Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻ ...

 

 

040.0520.110601

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«11» հունիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունիսի 2001 թվականի N 520

 

i

«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 123-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամ:

2. Հաստատել «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի կանոնադրությունը (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 11-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թ.

հունիսի 11-ի N 520 որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամը (այսուհետև` հիմնադրամ) հիմնադրամի գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է սոցիալական, բարեգործական և մշակութային նպատակներ:

2. Հիմնադրամն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի պահանջներին համապատասխան և գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենսդրության, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

3. Հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը:

4. Հիմնադրամը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում և օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

5. Հիմնադրամի անվանումն է`

հայերեն` «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամ,

ռուսերեն` Ֆօնդ «Օբշեառմյանսկիյ մօլօդյոժնիյ մեժդունառօդնիյ ցենտռ»,

անգլերեն` Foundation «Panarmenian Youth International center»:

6. Հիմնադրամի գտնվելու վայրն է` քաղ. Երևան, Թումանյան 5:

 

II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

7. Հիմնադրամի գործունեության նպատակներն են`

ա) Հայաստանի Հանրապետության, Արցախի և սփյուռքի երիտասարդների, երիտասարդական միավորումների միջև հոգևոր-մշակութային, գիտակրթական, սոցիալ-տնտեսական, հասարակական և այլ կապերի հաստատումն ու զարգացումը.

բ) սփյուռքահայ համայնքներում համապատասխանության գործընթացներին, ազգային արժեքների և ավանդույթների վերածննդին նպաստելը.

գ) միջազգային երիտասարդական ծրագրերի իրականացմանը և այլ միջազգային միջոցառումներին մասնակցությունը.

դ) տարածաշրջանային միջազգային երիտասարդական կենտրոնի ստեղծումը.

ե) գիտական սեմինարների, համաժողովների ու հանդիպումների անցկացումը, երիտասարդական խմբերի միջև հանդիպումների կազմակերպումը.

զ) հրատարակչական, քարոզչական և տեղեկատվական գործունեության իրականացումը.

է) օրենքով նախատեսված այլ գործունեության իրականացումը:

 

III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

8. Հիմնադրամի իրավունակությունը ծագում է դրա պետական գրանցման պահից և դադարում լուծարման ավարտի պահից:

9. Հիմնադրամն իրավաբանական անձի կարգավիճակ է ձեռք բերում հիմնադրամի պետական գրանցման պահից:

10. Հիմնադրամն ունի իրավաբանական անձի համար սահմանված բոլոր իրավունքները և կրում է համապատասխան պարտականություններ:

11. Հիմնադրամը`

ա) ունի առանձնացված գույք, որպես սեփականություն, և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով.

բ) կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ.

գ) դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող.

դ) ունի ինքնուրույն հաշվեկշիռ.

ե) ունի կլոր կնիք, դրոշմակնիք, հաշվարկային և այլ հաշիվներ` Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների բանկերում` թե՛ Հայաստանի Հանրապետության արժույթով, թե՛ արտարժույթով.

զ) կարող է ունենալ խորհրդանիշ, ապրանքային և ֆիրմային անվանում:

12. Հիմնադրամի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և օրենքով սահմանված կարգով:

13. Հիմնադրամը կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն այն դեպքերում, երբ դա ծառայում է սույն կանոնադրությամբ սահմանված նպատակների իրականացմանը և համապատասխանում այդ նպատակներին:

Հիմնադրամն իրավունք ունի ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու դրանց մասնակիցը:

14. Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում պետության պարտավորությունների, ինչպես պետությունը` հիմնադրամի պարտավորությունների համար:

15. Հիմնադրամն իր պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով:

16. Հիմնադրամն իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար կարող է ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ` մասնաճյուղեր և ներկայացուցչություններ:

 

IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

17. Հիմնադրամի կառավարման մարմիններն են հոգաբարձուների խորհուրդը և գործադիր տնօրենը:

18. Հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինը հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետև` խորհուրդ), որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ղեկավարում է հիմնադրամի գործունեությունը:

19. Խորհրդի նիստերը հրավիրվում են առնվազն տարեկան մեկ անգամ` խորհրդի նախագահի կողմից, որը սահմանում է նաև նիստերի անցկացման ժամկետները:

20. Խորհրդի արտահերթ նիստ հրավիրվում է նրա նախագահի կողմից, իր նախաձեռնությամբ, խորհրդի անդամների մեկ երրորդի կամ գործադիր տնօրենի պահանջով:

Եթե 10 օրվա ընթացքում չի բավարարվում արտահերթ նիստի հրավիրման պահանջը, ապա նախաձեռնողները կարող են իրենք հրավիրել արտահերթ նիստ:

i

21. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է, որի որոշմամբ սահմանվում է խորհրդի առաջին անհատական կազմը:

22. Խորհրդի բացառիկ իրավասության հարցերն են`

ա) հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը.

բ) հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունների որոշումը.

գ) հիմնադրամի գործադիր տնօրենին պաշտոնի նշանակելը և պաշտոնից ազատելը.

դ) հիմնադրամի տարեկան բյուջեի ու ծրագրի հաստատումը.

ե) հոգաբարձուների խորհրդի նոր անդամներ նշանակելը և ազատելը (բացառությամբ խորհրդի առաջին անհատական կազմի).

զ) հիմնադրամի գույքի օգտագործման մասին տարեկան հաշվետվության հաստատումը և հրապարակումը.

է) հիմնադրամի հաշվետվությունների վերստուգման համար անկախ աուդիտորներ ընտրելու նպատակով անցկացվող մրցույթի արդյունքների հաստատումը.

ը) առանձին ծրագրերի ֆինանսավորման հաստատումը.

