Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 17-ՐԴ, 119 ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                       թիվ ՍԴ/1124/02/18

    Քաղաքացիական գործ թիվ ՍԴ/1124/02/18    2019 թ.

Նախագահող դատավոր` Գ. Խանդանյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի նոյեմբերի 4-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) հայցի ընդդեմ Սերգեյ Միքայելյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.05.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Բանկի ներկայացուցիչ Տաթև Ազիբեկյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Սերգեյ Միքայելյանից բռնագանձել 2.022.359,6 ՀՀ դրամ` որպես վարկի ընդհանուր պարտքի գումար, վարկի ոչ ժամկետանց մնացորդի նկատմամբ 17,5 տոկոսի հաշվարկը շարունակել 12.12.2018 թվականից մինչև դրա փաստացի մարումը, բայց ոչ ավել, քան մինչև 26.05.2022 թվականը, ժամկետանց վարկի մնացորդի նկատմամբ տոկոսների հաշվարկը 12.12.2018 թվականից մինչև դրա փաստացի մարումը շարունակել օրական 0,1 տոկոսով, իսկ ժամկետանց տոկոսի նկատմամբ կիրառել օրական 0,3 տոկոս տույժ յուրաքանչյուր ուշացրած օրվա համար մինչև դրա փաստացի մարումը, ինչպես նաև ամսական սպասարկման վճարների հաշվարկը շարունակել 12.12.2018 թվականից մինչև վարկի փաստացի մարումը:

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Թումանյան) (այսուհետ` Դատարան) 20.03.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Սերգեյ Միքայելյանից հօգուտ Բանկի բռնագանձել 2.022.359,6 ՀՀ դրամ, որից վարկի գումարը` 1.806.722,7 ՀՀ դրամ (որից ժամկետանց գումար` 163.064,1 ՀՀ դրամ), վարկի դիմաց հաշվարկված տոկոս` 158.241 ՀՀ դրամ (որից ժամկետանց տոկոս` 152.724,6 ՀՀ դրամ), ժամկետանց տոկոսի դիմաց հաշվարկված տույժ` 38.772,2 ՀՀ դրամ, ժամկետանց գումարի դիմաց հաշվարկված տույժ` 13.231,6 ՀՀ դրամ, վարկի սպասարկման հաշիվներ` 5.392,1 ՀՀ դրամ, Սերգեյ Միքայելյանից հօգուտ Բանկի` 12.12.2018 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, հաշվարկել և բռնագանձել տույժ` 163.064,1 ՀՀ դրամ ժամկետանց վարկի մնացորդի նկատմամբ օրական 0,1 տոկոսի չափով, իսկ 152.724,6 ՀՀ դրամ ժամկետանց տոկոսի նկատմամբ օրական 0,3 տոկոսի չափով, Սերգեյ Միքայելյանից հօգուտ Բանկի 12.12.2018 թվականից` մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, բայց ոչ ավել, քան 26.05.2022 թվականը 1.643.658,6 ՀՀ դրամ ոչ ժամկետանց վարկի մնացորդի գումարի նկատմամբ հաշվարկել և բռնագանձել տարեկան 17,5 տոկոսի չափով գումարներ. մնացած մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.05.2019 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը վերականգնելու մասին Բանկի միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ, 119-րդ և 179-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի 20.03.2019 թվականի վճիռը Բանկն ստացել է 05.04.2019 թվականին, իսկ վերաքննիչ բողոքը` փոստային առաքմամբ ներկայացրել է 18.04.2019 թվականին:

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով վերաքննիչ բողոք բերած անձի օրենքով սահմանված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությանը, հաշվի չի առել, որ միջնորդության քննության համար էական են դատական ակտը կողմին ուղարկած լինելու և նրա կողմից այն ստացված լինելու փաստերը: Այսինքն` Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը, Բանկին զրկել է դատական պաշտպանության իրավունքից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 02.05.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից որոշումը կայացնելիս թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի և 179-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ու որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելը դատարանի կողմից դատական ակտը գործին մասնակցող անձին հանձնելու լիազորության պատշաճ կատարում դիտարկելու հարցին այն պարագայում, երբ դատարանը դատական ակտը չի հրապարակել սահմանված ժամկետում, դրա օրինակը հրապարակման հաջորդ օրը չի ուղարկել գործին մասնակցող անձին և մինչ այդ առձեռն չի հանձնել` նաև վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը` այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան), անդրադառնալով բողոքարկման իրավունքի և դրա իրացման պայմաններին, արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(...) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Եվրոպական դատարանը մեկ այլ գործով արձանագրել է, որ պետության կողմից սահմանված` բողոք բերելու ժամկետային սահմանափակումների վերաբերյալ կանոններն ուղղված են իրավական որոշակիության երաշխավորմանը: Դատավարության կողմերը պետք է գիտակցեն դատավարական նմանատիպ կանոնների կիրառումն իրենց նկատմամբ: Բայց և այնպես այդ կանոններն ու դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների կողմից պաշտպանության հասանելի միջոցներն օգտագործելուն (տե՛ս, Magomedov and others v. Russia գործով Եվրոպական դատարանի 28.06.2017 թվականի վճիռը, կետ 87):

