Սեղմել Esc փակելու համար:
2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՍՏՈՐԱԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀՀ ՈՒ ՎԵ ...

 

 

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 3 մարտի 2020 թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի (զեկուցող), Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վ. Տերտերյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2019 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2019 թվականի դեկտեմբերի 18-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վարկային համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» (այսուհետ` Ծրագիր) վարկային համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) Հայաստանի Հանրապետության (այսուհետ` Վարկառու) և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև (այսուհետ` Բանկ) ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 10-ին:

Ծրագրի նպատակն է ընտրված կենսական նշանակություն ունեցող ճանապարհները բարելավելու միջոցով բարելավել շուկաների և ծառայությունների հասանելիությունը գյուղական համայնքների համար և ուժեղացնել Վարկառուի` ճանապարհների համար պատասխանատու համապատասխան նախարարության կարողությունները` կենսական նշանակություն ունեցող ճանապարհային ցանցը կառավարելու համար: Ծրագիրը ներկայում գործող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» և «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրերի շարունակությունն է: Ընդհանուր առմամբ Ծրագրով նախատեսվում է կենսական նշանակության ճանապարհային ցանցում մոտ 450 կմ երկարությամբ ընտրված ճանապարհների բարելավման աշխատանքների կատարում:

Համաձայնագրով նախատեսվում է, որ Բանկը Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է 13,400,000 (տասներեք միլիոն չորս հարյուր հազար) եվրո գումար` Համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացման համար:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- վճարել միանվագ կոմիսիոն վճար` Վարկի գումարի մեկ տոկոսի մեկ քառորդին (0.25%) հավասար չափով (հոդված II, կետ 2.03),

- վճարել տարեկան կտրվածքով պարտավորության վճար` Վարկի չառհանված մնացորդի մեկ տոկոսի մեկ քառորդին (0.25%) հավասար չափով (հոդված II, կետ 2.04),

- յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին վճարել տոկոսը, որը հավասար է Վարկի կողմնորոշիչ դրույքաչափին` գումարած փոփոխական սփրեդը կամ նման դրույքաչափ, որը կարող է կիրառվել Վարկի գումարի փոխարկման դեպքում` Ընդհանուր պայմանների 3.02(ե) բաժնի համաձայն (հոդված II, կետ 2.05 և 2.06),

- յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին` սկսած 2033 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2044 թվականի մայիսի 15-ը, մարել Վարկի մայր գումարը (ընդ որում, յուրաքանչյուր մարում` սկսած 2033 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2043 թվականի մայիսի 15-ի մուծումը, կազմում է նշված մայր գումարի 4.55%-ը, իսկ 2044 թվականի մայիսի 15-ինը` 4.45%-ը) (հոդված II, կետ 2.07 և Առդիր 3),

- հայտարարել Ծրագրի նպատակների իրականացման ՀՀ հանձնառության մասին և այդ նպատակով Ծրագիրն իրականացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) միջոցով` Ընդհանուր պայմանների V Հոդվածի և Համաձայնագրի 2-րդ առդիրի դրույթների համաձայն (հոդված III, կետեր 3.01),

- մինչև Ծրագրի ավարտը ՏԿԵՆ-ում պահպանել հիմնական աշխատակազմ` Բանկի համար ընդունելի գործառույթներով, փորձով, պարտականություններով և որակավորումներով, որը պատասխանատու կլինի Ծրագրի կառավարման, համակարգման, իրականացման, մշտադիտարկման և գնահատման համար և ի թիվս այլ մասնագետների` կներառի Ծրագրի համակարգող, ֆինանսական կառավարման մասնագետ, գնումների մասնագետ, բնապահպանական և սոցիալական երաշխիքների մասնագետ, ինչպես նաև ճանապարհային ինժեներ, ինչպես սահմանվում է Գործառնական ձեռնարկում (Առդիր 2, Բաժին I, կետ «Ա», ենթակետ 1),

- Ծրագրի` ճանապարհաշինական աշխատանքների նախագծման և շինարարության շրջանակներում թույլ տալ կիրառել Ճանապարհների և մայրուղիների նախագծման և շինարարության համար Ստանդարտացման եվրոպական կոմիտեի կողմից առաջարկվող ստանդարտները (ի լրումն ազգային ստանդարտների) (Առդիր 2, Բաժին I, կետ «Ա», ենթակետ 2),

