Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԴ/0094/01/09

ՏԴ/0022/01/12

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ` դատավորներ Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

                   քարտուղարությամբ`          Մ. Ավագյանի

 

    2019 թվականի փետրվարի 7-ին                            ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով դատապարտյալ Նիկոլայ Խանդամիրի Հովսեփյանի պաշտպան Վ.Սուղյանի վճռաբեկ բողոքի հիման վրա նոր հանգամանքի հիմքով հարուցված վարույթով գործը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2009 թվականի օգոստոսի 13-ի դատավճռով (թիվ ՏԴ/0094/01/09 քրեական գործով) Նիկոլայ Հովսեփյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և նույն օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ որպես պատիժ նշանակել կալանք` 2 (երկու) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

2. Մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009 թվականի հոկտեմբերի 5-ի որոշմամբ բողոքը բավարարել է և Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2009 թվականի օգոստոսի 13-ի դատավճիռը բեկանել: Ն.Հովսեփյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և դատապարտվել ազատազրկման` 4 (չորս) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

3. Վերոնշյալ որոշման դեմ Ն.Հովսեփյանի պաշտպանի վճռաբեկ բողոքի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանը 2010 թվականի օգոստոսի 27-ի որոշմամբ բողոքը բավարարել է, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2009 թվականի հոկտեմբերի 5-ի որոշումը` բեկանել, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2010 թվականի նոյեմբերի 19-ի որոշմամբ մեղադրողի բողոքը բավարարվել է, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2009 թվականի օգոստոսի 13-ի դատավճիռը` պատժի մասով բեկանվել և փոփոխվել է: Ն.Հովսեփյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և նույն օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտվել ազատազրկման` 1 (մեկ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Նկատի ունենալով, որ Ն.Հովսեփյանը 2009 թվականի հոկտեմբերի 5-ից գտնվում է կալանքի տակ, նշանակված պատժին` 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկմանը, հաշվակցվել է կալանքի տակ գտնվելու ժամկետը, և նա անհապաղ ազատ է արձակվել:

5. Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի մարտի 22-ի դատավճռով (թիվ ՏԴ/0022/01/12 քրեական գործով) Ն.Հովսեփյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով և հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվի կանոնների կիրառմամբ (ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդված) դատապարտվել ազատազրկման` 7 (յոթ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է 2012 թվականի հունվարի 19-ից:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի մարտի 22-ի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Ն.Հովսեփյանը:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2012 թվականի մայիսի 16-ի որոշմամբ վերաքննիչ վարույթը կարճվել է` բողոքը հետ վերցնելու հիմքով:

6. Դատապարտյալ Ն.Հովսեփյանի պաշտպան Վ.Սուղյանը նոր հանգամանքի հիմքով բողոք է բերել Վճռաբեկ դատարան:

Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունվարի 21-ի որոշմամբ հարուցվել է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վարույթ, և դատապարտյալ Ն.Հովսեփյանի պաշտպան Վ.Սուղյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

7. Նիկոլայ Հովսեփյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(...) նա նախկինում երկու անգամ դատապարտված լինելով գողություններ կատարելու համար` դատվածությունը չմարված` 2008 թվականի ամռանը Դիլիջան քաղաքի «Կոմպոզիտորների տուն» հանգստյան տան հարակից տարածքից ապամոնտաժել և գողացել է «Արարատ» հանգստյան տանը պատկանող 13 սմ տրամաչափի 18 մ ընդհանուր երկարությամբ երկաթյա խողովակներ, «Արարատ» հանգստյան տանը պատճառել զգալի չափի` 27.000 ՀՀ դրամի նյութական վնաս»1:

___________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 93-96:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

8. Բողոք բերած անձը, հղում կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչելու մասին «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի թիվ ՀՕ-143-Ն օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ կետին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ հոդվածներն ու ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, փաստարկել է, որ նշված փոփոխություններով բարելավվել է դատապարտյալ Ն.Հովսեփյանի վիճակը, հետևաբար դրանք ենթակա են կիրառման նրա նկատմամբ:

9. Վերոգրյալի հիման վրա` բողոքաբերը խնդրել է Ն.Հովսեփյանի վերաբերյալ կայացված դատական ակտերով հաստատված արարքը համապատասխանեցնել ՀՀ քրեական գործող օրենսգրքին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

i

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի թիվ ՀՕ-143-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Հ.Հովսեփյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2010 թվականի նոյեմբերի 19-ի որոշումը և Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի մարտի 22-ի դատավճիռը վերանայելու համար:

i

11. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(...) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն` տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

i

12. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա'մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա'մ մեղմացնում է պատիժը, կա'մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն2:

___________________

2 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը:

 

i

13. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. «(...) Ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում` արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (...)»3:

___________________

3 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:

 

Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)»4:

___________________

4 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:

 

14. Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար:

15. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի թիվ ՀՕ-143-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը ՀՀ քրեական օրենսգրքի 175-182-րդ, 222-րդ, 234-րդ, 238-րդ, 269-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների համար երկու կամ ավելի դատվածություն ունեցող անձի կողմից գողություն կատարելն օրենսդիրը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով առանձնացրել էր որպես տվյալ հանցագործության որակյալ տեսակ:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի թիվ ՀՕ-143-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած է ճանաչվել:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ն.Հովսեփյանը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով դատապարտվել է այն բանի համար, որ նա, լինելով սեփականության դեմ ուղղված հանցագործությունների համար նախկինում երկու անգամ դատապարտված և դատվածությունը չմարված, 2008 թվականի ամռանը գաղտնի հափշտակել է ջրատար խողովակներ` պատճառելով զգալի չափերի հասնող` ընդհանուր 27.000 ՀՀ դրամ գումարի նյութական վնաս5:

___________________

5 Տե՛ս սույն որոշման 7-րդ և 8-րդ կետերը:

 

17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-15-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի օրենսդրական փոփոխությունները հիմք են Ն.Հովսեփյանի կողմից կատարված` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքի իրավական որակման փոփոխության:

Մասնավորապես, օրենսդրական փոփոխությունների ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում Ն.Հովսեփյանին մեղսագրված հանցավոր արարքի որակյալ հատկանիշը ճանաչվել է ուժը կորցրած և նրա արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասին: Նման պայմաններում նշված օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Ն.Հովսեփյանի կողմից կատարված հանցանքի վրա, քանի որ դրանք բարելավում են վերջինիս վիճակը:

18. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի թիվ ՀՕ-143-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Ն.Հովսեփյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2010 թվականի նոյեմբերի 19-ի որոշումը և Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի մարտի 22-ի դատավճիռը վերանայելու համար:

19. Վերանայման արդյունքում անհրաժեշտ է բեկանել և փոփոխել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2010 թվականի նոյեմբերի 19-ի որոշումը, Ն.Հովսեփյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով: Բացի այդ, Ն.Հովսեփյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքի` ռեցիդիվի տեսակի փոփոխությամբ պայմանավորված` անհրաժեշտ է բեկանել ու փոփոխել նաև Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի մարտի 22-ի դատավճիռը. Նիկոլայ Հովսեփյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով դատապարտել ազատազրկման` 7 (յոթ) տարի ժամկետով` հաշվի առնելով պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները, ինչպես նաև գործի նյութերում առկա` դատապարտյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքը: Միևնույն ժամանակ, պատժի սկիզբը հաշվելով 2012 թվականի հունվարի 19-ից` Ն.Հովսեփյանին պետք է անհապաղ ազատ արձակել սահմանված պատիժը կրած լինելու հիմքով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Նիկոլայ Խանդամիրի Հովսեփյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2010 թվականի նոյեմբերի 19-ի որոշումը և նրա վերաբերյալ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի մարտի 22-ի դատավճիռը նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2010 թվականի նոյեմբերի 19-ի որոշումը բեկանել և փոփոխել: Դատապարտյալ Նիկոլայ Խանդամիրի Հովսեփյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով:

3. Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի մարտի 22-ի դատավճիռը բեկանել և փոփոխել: Նիկոլայ Հովսեփյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով դատապարտել ազատազրկման` 7 (յոթ) տարի ժամկետով:

Պատժի սկիզբը հաշվել 2012 թվականի հունվարի 19-ից, և Նիկոլայ Խանդամիրի Հովսեփյանին անհապաղ ազատ արձակել` սահմանված պատիժը կրած լինելու հիմքով:

4. Դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.02.2019
N ՏԴ/0094/01/09
Որոշում