Սեղմել Esc փակելու համար:
ԻՐԱՎԱՉԱ՞Փ ԵՆ ԱՐԴՅՈՔ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՐԱՎԱՉԱ՞Փ ԵՆ ԱՐԴՅՈՔ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                         ԵԿԴ/0201/11/17

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԿԴ/0201/11/17

Նախագահող դատավոր` Ն. Հովակիմյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ` դատավորներ Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

                   քարտուղարությամբ`          Մ. Ավագյանի

                   մասնակցությամբ` դատախազներ Դ. Մելքոնյանի

                                              Գ. Հովակիմյանի

                   պաշտպան                    Կ. Կիրակոսյանի

 

    2019 թվականի հունիսի 12-ին                            ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արթուր Ռոբերտի Կարապետյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունիսի 13-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ. Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի հունիսի 8-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է թիվ 58156817 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Նույն օրը` ժամը 19:30-ին, ձերբակալվել է Արթուր Ռոբերտի Կարապետյանը:

2017 թվականի հունիսի 10-ին Ա. Կարապետյանը որպես մեղադրյալ է ներգրավվել, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով:

Ա. Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

2. 2017 թվականի հոկտեմբերի 5-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է մեղադրյալ Ա. Կարապետյանի պաշտպան Կ. Կիրակոսյանի բողոքը, որով վերջինս խնդրել է վերացնել թիվ 58156817 քրեական գործով թույլ տրված` Ա. Կարապետյանի իրավունքների և ազատությունների խախտումը:

ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Գ. Հովակիմյանի` 2017 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ նշված բողոքը մերժվել է` անհիմն լինելու պատճառաբանությամբ:

3. Դատախազի վերոհիշյալ որոշման դեմ պաշտպան Կ. Կիրակոսյանի ներկայացրած բողոքը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի ապրիլի 13-ի որոշմամբ մերժվել է` անհիմն լինելու պատճառաբանությամբ:

4. Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի ապրիլի 13-ի որոշման դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել մեղադրյալ Ա. Կարապետյանը և նրա պաշտպան Կ. Կիրակոսյանը:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2018 թվականի հունիսի 13-ի որոշմամբ մեղադրյալ Ա. Կարապետյանի և նրա պաշտպան Կ. Կիրակոսյանի վերաքննիչ բողոքները բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի ապրիլի 13-ի որոշումը բեկանել է և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել` վերացնել մեղադրյալ Ա. Կարապետյանի իրավունքների և ազատությունների խախտումները:

5. Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հունիսի 13-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ. Մելքոնյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 24-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ավագ օպերլիազոր Ն.Գրիգորյանի կողմից 2017 թվականի հունիսի 8-ին կազմված` «Մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակումից բխող իրավունքների բանավոր ծանուցման մասին» արձանագրության համաձայն` «2017 թվականի հունիսի 8-ին` ժամը 08:10-ին ՀՀ ոստիկանության` Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնում սահմանափակվել է Արթուր Կարապետյանի ազատությունը մաքսանենգ ճանապարհով ՀՀ ապօրինի թմրամիջոցներ տեղափոխելու կասկածանքով:

Այդ կապակցությամբ Արթուր Կարապետյանին բանավոր ծանուցվել են ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 14-ի թիվ 818-Ն որոշմամբ սահմանված իրավունքները, և պարզաբանվել է իրավունքների իրականացման կարգը»:

Հիշյալ արձանագրության մեջ առկա է Ա. Կարապետյանի ստորագրությունը(1):

 

-------------------

1) Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթ 55:

 

7. Քրեական գործ հարուցելու մասին 2017 թվականի հունիսի 8-ի որոշման համաձայն` պարզվել է, որ. «(...) ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արթուր Ռոբերտի Կարապետյանը 2017 թ. հունիսի 8-ին «Զվարթնոց» օդանավակայանով ժամանելով ՀՀ` պետական սահմանով մաքսանենգ ճանապարհով ներկրել է թմրամիջոց (...)» և որոշվել է. «Հայաստանի Հանրապետություն մաքսանենգ ճանապարհով թմրամիջոց ներկրելու դեպքի առթիվ հարուցել քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 1-ին մասով (...)»(2):

