Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 44-ՐԴ ԵՎ 53-ՐԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 44-ՐԴ ԵՎ 53-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ Կ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                       թիվ ԵԴ/1057/02/18

    Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/1057/02/18    2019 թ.

Նախագահող դատավոր` Տ. Նազարյան

    Դատավորներ`        Ն. Բարսեղյան

                       Ս. Թորոսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ե. Խունդկարյան

զեկուցող Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2019 թվականի հոկտեմբերի 17-ին

գրավոր ընթացակարգով քննելով Նարինե Մելքոնյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.11.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Նարինե Մելքոնյանի ընդդեմ Ալբերտ Ալավերդյանի, երրորդ անձ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի խնամակալության ու հոգաբարձության մարմնի` երեխաների բնակության վայրը մոր բնակության վայրով սահմանելու, ալիմենտի բռնագանձման պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Նարինե Մելքոնյանը պահանջել է երեխաների բնակության վայրը սահմանել մոր բնակության վայրը և պատասխանողից բռնագանձել ալիմենտ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Փիլոսյան) (այսուհետ` Դատարան) 04.07.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.11.2018 թվականի որոշմամբ Ալբերտ Ալավերդյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 04.07.2018 թվականի վճիռը` երեխաների բնակության վայրը մոր բնակության վայրով սահմանելու պահանջի մասով, բեկանվել է և գործն ուղարկվել է նույն դատարան` սահմանված ծավալով նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նարինե Մելքոնյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 44-րդ հոդվածը, 53-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ երեխայի լավագույն շահից է բխում սույն վեճի արագ լուծումը, քանի որ որքան այն ձգձգվում է, այնքան երկար է շարունակում երեխայի մոտ մնալ լարված, անհանգիստ և անորոշ վիճակը, ինչը հստակ հետևում է ՀՀ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 07.05.2018 թվականի եզրակացությունից:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն, որ դատական նիստի ժամանակ պատասխանող կողմը չի կարողացել հիմնավորել այն, թե ինչու Դատարանում սույն գործի քննության ժամանակ չի ներկայացրել երեխային լսելու միջնորդություն, իսկ փաստաբան չունենալու պատճառաբանությամբ չարաշահել է իր իրավունքները:

Վերաքննիչ դատարանը չի հիմնավորել, թե ինչպես է գնահատել երեխայի հասունությունը, կամ արդյոք միայն հասունությունը բավարար է նման որոշում կայացնելու համար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 04.07.2018 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ռոբերտ Ալբերտի Ալավերդյանը ծնվել է 27.02.2010 թվականին, հայրը Ալբերտ Ալավերդյանն է, մայրը` Նարինե Մելքոնյանը (հիմք` Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի կողմից 03.03.2010 թվականին տրված թիվ ԱԲ 054073 ծննդյան վկայական և թիվ ԱԲ 004250 հայրության ճանաչման վկայական) (գ.թ. 14, 39):

2) Դավիթ Ալբերտի Ալավերդյանը ծնվել է 20.12.2016 թվականին, հայրն Ալբերտ Ալավերդյանն է, մայրը` Նարինե Մելքոնյանը (հիմք` Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի կողմից 14.04.2017 թվականին տրված թիվ ԱԲ 514776 ծննդյան վկայական և թիվ ԱԲ 085791 հայրության ճանաչման վկայական) (գ.թ. 38, 40):

3) ՀՀ Գյումրի քաղաքի Անի թաղամասի Մ. Խորենացու 6-րդ շենքի թիվ 59ա հասցեում փաստացի բնակվում են Նարինե Ստեփանի Մելքոնյանը, Ռոբերտ Ալբերտի Ալավերդյանը, Դավիթ Ալբերտի Ալավերդյանը, Ստեփան Վազգենի Մելքոնյանը և Ռոզա Գառնիկի Մելքոնյանը (հիմք` «Բարձրաբերդ» համատիրության 05.02.2018 թվականի թիվ 0113 գրություն) (գ.թ. 11):

4) ՀՀ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 07.05.2018 թվականի թիվ 05/06 «ԵԴ/1057/02/18 քաղաքացիական գործով կողմերի կյանքի պայմանների հետազոտության ակտ և վեճի էության մասին եզրակացություն» ակտի համաձայն` Նարինե Մելքոնյանը ծնողների հետ բնակվում է ք. Գյումրի, Անի թաղամաս, Մ. Խորենացու փողոց 6 շենք թիվ 59ա հասցեում, որը 4 սենյականոց բնակարան է` վերանորոգված, կահավորված, գազաֆիկացված, կոմունալ բոլոր հարմարություններով:

