Սեղմել Esc փակելու համար:
{16.04.2020 - 20.04.2024} «ԱՐՓԻ ԼԻՃ» ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{16.04.2020 - 20.04.2024} «ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.04.2020  -ից մինչեւ   20.04.2024  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.0405.230409

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 ապրիլի 2009 թվականի N 405-Ն

 

i

«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «զ» կետերի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» և «գ» կետերի և 3-րդ մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Եղնախաղի լեռնաշղթայի արևելյան և Ջավախքի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջերի ու դրանց միջև ընկած մարգագետնատափաստանային, մերձալպյան մարգագետնային և խոնավ տարածքների էկոհամակարգերի, այդ թվում` Արփի և Արդենիս լճերի ու Ախուրյան գետի վերին հոսանքի ձախակողմյան վտակների ավազանների, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության հուշարձանների և դրանց բաղադրիչների պահպանությունը, բնականոն զարգացումը, վերարտադրությունն ու կայուն օգտագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում ստեղծել «Արփի լիճ» ազգային պարկ:

2. Հիմնադրման միջոցով ստեղծել «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

3. Սահմանել, որ`

i

1) «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունն է.

2) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանն են վերապահվում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները.

3) «Հարավային Կովկասի էկոտարածաշրջանային բնապահպանական ծրագիր. Հայաստանի Ջավախքի (Աշոցքի) շրջանում պահպանվող տարածքների ստեղծում» N BMZ 2003 65 411 ծրագրի շրջանակներում ձեռք բերված կամ կառուցված` մինչև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկի արժողությամբ գույքը, բացառությամբ հողի, շենքերի, շինությունների և պատմամշակութային նշանակության գույքի, «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը կարող է հանձնվել սեփականության իրավունքով, իսկ նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը, շենքերը, շինությունները և պատմամշակութային նշանակության գույքը, ինչպես նաև համապատասխան հողատարածքը` ըստ անտառաշինական և հողաշինարարական նախագծերի, նշված կազմակերպությանը տրվում են անհատույց օգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով.

4) «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը «Արփի լիճ» ազգային պարկի տարածքի էկոհամակարգերի, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, հաշվառման, գույքագրման, մոնիթորինգի, ինչպես նաև պարկի բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումն է.

5) «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության 2009 թվականի պահպանման ծախսերը, ինչպես նաև «Արփի լիճ» ազգային պարկի անտառաշինական և հողաշինարարական քարտեզների հիման վրա քարտեզագրումը, գոտևորման սխեմայի կազմումը, պարկի ու դրա պահպանական գոտու սահմանների ճշտումն իրականացվելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից Վերակառուցման և զարգացման բանկի միջոցով տրամադրված ֆինանսական միջոցների հաշվին` համաձայն 2005 թվականի ապրիլի 18-ին Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև ստորագրված` սույն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված ծրագրի ֆինանսավորման պայմանագրի հատուկ համաձայնագրի:

(3-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն, 09.04.2020 թիվ 521-Ն, 18.04.2024 թիվ 566-Ն որոշումներ)

4. Թույլատրել «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) կենսառեսուրսների, այդ թվում` բույսերի ու կենդանիների տեսակների, անտառային ռեսուրսների վերարտադրություն, օգտագործում և իրացում.

2) ճանաչողական զբոսաշրջության կազմակերպում.

3) կողմնակի անտառօգտագործում (խոտհունձ, անասունների արածեցում, փեթակների և մեղվանոցների տեղադրում, վայրի պտղի, ընկույզի, սնկի, հատապտղի, դեղաբույսերի ու տեխնիկական հումքի հավաքում) և դրա արդյունքում մթերված կենսապաշարների վերամշակում ու իրացում.

4) գյուղատնտեսական մթերքների արտադրություն, վերամշակում և իրացում.

5) հանգստի և ճանաչողական զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների մատուցում.

6) «Արփի լիճ» ազգային պարկին վերաբերող գովազդի կազմակերպում.

