Սեղմել Esc փակելու համար:
2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ...

 

 

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 19 մայիսի 2020 թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դ. Անանյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2019 թվականի նոյեմբերի 18-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

i

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր` 2020 թվականի փետրվարի 6-ի N 113-Ա որոշմամբ 2019 թվականի նոյեմբերի 18-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով դիմել է Սահմանադրական դատարան: Հիշյալ որոշումը Հայաստանի Հանրապետության վարչապետը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2020 թվականի մարտի 3-ին:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2020 թվականի մարտի 3-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» արձանագրությունը (այսուհետ` Արձանագրություն) ստորագրվել է 2019 թվականի նոյեմբերի 18-ին Երևանում` երկու երկրների մաքսային ծառայությունների միջև փոխադարձ վարչական աջակցությունը ամրապնդելու նպատակով:

2. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- ապահովել, որ նախնական էլեկտրոնային տվյալներն օգտագործվեն առևտրի անվտանգության պահպանման և օրինական առևտրի դյուրացման համար (հոդված 1, կետ 2),

- ապահովել, որ հետևողական մաքսային վերահսկողություն ապահովելու ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն իրականացնի նախնական էլեկտրոնային տվյալների մշտական փոխանակում` արդյունավետորեն օգտագործելով ռիսկերի վերլուծության և ռիսկերի կառավարման մեթոդները` ՀՀ սահմանը հատող տրանսպորտային միջոցների և ապրանքների մաքսային ընթացակարգերի անխափան գործածման նպատակով (հոդված 2),

- ապահովել, որ Արձանագրության շրջանակներում փոխանցվող նախնական էլեկտրոնային տվյալները լինեն սահմանափակ հասանելիության: Ապահովել, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն` որպես Արձանագրության շրջանակներում փոխանցվող նախնական էլեկտրոնային տվյալներն ստացող, փոխանցված տվյալները չբացահայտի կամ չփոխանցի որևէ երրորդ կողմի` առանց այդ տվյալները տրամադրող վրացական կողմի գրավոր համաձայնության (հոդված 3, կետ 1),

- ապահովել, որ Արձանագրության շրջանակներում ստացված տվյալները չփոխանցվեն երրորդ կողմի` առանց այդ տվյալները տրամադրած վրացական կողմի գրավոր հաստատման (հոդված 3, կետ 2),

- ապահովել, որ Արձանագրության շրջանակներում փոխանցվող նախնական էլեկտրոնային տվյալները համապատասխանեն անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին (հոդված 3, կետ 3),

- ապահովել, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն իր աշխատակազմում նշանակի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, որոնք պատասխանատու կլինեն նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման նպատակով տեխնիկական պահանջների մշակման և իրագործման, փոխանակման մեթոդների սահմանման, նախնական էլեկտրոնային տվյալների նվազագույն բովանդակության մշակման, տրանսպորտային միջոցների և ապրանքների վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման և վրացական կողմից ստացված տվյալներն իրավասու կառուցվածքային ստորաբաժանումներին փոխանցման համար (հոդված 4, կետ 1),

i

3. Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ Արձանագրության մեջ հղում է կատարվում 2013 թվականի հունվարի 17-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև «Բագրատաշեն-Սադախլո», «Այրում-Սադախլո», «Գոգավան-Գուգուտի» և «Բավրա-Նինոծմինդա» ցամաքային մաքսային կետերի համատեղ օգտագործման մասին» համաձայնագրին, որը Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից հաստատվել է 2013 թվականի ապրիլի 16-ին ՆՀ-67-Ն հրամանագրով:

4. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված` միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված` արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2019 թվականի նոյեմբերի 18-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

i

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

19 մայիսի 2020 թվականի

ՍԴՈ-1534

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 19 մայիսի 2020 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
19.05.2020
N ՍԴՈ-1534
Որոշում