Բացի այդ, Եվրոպական դատարանը նշել է, որ նաև բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշման հետ, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետևանքներ: Հակառակ դեպքում, դատարանները կստանային հնարավորություն դատական ակտերի կայացման մասին անձանց ուշացմամբ ծանուցելով էապես սահմանափակել անձանց կողմից բողոք բերելու իրավունքը, անգամ` բացառել այդ հնարավորությունը: Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի և դատավարության մասնակիցների միջև փոխազդեցություն ստեղծելու համար և ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նաև նրանց` այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը (տե՛ս, Ivanova and Ivashova v. Russia գործով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46):

Դատարանի մատչելիության իրավունքի դրսևորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով (տե՛ս, Zavodnik v. Slovenie գործով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71):

Վերոշարադրյալ դիրքորոշումների լույսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձի բողոքարկման իրավունքը, հանդիսանալով դատարանի մատչելիության իրավունքի բաղկացուցիչ տարր, կարող է իրացվել այն դեպքում, երբ անձն իրական հնարավորություն է ձեռք բերել ծանոթանալու դատարանի որոշման հետ: Ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու և նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով` օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր և երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվել իրենց դատական պաշտպանության իրավունքից: ՈՒստի ելնելով այդ նպատակներից` դատավարական նորմերով սահմանված` դատական ակտը հրապարակելու և գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգերը պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, ամփոփելով Եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները, եզրահանգել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե դատարանի կայացրած ակտն ինչ կերպով պետք է հանձնվի անձին, սակայն միանշանակ է այն, որ դատական ակտը պետք է հանձնվի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրապես պարզելու ինչպես դատական ակտի` փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ` Կոնվենցիան և դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն` դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակությանը, և չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը: Դրա հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հանդիսանալով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների բաղադրատարրերից մեկը` բողոքարկման իրավունքը կարող է սահմանափակվել պետության կողմից, սակայն այդ սահմանափակումները` ներառյալ ժամկետայինները, չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված սկզբունքների լույսի ներքո անհրաժեշտ է համակցության մեջ մեկնաբանել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածը, 119-րդ հոդվածի 4-րդ մասը և 179-րդ հոդվածը:

Գործի քննության ժամանակ գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն` այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են «Գործերի քննությունը պարզեցված վարույթի կարգով» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 41-րդ գլխի դրույթներով:

Գործի քննության ժամանակ գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարզեցված վարույթի կարգով կայացված եզրափակիչ դատական ակտը հրապարակվում, գործին մասնակցող անձանց հանձնվում և ուղարկվում է ընդհանուր կարգով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճիռը նույն օրենսգրքով սահմանված կարգով հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո` 15 օրվա ընթացքում, եթե օրենքով վճռի հրապարակման համար ավելի կարճ ժամկետ սահմանված չէ: Բացառիկ դեպքերում, երբ առկա են դատավորի առողջական վիճակի հետ կապված հարգելի հանգամանքներ, որոնք անհնար են դարձնում հայտարարված ժամկետում վճռի հրապարակումը, դատարանը կարող է մինչև 15 օրով երկարաձգել վճռի հրապարակման ժամանակը` այդ մասին ծանուցելով գործին մասնակցող անձանց:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` դատարանի եզրափակիչ, իսկ նույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերլուծելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասում և 179-րդ հոդվածում նշված նորմերը, արձանագրել է, որ վճիռը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով և վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել: Փաստորեն, եթե վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելուց հետո դրա օրինակը չի հանձնվել անձին, ապա հրապարակման հաջորդ օրն այն պետք է ուղարկվի գործին մասնակցող անձանց: Այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգիրքը որդեգրել է այն մոտեցումը, որի համաձայն` առձեռն հանձնվելու եղանակի իրագործված չլինելու պայմաններում վճռի օրինակն ուղարկելը դիտարկվում է որպես առաջինին համարժեք, դրան փոխարինող միջոց: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պայմաններում վճռի հրապարակումն իրականացվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, այսինքն` դատական նիստ հրավիրելու և նիստում դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակելու փոխարեն դատական ակտը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում: Հրապարակման նոր կարգ սահմանելն ուղղված է հանրության ավելի լայն շրջանակներին դատական ակտին հաղորդակից դարձնելուն, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության բեռնաթափմանը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքով սահմանել է նոր կարգ, սակայն դատարաններին չի ազատել դատական ակտի օրինակն անձին առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականությունից: Օրենսդիրը դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելը չի դիտարկել դատական ակտին հաղորդակից դարձնելու դատարանի պարտականության պատշաճ իրականացում, քանի որ հակառակ պարագայում իմաստազուրկ է դառնում հրապարակման այդ կարգին զուգահեռ դատական ակտի հանձնման կամ ուղարկման եղանակների պահպանումը: Այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներից բխող հրապարակման նոր կարգը չի բացառում և չի դադարեցնում դատարանի` վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականությունը, եթե մինչ այդ այն առձեռն նրանց չի հանձնվել (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի և 302-րդ հոդվածի 2-րդ մասի նորմերը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումները կիրառելի են նաև պարզեցված վարույթի կարգով գործերի քննության դեպքում:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանը 29.01.2019 թվականի «Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին» որոշմամբ դատական ակտի հրապարակման օր է նշանակել 20.03.2019 թվականը` որպես հրապարակման միջոց նշելով «Դատալեքս» դատական տեղեկատվության համակարգը (գ.թ. 27-28): Նշված որոշումը Բանկն ստացել է 05.02.2019 թվականին (գ.թ. 31): Դատարանի 20.03.2019 թվականի վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է 02.04.2019 թվականին (հիմք` «www.datalex.am» տեղեկատվական համակարգը):