 

-----------------

2) Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 19:

 

8. 2017 թվականի հունիսի 8-ին որոշում է կայացվել թիվ 58156817 քրեական գործով կատարել Ա. Կարապետյանի մարմնի քննում(3), և այդ նպատակով նա տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:

 

-------------------

3) Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթ 57:

 

9. «Հունիսի 8-ին ժամը 11:50-ին «Իզմիրլյան» Բ/Կ-ից ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում է ստացվել, որ նույն Բ/Կ-ի 2-րդ հարկից իրեն վայր է գցել Արթուր Ռոբերտի Կարապետյանը (...): Ա. Կարապետյանը ի վիճակի չէ բացատրություններ տալ:

(...)

Նույն օրը ժամը 15:00-ին (...) զեկուցագիր է ներկայացվել այն մասին, որ թիվ 58156817 քրեական գործով բերման ենթարկված Ա. Կարապետյանը ժամը 10:30-ի սահմաններում «Իզմիրլյան» Բ/Կ-ից փախուստի փորձ կատարելու ժամանակ 2-րդ հարկի պատուհանից ցած է նետել իրեն, որի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ: (...)»(4):

 

-------------------

4) Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթ 62:

 

10. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության 3-րդ բաժնի ավագ քննիչ Ա. Պետրոսյանի կողմից 2017 թվականի հունիսի 8-ին կազմված ձերբակալման արձանագրության համաձայն` նույն օրը ժամը 19:30-ին ձերբակալվել է Ա. Կարապետյանը: Նրան պարզաբանվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածով սահմանված` կասկածյալի պաշտպանության իրավունքը և նույն օրենսգրքի 63-րդ հոդվածով սահմանված` կասկածյալի իրավունքները և պարտականությունները(5):

 

-------------------

5) Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթ 59-61:

 

11. Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի ապրիլի 13-ի որոշման մեջ արձանագրված է հետևյալը. «(...) Հետաքննության մարմնի աշխատակիցը, որպիսին հանդիսացել է նաև ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԿՎ բաժնի հետաքննության գծով տեսուչ Դ. Մանուկյանը, իրավասու է եղել կայացնել որոշում քրեական գործ հարուցելու մասին, իսկ այն, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը հաստատվել է ոչ թե ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետի, այլ` վերջինիս 1-ին տեղակալի կողմից` պայմանավորված է եղել նրանով, որ վարչության պետը տվյալ ժամանակահատվածում գտնվել է գործուղման մեջ, և վերջինիս գործառութային պարտականությունները կատարել է առաջին տեղակալ Ա.Մարգարյանը: Ընդ որում, հետաքննության մարմինը քրեական գործ հարուցելուց հետո որևէ դատավարական գործողություն չի կատարել: Քրեական գործը հետաքննության մարմնից վերցվել և քննչական ենթակայության կանոնների համապատասխան նախաքննությունը շարունակելու համար ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչություն է ուղարկվել դատախազի կողմից: Անհիմն է նաև Կարեն Կիրակոսյանի այն պնդումը որ թիվ 58156817 քրեական գործը հարուցելու պահին բացակայել են դրա առիթը և հիմքը, քանի որ հետաքննության մարմինն իր լիազորություններն իրականացնելու ընթացքում հանցագործության` մաքսանենգությամբ թմրամիջոցներ տեղափոխելու մասին տվյալներ է ստացել: Այդ տվյալները ստացվել են տևական ժամանակ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում, հետաքննության մարմնի աշխատակիցը ներկայացրել է համապատասխան զեկուցագիր, որի հիման վրա նախապատրաստվել են նյութեր և հարուցվել է քրեական գործ: Հետևաբար թիվ 58156817 քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջների պահպանմամբ և որևէ կերպ մեղադրյալ Արթուր Կարապետյանի իրավունքները չեն խախտվել: (...)»(6):

