Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 17...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 173-ՐԴ, 378-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                         ՇԴ2/0049/01/17

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ՇԴ2/0049/01/17

Նախագահող դատավոր` Ա. Ազարյան

    Դատավորներ`        Ն. Հովակիմյան

                       Մ. Հարությունյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ` դատավորներ Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

                   քարտուղարությամբ`          Մ. Ավագյանի

 

    2019 թվականի փետրվարի 7-ին                            ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի ապրիլի 23-ի որոշման դեմ Անդրանիկ Վալոդյայի Խաչատրյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի փետրվարի 22-ի դատավճռով Անդրանիկ Վալոդյայի Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 2 (երկու) տարի ժամկետով:

2. Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ ամբաստանյալ Ա.Խաչատրյանի պաշտպան Ս.Մկրտչյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2018 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ թողնվել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ա.Խաչատրյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

4. Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի փետրվարի 22-ի դատավճիռը ամբաստանյալ Ա.Խաչատրյանի պաշտպան Ս.Մկրտչյանը ստացել է 2018 թվականի փետրվարի 28-ին(1):

___________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 60:

 

5. Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ պաշտպան Ս.Մկրտչյանի վերաքննիչ բողոքն ամբաստանյալ Ա.Խաչատրյանը փոստային առաքման միջոցով 2018 թվականի մարտի 21-ին ուղարկել է Առաջին ատյանի դատարան(2):

___________________

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 70:

 

6. Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ պաշտպան Ս.Մկրտչյանի վերաքննիչ բողոքն ամբաստանյալ Ա.Խաչատրյանը, փոստային առաքման միջոցով, RR253183779AM բեռնային համարով փոստային ծրարի դիմային երեսին առկա դրոշմի համաձայն` 2018 թվականի ապրիլի 4-ին ուղարկել է Վերաքննիչ դատարան(3): Միևնույն ժամանակ, «Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջի համաձայն` նշված բեռնային համարով առաքանին հաճախորդից ընդունվել է 2018 թվականի ապրիլի 3-ին(4):

___________________

3) Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 81:

4) Տե՛ս https://www.haypost.am

 

7. Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով ամբաստանյալ Ա.Խաչատրյանի պաշտպան Ս.Մկրտչյանի վերաքննիչ բողոքը, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) Սույն քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ (...) Առաջին ատյանի դատարանի (...) դատավճիռը հրապարակվել է 2018թ. փետրվարի 22-ին, որը պաշտպանին տրամադրվել է 2018թ. փետրվարի 28-ին:

2018թ. ապրիլի 7-ին (փոստային ծառայությանն է հանձնվել 2018թ. ապրիլի 4-ին) Վերաքննիչ դատարանում ստացվել է ամբաստանյալ Անդրանիկ Խաչատրյանի պաշտպան Սեդրակ Մկրտչյանի վերաքննիչ բողոքը` Առաջին ատյանի դատարանի 2018թ. փետրվարի 22-ի դատավճռի դեմ:

Վերը նշված փաստական հանգամանքների պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն քրեական գործով բողոքարկման ժամկետը պետք է հաշվարկել առնվազն դատավճիռը պաշտպանի կողմից ստանալու պահից մեկամսյա ժամկետում:

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ դատավճռի օրինակը պաշտպանին տրամադրվել է 2018թ. փետրվարի 28-ին, ապա (...) Առաջին ատյանի դատարանի 2018թ. փետրվարի 22-ի դատավճռի բողոքարկման ժամկետն ավարտվում է 2018թ. մարտի 29-ին, ժամը 24.00-ին, մինչդեռ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 2018թ. ապրիլի 4-ին:

(...) Հաշվի առնելով վերը նշվածը և նկատի ունենալով, որ չի պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, այն է` վերաքննիչ բողոքը ժամկետանց է, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պաշտպան Սեդրակ Մկրտչյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը պետք է թողնել առանց քննության (...)»(5):

___________________

5) Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 87-88:

 

8. Ամբաստանյալ Ա.Խաչատրյանը ներկայացված վճռաբեկ բողոքին կցել է «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից տրված RR251522298AM բեռնային համարով անդորրագիրը, որի համաձայն` վերջինս փոստային առաքման միջոցով 2018 թվականի մարտի 21-ին վերաքննիչ բողոքն ուղարկել է Վերաքննիչ դատարան(6): Միևնույն ժամանակ, «Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջի համաձայն` նշված բեռնային համարով առաքանին հասցեատիրոջը հանձնել չի հաջողվել(7):

___________________

6) Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 123:

7) Տե՛ս https://www.haypost.am

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, այն է` խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 8-րդ, 10-րդ, 17-րդ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածների պահանջները:

Ի հիմնավորումն վերոնշյալի` բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, միայն ձևական պահանջներից ելնելով, բողոքը քննության չի առել:

Մասնավորապես, բողոքի հեղինակը փաստարկել է, որ իրականում վերաքննիչ բողոքը ներկայացվել է օրենքով սահմանված մեկամսյա ժամկետի պահպանմամբ, քանի որ վերաքննիչ բողոքն Առաջին ատյանի դատարան է ներկայացվել փոստային առաքման միջոցով 2018 թվականի մարտի 21-ին: Բողոքաբերը գտել է, որ հիշյալ փաստական հանգամանքը Վերաքննիչ դատարանի կողմից ճիշտ չի գնահատվել, որի արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը, քանի որ ինքը զրկվել է դատարանի կողմից գործի հրապարակային քննության իրավունքից:

10. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի ապրիլի 23-ի որոշումը` կայացնելով նոր դատական ակտ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ամբաստանյալ Ա.Խաչատրյանի պաշտպան Ս.Մկրտչյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները:

12. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 69-րդ հոդվածի համաձայն` «Հանցանք կատարելու համար դատապարտված յուրաքանչյուր ոք ունի իր նկատմամբ կայացված դատավճռի` օրենքով սահմանված հիմքերով և կարգով վերադաս դատական ատյանի կողմից վերանայման իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, (...) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի (...) դատաքննության իրավունք»:

Կոնվենցիային կից թիվ 7-րդ արձանագրության 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեական հանցագործություն կատարելու համար դատարանի կողմից դատապարտված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ իր դատապարտումը կամ դատավճիռը վերանայվի վերադաս դատական ատյանի կողմից: Այդ իրավունքի իրականացումը, ներառյալ դրա իրականացման հիմքերը, կարգավորվում է օրենքով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն` «(...) 3. Ժամկետն օրերով հաշվելիս ժամկետի ընթացքն սկսվում է առաջին օրվա գիշերվա զրո ժամից և վերջանում վերջին օրվա գիշերվա ժամը քսանչորսին: Ժամկետն ամիսներով կամ տարիներով հաշվելիս ժամկետը վերջանում է վերջին ամսվա համապատասխան օրը (...): Եթե ժամկետի լրանալը համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա ժամկետի վերջին օրը հաշվվում է դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը (...):

4. Ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին է հանձնված ժամկետը լրանալուց առաջ (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 378-րդ հոդվածի համաձայն` «Վերաքննիչ բողոքը ներկայացվում է վերաքննիչ դատարան, իսկ դրա պատճենը` դատական ակտ կայացրած դատարան (...)»:

13. Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը(8),

___________________

8) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Luordo v. Italy գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, Staroszczyk v. Poland գործով 2007 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Stanev v. Bulgaria գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ:

 

- դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն(9),

___________________

9) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Khalfaoui v. France գործով 1999 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 34791/97, 36-րդ կետ, Hirschhorn v. Romania գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, 50-րդ կետ:

 

- ներպետական դատական ատյանները դատավարական կանոնները կիրառելիս պետք է ձեռնպահ մնան դրանց չափազանցված ձևականացումից, որն իր ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրա(10),

___________________

10) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Walchli v. France գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35787/03, 29-րդ կետ:

 

- դատարանի մատչելիության իրավունքը խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին և վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի(11):

___________________

11) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Efstathiou and others v. Greece գործով 2006 թվականի հուլիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 36998/02, 24-րդ կետ:

 

14. ՀՀ սահմանադրական դատարանը 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ դատական մատչելիության իրավունքի վերաբերյալ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և իր ծանրությամբ չհանգեցնի իրավունքի էության խախտման(12):

___________________

12) Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշման 4.1-րդ կետը:

 

15. Արդար դատաքննության իրավունքի համատեքստում կարևորելով անձի` դատարանի մատչելիության իրավունքը` Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշումներ է ձևավորել այն մասին, որ այդ իրավունքն ունի բացառիկ նշանակություն անձի իրավունքների պաշտպանության իրավական համակարգում, այն ենթադրաբար խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման հիմնական նախապայմանն է, որի միջոցով է կենսագործվում դատարան դիմելու (locus standi) և արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու անձի իրավունքը:

Ելնելով վերոնշյալ առանձնահատկությունից` դատական պաշտպանության իրավունքի իրացմանը ներկայացվող ձևական բնույթի կարգավորումները չպետք է այն աստիճան չափազանցվեն (excessive formalism), որ դատական պաշտպանության իրավունքից օգտվելու չափանիշների և պահանջների չպահպանման արդյունքում վրա հասնող իրավական հետևանքն անհամաչափորեն սահմանափակի անձի` դատարանի մատչելիության իրավունքը: Այսինքն` դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սահմանափակումները չպետք է հանգեցնեն անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների էության խախտման(13):