7) գիտական, գիտաճանաչողական գրականության և տեղեկատվական նյութերի պատրաստում ու հրատարակում:

5. Հաստատել`

i

1) «Արփի լիճ» ազգային պարկի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի:

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 09.04.2020 թիվ 521-Ն որոշում)

(5-րդ կետը փոփ. 09.04.2020 թիվ 521-Ն որոշում)

6. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել`

ա. «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը,

բ. «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնի զբաղեցման համար մրցույթի անցկացումը և դրա արդյունքների հիման վրա տնօրենի նշանակումը.

2) 2010 թվականի ընթացքում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 3-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված ֆինանսավորման շրջանակներում իրականացված «Արփի լիճ» ազգային պարկի սահմանների նկարագիրը և դրա պահպանական գոտու տարածքի քարտեզը, գոտևորման սխեման Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը և դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո` հողամասերի ու ամրացված այլ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրը փոփ. 09.04.2020 թիվ 521-Ն որոշում)

(նախաբանը փոփ. 18.04.2024 թիվ 566-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2009 թվականի ապրիլի 16-ի

N 405-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Արփի լիճ» ազգային պարկը (այսուհետ` պարկ) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Եղնախաղի լեռնաշղթայի արևելյան և Ջավախքի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջերի ու դրանց միջև ընկած մարգագետնատափաստանային, մերձալպյան մարգագետնային և խոնավ տարածքների էկոհամակարգերի, այդ թվում` Արփի և Արդենիս լճերի ու Ախուրյան գետի վերին հոսանքի ձախակողմյան վտակների ավազանների, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության հուշարձանների և դրանց բաղադրիչների պահպանությունը, բնականոն զարգացումը, վերարտադրությունն ու կայուն օգտագործումն ապահովելու նպատակով:

2. Պարկի խնդիրներն են`

1) Արփի, Արդենիս լճերի և Ախուրյան գետի վերին հոսանքի ձախակողմյան վտակների ավազանների, ինչպես նաև Ջավախքի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լեռնալանջերի ջրային ու ցամաքային էկոհամակարգերի զարգացման բնականոն ընթացքի, ինչպես նաև լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ու պատմամշակութային հուշարձանների պահպանությունը,

2) Արփի, Արդենիս լճերի և Ախուրյան գետի վերին հոսանքի ձախակողմյան վտակների ավազանների, ինչպես նաև Ջավախքի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լեռնալանջերի և այդ տարածքներում հանդիպող հազվագյուտ և անհետացող բույսերի ու կենդանիների տեսակների, գենոֆոնդի և դրանց ապրելավայրի (աճելավայրի) պահպանությունը.

3) պաշտպանական և հատուկ նշանակության անտառների պահպանումը, ոչ բնափայտային անտառօգտագործման, ռեկրեացիայի և ճանաչողական զբոսաշրջության խթանումը.

4) բնական էկոհամակարգերում ընթացող գործընթացների կանխատեսմանն ու գնահատմանը, բուսական և կենդանական աշխարհի գենոֆոնդի պահպանմանը, բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման ու պարկին հարակից տարածքների համար բնության պահպանության և օգտագործման արդյունավետ ձևերի մշակմանն ուղղված բնական լանդշաֆտների, դրանց առանձին տարրերի բնական գործընթացների և երևույթների գիտական ուսումնասիրությունների համար բազայի ապահովումը.

5) պարկի մոնիթորինգի, կադաստրի վարման և տարածաշրջանի բնության թանգարանի կազմակերպման համար բազայի ապահովումը.

6) ճանաչողական զբոսաշրջության զարգացման նախադրյալների ապահովումը.