Երեխաներն առանձին սենյակ ունեն` մեծ, լուսավոր և կահավորված. դասապատրաստումների համար հարմարավետ կահույքով, դպրոցական անհրաժեշտ պարագաներով: (...) Տունայցի պահին ընտանիքի բոլոր անդամները, բացի Ռոբերտ Ալավերդյանից, տանն էին: Վերջինիս 2018 թվականի հունվարի վերջին օրերին հայրը վերցրել է Գյումրու թիվ 11 դպրոցից և իր հետ բերել է Երևան, ուր մինչ այժմ բնակվում են: Փոքր որդին չափազանց կապված է մոր հետ: Ընտանիքում տիրում է ջերմ ու բարի մթնոլորտ:

Նարինե Մելքոնյանն աշխատում է Յոլյանի անվան արյունաբանական ինստիտուտում` որպես արտաքին կապերի ծրագրի համակարգող: Հարևանների և գործընկերների կողմից բնութագրվում է որպես առաքինի, դրական հատկանիշներով օժտված անձնավորություն, համեստ և պարկեշտ կին է, ուշադիր և հոգատար մայր:

Ալբերտ Ալավերդյանը որդու և մոր հետ բնակվում է ք. Երևան, Հր. Ներսիսյան փողոց, 6 շենք, բնակարան թիվ 4 հասցեում, որը 3 սենյականոց բնակարան է` մաքուր, վերանորոգված, գազաֆիկացված: Առկա են կոմունալ բոլոր հարմարությունները: Երեխան առանձին սենյակ ունի` հարմարավետ, լուսավոր և ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները դասապատրաստման և հանգստի համար: Սովորում է Լ. Տոլստոյի անվան թիվ 128 հիմնական դպրոցի 2-րդ դասարանում: Տունայցի պահին տանն էր: Շատ կապված է հոր հետ: Առանձնազրույցի ժամանակ նշել է, որ շատ սիրում է մայրիկին և եղբորն ու ժամանակ առ ժամանակ հյուրընկալում է նրանց ու նաև կարոտում:

i

Եզրակացությամբ` խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովը, ղեկավարվելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 41-րդ, 43-րդ, 52-րդ հոդվածների և 53-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով, «Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով, 1989 թվականին ՄԱԿ-ի կողմից ընդունված «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիայի համապատասխան դրույթներով, ՀՀ կառավարության 02.06.2016 թվականի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությամբ, հիմք ընդունելով երեխաների գերակա շահերը, երկու եղբայր մի հարկի տակ ապրելու և դաստիարակվելու իրավունքը, նպատակահարմար է գտել երեխաների բնակության վայրը սահմանել մոր բնակության վայրը (գ.թ. 51-53):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` երեխայի լսված լինելու իրավունքի իրացման առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ երեխայի բնակության վայր սահմանելու վերաբերյալ գործերի քննության ընթացքում երեխայի լսված լինելու իրավունքի իրացման առանձնահատկություններին:

i

ՀՀ Սահմանադրության 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին:

i

ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում:

i

Նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն` երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան: Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր (...) ընտանեկան կյանքի (...) նկատմամբ հարգանքի իրավունք:

i

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` մասնակից պետությունները պարտավորվում են երեխային ապահովել նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ և հոգատարությամբ` ուշադրության առնելով նրա ծնողների (...) իրավունքներն ու պարտականությունները, և այդ նպատակով ձեռնարկում են օրենսդրական ու վարչական բոլոր համապատասխան միջոցները:

i

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` երեխան (...) ծննդյան պահից ձեռք է բերում, (...) որքան դա հնարավոր է, իր ծնողներին ճանաչելու և նրանց խնամքի իրավունք:

i

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 9-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` մասնակից պետությունները հարգում են ծնողներից մեկից կամ երկուսից բաժանված երեխայի իրավունքը` կանոնավոր կերպով անձնական հարաբերություններ և ուղղակի կապեր պահպանելու ծնողների հետ, բացառությամբ այն դեպքերի, երբ դա հակասում է երեխայի լավագույն շահերին:

i

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իր հայացքները ձևակերպելու ընդունակ երեխայի համար մասնակից պետություններն ապահովում են դրանք ազատորեն արտահայտելու իրավունք այն բոլոր դեպքերում, որոնք վերաբերում են երեխային: Երեխայի հայացքների նկատմամբ ցուցաբերվում է նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրություն:

i

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ լրիվ գործունակ է ճանաչվում ավելի վաղ:

i

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր երեխա ունի ընտանիքում ապրելու և դաստիարակվելու, իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու (որքան դա հնարավոր է), նրանց հետ համատեղ ապրելու իրավունք, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է հակասել երեխայի շահերին:

Երեխան ունի նաև իր ծնողներից դաստիարակություն ստանալու, իր շահերի ապահովության, համակողմանի զարգացման, իր մարդկային արժանապատվությունը հարգելու, ինչպես նաև ֆիզիկական, մտավոր, հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունք: (...)

i

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 44-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխան իրավունք ունի իր իրավունքներն ու շահերը շոշափող ցանկացած հարց լուծելիս ունկնդիր լինելու հարցի քննությանը և արտահայտելու սեփական կարծիքը ընտանիքում, դատական և այլ մարմիններում:

i

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 44-րդ հոդվածի 1.1-րդ մասի համաձայն` երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում: Երեխայի կարծիքը լսելիս իրավասու մարմինը օրենքով նախատեսված դեպքերում ներգրավում է մանկական հոգեբանի կամ մանկավարժի կամ սոցիալական աշխատողի:

i

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` տասը տարին լրացած երեխայի կարծիքը հաշվի առնելը պարտադիր է` կապված խղճի ազատության հետ, որոշակի միջոցառումներին մասնակցելու, արտադպրոցական կրթություն ստանալուց հրաժարվելու, ծնողներից որևէ մեկի հետ ապրելու, հարազատների հետ շփվելու, օրենքով նախատեսված այլ դեպքերում:

i

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին: Ծնողները բոլոր այլ անձանց հանդեպ ունեն իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունք:

i

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշվում է ծնողների համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում ծնողների միջև վեճը լուծում է դատարանը` ելնելով երեխաների շահերից և հաշվի առնելով երեխայի կարծիքը: Ընդ որում, դատարանը հաշվի է առնում երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշներ, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը և այլն):

i

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը երեխաների խնամքի և դաստիարակության հետ կապված վեճերը քննելիս գործին պետք է մասնակից դարձնի խնամակալության և հոգաբարձության մարմնին, անկախ նրանից, թե ով է ներկայացրել երեխայի պաշտպանության մասին հայց: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է անցկացնել երեխայի և այն անձի (անձանց) կյանքի պայմանների հետազոտություն, որը (որոնք) հավակնում է (են) երեխայի խնամքի և դաստիարակության կազմակերպմանը և դատարան ներկայացնել հետազոտության ակտն ու դրա հիման վրա վեճի էության մասին եզրակացությունը, (...):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը բազմիցս արձանագրել է, որ յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ձեռք է բերում ընտանիքում ապրելու և դաստիարակվելու, իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու, նրանց հետ համատեղ ապրելու, իր ծնողներից դաստիարակություն ստանալու, նրա շահերի ապահովության, համակողմանի զարգացման, նրա մարդկային արժանապատվությունը հարգելու, ինչպես նաև ֆիզիկական, մտավոր, հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու երաշխավորված իրավունքներ, իսկ ծնողներն իրավունք ունեն և միաժամանակ պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման և կրթության համար: Երեխաների և ծնողների նշված իրավունքների լիարժեք իրականացման և ծնողների նշված պարտականությունների պատշաճ կատարման հրամայականից ելնելով` ծնողների համար երաշխավորված է նաև այլ անձանց հանդեպ իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունքը: Նշվածի հիման վրա Հայաստանի Հանրապետությունը երեխայի իրավունքների իրականացման և պաշտպանության գործընթացում պարտավոր է ելնել միմիայն երեխայի լավագույն շահերից, երեխային ապահովել բարեկեցության համար անհրաժեշտ հոգատարությամբ (տե՛ս, օրինակ` Մարգարիտ Հովհաննիսյանն ընդդեմ Արթուր Թորոսյանի թիվ ԵԱԴԴ/1513/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ ևս արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ դատարանները երեխայի իրավունքները շոշափող ցանկացած գործ քննելիս առաջնայնությունը պետք է տան երեխայի շահերի առավել ապահովմանը (տե՛ս, Անի Մարտիրոսյանն ընդդեմ Գուրգեն Խալաթյանի թիվ ԵԱՔԴ/0474/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.03.2012 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում գտել է, որ ծնողների` միմյանցից առանձին ապրելու և երեխաների բնակության վայրի շուրջ ծնողների համաձայնության բացակայության դեպքում երեխաների բնակության վայրը որոշելիս դատարանը պետք է համեմատական գնահատական տա և պատճառաբանի, թե որ ծնողի հետ բնակվելն է բխում երեխայի շահերից և նպաստում երեխայի դաստիարակությանն ու զարգացմանը (տե՛ս, Արա Միրզախանյանն ընդդեմ Դիանա Խաչատրյանի թիվ 3-432(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշումը):

