պարտավորություններ, այսինքն` տվյալ պարտավորություններով պարտատեր է, ապա պարտավորությունների կատարումը հնարավոր է միայն սնանկության վարույթի շրջանակներում, այլ կերպ ասած` պարտավորության կատարման արդյունքը պետք է կենտրոնանա սնանկության վարույթում, որպեսզի հետագայում բաշխվի պարտատերերի միջև: Նույն տրամաբանությամբ սնանկ ճանաչված պարտապանի պարտապաններն իրենց պարտավորությունները չեն կարող կատարել հօգուտ սնանկ ճանաչված պարտապանի պարտատերերի` շրջանցելով սնանկության վարույթը: Այլ կերպ ասած` չի թույլատրվում սնանկ ճանաչված պարտապանի պարտատիրոջն անմիջականորեն բավարարում տալը սնանկ ճանաչված պարտապանի հետ պարտավորական հարաբերությունների մեջ գտնվող պարտապանի կողմից (տե՛ս, «Դոն-Ալֆոմ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Յուրիկ Օհանյանի հայցն ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/0254/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պարտատերերի պահանջների բավարարման հնարավորության վրա ազդող վեճերով հարուցվող քաղաքացիական հայցերով քաղաքացիական գործերը պետք է քննվեն սնանկության գործը վարող դատավորի կողմից նույն սնանկության գործի շրջանակներում` որպես առանձին քաղաքացիական գործեր: Ընդ որում, նշված գործերը քննելիս կիրառման ենթակա են ինչպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի դրույթները, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված իրավակարգավորումները, եթե դրանք չեն հակասում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումներին:

Վճռաբեկ դատարանը նման եզրահանգման համար կարևորում է, որ սնանկության գործերն առաջին ատյանի դատարանում վարվում են դատավորի կողմից միանձնյա: Հետևաբար գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումն այն մասին, որ գործը հանձնվում է սնանկության դատարանի քննությանը, եթե գործը ենթակա է քննության սնանկության դատարանում, նշանակում է, որ գործը պետք է հանձնվի հենց սնանկության գործը վարող դատավորին` հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումը` պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների առնչությամբ ծագած բոլոր քաղաքացիաիրավական վեճերը նույն սնանկության գործի շրջանակում քննելու վերաբերյալ:

Այսպիսով` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ սնանկության վարույթի առկայության պայմաններում պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների առնչությամբ ծագած բոլոր քաղաքացիաիրավական վեճերը պետք է քննի պարտապանի սնանկության գործը վարող դատավորը: Նկատի ունենալով, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքը հատուկ կարգավորում չունի այդ վեճերի լուծման ընթացակարգի վերաբերյալ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ վեճերը պետք է քննվեն որպես առանձին քաղաքացիական գործեր` գործի առանձին համարով` պահպանելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կանոնները:

Սույն գործի փաստերի համաձայն` Բանկի և Ընկերության միջև 01.03.2012 թվականին կնքվել է վարկային պայմանագիր: Պայմանագրի կատարումն ապահովելու նպատակով 01.03.2012 թվականին կնքվել է Գրավի պայմանագիրը, որով գրավադրվել են շրջանառության մեջ գտնվող խողովակներ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 26.03.2013 թվականի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ: Ընկերության ֆինանսական վիճակի վերլուծության 4-րդ կետի համաձայն` Ընկերությունը ստեղծման պահից մինչև սնանկ ճանաչվելը իրականացրել է ընդամենը մեկ ձեռքբերման և մեկ օտարման գործարքներ: Վերլուծության 3.1 կետի համաձայն` պարտապանի հաշվեկշռում արտացոլված 5.045.500 ՀՀ դրամը իրենից ներկայացրել է 100 գ.մ 1.220 մ.մ տրամաչափի խողովակներ, որոնք գույքագրման ժամանակ չեն ներկայացվել, սակայն առկա է հայտարարություն գողության վերաբերյալ և այդ փաստի վերաբերյալ ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ Լ. Գրիգորյանի կողմից հարուցված է քրեական գործ թիվ 20105212 և կատարվում է նախաքննություն: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 14.03.2016 թվականին որոշմամբ Բանկի 751.109,35 ԱՄՆ դոլար գումարի չափով պահանջը Ընկերության նկատմամբ ճանաչվել է ապահովված:

i

Դատարանը, հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածը, արձանագրել է, որ սույն գործով ներկայացվել է գրավի առարկան փոխարինելու պահանջ, որն իրենից չի ներկայացնում ոչ գումարի բռնագանձման և ոչ էլ գույքի հանձնման պահանջ, ավելին` ներկայացված պահանջը ենթադրում է միայն Բանկի գրավի առարկայի` պարտապանի մի գույքի փոխարինում մեկ այլ գույքով, որը չի կարող հանգեցնել պարտապանի գույքային զանգվածի փոփոխության, որպիսի պայմաններում Դատարանը գտել է, որ գրավի առարկան փոխարինելու պահանջի մասով սույն քաղաքացիական գործի վարույթը ենթակա չէ կարճման: Միաժամանակ Դատարանն արձանագրելով, որ հայցվորն իր իրավունքների պաշտպանությունն իրականացնում է սնանկության վարույթի շրջանակներում` որպես գրանցված պարտատեր, ուստի նրա պահանջները պետք է իրականացվեն «Սնանկության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, և ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված գրավի առարկայի փոփոխման հնարավորությունը սույն գործով կիրառելի չէ: Միաժամանակ Դատարանը գտել է, որ հայցը ենթակա է մերժման նաև այն հիմքով, որ չի հիմնավորվել սնանկ ճանաչված Ընկերության մոտ գրավի առարկային հավասարարժեք այլ գույքի կամ դրամական միջոցների առկայությունը:

i

Վերաքննիչ դատարանը Դատարանի վճիռը թողել է անփոփոխ` արձանագրելով, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սնանկության գործով պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների առնչությամբ ծագած բոլոր քաղաքացիաիրավական վեճերը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ, քննվում են նույն սնանկության գործի շրջանակում: Վերաքննիչ դատարանն արձանագրելով, որ սույն քաղաքացիական գործը քննվել է սնանկության գործը քննող դատավորի վարույթում, գտել է, որ Դատարանն իրավացիորեն պատճառաբանել է սույն իրավահարաբերությունների նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 240-րդ հոդվածի կիրառման անհնարինությունն այն իմաստով, որ հայցվոր կողմը իր դատական պաշտպանությունը և պահանջների բավարարումը իրականացնում է որպես գրանցված պարտատեր թիվ ԵԿԴ/0011/04/13 սնանկության գործով Դատարանի 14.03.2016 թվականի որոշմամբ: Դրանով իսկ հիմնավորվում է Դատարանի կողմից սույն հարաբերությունների նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 71-րդ հոդվածի կիրառումը: Միաժամանակ արձանագրելով, որ սնանկ ճանաչված Ընկերությունն այլ գույք չունի, Վերաքննիչ դատարանը գտել է, որ գրավի առարկան այլ հավասարարժեք գույքով փոխարինելը դառնում է անհնարին:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

