Սեղմել Esc փակելու համար:
2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-ԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-ԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐ ...

 

 

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-ԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 14 հունվարի 2020 թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դ. Անանյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2019 թվականի հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2019 թվականի դեկտեմբերի 5-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով վերոնշյալ համաձայնագիրը, սույն գործով ՀՀ կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2019 թվականի հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում` Եվրասիական տնտեսական միության և ՉԺՀ մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների ու միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանն ուղղված համագործակցության կազմակերպման նպատակով:

2. Համաձայնագիրն ունի անբաժան երկու հավելված: Առաջինում սահմանվում է Համաձայնագրի իրականացման սկզբնական փուլում փոխանակման ենթակա տեղեկատվության կազմը: Այն ներառում է, ի թիվս այլնի, ապրանքների հայտարարագրի համարը, ապրանքային խմբաքանակում ապրանքների անվանումների քանակը (թվային արժեքը), ուղարկողի երկրի (տարածաշրջանի) ծածկագիրը, տեղեկություններ այն անձի վերաբերյալ, որը մաքսային փաստաթղթերում նշված է որպես ապրանքներն ուղարկող, ստացողի երկրի (տարածաշրջանի) ծածկագիրը, տեղեկություններ այն անձի վերաբերյալ, որը մաքսային փաստաթղթերում նշված է որպես ապրանքներն ստացող:

Երկրորդ հավելվածում սահմանվում է այն տեղեկատվության կազմը, որի փոխանակմանը Կողմերը ձգտելու են Համաձայնագրի փուլ առ փուլ իրականացմանը զուգընթաց և տեխնիկական պատրաստվածության մակարդակին հասնելուց հետո: Այն ներառում է տեղեկատվություն հետևյալ չորս ոլորտների վերաբերյալ.

ա) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից ՉԺՀ արտահանում և ՉԺՀ կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանում,

բ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից ՉԺՀ մաքսային տարածքով տարանցման կարգով երրորդ երկրներ արտահանում և ՉԺՀ կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային տարածքով տարանցման կարգով երրորդ երկրներ արտահանում,

գ) Եվրասիական տնտեսական միության և ՉԺՀ մաքսային տարածքներով երրորդ պետություններից տարանցման կարգով երրորդ պետություններ փոխադրվող ապրանքներ և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ,

դ) երրորդ պետություններից ՉԺՀ մաքսային տարածքով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ և երրորդ պետություններից Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով ՉԺՀ տարանցման կարգով փոխադրվող ապրանքներ և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.

- իրականացնել ավտոմոբիլային, երկաթուղային, օդային, ջրային (ծովային և գետային) տրանսպորտի տեսակներով Եվրասիական տնտեսական միության և ՉԺՀ մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում (Հոդված 3, կետ 1),

- ձգտել ընդլայնել փոխանակման ենթակա տեղեկությունների ծավալն ու կազմը` հաշվի առնելով Համաձայնագրի 3-րդ հոդվածի 5-7-րդ կետերը և Համաձայնագրի 2-րդ հավելվածը (Հոդված 3, կետ 4),

- ՉԺՀ-ին տեղեկատվություն տրամադրել այն ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ, որոնք Հայաստանի Հանրապետությունից արտահանվում են ՉԺՀ և երրորդ երկրներ (տարածաշրջաններ)` ՉԺՀ մաքսային տարածքով տարանցմամբ (Հոդված 3, կետ 5),

- տեխնիկական պատրաստվածության մակարդակին հասնելուց հետո ՉԺՀ-ին տեղեկատվություն տրամադրել այն ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ, որոնք երրորդ երկրներից (տարածաշրջաններից) տարանցիկ կարգով տեղափոխվում են ԵԱՏՄ անդամ պետություններ ՉԺՀ մաքսային տարածքով, ՉԺՀ` ԵԱՏՄ մաքսային տարածքով և երրորդ երկրներ (տարածաշրջաններ)` ԵԱՏՄ և ՉԺՀ մաքսային տարածքներով (Հոդված 3, կետ 7),

- չիրականացնել ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանքներ տեղափոխվող, ինչպես նաև միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող ապրանքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում (Հոդված 3, կետ 8),

- չիրականացնել ՀՀ օրենսդրությանը համապատասխան` պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների շարքին դասվող տեղեկատվության փոխանակում (Հոդված 3, կետ 9),

- հաշվի առնելով, որ Համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ, սահմանափակել այդպիսի տեղեկատվության հասանելիությունը երրորդ անձանց համար, ինչպես նաև ձեռնարկել միջոցներ` դրա անկառավարելի տարածումը թույլ չտալու համար (Հոդված 6, կետ 1),

- երաշխավորել, որ Համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկատվությունը դրա փոխանակման համար պատասխանատու լիազորված մարմինների կողմից կօգտագործվի բացառապես մաքսային նպատակներով, և այն առանց այդ տեղեկատվությունը տրամադրած լիազորված մարմնի գրավոր համաձայնության որպես ապացույց չի օգտագործվի վարչական և քրեական վարույթների, ինչպես նաև դատաքննությունների ընթացքում (Հոդված 6, կետ 2),

- երաշխավորել, որ ՉԺՀ լիազորված մարմնից տեղեկատվություն ստացած` ՀՀ լիազորված մարմինները կձեռնարկեն միջոցներ` ուղղված ստացված տեղեկատվության պահպանմանը, և դրա համար կօգտագործեն չթույլատրված մուտքից պաշտպանելու այնպիսի եղանակներ, որոնք ՀՀ օրենսդրությանը համապատասխան նույնական են` նույնանման տեղեկատվության մասով կիրառվող միջոցների ու եղանակների համեմատ (Հոդված 6, կետ 3),

- Համաձայնագրի իրականացման ընթացքում ծագած ցանկացած տարաձայնություն կարգավորել խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով (Հոդված 8):

4. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված` միջազգային իրավունքի հիման վրա պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված` արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2019 թվականի հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ`                             Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

14 հունվարի 2020 թվականի

ՍԴՈ-1499

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 14 հունվարի 2020 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
14.01.2020
N ՍԴՈ-1499
Որոշում