7) բնակչության էկոլոգիական կրթության ու դաստիարակության համար համապատասխան նախադրյալների ապահովումը:

(2-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

3. Պարկի տարածքում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող հողերը` ներառյալ ջրերը, ընդերքը, կենդանական և բուսական աշխարհը: Պարկի ամբողջականությունը և պահպանության ռեժիմն ապահովելու նպատակով պարկի ռեկրեացիոն և տնտեսական գոտիներում, բացի պետական սեփականություն հանդիսացող հողերից, ընդգրկված են նաև այլ սեփականատերերի պատկանող հողեր:

4. Պարկի տարածքը, ըստ պահպանության և օգտագործման ռեժիմի, գործառնական նշանակության և էկոլոգիական, գիտական, ռեկրեացիոն, տնտեսական, պատմամշակութային ու գեղագիտական արժեքների, բաժանվում է հետևյալ տարածագործառնական գոտիների`

1) արգելոցային.

2) ռեկրեացիոն.

3) տնտեսական:

5. Պարկի անվանումն է`

1) հայերեն լրիվ` «Արփի լիճ» ազգային պարկ.

2) հայերեն կրճատ` «Արփի լիճ» ԱՊ.

3) ռուսերեն լրիվ` Նացիոնալնիյ պարկ «Օզեռո Արպի».

4) ռուսերեն կրճատ` ՆՊ «Օզեռո Արպի».

5) անգլերեն լրիվ` «Lake Arpi» National Park.

6) անգլերեն կրճատ` «Lake Arpi» NP:

 

II. ՊԱՐԿԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՌԵԺԻՄԸ

 

6. Պարկի արգելոցային գոտում արգելվում են`

1) ջրային ռեսուրսների օգտագործումը` ջրային համակարգերի միջոցով, և ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

2) տնտեսական և բնակելի օբյեկտների, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և այլ հաղորդակցուղիների շինարարությունն ու շահագործումը` բացառությամբ արգելոցի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների շինարարության (անտառապահի տնակ, արգելափակոց, սահմանանշան և այլն).

3) բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը.

4) որսորդությունը, ձկնորսությունը.

5) կենդանիների և բույսերի նոր տեսակների, կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված` գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծումն ու օգտագործումը, ինչպես նաև առանձին տեսակների քանակի մեծացման կամ պակասեցման նպատակով կատարվող որևէ աշխատանք.

6) բույսերի, ծաղիկների, պտուղների և սերմերի մթերումը` բացի արգելոցի տարածքի գիտական հետազոտությունների համար նախատեսված հավաքածուների հավաքումից.

7) անտառահատումները, անասունների արածեցումը, խոտհունձը և բուսական ծածկույթի այլ խախտումներ.

8) թունաքիմիկատների օգտագործումը` բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը.

9) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության ու շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը և պահեստավորումը.

10) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները, որոնք առաջացնում են հողային ծածկույթի խախտում.

11) օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.

12) ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.

13) ցանկացած այլ գործունեություն, որը խախտում է բնական համակարգերը և օբյեկտները կամ սպառնում է դրանց պահպանությանը:

7. Պարկի արգելոցային գոտում թույլատրվում են`

1) բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը.

2) պարկի կառավարման պլաններով սահմանված երթուղիներով ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը.

3) ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը:

8. Պարկի արգելոցային գոտու տարածք մուտքը թույլատրվում է «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի կամ Հայաստանի Հանրապետության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից տրված անցագրերով:

9. Պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում արգելվում են`

1) ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

2) բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը.

3) անասունների արածեցումը.

4) բույսերի և կենդանիների նոր տեսակների, ինչպես նաև կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված` գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները.

5) թունաքիմիկատների օգտագործումը` բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը.

6) էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.

7) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը և պահեստավորումը.

8) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտումով), օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.

9) անտառահատումները (բացառությամբ սանիտարական և խնամքի հատումների).

10) արդյունագործական նպատակով բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների և դրանց արգասիքների օգտագործումը.

11) ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն ու կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում:

10. Պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում թույլատրվում են`

1) քաղաքացիների հանգիստը.

2) բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը (այդ թվում` քաղաքացիների հանգստի կազմակերպման, սպասարկման ծառայությունների մոնիթորինգը).

3) ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը.

4) ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.

5) սիրողական և մարզական ձկնորսությունը` այդ նպատակով առանձնացված վայրերում.

6) ռեկրեացիաների նպատակով հողերն օրենքով սահմանված կարգով վարձակալության տրամադրելը և համապատասխան սպասարկման ծառայությունների կազմակերպումը.

7) սանիտարական և խնամքի հատումները.

8) էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումները.

9) սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման ու վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերացման միջոցառումները.

10) տրանսպորտային միջոցների մուտքն ու կանգառը` այդ նպատակով առանձնացված վայրերում.

11) վրանների տեղադրումը` դրանց համար առանձնացված վայրերում:

11. Պարկի տնտեսական գոտու տարածքում արգելվում են`

1) ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

2) բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը.

3) անտառահատումները (բացառությամբ սանիտարական և խնամքի հատումների).

4) բույսերի և կենդանիների նոր տեսակների, ինչպես նաև կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված` գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները.

5) թունաքիմիկատների օգտագործումը` բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը.

6) էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումների և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.

7) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը, պահեստավորումը.

8) ընդերքի շահագործումը` պայթեցման միջոցով.

9) հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.

10) ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն ու կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում:

12. Պարկի տնտեսական գոտու տարածքում թույլատրվում են`

1) էկոլոգիապես մաքուր մեթոդներով գյուղատնտեսական արտադրությունը.

2) տարածքին բնորոշ հազվագյուտ և արժեքավոր վայրի բույսերի ու կենդանիների վերարտադրությունը.

3) հանգստի և ճանաչողական զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների կազմակերպումը.

4) պարկի ռեժիմով չարգելված արտադրություն կազմակերպման նպատակով հողերի վարձակալությունը.

5) օրգանական պարարտանյութերի և բուսական ու կենդանական տեսակների վնասատուների և հիվանդությունների դեմ` կենսաբանական ծագում ունեցող պայքարի միջոցների օգտագործումը.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդերքի, ջրային, բուսական և կենդանական ռեսուրսների օգտագործումը, այդ թվում` արդյունագործական ձկնորսությունը.

7) բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը. (այդ թվում` գյուղատնտեսական, արտադրության, զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների մոնիթորինգը).

8) ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.

9) ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը.

10) սանիտարական և խնամքի հատումները.

11) տրանսպորտային միջոցների երթևեկությունն ընդհանուր օգտագործման ճանապարհներով և ջրային ուղիներով:

13. Ազգային պարկի տարածքի օգտագործումը վճարովի է (բացառությամբ կրթադաստիարակչական միջոցառումների և գիտական ուսումնասիրությունների) և կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

III. ՊԱՐԿԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ (ԲՈՒՖԵՐԱՅԻՆ) ԳՈՏԻՆ

 

14. Պարկի պահպանման գոտին ընդգրկում է Արփի և Արդենիս լճերի, ինչպես նաև Ախուրյան գետի վերին հոսանքի ավազանների ջրբաժանային գծերով սահմանափակված տարածքներ:

 

IV. ՊԱՐԿԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՏՈՒ ՌԵԺԻՄԸ

 

15. Պարկի պահպանման գոտու տարածքում արգելվում է տնտեսական գործունեությունը, որը կարող է սպառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:

16.Պարկի պահպանման գոտու տարածքում ընդգրկված սեփականատերերի հողամասերի օգտագործումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

V. ՊԱՐԿԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

17. Պարկի պահպանությունն իրականացնում է էկոպարեկային ծառայությունը:

i

(17-րդ կետը փոփ. 18.04.2024 թիվ 566-Ն որոշում)

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2009 թվականի ապրիլի 16-ի

N 405-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ԱՐՓԱ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

(2-րդ հավելվածն ուժը կորցրել է 09.04.2020 թիվ 521-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.04.2009
N 405-Ն
Որոշում