Սեղմել Esc փակելու համար:
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՏԵՍԱԼՍՈՂԱԿ ...

 

 

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՊԵԿԻՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 31 մարտի 2020 թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ն. Մարգարյանի,

i

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2012 թվականի հունիսի 24-ին ստորագրված` «Տեսալսողական կատարումների մասին» Պեկինի պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2020 թվականի հունվարի 24-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Տեսալսողական կատարումների մասին» պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) ընդունվել է 2012 թվականի հունիսի 24-ին Պեկինում` տեսալսողական կատարումների նկատմամբ կատարողների իրավունքները հնարավորինս արդյունավետ և միասնականորեն զարգացնելու և պահպանելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, Պայմանագրով ստանձնում է մի շարք պարտավորություններ, որոնցից, մասնավորապես, նշում ենք հետևյալները.

- Պայմանագրով նախատեսված պահպանություն տրամադրել այլ Պայմանավորվող կողմերի քաղաքացիներ հանդիսացող, ինչպես նաև Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի չհանդիսացող, սակայն Պայմանավորվող կողմերից որևէ մեկում մշտապես բնակվող կատարողներին (Հոդված 3),

- մյուս Պայմանավորվող կողմերի քաղաքացիներին տրամադրել այնպիսի ռեժիմ, որը տրամադրում է ՀՀ քաղաքացիներին Պայմանագրով հատուկ տրամադրված բացառիկ իրավունքների և Պայմանագրի 11-րդ հոդվածով նախատեսված արդարացի վարձատրության իրավունքի նկատմամբ (Հոդված 4, կետ 1),

- սահմանել Պայմանագրով նախատեսված իրավունքների սահմանափակումներ և բացառություններ որոշ հատուկ դեպքերի համար, որոնք չեն հակասում կատարման բնականոն օգտագործմանը և անհիմն կերպով չեն վնասում կատարողի օրինական շահերը (Հոդված 13, կետ 2),

- ապահովել, որ Պայմանագրով կատարողներին տրամադրվող պահպանության ժամկետը գործի առնվազն մինչև 50 տարին լրանալը, որը հաշվարկվում է այն տարվա վերջից, երբ կատարումն ամրագրվել է (Հոդված 14),

- տրամադրել համարժեք իրավական պահպանություն և արդյունավետ իրավական պաշտպանության միջոցներ այն արդյունավետ տեխնոլոգիական միջոցները շրջանցելու դեմ, որոնք օգտագործվում են կատարողների կողմից` Պայմանագրով իրենց իրավունքներն իրականացնելու համար, և որոնք սահմանափակում են իրենց կատարումների նկատմամբ կատարողների կողմից չթույլատրված կամ օրենքով արգելված գործողությունները (Հոդված 15),

- որպես Պայմանավորվող կողմ` ապահովել համարժեք և արդյունավետ իրավական պաշտպանության միջոցներ ցանկացած անձի դեմ, որը գիտակցաբար կատարում է հետևյալ գործողություններից որևէ մեկը` իմանալով կամ, քաղաքացիաիրավական պաշտպանության միջոցների առումով, բավարար հիմքեր ունենալով իմանալու, որ այդպիսի գործողությունը կառաջացնի, կնպաստի, կօգնի կամ կթաքցնի Պայմանագրով սահմանված որևէ իրավունքի խախտում.

ա) առանց թույլտվության հեռացնել կամ փոփոխել իրավունքների կառավարման վերաբերյալ որևէ էլեկտրոնային տեղեկատվություն,

բ) առանց թույլտվության տարածել, տարածման նպատակով ներմուծել, հեռարձակել, հաղորդել կամ մատչելի դարձնել հանրությանը տեսալսողական ամրագրումներում ամրագրված կատարումները կամ դրանց կրկնօրինակները` իմանալով, որ իրավունքների կառավարման վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվությունը հեռացվել կամ փոփոխվել է առանց թույլտվության (Հոդված 16, կետ 1),

- որպես Պայմանավորվող կողմ Պայմանագրով պահպանություն տրամադրել այն ամրագրված կատարումներին, որոնք գոյություն ունեն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահին, և բոլոր այն կատարումներին, որոնք տեղի են ունենում հայկական կողմի համար Պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո (Հոդված 19, կետ 1),

- համաձայն ՀՀ իրավական համակարգի` ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` ապահովելու համար Պայմանագրի կիրարկումը (Հոդված 20, կետ 1),

- ապահովել, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսվեն կիրարկման այնպիսի ընթացակարգեր, որոնք թույլ կտան կատարել արդյունավետ գործողություններ Պայմանագրով տրամադրվող իրավունքների ցանկացած խախտման դեմ, ներառյալ խախտումները կանխելուն ուղղված անհապաղ միջոցները և հետագա խախտումները բացառելուն ուղղված միջոցները (Հոդված 20, կետ 2),

- որպես Պայմանավորվող կողմ` հոգալ Ասամբլեայում Հայաստանի Հանրապետության կողմից նշանակված պատվիրակության ծախսը (Հոդված 21, կետ 1) գ):

 

i

3. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Պայմանագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված` միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված` արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

i

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2012 թվականի հունիսի 24-ին ստորագրված «Տեսալսողական կատարումների մասին» Պեկինի պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

31 մարտի 2020 թվականի

ՍԴՈ-1520

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 1 ապրիլի 2020 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
31.03.2020
N ՍԴՈ-1520
Որոշում