- Ծրագրի մաս 2 (գ)(vii)-ի իրականացման նպատակով, ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 1 ամիս հետո, ՏԿԵՆ-ի միջոցով համաձայնագիր («Համագործակցության համաձայնագիր») կնքել Ճանապարհային ոստիկանության հետ` Բանկի համար ընդունելի պայմաններով և, բացառությամբ այն դեպքերի, երբ Վարկառուն և Բանկը այլ գրավոր համաձայնություն են ձեռք բերում, մյուս դեպքերում չեղյալ չճանաչել, չփոփոխել, չկասեցնել, չհրաժարվել կամ մեկ այլ կերպ չձախողել Համագործակցության համաձայնագրի կամ վերջինիս դրույթներից որևէ մեկի կատարումը (Առդիր 2, Բաժին I, կետ «Ա», ենթակետ 3),

- թարմացնել և հաստատել Բանկի համար ընդունելի Գործառնական ձեռնարկը, որը կներառի Առդիր 2, Բաժին I, կետ «Բ», ենթակետ 1, «ա» մասով սահմանված տեղեկատվությունը, ինչպես նաև Ծրագիրն իրականացնել Գործառնական ձեռնարկի համաձայն (Առդիր 2, Բաժին I, կետ «Բ», ենթակետ 1),

- բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետությունը և Բանկը գրավոր այլ համաձայնություն են ձեռք բերում, չեղյալ չճանաչել, չփոփոխել, չկասեցնել, չհրաժարվել կամ այլ կերպով չձախողել Գործառնական ձեռնարկի կամ վերջինիս դրույթների կատարումը (Առդիր 2, Բաժին I, կետ «Բ», ենթակետ 2),

- եթե որոշակի ճանապարհային հատվածների համար նախատեսվի տարաբնակեցում, ապա իրականացնել տարաբնակեցման գործողությունների համապատասխան ծրագիրը կամ սեղմ ծրագիրը, ըստ անհրաժեշտության, Բանկի համար ընդունելի պայմանների և կարգի համաձայն` ապահովելով, որ կոնկրետ ճանապարհային հատվածում շինարարական աշխատանքներ չսկսվեն, եթե Բանկի կողմից նախապատրաստված և հաստատված ու Վարկառուի կողմից իրականացված չէ համապատասխան ճանապարհային հատվածի համար տարաբնակեցման գործողությունների համապատասխան ծրագիրը կամ սեղմ ծրագիրը (Առդիր 2, Բաժին I, կետ «Գ», ենթակետ 1, մաս «բ»),

- ՏԿԵՆ միջոցով ապահովել, որ Ծրագրի շրջանակներում պահանջվող ցանկացած խորհրդատվության տեխնիկական առաջադրանքը Բանկի կողմից ուսումնասիրվելուց հետո ընդունելի լինի վերջինիս համար, և այդ նպատակով, նման տեխնիկական առաջադրանքը հավուր պատշաճի ներառի Բանկի երաշխիքների քաղաքականությունը, որոնք կիրառվում են նման տեխնիկական աջակցության միջոցով տրամադրվող խորհրդատվության մասով, այդ թվում` նաև Բանկի երաշխիքների քաղաքականության համաձայն` բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատումների մասին հանրության իրազեկման և խորհրդակցության իմաստով (Առդիր 2, Բաժին I, կետ «Գ», ենթակետ 2),

- ՏԿԵՆ-ի միջոցով Բանկին ներկայացնել Ծրագրի հաշվետվությունը օրացուցային յուրաքանչյուր կիսամյակի ավարտից ոչ ուշ, քան 45 օր հետո, որը կընդգրկի տվյալ օրացուցային կիսամյակը (Առդիր 2, Բաժին II, կետ «Ա»),

- Վարկային հաշվից որևէ առհանում չկատարել այն վճարումների համար, որոնք կատարվել են մինչև Համաձայնագրի կնքման ամսաթիվը, բացառությամբ մինչև 2.700.000 եվրոն չգերազանցող համախառն գումարով առհանումները, որոնք կարող են կատարվել այն վճարումների համար, որոնք կատարվել են մինչ վերոհիշյալ ամսաթիվը, սակայն 2019թ. ապրիլի 3-ին կամ դրանից հետո կատարված թույլատրելի ծախսերի համար (Առդիր 2, Բաժին III, կետ «Բ», ենթակետ 1, մաս «ա»),

- ապահովել, որ մինչ Ծրագրի ավարտը Ծրագրի շրջանակներում կենսական նշանակություն ունեցող ճանապարհային ցանցի հիմնանորոգված ճանապարհային հատվածների պահպանության համար հատկացվեն և հասանելի լինեն բավարար բյուջետային միջոցներ (Առդիր 2, Բաժին IV, կետ «Ա»):

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2019 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

3 մարտի 2020 թվականի

ՍԴՈ-1511

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 06 մարտի 2020 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
03.03.2020
N ՍԴՈ-1511
Որոշում