Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԿԻՐԱՌ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                         ԳԴ5/0019/01/17

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԳԴ5/0019/01/17

Նախագահող դատավոր` Ռ. Բարսեղյան

    Դատավորներ`        Մ. Պապոյան

                       Մ. Պետրոսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ` դատավորներ Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

                   քարտուղարությամբ`          Մ. Ավագյանի

 

    2019 թվականի հունիսի 12-ին                            ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունիսի 1-ի որոշման դեմ ամբաստանյալ Գնել Սոսի Հակոբյանի պաշտպան Լ.Պինգոլցյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

i

1. 2017 թվականի օգոստոսի 17-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 40156817 քրեական գործը և նախաքննության կատարման համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի օգոստոսի 18-ի որոշմամբ` Գնել Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի օգոստոսի 22-ի որոշմամբ Գ.Հակոբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ` Գ.Հակոբյանի գույքի վրա դրվել է կալանք:

2017 թվականի հոկտեմբերի 16-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի մարտի 7-ի դատավճռով Գ.Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) ամիս ժամկետով:

3. Ամբաստանյալ Գ.Հակոբյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի հունիսի 1-ի որոշմամբ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի մարտի 7-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Գ.Հակոբյանի պաշտպան Լ.Պինգոլցյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Գնել Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա. «(...) 2017 թվականի օգոստոս ամսվա սկզբներին անձնական օգտագործման համար, առանց իրացնելու նպատակի, Գեղարքունիքի մարզի Բերդկունք համայնքի Կենտրոնական 1-ին փողոցում գտնվող աղբավայրից քաղելու, մանրացնելու և չորացնելու միջոցով ապօրինի պատրաստել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոցը, որի մի մասը խառնելով ծխախոտի թութունին, լցրել է ծխախոտի գլանակի մեջ, իսկ մյուս մասը ապօրինի պահել տաբատի ձախ գրպանում: 2017 թվականի օգոստոսի 14-ին ժամը 11:00-ի սահմաններում Հայրավանք համայնքի Գեղամա պանսիոնատի տարածքից ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով Գնել Սոսի Հակոբյանը բերման է ենթարկվել ոստիկանության Գավառի բաժին և անձնական խուզարկությամբ տաբատի ձախ գրպանից և բաճկոնի ձախ գրպանից հայտնաբերվել և առգրավվել է 1.76 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց (...)»1:

___________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 60:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

6. Բողոք բերած անձը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասը և 366-րդ հոդվածը, փաստարկել է, որ նշված փոփոխություններով վերացվել է Գ.Հակոբյանին վերագրվող արարքի հանցավորությունը, հետևաբար, դրանք ենթակա են կիրառման նրա նկատմամբ:

7. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հունիսի 1-ի որոշումը, Գ.Հակոբյանի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, և քրեական գործով վարույթը` կարճել:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. առկա՞ է արդյոք ամբաստանյալ Գ.Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը բացառող հանգամանք:

i

9. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(...) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն` տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

10. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա՛մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա՛մ մեղմացնում է պատիժը, կա՛մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն2:

___________________

i

2 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը:

 

i

11. ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը (...)»:

i

Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 0.5 գրամից մինչև 5.0 գրամը ներառյալ:

i

Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես մանր չափ է սահմանվել 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ, որպես զգալի չափ` 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ:

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Գ.Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել զգալի չափի` 1.76 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցն առանց իրացնելու նպատակի պահելու համար3:

___________________

3 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

Առաջին ատյանի դատարանը Գ.Հակոբյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում4:

___________________

4 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:

 

Վերաքննիչ դատարանը, մերժելով ամբաստանյալի վերաքննիչ բողոքը, Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողել է օրինական ուժի մեջ5:

___________________

5 Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը:

 

13. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 9-11-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները վերացնում են Գ.Հակոբյանին մեղսագրված արարքի հանցավորությունը:

Մասնավորապես, «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի զգալի չափի նվազագույն և առավելագույն սահմանների փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանք վերացնում են 1.76 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցն առանց իրացնելու նպատակի ապօրինի պահելու արարքի հանցավորությունը: ՈՒստի, այդ փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը կատարված հանցանքի վրա:

14. Այսպիսով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով` 1.76 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցն առանց իրացնելու նպատակի ապօրինի պահելու մեղադրանքով Գ.Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, այն է` արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

15. Վերոշարադրյալը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիման վրա բեկանելու Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի մարտի 7-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հունիսի 1-ի որոշումը, ճանաչելու Գ.Հակոբյանի անմեղությունն առաջադրված մեղադրանքում, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, և քրեական գործի վարույթը` կարճելու:

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ Գ.Հակոբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, ինչպես նաև նրա գույքի վրա դրված կալանքը ենթակա են վերացման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Գնել Սոսի Հակոբյանի վերաբերյալ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2018 թվականի մարտի 7-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունիսի 1-ի որոշումը բեկանել, ամբաստանյալ Գնել Սոսի Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, և քրեական գործով վարույթը կարճել:

2. Ամբաստանյալ Գնել Սոսի Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել:

3. Քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված` 1.76 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցը ոչնչացնել:

4. Գնել Սոսի Հակոբյանի գույքի վրա դրված կալանքը վերացնել:

5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
12.06.2019
N ԳԴ5/0019/01/17
Որոշում