 

-------------------

6) Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 70-93:

 

12. Վերաքննիչ դատարանն իր` 2018 թվականի հունիսի 13-ի որոշման մեջ արձանագրել է հետևյալը. «(...) Թիվ 58156817 քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ՀՀ ոստիկանություն ԿՀԴՊ ԳՎ ԿՎ բաժնի հետաքննության գծով ավագ տեսուչ Դ. Մանուկյանը 2017 թ. հունիսի 08-ին որոշում է կայացրել թիվ 58156817 քրեական գործը հարուցելու մասին: Որոշման պարզեց մասում արձանագրել է հետևյալը. «ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արթուր Ռոբերտի Կարապետյանը 2017 թ. հունիսի 08-ին «Զվարթնոց» օդանավակայանով ժամանելով ՀՀ` պետական սահմանով մաքսանենգ ճանապարհով ներկրել է թմրամիջոց»:

ՀՀ վճռաբեկ դատարանի` Լևիկ Պողոսյանի վերաբերյալ գործով արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով վերը նշված որոշման պարզեց մասում տեղ գտած ձևակերպումներին, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ թիվ 58156817 գործով քրեական գործը հարուցելու մասին որոշման մեջ ենթադրաբար հանցագործություն կատարած անձի անունը մատնանշված է, որից հետևում է, որ կոնկրետ անձը կատարել է քրեորեն պատժելի արարք, ուստի վերը նշված որոշումն իրավական հետևանքների առումով հավասարվում է անձին մեղադրանք առաջադրելու մասին որոշմանը:

Ասվածից հետևում է, որ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ անձին որպես հանցանք կատարողի մատնանշելու պարագայում նա իրավունք է ձեռք բերում օգտվելու որոշակի դատավարական իրավունքներից, այդ թվում պաշտպանության իրավունքից, որը Արթուր Կարապետյանի պարագայում չի ապահովվել: Արդյունքում` թույլ է տրվել Ա.Կարապետյանի իրավունքների և ազատությունների խախտում, ինչը հիմք է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 5-րդ մասի համաձայն բողոքները ճանաչել հիմնավորված և բավարարել:

Անդրադառնալով բողոքների փաստարկներին` քրեական գործ հարուցելու առիթի և հիմքերի բացակայության պայմաններում թիվ 58156817 քրեական գործը հարուցելու մասին, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում քրեական գործ հարուցելու որոշման օրինականությունը չի կարող քննարկման առարկա դառնալ: Վերաքննիչ դատարանի եզրահանգումը բխում է Վճռաբեկ դատարանի` Վ. Մանուկյանի վերաբերյալ որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումներից:

Ամփոփելով` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, մերժելով պաշտպան Կ. Կիրակոսյանի բողոքը, կայացրել է չհիմնավորված դատական ակտ` թույլ տալով քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը վիճարկվող դատական ակտը բեկանելու հիմք է:

Ուստի մեղադրյալ Ա. Կարապետյանի և նրա պաշտպան Կ. Կիրակոսյանի բողոքները պետք է բավարարել: Առաջին ատյանի դատարանի 2018 թ. ապրիլի 13-ի թիվ ԵԿԴ/0201/11/17 որոշումը պետք է բեկանել և պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել թիվ 58156817 քրեական գործով մեղադրյալ Ա. Կարապետյանի իրավունքների և ազատությունների խախտումները: (...)»7:

-------------------

7) Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 70-82:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

13. Վճռաբեկ բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը:

Բողոքաբերը փաստարկել է, որ թիվ 58156817 քրեական գործը հարուցելու մասին որոշումը վերլուծելով Վճռաբեկ դատարանի` Լևիկ Պողոսյանի վերաբերյալ գործով արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վերաքննիչ դատարանը կատարել է սխալ եզրահանգում առ այն, որ չի ապահովվել Ա.Կարապետյանի` որոշակի դատավարական իրավունքներից, այդ թվում` պաշտպանության իրավունքից օգտվելու հնարավորությունը:

13.1 Մինչդեռ, ըստ բողոքի հեղինակի` Վերաքննիչ դատարանն անտեսել է քրեական գործում առկա նյութերը, որոնք վկայում են այն մասին, որ դեռևս մինչև քրեական գործի հարուցումը` բերման ենթարկվելուց անմիջապես հետո, Ա. Կարապետյանը ծանուցվել է մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակումից բխող իրավունքների մասին, իսկ քրեական գործի հարուցումից հետո նույն օրը` ժամը 19:30-ին, Ա.Կարապետյանը ձերբակալվել է, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վերջինիս բացատրվել են նրա իրավունքները և պարտականությունները, այդ թվում նաև` պաշտպան ունենալու իրավունքը, որպիսի հանգամանքների վերաբերյալ կազմվել են համապատասխան արձանագրություններ: Քրեական գործի հարուցումից հետո մինչև ձերբակալվելը Ա. Կարապետյանի մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի կատարվել, իսկ 19:30-ին է ձերբակալվել այն պատճառով, որ մինչև այդ փախուստի դիմելու նպատակով բժշկական կենտրոնի 2-րդ հարկից ցած նետվելու հետևանքով ստացած մարմնական վնասվածքների պատճառով Ա. Կարապետյանը վերակենդանացման բաժանմունքում բժշկական օգնություն է ստացել: Այդ պատճառով վարույթն իրականացնող մարմինը մինչև ժամը 19:30-ը զրկված է եղել Ա. Կարապետյանի մասնակցությամբ դատավարական գործողություններ կատարելու հնարավորությունից:

Բողոքի հեղինակն ընդգծել է, որ վերոնշյալ փաստական տվյալների վերլուծությունը և Վճռաբեկ դատարանի` Լևիկ Պողոսյանի վերաբերյալ գործով արտահայտած իրավական դիրքորոշումների հետ դրանց համադրումը թույլ են տալիս արձանագրել, որ տվյալ դեպքում Ա. Կարապետյանի իրավունքների և ազատությունների խախտում թույլ չի տրվել:

14. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հունիսի 13-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի ապրիլի 13-ի դատական ակտին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք Վերաքննիչ դատարանի հետևություններն առ այն, որ վարույթն իրականացնող մարմինը թույլ է տվել Ա. Կարապետյանի իրավունքների և ազատությունների խախտում:

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ հարուցելու առիթի և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելու մասին:

2. Որոշման մեջ պետք է նշվեն գործ հարուցելու առիթն ու հիմքը, քրեական օրենքի այն հոդվածը, որի հատկանիշներով հարուցվում է գործը, հարուցելուց հետո գործի հետագա ընթացքը»:

17. Վճռաբեկ դատարանը Լևիկ Պողոսյանի վերաբերյալ գործով որոշմամբ արձանագրել է, որ. «ՀՀ քրեական դատավարությունում քրեական գործը հարուցվում է փաստի առթիվ, իսկ անձի նկատմամբ քրեական գործ հարուցելու ինստիտուտ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ: Հետևաբար քրեական գործ հարուցելու մասին որոշումը օրենքին համապատասխան կայացնելու դեպքում որևէ անձի իրավունքները և օրինական շահերը չեն խախտվում: Սակայն հիմք ընդունելով այն հանգամանքը, որ գործնականում քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ հաճախ որպես հանցագործություն կատարող մատնանշվում է կոնկրետ անձ, ընդ որում, որպես մեղադրյալ ներգրավելու որոշման կամ նույնիսկ մեղադրական դատավճռին բնորոշ հաստատական ձևակերպումներով, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական գործ հարուցելու որոշման իրավական հետևանքների և բողոքարկման հարցերի առնչությամբ իր նախկինում արտահայտած դիրքորոշումները որոշակի զարգացման անհրաժեշտություն ունեն:

(...) Քրեական գործ հարուցելու մասին որոշումը հանդես չի գալիս որպես ենթադրաբար հանցանք կատարած անձին դատավարական կարգավիճակ տալու հիմք:

(...) Այն դեպքում, երբ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ տրվում են այնպիսի ձևակերպումներ, որոնցից հետևում է, որ կոնկրետ անձը կատարել է քրեորեն պատժելի արարք, քննարկվող որոշումն իրավական հետևանքների առումով հավասարվում է անձին մեղադրանք առաջադրելու մասին որոշմանը:

(...) Այս եզրահանգումը հիմնված է նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասում կիրառվող` «քրեական մեղադրանք» հասկացության կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձևավորված նախադեպային իրավունքի վրա, որի համաձայն` «քրեական մեղադրանք» եզրույթը պետք է հասկացվի ոչ թե ձևական (փաստաթղթային), այլ բովանդակային (գործնական) իմաստով: «Մեղադրանք» հասկացությունը կարող է սահմանվել որպես իրավասու մարմնի կողմից անձին պաշտոնապես արված տեղեկացում այն մասին, որ առկա է նրա կողմից քրեորեն հետապնդելի արարք կատարելու վերաբերյալ ենթադրություն (Դեվեերն ընդդեմ Բելգիայի (Deweer v. Belgiսm) գործով վճիռ, 1980 թ. փետրվարի 27, գանգատ թիվ 6903/75, կետեր 44, 46): Այսինքն` անձի նկատմամբ «մեղադրանքի» առկայության մասին կարող է վկայել նաև այնպիսի միջոցներ ձեռնարկելը, որոնք ենթադրում են հանցագործության մեջ կասկածանքի առկայություն, ինչպես նաև էականորեն ներգործում են կասկածվող անձի դրության վրա (Էկլեն ընդդեմ Գերմանիայի (Eckle v. Germaոy) գործով վճիռ, 1982թ. հուլիսի 15, գանգատ թիվ 8130/78, կետ 73, Շուբինսկին ընդդեմ Սլովենիայի (Subinski v. Slovenia) գործով վճիռ, 2007 թ. հունվարի 18, գանգատ թիվ 19611/04, կետ 62, Գ.Կ.-ն ընդդեմ Լեհաստանի (G.K. v. Poland) գործով վճիռ, 2004 թ. հունվարի 20, գանգատ թիվ 38816/97, կետ 98): Ընդ որում, մինչդատական վարույթի նկատմամբ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի կիրառման եղանակը պայմանավորված է տվյալ վարույթի առանձնահատկություններով (Շաբելնիկն ընդդեմ Ուկրաինայի (Sհabelnik v. Ukraine) գործով վճիռ, 2009 թ. փետրվարի 19, գանգատ թիվ 16404/03, կետ 52):

(...) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ անձին որպես հանցանք կատարողի մատնանշելու պարագայում, նա իրավունք է ձեռք բերում օգտվելու որոշակի դատավարական երաշխիքներից, այդ թվում` պաշտպանության իրավունքից:

(...) Այն դեպքում, երբ այդ երաշխիքները չեն ապահովվի, անձը պետք է իրավունք ունենա մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կարգով բողոքարկել քրեական գործ հարուցելու մասին որոշումը, քանի որ դրանով խախտվում են անձի սահմանադրական իրավունքներն ու օրինական շահերը, իսկ այդ որոշման բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում` դատարանում գործն ըստ էության քննելիս, կհանգեցնի անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման:

Այսպիսով, այն դեպքում, երբ քրեական գործ հարուցելու մասին որոշմամբ հաստատված է համարվում կոնկրետ անձի կողմից քրեորեն պատժելի որևէ արարք կատարելու փաստը, այլ խոսքով` քրեական գործ հարուցելու մասին որոշման նկարագրական-պատճառաբանական կամ եզրափակիչ մասերում առկա ձևակերպումներից ուղղակիորեն հետևում է, որ անձը կատարել է քրեորեն պատժելի արարք, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը ենթակա է դատական կարգով բողոքարկման (...)»(8):

 

------------------

8) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Լևիկ Պողոսյանի վերաբերյալ գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0136/11/11 որոշման 23-31-րդ կետերը:

 

18. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` «Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.

