ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-5-Ո-10
2020 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ո-49 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը.
1. Որոշման 1-ին հավելվածի 2-րդ բաժնի 3-րդ կետից հետո լրացնել 3.1-ին կետ` հետևյալ բովանդակությամբ.
«3.1. Էլեկտրոնային կարգով ստացված վճարման կարգադրությունների` Ծրագրի միջոցով բաշխման ծրագրային լուծումների փորձարկման նպատակով էլեկտրոնային կարգով ստացված վճարման կարգադրությունների բաշխման գործընթացը ժամանակավոր` 2020 թվականի մարտի 12-ից մինչև ապրիլի 13-ը, ներդնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում»:
2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված էլեկտրոնային կարգով ստացված վճարման կարգադրությունների բաշխումն իրականացնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Հովիկ Շահնազարյանի (համաձայնությամբ) և Հայարփի Զարգարյանի (համաձայնությամբ) միջև` այնպես, որ վերջիններիս բաշխված էլեկտրոնային և թղթային կարգով ստացված վճարման կարգադրությունների քանակը չգերազանցի տվյալ օրը տվյալ դատարանի մեկ դատավորին հանձնվող թղթային կարգով ստացված վճարման կարգադրությունների քանակը: Ընդ որում, էլեկտրոնային կարգով ստացված վճարման կարգադրությունները բաշխվում են առաջնահերթ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
2020 թ. փետրվարի 27
Երևան