Այսպես, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Սույն գործով ներկայացված պահանջն է` Ընկերությանը պարտավորեցնել փոխարինել թիվ 012-005071 շրջանառության մեջ գտնվող ապրանքների գրավի պայմանագրում նշված գրավի առարկա հանդիսացող D=1220 տրամաչափի 8000 գմ խողովակները այլ հավասարարժեք գույքով` այդ թվում նաև դրամական միջոցներով: Գործով որպես պատասխանող է ներգրավված սնանկ ճանաչված Ընկերությունը` ի դեմս սնանկության գործով կառավարչի, իսկ վեճը, ելնելով ներկայացված պահանջի բնույթից, վերաբերում է պարտապանի գույքի կազմում ներառված գույքային, այն է` գրավի իրավունքին, ուստի վեճի լուծումն ազդեցություն է ունենալու պարտապանի գույքային իրավունքների ծավալի և պարտատիրոջ պահանջի ապահովվածության վրա: Վերաքննիչ դատարանը հայցը մերժելու մասով Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ` արձանագրել է, որ սույն քաղաքացիական գործը սնանկության վարույթում էլ քննվել է: Այդուհանդերձ, վերահաստատելով Դատարանի դիրքորոշումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 240-րդ հոդվածի կիրառելիության անհնարինության վերաբերյալ` Վերաքննիչ դատարանը գտել է, որ Բանկն իր պաշտպանությունն իրականացնում է որպես գրանցված պարտատեր թիվ ԵԿԴ/0011/04/13 սնանկության վարույթում:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի վերոգրյալ պատճառաբանությունները միմյանց հակասում են, քանի որ Վերաքննիչ դատարանը մի դեպքում արձանագրել է, որ սույն քաղաքացիական գործը քննվում է որպես սնանկության վարույթի մաս, մյուս դեպքում փաստել, որ Բանկն իր պաշտպանությունն արդեն իսկ իրականացնում է թիվ ԵԿԴ/0011/04/13 սնանկության վարույթում: Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները, արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի իմաստով քննվել է նույն սնանկության վարույթում` Ընկերության սնանկության գործը վարող դատավորի կողմից: Հետևաբար կարելի է արձանագրել, որ սույն քաղաքացիական գործը ևս սնանկության վարույթի մաս է, ուստիև Բանկն իրավունք ուներ սույն հայցադիմումում նշված պահանջը ներկայացնել հենց սույն քաղաքացիական գործի շրջանակներում:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև բողոք բերած անձի այն պատճառաբանությանը, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքը գրավի առարկայի փոխարինման հնարավորություն չի նախատեսում, և որ գրավի առարկայի փոխարինման ինստիտուտը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 240-րդ հոդվածով, ուստիև Բանկը, ղեկավարվելով նշված հոդվածի դրույթներով, իր խախտված իրավունքների վերականգնումը փորձել է իրականացնել առանձին քաղաքացիական գործի վարույթով: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, այդ մասով ուղղելով Դատարանի սխալ պատճառաբանությունը, որով հայցի մերժման հիմքում դրվել է նաև այն հանգամանքը, որ հայցվորի պահանջների բավարարումն իրականացվում է պատասխանող Ընկերության սնանկության վարույթի շրջանակներում, արձանագրել է, որ հայցվորը տվյալ դեպքում իր իրավունքների պաշտպանությունն իրականացրել է հենց սնանկության վարույթի շրջանակներում` առանձին քաղաքացիական գործով: Այսինքն` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ տվյալ դեպքում հայցվորի իրավունքների պաշտպանությունն իրականացվել է հենց նրա մատնանշած տարբերակով, որպիսի պայմաններում էլ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չի հիմնավորվում Վերաքննիչ դատարանի կողմից դատական սխալ թույլ տալու հանգամանքը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը սույն իրավահարաբերությունների նկատմամբ կիրառել է հենց հայցվորի մատնանշած իրավանորմը` գալով այն եզրահանգման, որ գործում գտնվող գրավոր ապացույցներով չեն հիմնավորվում հայցը բավարարելու փաստական հիմքերը, քանի որ պարզվել է, որ սնանկ ճանաչված Ընկերությունը, բացի գրավադրված գույքից, այլ գույք կամ դրամական միջոցներ չունի, որպիսի հետևությունը Վճռաբեկ դատարանը համարում է հիմնավոր: Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում գտնվող ապացույցներով հաստատված փաստերի պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ է, քանի որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումներից բացի` Վերաքննիչ դատարանն իրավացիորեն կիրառել է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 240-րդ հոդվածի 2-րդ կետի իրավակարգավորումները և հայցը մերժել է` հայցի բավարարման համար էական նշանակություն ունեցող փաստերը գործի ապացույցներով չհաստատվելու, այն է` հայցն անհիմն լինելու հիմքով` հաշվի առնելով իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածների իրավակարգավորումը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ սույն վճռաբեկ բողոքի քննության արդյունքներով չի հիմնավորվում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատական սխալի առկայությունը:

i

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը: Միաժամանակ նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը մասամբ թերի և սխալ է պատճառաբանված` Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ լրացուցիչ պատճառաբանում է Վերաքննիչ դատարանի դատական ակտը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն:

Սույն գործով նկատի ունենալով, որ բողոք բերող անձը վճարել է վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված պետական տուրքը, իսկ բողոքը մերժվում է, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.08.2017 թվականի որոշումը թողնել անփոփոխ` սույն որոշման պատճառաբանություններով:

2. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.11.2019
N ԵԿԴ/3928/02/16
Որոշում