Սեղմել Esc փակելու համար:
2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ԵՐԵՎԱՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ...

 

 

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ` ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱ) ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 19 մայիսի 2020 թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Ա. Ղազարյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2019 թվականի հոկտեմբերի 28-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև` առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի կիրարկման արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր` 2020 թվականի փետրվարի 20-ի N 176-Ա որոշմամբ 2019 թվականի հոկտեմբերի 28-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև` առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի կիրարկման արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով դիմել է Սահմանադրական դատարան: Հիշյալ որոշումը Հայաստանի Հանրապետության վարչապետը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2020 թվականի մարտի 3-ին:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2020 թվականի մարտի 3-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև` առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման արձանագրությունը (այսուհետ` Արձանագրություն) ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 28-ին Երևանում:

i

«Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև` առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2013 թվականի ապրիլի 19-ին և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել Ազգային ժողովի 2013 թվականի նոյեմբերի 11-ի ԱԺՈ-091-Ն որոշմամբ (ՍԴՈ-1113):

Արձանագրության նպատակն է ստեղծել անհրաժեշտ պայմաններ Համաձայնագրի կիրարկումը դյուրացնելու համար:

Արձանագրությամբ սահմանվում են ընթացակարգեր այն անձանց հայտնաբերման և անվտանգ ու կանոնակարգված վերադարձի համար, որոնք չեն բավարարում կամ այլևս չեն բավարարում, Հայաստանի Հանրապետության կամ Եվրոպական միության անդամ որևէ պետության տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու, կամ բնակվելու համար անհրաժեշտ պահանջները: Արձանագրությամբ կողմերը պայմանավորվում են Համաձայնագրի և Արձանագրության կիրարկման համար պատասխանատու իրավասու մարմինների, սահմանային անցակետերի, հետընդունման և տարանցման դիմումների ընդունման և դրանց ընթացք տալու, հետընդունման ենթակա անձի փոխադրման և ուղեկցման կարգի և հետընդունման կամ տարանցման հետ կապված ծախսերի մասին:

Արձանագրությունը բաղկացած է նախաբանից, 15 հոդվածներից և Հավելվածից:

2. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության սկզբունքով ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- դիվանագիտական ուղիներով բուլղարական կողմին անմիջապես ծանուցել իրավասու մարմինների և կապի իր տվյալներին վերաբերող ցանկացած փոփոխության, ինչպես նաև իր սահմանային անցակետերի փոփոխության մասին (1-ին և 2-րդ հոդվածների 3-րդ կետեր),

- հետընդունման դիմումը կամ հետընդունման դիմումի վերաբերյալ պատասխանն իր իրավասու մարմնի միջոցով մյուս կողմի իրավասու մարմնին ներկայացնել Համաձայնագրի 11-րդ հոդվածով սահմանված ժամկետներում, գրավոր ձևակերպված, հաղորդակցման ցանկացած` այդ թվում` Ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգի միջոցով (3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետեր),

- ապահովել, որ հետընդունման դիմումի կամ հետընդունման դիմումի վերաբերյալ իր պատասխանի մեջ առկա անձնական տվյալների մշակումը կատարվի Համաձայնագրի 17-րդ հոդվածի դրույթներին համապատասխան (3-րդ հոդվածի 3-րդ կետ),

- եթե հայցող բուլղարական կողմը չի կարող ներկայացնել Համաձայնագրի 1-ին կամ 2-րդ հավելվածներում թվարկված փաստաթղթերից որևէ մեկը, ապահովել, որ բուլղարական կողմի խնդրանքով Բուլղարիայում ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունների լիազորված ներկայացուցիչները հարցազրույց անցկացնեն հետընդունման դիմումի մեջ ընդգրկված` հետընդունման ենթակա անձի հետ Համաձայնագրի 9-րդ հոդվածի 3-րդ կետում սահմանված ժամկետներում և հարցազրույցի արդյունքների մասին հնարավորինս կարճ ժամկետում, սակայն հարցազրույց անցկացնելու խնդրանք պարունակող հետընդունման դիմումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 10 (տասը) օրացուցային օրվա ընթացքում տեղեկացնել հայցող կողմին (5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետեր),

- եթե հարցազրույցի արդյունքում հնարավոր չի լինում հաստատել հետընդունման ենթակա անձի քաղաքացիությունը, ապա որպես հայցվող կողմ` հարցազրույցի արդյունքները հայցող բուլղարական կողմին ներկայացնել հետընդունման դիմումի վերաբերյալ որոշման հետ միասին, իսկ եթե համապատասխան անձը չի ներկայանում հարցազրույցին, ապա տեղեկացնել տվյալ իրավիճակի պատճառների մասին և բուլղարական կողմի հետ սահմանել նոր ժամանակահատված (5-րդ հոդվածի 3-րդ կետ),

- Համաձայնագրի 15-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավոր կազմված տարանցման դիմումը բուլղարական կողմի իրավասու մարմնին ներկայացնել հաղորդակցության ցանկացած, այդ թվում` Ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգի միջոցով, նախատեսված տարանցումից առնվազն 7 (յոթ) օրացուցային օր առաջ, ինչպես նաև ապահովել, որ Համաձայնագրի 15-րդ հոդվածի 1-ին կետում սահմանված տվյալներից բացի, տարանցման դիմումը պարունակի նաև երաշխիք առ այն, որ անձը ընդունվում է վերջնական նպատակակետ հանդիսացող պետության կողմից (6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետեր),

