Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱ ...

 

 

041.0747.110618

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունիսի 2018 թվականի N 747-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը`

Հաստատել Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թվականի հունիսի 11-ի

N 747-Լ որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն (այսուհետ` կոմիտե) Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա մարմին է, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության` ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի անվտանգության պետական կարգավորման իրականացումը, ինչպես նաև աջակցում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի անվտանգության պետական կարգավորման` Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության մշակմանը:

2. Կոմիտեն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով: Կոմիտեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի իրավահաջորդն է:

3. Կոմիտեն գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա:

4. Կոմիտեի անվանումն է`

1) հայերեն` Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե.

2) ռուսերեն` Կօմիտետ պօ ռեգուլիռօվանիյու յադեռնօյ բեզօպասնօստի Ռեսպուբլիկի Առմենիյա.

3) անգլերեն` Committee on Nuclear Safety Regulation of the Republic of Armenia.

4) ֆրանսերեն` Comite de Regulation de la Surete Nucleaire de la Republique d'Armenie:

5. Կոմիտեն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր և անհատականացման այլ միջոցներ:

6. Կոմիտեի կառուցվածքում ընդգրկվում են կոմիտեի նախագահի, կոմիտեի նախագահի տեղակալների, կոմիտեի նախագահի խորհրդականի, գլխավոր քարտուղարի պաշտոնները և կառուցվածքային ստորաբաժանումները:

7. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կոմիտեին վերապահված է պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

8. Կոմիտեի գտնվելու վայրն է` քաղ. Երևան, Տիգրան Մեծի 4:

 

II. ԿՈՄԻՏԵԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

9. Կոմիտեի նպատակն է բնակչության, ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների անձնակազմի անվտանգության ապահովումը, շրջակա միջավայրի պաշտպանությունն իոնացնող ճառագայթման հնարավոր վնասակար ազդեցությունից, Հայաստանի Հանրապետության անվտանգության շահերի պաշտպանության նպատակով:

10. Կոմիտեի խնդիրն է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորումը:

 

III. ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

11. Կոմիտեն իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) մշակում և Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի նորմատիվ իրավական ակտերի նախագծերը.

2) իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործունեության, ինչպես նաև անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց լիցենզավորումը.

3) օրենքով և միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում կասեցնում կամ դադարեցնում է լիցենզիայի գործողությունը.

4) կատարում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի աշխատանքների, օբյեկտների և սարքավորումների անվտանգության գնահատում, կազմակերպում և անցկացնում է փորձաքննություն.

5) կազմակերպում և անցկացնում է հետազոտություններ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի անվտանգության բարձրացման նպատակով.

6) իրականացնում է շահագործող կազմակերպության կողմից ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների շահագործման ժամանակ տեղի ունեցած միջուկային և ճառագայթային միջադեպերի քննության գնահատում, իսկ, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնում է լրացուցիչ քննություն, ստեղծում է խախտումների մասին տվյալների բանկ.

7) վերահսկողություն է իրականացնում լիցենզավորված իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի օրենսդրության և տրված լիցենզիաների պահանջների կատարման նկատմամբ, իրականացնում է լիցենզավորված անձանց համար անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ իրականացնող և ծառայություններ մատուցող առևտրային կազմակերպությունների որակի ապահովման ծրագրերի ստուգումը.

8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կիրառում է վարչական պատասխանատվության միջոցներ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենքների, անվտանգության նորմերի և կանոնների, տրված կարգադրագրերի պահանջների խախտումներ թույլ տված անձանց նկատմամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` խախտումներին վերաբերող նյութերը ներկայացնում է իրավապահ մարմիններին.

9) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառին վերաբերող օրենսդրության պահանջների և տրված լիցենզիաների պայմանների խախտումների հայտնաբերման դեպքում տալիս է լիցենզավորված անձանց կողմից պարտադիր կատարման համար կարգադրագրեր, իսկ մարդկանց առողջությանը կամ շրջակա միջավայրին սպառնացող վտանգի դեպքում` իրականացվող աշխատանքների դադարեցման կարգադրագրեր: Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատանքի անհապաղ դադարեցման լիազորությունը վերապահվում է կոմիտեի նախագահին, նախագահի համապատասխան տեղակալին, ատոմային էլեկտրակայանում կոմիտեի տեսուչին.

10) տարեկան մեկ անգամ Հայաստանի Հանրապետության կառավարություն հաշվետվություն է ներկայացնում ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների միջուկային և ճառագայթային անվտանգության վերաբերյալ.

11) պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին և լրատվության միջոցներին, ըստ անհրաժեշտության, տեղեկատվություն է ներկայացնում միջուկային և ճառագայթային անվտանգության վերաբերյալ.

12) իրավունք ունի պետական մարմիններից ու կազմակերպություններից ստանալու անվտանգության գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվություն.

13) վերահսկում է լիցենզավորված անձանց պատրաստվածությունը հնարավոր վթարային իրավիճակներում.

14) վթարային իրավիճակների դեպքում ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում գնահատում է իրավիճակը և դրա հնարավոր փոփոխությունների կանխատեսումների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների հարցերով լիազորված պետական կառավարման մարմին առաջարկություններ է ներկայացնում անհրաժեշտ պաշտպանական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ.

15) կազմակերպում և համակարգում է «Միջուկային զենքը չտարածելու մասին» պայմանագրի և այդ պայմանագրի հետ կապված` Հայաստանի Հանրապետության այլ պարտավորությունների կատարումը.

16) վերահսկողություն է իրականացնում միջուկային զենքի չտարածման երաշխիքների պահպանման նկատմամբ.

17) իրականացնում է միջուկային նյութերի, իոնացնող ճառագայթման աղբյուրների, ռադիոակտիվ թափոնների պետական գրանցումը և պետական ռեգիստրի վարումը.

18) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության արտաքին հարաբերությունների հարցերով լիազորված պետական կառավարման մարմնի հետ համատեղ վերահսկողություն է իրականացնում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ.

19) համակարգում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեխնիկական համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության ազգային և տարածաշրջանային ծրագրերը.

20) «Միջուկային վթարի մասին օպերատիվ տեղեկացման մասին» կոնվենցիային համապատասխան` իրականացնում է միջուկային վթարի մասին միջազգային օպերատիվ ազդարարում և հանդես է գալիս որպես կապի կենտրոնական մարմին` վթարի դեպքում տեղեկացման հարցերով.

21) համագործակցում է միջազգային կազմակերպությունների և այլ պետությունների կարգավորող մարմինների հետ` անվտանգության և տեղեկատվության փոխանակման հարցերով, կնքում է միջազգային պայմանագրեր.

22) իրականացնում է շրջակա միջավայրի ճառագայթային մշտադիտարկում (մոնիթորինգ) և վերահսկողություն.

23) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության մարմինների հետ համատեղ իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների, միջուկային և ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պաշտպանության պետական կարգավորում.

24) կոմիտեի պետական տեսուչներն անարգել անցկացնում են ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների և իրականացվող աշխատանքների ստուգումներ` կիրառելով անհրաժեշտ չափիչ և գրանցող սարքեր (ներառյալ ձայնագրող և տեսագրող).

25) կոմիտեի պետական տեսուչներն անարգել մուտք են գործում ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ծառայողական և արտադրական տեղամասեր.

26) կարգավորող վերահսկողության աշխատանքներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով կարող են ներգրավվել պետական կառավարման մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և օտարերկրյա մասնագետներ:

 

IV. ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

12. Կոմիտեի կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

13. Հայաստանի Հանրապետության վարչապետը`

1) հաստատում է կոմիտեի կանոնադրությունը, այդ թվում` կառուցվածքը, և կատարում կանոնադրության փոփոխություններ.

2) օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված գործունեության բնագավառին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` սահմանում է կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունները.

3) իրականացնում է կոմիտեի գործունեության վերահսկողությունը.

4) լսում է կոմիտեի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները.

5) վերահսկողություն է իրականացնում կոմիտեին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

6) հաստատում է կոմիտեի տարեկան հաշվեկշիռը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

14. Կոմիտեն ղեկավարում է կոմիտեի նախագահը:

15. Կոմիտեի նախագահը հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

16. Կոմիտեի նախագահը`

1) պատասխանատու է կոմիտեի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

3) իրականացնում է կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների կառավարումը.

4) նշանակում և ազատում է իր խորհրդականին, նրա նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

5) օրենքով կամ կոմիտեի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է կոմիտեի համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

6) հաստատում է հաստիքացուցակը.

7) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.

8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ.

9) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.

10) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալի, գլխավոր քարտուղարի հանձնարարականները.

11) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները, հանձնարարականները.

12) լսում է կառուցվածքային ստորաբաժանումների, կոմիտեի ենթակա կազմակերպությունների և հիմնարկների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

13) սահմանում է կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները` հաստատելով դրանց կանոնադրությունները:

17. Կոմիտեի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է առաջին տեղակալը, իսկ առաջին տեղակալի բացակայության դեպքում` կոմիտեի նախագահի տեղակալը:

18. Կոմիտեի նախագահի տեղակալը`

1) գործում է կոմիտեի նախագահից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը) իրեն հանձնարարված բնագավառներում.

