Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԻՐԱՌՄԱՆ Վ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵԷԴ/0145/01/17

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ` դատավորներ Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

                   քարտուղարությամբ`          Մ. Ավագյանի

 

    2019 թվականի հունիսի 12-ին                            ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր հանգամանքի հիմքով դատապարտյալներ Արթուր Վարազդատի Զաքարյանի և Վրույր Արտաշեսի Աշուղ-Աթոյանի վճռաբեկ բողոքները,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի հունվարի 31-ի դատավճռով Արթուր Վարազդատի Զաքարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել ազատազրկման` 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` Ա. Զաքարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանելով փորձաշրջան` 2 (երկու) տարի ժամկետով:

Նույն դատական ակտով Վրույր Աշուղ-Աթոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել ազատազրկման` 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` Վ. Աշուղ-Աթոյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանելով փորձաշրջան` 2 (երկու) տարի ժամկետով:

2. Մեղադրող Է. Հարությունյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի մայիսի 15-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հունվարի 31-ի դատավճիռը թողել օրինական ուժի մեջ:

3. Դատապարտյալներ Ա. Զաքարյանի և Վ. Աշուղ-Աթոյանի` նոր հանգամանքի հիմքով բերված բողոքների հիման վրա Վճռաբեկ դատարանը 2019 թվականի ապրիլի 9-ի որոշումներով հարուցել է դատական ակտի վերանայման վարույթ և վճռաբեկ բողոքներն ընդունել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքների պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

4. Վրույր Աշուղ-Աթոյանը ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով դատապարտվել է այն բանի համար, որ «նա առանց իրացնելու նպատակի Արթուր Զաքարյանի հետ յուրաքանչյուրն իր անձնական օգտագործման համար (...) ապօրինի ձեռք է բերել և ապօրինի իր մոտ պահել է 10.09 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց (...)»1:

 

____________________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 50:

 

5. Արթուր Զաքարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով դատապարտվել է այն բանի համար, որ «նա առանց իրացնելու նպատակի Վրույր Աշուղ-Աթոյանի հետ յուրաքանչյուրն իր անձնական օգտագործման համար (...) ապօրինի ձեռք է բերել և ապօրինի իր մոտ պահել է 8.78 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց (...)»2:

 

____________________________

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 50:

 

Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոշարադրյալ հիմնավորումներով.

i

6. Բողոք բերած անձինք, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածը և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, փաստարկել են, որ նշված փոփոխություններով բարելավվել է իրենց վիճակը, հետևաբար, դրանք ենթակա են կիրառման իրենց նկատմամբ:

i

7. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք խնդրել են իրենց վերաբերյալ կայացված դատական ակտերով հաստատված արարքները համապատասխանեցնել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքին և փոփոխել իրենց նկատմամբ նշանակված վերջնական պատիժը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

i

8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալներ Ա. Զաքարյանի և Վ. Աշուղ-Աթոյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մայիսի 15-ի որոշումը վերանայելու համար:

i

9. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(...) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն` տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

i

10. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում` Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար, նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ, ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա՛մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա՛մ մեղմացնում է պատիժը, կա՛մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն3:

 

______________________________________

3 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը:

 

i

11. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում` անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. «(...) Ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում` արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (...)»4:

 

________________________________

4 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:

 

i

Արդյունքում, Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)»5:

 

_________________________________

5 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:

 

i

12. Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար:

i

13. ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն` «1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը`

պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են`

(...)

2) խոշոր չափերով,

պատժվում են ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով (...)»:

Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես խոշոր չափ է սահմանված եղել 5.0 գրամից մինչև 500.0 գրամը ներառյալ:

i

Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար` որպես զգալի չափ է սահմանվել 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ, իսկ խոշոր չափ` 12.5 գրամից մինչև 62.5 գրամը ներառյալ:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- Արթուր Զաքարյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` առանց իրացնելու նպատակի` խոշոր չափի` 8,78 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար6,

_________________________________

6 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:

 

- Վրույր Աշուղ-Աթոյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` առանց իրացնելու նպատակի` խոշոր չափի` 10,09 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար7:

 

____________________________

7 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 9-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք են դատապարտյալներ Ա. Զաքարյանի և Վ. Աշուղ-Աթոյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մտած դատական ակտերով հաստատված ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքների իրավական որակման փոփոխության:

i

Մասնավորապես, «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի խոշոր չափի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում` 8.78 գրամ և 10.09 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցներն այսուհետ ոչ թե խոշոր, այլ զգալի չափի են: Ուստի` դատապարտյալներ Ա. Զաքարյանի և Վ. Աշուղ-Աթոյանի արարքները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասին:

Նման պայմաններում, թմրամիջոցի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և դրանց գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Ա. Զաքարյանի և Վ. Աշուղ-Աթոյանի կողմից կատարված արարքների վրա:

16. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալներ Ա. Զաքարյանի և Վ. Աշուղ-Աթոյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մայիսի 15-ի որոշումը վերանայելու համար:

i

17. Վերանայման արդյունքում անհրաժեշտ է դատապարտյալներ Ա. Զաքարյանի և Վ. Աշուղ-Աթոյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հունվարի 31-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մայիսի 15-ի որոշումը բեկանել ու փոփոխել, Ա. Զաքարյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 3 (երեք) ամիս ժամկետով` հաշվի առնելով պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները, ինչպես նաև գործի նյութերում առկա` Ա. Զաքարյանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` Ա. Զաքարյանի նկատմամբ նշանակված պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով: Փորձաշրջանի ընթացքում Ա. Զաքարյանի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը պետք է դնել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանման վրա:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վ. Աշուղ-Աթոյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 3 (երեք) ամիս ժամկետով` հաշվի առնելով պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները, ինչպես նաև գործի նյութերում առկա` Վ. Աշուղ-Աթոյանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` Վ. Աշուղ-Աթոյանի նկատմամբ նշանակված պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով: Փորձաշրջանի ընթացքում Վ. Աշուղ-Աթոյանի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը պետք է դնել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանման վրա:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Դատապարտյալներ Արթուր Վարազդատի Զաքարյանի և Վրույր Արտաշեսի Աշուղ-Աթոյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի մայիսի 15-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Դատապարտյալներ Արթուր Վարազդատի Զաքարյանի և Վրույր Արտաշեսի Աշուղ-Աթոյանի վերաբերյալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հունվարի 31-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի մայիսի 15-ի որոշումը բեկանել ու փոփոխել:

i

3. Արթուր Վարազդատի Զաքարյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` Արթուր Վարազդատի Զաքարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով: Փորձաշրջանի ընթացքում Ա. Զաքարյանի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դնել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանման վրա:

4. Վրույր Արտաշեսի Աշուղ-Աթոյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` Վրույր Արտաշեսի Աշուղ-Աթոյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով: Փորձաշրջանի ընթացքում Վ. Աշուղ-Աթոյանի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դնել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանման վրա:

5. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

6. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
12.06.2019
N ԵԷԴ/0145/01/17
Որոշում