Սեղմել Esc փակելու համար:
ԻՐԱՎԱՍՈՒ՞ ԷՐ ԱՐԴՅՈՔ ԴԱՏԱԽԱԶԸ ԲՈՂՈՔԱՐԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՐԱՎԱՍՈՒ՞ ԷՐ ԱՐԴՅՈՔ ԴԱՏԱԽԱԶԸ ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ՀՀ ՏԱՐԱԾ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                  ԱՐԱԴ/0014/06/18

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԱՐԱԴ/0014/06/18

Նախագահող դատավոր` Ա. Նիկողոսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև

Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ` դատավորներ Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ`          Մ. Ավագյանի

                   մասնակցությամբ`

                   դատախազ                    Դ. Մելքոնյանի

 

2019 թվականի ապրիլի 11-ին ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հուլիսի 12-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2018 թվականի հունիսի 19-ին ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնից Արագածոտնի մարզի դատախազություն ստացվել են նյութեր այն մասին, որ 2018 թվականի հունիսի 18-ին` ժամը 20:35-ին, հիշյալ բաժին ինքնակամ ներկայացել է ՌԴ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար հետախուզման մեջ գտնվող Բորիս Արմենի Ավագյանը (Ավակյանը), ով նույն օրը` ժամը 21:20-ին, ձերբակալվել է:

ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյից 2018 թվականի հունիսի 19-ին ստացվել է Բ.Ավագյանին կալանավորելու վերաբերյալ Ինտերպոլի հաղորդակցման ուղիներով ստացված միջնորդությունը, ըստ որի` Մոսկվա քաղաքի Բասմանի շրջանային դատարանի` 2017 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ Բ.Ավագյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով:

2. Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի հունիսի 21-ի որոշմամբ Բ.Ավագյանի նկատմամբ ժամանակավոր կալանավորում կիրառելու վերաբերյալ Երևան քաղաքի դատախազության դատախազ Վ.Ղազարյանի միջնորդությունը մերժվել է:

3. Երևան քաղաքի դատախազության դատախազ Վ.Ղազարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2018 թվականի հուլիսի 12-ի որոշմամբ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հունիսի 21-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հուլիսի 12-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 30-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն` «(...) Դատարանը նկատի ունենալով, որ Բ.Ավագյանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, մեղադրվում է միջին ծանրության հանցանք կատարելու համար, գտնում է, որ նրա նկատմամբ չի կարող կիրառվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 478.2-րդ հոդվածով նախատեսված կարճաժամկետ կալանավորում` այն պատճառաբանությամբ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 478.2-րդ հոդվածի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ծանր և առանձնապես ծանր հանցագործություն կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա` քրեական գործով վարույթը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու նպատակով»(1):

____________________

1) Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 82-83:

 

6. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանում Դատախազի միջնորդության քննության ժամանակ առկա չեն եղել հանձնելու վերաբերյալ միջնորդությունը ստանալու և հանձնումը բացառող հանգամանքները պարզելու նպատակով Բորիս Արմենի Ավագյանի նկատմամբ ժամանակավոր կալանավորում կիրառելու բոլոր իրավաչափության պայմանները, որպիսի պայմաններում Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն մերժել է Դատախազի միջնորդությունը և Բորիս Արմենի Ավագյանի նկատմամբ չի կիրառել ժամանակավոր կալանավորում` թույլ չտալով դատական սխալ, այդ թվում նաև` քրեադատավարական օրենքի այնպիսի խախտում, որը կարող էր ազդեցություն ունենալ գործի ելքի վրա և գործով կայացրել է ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ»(2):

____________________

2) Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 25-32:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոքի հեղինակի պնդմամբ` սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 478.2-րդ հոդվածի և 478.3-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթների վերաբերյալ արտահայտված իրավական մեկնաբանությունները հակասում են այլ գործերով ստորադաս դատարանների օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում առկա մեկնաբանություններին:

8. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի հետևություններն այն մասին, որ Բ.Ավագյանին մեղսագրվող ենթադրյալ հանցագործության առնչությամբ անհրաժեշտ է ղեկավարվել ՌԴ քրեական օրենսգրքի իրավակարգավորումներով, այդ թվում նաև` հանցագործության ծանրության աստիճանի որոշման վերաբերյալ, անհիմն են:

Բողոքի հեղինակի կարծիքով Վերաքննիչ դատարանը հիմնվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 488-րդ հոդվածի դրույթների վրա, մինչդեռ այդ հոդվածը ներառված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54.1-րդ` «Քրեական գործերով իրավական օգնությունը միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում» գլխում, հետևաբար տվյալ իրավանորմի դրույթները «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թվականի հունվարի 22-ի Մինսկի կոնվենցիայի անդամ-պետությունների, տվյալ դեպքում` ՀՀ-ի և ՌԴ-ի միջև իրավահարաբերություններում կիրառելի չեն:

9. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հուլիսի 12-ի որոշումը` Բ.Ավագյանի նկատմամբ կիրառելով ժամանակավոր կալանավորում` 40 օր ժամկետով, կամ գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավասու՞ էր արդյոք դատախազը բողոքարկելու ՀՀ տարածքից դուրս հանցագործություն կատարած և ՀՀ տարածքում ձերբակալված անձի նկատմամբ ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին դատախազի միջնորդությունը մերժելու վերաբերյալ դատարանի որոշումը:

11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 478.2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Միջնորդությունը քննարկելիս դատարանը, լսելով դատախազին, ձերբակալված անձին և նրա պաշտպանին, ուսումնասիրելով ներկայացված նյութերը, որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու և ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին կամ միջնորդությունը մերժելու մասին: Ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով»:

12. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ և 478.2-րդ հոդվածների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՀՀ սահմանադրական դատարանը 2019 թվականի փետրվարի 19-ի թիվ ՍԴՈ-1446 որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 478.2-րդ հոդվածի 4-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:

ՀՀ սահմանադրական դատարանը վերոգրյալ որոշմամբ արձանագրել է, որ «(...) Սահմանադրության 176-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում` օրենքի հիման վրա: Նույն հոդվածի 2-րդ մասում սպառիչ թվարկված են դատախազության լիազորությունները: Դատախազությունը դրանք կարող է իրականացնել օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Սույն գործով քննարկվող հարցն առնչվում է միայն դատարանի որոշումները բողոքարկելու դատախազության լիազորությանը:

Դատախազությունը դատական ակտերը կարող է բողոքարկել միայն օրենքով սահմանված դեպքերում և, եթե օրենքով տվյալ որոշման բողոքարկումը նախատեսված չէ, դեռևս չի նշանակում, որ դատախազությունը զրկվում է իր սահմանադրական լիազորությունն իրացնելու հնարավորությունից:

Օրենսգրքի վերաբերելի դրույթների վերլուծությունից հետևում է, որ քրեական դատավարության ընթացքում առաջին ատյանի դատարանի կողմից կայացվող դատական ակտերը երկու խմբի են բաժանվում` գործն ըստ էության լուծող դատական ակտեր և գործն ըստ էության չլուծող կամ միջանկյալ դատական ակտեր: Եթե վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են առաջին խմբի` օրինական ուժի մեջ չմտած, գրեթե բոլոր ակտերը, ապա գործն ըստ էության չլուծող ոչ բոլոր դատական ակտերն են բողոքարկման ենթակա, և ժամանակավոր կալանավորում կիրառելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը դասվում է դրանց թվին:

(...)

Դիմողի պնդումն առ այն, որ` ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորություն չնախատեսելու պայմաններում «մասնավոր շահը չարդարացված կերպով գերակայում է հանրային շահի նկատմամբ` այդպիսով խախտելով սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը», հիմնավորված չէ, քանի որ, նախ` այն չի կարող բողոքարկել նաև անձը, որի նկատմամբ հարուցվել է միջնորդությունը, մինչդեռ, հնարավոր է, որ այդ որոշման պատճառաբանական մասը չհամապատասխանի նրա շահերին, և, երկրորդ` շահերի հավասարակշռությունն ապահովում է դատարանը, որը, ինչպես ամրագրված է Օրենսգրքի 23-րդ հոդվածում, հանդես չի գալիս մեղադրանքի կամ պաշտպանության կողմում և արտահայտում է միայն իրավունքի շահերը»(3):

____________________

3) Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 2019 թվականի փետրվարի 19-ի թիվ ՍԴՈ-1446 որոշման 4.2-4.3-րդ կետերը:

 

13. Վճռաբեկ դատարանի համոզմամբ այն դիրքորոշումը, որ վիճարկվող դատական ակտը չի կարող բողոքարկել նաև անձը, որի նկատմամբ հարուցվել է միջնորդությունը, անգամ այն դեպքում, երբ այդ որոշման պատճառաբանական մասը չհամապատասխանի նրա շահերին, խնդրահարույց է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի տեսանկյունից(4): Այդ համատեքստում Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ նույնիսկ դատավարության մասնակից չհանդիսացող անձը, երբ դատական ակտով խախտվում են նրա իրավունքներն ու օրինական շահերը կամ այդ ակտն առնչվում է նրա իրավունքներին և օրինական շահերին, իրավունք ունի վերադասության կարգով բողոքարկել դատական ակտը` իր իրավունքների պաշտպանության կամ խախտված իրավունքները վերականգնելու համար, իսկ դատարանները պարտավոր են քննության առնել նրանց բողոքները(5):

____________________

4) Տե՛ս mutatis mutandis ՀՀ սահմանադրական դատարանի` 2012 թվականի հուլիսի 18-ի թիվ ՍԴՈ-1037 որոշման 8-րդ կետը:

5) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Մարատ և Կարեն Սարգսյանների գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0282/01/09 որոշման 22-23-րդ կետերը, Լևոն և Ռուբիկ Թարվերդյանների գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԱՎԴ2/0007/01/12 որոշման 15-րդ կետը:

 

Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից սակայն երևում է, որ տվյալ դեպքը վերաբերում է ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու դատախազի իրավունքին: Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանը մերժել է Բ.Ավագյանի նկատմամբ ժամանակավոր կալանավորում կիրառելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը(6), իսկ դատախազ Վ.Ղազարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը մերժել է բողոքը` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը(7):

____________________

6) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

7) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

14. Սույն որոշման 11-րդ կետում վկայակոչված քրեադատավարական նորմի, ինչպես նաև սույն որոշման 12-րդ կետում մեջբերված ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշման լույսի ներքո գնահատելով սույն որոշման 13-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատախազն իրավասու չէ վերաքննության կարգով բողոքարկելու ժամանակավոր կալանավորում կիրառելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը մերժելու մասին որոշումը, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով խնդրո առարկա որոշման բողոքարկման հնարավորություն նախատեսված չէ:

15. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժամանակավոր կալանավորում կիրառելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը մերժելու մասին որոշումը վերաքննության կարգով չի կարող բողոքարկվել դատախազի կողմից` Վճռաբեկ դատարանը հնարավորություն չունի անդրադառնալու բողոքաբերի` սույն որոշման 7-8-րդ կետերում նշված փաստարկներին և գտնում է, որ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Բորիս Արմենի Ավագյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հուլիսի 12-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
11.04.2019
N ԱՐԱԴ/0014/06/18
Որոշում