Գործում առկա է Դատարանի 21.03.2019 թվականի գրությունը` Դատարանի 20.03.2019 թվականի վճիռը Բանկին ուղարկելու մասին (գ.թ. 41), մինչդեռ գործում առկա փոստային անդորրագրի համաձայն` Դատարանի վճիռը Բանկին ուղարկելու համար փոստին է հանձնվել 03.04.2019 թվականին (գ.թ. 40), իսկ վերջինս այն ստացել է 05.04.2019 թվականին (գ.թ. 42):

Բանկը վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնել 18.04.2019 թվականին` միաժամանակ միջնորդելով վերականգնել վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը, պատճառաբանելով, որ բողոքարկվող վճիռն ստացել է 05.04.2019 թվականին (գ.թ. 52-60):

Վերաքննիչ դատարանը 02.05.2019 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողման պատճառները հարգելի ճանաչելու մասին միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է այն պատճառաբանությամբ, որ «գործը քննվել է պարզեցված վարույթի կարգով, ինչի վերաբերյալ Դատարանը 29.01.2019 թվականին կայացրել է համապատասխան որոշում, որում հստակ նշել է, որ թիվ ՍԴ/1124/02/18 քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի 20.03.2019 թվականին` դատական իշխանության պաշտոնական կայքի` «Դատալեքս» տեղեկատվական համակարգի միջոցով, այդ որոշումը Բանկն ստացել է 04.02.2019 թվականին, հետևաբար` արդեն իսկ տեղյակ է եղել դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով քննարկվող դատական ակտը 20.03.2019 թվականին հրապարակելու մասին», «04.02.2019 թվականին տեղեկացված լինելով դատական ակտի մասին` Բանկն օբյեկտիվորեն զրկված չէր հրապարակման պահից` 20.03.2019 թվականից, 15-օրյա ժամկետում` մինչև 09.04.2019 թվականը ներառյալ, այն բողոքարկելու հնարավորությունից` անկախ այն հանգամանքից, թե երբ է ստացել և (կամ) երբ կարող էր փաստացի ստանալ դատական ակտի թղթային տարբերակը»:

Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները և ելնելով սույն գործի փաստական հանգամանքներից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Նախկինում կայացված իր որոշումներից մեկով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության քննության համար էական նշանակություն ունեն և՛ գործով կայացված վճիռը դատարանի կողմից հայտարարված օրը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու, և՛ վճիռն օրենքով սահմանված ժամկետում կողմին հանձնված կամ ուղարկված լինելու փաստերը, քանի որ թե՛ վճռի հրապարակումը, թե՛ դրա ուղարկումը կողմին նպատակ են հետապնդում վերջինիս տեղեկացնելու դատարանի կողմից կայացված դատական ակտի մասին, ինչն իր հերթին ուղղված է բողոքարկման իրավունքի իրացումն ապահովելուն: Դատական ակտերի հրապարակման գործող եղանակը, ուղղված լինելով հրապարակայնության սկզբունքի երաշխավորմանը, արդարադատության արդյունավետության բարձրացմանը, առաջնահերթ նպատակաուղղված է բողոքարկման իրավունքի իրականացման համար նախադրյալներ ապահովելուն: Էլեկտրոնային կայքի միջոցով դատական ակտի հրապարակման պայմաններում դատական ակտն անմիջապես հրապարակվելուց հետո կարող է հասանելի լինել գործին մասնակցող անձանց և ապահովել վերջիններիս բողոքարկման իրավունքի իրականացման համար իրական երաշխիքներ: Այդուհանդերձ, օրենսդիրը, հաշվի առնելով էլեկտրոնային ռեսուրսի հասանելիության օբյեկտիվ սահմանափակումները (մասնավորապես` միացնող-անջատող կամ ուղղորդող սարքավորումների և այլ ռեսուրսների անհրաժեշտությունը, էլեկտրոնային հաղորդակցության ծառայության վճարովի բնույթը և այլն), դատական ակտի հրապարակման լիազորությանը զուգահեռ սահմանել է նաև գործին մասնակցող անձանց դատական ակտն առձեռն հանձնելու կամ ուղարկելու դատարանի պարտականությունը: Միայն նշված պարտականությունների միաժամանակյա և օրենքով սահմանված կարգով իրականացման պայմաններում կարող են լիարժեք նախադրյալներ ստեղծվել բողոքարկման իրավունքի իրականացման համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը, արժևորելով դատական իշխանության պաշտոնական կայքում դատական ակտի հրապարակումը` որպես դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու միջոց, անհրաժեշտ է համարել ընդգծել, որ բողոքարկման իրավունքի իրականացման լիարժեք նախադրյալներ ստեղծելու տեսանկյունից դատարանի վրա դրված է նաև դատական ակտը գործին մասնակցող անձանց առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականություն, որպիսի պայմաններում դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու պարտականության պատշաճ իրականացման մասին կարելի է եզրահանգումներ կատարել միայն այն դեպքում, երբ դատարանը պատշաճ իրագործել է վերոնշյալ հետևյալ պարտականությունները, այն է`

ա) հայտարարված օրը դատական ակտը հրապարակել է դատական իշխանության պաշտոնական կայքում,

i

բ) դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկել է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ այն առձեռն չի հանձնվել նրանց (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

Մինչդեռ սույն գործով Դատարանը, կայացնելով գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշում, վճռի հրապարակման օր է նշանակել 20.03.2019 թվականը, և այդ որոշումն ուղարկել է նաև Բանկին: Վճիռը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, հրապարակել է ավելի ուշ` 02.04.2019 թվականին, այսինքն` վերը նշված որոշման մեջ նշված ժամկետի խախտմամբ, որի պայմաններում անհիմն է Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի միջոցով այդ որոշումը հրապարակվել է 20.03.2019 թվականին:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ չնայած այն հանգամանքին, որ 20.03.2019 թվականի վճիռը Բանկին ուղարկելու համար գրությունը կազմվել է 21.03.2019 թվականի ամսաթվով, սակայն այն փոստին է հանձնվել միայն 03.04.2019 թվականին, այսինքն` օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ: Բանկն այդ վճիռն ստացել է 05.04.2019 թվականին, իսկ վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնել 18.04.2019 թվականին, այսինքն` դատական ակտն ուշացումով ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում, միաժամանակ միջնորդել է վերականգնել վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետն այն պատճառաբանությամբ, որ բողոքարկվող վճիռն ստացել է 05.04.2019 թվականին:

Վերը նշված հանգամանքները Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ հետազոտման և համարժեք գնահատման չեն արժանացել:

Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում Դատարանը պատշաճ կարգով չի իրականացրել գործի քննության ժամանակ գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով, 302-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածով սահմանված իր պարտականությունները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերը չի կարող կրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերը նշված իրավական նորմերի պահանջները Դատարանի կողմից չպահպանելու բացասական հետևանքը: Օրենսդրի կողմից հրապարակված դատական ակտը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականության սահմանումն ինքնանպատակ չէ, այլ կոչված է ապահովելու բավարար երաշխիքներ անձի` դատական ակտը բողոքարկելու իրավունքի լիարժեք իրականացման համար: Ավելին, Վերաքննիչ դատարանի վերոշարադրյալ պատճառաբանությունը իմաստազրկում է դատական ակտը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականության առկայությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ վերոշարադրյալ հիմնավորումներով Բանկի միջնորդությունը ենթակա էր բավարարման, և բաց թողնված ժամկետը Վերաքննիչ դատարանի կողմից պետք է վերականգնվեր իրավունքի ուժով (ex jure), քանի որ առկա է եղել բողոքաբերից անկախ պատճառներով դատական ակտը նրան ուշ հասու լինելու հանգամանքը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Հետևաբար Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի և 179-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ ոչ իրավաչափորեն մերժելով Բանկի` վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողման պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը, Վերաքննիչ դատարանը սահմանափակել է վերջինիս` բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը` արդյունքում զրկելով նրան վերադաս դատարանի մատչելիության իրավունքից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 02.05.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.05.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.11.2019
N ՍԴ/1124/02/18
Որոշում