Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ, 2018 ԹՎԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ, 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

    Հայաստանի Հանրապետության                         ԵԴ/0745/01/18

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԴ/0745/01/18

Նախագահող դատավոր` Ա. Նիկողոսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ` դատավորներ Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

                   քարտուղարությամբ`          Մ. Ավագյանի

 

    2019 թվականի հունիսի 12-ին                            ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում քննության առնելով Հակոբ Պարգևի Պողոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 30-ի որոշման դեմ պաշտպան Լ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2018 թվականի հոկտեմբերի 5-ին քրեական գործն ըստ մեղադրանքի Հակոբ Պարգևի Պողոսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և 2018 թվականի հոկտեմբերի 8-ին ընդունվել վարույթ:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան), 2018 թվականի հոկտեմբերի 19-ին քննության առնելով Հ.Պողոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողել է անփոփոխ, միաժամանակ մերժել կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանի միջնորդությունը` գրավի կիրառումն անթույլատրելի համարելու պատճառաբանությամբ:

3. Պաշտպանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2018 թվականի հոկտեմբերի 30-ի որոշմամբ բողոքը թողել է առանց քննության:

4. Վերը նշված որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել պաշտպան Լ.Ասլանյանը: Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի ապրիլի 26-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Առաջին ատյանի դատարանը 2018 թվականի հոկտեմբերի 19-ի` «Մեղադրյալի նկատմամբ որպես կալանավորում կիրառված խափանման միջոցի հարցը քննության առնելու մասին» որոշման եզրափակիչ մասում նշել է. «(...) Հակոբ Պարգևի Պողոսյանի նկատմամբ որպես կալանավորում կիրառված խափանման միջոցը թողնել անփոփոխ: (...)»(1):

 

---------------------

1) Տե՛ս նյութեր, թերթ 16:

 

6. Վերաքննիչ դատարանը բողոքն առանց քննության թողնելու մասին որոշմամբ արձանագրել է. «(...) Քրեական գործի դատական քննության ընթացքում ամբաստանյալի (մեղադրյալի) նկատմամբ ընտրված խափանման միջոցն ըստ էության անփոփոխ թողնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումն այնպիսի դատական ակտ է, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման:

(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Հակոբ Պարգևի Պողոսյանի պաշտպան Լուսինե Ասլանյանը, թիվ ԵԴ/0745/01/18 քրեական գործով կայացված «Մեղադրյալի նկատմամբ որպես կալանավորում կիրառված խափանման միջոցի հարցը քննության առնելու մասին» 2018 թվականի հոկտեմբերի 19-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելով, բողոք է բերել այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման, հետևաբար` այն պետք է թողել առանց քննության (...)»(2):

 

---------------------

2) Տե՛ս նյութեր, թերթ 28:

 

7. Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի մայիսի 23-ի դատավճռով Հ.Պողոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտվել ազատազրկման` 5 (հինգ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով: Հ.Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը թողնվել է անփոփոխ: Պատժի սկիզբը հաշվվել է 2018 թվականի մարտի 16-ից(3):

 

---------------------

3) Տե՛ս www.datalex.am (դատական տեղեկատվական համակարգ), Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2019 թվականի մայիսի 23-ի թիվ ԵԴ/0745/01/18 դատավճիռը:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

7. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտով թույլ է տրվել դատավարական իրավունքի խախտում, ինչը հանգեցրել է դատական սխալի և Հ.Պողոսյանի համար կարող է առաջացնել ծանր հետևանքներ:

Բողոքի հեղինակը գտել է, որ բողոքարկվող որոշումն անհիմն է, անօրինական և սխալ պատճառաբանված: Վերաքննիչ դատարանը, պաշտպանական կողմի բողոքը թողնելով առանց քննության, սահմանափակել է իր պաշտպանյալի` անձնական ազատության հետ կապված որոշումները բողոքարկելու կամ վիճարկելու սահմանադրական իրավունքը, և վկայակոչելով Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 26-ի ՍԴՈ-1421 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, արձանագրել է, որ անձն իրավունք ունի դատական բողոքարկման կարգով վիճարկելու իր նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և ընտրված կալանքը հիմնավոր համարելու հարցի քննության արդյունքում դատարանի կողմից կայացված որոշումը:

8. Բացի այդ, անդրադառնալով Հ.Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց անփոփոխ թողնելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշմանը, բողոքի հեղինակը գտել է, որ Առաջին ատյանի դատարանն իր կայացրած դատական ակտով թույլ է տվել դատավարական իրավունքի խախտում, ինչը հանգեցրել է դատական սխալի: Անդրադառնալով նաև այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառմանը, բողոքաբերը գտել է, որ իր պաշտպանյալի պատշաճ վարքագիծը քրեական գործի քննության տվյալ փուլում հնարավոր է ապահովել նաև այլընտրանքային խափանման միջոցի կիրառմամբ:

9. Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ, այն է` վերացնել Հ.Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը և նրան ազատել արգելանքից:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի կողմից Հ.Պողոսյանի պաշտպան Լ.Ասլանյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելը` Առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չլինելու պատճառաբանությամբ այն դեպքում, երբ բողոքարկվել է գործը դատական քննության նախապատրաստելու փուլում մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին որոշումը:

11. ՀՀ սահմանադրական դատարանը, 2018 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1421 որոշմամբ անդրադառնալով գործը դատական քննության նախապատրաստելու փուլում դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննության արդյունքում կայացված որոշման բողոքարկման հնարավորությանը, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Գործը դատական քննության նախապատրաստելու փուլում վիճարկվող իրավակարգավորման ուժով մեղադրյալի նկատմամբ անձնական ազատության իրավունքի սահմանափակում նախատեսող խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննության արդյունքում ընդունվում է որոշում (Օրենսգրքի 293-րդ հոդվածի 2-րդ մաս), որն, ի թիվս այլնի, Օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 20-րդ կետի, ինչպես նաև Օրենսգրքի 73-րդ հոդվածի 15-րդ կետի ուժով կարող է բողոքարկվել մեղադրյալի, նրա պաշտպանի կողմից (...): Ուստիև, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող իրավակարգավորումը խնդրահարույց չէ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի համատեքստում այն առումով, որ Օրենսգրքում, մասնավորապես, առկա են կալանքի` որպես խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննության արդյունքում ընդունված որոշման դատական բողոքարկման (ստուգման) օրենսդրական երաշխիքներ (...)»(4):

 

---------------------

4) Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1421 որոշման 4.2-րդ կետը:

 

12. ՀՀ սահմանադրական դատարանի` նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը վերանայելով Անուշ Ղավալյանի գործով արտահայտած իրավական դիրքորոշումները(5)` Գարիկ Սարգսյանի գործով փաստել է, որ գործը դատական քննության նախապատրաստելու փուլում մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու (այդ թվում նաև` կալանավորումը վերացնելու կամ այլ խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունը մերժելու) մասին որոշումը ենթակա է բողոքարկման` վերաքննության կարգով(6):

 

---------------------

5) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Անուշ Ղավալյանի գործով 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԵՔՐԴ/0299/01/08 որոշման 21-րդ կետը:

6) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գարիկ Սարգսյանի գործով 2018 թվականի հուլիսի 20-ի թիվ ԵԿԴ/0294/01/17 որոշման 14-րդ կետը:

 

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանը պաշտպան Լ.Ասլանյանի վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության այն պատճառաբանությամբ, որ պաշտպանի կողմից վերաքննության կարգով բողոքարկվել է գործի դատական քննության ընթացքում մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցն անփոփոխ թողնելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը, որը նախատեսված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածով(7):

 

---------------------

7) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

14. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավաչափ չէ Վերաքննիչ դատարանի կողմից Հ.Պողոսյանի պաշտպանի ներկայացրած վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելը` Առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չլինելու պատճառաբանությամբ այն դեպքում, երբ բողոքարկվել է գործը դատական քննության նախապատրաստելու փուլում մեղադրյալի նկատմամբ կալանավորումն անփոփոխ թողնելու մասին որոշումը:

15. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի պահանջի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար: Սակայն հաշվի առնելով, որ Հ.Պողոսյանի նկատմամբ արդեն իսկ 2019 թվականի մայիսի 23-ին կայացվել է մեղադրական դատավճիռ, որով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 5 (հինգ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով` պատժի սկիզբը հաշվելով 2018 թվականի մարտի 16-ից, և խափանման միջոցի վերաբերյալ նոր որոշում է կայացվել(8), ուստի բողոքարկված դատական ակտը չի կարող բեկանվել, քանի որ այն եղել է ժամանակավոր և սույն որոշումը կայացնելու պահին կորցրել է իր իրավական նշանակությունը: Հետևաբար, վճռաբեկ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն, ճանաչել Հ.Պողոսյանի իրավունքի խախտման փաստը և ստորադաս դատարանի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

 

---------------------

8) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն:

2. Ճանաչել Հակոբ Պարգևի Պողոսյանի իրավունքի խախտման փաստը:

3. Հակոբ Պարգևի Պողոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
12.06.2019
N ԵԴ/0745/01/18
Որոշում