- որպես հայցվող կողմ` տարանցման դիմումի պատասխանը հայցող բուլղարական կողմի իրավասու մարմնին ներկայացնել Համաձայնագրի 15-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված ժամկետներում (6-րդ հոդվածի 3-րդ կետ),

- եթե տարանցումը հետաձգվել է որևէ իրավական կամ գործնական խոչընդոտի պատճառով, անմիջապես, սակայն ոչ ուշ, քան տարանցումից 1 (մեկ) օր առաջ բուլղարական կողմի իրավասու մարմնին տեղեկացնել խոչընդոտների մասին և նշել տարանցման համար նախատեսված ժամը և վայրը (6-րդ հոդվածի 5-րդ կետ),

- ապահովել, որ տարանցման դիմումի և պատասխանի մեջ ներառված անձնական տվյալների մշակումը կատարվի Համաձայնագրի 17-րդ հոդվածի դրույթների համաձայն (6-րդ հոդվածի 6-րդ կետ),

- որպես հայցող կողմ` Ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգի միջոցով հայցվող բուլղարական կողմին տեղեկացնել անձի փոխադրման եղանակների և տրանսպորտային միջոցների մասին, ինչպես նաև որպես հայցվող կողմ` հնարավորինս կարճ ժամկետում, սակայն փոխադրման վերաբերյալ տեղեկությունն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 4 աշխատանքային օրվա ընթացքում փոխադրման եղանակների ընդունելի լինելու մասին տեղեկացնել մյուս կողմին (7-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետեր),

- եթե փոխադրումը հետաձգվել է որևէ իրավական կամ գործնական խոչընդոտի պատճառով, ապա մյուս կողմին տեղեկացնել խոչընդոտների մասին և նշել փոխադրման նախատեսված ժամը և վայրը (7-րդ հոդվածի 3-րդ կետ),

- սխալմամբ կատարված հետընդունման դեպքում Համաձայնագրի 13-րդ հոդվածում սահմանված ժամկետում և պայմաններով վերադարձնել հետընդունված անձին, իսկ որպես հայցվող կողմ հանդես գալու դեպքում` մյուս կողմին վերադարձնել ներկայացված բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև անմիջապես ջնջել այն տվյալներն ու փաստաթղթերը, որոնց փոխանցումը կատարվել է էլեկտրոնային եղանակով (8-րդ հոդված),

- այն դեպքում, երբ հետընդունման կամ տարանցման ընթացքի մեջ գտնվող անձը պետք է ուղեկցվի, ապա ծանուցման մեջ ներկայացնել տեղեկություններ ուղեկցող(ներ)ի վերաբերյալ, անուն և ազգանուն, ուղեկցողների պաշտոնները, անձնագրերի տեսակները, դրանց համարը և տրման ամսաթիվը, թռիչքի համարը, ժամանման և մեկնման օրը և ժամը, իսկ ուղեկցողների տվյալների որևէ փոփոխության դեպքում` անմիջապես տեղեկացնել հայցվող բուլղարական կողմի իրավասու մարմիններին (9-րդ հոդվածի 1-ին կետ),

- ապահովել, որ ուղեկցողները կրեն իրենց անձը հաստատող փաստաթղթերը, հետընդունումը և տարանցումը հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև հետընդունման կամ տարանցման ենթակա անձի ճամփորդական փաստաթուղթը և այլ պահանջվող վկայականներ կամ տվյալներ (9-րդ հոդվածի 4-րդ կետ),

- ուղեկցողներին տրամադրել անհրաժեշտ աջակցություն (9-րդ հոդվածի 5-րդ կետ),

- որպես հայցող կողմ` ծախսերը հաստատող փաստաթղթերը ներկայացվելուց հետո` վաթսուն (60) աշխատանքային օրվա ընթացքում, եվրոյով փոխհատուցել հայցվող բուլղարական կողմի ծախսերը` հետընդունման կամ տարանցման հետ կապված, որոնք, Համաձայնագրի 16-րդ հոդվածի համաձայն, որպես հայցող կողմ հանդես գալու պարագայում պետք է հոգա հայկական կողմը (10-րդ հոդված),

- հետընդունման և տարանցման դիմումները, ինչպես նաև դրանց պատասխանները, նամակագրությունը և Արձանագրության կիրարկման հետ կապված` հայկական և բուլղարական կողմերի իրավասու մարմինների միջև խորհրդակցությունները կատարել անգլերենով (11-րդ հոդված),

- Համաձայնագրի և Արձանագրության կիրարկման հետ կապված հարցերով փորձագետների մակարդակով անցկացնել խորհրդակցություններ, իսկ եթե այդ մակարդակով հնարավոր չէ հասնել համաձայնության, ապա հանդիպումն անցկացնել նախարարների մակարդակով (12-րդ հոդված):

3. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված` միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված` արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2019 թվականի հոկտեմբերի 28-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև` առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի կիրարկման արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

i

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

19 մայիսի 2020 թվականի

ՍԴՈ-1533

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 19 մայիսի 2020 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
19.05.2020
N ՍԴՈ-1533
Որոշում