___________________

13) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշման 16-րդ կետը, Լևոն Հարությունյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշման 13-րդ կետը, Նաիրի Գևորգյանի գործով 2018 թվականի մարտի 20-ի թիվ ՍԴ/0088/01/12 որոշման 14-րդ կետը:

 

16. Նախորդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող ձևական բնույթի չափանիշների և պահանջների չպահպանումը չպետք է այնպես մեկնաբանվի, որ անձի` դատարանի մատչելիության իրավունքը ենթարկվի անհամաչափ սահմանափակման` հանգեցնելով այդ իրավունքի բուն էության խաթարմանը: Այլ կերպ` բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը պետք է հիմնված լինի վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող ձևական բնույթի չափանիշների և պահանջների պահպանված չլինելու մասին փաստերի բովանդակային գնահատման վրա` ապահովելու համար բողոքարկման իրավունքի սահմանափակման և հետապնդվող նպատակի միջև համարժեք հարաբերակցությունը:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի փետրվարի 22-ի դատավճիռը ամբաստանյալ Ա.Խաչատրյանի պաշտպան Ս.Մկրտչյանը ստացել է 2018 թվականի փետրվարի 28-ին(14),

___________________

14) Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:

 

- Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ պաշտպան Ս.Մկրտչյանի վերաքննիչ բողոքն ամբաստանյալ Ա.Խաչատրյանը, փոստային առաքման միջոցով, 2018 թվականի մարտի 21-ին ուղարկել է Առաջին ատյանի դատարան(15),

___________________

15) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

- Պաշտպանի վերաքննիչ բողոքն ամբաստանյալ Ա.Խաչատրյանը, փոստային առաքման միջոցով, փոստային ծրարի դիմային երեսին առկա դրոշմի համաձայն` 2018 թվականի ապրիլի 4-ին ուղարկել է Վերաքննիչ դատարան: Միևնույն ժամանակ, «Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջի համաձայն` նշված փոստային առաքանին հաճախորդից ընդունվել է 2018 թվականի ապրիլի 3-ին(16),

___________________

16) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

- Վերաքննիչ դատարանը 2018 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ պաշտպան Ս.Մկրտչյանի բողոքը թողել է առանց քննության` նշելով, որ դատավճռի բողոքարկման ժամկետն ավարտվում է 2018 թվականի մարտի 29-ին` ժամը 24:00-ին, մինչդեռ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 2018 թվականի ապրիլի 4-ին(17),

___________________

17) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

- Ամբաստանյալ Ա.Խաչատրյանը վճռաբեկ բողոքին կից ներկայացրել է փոստային անդորրագիր այն մասին, որ փոստային առաքման միջոցով, 2018 թվականի մարտի 21-ին վերաքննիչ բողոքն ուղարկվել է Վերաքննիչ դատարան, որը, «Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջի համաձայն, հասցեատիրոջը հանձնել չի հաջողվել(18):

___________________

18) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

18. Վերլուծելով վերոշարադրյալ փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանը նախ արձանագրում է, որ պաշտպան Ս.Մկրտչյանի կողմից Առաջին ատյանի դատարանի դատավճիռը 2018 թվականի փետրվարի 28-ին ստացած լինելու պարագայում Վերաքննիչ դատարանը, բողոքարկման ժամկետի ավարտ համարելով 2018 թվականի մարտի 29-ը, անտեսել է այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոք բերելու ժամկետը դատավճիռը ստանալուն հաջորդող օրվանից` 2018 թվականի մարտի 1-ից հաշվարկելու դեպքում այն վերջանում էր 2018 թվականի ապրիլի 1-ին և նկատի ունենալով, որ ժամկետի լրանալը համընկնում էր ոչ աշխատանքային օրվան, ժամկետի վերջին օրը պետք է հաշվվեր դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը` 2018 թվականի ապրիլի 3-ը(19): ՈՒ թեև փոստային ծրարի դիմային երեսին առկա դրոշմի համաձայն` վերաքննիչ բողոքն ուղարկվել է Վերաքննիչ դատարան 2018 թվականի ապրիլի 4-ին, «Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջի համաձայն` նշված փոստային առաքանին հաճախորդից ընդունվել է (փոստային ծառայությանն է հանձնվել) 2018 թվականի ապրիլի 3-ին(20), հետևաբար սույն գործով վերաքննիչ բողոքը ներկայացնելու ժամկետը պարզելու համար Վերաքննիչ դատարանը չպետք է հիմք ընդուներ միայն փոստային ծրարի դիմային երեսին առկա դրոշմի վրա նշված ժամկետը:

___________________

19) ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 6-ի թիվ 219-Ն որոշման համաձայն` 2018 թվականի ապրիլի 2-ը հանդիսացել է ոչ աշխատանքային օր:

20) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

19. Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ներկայացված բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելիս դատարանները, հնարավոր տեխնիկական վրիպակների պատճառով անձի` դատարանի մատչելիության իրավունքի անհարկի սահմանափակումներից խուսափելու նպատակով, պետք է բողոքը փոստային ծառայությանը հանձնելու ժամանակը որոշելիս հիմք ընդունեն ոչ միայն փոստային ծրարի դիմային երեսի վրա առկա դրոշմը, այլ նաև միջոցներ ձեռնարկեն այն ստուգելու ուղղությամբ (բողոքը փոստին հանձնելու օրը կարող է պարզվել փոստային անդորրագրի, «Հայփոստ» ՓԲԸ-ի կայքէջի, համապատասխան հարցում կատարելու և այլ միջոցներով)(21):

___________________

21) Տե՛ս mutatis mutandis Վարտգես Գասպարիի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԱՔԴ/0067/11/16 որոշումը, 15-րդ կետ:

 

20. Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև նշել, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն, որ մինչև վերաքննիչ բողոքարկման ժամկետի ավարտը` 2018 թվականի մարտի 21-ին, ամբաստանյալ Ա.Խաչատրյանը պաշտպան Ս.Մկրտչյանի վերաքննիչ բողոքն ուղարկել է դատական ակտը կայացրած Առաջին ատյանի դատարան, որի պայմաններում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 378-րդ հոդվածով սահմանված` վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարան ներկայացնելու ձևական պահանջը չպահպանելու հիմքով չպետք է պաշտպան Ս.Մկրտչյանի վերաքննիչ բողոքը համարվեր ժամկետանց և թողնվեր առանց քննության: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերաքննիչ բողոքը դատական ակտը կայացրած դատարան ուղարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 382-րդ և 383-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու նպատակով, այն է` ուղարկված վերաքննիչ բողոքի մասին դատավարության մասնակիցներին ծանուցելու, գործը վերաքննիչ բողոքի և դրա վերաբերյալ ստացված պատասխանների հետ Վերաքննիչ դատարան ուղարկելու համար, որի պայմաններում վերաքննիչ բողոքը հասանելի է դառնում Վերաքննիչ դատարանի համար: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարան ներկայացնելու ձևական պահանջը չպահպանելու հիմքով պաշտպանի բողոքն առանց քննության թողնելը prim-facie անհամաչափորեն սահմանափակել է ամբաստանյալի` դատարանի մատչելիության իրավունքը:

21. Հիմք ընդունելով նաև սույն որոշման նախորդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ամբաստանյալ Ա.Խաչատրյանը պաշտպանի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարան է ուղարկել սահմանված ժամկետում:

22. Բացի այդ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ամբաստանյալ Ա.Խաչատրյանը վճռաբեկ բողոքին կից ներկայացրել է փոստային անդորրագիր, համաձայն որի` փոստային առաքման միջոցով դեռևս 2018 թվականի մարտի 21-ին վերաքննիչ բողոքն ուղարկել է Վերաքննիչ դատարան(22): Այսինքն` ամբաստանյալ Ա.Խաչատրյանը դատական ակտ կայացրած դատարան ուղարկելու հետ մեկտեղ նույն օրը պաշտպան Ս.Մկրտչյանի վերաքննիչ բողոքն ուղարկել է նաև Վերաքննիչ դատարան:

___________________

22) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

23. Սույն որոշման 18-22-րդ կետերում կատարված վերլուծությունը գնահատելով սույն որոշման 12-16-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից ժամկետանց լինելու պատճառաբանությամբ ամբաստանյալ Ա.Խաչատրյանի պաշտպան Ս.Մկրտչյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելն անհամաչափորեն սահմանափակել է ամբաստանյալի` դատարանի մատչելիության իրավունքը, հաշվի առնելով, որ վերաքննիչ բողոքը ներկայացվել է բողոքարկման ժամկետի պահպանմամբ:

ՈՒստի, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ամբաստանյալ Ա.Խաչատրյանի պաշտպանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն:

25. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի ապրիլի 23-ի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է ըստ էության քննության առնի վերաքննիչ բողոքը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Անդրանիկ Վալոդյայի Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի ապրիլի 23-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
07.02.2019
N ՇԴ2/0049/01/17
Որոշում