ա. իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին,

բ. բավարար ժամանակ ու հնարավորություններ` իր պաշտպանությունը նախապատրաստելու համար,

գ. պաշտպանելու իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանների միջոցով, կամ եթե նա բավարար միջոցներ չունի դատապաշտպանի ծառայության դիմաց վճարելու համար, ունենալու անվճար նշանակված դատապաշտպան, երբ դա պահանջում են արդարադատության շահերը,

դ. հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության և իրավունք ունենալու` իր վկաներին կանչելու ու հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները,

ե. օգտվելու թարգմանչի անվճար օգնությունից, եթե ինքը չի հասկանում դատարանում գործածվող լեզուն կամ չի խոսում այդ լեզվով»:

Հանցագործության մեջ մեղադրվող անձի` իրավունքների այս նույն շրջանակն ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածում:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն` «1. Կասկածյալը և մեղադրյալն ունեն պաշտպանության իրավունք:

2. Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է կասկածյալին և մեղադրյալին բացատրել նրանց իրավունքները և ապահովել օրենքով չարգելված բոլոր միջոցներով մեղադրանքից նրանց պաշտպանվելու փաստացի հնարավորությունը:

(...)»:

«Մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակումից բխող` ծանուցման ենթակա իրավունքների ցանկը և ծանուցման կարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 2007 թվականի հունիսի 14-ի թիվ 818-Ն որոշման թիվ 1 հավելվածի համաձայն` «(...)

2. Մարդու ազատությունները սահմանափակելիս` մարդն իրավունք ունի`

1) սահմանափակման պահից իմանալու իր ազատության սահմանափակման պատճառները, հիմքերը, իր ազատությունը սահմանափակող ոստիկանության ծառայողի պաշտոնը, կոչումը, ազգանունը.

2) ստանալու իրավաբանական օգնություն.

3) բացատրություններ տալու փաստաբանի ներկայությամբ կամ հրաժարվելու բացատրություններ տալուց.

4) ծանոթանալու իր իրավունքների ու ազատությունների սահմանափակմանն անմիջականորեն առնչվող փաստաթղթերին կամ նյութերին.

5) պահանջելու, որպեսզի ոստիկանություն բերելու պահից սկսած` երեք ժամվա ընթացքում իր գտնվելու վայրի մասին տեղեկացվի իր կողմից ընտրված անձին.

6) անհրաժեշտության դեպքում ստանալու բժշկական օգնություն.

7) պահանջելու օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկել իր ազատության սահմանափակման կապակցությամբ իր կամ ընտանիքի անդամների կյանքին, առողջությանը, գույքին սպառնացող վտանգը վերացնելու, ինչպես նաև իր տիրապետման տակ գտնվող` առանց հսկողության մնացած գույքը պահպանելու նպատակով.

8) ծանոթանալու իր ազատության սահմանափակման օրինականությունը և հիմնավորվածությունը բողոքարկելու կարգին, ոստիկանության գործողություններն ու որոշումները բողոքարկելու վերադասության կարգով կամ դատախազին կամ դատարան.

9) ոստիկանություն բերվելիս` իր պահանջով ստանալու իրավունքների մասին իր համար հասկանալի լեզվով գրավոր ծանուցում.