Անդրադառնալով «երեխայի լավագույն շահ» հասկացությանը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարանը) ևս արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պետական իրավասու մարմինների, այդ թվում նաև` դատարանների կողմից երեխայի խնամքի և դաստիարակության վերաբերյալ վեճերի լուծման համար վճռորոշ նշանակություն ունեն երեխայի լավագույն շահերը, որոնց գնահատումը կախված է կոնկրետ գործի հանգամանքներից (տե՛ս, C. v. Finland գործով Եվրոպական դատարանի 09.05.2006 թվականի վճիռը, 52-րդ կետ):

Եվրոպական դատարանը մեկ այլ վճռով իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածն արգելում է ծնողի շահերից ելնելով թույլատրել նրան կատարելու այնպիսի գործողություններ, որոնք կվնասեն երեխայի առողջությանն ու զարգացմանը (տե՛ս, Johansen v. Norway գործով Եվրոպական դատարանի 07.08.1996 թվականի վճիռը, 78-րդ կետ):

i

Երեխայի դաստիարակությանը մասնակցելու և նրա հետ շփվելու ծնողի իրավունքը բխում է նաև Կոնվենցիայի 8-րդ հոդվածով ամրագրված` ընտանեկան կյանքի նկատմամբ յուրաքանչյուրի հարգանքի իրավունքի էությունից, որի վերաբերյալ Եվրոպական դատարանի կողմից ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 8-րդ հոդվածի տեսանկյունից երեխայի և ծնողների` միմյանց հետ շփվելու իրավունքն ընտանեկան կյանքի հիմնարար տարրերից մեկն է (տե՛ս, Eriksson v. Sweden գործով Եվրոպական դատարանի 22.06.1989 թվականի վճիռը, 58-րդ կետ): Ավելին, ըստ Եվրոպական դատարանի` բնականոն ընտանեկան հարաբերությունները չեն դադարում ծնողներից մեկի առանձնանալու կամ նրանց ամուսնալուծվելու դեպքում, անգամ եթե դրա արդյունքում երեխան դադարում է բնակվել ծնողներից մեկի հետ (տե՛ս, Mustafa and Armagan Akin v. Turkey գործով Եվրոպական դատարանի 06.04.2010 թվականի վճիռը, 19-րդ կետ):

Բացի այդ, Եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի պաշտպանության ներքո է գտնվում նաև ծնողի` իր երեխայի հետ վերամիավորվելու իրավունքը, և անդամ պետությունները պոզիտիվ պարտականություն են կրում օժանդակելու այդ վերամիավորմանը: Ընդ որում, պետության վերոհիշյալ պոզիտիվ պարտականությունը տարածվում է նաև երեխայի հետ շփվելու և բնակության վայրի վերաբերյալ ծնողների և (կամ) երեխայի ընտանիքի այլ անդամների միջև ծագած վեճերի վրա (տե՛ս, Gluhakovic v. Croatia գործով Եվրոպական դատարանի 12.04.2011 թվականի վճիռը, 56-րդ կետ):

i

05.10.2010 թվականի թիվ ՍԴՈ-919 որոշմամբ անդրադառնալով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումների սահմանադրաիրավական բովանդակությանը` ՀՀ սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ընտանեկան իրավահարաբերություններում «երեխայի շահ» հասկացությունը բարձրացվել է համընդհանուր ճանաչում ստացած իրավական սկզբունքի աստիճանի և հանդիսանում է ընտանեկան օրենսդրության հիմքում ընկած ինքնուրույն սկզբունք: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի վկայակոչված որոշման` ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավադրույթում «ընդ որում» բառակապակցությունից հետո ամրագրված պայմանները, այն է` «երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշները, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունն)» այն նվազագույն պայմաններն են, որոնք ճշգրտում և բացահայտում են վիճարկվող դրույթներում «երեխաների շահերից» հասկացության բովանդակությունը, բնորոշ հատկանիշների շրջանակը: Ընդ որում, վերը նշված պայմանները սպառիչ չեն, և երեխայի շահը գնահատելիս օրենսդիրը դատարանների հայեցողությանն է վերապահում նաև այլ պայմաններ հաշվի առնելը:

ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասում «ընդ որում» բառակապակցությունից հետո թվարկված պայմանները պարտավորեցնում են դատարաններին երեխայի շահը գնահատելիս հիմք ընդունել այդ պայմանները, ինչպես նաև, առաջնորդվելով իրենց հայեցողական լիազորությամբ, հիմք ընդունել նաև այլ պայմաններ, եթե դատարանի գնահատմամբ այդպիսիք կան: Հետևաբար ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասում օգտագործված` «երեխաների շահեր» հասկացությունը ենթակա է գնահատման յուրաքանչյուր կոնկրետ դեպքում` ելնելով տվյալ գործի բոլոր փաստական հանգամանքների համադրված վերլուծությունից:

i

Հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի 05.10.2010 թվականի թիվ ՍԴՈ-919 որոշմամբ արտահայտած դիրքորոշումները, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը և ՀՀ ընտանեկան օրենսդրությունը` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ «երեխայի շահ» կամ «երեխայի լավագույն շահեր» հասկացություններն իրավակիրառ պրակտիկայում պետք է ընկալվեն ու կիրառվեն հետևյալ երեք իմաստներով.

1) որպես երեխայի իրավունք. երեխան ունի իր լավագույն շահերի բացահայտման և դրանց առաջնային նշանակության տրամադրման իրավունք այն դեպքում, երբ իրավասու մարմնի կողմից կայացվող որոշումն առնչվում է երեխայի և այլ անձանց իրավունքներին ու շահերին, և առկա է դրանց հավասարակշռման անհրաժեշտություն,

2) որպես իրավական-մեկնաբանողական սկզբունք. երեխայի իրավական վիճակին առնչվող տարբեր մեկնաբանությունների և ընկալումների տեղիք տվող ցանկացած իրավական նորմ պետք է մեկնաբանվի և կիրառվի` ելնելով երեխայի լավագույն շահերի առավել ապահովման նկատառումից,

3) որպես ընթացակարգային կարգավորման կանոն. երեխային առնչվող որոշումների ընդունման ընթացքում պետք բացահայտվի նաև երեխայի իրավունքների և շահերի վրա այդ որոշման հնարավոր ազդեցությունը (տե՛ս, Անի Սարգսյանն ընդդեմ Արմեն Փերոյանի թիվ ԵԱՆԴ/4073/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշելիս դատարանը յուրաքանչյուր կոնկրետ գործով պետք է ելնի երեխայի լավագույն շահերից` այն գնահատելիս որպես հիմք ընդունելով օրենսդրորեն սահմանված հետևյալ պայմանները.

1) երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ,

2) երեխայի տարիքը,

3) ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշները,

4) ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները,

5) երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը և այլն):

i

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ երեխայի բնակության վայրը որոշելու հայցապահանջի հիման վրա հարուցված գործեր քննելիս դատարանը կարող է բացահայտել երեխայի լավագույն շահերը` հիմք ընդունելով ոչ միայն երեխայի լավագույն շահերը որոշելու օրենսդրորեն կանխորոշված վերոգրյալ չափանիշները, այլ նաև տվյալ գործով դատարան ներկայացված և դատարանին հայտնի այլ պայմաններ: Ընդ որում, երեխայի բնակության վայրը որոշելիս երեխայի լավագույն շահերի բովանդակության մեջ ընդգրկվող յուրաքանչյուր չափանիշի բացահայտման հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գործում առկա յուրաքանչյուր ապացույցի անմիջական գնահատման արդյունքում: Այլ կերպ ասած` երեխայի բնակության վայրը որոշելիս երեխայի լավագույն շահերի բովանդակության մեջ ընդգրկվող յուրաքանչյուր չափանիշի առկայության կամ բացակայության մասին դատարանի դիրքորոշումը պետք է ձևավորվի գործով ձեռք բերված բոլոր թույլատրելի և վերաբերելի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման արդյունքում` հաշվի առնելով ապացույցների համակցությունը և փոխադարձ կապը, ինչպես նաև դատարանի ներքին համոզմունքը (տե՛ս, Աննա Ասատրյանն ընդդեմ Դավիթ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0124/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում վերահաստատել վերոնշյալ իրավական դիրքորոշումները` միաժամանակ անդրադառնալով երեխայի` դատարանում լսված լինելու իրավունքի իրացման առանձնահատկություններին վերջինիս բնակության վայրը որոշելու իրավակարգավորման համատեքստում:

Եվրոպական դատարանը բազմիցս վերահաստատել է այն դիրքորոշումը, որ երեխան ունի լսված լինելու իրավունք իրեն վերաբերող հարցերի շուրջ: Մասնավորապես, երբ երեխաները բավականաչափ հասուն են և ունակ են ձևավորելու իրենց սեփական կարծիքը, դատարանները պետք է գնահատեն նրանց տեսակետները և զգացմունքները, ինչպես նաև անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը (տե՛ս, N.TS. and Others v. Georgia գործով Եվրոպական դատարանի 02.02.2016 թվականի վճիռը, 72-րդ կետ): Իրավիճակն այլ է, երբ երեխաները դեռ շատ մանկահասակ են և անկարող են արտահայտել իրենց տեսակետը: Մասնավորապես Sahin v. Germany գործով Եվրոպական դատարանի 08.07.2003 թվականի վճռով (§§ 72-75) դատարանը իրավաչափ է համարել հնգամյա երեխային դատարանում չլսելը` հաշվի առնելով վերջինիս տարիքը և հասունությունը: Եվրոպական դատարանը եկել է նման եզրահանգման` հաշվի առնելով այն փաստը, որ համապատասխան մասնագետը հանդիպել է երեխային և ծնողներին և ուսումնասիրել է ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները (տե՛ս, նաև Petrov and X v. Russia գործով Եվրոպական դատարանի 23.10.2018 թվականի վճիռը, 108-րդ կետ):

Եվրոպական դատարանը, անդրադառնալով դատարանում երեխայի լսված լինելու խնդրին, գտել է, որ որպես ընդհանուր կանոն` ներպետական դատարաններն իրենք են գնահատում ներկայացված ապացույցները, ներառյալ համապատասխան փաստերը պարզելու միջոցները: Եվրոպական դատարանը գտել է, որ ներպետական դատարանում երեխային լսելու պարտադիր պահանջ սահմանելը չափազանց ծայրահեղ մոտեցում է և սույն հարցի լուծումը կախված է յուրաքանչյուր գործի կոնկրետ հանգամանքներից` հաշվի առնելով երեխայի տարիքը և հասունությունը (տե՛ս, Sahin v. Germany գործով Եվրոպական դատարանի 08.07.2003 թվականի վճիռը, 73-րդ):

Եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը ևս արձանագրում է, որ երեխայի լավագույն շահը պարզելու համար հարկ է հաշվի առնել նաև նրա լսված լինելու իրավունքի իրացման հնարավորությունը: Վճռաբեկ դատարանն ընդգծում է այն կարևոր հանգամանքը, որ պետությունը կրում է պոզիտիվ պարտականություն ապահովելու իր հայացքները ձևակերպելուն ունակ երեխայի համար դրանք ազատորեն արտահայտելու իրավունքի իրացումը: Հարկ է փաստել, որ թե՛ ՀՀ Սահմանադրությամբ, թե՛ միջազգային պայմանագրերով և թե՛ օրենսդրությամբ երեխային իրավունք է վերապահվել իր իրավունքներն ու շահերը շոշափող ցանկացած հարց լուծելիս սեփական կարծիքն արտահայտել դատական և այլ մարմիններում: Այսինքն` երեխան իրավունք ունի ազատ արտահայտել իր կարծիքը, որը երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը տասը տարին լրացած երեխայի կարծիքը հաշվի առնելը սահմանել է որպես պարտադիր պահանջ, իսկ մինչև տասը տարեկան երեխայի կարծիքը հաշվի առնելը վերապահել է դատարանի հայեցողությանը: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ դատարանն այս հայեցողական լիազորությունն իրականացնելիս պետք է հաշվի առնի երեխայի տարիքը և հասունությունը, ինչպես նաև գործի հանգամանքները, մասնավորապես` արդյոք երեխայի նշված իրավունքն արդեն իսկ իրացվել է համապատասխան իրավասություն ունեցող այլ մարմինների կողմից:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ երեխայի բնակության վայրը որոշելու իրավակարգավորման համատեքստում մինչև տասը տարեկան երեխայի կարծիքը պարտադիր չէ դատարանի համար, և վերոնշյալ խնդիրը լուծելիս դատարանը պետք է ելնի կոնկրետ գործի հանգամանքներից, երեխայի տարիքից և հասունության մակարդակից և առաջնորդվի երեխայի լավագույն շահերով` ապահովելով «երեխայի լավագույն շահերի» բովանդակությունը կազմող անհրաժեշտ պայմանների առկայությունը:

Սույն գործով Դատարանը, Նարինե Մելքոնյանի հայցը բավարարելով, երեխաների բնակության վայրը մոր բնակության վայրը սահմանելու պահանջի մասով պատճառաբանել է, որ երեխաների բնակության վայրը որոշելիս հատուկ կարևորում և առանցքային է համարում Դավիթ Ալավերդյանի տարիքը, վերջինս ծնվել է 23.12.2016 թվականին, գործի դատաքննության ընթացքում մոտ մեկ ու կես տարեկան է, ծնողների առանձին ապրելու պահից ի վեր բնակվել է մոր հետ, մանկահասակ տարիքով պայմանավորված կենսական կարևոր ֆունկցիաների իրականացման համար (կերակրում, սանիտարահիգիենիկ խնամք և այլն) վերջինիս առավել անհրաժեշտ է մոր կողմից իրականացվող խնամքը: Միաժամանակ Դատարանը խիստ կարևորել է անչափահասներ Դավիթ և Ռոբերտ Ալավերդյաններին միմյանցից չհեռացնելու, համատեղ բնակվելու և դաստիարակվելու անհրաժեշտությունը, որպիսի հանգամանքը հատկապես կարևորվել է` պայմանավորված նրանով, որ երեխաների ծնողները հեռացել են միմյանցից, ինչն ինքնին սթրեսածին հանգամանք է նրանց համար և միմյանցից առանձնացնելը կարող է հանգեցնել առավել ծանր և խորը հոգեբանական խնդիրների և ճնշումների:

i

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Ալբերտ Ալավերդյանի վերաքննիչ բողոքը` երեխաների բնակության վայրը մոր բնակության վայրը սահմանելու պահանջի մասով, Դատարանի վճիռը բեկանել է և գործն ուղարկել է նույն դատարան նոր քննության` պատճառաբանելով, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 44-րդ հոդվածի 1.1-րդ մասով սահմանվել է, որ երեխան, իրեն վերաբերող հարցերում, իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը` ըստ վերջինիս տարիքի և հասունության մակարդակի, այսինքն` նշված հոդվածով հնարավորություն է տրվել հաշվի առնել նաև տասը տարին չլրացած երեխայի կարծիքը, ուստի նման պայմաններում բողոքաբերի միջնորդությունը` երեխայի կարծիքը լսելու վերաբերյալ, պետք է բավարարել և գործն ուղարկել նոր քննության, որի ընթացքում էլ, երեխայի համաձայնությամբ, մանկական հոգեբանի, մանկավարժի կամ սոցիալական աշխատողի ներգրավմամբ պետք է լսել 27.02.2010 թվականին ծնված Ռոբերտ Ալավերդյանի կարծիքը, որից հետո նոր անդրադառնալ նրա բնակության վայրը սահմանելու հարցին:

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշելիս դատարանը յուրաքանչյուր կոնկրետ գործով պետք է ելնի երեխայի լավագույն շահերից` այն գնահատելիս որպես հիմք ընդունելով ոչ միայն երեխայի լավագույն շահերը որոշելու օրենսդրորեն կանխորոշված չափանիշները, այլ նաև տվյալ գործով դատարան ներկայացված և դատարանին հայտնի մյուս բոլոր պայմանները: Երեխայի բնակության վայրը որոշելիս երեխայի լավագույն շահերի բովանդակության մեջ ընդգրկվող յուրաքանչյուր չափանիշի առկայության կամ բացակայության մասին դատարանի դիրքորոշումը պետք է ձևավորվի գործով ձեռք բերված բոլոր թույլատրելի և վերաբերելի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման արդյունքում` հաշվի առնելով ապացույցների համակցությունը և փոխադարձ կապը, ինչպես նաև դատարանի ներքին համոզմունքը: Հետևաբար երեխայի բնակության վայրը որոշելու պահանջի հիման վրա հարուցված սույն քաղաքացիական գործի շրջանակներում Վերաքննիչ դատարանը պարտավոր էր գործում առկա բոլոր թույլատրելի և վերաբերելի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ անմիջականորեն գնահատել գործում առկա յուրաքանչյուր ապացույց` պարզելու համար երեխայի լավագույն շահերը որոշելու բոլոր չափանիշներն ու պայմանները:

Սույն գործի փաստերի համաձայն` Ռոբերտ Ալավերդյանը ծնվել է 27.02.2010 թվականին, Դավիթ Ալավերդյանը` 20.12.2016 թվականին, հայրն Ալբերտ Ալավերդյանն է, մայրը` Նարինե Մելքոնյանը: Նարինե Մելքոնյանը և Ալբերտ Ալավերդյանը համատեղ բնակվել են մինչև 2017 թվականի դեկտեմբեր ամիսը, որից հետո Նարինե Մելքոնյանը երեխաների հետ հեռացել է, վերջիններիս հետ միասին բնակվում է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Մ. Խորենացի փողոցի 6-րդ շենք թիվ 59ա հասցեում: Անչափահաս երեխաներից Ռոբերտ Ալավերդյանը սկսած 2018 թվականի հունվար ամսից հոր հետ միասին բնակվում է նրա բնակության վայրում, իսկ Դավիթ Ալավերդյանը` մոր հետ միասին մոր բնակության վայրում: Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովի կողմից կատարված հետազոտությունների համաձայն` «Նարինե Մելքոնյանը ծնողների հետ միասին բնակվում է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Մ. Խորենացի 6-րդ շենքի 59ա հասցեում գտնվող չորսսենյականոց բնակարանում, որը վերանորոգած է, կահավորված, գազաֆիկացված, կոմունալ բոլոր հարմարություններով, երեխաներն ունեն առանձին սենյակ` մեծ, լուսավոր և կահավորված դասապատրաստումների համար հարմարավետ կահույքով, դպրոցական անհրաժեշտ պարագաներով: Ունեն նաև առանձնացված սենյակ: Փոքր որդին չափազանց կապված է մոր հետ: Ալբերտ Ալավերդյանը որդու և մոր հետ բնակվում է Երևան քաղաքի Հր. Ներսիսյան փողոցի 6-րդ շենքի թիվ 4 հասցեում, որը երեքսենյականոց բնակարան է, մաքուր, վերանորոգված, գազաֆիկացված, առկա են կոմունալ բոլոր հարմարությունները: Երեխան առանձին սենյակ ունի` հարմարավետ, լուսավոր և ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները դասապատրաստման և հանգստի համար: Սովորում է Լ. Տոլստոյի անվան թիվ 128 հիմնական դպրոցի 2-րդ դասարանում: Տունայցի պահին տանն էր, շատ կապված է հոր հետ: Առանձնազրույցի ժամանակ նշել է, որ շատ սիրում է մայրիկին և եղբորը և ժամանակ առ ժամանակ հյուրընկալում է նրանց ու նաև կարոտում»:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման հիման վրա չի գնահատել գործում առկա բոլոր ապացույցները, մասնավորապես` անտեսել է ՀՀ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 07.05.2018 թվականի թիվ 05/06 եզրակացությունը: Մինչդեռ նշված եզրակացությամբ կարևորվել է մի հարկի տակ երկու եղբայրների համատեղ ապրելու հանգամանքը: Հանձնաժողովը գտել է, որ երեխաների առանձին ապրելու դեպքում կանտեսվեն երկու եղբայրների` միմյանց հետ անընդհատ և անարգել շփվելու, համատեղ ապրելու և դաստիարակվելու լավագույն շահերը: Բացի այդ, եզրակացությամբ արձանագրված է նաև այն փաստը, որ Ռոբերտ Ալավերդյանն առանձնազրույցի ժամանակ նշել է, որ «շատ է սիրում մայրիկին և եղբորը և ժամանակ առ ժամանակ հյուրընկալում է նրանց և կարոտում»: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ պետք է լսել 27.02.2010 թվականին ծնված Ռոբերտ Ալավերդյանի կարծիքը` նկատի ունենալով, որ երեխային դատարանում լսելու անհրաժեշտությունն այդպես էլ չի հիմնավորվել այն պարագայում, երբ խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովն արդեն իսկ ապահովել է տասը տարին չլրացած երեխայի` Ռոբերտ Ալավերդյանի լսված լինելու իրավունքը, այլ կերպ ասած` վերջինս իրականացրել է այն բոլոր անհրաժեշտ և բավարար գործողությունները, որոնք կիրականացվեին երեխայի` դատարանում լսված լինելու պարագայում:

Վճռաբեկ դատարանը, ելնելով երեխաների լավագույն շահերից և հաշվի առնելով երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի ու եղբոր հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշները, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը, հետազոտելով գործով ձեռք բերված բոլոր ապացույցները, գտնում է, որ ներկայումս անչափահասներ Դավիթ և Ռոբերտ Ալավերդյանների բնակության վայրը մոր` Նարինե Մելքոնյանի հետ սահմանելը բխում է երեխաների լավագույն շահերից: ՈՒստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման պայմաններում հայցը պետք է բավարարվեր, որպիսի իրավաչափ եզրահանգման և եկել է Դատարանը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

i

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը Դատարանի վճռին օրինական ուժ է տալիս երեխաների բնակության վայրը մոր բնակության վայրը սահմանելու պահանջը բավարարելու մասով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դատարանի վճիռը վերաքննության կարգով, համապատասխանաբար նաև վճռաբեկության կարգով բողոքարկվել է միայն այդ մասով:

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը, գտնում է, որ Ալբերտ Ալավերդյանից հօգուտ Նարինե Մելքոնյանի ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.11.2018 թվականի որոշումը և երեխաների բնակության վայրը մոր բնակության վայրով սահմանելու պահանջը բավարարելու մասով օրինական ուժ տալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 04.07.2018 թվականի վճռին:

2. Ալբերտ Ալավերդյանից հօգուտ Նարինե Մելքոնյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ե. Խունդկարյան

Զեկուցող Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
17.10.2019
N ԵԴ/1057/02/18
Որոշում