2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներին, կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է կոմիտեի նախագահի հանձնարարականները, ապահովում կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների կողմից կոմիտեի նախագահի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով կոմիտեի նախագահին.

3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում կոմիտեի նախագահին ներկայացնում է առաջարկություններ.

5) իրականացնում է կոմիտեի նախագահի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:

19. Գլխավոր քարտուղարը`

1) առանց լիազորագրի «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում է գործարքներ, իր իրավասությանը վերապահված հարցերով տալիս է լիազորագրեր.

2) օրենքով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կոմիտեին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և աշխատանքից ազատում է կոմիտեի համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ ու նշանակում կարգապահական տույժեր.

4) կոմիտեի նախագահին է ներկայացնում կոմիտեի տարեկան հաշվեկշիռը.

5) կոմիտեի նախագահին է ներկայացնում առաջարկություններ կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.

6) կոմիտեի նախագահին է ներկայացնում աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության հաշվետվությունները և մյուս ստորաբաժանումների` իր իրավասության շրջանակներին վերաբերող տեղեկատվություն, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև հաշվետվություն.

7) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է կոմիտեի նախագահի տեղակալի, այլ պետական մարմինների և կազմակերպությունների հետ.

8) իր համակարգման լիազորությունների շրջանակներում կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներին, ենթակա պետական մարմիններին, կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է կոմիտեի նախագահի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ ու դրանց կատարման նկատմամբ իրականացնում հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով կոմիտեի նախագահին.

9) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է անհատական հրամաններ, տալիս հանձնարարականներ.

10) անհրաժեշտության դեպքում կնքում է կառուցվածքային ստորաբաժանումների պատրաստած, ինչպես նաև իր անունից պատրաստված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

20. Կոմիտեի նախագահի խորհրդականը`

1) առաջարկություններ է նախապատրաստում ու տրամադրում կոմիտեի նախագահին`

ա. ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծման, հրապարակի ընտրման, կառուցման, շահագործման, շահագործման ժամկետի երկարացման, շահագործումից հանման, աշխատած միջուկային վառելիքի և ռադիոակտիվ թափոնների անվտանգության հարցերով,

բ. անվտանգության կարգավորման բնագավառի ռազմավարության վերաբերյալ,

գ. անվտանգության կարգավորման բնագավառի հիմնախնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ,

դ. ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում տեղի ունեցած միջադեպերի քննության, լրացուցիչ քննության արդյունքների վերաբերյալ,

ե. կատարում է կոմիտեի նախագահի կողմից տրվող այլ հանձնարարականներ:

 

V. ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

 

21. Կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`

1) միջուկային անվտանգության վարչություն.

2) ճառագայթային անվտանգության վարչություն.

3) լիցենզավորման բաժին.

4) տեխնիկական բաժին.

5) միջուկային տեղեկատվության և միջազգային համագործակցության բաժին.

6) միջուկային օրենսդրության բաժին.

7) ներքին աուդիտի բաժին:

(7-րդ ենթակետն ուժը կորցրել է 26.11.2019 թիվ 1759-Լ որոշում)

(21-րդ կետը փոփ. 26.11.2019 թիվ 1759-Լ որոշում)

22. Կոմիտեին աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`

1) անձնակազմի կառավարման բաժին.

2) ֆինանսահաշվապահական բաժին.

 

VI. ԿՈՄԻՏԵԻ ԳՈՒՅՔԸ

 

23. Կոմիտեն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

24. Կոմիտեի գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` կոմիտեի տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:

25. Կոմիտեին հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

26. Կոմիտեն տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:

 

VII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

27. Կոմիտեն վարում է հաշվապահական հաշվառում և օրենքով սահմանված կարգով ներկայացնում է հաշվապահական, ֆինանսական, հարկային, վիճակագրական հաշվետվություններ:

28. Կոմիտեի ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման` օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

29. Կոմիտեի ֆինանսական գործառնություններն իրականացվում են գանձապետական համակարգի միջոցով:

30. Կոմիտեի ֆինանսական գործառնությունների իրականացման համար պատասխանատու է գլխավոր քարտուղարը, ով իրականացնում է «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազորությունները:

31. Կոմիտեի կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Գնումների գործընթացը համակարգում է գլխավոր քարտուղարը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.06.2018
N 747-Լ
Որոշում