10) պահանջելու, որպեսզի իրեն թույլ տան օգտվելու իր իրավունքներից` դրա մասին գրավոր դիմելով իր ազատությունը սահմանափակած ոստիկանության ծառայողին»:

19. Վերոշարադրյալի առնչությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ մեղադրյալի (կասկածյալի) պաշտպանության իրավունքը քրեական դատավարության հիմնարար սկզբունքներից մեկն է. այն նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված «զենքերի հավասարության» և ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ ամրագրված մրցակցության սկզբունքների ապահովման կարևորագույն երաշխիք է: Մեղադրյալի (կասկածյալի) պաշտպանության իրավունքը նրան վերապահված դատավարական իրավունքների ամբողջությունն է, որը նրան հնարավորություն է տալիս հանդես գալու որպես դատավարության ինքնուրույն սուբյեկտ, լրիվ կամ մասնակիորեն հերքելու իրեն վերագրվող հանցանքը կատարած լինելու պնդումը, ինչպես նաև պաշտպանելու իր իրավունքներն ու օրինական շահերը: Պաշտպանության իրավունքն անձի համար գործուն «զենք» է` դիմակայելու իշխանական լիազորություններով օժտված պետական մարմինների գործողություններին: Այս առումով պաշտպանության իրավունքը քրեական դատավարության խնդիրների, մասնավորապես` հանցավոր արարքի հետ կապված պետական իշխանության ինքնիրավ գործողություններից և չարաշահումներից անձի պաշտպանության, ինչպես նաև անօրինական կամ առանց անհրաժեշտության դատավարական հարկադրանքի միջոցների, պատժի, իրավունքների և ազատությունների այլ սահմանափակման չենթարկվելու (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ, 2-րդ մասի 3-րդ կետ) իրացման միջոցներից է(9):

 

------------------

9 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Նորիկ Պողոսյանի գործով 2010 թվականի մարտի 26-ի թիվ ՀՅՔՐԴ2/0153/01/08 որոշման 25-րդ կետը, Հեղինե Գալստյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԼԴ/0051/01/14 որոշման 29-րդ կետը, Հայկ Սիմոնյանի գործով 2017 օգոստոսի 30-ի թիվ ԵԱԴԴ/0027/01/15 որոշման 13-րդ կետը, Արթուր Մամաջանյանի գործով 2017 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ԼԴ2/0055/01/15 որոշման 21-րդ կետը:

 

20. Ընդ որում, վերոշարադրյալ կոնվենցիոնալ և ներպետական իրավական կարգավորումների վերլուծությունից բխում է, որ պաշտպանության իրավունքը ներառում է նաև որոշակի կոնկրետ իրավունքների ոչ սահմանափակ շրջանակ, որոնց զգալի մասից (օրինակ` իր իրավունքների, իրեն ազատությունից զրկելու պատճառների մասին տեղեկացվելու, իրավաբանական օգնություն ստանալու իրավունք) անձին օգտվելու հնարավորություն պետք է տրամադրվի հանցանք կատարած լինելու կասկածի մասին իրեն պաշտոնապես տեղեկացնելու վաղ փուլից սկսած` անկախ կասկածյալ (մեղադրյալի) դատավարական կարգավիճակի առկայությունից: Վերահաստատելով և զարգացնելով Լևիկ Պողոսյանի վերաբերյալ գործով վերոշարադրյալ իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ անձին որպես հանցանք կատարող մատնանշելն ինքնին չի հանգեցնի անձի իրավունքների խախտման, եթե վերջինս պատշաճ կարգով տեղեկացվում է պաշտպանության իրավունքի մասին և նրա համար ապահովվում են դրա բովանդակությունը կազմող նվազագույն իրավունքների իրացման համար անհրաժեշտ դատավարական երաշխիքները: Ըստ այդմ էլ քրեական գործ հարուցելու մասին որոշման նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում պետք է քննարկման առարկա դառնա այն հարցը, թե արդյոք նշված որոշման մեջ կոնկրետ անձին որպես հանցանք կատարող մատնանշած լինելու, այսինքն` փաստացի քրեական հետապնդում հարուցելու պարագայում պահպանվել են վերջինիս` որպես ենթադրյալ հանցանք կատարած անձի համար երաշխավորված դատավարական իրավունքները: Քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ անձի անունը մատնանշելը, ինքնին դեռևս չի վկայում վերջինիս պաշտպանության իրավունքի խախտման մասին և դատարանը կարող է որոշում կայացնել անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը սահմանելու մասին, եթե անձին հնարավորություն չի տրվել օգտվելու համապատասխան դատավարական իրավունքներից:

21. Սույն գործի նյութերի համաձայն` քրեական գործ հարուցելու մասին որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգելիս Առաջին ատյանի դատարանը գտել է, որ Ա. Կարապետյանի իրավունքների և ազատությունների խախտում վարույթն իրականացնող մարմնի կողմից թույլ չի տրվել(10): Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, մեջբերելով քրեական գործ հարուցելու մասին որոշման ձևակերպումները, արձանագրել է, որ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ անձին որպես հանցանք կատարողի մատնանշելու պարագայում նա իրավունք է ձեռք բերում օգտվելու որոշակի դատավարական իրավունքներից, այդ թվում պաշտպանության իրավունքից, որն Ա. Կարապետյանի պարագայում չի ապահովվել(11):

 

----------------------

10) Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

11) Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը:

 

21.1 Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ դեռևս մինչև քրեական գործի հարուցումը` բերման ենթարկվելուց անմիջապես հետո, Ա. Կարապետյանը ծանուցվել է պաշտպանության իրավունքի բովանդակությունը կազմող և դրանից բխող նվազագույն իրավունքների մասին(12), իսկ երբ ձերբակալվել է, վերջինիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով բացատրվել են նրա իրավունքները և պարտականությունները, այդ թվում նաև` պաշտպան ունենալու իրավունքը(13): Քրեական գործի հարուցումից հետո մինչև ձերբակալվելը Ա. Կարապետյանի մասնակցությամբ որևէ քննչական կամ այլ դատավարական գործողություն չի կատարվել, և վերջինս միայն 19:30-ին է ձերբակալվել այն պատճառով, որ մինչ այդ բժշկական կենտրոնի 2-րդ հարկից ցած նետվելու հետևանքով ստացած մարմնական վնասվածքների պատճառով գտնվել է վերակենդանացման բաժանմունքում(14):

 

----------------------

12) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

13) Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

14) Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

 

22. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 16-20-րդ կետերում ներկայացված իրավակարգավորումների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև քրեական գործ հարուցելու մասին որոշման պատճառաբանական հատվածում առկա է Ա.Կարապետյանի` որպես ենթադրյալ հանցանք կատարած անձի մասին նշում, այնուամենայնիվ վարույթն իրականացնող մարմինը թույլ չի տվել վերջինիս պաշտպանության իրավունքի խախտում այնքանով, որքանով նրան պարզաբանվել են պաշտպանության իրավունքի բովանդակությունը կազմող իրավունքները:

23. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանն արձանագրելով Ա. Կարապետյանի իրավունքների և ազատությունների խախտման փաստը, և գտնելով, որ չի ապահովվել վերջինիս պաշտպանության իրավունքը, չի մանրամասնել, թե ինչում է այն դրսևորվել:

24. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ իրավաչափ չեն Վերաքննիչ դատարանի հետևություններն առ այն, որ վարույթն իրականացնող մարմինը թույլ է տվել Ա.Կարապետյանի իրավունքների և ազատությունների խախտում:

25. Այսպիսով, Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականության և հիմնավորվածության ստուգման ընթացքում Վերաքննիչ դատարանը կայացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող, չհիմնավորված դատական ակտ, քանի որ դրանում արված հետևությունները չեն բխում սույն գործի նյութերից: Այսինքն` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի խախտում, որն էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հունիսի 13-ի որոշումը բեկանելու հիմք է:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս Առաջին ատյանի դատարանը դատական սխալ թույլ չի տվել, կայացրել է օրինական, հիմնավորված և պատճառաբանված որոշում, ուստի պետք է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի ապրիլի 13-ի որոշմանը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Արթուր Ռոբերտի Կարապետյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունիսի 13-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2018 թվականի ապրիլի 13-ի որոշմանը` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
12.06.2019
N ԵԿԴ/0201/11/17
Որոշում