թ) հիմնադրամի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ստեղծումը, վերակազմակերպումը, լուծարումը, ինչպես նաև դրանց կանոնադրությունների հաստատումը.

ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացումը:

23. Խորհուրդը վերահսկողություն է իրականացնում հիմնադրամի գույքի նպատակային օգտագործման, ինչպես նաև հիմնադրամի գործադիր տնօրենի գործունեության նկատմամբ:

24. Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի բոլոր անդամների ձայների երկու երրորդով:

25. Խորհրդի նիստը կարող է հարցեր քննարկել և որոշումներ ընդունել, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների երկու երրորդից ավելին:

Առանձին դեպքերում խորհրդի որոշումները կարող են ընդունվել հարցման միջոցով:

26. Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է իր կողմից հաստատված կանոնակարգի համաձայն:

27. Խորհրդի նիստերում նրա յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:

28. Հիմնադրամի խորհրդի անդամներն են`

ա) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը.

բ) Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ներկայացուցիչը.

գ) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչը.

դ) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալը.

ե) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը.

զ) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացուցիչը.

է) «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչը.

ը) Սփյուռքի հետ կապերի գործադիր քարտուղարության ներկայացուցիչը.

թ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երկու պատգամավոր (համաձայնությամբ).

ժ) հասարակական և այլ կազմակերպությունների երկու ներկայացուցիչ:

29. Խորհրդի անդամն իրավունք ունի`

ա) հետևելու հիմնադրամի գույքի պահպանմանը, ինչպես նաև այլ գործունեության իրականացմանը, ստուգելու հիմնադրամի փաստաթղթերը, այդ թվում` հաշվեկշիռը.

բ) պահանջելու տեղեկություններ հիմնադրամի գործադիր տնօրենի կողմից հիմնադրամի միջոցների օգտագործման մասին.

գ) հիմնադրամի գործադիր տնօրենից ու այլ աշխատողներից պահանջելու ցանկացած տվյալ և հաշվետվություն.

դ) հիմնադրամի աշխատանքները բարելավելու նպատակով դրա կառավարման մարմիններ ներկայացնելու առաջարկություններ.

ե) ստանալու սպառիչ տեղեկատվություն հիմնադրամի գործունեության մասին.

զ) դուրս գալու խորհրդի անդամությունից:

30. Խորհրդի անդամը պարտավոր է`

ա) հոգալ հիմնադրամի հեղինակության բարձրացման մասին.

բ) աջակցել հիմնադրամի ներդրումների համալրմանը.

գ) չխախտել խորհրդի կանոնակարգի պահանջները:

31. Խորհրդի անդամը կարող է ունենալ օրենքով, խորհրդի կանոնակարգով սահմանված այլ իրավունքներ և պարտականություններ:

32. Հիմնադրամի գործադիր մարմինը գործադիր տնօրենն է, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է խորհրդի կողմից, վարում է հիմնադրամի ընթացիկ գործերը և հաշվետու է խորհրդին:

33. Գործադիր տնօրենը`

ա) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի գործում է հիմնադրամի անունից.

բ) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

գ) տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում` ֆինանսական ռեսուրսները.

դ) կնքում է պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային).

ե) բանկերում բացում է հաշվարկային և այլ հաշիվներ.

գ) հաստատում է հաստիքները.

է) կատարում է աշխատանքի բաշխումը աշխատողների միջև.

ը) տալիս է լիազորագրեր.

թ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և սույն կանոնադրությունից բխող այլ լիազորություններ:

 

V. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

34. Հիմնադրամի գույքը հիմնադրամի սեփականությունն է:

35. Հիմնադրամի սեփականության իրավունքի օբյեկտներն են`

ա) գույքը` ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները.

բ) աշխատանքները և ծառայությունները.

գ) տեղեկատվությունը.

դ) մտավոր գործունեության արդյունքները` ներառյալ դրանց նկատմամբ բացառիկ իրավունքները (մտավոր սեփականությունը).

ե) ոչ նյութական բարիքները.

զ) գույքային իրավունքները, այդ թվում` գրավի իրավունքը, գույքի օգտագործման իրավունքը և սերվիտուտները:

36. Հիմնադրամի միջոցների գոյացման աղբյուրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ֆինանսական և նյութական ներդրումները.

բ) քաղաքացիների և կազմակերպությունների բարեգործական նվիրատվությունները.

գ) տեղական և օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսական ու նյութական ներդրումները և նվիրատվությունները.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:

37. Հիմնադրամի յուրաքանչյուր մասնակից իր մուծումների չափին համապատասխան ստանում է վկայական: Հիմնադրամի կազմավորման և միջոցների հավաքագրման գործին մեծ նպաստ բերողներին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից կարող են շնորհվել խորհրդի սահմանած պատվավոր կոչումներ:

38. Հիմնադրամը պարտավոր է ամեն տարի հրապարակել հաշվետվություն իր սեփականությունը հանդիսացող գույքի օգտագործման մասին:

 

VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

39. Հիմնադրամի գործունեության ստուգումները կատարվում են անկախ աուդիտորների կողմից` առնվազն տարեկան մեկ անգամ:

40. Հիմնադրամի խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով կարող է անցկացվել արտահերթ աուդիտորական ստուգում:

41. Աուդիտորներն ընտրվում են մրցութային կարգով և հաստատվում խորհրդի կողմից:

 

VII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

42. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություններ:

43. Հիմնադրամի հաշվապահական հաշվառումը կազմակերպվում և վարվում է, հաշվապահական հաշվետվությունը կազմվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

VIII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

44. Հիմնադրամի վերակազմակերպումը (միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) կատարվում է օրենքով նախատեսված դեպքերում և կարգով, խորհրդի որոշմամբ կամ դատական կարգով:

45. Հիմնադրամի լուծարման դեպքում դրա գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացմանը, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.06.2001
N 520
Որոշում